Ռոճիկ ու պատիժ․ նախարարների աշխատավարձերը հեղափոխությունից առաջ և հետո |fip.am|
11:41 - 09 հուլիսի, 2020

Ռոճիկ ու պատիժ․ նախարարների աշխատավարձերը հեղափոխությունից առաջ և հետո |fip.am|

fip.am:  Հեղափոխությունից հետո բավական հաճախ է շոշափվում բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների և աշխատավարձերի բարձրացման թեման։ 

Նախորդ տարի մեծ աղմուկ առաջացավ, երբ «Հետքը» պարզեց, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով գրեթե կրկնապատկվել են նախարարների, փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին, մշտապես նշում է, որ կառավարությունից դեպի մասնավոր հատված մեծ հոսք է նկատվում, որի պատճառը ցածր վարձատրությունն է։

«Մարդիկ գնում են մասնավոր հատվածում աշխատելու, որովհետև այն աշխատանքը, որ իրենցից ակնկալվում է 400 հազար դրամ, իրենք ասում են՝ 1 մլն 200 հազար դրամով հենց հիմա մեզ առաջարկում են, ինչո՞ւ մնանք: Ասենք՝ ո՞վ է, որ կմնա այստեղ աշխատելու»:

Վարչապետի խոսքից տպավորություն է ստեղծվում, որ բարձրաստիճան պաշտոնյաները «զոհողության են» գնացել՝ մասնավոր հատվածում բարձր վարձատրությամբ աշխատանքից հրաժարվելով և պետական համակարգ գալով։  

Եվ քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում արդեն հրապարակվել են պաշտոնյաների 2019 թ․ եկամուտների հայտարարագրերը, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե որքան աշխատավարձ էին ստանում նախարարները մինչև այդ պաշտոնում նշանակվելը, և որքան են կազմել նրանց ստացած աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարումները (այսուհետ՝ աշխատավարձ) 2019-ին՝ արդեն նախարարի պաշտոնում։

Քանի որ նախարարների աշխատավարձերը կրկնապատկելու վերաբերյալ վարչապետի գաղտնի հանձնարարագիրը ստորագրվել է նախորդ տարվա հուլիսին, վերջիններիս ամսական միջին աշխատավարձը պարզելու համար ամբողջ տարվա աշխատավարձը կբաժանենք 12 ամիսների։

«Հեղափոխական» նախարարները

Հեղափոխությունից հետո առողջապահության նախարարի պաշտոնում նշանակված Արսեն Թորոսյանը նախարարների ցանկում միակն է, որի աշխատավարձը գրեթե չի փոխվել՝ մասնավոր հատվածից կառավարություն տեղափոխվելուց հետո։

Մինչ նախարար դառնալը Թորոսյանը «ՄԻԲՍ» բժշկա-ախտորոշիչ կենտրոնի տնօրենն էր, որտեղ, ըստ հայտարարագրի, ստացել է միջինում 1 մլն 516 հազար դրամ աշխատավարձ։ Նախորդ տարի նախարարի պաշտոնում Թորոսյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 515 հազար դրամ։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մինչ հեղափոխությունն աշխատում էր մասնավոր փաստաբանական գրասենյակում, որտեղ վերջինիս աշխատավարձը, ըստ ներկայացված հայտարարագրի, կազմում էր մոտ 430 հազար դրամ։ Բադասյանն արդարադատության նախարար է նշանակվել 2019-ի հունիսին, և ըստ վերջինիս կողմից ներկայացված հայտարարագրի՝ 2019-ին՝ նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո, նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 372 հազար դրամ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այս պաշտոնում նշանակվել է 2018 թ. մայիսի 12-ին։ Պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է երեք տեղից ստացած եկամուտ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 801 հազար դրամ, այսինքն՝ նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 409 հազար դրամ։ Նախորդ տարի ներկայացրած հայտարարագրից պարզում ենք, որ նախարարի պաշտոնում Պապիկյանը միջինում ստացել է ամսական 1 մլն 591 հազար դրամ աշխատավարձ։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մինչ հեղափոխությունը զբաղեցնում էր իր իսկ կողմից հիմնադրված «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, և ըստ ներկայացրած հայտարարագրի՝ նրա միջին ամսական եկամուտը կազմել է 356 հազար դրամ։ Արդեն նախարարի պաշտոնում, ըստ 2019-ի հայտարարագրի, Արշակյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 398 հազար դրամ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մինչ հեղափոխությունն աշխատել է հաշմանդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի կազմակերպություններում։ Հեղափոխությունից հետո Զարուհի Բաթոյանը նշանակվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։ Ըստ հայտարարագրի՝ մինչ պաշտոնի նշանակվելը Բաթոյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 167 հազար դրամ։ 2019-ին, արդեն զբաղեցնելով նախարարի պաշտոնը, Բաթոյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 1 մլն 500 հազար դրամ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մինչ հեղափոխությունն աշխատում էր Երևանի պետական համալսարանում և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում։ Ըստ հայտարարագրի՝ Հարությունյանի միջին ամսական եկամուտը, մինչ նախարարի պաշտոնում նշանակվելը, կազմել է 156 հազար դրամ։ Իսկ արդեն նախարարի պաշտոնում Հարությունյանը, ըստ 2019թ․ հայտարարագրի, ստացել է 1 մլն 406 հազար դրամ աշխատավարձ։

