ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Կենսական նշանակության մի քանի ճանապարհահատվածներ հանվել են թերությունների համար պատասխանատվության ժամկետից

Կենսական նշանակության մի քանի ճանապարհահատվածներ հանվել են թերությունների համար պատասխանատվության ժամկետից

Կենսական նշանակության 6 ճանապարհահատվածներ (Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն կմ 0+000 - կմ 0+949, Տ-2-33-Դեղձուտ կմ 0+000 - կմ 1+360, Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ կմ 0+000 - կմ 2+740, Մ5-Սարդարապատ-Նոր Արմավիր-Տ-3-52 կմ 0+000 - կմ 6+146, Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-/Հ75/ (Ցամաքասար-Սուսեր-Նոր Արթիկ) կմ 0+000 - կմ 10+870‚ Մ1-Հայրենյանց-Տուֆաշեն-Հ83 (Հայկասար) կմ 0+000 - կմ8+872, կմ 0+000 - կմ1+579) հանվել են թերությունների համար պատասխանատվության (երաշխիքային) ժամկետից։ Այդ ճանապարհները վերականգնվել էին 2019 թ. ընթացքում և մեկ տարի շարունակ‚ ըստ պայմանագրի‚ գտնվում էին թերությունների համար պատասխանատվության ժամկետում։ Այդ ընթացքում ճանապարհները գտնվել են կապալառուների ուշադրության ներքո, ճանապարհահատվածներին ի հայտ եկած անգամ չնչին թերությունները վերացվել են նրանց կողմից։ Այս ճանապարհները տեղական նշանակության են և երաշխիքային ժամկետից հանելուց հետո հանձնվել են մարզպետարաններին։   Նշված ճանապարհահատվածները վերականգնվել են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։   Աշխատանքային խումբը՝ կազմված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի և տեխնիկական հսկողության խմբի ներկայացուցիչներից, 2020 թ․ դեկտեմբերի վերջին այցելել է նշված ճանապարհահատվածներ։   Աշխատանքային խմբի անդամները‚ դիտարկելով ճանապարհների վիճակը‚ փաստել են, որ շահագործման հանձնելուց մեկ տարի անց ևս ճանապարհները գտնվում են բարեկարգ վիճակում և կարող են հանվել երաշխիքային ժամկետից։ Այցելության ընթացքում աշխատանքային խմբի անդամները համայնքների բնակիչներին, տեղական ինքնակառավարման մարմիններին կոչ են արել խնամքով վերաբերվել ճանապարհներին, մաքրել վաքերը‚ քանի որ նաև նրանց հոգատարությամբ է պայմանավորված ճանապարհների երկարակեցությունը։
20:31 - 12 հունվարի, 2021
Համայնքների խոշորացման գործընթացը շարունակվում է․ ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում նոր նախագծով

Համայնքների խոշորացման գործընթացը շարունակվում է․ ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում նոր նախագծով

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունը (ՏԿԵՆ) շրջանառության մեջ է դրել ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է վարչատարածքային բարեփոխումներ կատարել և ձևավորել խոշորացված համայնքների նոր փնջեր։   Համայնքների խոշորացման առկա պատկերը, սպասվող փոփոխությունները Համայնքների խոշորացման գործընթացի մեկնարկից սկսած՝ ՀՀ տարբեր մարզրերում արդեն ձևավորվել է 54 խոշորացված համայնք՝ 486 բնակավայրերի միավորմամբ։ Վերջին փնջերը ձևավորվեցին  անցյալ տարվա գարնանը։ Խոսքը Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Լերմոնտովո խոշորացված համայնքների մասին է։ Այս միավորված համայնքներում ՏԻՄ նոր ընտրություններ պետք է նշանակվեին դեռ նախորդ տարվա գարնանը, իսկ նոր ՏԻՄ-երի լիազորությունները ստանձնելուց հետո այդ համայնքները պետք է գործեին միասին, սակայն ընտրություններ դեռևս տեղի չեն ունեցել։ Նոր փոփոխություններով առաջարկվում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում ձևավորել համայնքային 11 փնջեր՝ 186 համայնքների միավորմամբ։ ՏԿԵՆ-ը վստահեցնում է, որ մինչև նախագիծը կազմելը քննարկումներ են եղել համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների և բնակիչների հետ, և նրանց մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին: Շրջանային մոդելը ենթադրում է, որ համայնքային փնջերը ձևավորվելու են Խորհրդային Հայաստանի ժամանակ եղած շրջանների նմանությամբ՝ ի տարբերություն «փնջային» մոդելի, որի դեպքում համայնքային փնջերը ձևավորվում են ըստ կատարված ուսումնասիրութունների և