Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, դիվանագիտական աստիճանը՝ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 14-ին։ 1991 թ. ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Արցախի պետական համալսարան) ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ 1991-1992 թթ. ուսանել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում՝ սոցիալական հոգեբանություն մասնագիտությամբ։ 1998 թ. ավարտել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիան։

1992-1993 թթ. ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեին առընթեր Տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տեղեկատվական քաղաքականության բաժնի առաջատար, այնուհետեւ` գլխավոր մասնագետ։ 1993-2001 թթ. ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ միջազգային կազմակերպությունների բաժնի վարիչ, միջազգային կազմակերպությունների վարչության պետ, նախարարի խորհրդական – քաղաքական վարչության պետ։ 2001-2007 թթ. ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: 2008 թ․ հիմնադրել եւ մինչեւ 2017 թ. ղեկավարել է Արցախի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհուրդը։ 2016-2017 թթ. Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան:

1993-1997 թթ․ ԼՂՀ պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ, Ռուսաստանի ԱԳՆ եւ Պաշտպանության նախարարության միջնորդությամբ ընթացող բանակցություններին։ 2004-2007 թթ․ մասնակցել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի Տեղեկատվական անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին։ 2017թ. սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ արտաքին գործերի նախարար:

«Մադրիդյան սկզբունքները» այլևս չեն քննարկվում. Արցախի արտգործնախարար |azatutyun.am|

«Մադրիդյան սկզբունքները» այլևս չեն քննարկվում. Արցախի արտգործնախարար |azatutyun.am|

azatutyun.am: «Մադրիդյան սկզբունքները» այլևս չեն քննարկվում, հայտարարում է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Հատվածներ հարցազրույցից. «Ազատություն». – Երեկ լրագրողների հետ հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Խոսեց, բնականաբար, նաև ղարաբաղյան բանակցություններից: Ինքը շատ թերահավատ էր բանակցությունների հեռանկարի հետ կապված, ասաց, որ իր համար ավելի կարևոր է անվտանգության հարցը, քան միջազգային ճանաչման հարցը: Դուք ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ: Մասիս Մայիլյան. - Նախագահը նաև ասաց, որ այս իրավիճակում, երբ Ադրբեջանը հարձակում է կազմակերպում օրինակ` Հայաստանի Հանրապետության պետական տարածքների վրա` Տավուշի ուղղությամբ, և այդ ատելության քարոզչությունը կա այնտեղ և այլն, այս պայմաններում որևէ սպասումներ չունի, այսինքն` սա շատ կարևոր է նշել, որ մթնոլորտ է, ինչ մթնոլորտում կարելի է սպասել ինչ-որ առաջխաղացում, ինչ մթնոլորտում կարելի չի սպասել: Այս կոնտեքստում մենք պետք է նայենք: Իհարկե, անկախությունը, ինչպես նշված է նաև ծրագրում, բացառիկ արժեք է, և շատ կարևոր է, առաջնահերթություն է անվտանգության ապահովումը, նաև մենք դիտարկում ենք անկախության ճանաչումը, միջազգային ճանաչումը որպես քաղաքական և դիվանագիտական լրացուցիչ լծակ` զսպելու Ադրբեջանին: Այսինքն` այս երկու հարցերն իրար հետ փոխկապակցված են, բայց իհարկե, անվտանգությունն առաջին տեղում է: «Ազատություն». - Արցախի նախագահը երեկ խոսեց նաև, բնականաբար, ղարաբաղյան բանակցություններից, ասաց, որ «Մադրիդյան սկզբունքների» շրջանակում բանակցվում էր, քննարկվում էր երկու տարբերակ. առաջին տարբերակի համաձայն` հայկական կողմն Ադրբեջանին է հանձնում 5 շրջան, երկրորդ տարբերակի համաձայն` Ադրբեջանին է հանձնում 7 շրջան ճանաչման անորոշ հեռանկարով: Ես ուզում եմ հասկանալ, խնդրում եմ մի փոքր մանրամասներ հայտնեք, ինչի՞ շուրջ էիք բանակցում և ինչի՞ շուրջ եք հիմա բանակցում: Մասիս Մայիլյան. – «Մադրիդյան առաջարկները», ինչպես գիտեք, առաջարկվել էին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներին 2007 թվականի նոյեմբերին, բայց այդ մադրիդյան տրամաբանությունն ինքը, արմատները դրա ավելի խորն են, դա հասնում է մինչև 91 թվականի դեկտեմբերի 16-ը, և Եվրոպայի 12 պետությունների արտգործնախարարներ մի փաստաթուղթ ընդունեցին, այն չափանիշներն ընդունեցին, որի համաձայն իրենք կարող են ճանաչել որպես անկախ այն պետությունները նախկին Խորհրդային Միությունում և Արևելյան Եվրոպայում, որոնք համապատասխանում են այսինքն` այդ չափանիշներին: Եվ այն ժամանակվանից սկսած այդ տրամաբանությունն իշխել է, և մինչև վերջերս այդ տրամաբանության մեջ էին գնում բանակցությունները, այսինքն` իրենց որոշման համաձայն` իրենք ճանաչել են որպես անկախ հանրապետություններ միութեանական հանրապետության կարգավիճակ ունեցող հանրապետություններին, բայց այն ժամանակ օրինակ` նույն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արդեն հռչակվել էր, այսինքն` սեպտեմբերի 2-ին հռչակվել էր, դեկտեմբերին իրենք որոշում են կայացնում, բայց անտեսում են այդ իրողությունները, որ կա օրինակ` նախկին Խորհրդային Միության տարածքում: Եվ այդ տրամաբանության մեջ շարունակվել է այս ամեն գործընթացը, և դրա արտացոլումը եղել են «Մադրիդյան առաջարկները», որը երկար կյանք է ունեցել` 10 տարուց ավելի քննարկման թեմա է եղել իր տարբեր վարիացիաներով: Այսինքն` մենք կարող ենք արձանագրել, որ այս պահին, և դրա մասին հայտարարվել է մեր հայաստանյան գործընկերների կողմից, որ սեղանի վրա որևէ փաստաթուղթ, որևէ առաջարկ այսօր չկա: Դա նշանակում է, որ սեղանի վրա չկա անգամ նաև այդ` «Մադրիդյան առաջարկները»: «Ազատություն». – Այսինքն` այդ երկու առաջարկները չկան: Մասիս Մայիլյան. – Ընդհանրապես որևէ առաջարկ չկա, նաև չկան այդ առաջարկները: Այս առումով կարծում եմ` քանի որ չկան այդ առաջարկները, նաև քննարկելու անհրաժեշտություն չկա, այդ փաստաթղթերը, կարելի է ասել, կամ առաջարկներն ավելի շուտ մնացել են անցյալում, բայց որն է արդիական, որ պետք են նոր առաջարկներ, նոր մոտեցումներ, որ մենք կարողանանք առաջ տանել այս գործընթացը: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
16:31 - 03 սեպտեմբերի, 2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությանը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությանը՝ տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Նիկ Սմարթի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Երկրի ղեկավարը շնորհավորել է «The HALO Trust» արցախյան ծրագրի նորանշանակ ղեկավար Մայլզ Հոթորնին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով Արցախում կազմակերպության կողմից կարևորագույն առաքելության իրականացման գործում:Հանրապետության նախագահի խոսքով՝ կառույցի գործունեությունը կենսական նշանակություն ունի Արցախի համար, քանի որ այն գնահատվում է ոչ միայն ականազերծված տարածքների չափով, այլ այն բազմաթիվ խաղաղ բնակիչների փրկված կյանքերով, որոնք ծրագիրը չգործելու պարագայում կարող էին դժբախտ պատահարի զոհ դառնալ:  Նիկ Սմարթը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության և կառույցի ու պետական համապատասխան մարմինների միջև ստեղծված համագործակցության բարձր մակարդակի համար: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։
15:46 - 31 օգոստոսի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ

Հուլիսի 31-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում Արցախի նորանշանակ ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:  Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը շնորհավորեց Սերգեյ Ղազարյանին Հայաստանում Արցախի ներկայացուցչի պաշտոնում նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան արգասաբեր և արդյունավետ աշխատանքային գործունեություն: Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին հուլիսի 12-ից ադրբեջանական զինուժի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածներում ստեղծված լարվածության և դրա թուլացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի շուրջ:  Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծեցին Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգի առավել ամրապնդման կարևորությունը և այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Այս առնչությամբ կողմերն ընդգծեցին տարածաշրջանում ապակայունացնող քաղաքականություն ներմուծելու անընդունելիությունը և դրա վճռական մերժումը: Նախարար Մնացականյանը շեշտեց, որ Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ խաղաղ գործընթացի բոլոր՝ բովանդակային, ռիսկերի նվազեցման, հումանիտար և այլ հարցերի շուրջ քննարկումներում:  Խաղաղ գործընթացի վերականգնման և առաջմղման համատեքստում ԱԳ նախարարներն առաջնային համարեցին խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը, այդ թվում՝  հրադադարի ռեժիմի ամրապնդման և անվերապահ պահպանման, Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հրապարակային հրաժարման և հակահայկական հռետորաբանության դադարեցման, ինչպես նաև թե՛ պետական սահմանին, թե՛ շփման գծում միջազգային մշտադիտարկման մեխանիզմների ներդրման միջոցով: 
15:12 - 31 հուլիսի, 2020
Մասիս Մայիլյանը շնորհավորել է Արցախի ԱԳՆ-ի հիմնադրման 27-ամյակի առիթով

Մասիս Մայիլյանը շնորհավորել է Արցախի ԱԳՆ-ի հիմնադրման 27-ամյակի առիթով

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է հղել երկրի արտաքին գերատեսչության հիմնադրման 27-ամյակի առիթով։ «Հուլիսի 23-ին լրանում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 27-ամյակը։ Եվ չնայած այն հոբելյանական չէ, ձևավորված ավանդույթի համաձայն՝ ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել ԱԳՆ կենտրոնական ապարատի և Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների մեր գործընկերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր տարբեր տարիների աշխատելով Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ իրենց ավանդն ունեցան նրա կայացման, մեր պետության և քաղաքացիների շահերի պաշտպանության գործում։ Արցախի ԱԳՆ-ն ստեղծվեց մեր ժողովրդի համար բախտորոշ ժամանակահատվածում՝ երիտասարդ անկախ պետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի ամենաթեժ ժամանակահատվածում, և անմիջապես ստանձնեց երկրի կենսական շահերը պաշտպանելու դժվարին առաքելությունը, այդ թվում՝ բանակցություններ վարելով պաշտոնական Բաքվի հետ՝ ռազմական գործողություններին վերջ դնելու և մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Պետք է ասել, որ Արցախի պաշտպանության բանակի հաղթանակների և մեր դիվանագիտականջանքերի շնորհիվ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու առաքելությունը հաջողությամբ իրականացվեց. 1994 թվականի մայիսին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Ադրբեջանը, Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ստորագրեցին հրադադարի անժամկետ համաձայնագիր: Դժբախտաբար, Ադրբեջանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապակառուցողական դիրքորոշման և բացահայտ թշնամանքի պատճառով անցած տարիներին չհաջողվեց հրադադարը վերածել կայուն և տևական խաղաղության: Այսօր՝ Բաքվի իշխանությունների հետ շարունակական դիմակայության պայմաններում, որոնք Թուրքիայի հետ տանդեմ կազմած՝ անթաքույց հայատյաց քաղաքականություն են վարում, Արցախի Հանրապետության ԱԳՆ առջև ծառացած են ոչ պակաս կարևոր և պատասխանատու խնդիրներ: Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի 2020-2025 թվականների ծրագրի համաձայն՝ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից են մեր պետության միջազգային ճանաչումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, հանրապետության միջազգային կապերի զարգացումը և խորացումը, նրան մեկուսացնելու ցանկացած փորձի չեզոքացումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդումը, որոնց ամբողջությունը բարենպաստ պայմաններ կստեղծեն Արցախի առաջանցիկ քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման համար: Խնդիրները, կրկնում եմ, պատասխանատու են, սակայն կցանկանայի վստահորեն ասել, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, որպես կայացած պետական ինստիտուտ, Հայաստանի և Սփյուռքի հետ սերտ համագործակցությամբ կօգտագործի իր ողջ ներուժը՝ այդ խնդիրները հաջողությամբ լուծելու, ներկայիս լուրջ մարտահրավերներին դիմակայելու և միջազգային ասպարեզում մեր պետությունն ըստ արժանվույն ներկայացնելու համար: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության աշխատակիցներին այս նշանակալի օրվա կապակցությամբ, բոլորին մաղթում խաղաղություն, բարեկեցություն և նոր հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ»:
13:28 - 23 հուլիսի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում են ունեցել

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում են ունեցել

Հուլիսի 4-ին աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող մի շարք հարցերի: Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ներկայացրել է վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ տեղի ունեցած տեսակոնֆերանսների արդյունքները։ Այս համատեքստում երկուստեք նշվել է խաղաղ կարգավորման գործընթացի անշրջելիության ապահովման նպատակով հակամարտության գոտում ռիսկերի նվազեցման և կայունության ամրապնդման ուղղված գործնական քայլերի իրականացման կարևորությունը։ ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են վերջերս Ադրբեջանի իշխանությունների կողմից տարբեր մակարդակներով հնչեցվող ռազմատենչ և սադրիչ հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ նման հռետորաբանությունը վտանգում է խաղաղ գործընթացը և խոչընդոտում վստահության մթնոլորտի ձևավորմանը։ Միևնույն ժամանակ, վերստին ընդգծվել է բանակցություններին պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը՝ խաղաղ գործընթացի արդյունավետության բարձրացման համար։ Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար կազմի և ՀՀ ԱԳՆ պատվիրակության մասնակցությամբ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պլանի կատարման ընթացքին։ Կողմերը գոհունակությամբ են նշել նախարարությունների միջև համագործակցության բարձր մակարդակը և գործնական բնույթը։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ Արցախի միջազգային կապերի և միջազգային գործընթացներում հանրապետության ներգրավվածության ընդլայնման հեռանկարների և այդ ուղղությամբ համակարգված քայլերի շուրջ։
18:18 - 04 հուլիսի, 2020
Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին։ Նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ շնորհավորեց իր գործընկերոջը պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան նորանոր հաջողություններ իր ստանձնած կարևոր առաքելության մեջ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ի շարունակություն Երևանում հունիսի 19-ին կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի քննարկումներին, մտքեր փոխանակեցին ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծեց Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում: Այդ առնչությամբ երկուստեք կարևորվեց նման ձևաչափով պարբերական հանդիպումների անցկացումը՝ խաղաղ գործընթացի բովանդակային, ռիսկերի նվազեցման և հումանիտար հարցերի շուրջ դիրքորոշումների և մոտեցումների ճշգրտման առումով:  Նախարարներ Մնացականյանը և Մայիլյանը բարձր գնահատեցին Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև միջազգային և տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացումը՝ որպես լավ հնարավորություն` անդրադառնալու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին և համագործակցության հեռանկարներին: Նախարարներն անդրադարձան նաև նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությանը և վերջինիս սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: 
19:30 - 25 հունիսի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Մասիս Մայիլյանին՝ Արցախի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Մասիս Մայիլյանին՝ Արցախի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Մասիս Մայիլյանին շնորհավորական նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նամակում, մասնավորապես, ասված է՝ «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ պետական գործչի Ձեր հարուստ փորձը և պրոֆեսիոնալիզմը մեծապես կնպաստեն Արցախի Հանրապետության հետագա զարգացմանը և միջազգային վարկի բարձրացմանը: Լիահույս եմ, որ Ձեզ հետ շարունակական երկխոսության միջոցով մեզ կհաջողվի ավելի լսելի դարձնել Արցախի ժողովրդի ձայնը միջազգային հարթակներում, մեծացնել կարգավորման գործընթացում Արցախի իշխանությունների ներգրավվածությունը և դրանով իսկ բարձրացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի արդյունավետությունը՝ ի նպաստ տարածաշրջանային խաղաղության ու կայունության: Ձեր պաշտոնավարման այս նոր փուլում մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ միջազգային ասպարեզում Արցախը ներկայացնելու կարևոր առաքելության մեջ»:
16:47 - 02 հունիսի, 2020
Արցախ. քաղաքական նպատակահարմարության հաղթարշավը |acnis.am|

Արցախ. քաղաքական նպատակահարմարության հաղթարշավը |acnis.am|

acnis.am: Դատելով սոցցանցերում ընթացող բանավեճերից, հայ հանրությունն ավելի ու ավելի է խճճվում Արցախում տեղի ունեցող քաղաքական գործընթացների թնջուկում: «Արցախում հեղափոխություն տեղի չունեցավ, բայց եւ հակահեղափոխություն տեղի չունեցավ»` վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս թեւավոր խոսքը ամենալավն է բնորոշում այն վիճակը, որը կարելի է պերմանենտ քաղաքական դիֆուզիա անվանել: Բոլոր հայտնի քաղաքական գործիչների գործողություններում որեւիցե արժեքային կողմնորոշիչի իսպառ բացակայությունն այդ գործընթացի բնորոշ գիծն է: Ամենեւին պատահական չէ, որ հանրությունը ոչ մի կերպ չկարողացավ հասկանալ, թե ինչու Արցախի նոր նախագահն իր երդմնակալության վայրը մայրաքաղաքից տեղափոխեց Շուշի: Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ովքեր են փողոցում սուլում նրա երդմնակալության ճառի ժամանակ` բողոք հայտնելով սոցիալական հեռավորության եւ կարանտինի բոլոր պահանջների համար: Էլ ավելի շփոթեցուցիչ էր շենքը շրջապատած հարյուրավոր ոստիկանների ու այնտեղ բերված, կայանեցված հարյուրավոր թանկարժեք ավտոմեքենաների առկայությունը: Ո՞վ էր այդպես վախեցնում նախագահին ու նրա շրջապատին: Դիմակներով ու ցուցապաստառներով շարք կազմած ցուցարարների մեջ շատերը տեսնում էին Նիկոլ Փաշինյանի հակառակորդներին: Ինչ-որ մեկը կարծիք հայտնեց, որ Փաշինյանն ինքն է այդ ակցիան կազմակերպել ինչ-ինչ նպատակներով: Իսկ մեկ ուրիշն ընդհանրապես եզրահանգեց, որ դրանք Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմնակիցներն են, չնայած ակցիայի անդամները Արայիկ Հարությունյանին անվանում էին «քոչարյանասերժական ռեժիմի» շարունակող: Այնքան էլ շատ չէր նրանց թիվը, ովքեր ենթադրում են, թե Հարությունյանին կարող էին սուլել Արցախում անցկացված ընտրություններից դժգոհ հասարակ քաղաքացիները: Ամենուրեք փնտրում էին ինչ-որ մեկի «ականջները»: Այլ բան չէր էլ կարող լինել: Այդ օրվա իրադարձությունները լավագույնս ցուցադրեցին Արցախի քաղաքական իրողությունների խեղաթյուրված ընկալումը: 2018-ի «թավշյա» հեղափոխությունից հետո անցած երկու տարվա ընթացքում տարբեր կողմերից հայ հանրությանը ներշնչում էին Արցախում քաղաքական ուժերի փոխդասավորության յուրօրինակ պատկեր: Ընդհանուր տեսքով այդ պատկերը կառուցվում էր «հակահեղափոխական» եւ «հեղափոխականամետ» ուժերի դիմակայության հայեցակետի վրա: Ցանկացած գործչի բնութագիրը տրվում էր բացառապես այդ կլիշեներով: Համընկնո՞ւմ էր արդյոք այդ բնութագիրը գործերի իրական վիճակի հետ, թե ոչ, քչերին էր հուզում: Շուշիում բողոքավորների նույնականացման համար տվյալ կիշեի կիրառման փորձը բացահայտեց դրա սնանկությունը: Համապատասխանաբար` իրավիճակն ի հայտ բերեց որոշակի առեղծվածայնություն: Բայց ոչ մի առեղծվածայնություն էլ չկա` կա կեղծ համոզմունքների թելադրանքի միջոցով իրողությունների աշխարհից   հասարակական գիտակցության կտրվածություն: Մարդիկ ավելի ու ավելի խորն են սուզվում պատրանքների աշխարհում: Չափից ավելի խճճված որոշումներ ընդունվեցին եւ ընդունվում են այդ օրերին ու ամիսներին: Եվ չափից ավելի քիչ պարզաբանումներ են տրվում ընդունված որոշումների էության ու շարժառիթների վերաբերյալ` տեղի ունեցող ամեն ինչ բացատրվում է միասնության եւ ազգային շահերի գերակայության ձգտումներով: Իրականում մենք գործ ունենք վերոհիշյալ քաղաքական դիֆուզիայի հետ: Քաղաքական նպատակահարմարությունն աննախադեպ ծավալներով վեր է կանգած արժեքային ցանկացած կողմնորոշիչներից: Հետհեղափոխական ողջ ժամանակաշրջանը դրա վկայությունն է: Իսկ համապետական ընտրությունների անցկացման շրջանում Արցախը քանիցս բախվել է այնպիսի երեւույթների, որոնց էությունը մինչեւ հիմա մեկնաբանված չէ: Նախ` տարակուսանք հարուցեց Սամվել Բաբայանի հետ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի անսպասելի միությունը: Հասարակությունում միանշանակ չընկալվող Բաբայանը ընդդիմադիր լինելու պատճառով հասարակության զգալի մասի կողմից ընդունվեց բացառապես իբրեւ իշխանական թեկնածու Արայիկ Հարությունյանին կոշտ հակադրված կերպար: Բայց նրան Մայիլյանի զինակից պատկերացնելը շատերի համար բարդ էր` չափազանց մեծ աններդաշնակություն էր ստացվում Բաբայանի կերպարի հետ նոր Արցախի կառուցման գաղափարը զուգադրելիս: Բայց շփոթահար մարդիկ ինչ-որ կերպ կուլ տվեցին այդ աններդաշնակությունը` հուսալով, որ միգուցե լավ լինի:   Մանվել Սարգսյան Շարունակությունը՝ acnis.am-ում։
19:38 - 31 մայիսի, 2020
Սամվել Բաբայանը՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար
 |civilnet.am|

Սամվել Բաբայանը՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար |civilnet.am|

civilnet.am: Սամվել Բաբայանը՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար։ Մենք վերջնական հանգրվանի ենք եկել Սամվել Բաբայանի հետ․ այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում այսօր հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ վերջնական որոշումը կայացվել է երեկ. «Սամվել Բաբայանը երբեք չի ակնարկել որևէ պաշտոն զբաղեցնելու հարցը, նա միշտ պատրաստ է եղել համագործակցության՝ հանուն մեր երկրի ապագայի: Ես երեկ նրան առաջարկել եմ զբաղեցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»։ Արայիկ Հարությունյանը խոսել է նաև մյուս նշանակումների մասին։  Մասիս Մայիլյանը՝ նախագահական մրցավազքում Հարությունյանի գլխավոր մրցակիցը, նոր կառավարությունում պահպանում է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Նախկին ոստիկանապետ Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱԱԾ պետ։
10:54 - 29 մայիսի, 2020
Մենք ներկայացրել ենք hամերաշխության և միասնականության օրակարգ. ԱՀ նախագահ |armenpress.am|

Մենք ներկայացրել ենք hամերաշխության և միասնականության օրակարգ. ԱՀ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կարևորեց «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը և ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ հետագա համագործակցությունը։ Հարությունյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ քաղաքական մեր ամենամեծ ձեռքբերումը «Միասնական հայրենիք» կուսակցության և դրա ղեկավար Սամվել Բաբայանի հետ ձեռք բերված պայամանվորվածությունն է, որը հուշագրի տեսքով արդեն ներկայացրել են հանրության դատին։ «Հետագա համագործակցության առումով բավականին լուրջ հաջողություններ ենք արձանագրել Մասիս Մայիլյանի հետ։ Չնայած նախագահական ընտրություններում միմյանց հետ պայքարին, այնուամենայնիվ, մենք ներկայացրել ենք համերաշխության և միասնականության օրակարգ»,- նշեց Արցախի նախագահը։ Հարությունյանը նաև կոչ արեց մյուս քաղաքական գործիչներին՝ չվիրավորել պետականաշինության գործում դեր ունեցած Արցախի զավակներին։ «Մի փորձեք մեր ազգի ապագայի, մեր երկրի հանդեպ ստանձնած պարտավորության արդյունքում ձեռք բերված համաձայնությունը պիտակավորել։ Մենք այժմ ճակատագրական ժամանակահատված ենք ապրում և մեր առաքելությունը պաշտոնով չենք իրականացնելու»,- նշեց ԱՀ նախագահը և հավելեց, որ այն քաղաքական գործիչները, ովքեր ստացել են հանրության վտահության քվեն՝ իրենց մասնաբաժնով մասնակցելու են Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։ Հարությունյանը նշեց, որ իրենք պատրաստ են համագործակցել բոլորի հետ, և իր ձեռքը պարզած է բոլորի համար։
12:18 - 26 մայիսի, 2020
Մայիս Մայիլյանը հանդիպել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահի հետ

Մայիս Մայիլյանը հանդիպել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահի հետ

ԱՀ Արտաքին գործերի նախարար Մայիս Մայիլյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մայիսի 23-ին հանդիպել եմ Արթուր Թովմասյանի հետ։ Նախ շնորհավորել եմ նրան՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև ողջունել եմ նրա նախաձեռնությունը՝ հանդիպելու և քննարկելու երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորել ենք Արցախում համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը։ Վստահություն եմ հայտնել, որ արտախորհրդարանական ուժերի հետ ևս կլինեն նման ձևաչափով հանդիպումներ։ Հանդիպման ընթացքում Ա. Թովմասյանը, մասնավորապես, ասել է. «Դուք բավականաչափ փորձ ունեք արտաքին քաղաքականության ոլորտում, և Ձեզ նման կադրերը քիչ են Արցախում: Եթե շարունակեք Ձեր գործունեությունը, ապա մեր համատեղ աշխատանքը բարձր մակարդակի վրա կլինի: Մենք պետք է հարգենք մեր ժողովրդի կամքը, պետք է Արցախը ներկայացնենք միջազգային հարթակներում: Համոզված եմ՝ Դուք էլ այն կարծիքին եք, որ Արցախի բնականոն զարգացումը հնարավոր է անկախ պետականության պայմաններում՝ հեռանկարում ունենալով մեկ միասնական հայրենիք տեսնելու գաղափարը: Իսկ այդ նպատակին հասնելու համար կան մի շարք դժվարություններ, որոնք պետք է միասնական ուժերով հաղթահարենք: Միանգամայն համոզված եմ, որ Արցախյան հիմնախնդիրը կարելի է լուծել, երբ կա փոխվստահության մթնոլորտ: Ազգային ժողովի կողմից վստահեցնում եմ, որ ԱՀ արտաքին գործերի նախարարությանն աջակցելու ենք բոլոր հարցերում»:
12:25 - 24 մայիսի, 2020
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ

Մայիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության քաղաքական ուժերի և 2020թ-ի նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ: Հանդիպումների նպատակը՝ Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում, քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների միջև համագործակցության հնարավորությունների մշակումն է: Հանդիպումների ընթացքում ԱԺ նախագահը նշել է, որ, անկախ քաղաքական հայացքներից, համագործակցությունը պետք է լինի ի շահ երկրի բարօրության և զարգացման: Նա նաև կարևորել է համազգային նշանակության հարցերում, ինչպիսիք են՝ Արցախյան հիմնախնդրը, Հայոց ցեղասպանությունը և երկրի անվտանգությունը, քաղաքական ուժերի միասնական դիրքորոշումն ու համատեղ աշխատանքները: Մեկնարկելով հանդիպումը «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակից՝ Արթուր Թովմասյանը նշել է, որ խորհրդարանում քաղաքական մեծամասնություն կազմող ուժը՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը, պետք է ավելի ակտիվ գործունեություն ծավալի ինչպես օրենսդրական, միջխորհրդարանական համագործակցության բնագավառներում, այնպես էլ կամուրջ լինի խորհրդարան-բնակչություն կապի համար: Շարունակելով հանդիպումները՝ Աժ նախագահը ընդունել է Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին: Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել նախարարի ավանդն արտաքին գործերի ասպարեզում և նշել, որ հանձին ԱԺ-ի՝ արտաքին գործերի նախարարությունը կունենա վստահելի թիկունք: Խորհրդարանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել երկրի արտաքին գերատեսչության հետ ակտիվ փոխգործակցել օրենսդրական, խորհրդարանական դիվանագիտության, տարբեր երկրների հետ փոխշահավետ համագործակցության հարցերում: ԱԺ նախագահի հաջորդ հանդիպումը խորհրդարան անցած քաղքական ուժի՝ Արցախի «Արդարություն» կուսակցության ղեկավար կազմի և անդամների հետ էր: Արթուր Թովմասյանն ընդգծել է ընդդիմության դերը խորհրդարանի կայացման գործում և կոչ արել 7-րդ գումարման Ազգային ժողովում լինել ակտիվ, նախաձեռնող, ինչը հնարավորություն կտա էլ ավելի բարձրացնելու խորհրդարանի աշխատանքների արդյունավետությունը: Նախատեսվում են ԱԺ նախագահի հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական մյուս ուժերի, ինչպես նաև նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ:
19:31 - 23 մայիսի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մասիս Մայիլյանի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մասիս Մայիլյանի հետ

Մայիսի 22-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Արցախի ԱԳ նախարար  Մասիս Մայիլյանի հետ: Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և տարածաշրջանային վերջին զարգացումներին: Նախարար Մնացականյանը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ այս շրջանում տեղի ունեցած շփումների, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մայիսի 19-ին կայացած տեսակոնֆերանսի մանրամասները։ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ իրականացվող միջազգային ջանքերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը գոհունակություն հայտնեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տարբեր ուղղություններով կանոնավոր խորհրդակցությունների անցկացման առնչությամբ՝ ընդգծելով արտաքին մարտարհրավերները հասցեագրելու հարցում աշխատանքների համակարգման կարևորությունը: Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին գործնական քայլեր ձեռնարկել բազմաշերտ համագործակցության շարունակական խորացման և դրական դինամիկայի պահպանման ուղղությամբ:
15:43 - 22 մայիսի, 2020
Արցախի կողմից տարածքային զիջումների հիման վրա հիմնախնդրի լուծման հնարավոր ուղիներ փնտրելն անհեռանկարային է․ Մասիս Մայիլյան

Արցախի կողմից տարածքային զիջումների հիման վրա հիմնախնդրի լուծման հնարավոր ուղիներ փնտրելն անհեռանկարային է․ Մասիս Մայիլյան

