Արսեն Թորոսյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Մասնագիտությամբ առողջապահության կազմակերպիչ է։

Ծնվել է 1982թ. հունիսի 21-ին։ 2005-2010 թվականներին եղել է Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող։ 2010-2011 թվականներին հանդիսացել է ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ և տնօրենի պաշտոնակատար: 2011-2015 և 2016-2018 թվականներին եղել է ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի տնօրեն։

Եղել է «Հիմա» քաղաքացիական նախաձեռնության անդամ։ 2018թ․ օգոստոսից անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 2018 թվականի մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։

2020 թվականի հունվարի 18-ին նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Հակաժողովրդավարական ուժերը պիտի համակերպվեն ժողովրդի քվեի հետ. Արսեն Թորոսյան
 |azatutyun.am|

Հակաժողովրդավարական ուժերը պիտի համակերպվեն ժողովրդի քվեի հետ. Արսեն Թորոսյան |azatutyun.am|

azatutyun.am: Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում: Խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի խոսքով` մի անգամ չստացված և ժողովրդի քվեով մարած շարժումը ընդդիմությունը փորձում է նորից արթնացնել, որը ըստ նրա` հաջողություն չի ունենա: «Ազատության» հետ զրույցում պատգամավորը պնդում է` վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմությունը կեղծ օրակարգ ունի: Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից. Արսեն Թորոսյան. - Մենք ներքաղաքական ճգնաժամ չենք տեսնում, եթե շատ անկեղծ ասեմ, նույնիսկ անցյալ տարի էլ տեսնում էինք մասամբ, երբ որ գնացինք լուծումների: Եվ չի կարելի պարզապես, ասենք, 3-4 ամիսը մեկ արտահերթ ընտրություններ անել և ասել, որ քանի որ փողոցում կան մեր 12 հազար քաղաքացի կամ 50 հազար քաղաքացի, կապ չունի, մենք պետք է գնանք արտահերթ ընտրությունների: Արտահերթ ընտրությունները եղել են, եղել են ազատ և արդար, ինչպես և նախկին ընտրությունները, և կլինեն հերթական ընտրություններ 2026 թվականին, որին կարող են մասնակցել թե՛ այսօրվա ընդդիմադիր ուժերը, իմ կարծիքով` իրենք շանս չեն ունենա, իհարկե, անցնելու այլևս խորհրդարան` տեսնելով, թե ինչ են հիմա իրենք անում, թե՛ այլ ուժեր նոր խորհրդարան ձևավորելու համար: Կարծում եմ` պետք է ողջամտությունը, այնուամենայնիվ, իրենց մոտ էլ, իրենց մտքում էլ հաղթի, և հասկանանք` ուր են գնում. ի վերջո, գալիս են կառուցողական բանավեճի, որը, ի դեպ, ես մոտավորապես համարում եմ, որ կամուրջները գրեթե այրված են այդ առումով, իրենք են այրել, ոչ մենք, թե պետք է ագրեսիվացման տանեն, որպեսզի սևերես չլինեն իրենց աջակիցների առաջ: Դա էլ, գիտեք, ինչի է բերում:  - Այդ սցենարն էլ չի՞ անհանգստացնում ձեզ… Արսեն Թորոսյան. - Իհարկե, անհանգստացնում է, և մեզ անհանգստացնում է մեր ցանկացած քաղաքացու առողջություն, կյանք և բարեկեցություն, և նաև դրանով է պայմանավորված, որ մենք շատ ողջախոհ ենք գտնվում նույնիսկ ինչ-որ չափ սահմաններն անցնող դեպքերում և փորձում ենք զսպվածության կոչերով այդ ամեն ինչը կարգավորել, ոչ թե, օրինակ, միանգամից ոստիկանությունը ուժ է կրառում այդ դեպքերում: - Ինչո՞ւ եք ասում, որ կամուրջները այրված են, գուցե նախաձեռնե՞ք, այնուամենայնիվ, երկխոսության փորձ: Արսեն Թորոսյան. - Մենք պատրաստ ենք: Երեկ ձեզ առաջին նախագահն էլ էր նման հուշում արել` հանգուցալուծելու այս վիճակը: Արսեն Թորոսյան. - Ախր այնքան պարզ բաների մասին ենք խոսում: Երեկ Ազգային ժողովում կար հարց ու պատասխանը, հարց ու պատասխանի ժամանակ վարչապետը պատասխանում էր իրենց իսկ տված հարցին, թողեցին, գնացին մարդիկ, սկսեցին կոչեր անել: Իրենց իրավունքն է, բայց այդ նախաձեռնելը տեղի է ունենում մեր Ազգային ժողովի առաջին նիստից: Մենք ասում ենք` եկեք, խոսենք, իրենք ասում են` ձեզ հետ խոսելու բան չունենք, մենք գնում ենք ձեր հրաժարականը պահանջելու: Պահանջեք, դա էլ է ձեր իրավունքը, բայց պահանջելու արդյունքում մենք ժամանակին տվել ենք հրաժարական, վարչապետը տվել է հրաժարական, կառավարությունը դարձել է ժամանակավոր, տեղի են ունեցել ընտրություններ, ընտրությունների արդյունքում եղել է այս պատկերը: Կլինեն նոր ընտրություններ, կլինի այլ պատկեր, իրենք կձևավորեն իշխանությունը, իհարկե ես չեմ ուզենա, որ որևէ հակաժողովրդավարական ուժ ձևավորի իշխանությունը Հայաստանում, որովհետև մենք գիտենք` դա ինչով է հղի, իրենք կլինեն իշխանություն: Չի ձևավորվի, իրենք պետք է համակերպվեն ժողովրդի քվեի հետ:  
16:16 - 06 մայիսի, 2022
Ի՞նչ էին մտածում ՔՊ-ում անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու մասին․ տեղեկանք Արսեն Թորոսյանի համար

Ի՞նչ էին մտածում ՔՊ-ում անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու մասին․ տեղեկանք Արսեն Թորոսյանի համար

Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, արձագանքելով հարցազրուցավարի դիտարկմանը, որ իրավապաշտպանները պահանջում են իրավական եւ քաղաքական գնահատական տալ անցյալին, ինչն այդպես էլ չի տրվել մինչ օրս, հարց է հնչեցնում՝ ի՞նչ է նշանակում իրավական եւ քաղաքական գնահատական․  «Ի՞նչ ա նշանակում իրավական եւ քաղաքական գնահատական։ Ես, անկեղծ ասած, ապշում եմ, արդեն չորս տարի ա՝ լսում եմ էդ բառակապակցությունները՝ իրավական եւ քաղաքական գնահատական։ Ի՞նչ ա, օրենք ընդունենք ինչի՞ մասին, որ ՀՀ-ում օրենքները մինչեւ էդ խախտվել են, որ ժողովրդավարությունը մինչեւ էդ լավ չի եղել, որ ընտրությունները կեղծվել ե՞ն։ Դրա լավագույն գնահատականը եղել ա ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը՝ դրան հաջորդող ընտրական ազատ եւ արդար պրոցեսներով, առնվազն երկու [խորհրդարանական] ընտրություն ենք ունեցել 2018, 2021թթ․, եւ բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ, երբ նույնիսկ մեր ընդդիմադիրները հաղթել են մեզ, եւ մենք ճանաչել ենք այդ արդյունքները, որովհետեւ այդ արժեքները մեզ համար առավել կարեւոր են, քան իշխանությունն ինքնին։ Ես կարծում եմ, որ մեր իրավապաշտպան կազմակերպությունները պետք է մի քիչ ավելի բովանդակային մոտենան, թե էսօր կոնկրետ ինչ պրոբլեմ ունենք եւ ինչպես դա կարելի ա լուծել»,- ասել է Արսեն Թորոսյանը։ 2018թ․ ապրիլյան իրադարձությունների ժամանակ եւ դրանից հետո մի տեւական ընթացք ամենօրյա ռեժիմով խոսվում էր տարբեր ոլորտներում բարեփոխումների մասին։ Մատնացույց էին արվում իրավական, դատական համակարգերում, պետական կառավարման ապարատում առկա խնդիրները, որոնք խորն էին այնքան, որ հաճախ էր հնչում միտքը, որ մեկ-երկու տարում դրանք հիմնովին լուծելը շատ բարդ է։ Բարեփոխումների մասին խոսելուն, դրանց վերաբերյալ որոշակի քայլեր ձեռնարկելուն զուգընթաց քննարկվում էր նաեւ անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության հարցը։ Դրա մասին խոսում էին ե՛ւ քաղաքական գործիչները, ե՛ւ իրավապաշտպան կառույցները՝ շեշտելով, որ այդ գնահատականը կարեւոր է հատկապես ապագայի համար, որ այլեւս չլինի մի իշխանություն, որը մտքի ծայրով կանցկացնի ապօրինություններ անել, իրավունքներ եւ օրենքներ ոտնահարել։ Ընդ որում՝ այդ օրակարգը սկզնաբական շրջանում խորթ չէր նաեւ կառավարող ուժի՝ Նիկոլ Փաշինյանի թիմի համար․ նրա տարբեր ներկայացուցիչներ մասնակի կամ ամբողջական անդրադարձեր ունեցել են այդ հարցին, մենք այս հոդվածում մի քանի օրինակներ կներկայացնենք։  Ինչպե՞ս գնահատական տալ անցյալին․ անվերջ քննարկումներ Այսպես, անդրադառնալով նախկինում հնչած տեսակետներին․ 2019 թվականի մայիսին Հայաստանի խորհրդարանում այդ ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումներ կազմակերպվեցին։ Միրզոյանն այս թեմայով իր ծավալուն ելույթում, խոսելով հանրային համերաշխության մասին, ասել էր․ «Համաձայնեք՝ մենք չենք կարող, օրինակ, գործող դատարանների միջոցով գործեր հարուցել եւ դատապարտել տասնյակ հազարավոր քաղաքացիների, ովքեր մասնակցություն են ունեցել, ենթադրենք, ընտրական խախտումների եւ ընտրական գործընթացների վրա ապօրինի ազդեցությունների: Մենք չենք կարող տասնյակ հազարավոր քաղաքացիների, այդ թվում՝ ուսուցիչների, ՏԻՄ-երի, բոլորիս տարբեր ազգականների դատապարտել, բայց մենք գուցե կարիք ունենք տալու այդ գնահատականը, արձանագրել եւ հավաստիացնել եւս մեկ անգամ, որ այլեւս երբեք Հայաստանի Հանրապետությունում այդպիսի բան տեղի ունենալ չի կարող»:  Իսկ մասնավորապես անցած իրադարձությունների իրավաքաղաքական գնահատականի առնչությամբ Միրզոյանը հարց էր հնչեցրել․ «Մենք պետք է հասկանանք՝ կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը, թե՝ ոչ: Գուցե կա՞, ժամանա՞կն է արդյոք, թե՞ պետք է սպասել եւս 20 տարի»: Քննարկում Հանրային հեռուստաընկերության եթերում՝ արդարադատության փոխնախարարի մասնակցությամբ 2019 թվականի հուլիսին Հանրային հեռուստաընկերության եթերում քննարկվում էր նախկին իրավաքաղաքական համակարգին գնահատական տալու հարցը։ Այդ հաղորդմանը մասնակցում էր նաեւ այդ ժամանակ արդարադատության փոխնախարար, այժմ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։ Այդ քննարկումը նույնիսկ տեղադրված է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում՝ «Հանրային քննարկում. ի՞նչ գնահատական տալ նախկին իրավաքաղաքական համակարգին» վերնագրով։ Հաղորդման ժամանակ քննարկվում էին դատաիրավական համակարգում առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակները, դրանց գնահատական տալու հարցը, եւ այլն։ Նույն այդ ամսում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ որպես պետություն անցյալին քաղաքական գնահատական տալու հարցը քննարկման փուլում է․ «Երբ այդ քննարկումները կավարտվեն եւ դրանց արդյունքում կհանգենք, որ մենք ունենք մի տեքստ, որի շուրջ ունենք կոնսենսուս թե՛ խմբակցության ներսում, թե՛ մյուս խմբակցությունների հետ, արդեն ավելի հրապարակային ձեռնամուխ կլինենք այդ գործընթացին»,- մասնավորապես նշել էր Ջուլհակյանը՝ իր կարծիքը հայտնելով, որ նախկինում մենք գործ ենք ունեցել պետության զավթման հետ։Պատգամավորը կարծում էր՝ «պահանջ է, որ հենց խորհրդարանը տա քաղաքական գնահատականը» Մեկ այլ հարցազրույցում Արուսյակ Ջուլհակյանը նշել էր, որ իրենց խմբակցության պատգամավորներից շատերը, նաեւ վարչապետ Փաշինյանը այդ քաղաքական գնահատականը բազմիցս տվել են, այդ թվում՝ Մարտի 1-ի տասը տարվա կապակցությամբ խմբակցության տարածած հայտարարություն մեջ․ «Առանձին պատգամավորներ էլ հայտարարել են, որ մենք գործ ենք ունեցել պետության զավթման հետ, բայց միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ մեզ ներկայացվող պահանջը ոչ թե առանձին պատգամավորների մակարդակով է, այլ պետական ինստիտուտների։ Պահանջ է, որ հենց խորհրդարանը տա քաղաքական գնահատականը»,- ասել էր պատգամավորը՝ հավելելով, որ այդ ամիսների քննարկումների արդյունքում եկել էին այն եզրահանգման, որ անցյալին գնահատական տալու համար ավելի ճիշտ կլինի ստեղծել առանձին հանձնաժողով, որը կկազմվի ԱԺ-ի կամ մի քանի մարմինների կողմից եւ կունենա բարձր լեգիտիմություն՝ այն առումով, որ տարբեր խմբերի մոտ անկողմնակալ ու օբյեկտիվ կընկալվի, եւ հետագայում իր պատրաստած զեկույցն ու գնահատականը հանրության լայն շերտերի մոտ կունենան վստահություն ու համաձայնություն։ Այդ հանձնաժողովի մասին դեռ կհիշատակենք։ Փաշինյանի հրապարակած «հանրաքվեի հռչակագիրը», որով պետք է քաղաքական գնահատական տրվեր անցյալին 2020թ․ մարտին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում հայտարարեց, որ սահմանադրական հանրաքվեն շատ լավ առիթ է, որ բացի բուն հանրաքվեի դրվող տեքստից՝ նկարագրեն նաեւ տեղի ունեցող գործընթացի քաղաքական կոնտեքստը։ Այդ առիթով ստեղծել էին 2020թ․ ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագիր, որով ոչ միայն Սահմանադրության փոփոխություն տեղի կունենար, այլեւ կտրվեր, Փաշինյանի խոսքով, «նախնական ընդհանուր գծերով քաղաքական գնահատական վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած պրոցեսներին», փորձ կարվեր ախտորոշել՝ ամենաբարդ եւ մեծ խնդիրը որն է եղել, որը նաեւ հիմք կդառնար համազգային պայմանավորվածության, որ դա այլեւս երբեք չի կրկնվի։  Ավելի ուշ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր այդ հռչակագրի նախագծի տեքստը, որտեղ, ի թիվս այլնի, արձանագրված էր, որ 1995 թվականից մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքները կեղծվել են, Հայաստանում սկսել է ձեւավորվել կոռուպցիոն համակարգ, որը վերաճել է համակարգային կոռուպցիայի, նախագահական, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները, ներառյալ Սահմանադրական դատարանը, մեծ մասամբ սպասարկել են անձնային, խմբային շահեր՝ հետին պլան մղելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերը, բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են հսկայածավալ ապօրինի հարստություն, եւ այլն։  Հանրաքվեն, ինչպես հայտնի է, տեղի չունեցավ, իսկ քաղաքական գնահատական չտրվեց, համենայն դեպս, հռչակագրի նախագծից անդին։ Փաստահավաք հանձնաժողովի մասին Արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը Որոշ ժամանակ անց՝ 2020թ․-ի մայիսին, ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի եւ հարակից օրենքների մասին նախագծերի փաթեթը։ Նախագծերով սահմանվում էին 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային եւ պարբերական խախտումների դեպքերը եւ դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու եւ դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների եւ գործունեության հետ կապված այլ հարաբերությունները։  Նախագծի հիմնավորման մեջ նշված էր, որ 1991 թվականի սեպտեմբերից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ զուգակցված երկրում համակարգային եւ քաղաքական կոռուպցիայի երեւույթների կայուն առկայությամբ, որպիսի հանգամանքն ընդգծվել է մի շարք միջազգային զեկույցներում․ «2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հետեւանք էին այս երեւույթների արդյունքում հասարակության մեջ կուտակված անարդարության զգացման, որը կարող է հաղթահարված համարվել միայն իրավունքների խախտման վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու, տուժողների խախտված իրավունքները, հնարավորինս վերականգնելու, անցյալին գնահատական տալու եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարելու [միջոցով], որպեսզի բացառվի հետագայում որեւէ իրավիճակում նման երեւույթների կրկնությունը»,- շեշտված էր նախագծում: Հիմնավորման մեջ ասված էր, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին հաստատված դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրվել էր անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտությունը: Այդպիսի տարածված գործիք, ըստ նախարարության, հենց Փաստահավաք հանձնաժողովն էր՝ միջազգային պրակտիկայում ընդունված որպես ճշմարտության, որոշ դեպքերում նաեւ՝ հաշտեցման հանձնաժողովը (այս հոդվածում չենք անդրադառնա, թե ինչպես մոռացության մատնվեցին նաեւ ի սկզբանե նախանշված անցումային արդարադատությունը եւ հեղափոխական օրակարագի մյուս կարեւոր հարցերը)։ Թեեւ անցումային արդարադատության շրջանակներում այս հանձնաժողովը պիտի որ անկյունաքարային նշանակություն ունենար, սակայն դրա կյանքի կոչումը մինչ օրս չի եղել, իսկ դրա շրջանակներում, բնականաբար, քաղաքական գնահատական էլ չի տրվել։ Իրավապաշտպանները պնդում էին անհապաղ քաղաքական գնահատական տալ անցյալի խախտումներին Արդեն 2020թ․ հունիսին մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ՝ անհապաղ քաղաքական գնահատական տալ անցյալի խախտումներին եւ համակարգային փոփոխություններ իրականացնել։ Նրանք նշել էին, որ Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժն իր ջանքերն ուղղում է կարճաժամկետ քայլերի վրա՝ ամիսներ շարունակ հապաղելով արմատական լուծում տալ ժողովրդավարական եւ իրավական պետության վերականգնման համար այնպիսի հրատապ ու կենսական խնդիրներին, ինչպիսիք են Սահմանադրական դատարանի շուրջ եւ ողջ դատական համակարգում ստեղծված ճգնաժամը, ինչը կարող էր վերաճել լրջագույն քաղաքական ճգնաժամի։  Միայն քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները չէ, որ խոսում էին իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին։ Նրանց թվում էին նաեւ հանրային ու քաղաքական այլ գործիչներ։  Այսպիսով, Արսեն Թորոսյանը, որը 2018 թվականի իշխանափոխությունից հետո նոր ձեւավորված կառավարության անդամ էր՝ առողջապահության նախարարը, այդ իրադարձություններից տարիներ անց հարց է հնչեցնում՝ ի՞նչ է նշանակում իրավաքաղաքական գնահատական, օրե՞նք պիտի ընդունվի, ինչի՞ մասին։ Սա այն պարագայում, երբ այն քաղաքական թիմը, որի ներկայացուցիչն է ինքը, առնվազն նախաձեռնել է գործընթացներ, որոնք ենթադրել են նաեւ անցյալին քաղաքական գնահատական տալ հստակ եղանակով, եւ ոչ միայն առանձին հայտարարությունների տեսքով։ Ընդ որում՝ այդ նախաձեռնությունները չեն եղել, օրինակ, անհատ պատգամավորների մակարդակով, այլ կառավարության ղեկավարի, ԱԺ նախագահի, արդարադատության նախարարի։ Որքան էլ իշխող մեծամասնության ներկայացուցիչներն իրենց տարբեր ելույթներում գնահատականներ հնչեցրել են անցյալի իրադարձությունների վերաբերյալ, ընդ որում՝ շատ հաճախ բավականին սուր ձեւակերպումներով, այդուհանդերձ ինչ-որ փուլում կարեւորվել է հենց քաղաքական ավելի ծանրակշիռ հայտարարության ընդունումը՝ խորհրդարանի մակարդակով։ Այլ են հարցերը, թե ինչու այդ գործընթացը տրամաբանական կետին չհասավ, կամ արդյոք հիմա ժամանակավրեպ չէ այս խոսակցությունը, սակայն հարկ է նկատել, որ Արսեն Թորոսյանի համար անհասկանալի է մի գործընթաց, որի կարեւորությունը ժամանակին շեշտել են իր քաղաքական ղեկավարն ու թիմակիցները։ Լուսանկարը՝ parliamentmonitoring.am կայքից Հայարփի Բաղդասարյան
12:30 - 27 ապրիլի, 2022
Մարտունին շուտով կունենա ժամանակակից բժշկական կենտրոն

Մարտունին շուտով կունենա ժամանակակից բժշկական կենտրոն

Մարզային այցելությունների շրջանակներում այսօր եղել եմ Մարտունու բժշկական կենտրոնում, որտեղ տնօրեն Անդրանիկ Հարությունյանի հետ ծանոթացել ենք նոր կառուցվող շենքի շինարարական աշխատանքներին, որոնք սկսվել էին 2020 թվականի ամռանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։   «Ըստ նախատեսված պլանի՝ այն պետք է ավարտվեր 2022 թվականի աշնանը, ու չնայած համավարակով և պատերազմով պայմանավորված դժվարություններին՝ շինարարական աշխատանքները ոչ մի օր չեն կանգնել և Մարտունի խոշորացված համայնքը շուտով ունենալու է գերժամանակակից հիվանդանոց՝ հագեցած բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, այդ թվում համակարգչային տոմոգրաֆով (ԿՏ)։   Ուզում եմ նաև տեղեկացնել, որ նման մոդուլային բժշկական կենտրոն Հայաստանում առաջին անգամ է կառուցվում, նմանատիպ կենտրոնի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են նաև Վայոց Ձորի մարզում և նման նախագիծ կա Նաիրիի բժշկական կենտրոնի կառուցման համար։ Այս տիպի նախագծերն ավելի արդյունավետ են թե՛ բժշկական օգնությունը կազմակերպելու տեսանկյունից, թե՛ ծախսաարդյունավետության։   Հ.Գ. Մարտունու բժշկական կենտրոնում վերջին տարիներին տեղի են ունեցել էական բարեփոխումներ։ Հիշեցնեմ նաև, որ 2020 թվականից աշխատում է հեմոդիալիզի ծառայությունը, որը մինչ այդ հասանելի չէր Մարտունիում և պացիենտները ստիպված գնում էին այլ տեղեր»,- նշված է գրառման մեջ։    
17:06 - 03 ապրիլի, 2022
Վնասում են երկու երկրների հարաբերություններին. Թորոսյանն անդրադարձել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի գրառմանը |armenpress.am|

Վնասում են երկու երկրների հարաբերություններին. Թորոսյանն անդրադարձել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի գրառմանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը ցավում է, որ Ուկրաինայի գործընկերները տեղեկատվական պատերազմում ճիշտ չեն կողմնորոշվում, տարածում են ապատեղեկատվություն, վնասում երկու երկրների հարաբերություններին: Թորոսյանը նման տեսակետ հայտնեց անդրադառնալով Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Թվիթեր»-ի էջի գրառմանը, որն  անդրադարձել է Ադրբեջանի՝Արցախ վերջին ներխուժման փաստին. Գրառումն ավելի ուշ հեռացվել էր Գերագույն Ռադայի «Թվիթեր»-ի էջից: Թորոսյանը նախ դա համարեց ոչ թե Գերագույն Ռադայի պաշտոնական հայտարարություն, այլ պարզապես «Թվիթեր»-ի էջի գրառում , թեև դա արվել է պաշտոնական էջում: «Ցավում եմ դրա համար՝ տարածել են մի անհայտ աղբյուրից եկած ապատեղեկատվություն, թե իբր ռուսական խաղաղապահ զորամիավորման զինվորները տեղափոխվել են Ուկրաինա՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար, ինչն ամենևին չի համապատասխանում իրականությանը: Եվ ես շատ եմ ցավում, որ մեր գործընկերներն Ուկրաինայում կամ այդ «Թվիթեր»-ի էջը վարողներն այս ինֆորմացիոն պատերազմի ժամանակ չեն կարողանում կողմնորոշվել, թե որն է ճշմարտություն, որը՝ սուտ»,-ընդգծեց պատգամավորը: Թորոսյանը նշեց՝ չի ուզենա հավատալ, որ դա դիտավորյալ է արվում: «Նրանք, այնուամենայնիվ, պետք է ուշադիր լինեն, քանի որ դրանով վնասում են երկու երկրների հարաբերություններին, ինչը մենք չէինք ուզենա, որ տեղի ունենար, և, կարծում եմ, նրանք էլ դա չեն ուզում»,-ասաց նա:
13:42 - 25 մարտի, 2022
Ծխելը վնաս է ոչ միայն յուրաքանչյուրի առողջությանը, այլ նաև Հայաստանի տնտեսությանը․ Թորոսյան |armenpress.am|

Ծխելը վնաս է ոչ միայն յուրաքանչյուրի առողջությանը, այլ նաև Հայաստանի տնտեսությանը․ Թորոսյան |armenpress.am|

armenpress.am: Ծխելը վնասակար է ոչ միայն յուրաքանչյուր քաղաքացու առողջության, այլ նաև Հայաստանի տնտեսության համար։ Ազգային ժողովում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։ «Հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք ծխելու պատճառով տարեկան կորցնում ենք ՀՆԱ-ի 4,2 տոկոսը և դա յուրաքանչյուր անձի հաշվով կազմում է 92 հազար դրամ։ Սա շատ կարևոր է, որովհետև մեր գործընկերները հաճախ նաև հարցեր են տալիս տնտեսվարողների գործունեության հետ կապված։ Դեմ չեմ, որ ինչ-որ կոնկրետ տնտեսվարման ճյուղի սա վնաս պատճառի և շարունակի վնաս պատճառել, բայց եթե ընդհանուր համատեքստում նայենք, ապա սա միայն օգտակար է Հայաստանի Հանրապետությանը, ինչպես օգտակար է եղել աշխարհի բոլոր երկրներին»,- նշեց Թորոսյանը։ Պատգամավորն ընդգծեց՝ պետք է հստակ արձանագրել, որ ծխախոտային արտադրատեսակների արտադրությամբ զբաղվողների մուծած հարկերը երբեք չեն գերազանցել և չեն գերազանցելու այդ արտադրատեսակների օգտագործման հետևանքով հասցվող վնասին։ «Եկեք հիշենք շատ հաճախ, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում տարեկան մահանում է 5500 մարդ»,- եզրափակեց Թորոսյանը։
15:01 - 09 մարտի, 2022
44-օրյա պատերազմի զոհերի թիվը ճիշտ է և չի թաքցվում. Արսեն Թորոսյան

44-օրյա պատերազմի զոհերի թիվը ճիշտ է և չի թաքցվում. Արսեն Թորոսյան

Քննչական կոմիտեում 44-օրյա պատերազմի զոհերի թվի մասին տեղեկատվությունը ձևավորվում է` հիմնվելով դատաբժշկական ծառայության կողմից զոհերի մարմինների և մասունքների դատաբժշկական (ներառյալ` դատագենետիկական) փորձաքննության վրա:  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը: «Չէի ուզի այս ցավոտ հարցին անդրադառնալ, բայց նույնիսկ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այս հարցի շուրջ վարչապետի մեկնաբանությունից հետո չդադարող մանիպուլյացիաներն ու կեղծիքը, որոնք հաճախ անցնում են բարոյականության սահմանը, ստիպում են ինձ դա անել: Ցավալին այն է, որ դա անում են նաև մարդիկ, որոնք եղել են զինված ուժերում ղեկավար պաշտոնների, նույնիսկ գերագույն գլխավոր հրամանատար են եղել և շատ լավ գիտեն, թե այդ թվերը ինչպես են ձևավորվում, ովքեր են այն մարդիկ, որ այդ վիճակագրությունը տալիս են: Նրանք նաև շատ լավ գիտեն, որ պատասխանատուները պրոֆեսիոնալներ են և կեղծիքի երբեք չեն գնա, ավելին` նրանց մեծ մասին հենց իրենք էլ ժամանակին նշանակել են այդ պաշտոններում: Ես համոզվել եմ, որ մեր պետական կառավարման մարմինները չեն թաքցնում մեր կորուստների իրական թվերը դեռ 2016 թվականին, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էի Արցախի պաշտպանության բանակի ռազմաբժշկական բաժնի վիճակագրի պաշտոնը և ինքս էի մասնակցում վիրավորների թվի հավաքագրմանը»,- գրել է Թորոսյանը: Պատգամավորը ընդգծում է, որ երկու պետական մարմիններն էլ եղել են Ստեփանակերտում` սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, և նա որպես Առողջապահության նախարար  անձամբ բազմիցս ներկա է եղել այդ գործընթացին: «Ուզում եմ ասել, որ միայն մեր ժողովրդին ավել ցավ պատճառել ցանկացող անձը կարող է կեղծել այս, արդեն իսկ անասելի ցավ պատճառող թվերը ու փորձել մեր կորուստները ներկայացնել ավելին, քան կան: Միայն մեր կորուստների վրա հակառակորդի հրճվանքը ցանկացող անձը կարող է ասել, որ մենք ոչ թե 3812 զոհ ենք ունեցել (և 217 անհետ կորած անձ), այլ 5000, 6000 կամ ավելին: Միայն բարոյականության հետ խնդիրներ ունեցող անձը կարող է ասել, որ մենք տասնյակ հազարավոր վիրավորներ ենք ունեցել` մոտ 7500-ի փոխարեն: Տիկնայք և պարոնայք, դուք ձեզ երբևէ հարց տվել եք, թե դուք ո՞ր երկրի կամ ժողովրդի շահերն եք պաշտպանում»,- եզրափակել է Թորոսյանը:
12:22 - 11 փետրվարի, 2022
Դեռ 2018-ից համակարգային փոփոխություններ են արվել հոգեկան առողջության պահպանման ոլորտում․ Ա․ Թորոսյան

Դեռ 2018-ից համակարգային փոփոխություններ են արվել հոգեկան առողջության պահպանման ոլորտում․ Ա․ Թորոսյան

