Մեծամորի ԱԷԿ

Հայկական ատոմային էլեկտրակայանը (Մեծամորի ատոմակայան) միակն է Հարավային Կովկասում, գտնվում է Երևանից մոտ 36 կմ արևմուտք՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում։ Ներկայում կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։ 2003 թ․ ատոմակայանը շահագործում է ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ–ն՝ համաձայն Ռոբերտ Քոչարյանի կողմից կնքված հայ–ռուսական «գույք պարտքի դիմաց» պայմանագրի։

Ատոմակայանը կանգնել է պլանային կանխարգելիչ վերանորոգման

Ատոմակայանը կանգնել է պլանային կանխարգելիչ վերանորոգման

Հուլիսի 1-ին Հայկական ԱԷԿ-ը կանգնեց հերթական պլանային կանխարգելիչ վերանորոգման։ Այս մասին հայտնում է Հայաստանում «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» ընկերության հանրային կապերի բաժինը։Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վրա աշխատանքները կտևեն 65 օր: Միջոցառումներն իրականացվում են ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և արդիականացման շրջանակներում՝ կայանի արդյունավետությունն ու հուսալիությունը բարձրացնելու նպատակով: «Սա պլանային անջատում է, որի ընթացքում կկատարվի ռեակտորի միջին նորոգում, տեղեկատվահաշվողական համակարգի փոխարինում նոր և ավելի ժամանակակից համակարգով,  կարգավորման և փոխհատուցման կասետների (АРК) շարժաբերների զննում, ինչպես նաև առաջին կոնտուրի հիմնական սարքավորումների մետաղի հսկողություն», - նշել է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը: Հայկական ԱԷԿ-ը պլանային կանխարգելիչ վերանորոգումը համատեղում է կայանի արդիականացման և անվտանգության հետագա բարձրացման հետ, քանի որ աշխատանքների մեծ մասը հնարավոր է իրականացնել միայն բլոկի կանգնեցման պայմաններում: «Ֆիզիկապես բոլոր հիմնական գործողությունները կկատարենք 2021 թ-ին, ընթացիկ տարին օգտագործվելու  է ռեակտորի ակտիվ գոտու հովացման վթարային համակարգի արդիականացման նախապատրաստման և ռեակտորի կորպուսի մետաղի վերականգնողական թրծման համար, ինչը թույլ կտա 80-85% վերականգնել ռեակտորի մետաղական ծածկոցի ելակետային բնութագրերը: Սա կարևոր գիտատար աշխատանք է կայանի անվտանգության աստիճանի բարձրացման համար », - ասաց Յուրի Սվիրիդենկոն, Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար: ՀԱԷԿ-ը հիշեցնում է, որ 2019 թվականին անցկացվել են աշխատանքներ ռեակտորի արտադրամասում, իրականացվել է մեքենայական արտադրամասի սարքավորումների համապարփակ արդիականացում և փոխարինում, ավարտվել է համակարգերի և սարքավորումների նախագծումը, հետազոտվել է ռեակտորի իրանը: Բացի այդ, կայան է մատակարարվել անհրաժեշտ սարքավորումը։
10:18 - 02 հուլիսի, 2020
Ինչու է Հայաստանը հրաժարվում ատոմակայանի վերազինման ռուսական վարկից․ զրույց փոխնախարարի հետ |civilnet.am|