Արցախի նախագահի նախկին թեկնածու, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, մասնավորապես, հակամարտության փուլային կարգավորման նախագծի ակտիվ քննարկման մասին ՌԴ ԱԳՆ ղեկավարի կողմից վերջերս հնչեցված պնդումների մասին, որոնց կապակցությամբ անհրաժեշտ է համարում ընդգծել հետևյալը. «Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջնորդվում են Արցախի ժողովրդի համար երկու բարձրագույն արժեքներով. դրանք են՝ անկախություն և անվտանգություն: Ցանկացած առաջարկներ, որոնք կարող են նույնիսկ աննշան չափով սպառնալ այդ արժեքներին, Արցախի համար անընդունելի են: Արցախի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման անքակտելի իրավունքը 1991 թ. անկախության հանրաքվեի ժամանակ և այնուհետև առնվազն երկու անգամ արտահայտել իր կամքը 2006 և 2017 թվականներին կայացած Սահմանադրության ընդունման հանրաքվեների ժամանակ: Արցախի իշխանություններն ու հասարակությունը հավատարիմ են իրենց ընտրած ուղուն և այսուհետ ևս հետևողական ջանքեր կգործադրեն՝ ուղղված իրենց անկախ և ժողովրդավարական պետության ամրապնդմանն ու զարգացմանը, որն իր պատասխանատու քաղաքականությամբ կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում: Առկա իրականությունն անտեսելու փորձերը միայն հեռացնում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հեռանկարները, որն անպայմանորեն պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա: Անհրաժեշտ է նաև նշել, որ Արցախի կողմից տարածքային զիջումների հիման վրա հիմնախնդրի լուծման հնարավոր ուղիներ փնտրելն անհեռանկարային է, քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ: Ինչ վերաբերում է տարածքային զիջումներին, ապա դա ուղիղ ճանապարհ է դեպի ոչ միայն Արցախի Հանրապետության, այլ նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի կործանում։ Այդ պարագայում իր պատմական հայրենիքում բնիկ բնակչության գոյությունն իսկ սպառնալիքի կենթարկվի: Հարկ է նաև ընդգծել, որ վերջերս Արցախում կայացած ընտրությունները համոզիչ կերպով ի ցույց են դրել ինչպես հասարակությունում, այնպես էլ հանրապետության քաղաքական ուժերի շրջանում առկա կոնսենսուսը՝ տարածքային զիջումների անթույլատրելիության վերաբերյալ: Առանձին ուշադրության է արժանի նաև բանակցային գործընթացի ձևաչափի մասին պնդումը: ՌԴ ԱԳՆ ղեկավարը ճանաչել է անցյալում բանակցություններին Արցախի ուղղակի մասնակցության փաստը, բայց միևնույն ժամանակ լավ և օգտակար անվանել Հայաստան-Ադրբեջան հանդիպումների երկկողմ ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Սակայն ձևաչափի օգտակարության մասին կարելի է դատել լոկ արձանագրված արդյունքներով: Այս կապակցությամբ կցանկանայինք ընդգծել, որ հենց եռակողմ, այլ ոչ թե երկկողմ ձևաչափով է արձանագրվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միակ իրական արդյունքը՝ 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի մասին անժամկետ համաձայնագիրը: Այսպիսով, լիարժեք եռակողմ ձևաչափով բանակցությունների չորս տարիների ընթացքում զգալիորեն ավելին է ձեռք բերվել, քան Հայաստան-Ադրբեջան ձևաչափով երկկողմ հանդիպումների ավելի քան 20 տարիների ընթացքում: Եռակողմ ձևաչափը գործնականում ապացուցել է իր արդյունավետությունը, և, հետևաբար, դրա վերականգնումը լուրջ ներդրում կդառնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Անցյալ տարվա աշնանը ՀՀ վարչապետը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման շուրջ Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումները նույնական են: Այս դիրքորոշումը հաստատել են նաև Արցախի իշխանությունները: Սա չի նշանակում, որ բանակցություններում Հայաստանը պետք է ներկայացնի Արցախի շահերը: Համոզված ենք, որ բանակցային գործընթացում Արցախի ժողովրդի շահերը պետք է ներկայացնեն Արցախի Հանրապետության պաշտոնատար անձինք, ովքեր ժողովրդի կողմից համապատասխան մանդատ են ստացել: Հայաստանի Հանրապետությունը, իր կողմից, կշարունակի պաշտպանել Արցախի Հանրապետության շահերը միջազգային ասպարեզում և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպումներում: Հարկ է նշել, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարի կողմից հնչեցված առաջարկները հանդիսանում են, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների ձևափոխված բազմաթիվ տարբերակներից մեկը: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ «մադրիդյան սկզբունքների» հիմնական տարրերի հրապարակումից անմիջապես հետո՝ 2009 թ. հուլիսի 15-ին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ խաղաղ կարգավորման մեջ շահագրգիռ դերակատարներին կոչ անելով թույլ չտալ տարածաշրջանի ստատուս քվոյի խախտում` որպես կարգավորման առաջարկվող բանաձևի հիման վրա բանակցային գործընթացի արագացման հետևանք։ Նշվել է, որ Արցախն անցյալ վերադարձնելու ցանկացած փորձ ոչ միայն հակաարդյունավետ է, այլև հղի է հակամարտության նոր սրացումով: Հայտարարության մեջ հատուկ ընդգծվել է, որ անհրաժեշտ է խեղաթյուրված բանակցային գործընթացի վերաբեռնում, Արցախի Հանրապետության վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմ, և կարգավորման հիմնարար սկզբունքների փոխակերպում: Արցախի իշխանությունների այս դիրքորոշումը մնում է անփոփոխ։ 2016 թ. Ադրբեջանի կողմից ապրիլյան ագրեսիան համոզիչ կերպով ցուցադրել է արցախյան կողմի պնդումների իրավացիությունը հակամարտության նոր սրացման վտանգի մասին՝ ներկայիս ստատուս քվոն փոխելու ցանկացած փորձի դեպքում, որը ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև ողջ տարածաշրջանի համար անվտանգության համակարգի հիմքերից մեկն է: Ինչ վերաբերում է այս փուլում քննարկվող հարցերին, ապա կողմերը կարգավորման որևէ կոնկրետ պլան չեն քննարկում: Դա նշանակում է, որ սեղանին չկան, այսպես կոչված, մադրիդյան կամ այլ առաջարկներ: Ակնհայտ է, որ այժմ առավել հրատապ խնդիրներն են հրադադարի ռեժիմի ամրապնդումը, զինված ուժերի շփման գծում ռիսկերի նվազեցման մեխանիզմի ներդնումը և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը: Հենց այս հարցերի շրջանակներում են քննարկումներ ընթանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումների ժամանակ, ինչի մասին են վկայում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները: Պաշտոնական Բաքվի հայտարարությունները, որը բազմիցս դժգոհել է առարկայական բանակցությունների բացակայությունից, նույնպես փաստում են, որ կարգավորման որևէ կոնկրետ պլան չի քննարկվում»,- գրել է Մայիլյանը:
22:27 - 22 ապրիլի, 2020