ԱԺ պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել, որով պատասխանել է ՄԻՊ Արման Թաթոյանին։ «Մի քանի օր է, ինչ գործող ՄԻՊ Արման Թաթոյանը թմբկահարում է «Հոգեբուժարաններում մարդու իրավունքների խախտումների մասին» ու որ դրանք 2017թ.-ից այս կողմ չեն փոփոխվել: Միայն այն, որ «զեկույցի» վերնագրում խոսվում է «հոգեբուժարանների» և ոչ թե հոգեկան առողջության պահպանման կենտրոնների մասին, ինչպես այդ բժշկական հաստատությունները կոչվում են արդեն մի քանի տարի է (վերջինը անվանափոխվել է իմ կողմից 2019 թվականին), խոսում է նրա մասին, որ կա հոգեկան առողջության պահպանման ոլորտի վերջին տարիների բարեփոխումները և դրական առաջընթացը ստվերելու միտում: Նույնիսկ այդ անվանափոխությունների մեջ մենք տրամաբանություն ենք դրել, որպեսզի պայքարենք խարանի և խտրականության դեմ այդ հաստատություններում բուժում ստացող կամ ապրող մեր քաղաքացիների նկատմամբ, փոխենք վերաբերմունքը նրանց նկատմամբ թե' բժշկական հաստատություններում, թե' հանրության շրջանում: Պարոն Թաթոյանը սակայն միտումնավոր չի նկատում դա ու կրկին հրամցնում է հասարակությանը խարանի և խտրականության մարմնավորում հանդիսացող տերմինը և դրա տրամաբանությունը: Նույն թելը երևում է բուն տեքստում: Դեռ 2018 թվականից մենք աշխատել ենք թե' գործող հոգեկան առողջության պահպանման կենտրոնների շենքային պայմանների լավացման, թե' ոլորտում համակարգային փոփոխությունների իրականացման վրա: Շարունակաբար լավացվել են Սևանի և Ավանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնների շենքային պայմանները, պացիենտների սնունդը, գիշերելու պայմանները, հագուստը, դեղորայքը: Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում ի թիվս վերոնշյալի նաև հենց հիմա պետական բյուջեի միջոցների հաշվին տեղի է ունենում ամբողջական վերակառուցում և վերազինում: Այս փոփոխությունների ականատեսն են բոլոր մեր պացիենտները և նրանց հարազատները, որոնք և կփաստեն խոսքերիս ճշմարտացիությունը: Հոգեկան առողջության պահպանման ոլորտի համակարգային բարեփոխումները սակայն ինչ-որ չափով դանդաղեցին մինչ օրս ձգվող կորոնավիրուսային համավարակի և պատերազմի պատճառով և ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ավելի կակտիվանան. դա եղել է մեր կառավարության առաջնահերթություններից մեկը և այդպես էլ մնալու է: Հուսով եմ նաև, որ առողջապահության նախարարությունը մանրամասն կանդրադառնա «զեկույցում» զետեղված հանգամանքներին և դրանց ճշմարտացիությանը, իսկ ես ևս մեկ անգամ արձանագրում եմ մարդու իրավունքների պաշտպանի կողմնակալությունը, այդ թվում ոչ այդքան քաղաքական հարցում, ինչպիսին է մեր քաղաքացիների հոգեկան առողջության պահպանման կարևոր ոլորտը»։ Նշենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանը ևս հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր՝ բարձրաստիճան պաշտոնյաները ՄԻՊ-ի բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու իրավունք չունեն։
11:20 - 25 հունվարի, 2022
Կառավարման մոդելի հարցում նախագահի եւ կառավարության միջեւ փոխըմբռնում չկար. Արսեն Թորոսյան |news.am|

Կառավարման մոդելի հարցում նախագահի եւ կառավարության միջեւ փոխըմբռնում չկար. Արսեն Թորոսյան |news.am|

news.am: Նախագահն ինքն էր կողմնակից սահմանադրական փոփոխությունների եւ նախագահի լիազորություններն ավելացնելուն: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով տեսակետներին, թե գուցե ՀՀ նախագահի հրաժարականի պատճառը սպասվող սահմանադրական փոփոխություններն են, որի արդյունքում ինքը կարող է դուրս մնալ խաղից: «Այս հարցում նախագահի եւ կառավարության միջեւ փոխըմբռնում չկար: Մենք կարծում ենք, որ խորհրդարանական մոդելն ավելի ժողովրդավար է, թույլ է տալիս ճգնաժամային իրավիճակներում ավելի կայուն պահել երկիրը: Մեր օրակարգում նախագահական մոդելի վերադառնալու շուրջ քննարկումներ չկան եւ ես չեմ կարծում, որ կլինեն: Հետեւաբար, չեմ կարծում, որ նախագահի հրաժարականը կապ ունի սպասվող կամ քննարկվող սահմանադրական փոփոխությունների հետ»,-ասաց Թորոսյանը:  
15:48 - 24 հունվարի, 2022
Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ծխախոտային արգելքի մի շարք դրույթներ

Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ծխախոտային արգելքի մի շարք դրույթներ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի շարք կարևոր դրույթներ:   «Ըստ այդ դրույթների՝ այլևս արգելված են ծխախոտային որևէ արտադրատեսակի՝ ավանդական ծխախոտի, էլեկտրոնային (տաքացվող) ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտինային արտադրատեսակի (վեյպ), նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում։   Նաև արգելված է վերոնշյալ որևէ արտադրանքի իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը: Այս դրույթների լիարժեք կիրառումը ժամանակի ընթացքում էականորեն իջեցնելու է ծխախոտի օգտագործումը մեր երկրում, ինչն էականորեն ազդելու է մեր բնակչության առողջության բարելավման և մեր երկրի տնտեսության զարգացման վրա։   Տնտեսվարողներին կոչ եմ անում խստորեն հետևել օրենքի պահանջների կատարմանը, իսկ ստուգող մարմիններին՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել։ Առանց առողջ հասարակության չի կարող լինել ամուր տնտեսություն:   Հ.Գ. 2022 թվականի մարտի 15-ից ուժի մեջ կմտնեն նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում (փակ և բաց) բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի դրույթները»,- գրել է պատգամավորը:
12:33 - 03 հունվարի, 2022
Եթե  Մարությանը առաջադրվեր մեկ այլ կուսակցությունով կամ դաշինքով,  99.9%, եթե ոչ 100% հավանականությամբ չէր լինի քաղաքապետ․ Արսեն Թորոսյան

Եթե Մարությանը առաջադրվեր մեկ այլ կուսակցությունով կամ դաշինքով,  99.9%, եթե ոչ 100% հավանականությամբ չէր լինի քաղաքապետ․ Արսեն Թորոսյան

Եթե Հայկ Մարությանը առաջադրվեր մեկ այլ կուսակցությունով կամ դաշինքով՝ հայտնի կամ անհայտ,  99.9%, եթե ոչ 100% հավանականությամբ չէր լինի քաղաքապետ։ Այս մասին Սիվիլնեթին տված հարցազրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Թորոսյանի դիտարկմամբ՝ Հայկ Մարությանի պաշտոնանկության հարցը մոտակա ժամանակներում ներքաղաքական ամենակարևոր հարցը չի դառնալու․ «Դա հարց է, որը կլուծվի, և երկիրը կապրի իր բնականոն կյանքով։Տարիներ առաջ, ոչ մեր իշխանության օրոք, որոշում կայացվեց, որ Երևան քաղաքը, լինելով սպեցիֆիկ ՀՀ-ի համար, մեծությամբ, տնտեսական ուժով, հզորությամբ պետք է ունենա ոչ թե ուղիղ քաղաքապետի ընտրություն, ինչպես նախկինում էր, այլ ունենա քաղաքական ընտրություն, այսինքն՝ կուսակցական ցուցակով կամ դաշինքներով ընտրություն։ Որպեսզի այդ պահին գործող Երևանի քաղաքապետը ներկայացնի քաղաքական կուսակցություն կամ թիմ, որը պատասխանատվություն է վերցրել Երևան քաղաքի զարգացման։ Հետագայում, իհարկե, այդ պրոցեսին ավելացավ Գյումրին, Վանաձորը, իսկ վերջերս նաև բոլոր մեծ խոշորացված համայնքները։ Դա մենք համարում ենք մեր քաղաքական համակարգի, մեր երկրի կառավարման կարևորագույն ձեռքբերումներից մեկը»։ Խոսելով այսօրվա իրավիճակի մասին՝ Թորոսյանը հիշեցրեց, որ 2018 թ․-ի ավագանու ընտրությունները Նիկոլ Փաշինյանի հռչակած թավշյա հեղափոխությունից հետո առաջին ամենամեծ ընտրություններն էին, և դա քաղաքական ընտրություն էր․ «Այսինքն՝ ես ինքս լինելով Երևանի բնակիչ և քաղաքացի, քաղաքապետ չեմ ընտրել որևէ անձի։ Ես ընտրել եմ «Իմ քայլը» դաշինքին, որի առաջին համարը, այո՛, այդ ընտրության ժամանակ Հայկ Մարությանն էր։ Բայց կոնկրետ այս դեպքում կուսակցությունը կամ դաշինքը և առաջին համարը պետք է իրար հետ անքակտելիորեն կապված լինեն, որովհետև «Իմ քայլը» դաշինքն է պատասխանատվություն վերցրել Երևան քաղաքի կառավարման և ոչ թե միայն Հայկ Մարությանը։ Եվ դա պատահական չի, որ այս մեխանիզմով է տեղի ունենում, որպեսզի առաջին համարը չխզվի իրեն իշխանության բերած թիմի գաղափարներից, ուղղությունից, և նաև թիմն էլ շարունակի պատասխանատվություն կրել քաղաքի կառավարման համար»։ Հարցին՝ արդյոք քաղաքական թիմի հետ կապերի խզումն էր Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի պատճառը, Թորոսյանը ասաց․ «Այո, քաղաքական խզումը, որը չի կարող, այսպես ասած, ինքնահոսով գնալ առաջ, և եթե որևէ մեկը, տվյալ դեպքում Հայկ Մարությանը ցանկություն ունի իր քաղաքական թիմով (եթե այն կա, ես տեղյակ չեմ՝ այն կա, թե չկա) պատասխանատվություն ստանձնել որևէ քաղաքի կամ միգուցե ազգային մակարդակով որևէ խնդրի լուծման, ինքը պետք է իրենով գնա, ստանա երևանցիների քվեն, երևանցիները քվե չեն տվել Հայկ Մարությանին, տվել են «Իմ քայլը» դաշինքին, որի առաջին համարը եղել է Հայկ Մարությանը, բայց մենք բոլորս գիտենք, որ եթե Հայկ Մարությանը առաջադրվեր մեկ այլ կուսակցությունով կամ դաշինքով՝ հայտնի կամ անհայտ, ինքը 99.9%, եթե ոչ 100% հավանականությամբ չէր լինի քաղաքապետ»։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես է Թորոսյանը կամ իրենց քաղաքական թիմը գնահատում Հայկ Մարությանի աշխատանքը՝ որպես քաղաքապետ, պատգամավորն ասաց, որ կան դրական արդյունքներ, որոնք Երևանի  քաղաքապետաանի և Երևանի ավագանու ձեռքբերումներն են, և ոչ թե ինչ-որ մեկի․ «Օրինակ, ես նախկինում եղել եմ նախարար, դա իմ անձնական ձեռքբերումը չի եղել, եղել է նախարարության և կառավարության։ Եվ՛ կան դրական առաջընթացներ, և կան նաև բաներ, որոնք հետ են մնում ընդհանոuր պետական բարեփոխումներից և առաջընթացներից։ Նաև այդտեղ խնդիր կա, երբ դու, տեսնելով, որ պետական գերատեսչության մեջ չի պրոբլեմը, այլ համայնքային գերատեսչության մեջ է, որևէ կերպ չես կարողանում դա փոխել, քանի որ կա խզում, ու քեզ ասում մոտավորապես ասում են՝ գիտես դա քո գործը չի, դու գնա քո կառավարությունով, նախարարություններով, Ազգային ժողովով զբաղվի, մենք մեր համայնքով կզբաղվենք, այն դեպքում, երբ համայնքի համար պատասխանաատվություն ստանձնել ես կրկին դու, դու ես պատասխանատու, մենք ենք պատասխանատու»։ Անդրադառնալով կարծիքներին, որ այս գործընթացը հաշվեհարդար է ընդդեմ Մարությանի՝ «ով մեր հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով, Թորոսյանը կրկնեց, որ Երևան քաղաքում կառավարումը քաղաքական է․ «Նախ, ով մեր հետ չէ, մեր դեմ է,  թարգմանեմ քաղաքական լեզվով։ Ես դրա մասին արդեն խոսեցի, եթե մենք փողոցային խոսակցություն վարեինք, կարող էինք ասել, ով մեր հետ չէ, մեր դեմ է, մեր թշնամին է, բայց մենք խոսում ենք քաղաքականությունից, քաղաքականությունը հետևյալն է․ Երևան քաղաքում կառավարումը քաղաքական է, Երևան քաղաքում չի կարող լինել ապաքաղաքական կամ իրեն ընտրած, իրեն իշխանության բերած քաղաքապետ, որը խզվել է իր քաղաքական թիմից, դա նոնսենս է, գործող իրավակարգավորումներով, որը կրկին եմ ասում ՝ կոնկրետ Երևանի դեպքում մենք չենք ներդրել։ Այդ հարցը պետք է լուծում ստանալու, այդ հարցի լուծումը երկար ժամանակ մտածելուց և խորհելուց, խորհրդակցելուց հետո մենք հասկացել ենք, որ այս գործընթացի մեջ է, ոչ թե հակառակ, որովհետև հակառակը չի ստացվել, դժբախտաբար։ Եվ այդ խզումը մենք չէ, որ ապահովել ենք, այդ խզումը մեր դեմ է ապահովվել»։ Դիտարկմանը, որ այդ գործընթացը կարող է բարձրացնել Հայկ Մարությանի վարկանիշը և իջեցնել կառավարող ուժի վարկանիշը, Թորոսյանն ասաց, որ քաղաքական ուժերի վարկանիշները մինչընտրական պրոցեսներում կարող են աճել, կարող են ընկնել․ «Նույնը վերաբերում է քաղաքական գործիչներին, և դա ուղղակիորեն կապել իմ ասածի հետ, պետք չի։ Հնարավոր են ցանկացած զարգացումներ, բայց մենք ստանձնելով պատասխանատվություն  Երևան քաղաքի կառավարման համար, շարունակելու ենք Երևան քաղաքը կառավարել և էլ ավելի էֆֆեկտիվ ենք այն կառավարելու՝ մինչև մյուս ընտրությունները»։ Թորոսյանի խոսքով՝ ռեյտինգը չափելու միակ տարբերակը ընտրություններին մասնակցելն է․ «Կմասնակցի Հայկ Մարությանը ընտրություններին իր քաղաքական թիմով, որը չկա կամ կլինի, կամ միգուցե ընդդիմության միասնական թեկնածու լինի, մենք կտեսնենք՝ ինքը ունի ռեյտինգ այդ պահին, թե չունի, և մենէ ունենք ռեյտինգ, թե ոչ։ Հիմա այդ ռեյտինգը չափելու մեխանիզմ պարզապես չկա, և դրան միայն տուրք տալով մենք չպետք է որոշումներ կայացնենք, որովհետև ես ասեցի՝ որոշման հիմքերը խիստ քաղաքական են և լինելու էին այսպես՝ անկախ այդ քաղաքական ուժի անուն ազգանունից»։  Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել։ Խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ արդեն 39 ստորագրություն արդեն հավաքել են։ Այս հայտարարությունից հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ հայտարարել էին, որ իրենք չեն միանալու քաղաքապետին պաշտոնանկ անելու գործընթացին։  
15:48 - 16 դեկտեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծում որպես հիմնավորում ասվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականին, որից հետո մինչ օրս չի վերանայվել, սակայն այս ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների թիվը նվազել է, և նոր ձևավորված Ազգային ժողովում 132 պատգամավորի փոխարեն կա 107 պատգամավոր, պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը զեկուցման ժամանակ հիմնավորումներ ներկայացնելիս ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: «Ե՛վ 2,5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորին նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում՝ սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և՛ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,- ելույթում ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Հարցուպատասխանից հետո՝ եզրափակիչ ելույթի ժամանակ, Ենգիբարյանը հավելեց․ «Մենք պատգամավորների նյութատեխնիկական հնարավորություններն ավելացնում ենք ոչ թե նրա համար, որ պատգամավորները սկսեն այցելել մարզեր, այլ հակառակը․ այդ ավելացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են պատգամավորությունից բխող իրենց գործունեության վրա․․․ Նշվեց, որ պատգամավորն իր աշխատավարձը տրամադրում է այս կամ այն բարեգործական նպատակների։ Ես առաջարկում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կարծում են, որ եկել են ԱԺ բարեգործություններ անելու համար, վերընթերցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր աշխատանքից բխում է մեր քաղաքացիների և ժողովրդի շահերի ներկայացումը և հանուն մեր ժողովրդի օրենքների ընդունումը և պատգամավորի պարտականությունից բխող գործունեությունը։ Բարեգործությունների համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և զբաղվել բարեգործությամբ»։ Օրենքում կատարված այս փոփոխությունը մեծ դժգոհությունների և քննարկումների առիթ դարձավ թե՛ համացանցում, թե՛ լրատվամիջոցներում։ Այս առնչությամբ, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կենցաղային օրինակ բերեց, որը նույնպես քննադատությունների ենթարկեց։ Աղազարյանն ասաց․ «Պարտադիր էլ չի, որ մարզ գնանք, ինչի Երևան քաղաքում չի՞ լինում ընտրողների հետ շփումներ․․․ Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրանք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ իրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք ա հաշիվը փակես․․․»։ Հարցին, թե ինչքանով էր անհրաժեշտ 50․000 դրամը 250․000 դարձնելու նախագծի ընդունումը, և ինչպիսի հաշվետվողականություն ունեին 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները, անդրադարձել ենք առանձին հոդվածով. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 62-ը մեր հարցումն անպատասխան էին թողել՝ այդպիսով հաշվետու չլինելով իրենց գործունեության վերաբերյալ։ Այս պատգամավորների մեծ մասը ներկայացված են նոր ձևավորված Ազգային ժողովում։ Այս անգամ էլ «Հետք մեդիա գործարանի» հետ համատեղ փորձել ենք ստուգել պատգամավորների հաշվետվողականությունը և իմանալ օրենքի նոր փոփոխությամբ ավելացված գումարով իրականացված ծախսերը։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է խորհրդարանի բոլոր 107 պատգամավորներին՝ խնդրելով ներկայացնել, թե սեպտեմբեր ամսվա ընթացքում քանի մարզ են այցելել, որ բնակավայրերում են եղել և առհասարակ ինչ ծախսեր են իրականացրել պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված ամսական 250 հազար դրամով։ Հարցմանը պատասխանել են պատգամավորներից 60-ը։ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Պատգամավորների տրամադրած պատասխաններին անդրադառնանք՝ ըստ խմբակցությունների։   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիրն ունի 71 պատգամավոր։ Մեր հարցմանը իշխող խմբակցության պատգամավորներից պատասխանել է միայն 27-ը։ Սա խմբակցության պատգամավորների միայն 38%-ն է։ Սակայն պատասխանների մի մասը զուտ տեխնիկական էին․ բովանդակային առումով մեր հարցերից և ոչ մեկի պատասխանը տրված չէր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր գրության պատասխանում նշել է, որ սեպտեմբերին կատարել է մարզային մեկ այց։ Վերջինս այցելել է Գյումրի` քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Համաձայն գրության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարի փոխհատուցումն ստացել է հոկտեմբերին՝ 170 հազար ՀՀ դրամի չափով։ Մեր հարցին, թե կոնկրետ ինչ ծախսեր են կատարվել նշված գումարով, և որքան է ծախսել, Սիմոնյանը պատասխանել է, որ գործող օրենսդրությամբ ծախսերի հաշվետվողականություն սահմանված չէ, և ծախսերի առանձնացված հաշվառում չի իրականացվում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրությամբ նշել է, որ սեպտեմբերին այցելել է 3 մարզեր՝ 3 անգամ Արարատի, 1 անգամ Արմավիրի և 1 անգամ Կոտայքի մարզեր։ Քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2-րդ նստաշրջանից՝ սեպտեմբերի 13-ից, Աղազարյանը սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ և ըստ պատասխանի՝ երեք մարզերի այցելության համար ծախսել է ավելի շատ գումար, քան ստացել է։ Համաձայն պատասխանի՝ Աղազարյանը նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համաձայն պատասխանի, սեպտեմբերին այցելել է 3 մարզ։ Եղել է Արարատի մարզի Երասխ գյուղում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է ոռոգման ջրին վերաբերող հարցեր։ Եղել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական խնդիրներ, ինչի արդյունքում գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն։ Եղել է նույն մարզի Զառիթափ համայնքում, որտեղ հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Եղել է Եղեգիս խոշորացված համայնքի Շատին և Արտանբույք բնակավայրերում և այցի ընթացքում քաղաքացիների հետ քննարկել է ապօրինի շինություններին և ճանապարհին վերաբերող դժգոհությունները։ Եղել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ քննարկել են պայմանագրային զինծառայողների սոցիալական խնդիրները: Այս այցերի ընթացքում, ըստ Բագրատյանի, նա ծախսել է 280 հազար դրամ՝ ամեն այցին միջինում 35 հազար դրամ։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշել է, որ սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել Երևանում՝ Ազգային ժողովում և դրանից դուրս։ 4 այց է կատարել Երևանի հանրակրթական դպրոցներ՝ մատչելիության մոնիթորինգ իրականացնելու և մանկավարժների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Բաթոյանի պատասխանի համաձայն՝ նա սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ, որին ավելացրել է ևս 65 հազար դրամ, և հոգացել է հատուկ կահավորված մեքենայի և վարորդի ծախսերը։ Բաթոյանը տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, և հատուկ կահավորված մեքենայից օգտվելն անհրաժեշտություն է իր ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար։ Պատգամավոր Անուշ Բեղլոյանը, թեև պատասխանել է մեր հարցերին, սակայն նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում երկրորդ գումարումից, այսինքն՝ հոկտեմբերից։ Պետք է նշել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից և ոչ հոկտեմբերից։ Բեղլոյանը սեպտեմբերին 2 անգամ այցելել է Կոտայքի մարզ, հանդիպումներ է ունեցել ընտողների հետ Եղվարդում և Հրազդանում, մի շարք գործնական հեռախոսային զանգեր է կատարել արտասահման և նախաճաշել է արտասահմանցի դիվանագետների հետ, ինչի համար վճարել է ինքը։ Բացի այդ՝ Բեղլոյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանում, այցելել է մի շարք պետական հաստատություններ և իրավապահ մարմիններ՝ ընտրողների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նշել է, որ սեպտեմբերին բազմաթիվ այցելություններ է կատարել տարբեր համայնքներ և բնակավայրեր, այցելությունների ընթացքում քննարկվել են հիմնականում համայնքային խոշորացմանը վերաբերող հարցեր։ Ըստ Ղալումյանի՝ պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված գումարն ինքը ծախսել է նպատակային՝ ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերակացի, հանդիպումների կազմակերպման և ներկայացուցչական ծախսերի համար։ Պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պատասխանում նշել է, որ մեր մատնանշած օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն՝ հոկտեմբերից։ Այս դեպքում ևս պետք է նշենք, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից, իսկ պատգամավորը մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրն ստացել է 170 հազար դրամ սեպտեմբեր ամսվա համար։ Հատկանշական է, որ Մովսիսյանը հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 12-ին, հետևաբար նա մինչև մեր հարցմանը պատասխանելը պետք է որ ստացած լիներ սեպտեմբերի համար նախատեսված գումարը։ Պատգամավորը նաև չի պատասխանել մեր մյուս հարցերին: Պատգամավորը խուսափել է պատասխանել նաև մեր գործընկերների հարցերին․ երբ զանգահարել են Մովսիսյանին, վերջինս խնդրել է, որ ավելի ուշ կապ հաստատեն իր հետ, որից հետո, սակայն, զանգերին չի պատասխանել Տառացի նույն պատասխանն է տվել նաև պատգամավոր Մարիամ Պողոսյանը։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 8-ին, հետևաբար հնարավոր է, որ հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ նա դեռևս սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը ստացած չի եղել։ Սակայն պատգամավորը մեր անպատասխան է թողել նաև մեր հարցերն այն մասին, թե որ մարզերի որ բնակավայրեր է այցելել։ Նույնաբովանդակ պատասխան է տրամադրել պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Վերջինս նույնպես տեղյակ չէ, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է ոչ թե հոկտեմբերից, այլ սեպտեմբերի 13-ից։ Պատգամավորն ասում է, որ հնարավոր չէ այս պահին պատասխանել ծախսերի վերաբերյալ հարցերին։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ այս գումարները տրամադրվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում՝ որպես նախորդ ամսում իրականացված ծախսերի փոխհատուցում, հետևաբար պատգամավորներն, անկախ այն հանգամանքից՝ արդեն ստացել են այդ գումարները, թե դեռ ոչ, պետք է կարողանան պատասխանել, թե ինչ ծախսեր են իրականացրել, որի համար ստանում են փոխհատուցումը։ Լիլիթ Ստեփանյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին մարզեր և համայնքներ իրականացված այցելություններին։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, թեև նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ից, սակայն հարցման պատասխանում գրել է, որ պատգամավորական գումարների ծախսման վերաբերյալ մեր հարցերը հարցման պահին ժամանակավրեպ են։ Մեր հարցումը ոչ միայն պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարի ծախսմանն էր վերաբերում, այլև մարզային և համայնքային այցելություններին։ Նշված հարցերին նույնպես պատգամավորն անդրադարձ չի կատարել։ Մեր գործընկերների հետ զրույցում, սակայն, Տիգրանյանն ասել է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը չի առանձնացվում աշխատավարձից, և հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չկա։ «...Հետևաբար դա ընդհանուր աշխատավարձ է, և պատգամավորը ծախսում է իր գործունեության հետ կապված. կլինի մարզային այց, հյուրեր, խմբեր դիմավորել, ճանապարհել»,- մեկնաբանել է Տիգրանյանը, որը, սակայն, չի հիշել, թե սեպտեմբերին մարզային ինչ այցեր է ունեցել։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, թեև պատասխանել է հարցմանը, սակայն չի պատասխանել հարցերին։ Այսինքն՝ պատգամավորը տեխնիկապես կատարել է օրենքով սահմանված պարտականությունը և պատասխանել է մեր գրավոր հարցմանը, սակայն հարցերին բովանդակային անդրադարձ չի եղել։ Վերջինս նշել է, որ պատգամավորը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում՝ եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Իսկ գործունեության վերաբերյալ նշել է, որ տեղեկությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, առցանց այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Էդուարդ Աղաջանյանը հարցման պատասխանում խոսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերից, որոնց տեղը լրատվամիջոցների ներկայացուցիչներն անշուշտ գիտեն, սակայն ներկայացվող հայտարարագրերով նախ հնարավոր չէ պարզել, թե ստացած գումարով ինչ ծախսեր են իրականացրել, և հետո այս տարի ստացած եկամուտներն արտացոլվելու են մյուս տարի ներկայացվող հայտարարագրում, այսինքն՝ պրակտիկորեն անհնար է պատգամավորի ներկայացրած հայտարարագրով պարզել, թե որքան գումար են ստացել, օրինակ, սեպտեմբեր ամսվա համար և ինչ նպատակով են ծախսել։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տրամադրած մյուս պատգամավորները հարցմանը պատասխանել են տառացի նույն կերպ, և այս դեպքում նույնպես բացակայում են մեր հարցերի պատասխանները։ Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Բաբայանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն, Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Էմմա Պալյանը, Գևորգ Պապոյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Հայկ Ցիրունյանը տառացի նույն պատասխանն են տրամադրել, որը վերցված է Ազգային ժողովի կանոնակարգից։ Պատգամավորների «միասնական» պատասխանը կարող եք կարդալ ստորև։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պատգամավորներից միայն Ռուբեն Ռուբինյանն է այս պատասխանին հավելել, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին, և սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլորն ստացել են 50 հազարական դրամ։ Սակայն մենք պատգամավորին նման հարց չէինք ուղղել․ մենք հարցրել էինք սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարից, որը պատգամավորները, այդ թվում՝ Ռուբինյանը, ստացել են մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրը։ Ինչպես երևում է տրամադրված «միասնական» պատասխանից, պատգամավորները խուսափել են հարցերին հստակ պատասխան տալուց և տրամադրել են ԱԺ կանոնակարգից վերցված և ոչինչ չասող պատասխան։ Նույնաբովանդակ պատասծան տրամադրած պատգամավորներից 3-ի հետ կարողացել են զրուցել «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերները։  Ռուստամ Բաքոյանը նշել է, որ չգիտի՝ ավելացված գումարը ստացե՞լ է, թե՞ ոչ. «Ուշադրություն չեմ դարձնում, չգիտեմ նաև՝ երբ եմ ստանալու այդ 250 000 դրամը»։ Բաբկեն Թունյանը խնդրել է ավելի ուշ կապ հաստատել իր հետ, ինչից հետո զանգերին չի պատասխանել։ Գևորգ Պապոյանը համարել է, որ սա կարևոր թեմա չէ, և արդեն իսկ ամեն ինչ ասված է։  Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել էր միայն 27-ը, որոնցից մեր հարցերին մասամբ կամ ամբողջությամբ պատասխանել էր միայն 6-ը, այսինքն՝ խմբակցության պատգամավորների 8,5%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են խմբակցության պատգամավորներից միայն 10-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ուղղված հարցումներին պատասխանել է 4 պատգամավոր, ինչից հետո մնացած բոլոր պատգամավորների փոխարեն մեզ միասնական պատասխան է տրամադրել Ագնեսա Խամոյանը։ Վերջինս նշել է, որ լիազորված է պատասխանել բոլորի անունից։ Սակայն մեր նպատակն էր հարցումների միջոցով լուսաբանել բոլոր պատգամավորների գործունեությունն անհատապես և ոչ թե խմբակցության գործունեությունն ընդհանրական։ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերին այցելել է 1 մարզ։ Եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ըստ պատասխանի՝ հանդիպել է համակիրների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար տրամադրվող ամսական գումարին, Թևանյանը նշել է, որ ստացել է 170 հազար դրամ, որը, սակայն, չի օգտագործել։ Պատասխանում նշված է, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի օրենքի փոփոխությունը վիճարկելու Սահմանադրական դատարանում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեր հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, մասնակցել է անկախության հռչակման 30-ամյակի միջոցառմանը: Պատգամավորը նշել է, որ սեպտեմբերի 30-ին չի ստացել 250 հազար դրամ։ Նա իրավացի է, քանի որ մեր հարցմանը պատասխանելու հաջորդ օրն է ստացել սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 170 հազար դրամը։ Սակայն «Հայաստան» խմբակցության միասնական պատասխանում նշվում է, որ այդ գումարների առնչությամբ իրենք դիմել են Սահմանադրական դատարան։ Իսկ նախորդ ամիս ստացած 50 հազար դրամը Խաչատրյանն օգտագործել է Արցախ այցի նպատակով։  Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ սեպտեմբերին որևէ մարզ չի այցելել, իսկ ստացած գումարն էլ չի օգտագործել, ինչպես խմբակցության մյուս անդամները։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը սեպտեմբերին այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա և Թալին համայնքներ։ Պատգամավորը հարգելի պատճառներով չի կարողացել ավելի շատ մարզեր կամ համայնքներ այցելել։ Համաձայն Մանուկյանի պատասխանի, ըստ խմբակցության գրաֆիկի, հոկտեմբերին պատրաստվում է այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզեր։  «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տվել են միասնական պատասխան, որով հնարավոր չէ տարանջատել նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը։ Միասնական պատասխան են տրամադրել Հայաստան խմբակցության 25 պատգամավորներ․ պատասխանին կարող եք ծանոթանալ ստորև։ ««Հայաստան» խմբակցության անդամներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված՝ ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ: Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարավել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոնյաներին պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»: Այսպիսով, թեև խմբակցության պատգամավորները չեն անտեսել մեր պաշտոնական գրությունը, սակայն միասնական պատասխան տրամադրելով՝ չեն ներկայացրել յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Համաձայն պատասխանների՝ մեր հարցերին պատասխան են տրամադրել խմբակցության պատգամավորներից միայն 4-ը՝ խմբակցության 13․8%-ը։ Սակայն պետք է նշել, որ պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին առնչվող հարցի պատասխանը բոլորի դեպքում նույնն է, հետևաբար կարող ենք ընդունել, որ խմբակցության բոլոր պատգամավորներն այս հարցին տվել են պատշաճ պատասխան։ Ինչ վերաբերում է «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանելուն, ապա խմբակցությունից հարցերին պատասխանել են միայն 7-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել է 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել է անպատասխան։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, եղել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Արցախի Հանրապետությունում մասնակցել է Հանրապետության 30-ամյակի միջոցառմանը և հանդիպումներ է ունեցել Արցախի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, հասարակական և ռազմական գործիչների հետ։ Սյունիքի մարզում այցելել է Գորիս և Կապան համայնքներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Պատգամավորն ուսումնասիրություններ է իրականացրել Գորիս-Կապան ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ դիտարկել է ռազմավարական ճանապարհների առկա վիճակը՝ հետագայում խնդրի վերաբերյալ առաջարկություններ ձևակերպելու նպատակով։ Արարատի մարզ այցելության ժամանակ եղել է Երասխավանից Պարույր Սևակ տանող հատվածում և դիտարկումներ է իրականացրել սահմանին մոտ հատվածներում։ Համաձայն պատասխանի՝ Աբրահամյանը պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված հաշվարկ չի իրականացրել, սակայն, ըստ նրա, հիմնական ծախսերը կապված են եղել մարզեր այցելության հետ՝ հյուրանոցի ծառայություններ, վառելիքի և սննդի ծախսեր և այլն։  Պատգամավոր Հայկ Մամիջանյանը սեպտեմբերին այցելել է Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերի շուրջ 15 բնակավայրեր, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջաններ, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարի մի մասը ծախսել է տրանսպորտի և կազմակերպչական ծախսերի համար, իսկ մի մասը պատրաստվում է ուղղել բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Տարոն Մարգարյանը նշել է, որ այցելություններ է ունեցել տարբեր մարզեր և Երևան քաղաքի վարչական շրջաններ։ Գումարի մի մասն ուղղել է հանդիպումների կազմակերպչական ծախսերի ապահովմանը, մյուս մասը՝ բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացել, որ ադրբեջանցիները այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ համայնքներին մոտ գտնվող խոտածածկույթները: Այցելել է սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրել և բարձրաձայնել խնդիրը ինչպես ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Խորհրդարանում հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված և Հայաստան վերադարձած ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման աշխատակից Արմեն Բուդոյանին, ինչից հետո, բարձրացրած խնդիրների քննարկման անհրաժեշտությունից ելնելով, սեպտեմբերի 3-ին եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել է կալանքի տակ գտնվող իրենց գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Հաջորդ օրն այցելել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին։  ԱԺ-ում նախաձեռնել է հանդիպում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, հանդիպումների ընթացքում քննարկել են ՀՀ և ԱՀ բնակչության իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Սեպտեմբերի 11-12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ Գեղամասար, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Շատջրեք, Ավազան: Հանդիպում է ունեցել  տեղի բնակիչների հետ, քննարկել են փոխհատուցմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման շրջանակները: Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ կառավարությունը մինչ օրս գյուղացիներին չի փոխհատուցել ադրբեջանցիների հափշտակված անասունների, ինչպես նաև այրված խոտհարքերի համար:  Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Քննարկել են պարտադիր քրեակատարողական հիմնարկներում և փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող խնդիրներ: Սեպտեմբերի 17-ին մի խումբ դատապարտյալների՝ անձնական ընդունելություն ստանալու խնդրանքի հիման վրա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Սեպտեմբերի 18-19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Վարդենիս: Պատգամավորը «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկում է կազմակերպել ԱԺ-ում: Սեպտեմբերի 23-ին խորհրդարանում նախաձեռնել է հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ: Քննարկել են հայրենադարձության, ինչպես նաև պատերազմի հետևանքով անտուն մնացած քաղաքացիների խնդիրները:  Սեպտեմբերի 24-25-ին այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր և հանդիպել օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող խաղողագործներին, լսել խաղողի մթերման մասին բարձրաձայնած խնդիրները: Զբաղվել է նրանց խնդիրներով, ինչի արդյունքում օրեր անց ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատասխան գրությունը, համաձայն որի՝ կմթերվի խաղողի ամբողջ քանակությունը: Սեպտեմբերի 26-ին կրկին եղել է Գեղարքունիքի մարզում, քանի որ ահազանգ է ստացել Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի վարելահողերի հրդեհման մասին: Սեպտեմբերի 28-ին խորհրդարանում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Քննարկել են համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:  Սեպտեմբերի 29-ին Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ անցկացվել է «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Ըստ Թովմասյանի՝ մի շարք հարցերի լուծման ուղիներ գտնելու առնչությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ: Այս պահին շրջանառության մեջ է դրված պատգամավորի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:  Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա Թագուհի Թովմասյանի պնդմամբ այս ողջ աշխատանքը իրականացնելիս ծախսվել է ոչ միայն ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը, այլ շատ ավելին: Այսպիսով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էր 4-ը՝ խմբակցության 57,1%-ը, իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են 2-ը։ Հարցումով դիմել էինք նաև ԱԺ նախագահին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե կոնկրետ երբ են պատգամավորները ստանում նշված գումարը, և արդյոք բոլորը ստանում են նույն օրը և նույն չափով։ Հարցման պատասխանում Ազգային ժողովից հավաստիացրին, որ օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ գումարման մեկնարկից, պատգամավորները նշված գումարը ստանում են մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը և ստանում են նույն չափով։ Պատգամավորները սեպտեմբեր ամսվա համար ստացել են 170 հազար դրամ Ընդհանուր առմամբ, խորհրդանի 107 պատգամավորներից մեր հարցումներին պատասխանել էր 60-ը, սակայն նրանցից լիարժեք և ըստ էության պատասխան էր տրամադրել միայն 14-ը։ Այսինքն՝ մեր հարցերին պատասխանել է խորհրդարանի պատգամավորների 13․1%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Հիշեցնենք նաև, որ օրենքի փոփոխությամբ նախկին 50 հազար դրամին ավելացվեց ևս 200 հազար դրամ, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դժգոհում էին, որ 50 հազար դրամը չի բավարարում խորհրդարանի անդամներին լիարժեք գործունեություն ծավալելու համար։ Չնայած սրան՝ պատգամավորների մի մասը  ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ է գտնվել և նվիրաբերել է հարյուր հազարավոր և միլիոնավոր դրամներ իրենց կուսակցությանը/դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար, ինչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Հետք մեդիա գործարանի» հոդվածում։   Նարեկ Մարտիրոսյան
20:19 - 03 նոյեմբերի, 2021
Արսեն Թորոսյանը ընդդիմադիր քաղաքական ուժերին պատվաստումների հարցում համախմբան կոչ է անում