Ինչու է Հայաստանը հրաժարվում ատոմակայանի վերազինման ռուսական վարկից․ զրույց փոխնախարարի հետ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով ռուսական վարկից և ծրագրում է կիսատ մնացած աշխատանքները շարունակել սեփական միջոցների հաշվին: Թեմայի շուրջ Արշալույս Մղդեսյանը զրուցել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ էներգետիայի ոլորտը համակարգող տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ: Հարցազրույցը որոշ խմբագրումներով և կրճատումներով՝ ստորև։ Պարոն Վարդանյան, հունիսի 8-ին նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվլ է Հայկական ատոմակայանի արդիականացման համար ռուսական վարկից։ Խոսքը 270 մլն դոլար վարկային և մոտ 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների մասին է, որոնք ուղղվելու էին ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինմանը։ Ինչո՞ւ կայացվեց այս որոշումը։ Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց հետագայում շարունակելու վարկ վերցնելը։ Նախ ուզում եմ նշել, որ ձեր ասած գումարը՝ ընդհանուր 300 մլն դոլար վարկը և դրամաշնորհը, ունեին օգտագործման ժամկետ, որն ավարտվել է 2019-ի դեկտեմբերի 31-ին։ 2018-ի վերջից և 2019-ի ամբողջ ընթացքում մենք բանակցել ենք վարկի մնացորդային չօգտագործված մասի ժամկետի երկարացման շուրջ։ Այդ ընթացքում քննարկվեցին բոլոր հնարավոր տարբերակները, և ի վերջո վարկի ժամկետը չերկարացնելու որոշում կայացվեց։ Այսինքն` սեփական միջոցներով ենք շարունակելու արդիականացումը, քանի որ կար տարբեր գործոնների ազդեցություն․ վարկի օգտագործման պայմաններն ու ճկունությունը, մեր հետագա աշխատանքների գրաֆիկներում որոշակի անհամապատասխանությունները։   Եթե հիշում եք, դեկտեմբերին կառավարությունը վարկի մնացորդային մասի երկարացմանը հավանություն էր տվել, սակայն մեր ռուս գործընկերներն արդեն իսկ այդ մնացորդային մասի ժամկետի երկարացման համար առաջարկեցին պայմաններ, ինչն ուղղակի աշխատանքների անհամապատասխանություն էր առաջացնելու։ Գնահատեցինք իրավիճակը, հասկացանք, որ մեզ պետք են ավելի ճկուն պայմաններով դրամական միջոցներ, ինչը չէր ապահովվում այդ վարկով, և այդ պատճառով նման որոշում կայացվեց։ Այսինքն՝ ի՞նչ էր առաջարկում ռուսական կողմը, որին հայկական կողմը չհամաձայնեց․ որովհետև չէ՞ր համապատասխանում աշխատանքների գրաֆիկին, ինչպես դուք եք նշում։ 2018-ի վերջից սկսած՝ որոշակի աշխատանքներ, որոնց կատարման ժամկետը գերազանցում էր վարկի օգտագործման այն ժամանակվա ժամկետը, այսինքն՝ 2019-ի դեկտեմեբրի 31-ը, խնդիր ունեին: Վարկով նախատեսված պայմանագրերը չէին կնքվում: Վարկային համաձայնագրով այդպես էր նախատեսված, որ վարկից ֆինանսավորվող աշխատանքների ավարտը պետք է նախանշված լինի վարկային համաձայնագրի ավարտի հետ։ Սա բերեց մի վիճակի, երբ մեզ մոտ ունեցանք մեծ մնացորդ, այսինքն՝ պայմանական ասեմ, աշխատանքները, որ կարող էին 90 տոկոսով ավարտված լինել, 90 տոկոսով վճարումները կատարված լինեին մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը, ուղղակի չսկսվեցին:  Աշխատանքների իրականացման գրաֆիկն ու վարկի գրաֆիկն իր պայմաններով սկսեցին միմյանց չհամապատասխանել: Դա ամենամեծ խնդիրն էր, որ մենք փորձում էինք բանակցել: Ասում էինք՝ ենթադրենք՝ գնանք երկարացման,- կամ նույնիսկ եթե չգնայինք երկարացման,- եկեք անենք այնքանը, ինչ կհասցնենք վարկի օգտագործման ժամկետում, դրանից հետո, եթե կմնա չկատարված աշխատանքի որոշակի ծավալ, և վարկը ծայրահեղ դեպքում չի երկարացվի, մենք այդ վճարումները կանենք այլ միջոցների հաշվին: Կներգրավենք այլ վարկ կամ կանենք սեփական միջոցների հաշվին։ Այդ ճկունությունը չունեինք։   Վարկի երկարացման նախագծով ժամկետը նախատեսվում էր ձգել մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ը, սակայն արդեն ապրիլն էր, և մենք դեռ չունեինք երկարացված վարկ։ Պատկերացրե՛ք այն բոլոր աշխատանքները, որոնք, օրինակ, կարող էին տևել մեկուկես-երկու տարուց ավելի, դեռ  չէին սկսվել։ Այսինքն՝ ստորագրելու դեպքում ևս այդ աշխատանքները նորից չսկսելու փաստի առաջ էինք կանգնելու, իսկ այդ ընթացքում վարկի կառավարման, ծրագրի կառավարման համար «Ռոսատոմ Սերվիս» ընկերության վճար գոյություն ուներ։ Վճարում էինք դա, ժամանակն ացնում էր, և չէինք տեսնում այն հանգամանքները, որ սկսեինք, օրինակ՝ ենթակայանի կառուցումը, որը շատ ավելի երկար էր տևելու, քան երկու տարին է։  Եթե մենք համաձայնության եկած լինեինք, օրինակ, 2019-ի սկզբին, միգուցե այդ ժամանակ սկսեինք ենթակայանի կառուցումը, 2021-ի վերջին հնարավոր լիներ ավարտել։ Բայց չէինք եկել համաձայնության, և 2020-ին նոր պետք է կնքեինք վարկի երկարաձգման պայմանագիրը: Ուստի կրկին վարկային պայմանագրի ժամկետում հնարավոր չէր լինի, օրինակ, ենթակայանի, դիզել-գեներատորային կայանի կառուցումը։ Մենք դրա համար փորձում էինք ծրագրի կառավարման վճարը դարձնել տոկոսային, այսինքն՝ ինչքան աշխատանք կատարվի, դրա համապատասխան որոշակի տոկոս կգումարվի։ Մեր գործընկերներն ասում էին, որ իրենց ծախսերը դրանից չեն պակասում, ծառայություն մատուցողը նույն անձնակազմը պահում է՝ անկախ նրանից, թե մենք շատ աշխատանք կանենք, թե չենք անի։ Միգուցե օբյեկտիվ էին ասում, չեմ կարող ասել, և իրենք, այսպես ասած, timebased [ժամանակահեն - խմբ․] պայմանագիր էին մեզ առաջարկում։ Այսինքն՝ կարող էր ստեղծվել իրավիճակ, որ մենք էլի այդ ժամանակում ամբողջական աշխատանքը, նույնիսկ դրա կեսը չանեինք, բայց ծառայության վճարները վճարեինք ամբողջությամբ։ Սա երկրորդ պայմանն էր։ Երրորդը՝ վարկի հետագա օգտագործման համար կա լրացուցիչ պայման, որ վարկի 80 տոկոսով աշխատանքները պետք է իրականացնեին ռուսական ընկերությունները և ռուսական արտադրանքով։ Ու դա վերաբերում էր նրան, որ նույնիսկ եթե ռուսական ընկերությունը մրցույթը շահում է, կատարում է աշխատանքը, և օգտագործում է, դիցուք, այլ երկրի արտադրանք, դա մնացած 20 տոկոսից դուրս էր գալիս։ Եվ մինչև այդ, արդեն իսկ ծախսած գումարի մեջ այդ հարաբերակցությունը որոշակի չափով  չէր պահվել: Ասում էին՝ արդեն իսկ այդ 20 տոկոսի մեծ մասը դուրս է եկել։ Ստացվում է, որ միայն ռուսական ընկերություններն էին կարողանալու մասնակցել մրցույթներին։ Սա բերում էր նաև մի մտահոգության, որ միգուցե այդ նույն ընկերությունները, իմանալով, որ չկա մրցակցություն, հնարավորությունը միայն իրենցն է, կարող է շատ ավելի թանկ առաջարկ անեին։  Եվ այդպես, բավական երկար շատ մանր խնդիրներ քննարկվեցին, և հիմնականը այն էր, որ քանի որ ատոմակայանում էլ աշխատանքները միջպլանային նախազգուշական վերանորոգման փուլում են, այսինքն՝ շատ սեղմ են ժամկետները, պետք է շատ հստակ պլանավորել ամեն բան: Շատ կարևոր նրբերանգներ կան այս գործում: Եթե այդ գործը հինգ օր ուշացավ ինչ-որ պատճառներով, այն մնում է մյուս տարի։ Այսպիսի երևույթներ լինում են։ Հիմա էլ չեն կարող բացառել հարյուր տոկոսով նմանատիպ զարգացումները, այսինքն՝ այս ոչ ճկուն վիճակը ծրագրին մտահոգություն էր տալիս, որ մենք էլի երկու տարի հետո նորից կկանգնենք մի իրավիճակի առաջ, որ չկարողացանք շատ գործ անել։  Հիմա, եթե մենք չունենայինք այդ սահմանափակումները, ատոմակայանի պրոֆեսիոնալ կարծիքով, վարկի մնացորդը ոչ թե կլիներ 107 միլիոն, այլ կարող էր լինել 30, 40, մաքսիմում 50 միլիոն, այսինքն՝ մենք ահագին աշխատանք կարող էինք սկսած լինել։ Չէինք կարողանում սկսել, որովհետև հնարավոր է՝ մի ամիս գերազանցեին վարկի օգտագործման ժամկետը: Հաշվի առնելով այդ հանգամանքները, հաշվի առնելով նաև այն, որ կան աշխատանքներ, որոնք պետք է կատարվեն ռուսական ընկերության միջոցով, առանձնացրեցինք այդ աշխատանքներն ու գործընկերների հետ հասկացանք, որ ավելի ճկուն ֆինանսավորման մեխանիզմներ են պետք: Հենց այդ ճանապարհով էլ շարժվեցինք։ Պարոն Վարդանյան, վարկի մնացորդից հրաժարվելը, այսպես ասած, կոշտ որոշում է: Այսինքն՝ նշանակում է՝ համաձայնությունների չեք եկել։ Ինչո՞ւ ռուսական կողմը չգտնվեց այդքան ճկուն։ Դուք այդ հարցի պատասխանն ունե՞ք։ Ինչո՞ւ նրանք չգնացին ճկուն պայմաններ առաջադրելու ճանապարհով։ Եկեք այսպես նայենք։ Իրենք շատ երկրների են արտահանման նմանատիպ վարկեր տալիս, և կա որոշակի քաղաքականություն, արտահանման վարկի օգտագործման քաղաքականություն: Ռուս գործընկերների մեկնաբանմամբ,- որը, իմ կարծիքով, ընդունելի է,- մեկի հետ պայմանների փոփոխությունը տանելու է մյուսների հետ փոփոխության։ Երևի այս ոլորտում ամենափոքր արտահանման վարկը մենք ենք իրենցից վերցրել, իսկ այլ երկրներինը մի 20 անգամ ավելի մեծ է։  Իրենք ասում էին՝ սա փոփոխելը նշանակում է փոփոխել բոլորի համար։ Մեզ համար ընդունելի էր: Ուստի չէի ասի, որ սա ծայրահեղ քայլ է և հարաբերությունների որոշակի ինչ-որ փոփոխություն։ Ինձ թվում է՝ նույն «Ռոսատոմ»-ի համար էլ էր ավելի հեշտ աշխատել ավելի ճկուն պայմաններով, որովհետև, օրինակ, 20/80 հարաբերակցությունը մեր համաձայնագրում նախկինում չկար, ինչը, «Ռոսատոմ»-ի մեկնաբանմամբ, ժամանակին ուղղակի բացթողում է եղել: Բայց «Ռոսատոմ Սերվիս»-ի և ՌԴ ֆինանսների նախարարության միջև այդպիսի պայմանագիր եղել է, ու հիմա իրենք որոշակի տուգանքներ են վճարում, որ խախտվել է 20/80 հարաբերակցությունը։ Սրանք ընդհանուր դրույթներ են իրենց արտահանման վարկի համար։  Ծրագրային բոլոր վարկերը, լինի դա KFW-ի, Ռուսաաստանի, Համաշխարհային բանկի, ունեն իրենց պահանջները, իրենց աշխատելու կանոնները։ Մենք ուղղակի հասկացանք, որ ծրագրային վարկերը խնդիրներ են առաջացնում այս պարագայում, որովհետև մի քիչ ստանդարտից դուրս պրոցես է։ Ատոմակայանն աշխատանքին զուգահեռ իրականացնում է շահագործման ժամկետի երկարացման աշխատանքներ, որը եզակի է աշխարհում։ Այսինքն՝ դժվար էր այդ երկուսը իրար հետ կառավարելը։ Երբ վերլուծեցինք, հասկացանք, որ շատ բացթողումներ, ուշացումներ նաև եղել են որոշակի ոչ ճկունության պատճառով։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
13:50 - 15 հունիսի, 2020
Նպատակահարմար ենք համարում Հայաստանի սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել․ Պապիկյանը՝ ԱԷԿ-ի էներգաբլոկի մասին |armtimes.com|

