Արցախի կողմից տարածքային զիջումների հիման վրա հիմնախնդրի լուծման հնարավոր ուղիներ փնտրելն անհեռանկարային է․ Մասիս Մայիլյան
22:27 - 22 ապրիլի, 2020

Արցախի կողմից տարածքային զիջումների հիման վրա հիմնախնդրի լուծման հնարավոր ուղիներ փնտրելն անհեռանկարային է․ Մասիս Մայիլյան

Արցախի նախագահի նախկին թեկնածու, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, մասնավորապես, հակամարտության փուլային կարգավորման նախագծի ակտիվ քննարկման մասին ՌԴ ԱԳՆ ղեկավարի կողմից վերջերս հնչեցված պնդումների մասին, որոնց կապակցությամբ անհրաժեշտ է համարում ընդգծել հետևյալը.

«Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջնորդվում են Արցախի ժողովրդի համար երկու բարձրագույն արժեքներով. դրանք են՝ անկախություն և անվտանգություն: Ցանկացած առաջարկներ, որոնք կարող են նույնիսկ աննշան չափով սպառնալ այդ արժեքներին, Արցախի համար անընդունելի են:

Արցախի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման անքակտելի իրավունքը 1991 թ. անկախության հանրաքվեի ժամանակ և այնուհետև առնվազն երկու անգամ արտահայտել իր կամքը 2006 և 2017 թվականներին կայացած Սահմանադրության ընդունման հանրաքվեների ժամանակ: Արցախի իշխանություններն ու հասարակությունը հավատարիմ են իրենց ընտրած ուղուն և այսուհետ ևս հետևողական ջանքեր կգործադրեն՝ ուղղված իրենց անկախ և ժողովրդավարական պետության ամրապնդմանն ու զարգացմանը, որն իր պատասխանատու քաղաքականությամբ կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում: Առկա իրականությունն անտեսելու փորձերը միայն հեռացնում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հեռանկարները, որն անպայմանորեն պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա:

Անհրաժեշտ է նաև նշել, որ Արցախի կողմից տարածքային զիջումների հիման վրա հիմնախնդրի լուծման հնարավոր ուղիներ փնտրելն անհեռանկարային է, քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ: Ինչ վերաբերում է տարածքային զիջումներին, ապա դա ուղիղ ճանապարհ է դեպի ոչ միայն Արցախի Հանրապետության, այլ նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի կործանում։ Այդ պարագայում իր պատմական հայրենիքում բնիկ բնակչության գոյությունն իսկ սպառնալիքի կենթարկվի: Հարկ է նաև ընդգծել, որ վերջերս Արցախում կայացած ընտրությունները համոզիչ կերպով ի ցույց են դրել ինչպես հասարակությունում, այնպես էլ հանրապետության քաղաքական ուժերի շրջանում առկա կոնսենսուսը՝ տարածքային զիջումների անթույլատրելիության վերաբերյալ:

Առանձին ուշադրության է արժանի նաև բանակցային գործընթացի ձևաչափի մասին պնդումը: ՌԴ ԱԳՆ ղեկավարը ճանաչել է անցյալում բանակցություններին Արցախի ուղղակի մասնակցության փաստը, բայց միևնույն ժամանակ լավ և օգտակար անվանել Հայաստան-Ադրբեջան հանդիպումների երկկողմ ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Սակայն ձևաչափի օգտակարության մասին կարելի է դատել լոկ արձանագրված արդյունքներով: Այս կապակցությամբ կցանկանայինք ընդգծել, որ հենց եռակողմ, այլ ոչ թե երկկողմ ձևաչափով է արձանագրվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միակ իրական արդյունքը՝ 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի մասին անժամկետ համաձայնագիրը: Այսպիսով, լիարժեք եռակողմ ձևաչափով բանակցությունների չորս տարիների ընթացքում զգալիորեն ավելին է ձեռք բերվել, քան Հայաստան-Ադրբեջան ձևաչափով երկկողմ հանդիպումների ավելի քան 20 տարիների ընթացքում:

Եռակողմ ձևաչափը գործնականում ապացուցել է իր արդյունավետությունը, և, հետևաբար, դրա վերականգնումը լուրջ ներդրում կդառնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

Անցյալ տարվա աշնանը ՀՀ վարչապետը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման շուրջ Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումները նույնական են: Այս դիրքորոշումը հաստատել են նաև Արցախի իշխանությունները: Սա չի նշանակում, որ բանակցություններում Հայաստանը պետք է ներկայացնի Արցախի շահերը: Համոզված ենք, որ բանակցային գործընթացում Արցախի ժողովրդի շահերը պետք է ներկայացնեն Արցախի Հանրապետության պաշտոնատար անձինք, ովքեր ժողովրդի կողմից համապատասխան մանդատ են ստացել: Հայաստանի Հանրապետությունը, իր կողմից, կշարունակի պաշտպանել Արցախի Հանրապետության շահերը միջազգային ասպարեզում և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպումներում:

Հարկ է նշել, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարի կողմից հնչեցված առաջարկները հանդիսանում են, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների ձևափոխված բազմաթիվ տարբերակներից մեկը: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ «մադրիդյան սկզբունքների» հիմնական տարրերի հրապարակումից անմիջապես հետո՝ 2009 թ. հուլիսի 15-ին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ խաղաղ կարգավորման մեջ շահագրգիռ դերակատարներին կոչ անելով թույլ չտալ տարածաշրջանի ստատուս քվոյի խախտում` որպես կարգավորման առաջարկվող բանաձևի հիման վրա բանակցային գործընթացի արագացման հետևանք։ Նշվել է, որ Արցախն անցյալ վերադարձնելու ցանկացած փորձ ոչ միայն հակաարդյունավետ է, այլև հղի է հակամարտության նոր սրացումով: Հայտարարության մեջ հատուկ ընդգծվել է, որ անհրաժեշտ է խեղաթյուրված բանակցային գործընթացի վերաբեռնում, Արցախի Հանրապետության վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմ, և կարգավորման հիմնարար սկզբունքների փոխակերպում: Արցախի իշխանությունների այս դիրքորոշումը մնում է անփոփոխ։

2016 թ. Ադրբեջանի կողմից ապրիլյան ագրեսիան համոզիչ կերպով ցուցադրել է արցախյան կողմի պնդումների իրավացիությունը հակամարտության նոր սրացման վտանգի մասին՝ ներկայիս ստատուս քվոն փոխելու ցանկացած փորձի դեպքում, որը ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև ողջ տարածաշրջանի համար անվտանգության համակարգի հիմքերից մեկն է:

Ինչ վերաբերում է այս փուլում քննարկվող հարցերին, ապա կողմերը կարգավորման որևէ կոնկրետ պլան չեն քննարկում: Դա նշանակում է, որ սեղանին չկան, այսպես կոչված, մադրիդյան կամ այլ առաջարկներ: Ակնհայտ է, որ այժմ առավել հրատապ խնդիրներն են հրադադարի ռեժիմի ամրապնդումը, զինված ուժերի շփման գծում ռիսկերի նվազեցման մեխանիզմի ներդնումը և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը: Հենց այս հարցերի շրջանակներում են քննարկումներ ընթանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումների ժամանակ, ինչի մասին են վկայում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները: Պաշտոնական Բաքվի հայտարարությունները, որը բազմիցս դժգոհել է առարկայական բանակցությունների բացակայությունից, նույնպես փաստում են, որ կարգավորման որևէ կոնկրետ պլան չի քննարկվում»,- գրել է Մայիլյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել