Ատոմ Ջանջուղազյան

ՀՀ ֆինանսների նախկին նախարար։ Ծնվել է 1971թ․ մարտի 22-ին։

1987-1992 թթ. սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1993-1995 թթ.՝ ՀՊՃՀ ասպիրանտական դպրոցի մագիստրատուրան։ 1995-1997թթ․՝ նույն համալսարանի ասպիրանտուրան։ 1991-1993թթ. աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Պլանավորման եւ կառավարման ավտոմատացված համակարգերի հայկական գիտահետազոտական ինստիտուտում։

1993-1995 թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինֆորմացիոն համակարգերի բաժնի առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ։ 1995-1996 թթ. ՀՀ ֆինանսների նախարարության համակարգչային վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ, ապա դրամարկղային կառավարման վարչության հանրապետական բյուջեի դրամարկղային կառավարման բաժնի պետ։
1996-1999 թթ. եղել է ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահության վարչության պետ, ապա նախարարության տնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ։ 1999 թ. հուլիսի 9-ին նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ։

2000 թ.  նշանակվել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ։ 2008 թ. մայիսի 19-ին նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ։

2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ատոմ Ջանջուղազյանին նշանակել է ֆինանսների նախարար։

Ռազմական գործողություններով պայմանավորված ՀՀ-ն նախատեսում է ընթացիկ ծախսերը ավելացնել 40 մլրդ դրամով

 |armenpress.am|

Ռազմական գործողություններով պայմանավորված ՀՀ-ն նախատեսում է ընթացիկ ծախսերը ավելացնել 40 մլրդ դրամով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով մասնավորապես նախատեսվում է, որ ռազմական գործողություններով պայմանավորված ընթացիկ ծախսերը կաճեն 40 մլրդ դրամով, տնտեսական ցուցանիշների նվազումը կկազմի 6.8 տոկոս:  «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Վերանայվել են մինչև տարեվերջ կանխատեսումները, որոնք հիմք են հանդիսացել առաջարկվող նախագծի համար: Ակնհայտ է, որ ռազմական դրությունը ունենալու է իր ազդեցությունը տնտեսական զարգացումների վրա»,-ասաց նախարարը: 2020 թվականին սպասվում է տնտեսական ցուցանիշների 6.8 տոկոս նվազում՝ ապրիլին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2 տոկոսի դիմաց: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6 տրլն 170 մլրդ դրամ՝ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 6 տրլն 485 մլրդ դրամի դիմաց: Ջանջուղազյանը նկատեց, որ ստեղծված իրավիճակը չի շրջանցի նաև հարկային եկամուտները: 2020 թվականի պետբյուջեի հարկային եկամուտների կանխատեսվող մեծությունը գնահատվում է մոտ 1 տրլն 320 մլրդ դրամ: «Պարզ է նաև, որ մենք իրականացնելու ենք որոշակի ծախսեր, դրանց չափի վերաբերյալ նախնական գնահատականը մոտ 40 մլրդ դրամ է»,-ասաց նախարարը: Պետական բյուջեի ընթացիկ ծախսերը կկազմեն շուրջ 1 տրլն 637 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 26.5%), ինչը 9.5 մլրդ դրամով մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ եւ 40 մլրդ դրամով մեծ է 2021թվականի բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020 թվականի սպասվող ցուցանիշից: Եկամուտների և ծախսերի հարաբերակցության համեմատությամբ կանխատեսվում է, որ պետական բյուջեի պակասուրդը կկազմի շուրջ 459 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 7.4%), ինչը 134.8 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 2.4 տոկոսային կետով) ավելի մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ եւ 75.4 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 1.3 տոկոսային կետով)  ավելի մեծ է 2021թ. բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020-ի սպասվող ցուցանիշից: «Այսպիսի դեֆիցիտը, ենթադրվում է, որ կսպասարկվի ամբողջությամբ պարտք ներգրավելու հաշվին, այլընտրանք չկա: Մյուս կողմից ենթադրվում է, որ այս պարտքի ներգրավումը չի կարող չհանգեցնել պարտք-ՀՆԱ հարաբերակցության զգալի փոփոխության»,-ասաց Ջանջուղազյանը: 2020 թվականի համար գնահատվում է, որ  ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կմոտենա շուրջ 67 տոկոսի՝ հատելով 60% սահմանային շեմը: Այս կարգավորումները տարածվում են սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
12:55 - 05 հոկտեմբերի, 2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2021թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է 2021թ. բյուջետային գործընթացին, ներկայացրել մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը: Նա նշել է, որ բյուջեի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվում են՝ հաշվի առնելով Հայաստանի և աշխարհի տնտեսական զարգացումներն ու կանխատեսումները: Քննարկումը ծավալվել է կանխատեսվող մակրոտնտեսական ցուցանիշների, հարկաբյուջետային քաղաքականության ուղղությունների, կապիտալ ծախսային ծրագրերի, կառավարության առաջնահերթությունների, նպատակադրումների և հակաճգնաժամային միջոցառումների շուրջ: Ներկայացվել են մի շարք առաջարկներ: Վարչապետը կարևորել է ծրագրային բյուջետավորման տրամաբանությամբ ոլորտային ուղենիշների նպատակադրումը և այդ բաղադրիչի ակտիվ կիրառումը բյուջեի նախագծի մշակման գործընթացում: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումները և ապահովել պետբյուջեի նախագծի փոխգործելիությունը ռազմավարական մյուս փաստաթղթերի հետ:
15:48 - 22 սեպտեմբերի, 2020
Պահուստային ֆոնդը ներկա պահին ծանրաբեռնված է. Ատոմ Ջանջուղազյանը՝ հանրակրթարաններում որոշակի պաշտպանիչ միջոցների գնման նախագծի մասին |tert.am|

