Ապրիլյան քառօրյա պատերազմ

Լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որը սկսվել է 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

 

Տպավորություն է, որ ապրիլյան պատերազմի օրերին ինչ-որ հանցավոր անգործությամբ են զբաղված եղել բոլորը․ Քրիստինե Պողոսյան |lragir.am|

Տպավորություն է, որ ապրիլյան պատերազմի օրերին ինչ-որ հանցավոր անգործությամբ են զբաղված եղել բոլորը․ Քրիստինե Պողոսյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ։ Սերժ Սարգսյանը նախքան ապրիլյան պատերազմի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի եզրակացության հրապարակումը հանդես եկավ ասուլիսով: Ինչպե՞ս եք դա գնահատում և արդյոք ձեզ համար ինչ-որ բան պարզ դարձավ այդ ասուլիսից: Մեզ համար ասուլիսը որևէ ուղենիշ չի և չի կարող լինել: Ինչ հարցեր մենք ունեցել ենք, մենք տվել ենք քննիչ հանձնաժողովում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Մնացած բոլոր հարցերի պատասխանները մենք փաստաթղթային հարցումներով ենք ստացել: Սերժ Սարգսյանի ասուլիսը չի ազդել և չի կարող ազդել մեր աշխատանքների կամ եզրակացությունների վրա: Որքան էլ Սերժ Սարգսյանը ջանում է քաղաքականացնել մեր հանձնաժողովի աշխատանքը, մեկ տարվա ընթացքում ես կարծում եմ՝ հիանալի է դրսևորել իրեն հանձնաժողովը, որևէ քաղաքական երանգ չի տվել իր աշխատանքներին, և Սերժ Սարգսյանի ասուլիսը չի կարող մեզ դրդել, որ շեղվենք մեր ուղեծրից: Սերժ Սարգսյանն իր ասուլիսի ժամանակ ստե՞լ է, երբ ասել է՝ տեղյակ չեն եղել ապրիլյան պատերազմ սկսելու մասին: Ես չեմ ուզում նման բառ օգտագործել՝ ստել է, թե չի ստել: Ես ուղղակի համեմատեցի հրապարակային հայտարարություններն իր խոսքի հետ: Ինքն ասում էր՝ տեղյակ չենք եղել, ես էլ ասում եմ՝ 2016 թվականի ապրիլին կառավարության հարցուպատասխանի ժամանակ Սեյրան Օհանյանը ԱԺ ամբիոնից ասաց, որ տեղյակ են եղել, տիրապետել են այդ ինֆորմացիային և հենց դա էլ օգնել է տղաներին կազմակերպել պաշտպանությունը: Հիմա թե ինչու կան այդպիսի հակասություններ, թողնում եմ հետևություն անողներին: Կարծում եք՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ամփոփման հե՞տ էր կապված Սերժ Սարգսյանի կողմից ասուլիս հրավիրելու այս շտապողականությունը: Ինքը հերթական ոչ հեռատես և ժամանակավրեպ քայլն է անում, երևի նախահարձակ է լինում հանձնաժողովի զեկույցից առաջ, բայց նորից եմ ասում, որ իր ասուլիսը, եթե դա առհասարակ ասուլիս կարելի է կոչել, որևէ կերպ չի կարող ազդել մեր հանձնաժողովի եզրակացության վրա: Սերժ Սարգսյանը նաև հայտարարեց, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը խոստովանել է, որ վրիպել է՝ ասելով, որ ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկան վառելիքի խնդիր է ունեցել: Կարեն Կարապետյանը նույնպես եղել է ձեր հանձնաժողովում, նա այդ նույն խոստովանությունը ձեզ է՞լ է արել: Այս ամբողջ մեկ տարվա ընթացքում մեր հանձնաժողովի աշխատանքների ընթացքում, անկեղծորեն ձեզ կասեմ, որ ինձ մոտ տպավորություն էր, որ երկրում մի թևը տեղյակ չի եղել մյուս թևից, մի նախարարը տեղյակ չէր մյուս նախարարի աշխատանքից, նախագահը տեղյակ չէր, թե իր նախարարներն ինչ են խոսում, իր վարչապետն ինչ է ասում: Ինձ մոտ տպավորություն է առաջանում, որ ինչ-որ հանցավոր անգործությամբ են զբաղված եղել բոլորը: Եթե իհարկե դրա տակ ավելի խորը բաներ չեն թաքնված, օրինակ, փորձելով ցույց տալ, թե ոչնչից տեղյակ չեն, թաքցնում են ինչ-որ բաներ: Նախկին նախագահը ասուլիսում հայտարարում է, թե չգիտի, թե ինչու է իր վարչապետը նման բան ասել, վարչապետն էլ մեր հանձնաժողովում է ասում՝ ես չգիտեմ, թե ինչի եմ ասել, որ վառելիք չկա: Ձեր հանձնաժողովում բոլոր նախկին պաշտոնյաների ասածների միջև հակասություննե՞ր են եղել: Ոչ, ես նման բան չասացի: Այո, եղել են բաներ, որ հակասություններ են առաջացրել, նման դեպքերում բնականաբար դա մեր ուշադրությունը գրավում էր և մենք փորձում էինք այլ անձանց միջոցով, նաև փաստաթղթային աղբյուրներից ճշգրտումներ անել: Բոլոր հակասությունները, որոնք եղել են, մենք դրանց պատասխանները ստացել ենք: Շարունակությունը՝ lragir.am-ում
13:18 - 21 օգոստոսի, 2020
Ըստ Սեյրան Օհանյանի՝ հրամանատական կազմին զեկուցվել է հակառակորդի տեղափոխությունների մասին․ Քրիստինե Պողոսյանի արձագանքը Սերժ Սարգսյանի խոսքին, թե իրենք չեն իմացել, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ գործողության

Ըստ Սեյրան Օհանյանի՝ հրամանատական կազմին զեկուցվել է հակառակորդի տեղափոխությունների մասին․ Քրիստինե Պողոսյանի արձագանքը Սերժ Սարգսյանի խոսքին, թե իրենք չեն իմացել, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ գործողության

«Իմ քայլը» խմբակցության անդամ, Ապրիլյան քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ անդրադառնա ժամանակավրեպ ասուլիսին Սարգսյանի կողմից կատարված մի շարք պնդումներին, քանի որ կլինի համապարփակ, ամբողջական ու օբյեկտիվ զեկույց, այդուհանդերձ, վկայակոչելով հրապարակային՝ բոլորի համար հասանելի տեղեկություններ, մատնանշեմ մեկ «անճշտություն», որը հնչեցրեց Սարգսյանը: Այսպես, Սարգսյանը հայտարարեց. «Մենք նախօրոք չենք իմացել, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն»: Մինչդեռ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դեռևս 2016 թվականի ապրիլին կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հայկական կողմը Ղարաբաղի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման հետախուզական տվյալների է տիրապետել։ Ըստ նրա՝ հրամանատական կազմին զեկուցվել է հակառակորդի տեղափոխությունների մասին։ Նա ասել է. «Մենք ունեցել ենք մեր հետախուզության համապատասխան տեղեկությունը, որը կանոնավոր կերպով տեղեկություն է հավաքել հակառակորդի կազմի, նրա տեղափոխության, հնարավոր գործողությունների մասին։ Հենց դա է օգնել հայկական ուժերին դիմակայել հակառակորդին ճակատի ողջ գծով և հաջողությունների հասնել», և սա՝ ասուլիսի մեկ նախադասության մասին միայն։ Մնացած բոլոր հարցերի պատասխանները կլինեն զեկույցում։ Այսպես էլ «աշխատել» են տասնյակ տարի»։  
21:40 - 19 օգոստոսի, 2020
Ապրիլյանին կորցրել ենք տարածքներ, մարդկանց․ բանակը հաղթել է, բայց արդյոք հաղթե՞լ է ռազմաքաղաքական ղեկավարությունը․ Արմեն Խաչատրյան |factor.am|

Ապրիլյանին կորցրել ենք տարածքներ, մարդկանց․ բանակը հաղթել է, բայց արդյոք հաղթե՞լ է ռազմաքաղաքական ղեկավարությունը․ Արմեն Խաչատրյան |factor.am|

factor.am: Հարցազրույց Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ -Սերժ Սարգսյանն այսօր Ապրիլյան պատերազմի թեմայով ասուլիս է տվել։ Նա հարց է հնչեցնում՝ որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ Ապրիլյան պատերազմում հաղթանակ է գրանցվել՝ Ադրբեջանը չի հասել իր քաղաքական նպատակներին․ «Ինչպե՞ս է էլիտար ստորաբաժանումները կորցրած Ադրբեջանը հաղթել, իսկ լայնածավալ գրոհները կասեցրած Հայաստանը պարտվե՞լ է»,- այսպիսի հարց է բարձրացնում։ Դուք ի՞նչ պատասխան ունեք այս հարցին։ -Հաղթանակի հարցն անընդհատ շահարկվում է և սխալ ու կեղծ տեսանկյունից է ներկայացվում։ Եվ այս հարցի հետ կապված մեղադրանք ու քննադատություն է ներկայացվում այս իշխանություններին, թե ինչո՞ւ ենք մենք հղում անում բանակին, ինչո՞ւ ենք ասում բանակը թույլ է եղել, ինչո՞ւ ենք կասկածի տակ դնում հաղթանակը։ Ասեմ, որ այս հարցադրումները կեղծ են։ Իշխանությունը երբևէ չի ասել և չի կարող է ասել, որ բանակը թույլ է, զինվորներն ու սպաները արժանապատիվ չեն եղել։ Նման հայտարարություն չի եղել և նրանց խորհուրդ կտամ չանդրադառնալ այդ հարցին հետագա հանրային ելույթներում։ Պատերազմի ժամանակ ի՞նչն է համարվում հաղթանակ կամ պարտություն՝ տարածքային կամ մարդկային կորուստները։ Մենք ունենք մարդկային ու տարածքային կորուստներ, սակայն սա չի նշանակում, որ փնովում ենք Հայոց բանակին՝ զինվորին ու սպային։ Եվ եթե ադրբեջանցիների առաջխաղացումը տեղի չի ունեցել, դրա հիմնական պատճառը եղել է մեր զինվորների ու սպաների անձնվեր, քաջաբար պարտականությունների կատարումը։ Մենք կորցրել ենք տարածքներ, մարդկանց, միանշանակ՝ բանակը այստեղ հաղթել է, զինվորն ու սպան հաղթել են, բայց արդյոք հաղթե՞լ է, ռազմաքաղաքական ղեկավարությունը, արդյոք ձեռնարկե՞լ է այն, ինչ պետք է աներ։ Պարզ աքսիոմա կա՝ արդյոք նման հաղթանակներ ակնկալելով մենք կհզորանա՞նք, թե՞ շուտով կհասնենք Ստեփանակերտին, ամեն անգամ տարածքներ կորցնելով ու մարդ կորցնելով՝ ո՞նց կարող ենք ասել, որ սա հաղթանակ է։ Սա ռազմաքաղաքական հաղթանակ չէ, սա բանակի, զինվորի, սպայի արյան ու քաջության հաշվին թշնամուն կասեցնել ու հետ մղել է։ Շարունակությունը՝ factor.am-ում։
20:47 - 19 օգոստոսի, 2020
Սերժ Սարգսյանը ՌԴ-ից Հայաստանին տրամադրված ռազմատեխնիկական օժանդակության մասին մանրամասներ հայտնեց |hetq.am|