Նպատակահարմար ենք համարում Հայաստանի սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել․ Պապիկյանը՝ ԱԷԿ-ի էներգաբլոկի մասին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրել Հայակական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման համար: Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը` նշելով, որ «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքվել են` 2014թ. դեկտեմբերի 20-ին համագործակցության մասին եւ 2015թ. փետրվարի 5-ին վարկի տրամադրման մասին համաձայնագրերը (300 մլն ԱՄՆ դոլար, որից 270 մլն ԱՄՆ դոլար վարկ եւ 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ): «Արդեն 2018-ի դեկտեմբերից վարկի երկարաձգման համար սկսվել են բանակցություններ: Նախ մենք ժամկետի երկարացման խնդիր ունենք, քանի որ հնարավոր չի եղել ծախսել առկա վարկային գումարը: Այս պահի մնացորդը 107 մլն դոլար է: Սակայն աշխատանքները ամբողջությամբ ավարտելու համար մենք նպատակահարմար ենք համարում Հայաստանի սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել: Ծրագիրն ավարտելու համար առաջարկվում է պատվիրատուին 2020-2022 թվականների ընթացքում բբյուջեից տրամադրել 62,3 մլրդ դրամի գումարի չափով բյուջետային վարկ, որից 2020-ին 18,7 մլրդ դրամ, 2021-ին՝ 31,5 մլրդ դրամ, եւ 2022 թվականին՝ 13 մլրդ դրամ»,- ասաց Պապիկյանը: Նա նշեց՝ նախատեսվում է, որ ֆինանսների նախարարությունը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր: Բյուջետային վարկը կտրամադրվի այնպիսի պայմաններով, որն առնվազն չի գերազանցի ռուսական վարկի դեպքում հայկական ատոմակայանի կողմից վարկային միջոցների մարման եւ սպասարկման համար նախատեսված դրամական հոսքերը. «Այս նպատակով կստեղծվի միջգերատեսչական մրցութային հանձնաժողով։ Սա շատ կարեւոր է հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի պատշաճ ժամանակին ավարտելու համար»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ մինչեւ այժմ գոյություն ունեցած վարկը իր չափերով եւ պայմաններով այնքան էլ հարմար չի Ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար եւ իրենք մենք հրաժարվում են այդ վարկի մի մասից, եւ դրա փոխարեն ներգրավում են ներքին աղբյուրներից միջոցներ, որն աներկբա շատ ավելի լավ պայմաններով է ներգրավվելու եւ ավելի է մեծացնելու կառավարության լծակները այդ վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու առումով: «Նախկինում որոշակի սահմանափակումներ ունեինք, այդ թվում գնումների մասով, թե ումից է պետք գնումներ իրականացնել, ինչպես է պետք իրականացնել: Այս պարագայում մենք կարողանում ենք գնումների գործընթացն ամբողջությամբ դնել շուկայական տրամաբանության մեջ եւ շուկայից ձեռք բերել ապրանքներ մրցակցային սկզբունքով: Այս պարագայում ապրանքների գները կլինեն ավելի ցածր, հույս ունենք, որ որակով առնվազն չեն զիջի նախկին պայմաններով ձեռք բերածին»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ երկար տարիներ ԱԷԿ-ը եղել է մի օբյեկտ, որից ավելի շատ վերցրել են, քան տվել։ «Մենք կոնկրետ խնդիր ունենք ատոմակայանի արդյունավետությունը բարձրացնելու, որը ոչ միայն կառավարման այլեւ էներգետիկ անվտանգության խնդիր է: Հստակ խնդիրը ձեւակերպված է նախարարի առաջ, որը պետք է հստակ կատարվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
12:32 - 11 հունիսի, 2020
Շահեկան ենք համարել մեր միջոցներով լուծել խնդիրը. Պապիկյանը՝ ատոմակայանի համար վարկի վերաբերյալ |armenpress.am|

Շահեկան ենք համարել մեր միջոցներով լուծել խնդիրը. Պապիկյանը՝ ատոմակայանի համար վարկի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը հրաժարվել է Հայկական ատոմակայանի համար տրվող ռուսական վարկի մնացորդի օգտագործման ժամկետը երկարաձգել. ՀՀ-ն շահեկան է համարել իր ունեցած ֆինանսական միջոցներից տրամադրել բյուջետային վարկ և լուծել խնդիրը:  Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ դա որևէ աղերս չունի հայ-ռուսական հարաբերութունների հետ:  Հայ-ռուսական հարաբերությունները կայուն, ռազմավարական և գործընկերային են: «Բայց միևնույն ժամանակ մեր երկրում վարկերի արդյունավետ օգտագործման խնդիր կա: Մենք ժառանգել ենք տարբեր վարկային միջոցներ, որոնց ժամկետները կամ սպառման փուլում են եղել, կամ սպառվել են: Եվ այս փուլում մեր երկրի համար ավելի շահեկան համարել ենք, որ մենք կարող ենք մեր ունեցած այլ վարկային միջոցներից կամ մեր ունեցած ֆինանսական միջոցներից տրամադրել բյուջետային վարկ և լուծել մեր առջև ծառացած խնդիրը»,-ասաց Պապիկյանը: Նախարարը նաև նշեց, որ «Ռոսատոմ» ընկերությունը հիմնական իրականացնող ընկերությունն է: Գործընկերների հետ պայմանագրերն առկա են, և ֆինանսական միջոցների տրամադրման արդյունքում շինարարական աշխատանքները շարունակվելու են պատշաճ կարգով: Ավելի վաղ Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների իրականացման համար Ռուսաստանի հետ համաձայնություն էր ձեռք բերվել ներգրավել 270 մլն դոլարի վարկային միջոցներ:  ՌԴ-ն ևս 30 մլն դոլար տրամադրելու էր որպես դրամաշնորհ:  ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը պարզաբանեց, որ 270 մլն դոլար վակային միջոցից ու 30 մլն դրամաշնորհից ընդհանուր մնացել էր 107 մլն-ի մնացորդ, որի օգտագործման ժամկետն ավարտվել էր 2019-ի դեկտեմբերի 31-ին: «Մենք ընդամենն օգտագործման ժամկետն այլևս չենք երկարաձգում: Այսինքն դա, այսպես թե այնպես, ավարտվել էր, մնացել էր մնացորդը, որը մեզ համար հասանելի չէր: Կար տարբերակ երկարաձգելու: Բայց այս պահին ընտրվելու է չերկարեցնելու տարբերակը: Մնացյալ աշխատանքները կշարունակվեն այլ միջոցների հաշվին»,-ասաց փոխնախարարը: 
16:37 - 10 հունիսի, 2020
Հայկական ԱԷԿ-ը ձեռնարկում է սանիտարա-կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառումներ. հայտարարություն |24news.am|