Պահուստային ֆոնդը ներկա պահին ծանրաբեռնված է. Ատոմ Ջանջուղազյանը՝ հանրակրթարաններում որոշակի պաշտպանիչ միջոցների գնման նախագծի մասին |tert.am|

tert.am: 33-րդ հարցով նախատեսվում է պահուստային ֆոնդից հատկացում կատարել, որը, ճիշտն ասած, չի քննարկվել՝ ենթադրում եմ հրատապությամբ պայմանավորված: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին, չզեկուցվող հարցրերին անդրադառնալով, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Ուղղակի ուզում էի տեղեկացնել, որ այս ձևով ընդունելու դեպքում ձևակերպման և իրականացման խնդիր կառաջանա, քանի որ պահուստային ֆոնդը ներկա պահին գործնականում ամբողջությամբ ծանրաբեռնված է»,-ասաց նախարարը և նշեց, որ խոսքը ֆինանսական հատկացման մասին է և առաջարկեց մինչև վերջնական ստորագրումը լուծում գտնել պահուստային ֆոնդի ավելացման ուղղությամբ, ապա նոր նախագիծը հաստատել: Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ խոսքը հանրակրթական հաստատությունների համար որոշակի պաշտպանիչ միջոցների գնմանը և մինչև ստորագրումը պետք է փորձեն աղբյուրը հստակեցնել: Այսպիսով` նշենք, որ նախագծով նախատեսվում էր բժշկական դիմակներով ապահովել և աշակերտներին (սաներին, ուսանողներին) և մանկավարժական ու վարչական անձնակազմին (1 ամսվա հաշվարկով): Ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով բժշկական դիմակի 25 ՀՀ դրամ գինը: Նախագծով նախատեսվում է նաև ձեռքերի ախտահանիչներով ապահովել և' աշակերտներին (սաներին, ուսանողներին) և անձնակազմի 100 %-ին,  ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով 1120 ՀՀ դրամ ախտահանիչի 1 լիտրի գինը և 1 անձի հաշվով օրը 3 մլ: Ավելին՝ tert.am-ում
12:48 - 03 սեպտեմբերի, 2020
Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի. այն կնախագահի վարչապետ Փաշինյանը

Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի. այն կնախագահի վարչապետ Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կառավարությունում ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի: Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նպատակն է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրագործման, ինչպես նաև իրավապահ, դատական և այլ ոլորտների զարգացման ծրագրերի հետ փոխգործելիության ապահովումը: Խորհուրդը կնախագահի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կազմում կլինեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, այլ նախարարներ, պատգամավորներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:
14:14 - 06 օգոստոսի, 2020
Սնանկ ճանաչված կառուցապատողների պատճառով բնակարանային խնդիրներ ունեցողների հարցին լուծում է տրվում |armenpress.am|

Սնանկ ճանաչված կառուցապատողների պատճառով բնակարանային խնդիրներ ունեցողների հարցին լուծում է տրվում |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն ընդունեց «Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների օտարման գործարքները ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ համարելու մասին» որոշում: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա են մի շարք դեպքեր, երբ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների ձեռքբերման նպատակով քաղաքացիներն արդեն իսկ վճարել են տվյալ շենքի կառուցապատման համար անհրաժեշտ գումարների մի մասը, այնուհետև տարբեր պատճառներով նշյալ կառուցապատողն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է սնանկ՝ առաջարկվում է հնարավորություն ընձեռել խնդրո առարկա անշարժ գույքերի վաճառքները ձևակերպել այն գումարով, որոնք քաղաքացիները հավելյալ կվճարեն շենքի կառուցապատումն ավարտին հասցնելու համար, այլ ոչ թե ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումների համաձայն: «Հաշվի է առնվում այն, որ ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ստացման ենթակա հատուցման գումարը` առանց ԱԱՀ-ի: Խնդիրն այն է, որ խնդրո առարկա գործարքների ԱԱՀ-ով հարկման բազայի որոշումը ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգավորման շրջանակում չիրականեցնելու պարագայում էականորեն ավելանալու է քաղաքացիների կողմից վճարման ենթակա հավելյալ գումարների չափը, որի վճարումը քաղաքացիների կողմից համարվում է ոչ իրատեսական»,- ասաց Ջանջուղազյանը: Ֆինանսների նախարարը նշեց, որ կարգավորումը վերաբերելու է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված գործարքներին:
15:33 - 30 հուլիսի, 2020
Քննարկվել է Ֆինանսների նախարարության գործունեության հավշետվությունը

Քննարկվել է Ֆինանսների նախարարության գործունեության հավշետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցության, որի ընթացքում քննարկվել է Ֆինանսների նախարարության 2019 թվականի գործունեության հավշետվությունը: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցել է հարկաբյուջետային քաղաքականության, ֆինանսների արդյունավետ կառավարման, պետական պարտքի կառավարման, հաշվետվողական համակարգի ներդրման, վերապատրաստման դասընթացների միջոցով պետական կառավարման մարմինների կարողությունների բարելավման, կառուցվածքային ստորաբաժանումների օպտիմալացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Անդրադարձ է կատարվել նաև նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ հարկային և գնումների համակարգերում, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությանը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է նախարարության կողմից վերը նշված ուղղություններով իրականացվող ծրագրերը և ընդգծել ֆինանսների արդյունավետ կառավարմանը միտված շարունակական և հետևողական միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը շեշտել է պետական բյուջեի ծախսային ծրագրով նախատեսված միջոցառումների ժամանակին իրականացման նպատակով անհրաժեշտ լրացուցիչ մեխանիզմների ներդրման կարևորությունը, ինչը թույլ կտա տարվա ընթացքում ավելի կանխատեսելի դարձնել միջոցների ծախսման ընթացքն ու կառավարումը:
15:04 - 24 հուլիսի, 2020
Երկրում ֆոնդային շուկայի ձեւավորումը տնտեսական հեղափոխության կարեւոր կոմպոնենտներից է․ վարչապետ |armtimes.com|

