Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

ԱԱՏՄ-ն մեկ ու կես ամսում ստացել է 51 դիմում բողոք՝ աշխատանքային իրավունքների խախտման մասին

ԱԱՏՄ-ն մեկ ու կես ամսում ստացել է 51 դիմում բողոք՝ աշխատանքային իրավունքների խախտման մասին

Վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացել է 51 դիմում բողոք, որոնք վերաբերում են գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների խախտմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2020թ. ապրիլի 29-ին փոփոխություն կատարվեց ՀՀ աշխատանքային և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, ինչը հնարավորություն տվեց տեսչական մարմնին արտակարգ դրության ընթացքում քննել քաղաքացիներից ստացված դիմում բողոքները, որոնք վերաբերում են աշխատանքային իրավունքներն: Դիմում բողոքների հիման վրա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել են վարչական վարույթներ, վարչական վարույթների արդյունքում տնտեսավարող սուբյեկտներին՝ ի դեմս կազմակերպության ղեկավարների տրվել են պարտադիր կատարման կարգադրագրեր և կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ»,- գրել է նա։
19:40 - 10 սեպտեմբերի, 2020
Զարուհի Բաթոյանը հրաժեշտ է տվել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերին

Զարուհի Բաթոյանը հրաժեշտ է տվել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերին

Զարուհի Բաթոյանը հրաժեշտ է տվել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերին։ «Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ենք ունեցել միասին աշխատել այս տարիների ընթացքում: Ես շատ եմ կարևորում բոլոր այն ծրագրերը, որ իրականացրել ենք միասին՝ ծառայությունների որակի բարելավման, երեխաների իրավունքների պաշտպանության և մյուս բոլոր ոլորտներում, որտեղ համագործակցության փորձ ենք ունեցել: Ես միշտ այն համոզմանն եմ եղել, որ ծրագրերն ու քաղաքականություններն, իհարկե, կարևոր են, բայց ոչ պակաս կարևոր են նաև այն մարդիկ, որոնց հետ իրականացնում ես դրանք: Այս իմաստով առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել տիկին Դեբորա Գրիսերին՝ փոխվստահության մթնոլորտում իրականացված համատեղ աշխատանքի համար: Ողջունում եմ նաև Դևիդ Հոֆմանին, և համոզված եմ, որ ձեզ հետ ևս կունենանք արդյունավետ և երկարատև համագործակցություն»,- այս մասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության ներկայացուցիչների հետ հեռավար հանդիպման ընթացքում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: ԱՄՆ ՄԶԳ գործընկերների հետ առցանց հանդիպման ընթացքում նախարարը հրաժեշտ է տվել հայաստանյան առաքելության ղեկավար տիկին Դեբորա Գրիսերին՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության ընթացքում, և ողջունել Դևիդ Հոֆմանին, ով առաջիկա տարիներին կղեկավարի առաքելության աշխատանքները Հայաստանում. «Մենք մեծապես արժևորում ենք այն աջակցությունն ու զորակցությունը, որ մշտապես ունեցել ենք ձեր և ողջ կառավարության կողմից՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կարևոր ծրագրեր իրականացնելու ընթացքում, հատկապես համայնքային ծառայությունների զարգացման, ներառական հասարակության ստեղծման և ապաինստիտուցիոնալացմանն ուղղված ծրագրերի: Ես համոզված եմ, որ պարոն Հոֆմանի պաշտոնավարման ընթացքում ևս կպահպանվի համագործակցության այս մակարդակը»,- ասել է Դեբորա Գրիսերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում սոցիալական ոլորտի բարեփոխումներին ԱՄՆ ՄԶԳ առաքելության կողմից ցուցաբերվող և նախատեսվող աջակցության հետ կապված հարցեր:
17:24 - 09 սեպտեմբերի, 2020
«իԳործ» ծրագրի շրջանակում սփյուռքահայ մասնագետները աշխատանքի են անցնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում

«իԳործ» ծրագրի շրջանակում սփյուռքահայ մասնագետները աշխատանքի են անցնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում

«իԳործ» ծրագրի շրջանակում սփյուռքահայ մասնագետները աշխատանքի են անցնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։ Այսօր նախարարությունում հանդիպում է կազմակերպվել ծրագրի շրջանակում հայտ ներկայացրած և ընտրության փուլը հաղթահարած երկու սփյուռքահայ մասնագետների հետ՝ կանադայից և Լիբանանիվ։ Նրանք կներգրավվեն նախարարության Հանրային ներդրումների քաղաքականության վարչության աշխատանքներում։ Մինչև հոկտեմբերի սկիզբ նրանց կմիանա ևս ութ սփյուռքահայ մասնագետ։ Նախարարության այլ ստորաբաժանումներում նույնպես սփյուռքահայ մասնագետների համալրում է սպասվում։Նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը, ողջունելով սփյուռքահայ մասնագետներին, իր գոհունակությունն է հայտնել նախարարության գործունեության մեջ Սփյուռքի մեր հայրենակիցների ներգրավվելու առիթով և հույս հայտնել, որ նրանց մուտքը նախարարություն նոր թափ կհաղորդի աշխատանքների ընթացքին։- Վստահ եմ, որ ձեր գիտելիքները և մասնագիտական կարողությունները գործադրելով, կնպաստեք նախարարության առջև դրված խնդիրների լուծմանը և տնտեսական ծրագրերի արդյունավետ իրականացմանը, - ասել է Արմեն Խաչատրյանը։Հիշեցնենք, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից մեկնարկել է «իԳործ» ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին աշխատելու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններում շուրջ մեկ տարի և ներդնել սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում։ Նախատեսվում է, որ սփուռքահայ 100 բարձրակարգ մասնագետ մինչ տարեվերջ աշխատանքի կանցնի Հայաստանի պետական կառավարման մարմիններում։
17:20 - 04 սեպտեմբերի, 2020
Զարուհի Բաթոյանն Արցախի գործընկերոջ հետ քննարկել է սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրերը

Զարուհի Բաթոյանն Արցախի գործընկերոջ հետ քննարկել է սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․   «Այսօր ընդունել եմ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին: Շնորհավորելով Արցախի անկախության տոնի առթիվ ևս մեկ անգամ վերահաստատել եմ միասնական քաղաքականությանը նպաստելու՝ ՀՀ կառավարության քաղաքականությունը, ոլորտային բարեփոխումներում Արցախի լիարժեք մասնակցությունն ապահովելու մեր հանձնառությունը: Նախարի հետ քննարկել ենք սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրերը, մասնավորապես Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման, հաշմանդամության գնահատման մեխանիզմների փոփոխության, ինչպես նաև սոցիալական աջակցության համակարգի վերափոխման և վերաիմաստավորման նախագծերը: Հաճելի էր արձանագրել, որ սոցիալական ոլորտի բարեփոխման մասին պարոն Վիրաբյանի հետ նույն մոտեցումներն ենք կիսում և ունենք նույն տեսլականը»:  
11:52 - 04 սեպտեմբերի, 2020
Սփյուռքահայ չորս երիտասարդներ, «իԳործ» ծրագրի շրջանակներում, աշխատանքի կանցնեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

Սփյուռքահայ չորս երիտասարդներ, «իԳործ» ծրագրի շրջանակներում, աշխատանքի կանցնեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