Արսեն Թորոսյանը ընդդիմադիր քաղաքական ուժերին պատվաստումների հարցում համախմբան կոչ է անում

Ինձ համար շատ ցավալի է, որ ներքաղաքական պայքարի օրակարգ է դառնում մի բան, որը մարդկանց կյանք է արժենալու, և դժբախտաբար մենք դա տեսել ենք ոչ միայն պատվաստումների մասով, այլև անցյալ տարի Covid-ի դեմ այլ միջոցների՝ դիմակների, սոցիալական հեռավորության և այլնի մասով։ Այս մասին Հանրային ՀԸ-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախկին նախարար, ներկայումս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։ «Մի շարք ընդդիմադիր գործընկերներ, որոնք էս պահին ԱԺ-ում չեն, չգիտեմ՝ ինչքանով էր կապված իրենց վարքագծի հետ, կասկածի տակ էին դնում դիմակների էֆեկտիվությունը, որպես բոյկոտի տեսակ։ Հետո բայց նաև բողոքում էին, թե դիմակ չկա, դիմակը թանկ է և այլն, որտեղ է գրված՝ սա աշխատում է, թե ոչ։ Հիմա այլ մարդիկ են առնվազն ԱԺ-ում կասկածի տակ դնում (արտախորհրդարանականների մասով էլ առանձին կարող եմ ասել), բայց օրալարգը նույնն է․ շարունակում են սերմանել կասկած սովորական քաղաքացիների շրջանում էֆեկտիվ և անվտանգ պրոցեդուրայի նկատմամբ, որն իրեն ապագայում փրկելու է»,- նշել է Թորոսյանը՝ հավելելով, թե հիմա դա ինչ է, եթե ոչ այդ մարդուն մահվան դատապարտել։ Պատգամավորն ընդգծել է, որ մեր քաղաքական ուժերը պետք է այնքան պատասխանատվություն ունենան, որ գոնե սա չշահարկեն, որովհետև դա արժենալու է կյանք «նրա մտերիմին, նրա ընտրողին»։ Նա նշել է, որ դժբախտաբար արատավոր օղակներ են տեսնում, որ ընդդիմությունը նույն վարքագիծն է դրսևորում։ «Ես, առիթն օգտագործելով, կոչ եմ անում մեր բոլոր ընդդիմադիր խորհրդարանական, արտախորհրդարանական գործընկերներին առնվազն էս հարցի շուրջ համախմբում, որովհետև ավելի կարևոր բան չկա, քան ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, եթե չէ, ապա թող հայտարարեն։ Կամ ես եմ հայտարարում․ եթե իրենք չեն էդպես չեն անում, ուրեմն՝ իրենց համար ՀՀ քաղաքացու կյանքը արժեք չունի։ Իրենց ամեն անպատասխանատու հայտարարություն, անխուսափելիորեն մահվան է բերում», հայտարարել է Թորոսյանը։ Անդրադառնալով ընդդիմադիր խմբակցություննրի՝ նախարարի հրամանի հարցով ՍԴ դիմելուն՝ պատգամավորն ասել է, որ կառավարության կամ նախարարի որոշումների կամ նախարարի հրամանների էֆեկտիվությունը կասկածի տակ դնելը իրավական ինչ-որ զարտուղի ճանապարհներով փորձ է՝ ցույց տալու, որ մենք (նկատի ունի կառավարությունը) մարդու իրավունք ենք խախտում՝ մոռանալով, որ մարդու ամենակարևոր իրավունքը կյանքի ու առողջության իրավունքն է։ Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը մուտքագրել է Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմում՝ վիճարկելով առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի ընդունած և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանը, որով պատվաստումը վերածվում է անուղղակի պարտադրանքի, իսկ բոլոր աշխատողների վրա դրվում է անհամաչափ և ոչ իրավաչափ պարտականություն 14 օրը մեկ սեփական միջոցներով ՊՇՌ հետազոտում իրականացնել։ ​​«Ակնհայտ է, որ այս իշխանությունները հերթական անգամ ֆինանսական բեռը թողնում են հանրության վրա, այն պարագայում, որ միջազգային փորձում տարածված էր այն մոտեցումը, որ հետազոտման ծախսերը հոգում է հենց կառավարությունը:  Դիմումի հետ միաժամանակ ներկայացվել է միջնորդություն կասեցնել հրամանի գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը», - ասվում է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ:
12:01 - 13 հոկտեմբերի, 2021
Պետական կառավարման ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ ՀՀ քաղաքացու քվեի. Նիկոլ Փաշինյան

Պետական կառավարման ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ ՀՀ քաղաքացու քվեի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր վարչապետի աշխատակազմին է ներկայացրել աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ նշելով. «Պարոն Թորոսյանն այդ պաշտոնն ստանձնեց չափազանց բարդ մի ժամանակաշրջանում և պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը: Եվ պիտի արձանագրեմ, որ ես գոհ եմ պարոն Թորոսյանի կատարած աշխատանքից: Ինչպես պարոն Հարությունյանը, այնպես էլ պարոն Թորոսյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներն են, և քաղաքական քննարկումների արդյունքում, այդ թվում պարոն Թորոսյանի ցանկությունները հաշվի առնելով, մենք որոշել ենք, որ նա իր հետագա գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում՝ օրենսդիր մարմնում»: Վարչապետի պաշտոնակատարը հաջողություն է մաղթել Արայիկ Հարությունյանին վարչապետի աշխատակազմի ղեկավարի պատասխանատու պաշտոնում: Ներկայացնելով Արայիկ Հարությունյանին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մենք իրար հետ երկար քաղաքական ճանապարհ ենք անցել և իրար հետ աշխատելու շատ հարուստ փորձ ունենք»: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված իրավիճակին և խոսել նոր ժամանակաշրջանի կարևոր առանձնահատկության մասին. «Մենք ունենք քաղաքական ծրագիր և բովանդակություն, որը ձևակերպված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այդ ծրագրի իրագործման համար տվել են քվե, տվել են մանդատ, տվել են Կառավարություն և Ազգային ժողով ձևավորելու լիազորություն: Եվ եթե մենք 2018 թվականին այդպիսի շեշտադրում չենք արել՝ ելնելով իրադրության առանձնահատկություններից, ես ուզում եմ ասել, որ կառավարման ամբողջ համակարգի նպատակը շատ հստակ է՝ իրագործել առաջիկա 5 տարիների ընթացքում այն, ինչ գրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, որը հաստատված է Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեով: Եվ, հետևաբար, պետական կառավարման համակարգում պետք է աշխատեն մարդիկ, ովքեր հավատում են այդ ծրագրին, ովքեր այդ ծրագիրը համարում են իրենց աշխատանքային ուղեցույցը, և սա կարևոր նախապայման է: Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո ես այս դահլիճում ասել եմ, որ յուրաքանչյուրը, այդ թվում պետական կառավարման համակարգում պետք է ստանա շանս, հնարավորություն՝ դիրքավորվելու այն նոր քաղաքական իրողությունների նկատմամբ, որոնք ձևակերպվել են կրկին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ որպես սիրո և համերաշխության հեղափոխություն: Ես հիմա այդպիսի բան չեմ ասում և ասում եմ՝ այլևս որևէ մեկը չունի շանս և ժամանակ դիրքավորվելու համար, որովհետև դիրքավորվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, և պետական կառավարման ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ այդմ: Հետևաբար, նրանք, ովքեր չեն հավատում, չեն ընդունում, վերապահումներ ունեն, ինչը ժողովրդավարական հասարակությունում շատ նորմալ երևույթ է, և մենք դրան նույնպես նորմալ ենք վերաբերվում, հետևաբար, նրանք, ովքեր խնդիր ունեն այդ առումով, մենք նրանց պետք է հաջողություն մաղթենք իրենց հետագա գործունեության մեջ: Շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ նաև վերջին 3 տարվա փորձից ելնելով՝ մեզ համար կարևորագույն առաքելություններից լինելու են հանրային կառավարման ոլորտի, քաղաքացիական ծառայության համակարգի էական բարեփոխումները: Այս առումով, իհարկե, շատ կարևորում եմ աշխատակազմի և նրա ստորաբաժանումների դերը այդ առաքելությունն իրականացնելու համար: Մեր կառավարությանն ուղղված ամենամեծ քննադատություններից մեկը եղել է կառավարման որակը և արդյունավետությունը: Այդ քննադատությունը լեգիտիմ է, բայց ուզում եմ ասել, որ ընդհանրապես այնպես չէ, որ դա միայն մեր կառավարությանն է վերաբերում: Կառավարման արդյունավետությունը մեզ համար պետք է դառնա կարևորագույն առաջնահերթություն, և կառավարման որակն սկսվում է վարչապետի աշխատակազմից»: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հիշատակել է այսօր կառավարության նիստում քննարկված հարցը՝ ծանրաձողերի ձեռքբերման հետ կապված, որը ցույց է տալիս պետական կառավարման համակարգի խնդիրները: «Սա մի քիչ անհատական և անձնական երևույթ չէ: Մենք ինստիտուցիոնալ խնդիր ունենք և պետք է լուծումները գտնենք ինստիտուտների հարաբերությունների, օրենսդրության կարգավորումների մեջ: Սա երևի իմ ամենակարևոր արձանագրումն է: Ինստիտուտները, ինստիտուտների կայացումը, ինստիտուտների մեխանիզմների ճիշտ աշխատանքը, սուբյեկտիվ մոտեցումների մինիմիզացիան պետք է մեր առաջնահերթություններից լինեն: Բայց, իհարկե, երբեք չի լինելու այնպիսի համակարգ, որտեղ անձինք, անհատներն առանցքային նշանակություն չունենան: Դա միշտ էլ այդպես է լինելու, և հետևաբար, կառավարման արդյունավետության բարձրացումը մենք պետք է սկսենք վարչապետի աշխատակազմից: Ի դեպ, ուզում եմ ասել, որ այդ օրակարգը ձևակերպել է որպես ժառանգություն պարոն Թորոսյանը, և մեզ կտակել է, որպեսզի այդ խնդիրները լուծենք: Որպես օրենսդիր՝ հուսով եմ ինքը կվերահսկի նաև, որպեսզի մենք այդ պատգամը պատշաճ մակարդակով կատարենք», - ասել է վարչապետի պաշտոնակատարը: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ իրեն այդ պատասխանատու առաքելությունը վստահելու համար, ինչպես նաև այն չշարունակելու և գործունեությունն Ազգային ժողով տեղափոխելու իր դիմումը չմերժելու համար: Նա նաև շնորհակալություն է հայտնել վարչապետի աշխատակազմի և՛ ենթակա մարմինների, և՛ ստորաբաժանումների անձնակազմին՝ 6-ամսյա համատեղ աշխատանքի համար: «Պարոն վարչապետ, Դուք նշեցիք, որ այս ժամանակաշրջանը պարզ չէր և հարթ չէր: Ես ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ դա ամբողջ աշխատակազմի, ժողովրդական լեզվով ասած, շնորհքն էր, որ մենք հարաբերականորեն կայուն այն բերեցինք-հասցրինք այս հանգրվանին, երբ սկսվում է Հայաստանի Հանրապետության՝ և՛ կառավարության, և՛, հուսով եմ նաև, հանրապետության նոր էջը: Մաղթում եմ բոլորին, Ձեր ասած տրամաբանությամբ, ջանք ու եռանդ չխնայելով այդ էջը գրել՝ Ձեր գլխավորությամբ, ինչպես նաև Արայիկ Հարությունյանի անմիջական ղեկավարությամբ՝ շնորհավորելով նրան այս առաքելությունն ստանձնելու կապակցությամբ», - նշել է Արսեն Թորոսյանը և պատրաստակամություն հայտնել կապի մեջ լինել թե՛ աշխատակազմի, թե՛ մեր երկրի հետ կապված այլ հարցերով: Իր հերթին Արայիկ Հարությունյանը ևս շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ վստահության համար և Արսեն Թորոսյանին՝ կատարած աշխատանքի համար: «Իրոք բարդ փուլում ենք եղել, և ես կարծում եմ, որ աշխատակազմը պատվով է կատարել այդ առաքելությունը հետպատերազմյան և ներքին քաղաքական լարված այդ փուլում: Երբ Արսեն Թորոսյանն ստանձնում էր այս պաշտոնը, հիշում եմ՝ ասաց, որ ինքը, ըստ էության, այս աշխատանքին ծանոթ է, որովհետև, որպես նախարար, շատերի հետ է շփվել: Նույնը ես կարող եմ ասել՝ գրեթե մեծամասնությանը ծանոթ եմ, աշխատել եմ նրանց հետ, և այստեղի աշխատանքն ինձ համար նորություն չէ, մանավանդ նախարարի պաշտոնից հետո ստանձնել էի գլխավոր խորհրդականի պաշտոնը, և աշխատակազմի հետ սերտ շփումներ եմ ունեցել: Մենք քաղաքական նոր փուլ ենք մտնում, քաղաքացին նոր որակի մանդատ է տվել, և աշխատակազմը, նախարարությունները պետք է դիրքավորվեն ըստ այդ նոր մանդատի և այն ծրագրի, որը հաստատվել է քվեարկությամբ: Պարոն վարչապետ, նորից շնորհակալություն վստահության համար: Կարող եմ ասել, որ արդարացնելու ենք այդ վստահությունը, նաև գործընկերների հետ, որոնք այստեղ հավաքված են», - ասել է վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավարը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ մենք անընդհատ ասում ենք, որ բարդ փուլ ենք անցել, բայց դա չի նշանակում, որ առաջիկա փուլը բարդ չի լինելու, պարզապես ամեն փուլ ունի իր բարդության առանձնահատկությունները: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ պետք է կարողանալ հասկանալ, թե ինչ է մեզ հետ տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում, , որովհետև այս ճիշտ ախտորոշման պարագայում կկարողանանք կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու, և եթե տեղի ունենալիքի մեջ անբարենպաստ դրսևորումներ կան, կարողանանք կառավարել դրանք:
16:40 - 01 հուլիսի, 2021
Արսեն Թորոսյանն ազատվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից. նրան կփոխարինի Արայիկ Հարությունյանը

Արսեն Թորոսյանն ազատվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից. նրան կփոխարինի Արայիկ Հարությունյանը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ Արսեն Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ նույն պաշտոնում Թորոսյանին կփոխարինի վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը: Վերջինս ազատվել է գլխավոր խորհրդականի պաշտոնից:  Ստորեւ ներկայացնում ենք Փաշինյանի երեք որոշումները: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արսեն Թորոսյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝Արայիկ Հարությունյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավար»։
12:41 - 01 հուլիսի, 2021