Սերժ Սարգսյանը ՌԴ-ից Հայաստանին տրամադրված ռազմատեխնիկական օժանդակության մասին մանրամասներ հայտնեց |hetq.am|

hetq.am: 2016-ի ապրիլին հայկական զինված ուժերը օգտագործել են այնքան զինամթերք, ինչքան անհրաժեշտ են համարել այդ զինամթերքն օգտագործող հրամանատարները: Այս մասին օգոստոսի 19-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում հրավիրված ասուլիսին ասաց պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ ասուլիսը հրավիրված է բացառապես 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով: «Մենք զինամթերքի պակաս չենք ունեցել: Այո՛, ունեցել ենք շատ ժամանակակից որոշ սպառազինությունների խնդիր, բայց դա խոչընդոտ չի հանդիսացել մեր հաղթական գործողությունների համար»,-ասաց Սերժ Սարգսյանը: Վերջինիս խոսքով` դեռևս 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի օրերին Հայաստանը բարեկամ Իրանից ներկրել է հսկայական քանակաությամբ դիզվառելիք, ինչը մինչ իր հրաժարականի օրը որպես պետական ռեզերվներ պահպանվել են, Պաշտպանության նախարարությունն էլ մշտապես կուտակել ու ունեցել է բավարար անձեռնմխելի պաշար: Ըստ գերագույն գլխավոր նախկին հրամանատարի` Հայաստանը դեռ տևական ժամանակ չի ունենալու լավագույն ժամանակակից բոլոր զինատեսակները, սակայն եղածով զինված ուժերը կատարել են իրենց խնդիրը, և այդպես էլ միշտ լինելու է: Ինչ վերաբերում է այն հարցին, որ տեսակետներ կան` ապրիլյան քառօրյա պատերազմը հրահրվել է Ռուսաստանի գիտությամբ ու իմացությամբ, Սարգսյանը հակադարձեց` Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և որպես փաստարկ ներկայացրեց այն, որ մինչ 2018-ի ապրիլ ՌԴ-ն Հայաստանին տրամադրել է 50 հազար տոննայից ավելի ռազմատեխնիկական օժանդակություն` առանց որևէ գումարի: Սարգսյանը մանրամասնեց` դրա մեջ չեն մտնում «Իսկանդերը», «Տոչկան Ու»-ն, 200 և 100 միլիոն դոլարի արժողությամբ պայմանագրերով նախատեսված զինատեսակները: Սարգսյանի խոսքով` նման հայտարարություններ անելը նշանակում է ռազմավարական գործընկերոջը մեղադրել դավաճանության մեջ: Սագսյանը վստահեցրեց, որ տարածաշրջանում «Իսկանդեր» ունի միայն Հայաստանը, ինչը դաշնակցի վերաբերմունքի լավագույն արտահայտությունն է, քանի որ նույնիսկ Բելառուսը, որը ՌԴ-ի հետ շատ ընդհանրություններ ունի, նման զինատեսակ չունի: Պաշտոնաթող նախագահը նաև «Իսկանդերի» առկայությամբ պայմանավորեց այն, որ պատերազմը սահմանափակվեց միայն լայնածավալ գործողություններով և չվերածվեց խոշորամասշտաբ պատերազմի: «Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ ադրբեջանցիները չօգտագործեցին ռազմական ինքնաթիռներ, երբ ինքնաթիռներով փորձում էին մոտենալ սահմանին: Դրանք գտնվում էին Ս-300-ի թիրախում, իսկ դրանք ստացել ենք որպես ռազմատեխնիկական օժանդակություն»,-ասաց երրորդ նախագահը:
15:48 - 19 օգոստոսի, 2020
Սերժ Սարգսյանը՝ 800 հեկտար կորցնելու և Ապրիլյան պատերազմի մասին |24news.am|

Սերժ Սարգսյանը՝ 800 հեկտար կորցնելու և Ապրիլյան պատերազմի մասին |24news.am|

24news.am: Այո սա անկասկած հաղթանակ էր, հաղթանակ էր քանակապես գերազանցող, անակնկալ հարձակված և իր զինանոցում եղած գրեթե բոլոր զենքերն օգտագործած հակառակորդի նկատմամբ։ Այս մասին տեսաուղերձում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ապրիլյան պատերազմին։ «Մենք պաշտպանեցինք մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը և հաջողությամբ հետ մղեցինք նրանց լայնածավալ հարձակումները։ Նրանց նպատակը մի քանի հարյուր հեկտար հող գրավելը չէ, բայց եկեք խոսեք 800 հեկտարի մասին։ Պարզվում է, որ ավելի ճշգրիտ չափումների դեպքում այն 400 հեկտար է ոչ թե 800: Պատերազմից հետո իմ ասածն այն էր, որ նրանք կարողացել են 800 հազար հեկտար անվտանգության գոտուց վերցնել 800 հեկտարը, այսինքն 0,1 տասնորդական տոկոսը։ Պատերամի ընթացքում ես չեմ պնդել, որպեսզի այդչափ տարածքը մեր բանակը ետ վերցնի, որովհետև ես առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին ու իմ որոշման մեջ եղել եմ վճռական»,- ասել է նա։
17:59 - 07 օգոստոսի, 2020
ՊԲ-ն դիրքերում սպառազինության, վառելիքի և սննդի պրոբլեմ չի ունեցել, մյուս խնդիրները թույլատրելիի սահմաններում կներկայացնենք հասարակությանը. Անդրանիկ Քոչարյան |tert.am|

ՊԲ-ն դիրքերում սպառազինության, վառելիքի և սննդի պրոբլեմ չի ունեցել, մյուս խնդիրները թույլատրելիի սահմաններում կներկայացնենք հասարակությանը. Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: 2016 թ-ի ապրիլյան մարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձանաժողովը ավարտել է իր աշխատանքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ապրիլյան պատերազմի հանագամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա նշեց, որ զեկույցը քննիչ հանձնաժողովը կներկայացնի սեպտեմբերին: Նրա դիտարկմամբ՝ հանձնաժողվի աշխատանքները հաջողված են եղել, ամեն ինչ արել են, որ ոչինչ չքաղաքականացնեն, բայց հասկանան իրողություններն ամբողջությամբ՝ մարտական գործողություններից մինչև բանակցությունների շղթային առնչվող հարցեր: Անդրադառնալով հարցին՝ արդյոք հանձնաժողովը եկե՞լ է այն եզրահանգմանը, որ ապրիլյան գորոծողությունների ժամանակ դավադրություն չի եղել, բանակը սպառազինության, վառելիքի խնդիրը չի ունեցել, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ պետք է սպասել վերջնական եզրահանգումներին, վառելիքի և սպառազինության հետ կապաված հարցերը ուսումնասիրել են: «Նույնիսկ ժամանակից շուտ այդ թեմայով մենք ասել ենք, որ դիրքերում սպառազինության խնդիր պաշտպանության բանակը չի ունեցել, ոչ էլ վառելիքի ու սննդի: Վստահաբար կարող եմ ասել, դա արձանագրենք, մյուս խնդիրները թույլատրելիի սահմաններում կներկայցնենք հասարակությանը»,-ասաց նա: Առավել մանրամասն՝ tert.am-ում
17:39 - 04 հունիսի, 2020
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրավիրվել է ապրիլյան հանձնաժողովի նիստին |azatutyun.am|

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրավիրվել է ապրիլյան հանձնաժողովի նիստին |azatutyun.am|

azatutyun.am: Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը հրավեր է ուղարկել Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին՝ մասնակցելու հանձնաժողովի մայիսի 11-ի դռնփակ նիստին։ Տեղեկությունը  փոխանցեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Հենց Կարեն Կարապետյանն էր 2017 թվականի մարտին խորհրդարանում հայտարարել, թե ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով։ Արդյոք Սերժ Սարգսյանի իշխանության օրոք վարչապետի պաշտոնը զբաղեցրած Կարապետյանը ընդունել է հրավերը, թե՝ ոչ, հանձնաժողովը պաշտոնական պատասխան դեռ չի ստացել։ Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ հանձնաժողովի փորձագետը հրավերը հանձնել է Կարապետյանի գրանցման հասցեով, տան աշխատակիցը գրավոր հավաստել է, որ ստացել է ու տեղեկացրել, որ նախկին վարչապետն այժմ Հայաստանում է։ Վաղն, ի դեպ, նշանակված է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Նրա պաշտպանները ավելի վաղ դատարանին էին ներկայացրել Հայաստանի և Ղարաբաղի նախկին վարչապետերի, նրանց թվում՝ նաև Կարեն Կարապետյանի երաշխավորությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Հնարավոր է, որ դատարանը վաղը քննարկի այդ միջնորդությունը։
15:55 - 07 մայիսի, 2020
Պատրաստվում եմ ասել այն, ինչ գիտեմ ու նաև այն, ինչ մտածում եմ․ Սերժ Սարգսյան

Պատրաստվում եմ ասել այն, ինչ գիտեմ ու նաև այն, ինչ մտածում եմ․ Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ երրորդ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ազգային ժողով` ներկա գտնվելու 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին և պատասխանելու թեմայի վերաբերյալ հանձնաժողովի անդամներին հետաքրքրող հարցերին, տրամադրելու այն տեղեկությունները, որոնց, ենթադրաբար, չեն տիրապետում հանձնաժողովում: Նախագահ Սարգսյանը համաձայնել է մասնակցել այդ լսումներին, քանի որ իր պարտքն է համարում փակել ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված բոլոր տեսակի շահարկումների թեման: Հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Ապրիլյան պատերազմի հարցը ոչ մի դեպքում չպետք է պառակտի մեր ժողովրդին, թուլացնի մեր միասնությունը և վտանգի մեր պաշտպանունակությունը: Չորս տարի առաջ մենք հակառակորդի կողմից նենգաբար ենթարկվեցինք հարձակման: Սանձազերծած քառօրյա լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները, բայց պաշտպանության բանակն ու րոպեներ հետո նրան օգնության հասած հազարավոր կամավորականներ հերոսաբար պաշտպանեցին իրենց վստահված տարածքները և խափանեցին հակառակորդի մտադրությունները: Ես հպարտ եմ մեր բանակով: 2016 թվականի ապրիլին մեր տղաները առանձնակի արիությամբ են մարտնչել: Ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ապրիլյան քառօրյայում մեր զինվորներն ու հրամանատարները խիզախությամբ գերազանցեցին արցախյան ազատամարտին մասնակցած իրենց հերոս հայրերին ու պապերին: Նրանք ջախջախեցին և կանգնեցրին Ադրբեջանի էլիտար ստորաբաժանումների առաջխաղացումը և, համաձայն մեր ու արտերկրի մեր որոշ գործընկերների հետախուզական տվյալների, հակառակորդին հասցրեցին անգամներ ավելի կորուստներ, քան մենք ունեցանք: Իմ մտքերն ու աղոթքները պատերազմում որդիներ կորցրած յուրաքանչյուր ընտանիքի հետ են: Ես խոր ցավով սգում եմ մեր նահատակված տղաների մահը և ափսոսանքով փաստում, որ այս ու ցանկացած այլ պատերազմում անհնարին է փրկել բոլորին: Հողը արյունով են պահում: Եվ փառք բոլոր նրանց, ում արյամբ է ներծծված հող հայրենին: Հանուն հայրենիքի նահատակված մեր զինվորների հարազատները միայն ու միայն մեծագույն հպարտություն պետք է ապրեն իրենց որդիների համար և ոչ մի դեպքում չտրվեն սադրանքների: Ոչ ոք իրավունք չունի կեղտոտ կասկածներով պղտորել նրանց մտքերն ու ավելորդ անգամ ցավեցնել նրանց հոգիները: Առաջին հերթին այդպիսիներին չեն ների գիտակցված մահն ընտրած և անմահացած մեր տղաները: Հայոց բանակի զինվորները հերթական անգամ դաս տվեցին հակառակորդին` պատճառելով ծանր կորուստներ և առժամանակ զսպելով Ադրբեջանի ռազմատենչ ձգտումները: Սակայն գալու է մի օր, երբ Բաքուն նորից նույնն է փորձելու անել, և երբ նրանք գնան այդ քայլին` կրկին անհնարին է լինելու փրկել բոլորին: Պատճառն այն չէ, որ մեր բանակը վատ է կառավարվել: Եթե ցանկանում ենք ոչ մի կորուստ չունենալ, ապա պետք է հրաժարվենք մեր իսկ հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ազգային նպատակից: Պատերազմից հետո դիվանագիտական ճակատում հակառակորդի հետ բանակցությունները պետք է բերեն խաղաղության և ապահովեն այդ համաձայնության իրագործումը, սակայն ոչ ի հաշիվ մեր ժողովրդի կենսական շահերի: Սա սոցիալական ցանցերի համար նախատեսված «լայվ-շոու» չէ, սա միջազգային ռեալ-քաղաքականություն է` նաև հետնաբեմում ընթացող գործողություններով: Մենք համազգային նշանակության հարցերում և առաջին հերթին` Արցախի հարցում պառակտվելու իրավունք չունենք: Դա չափազանց թանկ կարող է արժենալ մեր պետականության և ժողովրդի համար: Զգոն լինենք և ցանկացած նման փորձ դիտարկենք հենց այս տեսանկյունից: Ինքս էլ հարցեր ունեմ պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ հայոց բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի և մի շարք այլ թեմաներով: Սրանց դեռ միասին կանդրադառնանք և եզրակացություններ կանենք: Իսկ այսօր այդ հանձնաժողովի նիստում պատրաստվում եմ ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին` ասել այն, ինչ գիտեմ ու նաև այն, ինչ մտածում եմ…»,-ասված է ՀՀ երրորդ նախագահի հայտարարության մեջ»:
14:20 - 16 ապրիլի, 2020
Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին ԱԺ-ում կմասնակցի Ապրիլյան հանձնաժողովի նիստին |panarmenian.net|

Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին ԱԺ-ում կմասնակցի Ապրիլյան հանձնաժողովի նիստին |panarmenian.net|

panarmenian.net: Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ԱԺ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։ ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է Սերժ Սարգսյանի պայմանը․ հանձնաժողովը հավաստիացրել է, որ նրան առանց որևէ նախապայմանի կտրամադրվի իր մասնակցությամբ հատվածի տեսաձայնագրությունը: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 6-ին գրություն էր ուղղել երրորդ նախագահին՝ մասնակցելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին: Սարգսյանի գրասենյակի պատասխանատուի ստորագրությամբ ուղարկված գրության մեջ նշվել է, որ չնայած ՀՀ երրորդ նախագահը որևէ օրենքով չի կրում պարտականություն հանձնաժողովի լսումներին ներկայանալու, այդուհանդերձ, նա «ոչ հանձնաժողովում և ոչ էլ որևէ այլ ձևաչափով խնդիր չունի մանրամասներ ներկայացնելու» Ադրբեջանի կողմից 2016-ին սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի վերաբերյալ։
10:40 - 16 ապրիլի, 2020
Ես հայտարարում եմ, որ մենք հստակ տեղեկություններ չունեինք ռազմական գործողությունների սկզբի մասին․ Սերժ Սարգսյան |news.am|

Ես հայտարարում եմ, որ մենք հստակ տեղեկություններ չունեինք ռազմական գործողությունների սկզբի մասին․ Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Արդյո՞ք ապրիլյան պատերազմի նախօրեին հայկական կողմերն  ունեցել են հավաստի հետախուզական տեղեկություններ ծրագրվող ռազմագործողությունների մասին․ 2016-ի ապրիլյան քառօրյայի մասին հաճախ հնչող հարցի թեմայով «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում  Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը պնդել է, որ ունեցել են տեղեկատվություն շարժերի մասին, բայց դրանք վերլուծել և ստանալ տեղեկատվություն, որ հարձակում է լինելու, հնարավոր չէր։ ՊԲ նախկին հրամանատարն ասել է, որ ունեցել են տեղեկություն ապրիլի մեկին, որ կան որոշակի շարժեր, կուտակումներ։ Բայց, ըստ Լեւոն Մնացականյանի, դրանցից հետեւություն անել, որ հարձակողական գործողություններ են սկսվելու, հնարավոր չէր։ Այդ օրերին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ կոնկրետ այդ օրվա համար հետախուզական տվյալներ Պաշտպանության բանակի ղեկավարությունը ստացել է համարյա թե կեսգիշերին, իսկ  ՊՆ հետախուզական վարչությունը Արցախի ՊԲ հետախուզությունից է տեղեկություն ստացել, արդեն իսկ գիշերը 24:00-ից հետո բանակի ղեկավարությունը մարտական հերթապահությունից անցել է պաշտպանության իրականացման խնդիրների պատրաստականության վիճակի։ Արցախի  նախագահ Բակո Սահակյանն ասել է, թե իրենց համար զարմանալի չէր, որ բախվում են նման իրավիճակի։ Սակայն, ըստ նրա, այլ հարց էր, որ չեն ունեցել կոնկրետ տեղեկություններ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել հենց այդ օրը։ «Հանկարծակի հարձակումները,  հատկապես այդ սկզբնական շրջանում որոշակի առավելություն են ապահովում հարձակվողների համար, բայց, բարեբախտաբար, մենք շատ արագ իրականացրինք այն անհրաժեշտ քայլերը, որոնք նպաստեցին մեր ուժգին հակահարվածներին։ Եվ հետո մեր   հրամանատարները, իրականացրեցին այդ գործողությունները, որոնք հետո հիմք հանդիսացան կասեցնելու նրանց այդ հանկարծակի գործողությունները»,- ասել է Բակո Սահակյանը։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը պատմել է, որ ադրբեջանական կողմին հաջողվել էր հանկարծակիի բերել, քանի որ հետախուզական տեղեկատվությունը սովորական էր։ Ըստ նրա՝ դրանք  այնպիսի տեղեկություններ էին, ասես պետք է աշխատեն սովորական դիվերսիոն խմբեր։ Խաչատուրովի խոսքով, սովորաբար միաժամանակ ամենաշատը գործում են 2 կամ 3 հետախուզադիվերսիոն խմբեր, ժամանակ առ ժամանակ՝ չորս, բայց ոչ ավելի։ «Իսկ այս դեպքում ողջ առաջնագծում էր դա, համարյա թե բոլոր կողմերով»,- ասել է գեներալ-գնդապետը։ Սերժ Սարգսյանը պատմել է, որ ապրիլյան քառօրյայից հետո բազմաթիվ մարդիկ, որոնք որևէ ունակություն չունեն հասկանալու, թե ինչ է նշանակում հետախուզական ինֆորմացիա, սկսեցին խոսել այն մասին, որ իրենք իբր գիտեին պատերազմի մոտալուտ վտանգի մասին։ Սակայն, նրա խոսքով, դրանք անպատասխանատու մարդկանց հայտարարություններ են։ «Մարդիկ լավ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում 116 կմ շփման գիծ ունեցող հրամանատարի համար ընդհանրական զեկույցը, թե հնարավոր է երբևէ ռազմական գործողություն, ես նկատի ունեմ զուտ Պաշտպանության բանակի շփման հատվածում։ Իսկ եթե նաև ընդհանուր մեր ԶՈՒ պատասխանատվության ոլորտի մասին խոսենք, ապա դրանք հարյուրավոր կիլոմետրեր են։ Ես հայտարարել եմ, հայտարարում եմ, որ մենք հստակ տեղեկություններ չունեինք ոչ ռազմական գործողությունների սկզբի, ոչ էլ առավել ևս մոտավոր ժամկետների մասին»,- շեշտել է Սերժ Սարգսյանը։
11:18 - 03 ապրիլի, 2020