«Ուզում եմ ողջունել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» նախաձեռնությունը, որի մեկնարկը տրվում է հենց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Շատ ուրախ եմ այս փաստը արձանագրել, որովհետև վստահ եմ՝ սա կարևոր փորձառություն է լինելու՝ միմյանցից սովորելու իմաստով»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ընդունելով «իԳործ» ծրագրի ներկայացուցիչներին՝ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը: Նշենք, որ ծրագիրը հնարավորություն է տալիս սփյուռքի մասնագետներին աշխատել ՀՀ պետական մարմիններում՝ ներդնելով սեփական փորձն ու գիտելիքները՝ համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում: Ծրագրի առաջին չորս մասնակիցները հաջորդ մեկ տարվա ընթացքում կաշխատեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների վարչությունում՝ աջակցելով կանանց, երեխաների հիմնահարցերի ոլորտում իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին: Ծրագրի մասնակիցների հետ զրույցի ընթացքում Զարուհի Բաթոյանը ներկայացրել է նախարարության հիմնական առաջնահերթությունները՝ աղքատության հաղթահարման մոդելի, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքից՝ մինչև հաշմանդամություն ունեցող անձանց ապաինստիտուցիոնալացում. «Ուզում եմ ասել, որ մեր ոլորտը շատ բարդ է, բայց այն նաև ամենամարդակենտրոնն է, և ձեր աշխատանքում գրանցված յուրաքանչյուր արդյունք ձեզ, վստահաբար, մեծ բավականություն է պատճառելու, որովհետև անդրադառնալու է մարդկանց կյանքի որակի բարելավման վրա: Ուզում եմ նաև խորհուրդ տալ, որ չվախենաք դժվարություններից, այլ ընդունեք դրանք որպես մարտահրավերներ, որոնց հաղթահարում ձեզ համար լավագույն փորձառությունը կարող է դառնալ»,- ասել է Զարուհի Բաթոյանը: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանն իր հերթին նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում սփյուռքահայ երիտասարդների աշխատանքի մեկնարկով, ըստ էության, շոշափելի է դառնում դեռ վեց ամիս առաջ երազային թվացող նախաձեռնությունը. «Շատ ուրախ ենք, որ հենց այս նախարարությունից է սկսվում մեր մասնակիցների մեկնարկը: Մինչև տարեվերջ ծրագրի 100 մասնակից աշխատանքի կանցնի Հայաստանի պետական համակարգի տարբեր կառույցներում: Մեզ համար սա, իրոք, պատմական օր է»,- ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարը: Լիբանանից, Ֆրանսիայից և Ռուսաստանից ժամանած երիտասարդներն արդեն վաղը կանցնեն աշխատանքի:
15:39 - 02 սեպտեմբերի, 2020
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական աջակցություն կցուցաբերի նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող 3110 երեխայի

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական աջակցություն կցուցաբերի նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող 3110 երեխայի

ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական օգնություն կտրամադրի 0-18 տարեկան 3110 երեխաների, որոնց ընտանիքները պետական ընտանեկան նպաստի համակարգի շահառուներ են: Միանվագ դրամական օգնությունը կկազմի 26 500 դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար: Ծրագրի շահառու են հանդիսանում Հայաստանի ողջ տարածքում բնակվող, նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաները: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Աջակցության տրամադրման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև: «Քանի որ հազարավոր ծնողներ պայքարում են իրենց կենցաղն ու եկամուտը ապահովելու համար, ՀՀ կառավարությունը այս ընթացքում աշխատել է ընդլայնել սոցիալական պաշտպանության միջոցառումները, որպեսզի հասնի ամենախոցելի անձանց։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ մենք հույս ունենք օժանդակել ոչ միայն հաշմանդամություն ունեցող ամենախոցելի երեխաներին, այլև՝ քարտեզագրել առողջապահական և սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայությունների կարիքը հանրապետության ողջ տարածքում և միասնական մոտեցում մշակել՝ հետագայում այս ծառայությունները համակարգելու և իրականացնելու ուղղությամբ»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 82,415,000 դրամ: Աջակցության գումարի չափը որոշվել է նախարարության հետ համատեղ՝ հիմնվելով նախկին սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթների և նվազագույն սպառողական զամբյուղն ապահովելու համար անհրաժեշտ միջոցների հաշվարկի վրա. «Հաշմանդամություն ունեցող երեխաները, հատկապես նրանք, ովքեր ապրում են ամենաաղքատ տնային տնտեսություններում, անհամաչափորեն են զգում կորոնավիրուսային համավարակի բացասական ազդեցությունը։ Հետևաբար՝ նրանց լրացուցիչ աջակցություն է հարկավոր ճգնաժամին դիմակայելու համար։ Եթե համակարգված գործողություններ չիրականացնենք կորոնավիրուսային համավարակի սոցիալ-տնտեսական ազդեցությունը չեզոքացնելու և համավարակին պատասխան հարված հասցնելու համար, արդեն իսկ ծայրահեղ ծանր պայմաններում ապրող հազարավոր երխաներ, է՛լ ավելի ծանր իրավիճակում կհայտնվեն», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարք-Հաթինգը։ Աջակցությունը տրամադրվելու է հանրապետության սոցիալական պաշտպանության համակարգի և գանձապետարանի միջոցով ամսական ընտանեկան նպաստների վճարումների հետ համատեղ՝ համագործակցության վերաբերյալ փաստաթղթի ստորագրելու պահից մեկ-երկու ամիսների ընթացքում։ Տրամադրված աջակցության գործընթացին գործընկերները հետևելու են համատեղ։ Բացի միանվագ դրամական աջակցությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ մշակել է տեղեկատվական փաթեթ՝ ծրագրի շահառու հանդիսացող հաշմանդամություն ունեցող 3110 երեխաների ծնողների և խնամակալների համար, որը կբաշխի «Հայփոստ»-ի աջակցությամբ: Որպես երկարաժամկետ աջակցություն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել տեխնիկական աջակցություն՝ հոգեկան առողջության և հոգե-սոցիալական աջակցության ծառայությունները զարգացնելու համար, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքների համար: Նշենք, որ աջակցությունը տրամադրվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Հայաստանի կառավարության միջև համագործակցության 2016-2020 թթ. ծրագրի համաձայն, ինչպես նաև 2019-2020 թ. գործողությունների երկամյա ծրագրի, ՄԱԿ-ի ՔՈՎԻԴ-19 բազմոլորտ արձագանքման և ՄԱԿ-ի համատեղ «ՔՈՎԻԴ-19-ը և կայունությունը Հայաստանում՝ խոցելի մարդկանց և համայնքների վրա սոցիալ-տնտեսական ազդեցության մեղմման» ծրագրի շրջանակներում:
11:47 - 31 օգոստոսի, 2020
Բաթոյանը Խաշթառակի դեպքի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետի հետ

Բաթոյանը Խաշթառակի դեպքի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում երեխաների դաժան ծեծի դեպքի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Այս մասին Բաթոյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում: «Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ հեռախոսազրույցում վերջինս փաստեց, որ ծառայողական քննություն է նշանակվել Խաշթառակ համայնքում տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար: Մարզպետը հավաստիացրեց, որ բազմազավակ ընտանիքը գտնվել է համայնքի և մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում որպես սոցիալապես անապահով ընտանիք և պարբերաբար ֆինանսական աջակցություն է ստացել: Ընտանիքին աջակցություն են տրամադրել նաև մարզում գործող հասարակական կազմակերպությունները: Պարոն Չոբանյանի խոսքով` ընտանիքում բռնության դեպքերի մասին որևէ տեղեկություն կամ ահազանգ նախկինում չի գրանցվել»,- գրել է Բաթոյանը: Նախարարը նշել է, որ երեխաներին միմյանցից չբաժանելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բոլոր հինգ երեխաների խնամքը կիրականացնի նույն հաստատությունում: «Այս պահին քննարկվում է նաև ընտանիքի հաշմանդամություն ունեցող մյուս անդամներին համապատասխան աջակցություն, այդ թվում շուրջօրյա խնամք տրամադրելու հարցը»,- նշել է նախարարը:
14:16 - 26 օգոստոսի, 2020
Խաշթառակ համայնքում բռնության ենթարկված հինգ երեխաները կտեղափոխվեն Երևանի մանկան տուն

Խաշթառակ համայնքում բռնության ենթարկված հինգ երեխաները կտեղափոխվեն Երևանի մանկան տուն

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում բռնության ենթարկված հինգ երեխաները կտեղափոխվեն Երևանի մանկան տուն, տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Երեխաներին չբաժանելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է բոլորի խնամքն իրականացնել նույն հաստատությունում:Հիշեցնենք, որ իր 6-ամյա և 4-ամյա թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով Տավուշի Խաշթառակ համայնքում ձերբակալվել է 57 տարեկան մի տղամարդ։ 6-ամյա երեխան ստացել է համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր, իսկ 4 տարեկան փոքրիկի մոտ առկա է գանգային արյունազեղում։ Տվյալ տղամարդու մյուս 5 թոռներն օգոստոսի 20-ին նախնական սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ ևս տեղափոխվել էին Երևան՝ «Մուրացան» բժշկական կենտրոն։ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի կողմից իր անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս, ինչպես նաև  ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրա 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմինների տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք: Դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Որոշում է կայացվել նշված երկու քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին: Քրեական գործով 7 անչափահաս երեխաները ճանաչվել են տուժող: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Հարցաքննվել են մի շարք անձինք: Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան երեկ, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է: 
13:40 - 26 օգոստոսի, 2020
Նախատեսվում է նոր մեխանիզմներ ներդնել կենսաթոշակռուի` Հայաստանում լինելու հանգամանքը ստուգելու համար |hetq.am|

Նախատեսվում է նոր մեխանիզմներ ներդնել կենսաթոշակռուի` Հայաստանում լինելու հանգամանքը ստուգելու համար |hetq.am|

hetq.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է նոր մեխանիզմներ ներդնել կենսաթոշակռուի` Հայաստանում լինելու հանգամանքը ստուգելու համար։ Նման որոշման նախագիծ է այսօր հանրային քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ բանկն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանում լինելը կարող է ստուգել առանց նրա բանկ ներկայանալու։ Բանկի աշխատակիցը կայցելի կենսաթոշակառուի` Հայաստանում գտնվելու վայր կամ ներքին ընթացակարգերին համապատասխան՝ տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ կհավաստիանա, որ շահառուն գտնվում է Հայաստանում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է նաև կենսաթոշակի վճարումը դադարեցնել, եթե սահմանված ժամկետում կենսաթոշակառուի՝ Հայաստանում լինելու մասին բանկը հաստատումը չի ստանում։ Նախագծով առաջարկվում է նաև երկարաձգել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներին վճարվող ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության գումարների՝ անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամկետը: «Նշված վճարներն անկանխիկ եղանակով վճարելու նոր, գործուն մեխանիզմներ ներդնելու համար անհրաժեշտ է կատարել որոշակի նախապատրաստական աշխատանքներ»,-նշված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախագծում:
09:43 - 18 օգոստոսի, 2020
Սոցիալական աջակցության ծրագրեր են մշակվում լիբանանահայերին Հայաստանում ընդունելու համար․Զարուհի Բաթոյան

Սոցիալական աջակցության ծրագրեր են մշակվում լիբանանահայերին Հայաստանում ընդունելու համար․Զարուհի Բաթոյան

Լիբանանը լքելու և Հայաստանում հաստատվելու ցանկություն հայտնող քաղաքացիների համար ՀՀ կառավարությունը սոցիալական աջակցության և ինտեգրման ծրագրեր է մշակում ։Այս մասին  ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը․ «Լիբանանում տեղի ունեցած պայթյունից հետո բնական է, որ Բեյրութում ապրող մեր հայրենակիցները և հատկապես ՀՀ քաղաքացիները պետք է ակնկալեին Հայաստանի Հանրապետության աջակցությունը: Հիմա, երբ կառավարությունն առաջին օգնությունը ցուցաբերել է Լիբանանին, առաջին քայլերն արված են, մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ եթե այնտեղ ապրող մեր հայրենակիցները որևէ պատճառով որոշեն հեռանալ Լիբանանից, ապա նրանց հանգրվանը դառնա մեր երկիրը, որպեսզի ազատ, երջանիկ և բարեկեցիկ ապրելու համար նոր հնարավորությունը ստանան հենց Հայաստանում: Եվ, որ ամենակարևորն է, պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստան գալուց հետո նրանք այլ երկիր տեղափոխվելու մասին չմտածեն, ինչպես դա պատահեց շատ սիրիահայերի դեպքում»,-նշել է Զարուհի Բաթոյանը
16:51 - 15 օգոստոսի, 2020
Փաշինյանը մասնակցեց Սևան քաղաքում Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կետրոնի բացմանը |armenpress.am|

Փաշինյանը մասնակցեց Սևան քաղաքում Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կետրոնի բացմանը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Սևան քաղաքում Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը: Բացման արարողության ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ կենտրոնը սոցիալական ոլորտի ծառայություններ է մատուցելու Սևան համայնքի և շրջակա բնակավայրերի շուրջ 13 հազար քաղաքացիների: «Այս կենտրոնը Համաշխարհային բանկի աջակցութամբ ստեղծված 24-րդն կենտրոնն է, որ բացվում է Հայաստանի Հանրապետությունում: Այս կենտրոնն իր հարկի տակ է առել զբաղվածության, սոցիալական աջակցության, սոցիալական ծառայության տարբեր ծառայություններ, այն սպասարկելու է Սևանի շրջակայքում բնակվող շուրջ 13 հազար քաղաքացիների»,- ասաց Բաթոյանը: Զարուհի Բաթոյանը հավելեց, որ այս տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզում ևս 2 նմանատիպ կենտրոն կբացվի, իսկ 2020թ. ընթացքում ևս 8 նման կենտրոն կբացվի Հայաստանի տարբեր համայնքներում: Բացման հանդիսավոր արարողությունից հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շրջայց կատարեցին Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում:
16:41 - 14 օգոստոսի, 2020
Մանկատան 163 շրջանավարտների հատկացված բնակարանները սեփականության իրավունքով կնվիրաբերվի նրանց |armenpress.am|