Երկրում ֆոնդային շուկայի ձեւավորումը տնտեսական հեղափոխության կարեւոր կոմպոնենտներից է․ վարչապետ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը՝ նշելով, որ դրա ընդունումը պայմանավորված է ոլորտում միասնական քաղաքականության, բարեփոխումների հիմնական ուղղությունների եւ դրանցից ակնկալվող արդյունքների սահմանման անհրաժեշտությամբ: Նախարարի խոսքով՝ Հայաստանի կապիտալի շուկան դեռեւս սահմանափակ է. թողարկումների փոքր ծավալով, գործիքների նեղ շրջանակով եւ երկրորդային շուկայի ցածր իրացվելիությամբ։ «2020 թվականի սկզբին շուկայի հիմնական մասը զբաղեցնում են պետական պարտատոմսերը՝ կազմելով ՀՆԱ-ի մոտ 11%-ը, իսկ կորպորատիվ պարտատոմսերի շրջանառվող ծավալը եւ բաժնային արժեթղթերի կապիտալիզացիան կազմում են ՀՆԱ-ի մոտ 3.4%-ը և 2.3%-ը: Ցուցանիշները էական բարելավման պոտենցիալ ունեն: Այս իրավիճակում պետական կառույցները պետք է առաջնորդող դեր կատարեն եւ տարբեր գործիքների միջոցով խթանեն շուկայի զարգացումը: Դրա համար կարեւոր պայման է պետական գերատեսչությունների ջանքերի համատեղումը եւ նպատակային ու տրամաբանական հաջորդականության մեջ գտնվող միջոցառումների իրականացումը»,- նշեց նախարարը։ Նա հավելեց, որ կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդակցություններով համատեղ մշակել են էկոնոմիկայի նախարարությունը, Կենտրոնական բանկն ու ֆինանսների նախարարությունը: Խաչատրյանի խոսքով՝ ծրագրով առաջարկվող նախագիծը բաղկացած է 2 մասից՝ ՀՀ-ում կապիտալի շուկայի դիագնոստիկ վերլուծությունից եւ դրանց վրա կառուցված գործողությունների ծրագրից: Նա կարծիք հայտնեց, որ ծրագրի հաստատմամբ շուկան կստանա զարգացման ավելի բարելավված միջավայր, այնպիսի գործիքներ կներդրվեն, որոնք կապահովեն ձեւավորվող խնայողությունների ներդրումը տնտեսության իրական հատվածում եւ թույլ կտան բնակչությանը մասնակցել ներդրումային ծրագրերին՝ այդպիսով ընդլայնելով դրանից եկամուտներ ստանալու հնարավորությունները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեմայի վերաբերյալ նշեց, որ արդեն երկար ժամանակ ՀՀ-ում քաղաքացիները, եթե բիզնես չեն անում, իրենց խնայողությունները ներդնելու մեկ տեղ ունեն՝ բանկային համակարգում: «Բիզնեսը նույնպես ՀՀ-ում ֆինանսավորման մեկ տեղ ունի, որը կրկին բանկային համակարգն է, որը խոսում է այն մասին, որ մեր երկրում բանկային համակարգը կայացած է, բայց վաղուց հասունացել է պահը, երբ պետք է շուկայի զարգացման երկրորդ փուլ մտնել»,- ասաց նա: Վարչապետն ընդգծեց՝ մեր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ոչ միայն բանկերում ավանդներ դնել, այլեւ շուկայից, բորսայից գնել ընկերությունների բաժնետոմսեր, նայել, գնահատել ամենամեծ պոտենցիալ ունեցող ընկերություններին եւ այդ շուկայում անել ներդրումներ, որը նաեւ հնարավորություն է ընկերությունների համար ներդրումներ ստանալ ոչ միայն բանկային համակարգից, այլեւ քաղաքացիներից. «Սա տնտեսական հեղափոխության կարեւոր կոմպոնենտներից է: Եթե երկրում ռեալ ֆոնդային շուկա ձեւավորվի, կարող ենք համարել, որ դա տնտեսական հեղափոխության ամենակարեւոր արտահայտությունն է։ Կառավարությունն աշխատում է պոտենցիալ ունեցող ընկերությունների հետ՝ օգնելով բարձրացնել նրանց թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ օտարերկրյա ներդրումները առանց ծրագրի ամփոփման արդյունքում ձեւավորված հարթակների ուղղակի չեն լինի: «Դա վերաբերում է ե՛ւ անհատ, ե՛ւ ինստիտուցիոնալ ներդրողներին, որովհետեւ այսօրվա տեմպերն ու բիզնես միջավայրն այնպես չեն, որ մարդիկ պետք է գան տեղում մեծ հետազոտություն անեն, ծախսեն և այլն: Բոլորն ուզում են ներդրում անել, ուղղակի ուզում են արդի գործիք տեսնել, այլ ոչ թե հին: Ծրագիրը երկու ֆունկցիա ունի, նաև արտաքին աղբյուրներից իրական ներհոսք է լինելու»,- նշեց Գրիգորյանը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ իր հերթին ասաց, որ զարգացման հերթական քայլն են անում. «Ներդրումների դերը զարգացման մեջ դժվար է գերագնահատել, բայց ուզում ենք, որ փոխվի ներդրման ընկալումը: Մեզ թվացել է, որ խոսքը գաղտնարանից հանված ինչ-որ գումարի ներդրման մասին է, մինչդեռ դա լուծում չէ: Ենթադրվում է, որ զարգացման տեսանկյունից միակ ճամապարհը թափանցիկ եւ հանրային հաշվետվողականության տեսանկյունից ընկալելի կազմակերպությունում ներդրումն է»։
13:59 - 16 հուլիսի, 2020
Ռոճիկ ու պատիժ․ նախարարների աշխատավարձերը հեղափոխությունից առաջ և հետո |fip.am|

Ռոճիկ ու պատիժ․ նախարարների աշխատավարձերը հեղափոխությունից առաջ և հետո |fip.am|

fip.am:  Հեղափոխությունից հետո բավական հաճախ է շոշափվում բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների և աշխատավարձերի բարձրացման թեման։  Նախորդ տարի մեծ աղմուկ առաջացավ, երբ «Հետքը» պարզեց, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով գրեթե կրկնապատկվել են նախարարների, փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերը։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին, մշտապես նշում է, որ կառավարությունից դեպի մասնավոր հատված մեծ հոսք է նկատվում, որի պատճառը ցածր վարձատրությունն է։ «Մարդիկ գնում են մասնավոր հատվածում աշխատելու, որովհետև այն աշխատանքը, որ իրենցից ակնկալվում է 400 հազար դրամ, իրենք ասում են՝ 1 մլն 200 հազար դրամով հենց հիմա մեզ առաջարկում են, ինչո՞ւ մնանք: Ասենք՝ ո՞վ է, որ կմնա այստեղ աշխատելու»: Վարչապետի խոսքից տպավորություն է ստեղծվում, որ բարձրաստիճան պաշտոնյաները «զոհողության են» գնացել՝ մասնավոր հատվածում բարձր վարձատրությամբ աշխատանքից հրաժարվելով և պետական համակարգ գալով։   Եվ քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում արդեն հրապարակվել են պաշտոնյաների 2019 թ․ եկամուտների հայտարարագրերը, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե որքան աշխատավարձ էին ստանում նախարարները մինչև այդ պաշտոնում նշանակվելը, և որքան են կազմել նրանց ստացած աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարումները (այսուհետ՝ աշխատավարձ) 2019-ին՝ արդեն նախարարի պաշտոնում։ Քանի որ նախարարների աշխատավարձերը կրկնապատկելու վերաբերյալ վարչապետի գաղտնի հանձնարարագիրը ստորագրվել է նախորդ տարվա հուլիսին, վերջիններիս ամսական միջին աշխատավարձը պարզելու համար ամբողջ տարվա աշխատավարձը կբաժանենք 12 ամիսների։ «Հեղափոխական» նախարարները Հեղափոխությունից հետո առողջապահության նախարարի պաշտոնում նշանակված Արսեն Թորոսյանը նախարարների ցանկում միակն է, որի աշխատավարձը գրեթե չի փոխվել՝ մասնավոր հատվածից կառավարություն տեղափոխվելուց հետո։ Մինչ նախարար դառնալը Թորոսյանը «ՄԻԲՍ» բժշկա-ախտորոշիչ կենտրոնի տնօրենն էր, որտեղ, ըստ հայտարարագրի, ստացել է միջինում 1 մլն 516 հազար դրամ աշխատավարձ։ Նախորդ տարի նախարարի պաշտոնում Թորոսյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 515 հազար դրամ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մինչ հեղափոխությունն աշխատում էր մասնավոր փաստաբանական գրասենյակում, որտեղ վերջինիս աշխատավարձը, ըստ ներկայացված հայտարարագրի, կազմում էր մոտ 430 հազար դրամ։ Բադասյանն արդարադատության նախարար է նշանակվել 2019-ի հունիսին, և ըստ վերջինիս կողմից ներկայացված հայտարարագրի՝ 2019-ին՝ նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո, նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 372 հազար դրամ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այս պաշտոնում նշանակվել է 2018 թ. մայիսի 12-ին։ Պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է երեք տեղից ստացած եկամուտ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 801 հազար դրամ, այսինքն՝ նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 409 հազար դրամ։ Նախորդ տարի ներկայացրած հայտարարագրից պարզում ենք, որ նախարարի պաշտոնում Պապիկյանը միջինում ստացել է ամսական 1 մլն 591 հազար դրամ աշխատավարձ։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մինչ հեղափոխությունը զբաղեցնում էր իր իսկ կողմից հիմնադրված «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, և ըստ ներկայացրած հայտարարագրի՝ նրա միջին ամսական եկամուտը կազմել է 356 հազար դրամ։ Արդեն նախարարի պաշտոնում, ըստ 2019-ի հայտարարագրի, Արշակյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 398 հազար դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մինչ հեղափոխությունն աշխատել է հաշմանդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի կազմակերպություններում։ Հեղափոխությունից հետո Զարուհի Բաթոյանը նշանակվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։ Ըստ հայտարարագրի՝ մինչ պաշտոնի նշանակվելը Բաթոյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 167 հազար դրամ։ 2019-ին, արդեն զբաղեցնելով նախարարի պաշտոնը, Բաթոյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 1 մլն 500 հազար դրամ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մինչ հեղափոխությունն աշխատում էր Երևանի պետական համալսարանում և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում։ Ըստ հայտարարագրի՝ Հարությունյանի միջին ամսական եկամուտը, մինչ նախարարի պաշտոնում նշանակվելը, կազմել է 156 հազար դրամ։ Իսկ արդեն նախարարի պաշտոնում Հարությունյանը, ըստ 2019թ․ հայտարարագրի, ստացել է 1 մլն 406 հազար դրամ աշխատավարձ։   Պետական համակարգի «հնաբնակները» Կառավարության ներկայիս կազմի 12 նախարարներից 6-ը մինչև հեղափոխությունը ևս աշխատում էին պետական համակարգում, և նրանց դեպքում կհաշվարկենք մինչև նախարար նշանակվելը վերջին զբաղեցրած պաշտոնում ստացած միջին աշխատավարձը։ Այսպես, ներկայիս նախարարներից ամենից բարձր աշխատավարձը, մինչ նախարար նշանակվելը, ստացել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, որը մինչ այդ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր։ Մնացականյանն ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնեց հեղափոխությունից անմիջապես հետո՝ մայիսի 12-ին։ Վերջինիս ներկայացրած հայտարարագրից տեսնում ենք, որ 2018-ին՝ մինչև նախարարի պաշտոնը զբաղեցնելը, նա ստացել է 17,108 դոլար աշխատավարձ։ Սա նշանակում է, որ Մնացականյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 3890 դոլար կամ մոտ 1 մլն 890 հազար դրամ։  2019-ին Մնացականյանը հայտարարագրել է 16,776,991 դրամ եկամուտ, այսինքն՝ միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 1 մլն 398 հազար դրամ։ Մնացականյանից հետո ամենից բարձր աշխատավարձ ստացել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որը մինչև հեղափոխությունը զբաղեցնում էր ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Ջանջուղազյանը, 2018-ի մայիսի 12-ին նշանակվելով ֆինանսների նախարար, պաշտոնը ստանձնելու հայտարարագիր չի ներկայացրել, սակայն 2017-ին, կրկին զբաղեցնելով ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, հայտարարագրել էր 15 մլն 211 հազար դրամ եկամուտ, այսինքն՝ նրա միջին ամսական աշխատավարձը, մինչ նախարար նշանակվելը, կազմել է 1 մլն 268 հազար դրամ։ Այս տարի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2019-ին նախարար Ջանջուղազյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 266 հազար դրամ։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մինչև այս պաշտոնը ստանձնելը արտակարգ իրավիճակների նախարարն էր։ Տոնոյանը ևս ՊՆ նախարարի պաշտոնը ստանձնելիս նոր հայտարարագիր չի ներկայացրել, սակայն 2017-ին, զբաղեցնելով ԱԻ նախարարի պաշտոնը, հայտարարագրել էր 7 մլն 933 հազ դրամ աշխատավարձ, այսինքն՝ նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 661 հազար դրամ։ Պաշտպանության նախարարի պաշտոնում, ըստ 2019-ի հայտարարագրի, Տոնոյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 666 հազար դրամ։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մինչ հեղափոխությունը զբաղեցնում էր նույն նախարարության (այն ժամանակ՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն) նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։  Հեղափոխությունից հետո՝ մայիսի 16-ին, Խաչատրյանը դադարել է պաշտոնավարումը։ Պաշտոնի դադարեցման հայտարարագրում տեսնում ենք, որ Խաչատրյանի միջին ամսական աշխատավարձը կազմում էր 602 հազար դրամ։ Նույն տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Խաչատրյանը զբաղեցնում էր «Հայ-Թեք» ընկերության տնօրենի պաշտոնը՝ այդ ընթացքում ստանալով 785 հազար դրամ աշխատավարձ։ 2018-ի հոկտեմբերի 15-ին Տիգրան Խաչատրյանը նշանակվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։ Նախորդ տարվա հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2019-ին նախարարի պաշտոնում Խաչատրյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 398 հազար դրամ։ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այս պաշտոնում նշանակվել է 2018-ի հոկտեմբերի 4-ին։ Մինչ այդ Ցոլակյանը ԱԺ պատգամավոր էր և ըստ 2018-ի հայտարարագրի՝ ստանում էր 525 հազար դրամ աշխատավարձ։ Նախորդ տարի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Ֆելիքս Ցոլակյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 371 հազար դրամ։ Շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը ևս այդ պաշտոնին էր նշանակվել 2018-ի մայիսի։ Մինչ այդ նա զբաղեցնում էր բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը և ըստ հայտարարագրի՝ ստանում էր 860 հազար դրամ աշխատավարձ։ 2019-ին Գրիգորյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 536 հազար դրամ։ Այսպիսով, վերլուծելով վերոնշյալ տվյալները, ստացվում է, որ նախարարների բարձր աշխատավարձերի վերաբերյալ վարչապետի պարզաբանումը, թե այդ մասնագետները կարող էին ավելի բարձր վարձատրվել մասնավոր սեկտորում, տեղին չէ։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի այդ հիմնավորումը վերաբերելի է, թերևս, միայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որի՝ մասնավոր սեկտորում ստացած աշխատավարձը կարելի է համեմատել նախարարական վարձատրության հետ։ Սևադա Ղազարյան
11:41 - 09 հուլիսի, 2020
ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ստորագրվել է «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը

ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ստորագրվել է «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ հունիսի 30-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան ստորագրել են «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը։ Համաձայնագրով նախատեսվում է տրամադրել 400 մլն. ճապոնական իեն (շուրջ 3.8 մլն. ԱՄՆ դոլար) դրամաշնորհ՝ Հայաստանի առողջապահության համակարգը բժշկական արդի սարքավորումներով և շտապ օգնության մեքենաներով հագեցնելու նպատակով։ Մասնավորապես՝ աջակցության շրջանակներում նախատեսվում է բժշկական արդի ՄՌՏ սարքավորումների ձեռքբերում, ինչը մեծապես կօգնի տարբեր հիվանդությունների ախտորոշման մակարդակը և հասանելիությունը երկրում բարձրացնելու հարցում, ինչպես նաև շտապ օգնության՝ 4 WD տեսակի մեքենաների հագեցում՝ հատկապես երկրի դժվարամատչելի վայրերում բնակչության շտապ բուժօգնությունն ապահովելու նպատակով: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել COVID-19 համավարակից տուժած գործընկեր երկրների առողջապահական համակարգերի կարողությունների զարգացմանը։ Դրամաշնորհի չափը որոշվել է՝ հաշվի առնելով նաև նախկինում իրականացված ծրագրերի դրական գնահատականը։
14:16 - 01 հուլիսի, 2020
Ճապոնիան մոտ 3.7 մլն դոլար կտրամադրի Հայաստանին բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար

Ճապոնիան մոտ 3.7 մլն դոլար կտրամադրի Հայաստանին բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար

2020 թվականի հունիսի 30-ին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան և ՀՀ ֆինանսների նախարար պարոն Ատոմ Ջանջուղազյանը ստորագրեցին հայտագրերի փոխանակում՝ «Տնտեսական և սոցիալական զարգացման ծրագիր» Ճապոնիայի դրամաշնորհային աջակցության համար: Ֆինանսների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ հայտագրերի փոխանակումը Հայաստանի Հանրապետությանը ճապոնական բժշկական սարքավորումների տրամադրման համար է: Այս ծրագրի միջոցով Ճապոնիայի կառավարությունը չորս հարյուր միլիոն ճապոնական իեն (մոտ 3.7 միլիոն ԱՄՆ դոլար) կտրամադրի ճապոնական բժշկական սարքավորումների ձեռք բերման համար: Սույն նախագիծը նպատակ ունի աջակցել Հայաստանին COVID-19 համաճարակի դեմ պայքարում՝ խթանելով միջինից երկարաժամկետ առողջապահական և բժշկական համակարգը: ՄՌՏ համակարգի վերջին սերունդը և այլ բժշկական սարքավորումները զգալիորեն կբարելավեն երկրում բժշկական սպասարկման ներկայիս մակարդակը՝ մեղմելով առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ և փրկելով մարդկանց կյանքերը: Ինչպես բոլորս տեղյակ ենք, ներկայումս ամբողջ աշխարհը՝ ներառյալ Հայաստանը, պայքարում են COVID-19-ի լուրջ համաճարակի դեմ: Ճապոնիան, որպես Հայաստանի համար սերտ և բարեկամական գործընկեր, պատրաստ է աջակցել երկրին՝ հավասարակշռված և կայուն տնտեսական աճի հասնելու համար: Դա պետք է իրականացվի տարբեր հաստատությունների, ենթակառուցվածքների կատարելագործման և մարդկային ռեսուրսների զարգացման միջոցով, մասնավորապես բժշկական ոլորտում: Այս տեսակետից Ճապոնիան աջակցում է Հայաստանի առողջապահական և բժշկական հաստատություններին ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Բացի կառավարությունից-կառավարությանը ուղղված նման տեխնիկական օժանդակությունից և դրամաշնորհային օգնությունից, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի  աշխարհահռչակ ճապոնացի բժիշկ և պրոֆեսոր դոկտոր Աքիրա Իշիյաման շարունակում է իր ամենամյա այցը այս երկիր՝ հայ երեխաների համար կոխլեար իմպլանտացիայի իր անգնահատելի հմտությունները առաջարկելու համար: Այս նոր նախագիծը մարմնավորում է Ճապոնիայի կայուն պատրաստակամությունը Հայաստանին սատարելու հարցում: Մեր եզակի և ուժեղ կապերը, որոնք երկու տարուց կտոնեն 30-ամյակը Հայաստանի անկախության վերականգնումից հետո, կրկին վկայելու են մեր համընդհանուր արժեքների, ինչպես նաև ավելի սերտ համագործակցելու մեր վճռականության մասին՝ այս աշխարհը բոլորի համար ավելի լավը դարձնելու համար: Դեսպան Յամադան ասաց. «Ճապոնիայի կառավարության անունից ես կցանկանայի ընդգծել այս ծրագրի խիստ կարևորությունն ու արդիականությունը, մասնավորապես հաշվի առնելով Հայաստանում և աշխարհում COVID-19 համաճարակի ներկա իրավիճակը: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ ճապոնական նոր սարքավորումները կնպաստեն երկրում առողջապահական և բժշկական հաստատությունների կարողությունների զգալի բարելավմանը՝ այդպիսով ավելի շատ կյանքեր փրկելով և բարձրացնելով հայ ժողովրդի կենսամակարդակը»: ՀՀ առողջապահության նախարար պարոն Արսեն Թորոսյանը նշեց. «Առողջապահության ոլորտում Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցությունը ներառում է լավագույն ավանդույթները: Մենք բարձր ենք գնահատում այն շարունակական օժանդակությունը, որը Ճապոնիայի կառավարությունը երկար տարիներ սիրով ցուցաբերել է Հայաստանին՝ առողջապահական կարողությունները բարձրացնելու համար: Վերջին 25 տարվա ընթացքում Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր: Ճապոնական բարձր տեխնոլոգիական բժշկական սարքավորումները, մեքենաները և այլ բժշկական ապրանքներ վաղուց հայտնի են մեր երկրում: Ներկայումս, երբ աշխարհը կանգնած է կորոնավիրուսի համաճարակի առջև, և մեր երկրում նույնպես դժվարին պայքար է ընթանում, մենք ևս մեկ անգամ երախտապարտ ենք Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանին 400 միլիոն ճապոնական իեն արժողությամբ թանկարժեք բժշկական սարքավորումների ձեռքբերման հնարավորություն ընձեռելու համար: Համոզված լինելով, որ Ճապոնիայի կողմից տրամադրված ցանկացած սարքավորում կգտնի մեր ոլորտում ամենալավ և օգտակար կիրառումը՝ ես իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ճապոնիայի ժողովրդին, կառավարությանը, մեր բոլոր ճապոնական գործընկերներին և ընկերներին` իրենց բոլոր ջանքերի համար, որոնք ուղղված են Հայաստանին առատաձեռն աջակցությանը համաճարակի դեմ պայքարում և դրանից դուրս»:
22:10 - 30 հունիսի, 2020
Եկամտահարկի համահարթեցմամբ մեզ մեղադրեցին պրոգրեսիվության վերացման համար, դրան հասնելու ճանապարհ առաջարկվեց  գույքահարկի փոփոխությունները. Ատոմ Ջանջուղազյան

Եկամտահարկի համահարթեցմամբ մեզ մեղադրեցին պրոգրեսիվության վերացման համար, դրան հասնելու ճանապարհ առաջարկվեց գույքահարկի փոփոխությունները. Ատոմ Ջանջուղազյան

Ըստ էութան , մենք գտնվում ենք բարեփոխումների գործընթացի հերթական փուլում ։ Ուզում եմ հիշեցնել, որ սա ոչ թե պատահաբար տեղի ունեցած իրադարձություն է, այլ տրամաբանական շարունակությունն է այն նախաձեռնությունների, որոնց առիթ եղել է բազմիցս անդրադառնալու։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Վերջինս իր խոսքում ասաց․  «Մասնավորապես,   հարկային համակարգի հայեցակարգային փոփոխությունների մասին է խոսքը և այդ տրամաբանությամբ մենք երկու մասի էինք բաժանել միջոցառումները, որոնք նախատեսվում է իրականացնել հարկային համակարգի փոփոխությունների ուղղությամբ։ Առաջինը դրանք՝ ընթացիկ պայմանական անվանմամբ և քիչ վիճարկելի կամ բացարձակ, ոչ վիճարկելի փոփոխությունների մասին է խոսքը։ Երկրորդը՝ ավելի խորքային և արմատական փոփոխություններ ենթադրող միջոցառումների մասին էր խոսքը։ Առաջին խումբ միջոցառումներից մենք առիթ ունեցել ենք մանրամասնել, արդեն անցյալ տարվա ընթացքում քննարկումների արդյունքում ձևավորված նախագիծը ներկայացվեց,  և ԱԺ-ի կողմից հավանության արժանացավ։ Այդտեղ դրված էր հետևյալ տրամաբանությունը՝ մեղմել հարկային դրույքաչափի բեռը՝ նպաստելով տնտեսական աճի պոտենցյալի զարգացմանը, բայց  միևնույն ժամանակ խնդիր էր դրված, որպեսզի պահպանվի  հարկային եկամուտների ձևավորված չափը պետական բյուջեի համար։ Դա հնարավոր էր միայն այն դեպքում, երբ անուղղակի հարկերի հետ կապված որոշակի ավելացումներ նախատեսվեին՝  առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածում,  որովհետև ի վերջո երկար ժամանակահատվածում ենթադրվում էր, որ ուղղակի հարկերի բեռի նվազեցումը հանգեցնլու է տնտեսական լրացուցիչ աճի հնարավորության, ինչն էլ իր հերթին լրացուցիչ հարկային եկամուտներ է գեներացնելու։ Այդ համատեքստում փոփոխություններ կատարվեցին եկամտային հարկի դրույքաչափերում և մոտեցումներում, ինչպես նաև շահութահարկի հետ կապված դրույթաչափի վերանայում տեղի ունեցավ։ Եկամտային հարկի մասով, ինչպես գիտեք ներմուծվեց համահարթ եկամտային հարկի դրույքաչափ, այն 23 տոկոս  մակարդակում արձանագրվեց և  աստիճանական նվազեցմամբ մինչև 20  տոկոս հասնելու տրամաբանություն դրվեց։ Եկամտային հարկի համահարթեցման համար մենք քննադատության ենթարկվեցինք, որ վերացվում է պրոգրեսիվությունը, այսինքն՝ շատ եկամուտ ստացողից շատ հարկ գանձելու մոտեցումն է դուրս մնում, ինչին ի պատասխան՝ մենք ասում էինք, որ պրոգրեսիվությունը ձևական էր:  Պրոգրեսիվության հասնելու ճանապարհ առաջարկվեց այն, որ կհարկվի ոչ թե կոնկրետ ժամանակահատվածի ստացված եկամուտը, այլ տեսանելի հարստությունը՝ տվյալ դեպքում խոսքը վերբաերում է գույքին և պրոգրեսիվություն կներմուծվի գույքի հարկման համակարգ: Բացի այն, որ այս թեզը դրեցինք փոփոխության հիմքում, նաև կար ակնհայտ փոխհամաձայնություն մի հարցի հետ կապված, որ կադաստրային արժեքները, որոնք գործում են գույքային հարկերի հաշվարկման համար, շատ հեռու են և դրանք ձևավորվել էին շատ վաղուց և հեռու են այդ նույն գույքային միավորների շուկայական արժեքներից։  Փոփոխությունները կյանքի կոչելուց առաջ հսկայական վերլուծություն են արել: Մեզանում առհասարակ հարկն ընկալվում է որպես բեռ: Մեր մոտեցումն այն է, որ դա ոչ թե բեռ է, այլ պահանջի իրավունք, որը վճարողը ձեռք է բերում այն ծառայությունների համար, որոնք պետական կամ համայնքի բյուջեն ենթադրվում է, որ օրենսդրությամբ պարտավորվել են մատուցել հանրությանը: Եթե այդ տեսակետից դիտարկվի, շատ ավելի ընկալելի կլինի երևույթը: Այս մոտեցումը պետք է չանտեսվի, մենք չենք հասել համայնքային կամ հանրային ծառայությունների այնպիսի որակի, որ կարող ենք համարել բավարարված: Չեք գտնի որևէ մեկին, որ համարի բավարարված իր բնակության միջավայրով, հետևաբար, ճանապարհը դրա դիմաց վճարելն է»։
11:03 - 30 հունիսի, 2020
ՀԱԳՄ նախագահության նիստում քննարկվել են Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

ՀԱԳՄ նախագահության նիստում քննարկվել են Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացուներ կատարելու մասին»  օրենքի նախագծում ներառված նոր դրույթները քննարկվել են   Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության՝ հունիսի 24-ին կայացած հեռավար ընդլայնված նիստում։ Այս մասին հայտնեցին են   Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից։ «Ընդգծելով բարեփոխման հրատապությունը՝ նախագահության անդամները ներկայացրեցին նաև իրենց դիտարկումներն ու մոտեցումները։ «Հարկային վարչարարության կատարելագործման հարցն օրախնդիր է։ Առավել ևս համավարակի պարտադրած պայմաններում՝ հարկային ոլորտում չպետք է մնա գործարարությանը խոչընդոտող որևէ խնդիր։ Ցանկացած հարց պետք է դառնա քննարկման առարկա և պատշաճ կերպով լուծում ստանա»,-նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։ Միության նախագահը ներկայացրեց ՀԱԳՄ պատվիրակության՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ օրերս ունեցած հանդիպման արդյունքները, որին մասնակցել էին  նաև ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատյանը։ Արսեն Ղազարյանը կարևորեց հանդիպման ժամանակ ձեռք բերված այն պայմանավորվածությունը, ըստ որի համանման հանդիպումները կրելու են պարբերական բնույթ՝ ըստ առանձին ոլորտների։ Նա Միության անդամներին կոչ արեց ակտիվ լինել այդ հանդիպումների օրակարգերը ձևավորելիս՝ ներկայացնելով հրատապ լուծում պահանջող խնդիրները։  Մասնավորապես՝ նախագահության նիստում ձևավորվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ առաջիկայում նախատեսվող հանդիպման  օրակարգը։ Գործարաները քննության առան նաև Երևանի «Ֆիրդուսի» թաղամասի կառուցապատման շուրջ առկա կացությունը՝ ընդգծելով, որ ստեղծված ներկա իրավիճակում հարկավոր է ամենայնս խրախուսել ցանկացած ներդրումային ծրագիր։ «Հատկապես այս շրջանում ներդրումներ ներգրավելը մնում է տնտեսության վերակառուցման ելակետային քայլը,-շեշտեց Արսեն Ղազարյանը։-Այդ առումով,  բնականաբար, չենք կարող անտարբեր մնալ կառուցապատման այս ծրագրի իրականացման որոշ ձգձգումների նկատմամբ»։  Գործարարները, շեշտելով խնդրի կարևորությունը, հարկ համարեցին դիմել պատկան ատյաններին՝ պահպանելով քաղաքաշինական և պահանջված չափանիշները՝ ընթացք տալ  լայնածավալ այս նախագծին։ Նիստում անդրադարձ եղավ նաև արտակարգ դրության պայմաններում տնտեսական գործընթացների անվտանգ կազմակերպման ընթացքին։ Կարևորելով սահմանված անվտանգության չափանիշների խստագույնս պահպանումը՝ գործարարներն ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքին, որ պատկան մարմինները երբեն անհարկի՝ ամենամանր բացթողման պարագայում կասեցնում են տնտեսվարողի գործունեությունը՝ հաճախ հաշվի չառնելով դրա սոցիալ-տնտեսական հետևանքները։   Նիստի օրակարգում էր նաև ՀԱԳՄ նոր անդամի ընդունելության հարցը՝ Միության շարքերը համալրեց «Գաջեգործ» ՓԲ ընկերությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
11:13 - 25 հունիսի, 2020
Հայաստանն արտաքին պարտքի սպասարկումը հետաձգելու անհրաժեշտություն չի տեսնում |armenpress.am|

Հայաստանն արտաքին պարտքի սպասարկումը հետաձգելու անհրաժեշտություն չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն արտակարգ դրության պայմաններում չի պատրաստվում բանակցել՝ իր արտաքին պարտքի սպասարկումը որոշակի ժամանակով հետաձգելու համար: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ-ում 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արտաքին պարտքը սպասարկելու համար 2020 թվականին նախատեսված պլանային վճարումները հետաձգելու, հաջորդ տարի տեղափոխելու շուրջ բանակցություններ վարվու՞մ են միջազգային ֆինանսական գործընկերների հետ: Ջանջուղազյանը վերահաստատեց դեռ ապրիլին՝ բյուջեի մասին օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ հայտնած իր կարծիքը: «Մենք չենք կարծում, որ դա լավագույն ճանապարհն է: Կա վարկանիշի հարց, կա պարտք ներգրավելու հնարավորության հարց: Համենայնդեպս, մենք մինչև այժմ համարում ենք, որ 2020 թվականի դժվարություններին մենք առևերեսվել ենք համեմատաբար զգալի պաշարով՝ պարտք վերցնելու, դա հետևանք է նրա, որ մենք որևէ րոպե չենք ուշացրել որևէ վճարում՝ ինչպես ներքին շուկայում ներդրողների պարտավորությունների կատարման տեսակետից, այնպես էլ արտաքին»,-ասաց նախարարն ու նշեց, որ կառավարությունն այդ ուղղությամբ բանակցելը նպատակահարմար չի համարել և շարունակում է չհամարել: Նախարարը հիշեցրեց, որ Համաշախարհային բանկն իր անդամ պետություններին առաջարկել է հնարավորություն, որից օգտվել է նաև Հայաստանը:  Համաշխարհային բանկի հետ համատեղ աշխատանքի արդյունքում Զարգացման միջազգային ընկերակցության կողմից Հայաստանին տրամադրված մի շարք վարկերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (տարեկան 1.7% դրույքաչափով) կիրառման մասին նախկինում կայացրած որոշումը մեկ տարի ժամկետով չեղարկվել է և չի կիրառվելու ֆիսկալ տարվա ընթացքում (2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը): Համաշխարհային Բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով՝ հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում՝ արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 13 մլն ԱՄՆ դոլար:
18:22 - 24 հունիսի, 2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 11,5 մլրդ դրամի խնայողություն է կատարել |armenpress.am|

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 11,5 մլրդ դրամի խնայողություն է կատարել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2019թ. պետական բյուջեից իրենց հատկացված միջոցներից 11,5 մլրդ դրամի խնայողություն է կատարել: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2019թ. սկզբնական բյուջեն կազմել է 444,5 մլրդ դրամ, տարվա ընթացքում այն ճշտվել է, կազմելով՝ 465,5 մլրդ դրամ, որից ծախսվել է 97%-ը կամ 454 մլրդ դրամը: Այս կատարման տոկոսը չի նշանակում, որ եղել են պարտավորություններ, որոնց դիմաց վճարումներ չեն կատարվել»,- ասաց Ջանջուղազյանը: Ֆինանսների նախարարը հավելեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրեն հատկացված միջոցներով իրականացրել է 121 միջոցառում:
11:32 - 12 հունիսի, 2020
Առողջապահության բնագավառի հատկացումներն աճել են զգալի չափերով |armenpress.am|

Առողջապահության բնագավառի հատկացումներն աճել են զգալի չափերով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարարությանը պետական բյուջեից 2019 թվականի հատկացումները, նախորդ տարվա համեմատ, աճել են 22%-ով: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Առողջապահության նախարարությունը 2019թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից ծախսել է 97,6 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 96%-ը: Սկզբնական ծրագիրը մոտ 89 մլրդ դրամ էր: 2019 թվականին 2018 թվականի համեմատ, առողջապահության բնագավառի հատկացումները աճել են 22%-ով»,- ասաց Ջանջուղազյանը: Ֆինանսների նախարարը նշեց, որ Առողջապահության նախարարությունը 2019 թվականին իրեն հատկացված միջոցներով իրականացրել է 64 միջոցառում:
11:14 - 12 հունիսի, 2020