 

Պետական համակարգի «հնաբնակները»

Կառավարության ներկայիս կազմի 12 նախարարներից 6-ը մինչև հեղափոխությունը ևս աշխատում էին պետական համակարգում, և նրանց դեպքում կհաշվարկենք մինչև նախարար նշանակվելը վերջին զբաղեցրած պաշտոնում ստացած միջին աշխատավարձը։

Այսպես, ներկայիս նախարարներից ամենից բարձր աշխատավարձը, մինչ նախարար նշանակվելը, ստացել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, որը մինչ այդ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր։ Մնացականյանն ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնեց հեղափոխությունից անմիջապես հետո՝ մայիսի 12-ին։ Վերջինիս ներկայացրած հայտարարագրից տեսնում ենք, որ 2018-ին՝ մինչև նախարարի պաշտոնը զբաղեցնելը, նա ստացել է 17,108 դոլար աշխատավարձ։ Սա նշանակում է, որ Մնացականյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 3890 դոլար կամ մոտ 1 մլն 890 հազար դրամ։ 

2019-ին Մնացականյանը հայտարարագրել է 16,776,991 դրամ եկամուտ, այսինքն՝ միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 1 մլն 398 հազար դրամ։

Մնացականյանից հետո ամենից բարձր աշխատավարձ ստացել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որը մինչև հեղափոխությունը զբաղեցնում էր ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Ջանջուղազյանը, 2018-ի մայիսի 12-ին նշանակվելով ֆինանսների նախարար, պաշտոնը ստանձնելու հայտարարագիր չի ներկայացրել, սակայն 2017-ին, կրկին զբաղեցնելով ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, հայտարարագրել էր 15 մլն 211 հազար դրամ եկամուտ, այսինքն՝ նրա միջին ամսական աշխատավարձը, մինչ նախարար նշանակվելը, կազմել է 1 մլն 268 հազար դրամ։ Այս տարի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2019-ին նախարար Ջանջուղազյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 266 հազար դրամ։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մինչև այս պաշտոնը ստանձնելը արտակարգ իրավիճակների նախարարն էր։ Տոնոյանը ևս ՊՆ նախարարի պաշտոնը ստանձնելիս նոր հայտարարագիր չի ներկայացրել, սակայն 2017-ին, զբաղեցնելով ԱԻ նախարարի պաշտոնը, հայտարարագրել էր 7 մլն 933 հազ դրամ աշխատավարձ, այսինքն՝ նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 661 հազար դրամ։ Պաշտպանության նախարարի պաշտոնում, ըստ 2019-ի հայտարարագրի, Տոնոյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 666 հազար դրամ։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մինչ հեղափոխությունը զբաղեցնում էր նույն նախարարության (այն ժամանակ՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն) նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։  Հեղափոխությունից հետո՝ մայիսի 16-ին, Խաչատրյանը դադարել է պաշտոնավարումը։ Պաշտոնի դադարեցման հայտարարագրում տեսնում ենք, որ Խաչատրյանի միջին ամսական աշխատավարձը կազմում էր 602 հազար դրամ։ Նույն տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Խաչատրյանը զբաղեցնում էր «Հայ-Թեք» ընկերության տնօրենի պաշտոնը՝ այդ ընթացքում ստանալով 785 հազար դրամ աշխատավարձ։

2018-ի հոկտեմբերի 15-ին Տիգրան Խաչատրյանը նշանակվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։ Նախորդ տարվա հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2019-ին նախարարի պաշտոնում Խաչատրյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 398 հազար դրամ։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այս պաշտոնում նշանակվել է 2018-ի հոկտեմբերի 4-ին։ Մինչ այդ Ցոլակյանը ԱԺ պատգամավոր էր և ըստ 2018-ի հայտարարագրի՝ ստանում էր 525 հազար դրամ աշխատավարձ։ Նախորդ տարի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Ֆելիքս Ցոլակյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 371 հազար դրամ։

Շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը ևս այդ պաշտոնին էր նշանակվել 2018-ի մայիսի։ Մինչ այդ նա զբաղեցնում էր բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը և ըստ հայտարարագրի՝ ստանում էր 860 հազար դրամ աշխատավարձ։ 2019-ին Գրիգորյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 536 հազար դրամ։

Այսպիսով, վերլուծելով վերոնշյալ տվյալները, ստացվում է, որ նախարարների բարձր աշխատավարձերի վերաբերյալ վարչապետի պարզաբանումը, թե այդ մասնագետները կարող էին ավելի բարձր վարձատրվել մասնավոր սեկտորում, տեղին չէ։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի այդ հիմնավորումը վերաբերելի է, թերևս, միայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որի՝ մասնավոր սեկտորում ստացած աշխատավարձը կարելի է համեմատել նախարարական վարձատրության հետ։

Սևադա Ղազարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել