Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Պատերազմի ողջ ընթացքում ճշմարտությունն ասվել է ժողովրդին՝ պատերազմին հատուկ կանոններով․ Նիկոլ Փաշինյանը

Պատերազմի ողջ ընթացքում ճշմարտությունն ասվել է ժողովրդին՝ պատերազմին հատուկ կանոններով․ Նիկոլ Փաշինյանը

Պատերազմի ողջ ընթացքում ճշմարտությունն ասվել է ժողովրդին, ասվել է պատերազմին հատուկ կանոններով, ասվել է հավատով ու նպատակով՝ ամեն րոպե բեկել եւ փոխել իրավիճակը, իսկ դրա համար պետք է փայփայել մարտական ոգին, եւ նույնիսկ պարտությունների մասին հայտարարել այնպես, որ դա չկոտրի զինվորին։ Այս մասին այսօրվա հեռուստաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր կարեւոր նպատակ է ձեռքբերված խաղաղությունը պահպանելը, այն տեւական դարձնելը, եթե հաջողվի՝ մշտական դարձնելը։ Այսօր կարեւոր նպատակ է ՀՀ-ի եւ Արցախի կայունությունն ու անվտանգությունն ապահովելը, Լաչինի միջանցքի անխափան ու անվտանգ գործելը, Արցախի ու Հայաստանի տուժած շրջանները վերականգնելը, իսկ դրա համար անհրաժեշտ է կյանքի կոչել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները»,- նշեց նա։ Վարչապետը հայտնեց, որ այս օրերին անհետ կորածների, մեր գերեվարված զինվորների հարզատների հետ է հանդիպել, լսել նրանց պահանջներն ու բողոքները։ «Նրանք ճիշտ են, եւ մենք պետք է արագ գործենք, բայց, ցավոք, դա կախված է ոչ միայն մեզնից»,- հավելեց նա։ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մեջ կան նրբություններ, որոնք խնդրահարույց հարցեր են պարունակում, բայց դրանց շուրջ հիմա ակտիվ դիվանագիտական աշխատանք է տեղի ունենում։ Նա հավաստիացրեց, որ անպայման կգտնեն լուծումներ։ «Բայց այդ պայմանավորվածությունների մեջ է մտնում նաեւ տրածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացումը, խնդիր, որի լուծումը կփոխի ոչ միայն տարածշևջանի, այլեւ Հայաստանի կերպարը»,- եզրափակեց վարչապետը։
14:13 - 27 նոյեմբերի, 2020
Գեներալը, որն իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է ձախողման պատասխանատվությունը, ասուլիս է տալիս, «բացահայտումներ» անում․ Նիկոլ Փաշինյան

Գեներալը, որն իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է ձախողման պատասխանատվությունը, ասուլիս է տալիս, «բացահայտումներ» անում․ Նիկոլ Փաշինյան

Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է։ Իսկ դա ենթադրում է նաեւ, որ մասնավորապես Գեղարքունիքի մարզում ՀՀ ԶՈՒ-երը պետք է տեղակայվեն ՀՀ-ի պետական սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով․ ես հիմա խոսում եմ կոնկրետ Քարվաճառի հատվածում։ Այս մասին այսօր տեսաուղերձի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ընդ որում, այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով։ Ինչպես պարզաբանվել է, Սոթքի հանքը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանում, կիսով չափ՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքում։ Ընդհանրապես, սահմանազատումը բավականին բարդ գործընթաց է, եւ ուզենք-չուզենք՝ պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլեւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, եւ ամեն անգամ այս աշխատանքի շուրջ հանրության շրջանում խուճապ առաջացնելն արվում է մի նպատակով՝ նրանք ուզում են պատերազմը տեղափոխվել Հայաստան։ ՀՀ իրավապահ մարմինները լիարժեք տիրապետում են իրավիճակին»,- նշեց Փաշինյանը։ Անդրադառնալով հարցին, որ քաղաքացիները այլևս չեն վստահում պաշտոնական տեղեկատվությանը, վարչապետն ասաց, որ դրա համար հիմնավորում է բերվում, թե իբր պատերազմի ընթացքում կառավարությունը եւ վարչապետը սխալ տեղեկություններ են փոխանցել հանրությանը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրականությունը բոլորովին այլ էԼ «Պատերազմի մեկնարկին եւ հընթացս տեղի ունեցած իմ բոլոր