Մանկատան 163 շրջանավարտների հատկացված բնակարանները սեփականության իրավունքով կնվիրաբերվի նրանց |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը 2003-2015 թթ. ընթացքում ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանները նվիրաբերում է դրանք զբաղեցրած  մանկատան 163 շրջանավարտներին: Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով: «Պայմանագրով նախատեսվում էր, որ հետագայում բնակարանը կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության, չնայած դրան՝ մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել և շրջանավարտներից երեքի զբաղեցրած բնակարանների շենքերի նախնական վիճակը դեռևս 2003-2004 թթ., այսինքն՝ մինչ պայմանագիր կնքելը, գնահատվել է 3-րդ աստիճանի վնասվածության, ուստի նախագծով առաջակվում է այս շահառուներին տրամադրել բնակարանի գնման վկայագիր՝ պայմանով, որ կհանձնեն նախկինում իրենց հատկացված տարածքը»,- ասաց Բաթոյանը՝ ավելացնելով, որ հերթական ցուցակում ներառված, սակայն բնակարան չստացած մնացած շահառուների համար 2019 թվականին մեկնարկել է բնակարանների գնման վկայականներ գնելու գործընթացը, արդյունքում շրջանավարտներին հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան սեփականության իրավունքով:  «Նույն կարգավիճակով անձինք հայտնվեցին անհավասար պայմաններում, նախագծի ընդունմամբ կվերացվի այս անհավասարությունը և կամբողջացնի 1991-2019 թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծումը»,- ասաց նա:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ մինչև 2019 թվականը ներառյալ, մանկատների բոլոր շրջանավարտներին, ովքեր չունեն բնակարան, տրամադրվելու է բնակարան: Զարուհի Բաթոյանը դրական պատասխան տվեց՝ ավելացնելով, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք շրջանավարտ են եղել 1991- 2019 թվականը, չունեն սեփականություն, կունենան բնակարան:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ շեշտը պետք է դրվի մանկատան սաների պատշաճ կրթություն ունենալու իրավունքի վրա: «Երկու օր առաջ քննարկել ենք այդ հարցը, թե կոնկրետ ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք: Մեր խնդիրը չպետք է լինի մեր մանկատան սաներին բնակարան տալը, մեր խնդիրը պետք է լինի այն, որ մանկատան սաներին շրջանավարտ դառնալու պահին և հետագայում էլ կրթական այնպիսի հմտություններով կարողանանք օժտել, որ նրանք մեկ-երկու տարի, հնարավոր է, վարձակալության փոխհատուցում ստանան, ապա իրենք իրենց աշխատանքով բնակարան ձեռք բերեն: Իրականում բնակարանով մենք հարց չենք լուծում, եթե հետագայում գնանք այս դեպքերի հետևից, կտեսնենք, որ բնակարան տվել ենք, դա լավ է հնչում, «յուղոտ» վերնագիր է, իսկ իրականում դա հարց չի լուծում»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այստեղ պետք է գտնել ճիշտ լուծում: «Ճիշտ լուծումը մարդու անհատական հատկանիշները զարգացնելու, տաղանդը, աշխատունակությունը, աշխատանքի շուկայում նրանց մրցունակությունը բարձրացնելու մեջ է, մնացած բոլոր ճանապարհները գուցե լավ են հնչում, ականջահաճո են, իրականում դրանք արդյունավետ ճանապարհներ չեն: Դրանք ավելի արդյունավետ են քաղաքական գործիչների համար քաղաքական դիվիդենտներ շահելու իմաստով, իսկ շահառուների համար այդքան էլ արդյունավետ չեն»,-  ընդգծեց գործադիրի ղեկավարը: 
12:09 - 13 օգոստոսի, 2020
163 բնակարան կնվիրաբերվի դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին

163 բնակարան կնվիրաբերվի դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին

2003-2015թթ. ընթացքում 163 ընտանիքի հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նախատեսվում է նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և հավելել, որ նախագիծը կքննարկվի օգոստոսի 13-ին կայանալիք Կառավարության նիստին: «Բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով: Պայմանագրով նախատեսվում էր, որ բնակարանը հետագայում կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության: Չնայած դրան, մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել: 2019 թվականին հերթացուցակում ներառված, սակայն բնակարաններ չստացած մնացյալ շահառուների համար, որոնք ՀՀ քաղաքացիներ են, մանկատնից դուրս են եկել 1991 թվականից հետո 18 տարեկանը լրանալու կապակցությամբ և սեփականության իրավունքով չունեն բնակտարածություն (չեն օտարել վերջին 5 տարվա ընթացքում), նախարարության նախաձեռնությամբ մեկնարկեց բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու գործընթացը: Արդյունքում շրջանավարտներին հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան՝ սեփականության իրավունքով: Այսպիսով, նույն կարգավիճակով անձինք հայտնվել էին անհավասար պայմաններում»,- հայտնել է Բաթոյանը: Նրա խոսքով` նախաձեռնությունն իրականացվել է միանման մոտեցում ցուցաբերելու նպատակով: Նախարարը նաև տեղեկացրել է, որ 3 շրջանավարտի զբաղեցրած բնակարանների շենքերի տեխնիկական վիճակը (համաձայն քաղաքաշինության կոմիտեի ներկայացրած տվյալների) դեռևս 2003-2004թթ., այսինքն՝ մինչ պայմանագրերի կնքումը, գնահատվել են 3-րդ աստիճանի վնասվածության: Նրանց կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր:
16:38 - 12 օգոստոսի, 2020
«Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի՝ հասնելով իր բոլոր շահառուներին

«Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի՝ հասնելով իր բոլոր շահառուներին

ՄԱԿ-ի Պարենի hամաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի՝ ընդգրկելով բոլոր այն երեխաներին, որոնք մինչ այս հանդիսացել են «Դպրոցական սնունդ» ծրագրի շահառուներ։ Այս մասին տեղեկացրեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և Հայաստանում պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը համատեղ նամակ էին ստորագրել, որի համաձայն՝ 8000-ական դրամ միանվագ աջակցություն կստանան 2020 թ.-ի հունիս ամսվա ընտանեկան նպաստի վճարման ցուցակներում ընդգրկված ընտանիքների այն երեխաները, որոնք ընդգրկված են եղել «Դպրոցական սնունդ» ծրագրի մեջ։  Ծրագրի շահառուների ցանկում են այն երեխաները, որոնք ծնվել են 2011 թ.-ի հունիսի 1-ից մինչև 2014 թ.-ի հունիսի 30-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում: Դրամական օգնությունը կվճարվի 2020 թ.-ի հուլիս ամսվա ընտանեկան նպաստի վճարման ցուցակներով և սահմանված կարգով: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 233 մլն դրամ: Համավարակի տարածմամբ պայմանավորված՝ «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը նախատեսված էր հիմնական դպրոցների շուրջ 29,300 աշակերտների համար, իրականացվում է  «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի տեսքով՝ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում:
18:21 - 11 օգոստոսի, 2020
Կոռուպցիոն սխեմաներ Գյումրու սոցիալական ծառայություններում. մարզի դատախազը դիմել է նախարարին

Կոռուպցիոն սխեմաներ Գյումրու սոցիալական ծառայություններում. մարզի դատախազը դիմել է նախարարին

Շիրակի մարզի դատախազությունում իրականացված՝ մարզի վարչական տարածքում արձանագրված  կոռուպցիոն բնույթի դեպքերի, դրաց առթիվ հարուցված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կոռուպցիոն դրսևորումները շարունակում են տեղ գտնել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող սոցիալական աջակցության և բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ոլորտներում: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դրանց հիմնական առանձնահատկությունն այն է, որ հանցավոր ոտնձգությունները կատարվում են առավել խոցելի խմբերի՝ ընտանեկան անապահովության համակարգում ընդգրկված և նյութական ծանր պայմաններում գտնվող, ինչպես նաև տարբեր հիվանդություններով տառապող և սոցիալապես անապահով  անձանց նկատմամբ:  Մասնավորապես, քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Գյումրի քաղաքի շուրջ 4100 նպաստառու ընտանիքների սպասարկող սոցիալական աջակցության տարածքային թիվ 1 բաժնի 5 մասնագետներ, 2020թ. մարտ- հունիսաիսներին, յուրաքանչյուր փաստագրման ժամանակ իրենց տարածքային բաժնում հաշվառված մի շարք նպաստառու ընտանիքներից պահանջել և յուրաքանչյուրից ստացել են 30.000-60.000-ական ՀՀ դրամ ապօրինի վարձատրություններ, որոնց մի մասը պահել են իրենց, իսկ մյուս մասը հանձնել են բաժնի պետին: Բացի այդ, սոցիալապես անապահով քաղաքացիներին սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկելու համար նույն բաժնի աշխատակիցները քաղաքացիներից ստացել են հատկացվելիք 3 ամսվա համար նախատեսված գումարից մեկ ամսվա գումարը՝  18.000 ՀՀ դրամը, որից 10.000 ՀՀ դրամը փոխանցել են բաժնի պետին, իսկ 8000 ՀՀ դրամը պահել են իրենց: Ինքը՝ բաժնի պետը, ևս 2020թ. մայիս-հունիս ամիսներին մի շարք դեպքերում նպաստառուներին նպաստի համակարգում ընդգրկելու համար անձամբ կամ միջնորդների միջոցով նրանցից ստացել է 10.000-30.000-ական ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Նշված ենթադրյալ հանցավոր արարքները կատարելու համար բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311․1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, իսկ թվով 5 աշխատակիցների՝ նույն հոդվածի 3-րդ մասի տարբեր կետերի հատկանիշներով: Բաժնի պետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նմանատիպ առերևույթ հանցավոր դրսևորումներ բացահայտվել են նաև Գյումրու սոցիալական աջակցության տարածքային թիվ 2 բաժնում, որի կապակցությամբ ևս քննվում է քրեական գործ և մեղադրանքներ են առաջադրվել  նշված բաժնի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311․1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, և մեկ աշխատակցի՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով: Մեկ այլ քրեական գործի քննության շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Շիրակի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը փորձաքննություններ կատարելիս, նույն հանձնաժողովի անդամների հետ նախնական համաձայնությամբ, բժշկասոցիալական փորձաքննության իրականացման ժամանակ անձին հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության խումբը որոշելու, հաշմանդամության պատճառական կապի, տևողության ժամկետների սահմանման լիազորություններ իրականացնելու ընթացքում քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար փորձաքննության դիմած անձանցից 2019թ-ից մինչև 2020թ. մարտը ներառյալ պահանջել և ստացել է կաշառք գումարներ, որոնք աշխատանքային օրվա վերջում բաշխել է իր ու հանձնաժողովի անդամների միջև: Հանձնաժողովի նախագահին և երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Հանձնաժողովի նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ նշված ոլորտներում տևական ժամանակ գործել է հստակ մշակված կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են եղել գործակալության կազմում և բժշկասոցիալական հանձնաժողովում համապատասխան գործառույթներով օժտված հանրային ծառայողներ, նպաստառուներ, պաշտոնատար անձինք, հանձնաժողովի անդամներ և բժշկասոցիալական փորձաքննության շահառուներ: Նույնիսկ նշված հանցավոր արարքները ներգրավված անձանց մեծ քանակի և ակներևույթան պայմաններում կատարված լինելու պարագայում կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձինք տևական ժամանակ հնարավորություն են ունեցել անարգել զբաղվել հանցավոր գործունեությամբ, իսկ այդ հանգամանքը դուրս է մնացել նախարարության ներքին վերահսկողական գործառույթներով օժտված իրավասու անձանց տեսադաշտից: Այս հանգամանքը հիմք է տալիս ողջամտորեն ենթադրելու, որ հիշյալ պաշտոնատար անձանց կողմից դրսևորվել է անհետևողականություն, ընդհուպ՝ անգործություն, ինչն իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր և նպաստում հանցանքի կատարմանը: Ելնելով վերոգրյալից՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ  աշխատանքի  և  սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Մարզի դատախազն առաջարկել է ձեռնարկել գործուն միջոցներ՝ նմանատիպ արատավոր և հանցածին երևույթները բացառելու ուղղությամբ, պարզել նշված խախտումների պատճառները, քննարկել սոցիալական ծառայության տարածքային բաժինների,  բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված՝ իրենց պարտականությունների կատարման մեջ թերացած անձանց կարգապահական ներգործության և պատասխանատվության ենթարկելու հարցը:
17:43 - 11 օգոստոսի, 2020