Հայկական ԱԷԿ-ը ձեռնարկում է սանիտարա-կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառումներ. հայտարարություն |24news.am|

24news.am: Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակը, Հայկական ատոմակայանի ղեկավարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները ԱԷԿ-ի անխափան գործունեության և աշխատակիցների առողջական վիճակի վերահսկման նպատակով։ Ստեղծված իրավիճակում ձևավորվել է օպերատիվ շտաբ, որն իրականացնում է վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։ Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանի խոսքով, կարանտինի ժամանակահատվածում ներդրվել է աշխատանքի և հանգստի հատուկ ռեժիմ, որը ներառում է աշխատակիցների առողջության մշտական վերահսկողություն։ «Վիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու գործում մեր հիմնական խնդիրն է սահմանափակել շփումների քանակը։ Կայանի աշխատակիցների մեծամասնությունն անցել է հեռավար աշխատանքի։ Ինչ վերաբերվում է արտադրությունում զբաղված մարդկանց, որոնց բացակայությամբ հնարավոր չէ ԱԷԿ-ի անխափան աշխատանքը, ապա ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները նրանց առավելագույն պաշտպանության ապահովման համար: Մեզ համար շատ կարևոր է ապահովել կայանի բնականոն աշխատանքը և մարդկանց առողջությունը», - ասաց Արթուր Գրիգորյանը: Հայկական ԱԷԿ-ում ձեռնարկվում են սանիտարա-կանխարգելիչ անհրաժեշտ բոլոր միջոցները, իրականցվում է յուրաքանչյուր աշխատակցի առողջության վերահսկում, չեղարկվել են բոլոր գործուղումները և զանգվածային միջոցառուները: Հայկական ԱԷԿ-ը միակն է տարածաշրջանում: ՀԱԷԿ-ում արտարդվում է Հայաստանում գեներացվող էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը, ապահովելով Հայաստանի բնակչությունը և ձեռնարկությունները էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումներով: 
15:33 - 01 ապրիլի, 2020
ՀԱԷԿ-ի արդիականացման համար նախատեսված ռուսական վարկի երկարացման հարցը դեռևս չի համաձայնեցվել. Սվիրիդենկո |aysor.am|

ՀԱԷԿ-ի արդիականացման համար նախատեսված ռուսական վարկի երկարացման հարցը դեռևս չի համաձայնեցվել. Սվիրիդենկո |aysor.am|

aysor.am: Հայաստանն ու Ռուսաստանը դեռևս չեն համաձայնեցրել Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված ռուսական վարկի երկարացման հարցը: «Որքանով ես տեղյակ եմ, չի լուծվել հարցը: Ընթանում են բանակցություններ», - լրագրողներին այսօր ասաց Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն: 2019-ի դեկտեմբերին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանի կողմից համաձայնություն է ստացվել ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված վարկի երկարացման ժամկետների մասով:«Այս տարվա ընթացքում քննարկվում էր վարկի երկարացման խնդիրը: Այս պահին ունենք փոխհամաձայնություն և ՌԴ ֆինանսների նախարարի կողմից արդեն իսկ երկարացման համաձայնություն ստացվել է», - ասել էր նա:Նախարարն ընդգծել էր, որ հարցը կքննարկվի առաջիկա կառավարության նիստում՝ հավելելով. «Մնացել են միայն իրավական գործողությունները, որ պիտի կատարվեն երկու կողմերից: Աշխատանքները ծանր են և, հաշվի առնելով օբյեկտի ու անվտանգության խնդիրների կարևորությունը, շտապողականությունը կարող է վնաս հասցնել աշխատանքին: Դրա համար էլ անհրաժետություն է ավելանում որոշ աշխատանքների ժամկետի երկարաձգում, այդ իսկ պատճառով մինչև 2020 թվականը վարկի երկարացում է նախատեսվում, որը թույլ կտա հասցնել 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատաքները հասցնել ավարտին»:
13:35 - 28 փետրվարի, 2020
Ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելը համակարգի նվազագույն ծախսերով զարգացման գրավականն է, իսկ նոր բլոկի կառուցումը՝ կառավարության նպատակը. Նունե Ալեքսանյան |aysor.am|

Ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելը համակարգի նվազագույն ծախսերով զարգացման գրավականն է, իսկ նոր բլոկի կառուցումը՝ կառավարության նպատակը. Նունե Ալեքսանյան |aysor.am|

aysor.am: Կառավարությունը նախատեսում է երկարացնել ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի աշխատանքները մինչև 2036 թվականը, «Հայաստանում ատոմային բնագավառի զագացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկմանն ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ատոմային էներգետիկայի բաժնի ղեկավարի ԺՊ Նունե Ալեքսանյանը: «2026-ից հետո, եթե ատոմակայանի անվտանգ շահագործումը ուսումնասիրությունների արդյունքում հաստատվի, կառավարությունը նախատեսում է ևս տասը տարով երկարացնել շահագործումը՝ մինչև 2036 թվականը», - ասաց նա: Ալեքսանյանն ընդգծեց, որ ատոմակայանի շահագործումը երկարաձգելը կառավարության առաջնահերթություններից է, մինչդեռ կառավարությոան նպատակներից է նոր բլոկի կառուցումը: «Գործող ատոմակայանի շահագործման ժամկետը հնարավորինս երկարաձգելու տարբերակը համարվում է համակարգի նվազագույն ծախսերով զարգացման գրավականը, իսկ նոր բլոկի կառուցումը կառավարության նպատակներից է: Նկատի ունենալով հանգամանքը, որ ՀՀ-ն չունի բնական գազի և նավթի պաշարներ, ինչպես նաև միջուկային վառելիքի կայուն գները միջազգային շուկայում՝ էներգետիկ անվտանգության և անկախության անհրաժեշտ մակարդակը պահելու և ամրապնդելու համար նոր կայան ունենալը համարում ենք անհրաժեշտություն», - ասաց նա՝ ընդգծելով, որ նոր կայանը հնարավորություն կտա պետության կարիքների բավարարման համար մատչելի գներով հուսալի և անվտանգ էներգամատակարարում իրականացնել: «Կցանկանայի ընդգծել, որ կառավարությունը հավատարիմ է մնալու ՀՀ էներգահամակարգում ատոմակայան ունենալու իր քաղաքականությանը», - եզրափակեց խոսքը նա:
12:18 - 28 փետրվարի, 2020
ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամով տուգանել է ատոմակայանին

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամով տուգանել է ատոմակայանին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության (ՀԱԷԿ) տարածքում գործել են մի շարք ընկերություններ, որոնք սպառել են ՀԱԷԿ-ի կողմից արտադրված էլեկտրական էներգիան՝ չհանդիսանալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) բաժանորդ: Այս մասին հայտնեցին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: Ուստի, Հանձնաժողովը 10 մլն դրամի չափով տուգանեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությանը՝ թիվ 0002 լիցենզիայի պայմանների 9-րդ կետի խախտման համար: Հանձնաժողովի նույն որոշմամբ հանձնարարվեց «Հաշվարկային կենտրոն» ընկերությանը 45-օրյա ժամկետում կատարել համապատասխան վերահաշվարկ և «ՀԱԷԿ»-ին եռամսյա ժամկետում վերականգնել «ՀԷՑ»-ի, արդյունքում նաև՝ սպառողներին հասցված վնասը:
16:39 - 12 փետրվարի, 2020
Մեծամորի ատոմակայանի «վտանգավորության» հարցը բարձրացվել է Թուրքիայի մեջլիսում |ermenihaber.am|

Մեծամորի ատոմակայանի «վտանգավորության» հարցը բարձրացվել է Թուրքիայի մեջլիսում |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազը Մեծամորի ատոմակայանի հետ կապված հարցադիմում է ուղղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային: Յավուզյըլմազը պահանջել է պատասխանել, թե Թուրքիան իր սահմանին շատ մոտ գտնվող ատոմակայանի հարցում ինչ կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել միջազգային ասպարեզում և ինչ նախաձեռնություններով է հանդես եկել: Թուրքիայի փոխնախագահը հարցին պատասխանելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար դիմել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին, ապա ներկայացրել ԱԳՆից ստացված ստացված պատասխանը: Դրանում նշվել է, որ Մեծամորի ատոմակայանը չի համապատասխանում ժամանակակից անվտանգության պահանջներին: Թուրքիայի արտաքին գերատեսչության պատասխանում նշվել է, որ ատոմակայանը վերահսկվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (հապավումը՝ ԱՏԷՄԻԳ) կողմից, որը ատոմակայանի վերագործարկման օրվանից սկսած ատոմակայանի կառուցվածքային թերություններից բխող անվտանգության խնդիրները վերացնելու ուղղությամբ աշխատանքներ է տանում: Շեշտվել է, որ Թուրքիան ատոմակայանը փակելու նախաձեռնությամբ հանդես գալ չի կարող, քանի որ որևէ ատոմակայան փակելու իրավասությունը բացառապես տվյալ երկրին է պատկանում: Պատասխանում, սակայն, ներկայացված են Թուրքիայի կողմից միջազգային ասպարեզում Մեծամորի ատոմակայանի դեմ արված որոշ նախաձեռնություններ: «Ատոմային անվտանգության կոնվենցիայի վերանայման ժողովների ժամանակ Թուրքիան ներկայացրել է, որ ատոմակայանը, որը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ բնական աղետներ են լինում, տեղակայված է Թուրքիայի տարածքին շատ մոտ և աշխատում է հին տեխնոլոգիաներով, ռիսկի գործոն է ամբողջ տարածաշրջանի համար»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդման մեջ:
09:49 - 24 դեկտեմբերի, 2019
Ատոմակայանի ներքին անվտանգությունն ապահովել ենք մեր գեներատորներից ստացված էլեկտրաէներգիայով, խնդիրներ չենք ունեցել․ Մեծամորի ատոմակայանի տնօրեն |tert.am|