ելույթներում ես գործնականում ասել եմ ամեն ինչ, ասել եմ մի փոքր այլ՝ պատերազմին հատուկ եղանակներով եւ ձեւերով, ասել եմ այնպես, որ ասվածը հակառակորդին չտա այնպիսի տեղեկություն, որ կարող է անթույլատրելի լինել կամ սպառնալ մեր ազգային անվտանգությանը։ Պաշտոնական մարմինները մի՞թե չեն ասել, որ մարտեր են ընթանում Հադրութի մերձակայքում, Մարտունու, Շուշիի եւ Քարինտակի մերձակայքում, մի՞թե չի ասվել, որ փակ է Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը, չի՞ ասվել Սյունիքում ինքնապաշտպանության խմբեր ձեւավորելու մասին․ ի՞նչ էր նշանակում այդ ամենը, ուրիշ ինչպե՞ս պետք է ասվեր․․․աղիողորմ ճիչերո՞վ, փախչել-փրկվելու կոչերո՞վ, խուճապ տարածելո՞վ։ Ասվել է նաեւ մեր զինվորների, սպաների, գեներալների հերոսությունների մասին, մի՞թե դա սուտ է»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ պատերազմական գործողություններն ընթացել են Սոթքից մինչեւ Հորադիզ։ Նրա խոսքով՝ Սոթքից մինչեւ Հաթերք հատվածում, չնայած առաջին օրերին դիրքեր էին կորսվել, բայց դրանք հընթացս հետ են վերցվել, եւ մինչեւ պատերազմի վերջին օրն այդ գիծը լիարժեք կանգուն էր։ Եղնիկների հատվածում մինչեւ վերջին օրը հակառակորդն, ըստ էության, ոչ մի էական հաջողություն չի ունեցել։ Մինչեւ վերջին օրը Մատաղիսի հատվածով բնագծերը պահվել են։  «Այս ամենը պահածների արածն ի՞նչ է, եթե ոչ հաղթական, կանգուն իրավիճակ։ Այդ մարդիկ հերոսական կռիվ են տվել, նաեւ նրանց կյանքերը փրկելու համար եմ գնացել նոյեմբերի 9-ի որոշմանը։ Ցավոք, իններորդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի։ Եվ այն գեներալը, որն իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է այդ ձախողման պատասխանատվությունը, հիմա ասուլիսներ է տալիս, «բացահայտումներ» անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 մլն դոլար մսխելու առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրգործ է հարուցված, մյուս դրվագով էլ հետաքննություն է ընթանում։ Իմ տիկնոջն է թիրախավորում՝ մոռանալով հարց տալ՝ իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության մեծ մասը լքել է վայրը, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը․ այսինքն՝ Բադեն-Բադենի սանատորիա է՞ր հրթիռակոծվող Ստեփանակերտը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում նկարագրել՝ որպես իշխանության ցոփության մի աննկարագրելի օրինակ, ռմբապաստարաններում մնացած բնակիչներին հաց ու ջուր անձամբ ահսցնելը հանցագործություն է՞ր, չէի իմացել»,- ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց, թե վարչապետի հանձնարարութամբ վարչապետի ընտանիքի անդամի մեկանգամյա այցը ՊԲ հրամանատարական կետ՝ ՊԲ-ին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով, այն պայմաններում, երբ այդ բանակն անընդհատ լուր է ստանում, թե մարդիկ թիկուքում լքում են բնակավայրերը, ահա այս պայմաններում վարչապետի ընտանիքի անդամին ուղարկելը, որ մարդիկ տեսնեն՝ վարչապետի ընտանիքի անդամն է Ստեփանակերտում, քաղաքական շահարկման առարկա դարձնելն ի՞նչ գործելակերպ է։ Նրա խոսքով՝ ոմանք Ստեփանակերտից հետ են կանչվել խուճապ տարածելու եւ աղետի բերած ապօրինի միջամտությունների պատճառով, եւ այս հարցերն ըստ կարգի դեռ կպարզաբանվեն։
14:03 - 27 նոյեմբերի, 2020
Կան մարդիկ ու խմբեր, որոնք փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել․ թույլ չենք տալու․ Նիկոլ Փաշինյան

Կան մարդիկ ու խմբեր, որոնք փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել․ թույլ չենք տալու․ Նիկոլ Փաշինյան

Հատկապես վերջին օրերին մենք տեսնում ենք, որ ներհայաստանյան հանրահայտ խմբեր՝ ընդ որում՝ արտաքին ուժերին համընթաց, գործում են բավական երկար ժամանակ, մեր ազգային հպարտության ու արժանապատվության խոցերը դարձրել են իրենց հիմնական անելիքը։ Այս մասին այսօր տեսաուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ երեկ ոմանք խրախճանք էին նախաձեռնել այն ստահոդ լուրերի ֆոնին, թե ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզից տարածքներ է զիջել Ադրբեջանին։ «Նման պահվածքը գուցե ունենա հազար ու մի բացատրություն։ Նման պահվածքի քննադատությունը գուցե ունենա հազար ու մի հակադարձում, ոմանք, գուցե ալիքի մեջ ընկնելով, ոչ մի չարամիտ բան նկատի չեն ունեցել, բայց այս ամենի խորքից մենք պիտի դուրս բերենք այդ խրախճանքը նախաձեռնողների նպատակը։ ՀՀ-ում ու դրանից դուրս կան մարդիկ ու խմբեր, որոնք փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել, տպավորություն ստեղծել, թե Հայաստանում անիշխանություն է, որոնք փորձում են քաոս սերմանել մեր երկրում, նրանք ուզում են պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս, ավտոմատների ու հանցավոր խմբերի գործադրմամբ երկիրը դնել ազատ անկման վիճակում՝ որպես փրկիչ իրենց վերադարձն ապահովելու համար։ Մենք սա թույլ չենք տալու, ոչ թե նրա համար, որ կառչած ենք իշխանությունից, այլ որովհետեւ դա չի ուզում ժողովուրդը»,- ընդգծեց նա։ Վարչապետը նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ու ստորագրման հանգամանքների մասին արդեն խոսել է, չի ուզում կրկնել ասվածը, վերահաստատեց համոզմունք, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է փաստաթուղթը, այլ տարբերակ պարզապես չկար։ «Ինչպես հասանք մենք այս կետին, ինչ հանգամանքներում ու ժամկետում, որտեղի՞ց մեկնարկեց այդ կետը, ինչ զարգացում ստացավ, ինչ հանգրվան ստացավ, սրանք անպայման պատասխան ստանալու հարցեր են։ Բայց դա մանրամասն եւ տեւական աշխատանք է։ Այդ հարցերի պատասխանները դեռ կուսումնասիրվեն, կգտնվեն, բայց այսօր ունենք հրատապ հարցեր, որոնցից կարեւորագույնը ՀՀ-ում անվտանգություն եւ կայունություն ապահովելն է, եւ դրա համար անհրաժեշտ քայլերից մեկը, որքան էլ դա հաճելի չի հնչում, նոյեմբերի 9-ի համաձայնություններն իրագործելն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ասաց, որ այդ հայտարարությունը դատափետելն իրենց քաղաքական գործունեության հիմքում դրած ուժերից շատերը չեն ասում՝ առաջարկո՞ւմ են արդյոք հրաժարվել դրանից, այնտեղ տեղ գտած պայմանավորվածություններից, եթե այո, ի՞նչ սցենար են նկարագրում եւ ինչի կբերի այդ սցենարը։
13:46 - 27 նոյեմբերի, 2020
Այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի հիմքով. Նիկոլ Փաշինյան

Այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի հիմքով. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց պատերազմի և դրան հաջորդած օրերի ընթացքում կատարած լայնածավալ աշխատանքի համար: «Այս ընթացքում մարզպետների աշխատանքն ամենածանրերից է եղել, հատկապես այն մարզերում, որոնք անմիջապես ռազմական գործողություններին սահմանակից են եղել: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզը, Սյունիքի մարզը, նաև մյուս մարզպետները, ովքեր նաև մարտական գործողությունների ժամանակ մեր Զինված ուժերին աջակցելու առաքելություն են իրականացրել: Մարզպետներից շատերը, եթե ոչ բոլորն առաջնագծում անցկացրել են բավականին երկար ժամանակ, ընդ որում՝ նրանց մի մասն ամենասուր ռազմական գործողությունների հատվածում: Բարձր եմ գնահատում դա և համոզված եմ նաև, որ այդ մարզերի բնակիչները նույնպես նկատել ու գնահատել են դա: Նաև մեր զինված ուժերը, բանակը նկատել և գնահատել են դա»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այժմ պետք է սկսել ապագայի մասին խոսակցությունը, «թե ինչպես ենք պատրաստվում շարունակել ապրել և ինչ նպատակներ ու ապագա ենք պատրաստվում գծագրել, ուղենշել բոլորիս համար»: «Սա ամենակարևոր խոսակցությունն է, որ այսօր պետք է տեղի ունենա: Որովհետև, ինչպես կառավարության այսօրվա նիստում ասացի, իսկապես ժամանակները շատ ծանր են, առաջիկայում մեզ սպասվում են բավականին բարդ գործընթացներ և պրոցեսներ: Այսօր ունենք խնդիր՝ անհետ կորածների հայտնաբերման, մարմինների փոխանակման, գերեվարված մեր հայրենակիցների վերադարձման, բնակարաններից, տներից, օթևանից զրկված մեր հայրենակիցների կարիքները հոգալու առումով: Եվ դեռ ձեռք բերված համաձայնությունների ու պայմանավորվածությունների կատարումը, որոնք արձանագրված են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, շատ ցավոտ են, բայց կրկին ուզում եմ արձանագրել, որ այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ, ըստ էության, այլընտրանքը կարող էր լինել ավելի ծանր, ինչքան էլ տեղի ունեցածը խնդրահարույց է բոլորիս համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է որպես հանրություն, որպես պետություն կայացնել որոշում, թե մենք ինչ ենք ուզում. այս ծանր ժամանակներն ապրո՞ւմ ենք, վերապրո՞ւմ ենք, թե՞ չենք վերապրում: «Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը միանշանակ է, որ մենք պետք է ապրենք, վերապրենք այս ծանր ժամանակները և կարողանանք հնարավորություն ստեղծել, որ մեր ժողովրդի ստեղծարար ներուժը՝ աշխատելու, ինքն իրեն դրսևորելու, բարիք ստեղծելու և այդ բարիքը մեր պետության ու ժողովրդի հետագա զարգացման հիմքում դնելու հնարավորություն ունենա: Այսօր ամենամեծ խնդիրը, որ մենք պիտի լուծենք, հետևյալն է՝ պետք է արտաքին ու ներքին անվտանգությունն ու կայունությունը կարողանանք ապահովել: Որովհետև սա, իսկապես այսօր կենսական կարիք է մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի համար: Եվ այս համատեքստում պետք է լինենք ամուր, պետք է լինենք վճռական, նաև՝ այդ պատասխանատվությունը կրելու և վերցնելու առումով: Ընդ որում, ասում եմ՝ անձամբ ինձ եմ համարում ստեղծված իրավիճակի պատասխանատուն և այդ պատասխանատվությունը չեմ պատրաստվում որևէ այլ մեկի ուսերին դնել: Բայց մյուս կողմից՝ այս իրավիճակում պետական կառավարման համակարգի գործունեությունը, կառավարելիության, կայունության լիարժեք ապահովումը չափազանց կարևոր և ռազմավարական խնդիր է: Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել մարզպետներին, որ այս ընթացքում այդ ծանր գործառույթը ստանձնել են, իրականացնում են և շարունակելու են իրականացնել»,- նշել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ վատ նորություններն արդեն հայտարարված են, բայց միևնույն է, երբ դրանք իրագործվում են, երկրորդ էֆեկտն են ունենում: «Եվ մենք պետք է կարողանանք մեր ուսերին կրել այդ բեռը, ոչ թե նրա համար, որ դա հաճելի է մեզ, այլ որովհետև դրա այլընտրանքը կարող է լինել կործանարար, դրա այլընտրանքը կարող է լինել շատ ավելի ծանր, շատ ավելի բարդ և շատ ավելի ցավոտ: Մենք սա չենք կարող թույլ տալ: Այնպես, որ հույս ունեմ, որ բոլորս տրամադրվում ենք այսպես, որովհետև հակառակը կլինի փախուստ: Հակառակը կլինի ուղղակի փախուստ: Մենք չենք պատրաստվում փախչել որևէ տեղ: Եվ պատրաստվում ենք լիարժեք կրել այս բեռը, բայց նաև հույս ունենալով, որ այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի որոշակի հիմքով, տեսլականով, ապագայի վերաբերյալ որոշակի պատկերացումներով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմի հետևանքով մարզերում ստեղծված իրավիճակը, սոցիալ-տնտեսական խնդիրները, տարբեր ոլորտներում իրականացվող կապիտալ ծրագրերի ընթացքն ու առաջիկա քայլերը:
18:09 - 26 նոյեմբերի, 2020
ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիները պատգամավորներին կոչ արեցին չեղարկել ռազմական դրությունը |armenpress.am|

ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիները պատգամավորներին կոչ արեցին չեղարկել ռազմական դրությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիներ պահանջեցին կողմ քվեարկել Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագծին, որը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Ցույցի մասնակիցների կարծիքով՝ իշխանությունը, պահպանելով ռազմական դրությունը, ցանկանում է լռեցնել իրենց բողոքի ձայնը: Հայ յեղափոխական դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ ԱԺ-ի դիմաց են՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հիշեցնելու, որ պատասխանատու են ժողովրդի առաջ: «Եվ այսօր պարտավոր են քվեարկել ռազմական դրությունը չեղարկելու օգտին: Եթե իրենք այսօր էլ տապալելու են սահմանադրական ճանապարհով այս ճգնաժամի հանգուցալուծելը, մեր պատասխանը լինելու է համարժեք»,-ասաց նա ու հույս հայտնեց, որ «Իմ քայլ»-ից ստանալու են ազդակ, որ կողմ են քվեարկելու: Քրիստինե Վարդանյանը երկրում ճգնաժամի սահմանադրական լուծման մի ճանապարհ է տեսնում՝ ռազմական դրության չեղարկում, որն էլ հետագայում թույլ է տալու օրենքով նախատեսված կարգով հեռացնել իշխանությանը և նշանակել ԱԺ արտահերթ ընտրություններ: Նրա կարծիքով՝ դա ժողովրդին թույլ է տալու կամարտահայտվել և նոր լեգիտիմության քվե տալ իր ցանկացած իշխանությանը: «Եթե հայ ժողովուրդը 3 ամիս հետո գնալու է և որոշելու է, որ նորից Նիկոլ Փաշինյանին ազատ ու արդար ընտրություններով քվե է տալու, դա հայ ժողովրդի իրավունքն է: Բայց հիմա ճգնաժամի հաղթահարման առաջին քայլը ռազմական դրության չեղարկումն է»,-ասաց նա: Նա նշեց, որ իրենց արձագանքը կլինի նիստից հետո, երբ պարզ կլինեն քվեարկության արդյունքները:
16:07 - 26 նոյեմբերի, 2020
Ռազմական դրությունը պետք է վերացվի, որից հետո վարչապետի աթոռը զբաղեցնող անձի իմպիչմենթը պետք է հայտարարենք. պատգամավոր |armtimes.com|

Ռազմական դրությունը պետք է վերացվի, որից հետո վարչապետի աթոռը զբաղեցնող անձի իմպիչմենթը պետք է հայտարարենք. պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: «Մեր նպատակը բաց է եւ թափանցիկ. զուտ դեկլարատիվ հայտարարված ռազմական դրությունը պետք է վերացվի, որից հետո մենք բոլորով վարչապետի աթոռը զբաղեցնող անձի իմպիչմենթը պետք է հայտարարենք». ռազմական դրությունը վերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը: Նախագծի հեղինակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանը երեկվանից մեկնաբանում է, թե ռազմական դրության վերացումը պահանջում են այն պատճառով, որ այն որոշակի դժվարություններ է առաջացնում արտագնա աշխատանքի մեկնողների, տնտեսական գործունեության, հավաքների ազատության եւ այլ հարցերի լուծման համար: «Հարգելի՛ քաղաքացիներ, երբ միանձյնա որոշման հետեւանքով ստորագրվեց ամոթալի հայտարարությունը, այդ օրվանից ապօրինի է երկրում ռազմական դրության պահպանումը: Եվ երբ ես ասում եմ ամոթալի հայտարարություն, դա բնավ չի նշանակում, որ ով հայ է, կարող էր դեմ լինել պատերազմի դադարեցմանը»,- շարունակեց Իսայանը՝ հավելելով, թե խոսքը պատերազմն ավելի շուտ դադարեցնելու հնարավորության մասին է:
15:47 - 26 նոյեմբերի, 2020
Ժողովուրդը պիտի որոշի, թե ապագան  ում հետ պետք է կառուցի, և ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա․ Նիկոլ Փաշինյան

Ժողովուրդը պիտի որոշի, թե ապագան  ում հետ պետք է կառուցի, և ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նիստը սկսում են կառավարության նորացված կազմով, առաջիկայում սպասվում է նաև Էկոնոմիկայի նախարարի փոփոխություն: «Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ, բայց այսօրվա մեր հրամայականը և անելիքը հետևյալն է. մենք պետք է հաղթահարենք ժամանակն ու նրա ծանրությունը: Ուզում եմ նորից ասել, որ որպես ՀՀ վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը, բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչև օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը»-, ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արտաքին և  ներքին