Ատոմակայանի ներքին անվտանգությունն ապահովել ենք մեր գեներատորներից ստացված էլեկտրաէներգիայով, խնդիրներ չենք ունեցել․ Մեծամորի ատոմակայանի տնօրեն |tert.am|

tert.am: Մեծամորի ատոմակայանը հունիսի 1-ից չի աշխատում, վերանորոգման և վերաբեռնավորման գործընթաց է սկսվել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ատոմակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը՝ անդրադառնալով Հրազդանի ՀԷՑ-ում և Երևան ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարների հետևանքներին՝ ատոմակայանի վրա: «Էներգահամակարգից մենք դեռ սպառիչ էլեկտրաէներգիա ենք ստանում: Այո, էներգահամակարգում խնդիրներ առաջացել են, և ճիշտ կլինի, որ դրա վերաբերյալ հարցերին մյուս ձեռնարկությունները պատասխանեն»,- ասաց նա: Խոսելով վթարի արդյունքում ատոմակայանում ստեղծված իրավիճակի մասին՝ նա նշեց, որ իրենք ունեն ներքին դիզել գեներատորային կայան, և լարման տատանումների սկզբից ի վեր անցել են լարման գեներատորների սնուցմանը: «Այսինքն՝ մեր ներքին անվտանգությունն ապահովել ենք մեր գեներատորներից ստացված էլեկտրաէներգիայով: Մենք որևէ խնդիր չենք ունեցել»,- ասաց Մովսես Վարդանյանը: Նրա խոսքով՝ հիմա ատոմակայանի էներգահամակարգում լարումը վերականգնված է: Շարունակությունը այստեղ՝ tert.am:
11:11 - 10 հուլիսի, 2019
Նախատեսվում է ապագայում ունենալ մինչև 600 մեգավատ հզորության նոր միջուկային էներգաբլոկ. Արտեմ Պետրոսյան

Նախատեսվում է ապագայում ունենալ մինչև 600 մեգավատ հզորության նոր միջուկային էներգաբլոկ. Արտեմ Պետրոսյան

Ատոմակայանը Հայաստանի Հանրապետության համար մեծ նշանակություն ունի, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ը: «Ատոմակայանի կանգառից հետո 90-ականներին էներգետիկ ճգնաժամ ունեցանք, որի հետևանքով բնակչությունն առանց էլեկտրաէներգիայի մնաց, Սևանա լճի մակարդակը նվազեց և ատոմակայանի վերագործարկումից հետո հնարավոր եղավ դուրս գալ էներգետիկ ճգնաժամից», - ասաց Պետրոսյանը: Նա նկատեց, որ ներկայում շարունակվում են ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքները, և դրանց զուգահեռ նախատեսվում է ապագայում բարձրացնել միջուկային էներգաբլոկի հզորությունը: «Այսօրվա գործող ռազմավարությամբ նախատեսվում է ավարտել շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները և ապագայում ունենալ նոր միջուկային էներգաբլոկ՝ մինչև 600 մեգավատ հզորությամբ: Անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություններ և տեսնել՝ ինչ կլինի», - ասաց նա: aysor.am    
09:19 - 20 մարտի, 2019
Մեր օրակարգում քննարկվող հարցը ոչ թե ատոմակայանի փակումն է, այլ համարժեք հզորությունների ձևավորումը. Նիկոլ Փաշինյան

Մեր օրակարգում քննարկվող հարցը ոչ թե ատոմակայանի փակումն է, այլ համարժեք հզորությունների ձևավորումը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի օրակարգում ոչ թե ատոմակայանի փակումն է, այլ դրան համարժեք հզորությունների ձևավորումն է: Այս մասին Մատենադարանում հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում Հայաստանի ատոմակայանի մասին տեղ գտած ձևակերպումներին: «Ատոմակայանի վերաբերյալ բազում քննարկումներ կան, ուզում եմ արձանագրել, որ ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ատոմակայանի փակման թեման շեշտադրվում է համարժեք հզորությունների ձևավորման հետ: Իրականում այդտեղ ոչ թե գրված է ատոմակայանի փակման, այլ համարժեք հզորությունների ձևավորման մասին: Որքան հնարավոր է ատոմակայանի գործունեությունը կերկարաձգենք, սակայն պարզ է, որ այն հավերժ չի կարող աշխատել: Նորից եմ ասում, մեր օրակարգում քննարկվող հարցը ոչ թե ատոմակայանի փակումն է, այլ համարժեք հզորությունների ձևավորումը»,-նշեց նա: lragir.am
09:40 - 19 մարտի, 2019