կայունության ու անվտանգության ապահովումը և իր հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն են, և բոլոր ջանքերը պետք է կենտրոնացած լինեն այս խնդրի լուծման վրա: «Կառավարությունն Արցախի մեր հայրենակիցներին աջակցող արդեն երկու բավականին մասշտաբային միջոցառում է ընդունել: Աջակցության միջոցառումների ընդունումը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է: Առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում է լինելու նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի` պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը Տավուշի մարզում մեր իրականացրած ծրագրերի նմանությամբ»-, ասաց վարչապետը: Փաշինյանի խոսքով` բացարձակ առաջնահերթություն են անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը, և այս խնդիրների ուղղությամբ կառավարությունն աշխատում է ամենօրյա ռեժիմով: «Հիմնական բարդությունն այն է, որ այս աշխատանքի արդյունավետությունը, ցավոք, կախված է ոչ միայն մեզնից: Զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը և հետագա կատարելագործումը մեր հրատապ անելիքների ցանկում է»-, նշեց վարչապետը: Վարչապետն ընդգծեծ, որ նույնիսկ այս դժվարին ժամանակներում Հայաստանում պետք է ստեղծել բարեփոխումների հետագա շարունակականության երաշխիք, իսկ բարեփոխումների ընդգրկումն ու օրակարգը պետք է ընդլայնվեն ի հայտ եկած նոր մարտահրավերների բերումով: «Ամենահրատապ խնդիրների լուծմանը զուգընթաց պետք է տեղի ունենա նաև կատարվածի պատճառների վերհանման, պարզաբանման և վերլուծության գործընթաց, և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու: Ժողովուրդը պետք է հասու լինի ճշմարտությանը և որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա: Ըստ այդմ, կառավարության ամենակարևոր անելիքը  ՀՀ քաղաքացիների՝ սեփական երկրի և իրավիճակի տերը լինելու զգացողության և փաստի պահպանումն է, և այս հանգամանքի ինստիտուցիոնալ հզորացումը: ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի իրական տերը, և այս զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան: Նաև ժողովուրդը պիտի որոշի, թե այդ ապագան  ում հետ պետք է կառուցի, և այդ ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա»,- ասաց Փաշինյանը։
11:45 - 26 նոյեմբերի, 2020
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Մուշիկիվաբոյին Հայաստանի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար: Նա զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ Թուրքիայի կողմից հազարավոր վարձկան ահաբեկիչների ներգրավվածության հանգամանքի վրա՝ նշելով, որ նրանց ներկայությունը Ադրբեջանում այսօր լուրջ սպառնալիք է հանդիսանում միջազգային և տարածաշրջանային անվտանգության համար: Երկուստեք կարևորվել է Ադրբեջանի ինքնիշխանության տակ անցած Արցախի հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանությունը և նշվել գերիների, պատանդների ազատման և անհետ կորած անձանց վերադարձի առաջնայնությունը: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին համավարակի պայմաններում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կայուն գործունեությունն ապահովելու համար: Նա ափսոսանքով նշել է Հայաստանի նախագահության ընթացքում հյուրընկալման համար նախատեսված որոշ միջոցառումների համավարակի պատճառով չեղարկման հանգամանքը: Տիկին Մուշիկիվաբոն իր զորակցությունն է հայտնել ՀՀ վարչապետին, կարևորել է Հայաստանի դերը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում և հավաստիացրել, որ կգործադրի ամեն ջանք ՖՄԿ-ի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցությունն առավել ամրապնդելու համար: Նա իր երկրի՝ Ռուանդայի նախագահի ջերմ ողջույններն է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
19:31 - 25 նոյեմբերի, 2020