նպատակահարմարության։ Հայաստանում մինչ այս խոշորացված համայնքներում կան և՛ շրջանային (օրինակ՝ Կապան), և՛ փնջային (օրինակ՝ Կողբ, Գորայք) մոդելով ձևավորված համայնքներ։ Արագածոտնի Դդամասարը և ևս հինգ համայնքներ եզդիաբնակ են և միավորվելու են միմյանց հետ, որ չնվազի այդ համայնքների բնակչության կառուցվածքային կազմը՝ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների համաձայն։ Կոնվենցիայի 16-րդ հոդվածով սահմանվում է․ «Կողմերը (կոնվենցիան վավերացրած,- խմբ․) պետք է ձեռնպահ մնան այնպիսի միջոցներից, որոնք փոխում են բնակչության կառուցվածքային կազմը այն տարածքներում, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանցով, և նպատակ ունեն սահմանափակելու սույն Շրջանակային կոնվենցիայի սկզբունքներից բխող իրավունքները և ազատությունները»։ Նույն տրամաբանությամբ էլ 2017-ին ձևավորվել է նաև Արագածոտնի Ալագյազ խոշորացված համայնքը, որի կազմում ընդգրկված բնակավայրերը խիտ բնակեցված են եզդի համայնքով։   Արդեն խոշորացված համայնքները՝ նոր փնջերում Անցյալ տարի ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ վարչատարածքային բարեփոխումները շարունակական գործընթաց են, հետագայում խոշորացված համայնքները կարող են որոշել և միավորվել ավելի մեծ փնջում։ Հարցին, թե դա նշանակում է, որ արդեն ձևավորված փնջերում կարող են վարչատարածքային նոր փոփոխություննե՞ր լինել, նա պատասխանել էր. «Չեմ բացառում, բայց դա արդեն հաջորդ փուլն է։ Երբ ամբողջը միավորենք, նաև կարող ենք դրան անդրադառնալ, եթե, իհարկե, օրինակ, Գորայքի բնակիչները կամավոր չեն եկել, ասել՝ մենք ուզում ենք Սիսիանի հետ նախկին շրջանի ձևաչափով միանալ։ Եթե կամավորության սկզբունքով գան, կառավարությունը կդիտարկի»։ Գիլոյանը նաև նշել էր, որ կառավարությունն արդեն խոշորացված համայնքներում կնախաձեռնի վարչատարածքային փոփոխություններ, եթե տեսնի, որ այդ համայնքներն իրենց կարողություններով չեն արդարացնում իրենց։ Վարչատարածքային փոփոխություններ առաջարկող օրենսդրական նոր փաթեթում մի քանի դեպքում առաջարկվող համայնքային փնջերում ներառված են արդեն խոշորացված համայնքներ։ Լոռու մարզի Թումանյանը 2015-ին պիլոտային ծրագրով ձևավորված առաջին խոշորացված համայնքներից մեկն է, որի կազմում միավորվել էր յոթ համայնք։ Այս նախագծով առաջարկվում է Թումանյանին միացնել ևս երեք համայնք։ Կոտայքի մարզի Եղվարդը ձևավորվել է 2017-ին, խոշորացված համայնքի կազմում ընդգրկվել է վեց համայնք։ Նոր փոփոխություններով առաջարկվում է Եղվարդի և ևս տասնմեկ համայնքի միավորմամբ ձևավորել Նաիրի խոշորացված համայնքը։ Այսպիսով, փաստորեն, նոր համայնքը ձևավորվում է շրջանային մոդելով՝ ՀԽՍՀ Նաիրիի շրջանի նմանությամբ: Կոտայքի մարզի Մեղրաձորը ձևավորվել է 2017-ին, խոշորացված համայնքի կազմում ընգրկվել է յոթ համայնք։ Այժմ առաջարկվում է միավորել Մեղրաձորը և Ծաղկաձորը։ Կոտայքի մարզի Ակունքը ևս խոշորացվել է 2017-ին՝ ներառելով ութ համայնք։ Առաջարկվում է Ակունքի ու ևս տասնմեկ համայնքի միավորմամբ ձևավորել Աբովյանը։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՏԿԵՆ-ից նշել են, որ արդեն իսկ խոշորացված համայնքները համայնքային նոր փնջերում ներառելու գաղափարը նախարարությանն է, դա համայնքների առաջարկը չի եղել․ «Առաջարկության հիմքում եղել է այն հիմնավորումը, որ այդ համայնքներին միացվող համայնքներով առանձին փնջեր ձևավորելու պարագայում չէր ապահովվի այդ փնջերի ինքնուրույնությունը, և էապես չէր բարձրանա կառավարման արդյունավետությունը: Միավորումը կկրեր ձևական բնույթ` հետագայում խնդիրներ առաջացնելու հեռանկարով: Այդ իսկ պատճառով առաջարկվում է ձևավորել ավելի հզոր և մրցունակ փնջեր` օժտված ֆինանսական, մարդկային, բնական և այլ հզոր ռեսուրսներով»:   ՏԻՄ-երի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումներ Երբ ձևավորվում է որևէ խոշորացված համայնք, կառավարությունը նշանակում է ՏԻՄ ընտրություններ, և երբ Նոր ՏԻՄ-ը ստանձնում է իր լիազորությունները, միավորված համայնքները սկսում են գործել միասին: Աշոտ Գիլոյանը մեր հարցազրույցում նշել էր, որ կառավարությունը վարչատարածքային բարեփոխումներ նախաձեռնում է այն ժամանակ, երբ խոշորացվելիք համայնքների գործող ՏԻՄ-երի լիազորությունների ժամկետը լրանում է, որպեսզի նրանք կարողանան իրենց լիազորությունները բնականոն ավարտել, և նշանակվեն նոր հերթական ընտրություններ։  Սպասվող նոր խոշորացումների դեպքում, սակայն, այս սկզբունքը չի գործելու, լինելու են ՏԻՄ-երի լիազրությունների վաղաժամկետ դադարեցումներ, ինչպես մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՏԿԵՆ-ից։ Վարչատարածքային փոփոխություններին վերաբերող օրենսդրական փաթեթի ընդունումից հետո նոր ձևավորվելիք խոշորացված համայնքների կազմում ներառվող բոլոր համայնքների ՏԻՄ-երի լիազորություններն ավարտվելու են միաժամանակ: Կառավարությունը նախ նշանակելու է ավագանու ընտրություններ: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո միավորվող համայնքների ՏԻՄ-երի լիազորությունները դադարեցվելու են, և միավորված համայնքների ավագանիները ստանձնելու են իրենց լիազորությունները:  Անցյալ տարի օրենսդրական փոփոխություններ են կատարվել, ըստ որոնց` բազմաբնակավայր համայնքներում ՏԻՄ ընտրություններն այսուհետ անցկացվելու են համամասնական կարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով ընտրվելու է ավագանի, որն էլ իր կազմից ընտրելու է համայնքապետին։ Դա է պատճառը, որ վարչատարածքային փոփոխությունների մասին օրենսդրական փաթեթի ընդունումից հետո նշանակվելու են ավագանու ընտրություններ։ ՏԿԵՆ-ից նաև հայտնել են, որ ավագանու` լիազորությունները վաղաժամկետ դադարեցված անդամների համար փոխհատուցում չի նախատեսվում, քանի որ վերջիններիս աշխատանքը հասարակական հիմունքներով է: Իսկ համայնքների ղեկավարների, ինչպես նաև լուծարվող աշխատակազմերի աշխատողների հետ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով կատարվելու է վերջնահաշվարկ:   Այլ փոփոխություններ Նոր փոփոխություններով առաջարկվում է նաև 2017-ին ձևավորված Գեղամասար խոշորացված համայնքի կենտրոնը Սոթքից տեղափոխել Գեղամասար բնակավայր։ Պատճառն, ըստ նախագծի հիմնավորման, համայնքի ավագանու որոշումն է։ Ավագանին ուղերձով դիմել է ՀՀ վարչապետին և Ազգային ժողովին՝ համայնքային կենտրոնը Սոթք գյուղից Գեղամասար տեղափոխելու առաջարկով:  Ավագանին իր առաջարկի համար հիմք է ընդունել միավորված համայնքների կենտրոնների՝ իրենց մաս կազմող բնակավայրերից առավելագույնը 20-25 կմ հեռավորություն ունենալու հանգամանքը, ինչպես նաև Գեղամասար համայնքում քաղաքացիների սպասարկման գրասենյակ բացելու անհրաժեշտությունը։ Մեկ այլ փոփոխությամբ էլ առաջարկվում է Կապանի բնակավայրերի ցանկը լրացնել Ըրկենանցով։ Ըրկենանցը մինչև Կապան խոշորացված համայնքի ձևավորումը չի գործել որպես առանձին համայնք, այդ պատճառով էլ խոշորացումից հետո չկա համայնքի բնակավայրերի ցանկում։ Առաջարկը ստացվել է Կապան համայնքի ղեկավարից։ Այն փոխանցվել է Կադաստրի կոմիտե և քննարկվել է ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստի ընթացքում՝ ստանալով դրական եզրակացություն: … Արագածոտնում այս պահի դրությամբ կա չորս խոշորացված համայնք, նոր նախագծով առաջարկվում է ձևավորել ևս երկուսը։ Արարատում կա մեկ խոշորացված համայնք, առաջարկվում է ձևավորել ևս երկուսը։ Արմավիրի մարզում խոշորացման գործընթացը դեռևս չի մեկնարկել, նոր փոփոխություններով առաջարկվում է ձևավորել համայնքային մեկ փունջ։ Լոռու մարզում կա տասներկու խոշորացված համայնք, առաջարկվում է ձևավորել ևս երկուսը (փնջերից մեկում, հիշեցնենք, ներառվելու է արդեն խոշորացված Թումանյանը)։ Կոտայքի մարզում կա վեց խոշորացված համայնք, առաջարկվում է ձևավորել ևս երեքը (բոլոր երեքի կազմում էլ ներառվելու են արդեն խոշորացված Եղվարդը, Մեղրաձորը և Ակունքը)։ Շիրակի մարզում կա յոթ խոշորացված համայնք, առաջարկվում է ձևավորել ևս մեկը։ Գեղարքունիքում կա չորս խոշորացված համայնք, նոր խոշորացումներ այս նախագծով չեն սպասվում։ Այս բոլոր մարզերում էլ առաջարկվող փոփոխություններից հետո կմնան դեռևս չխոշորացված համայնքներ։ Աննա Սահակյան
21:46 - 09 հունվարի, 2021
Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը ստացել են 765 միլիոն դրամի տեխնիկա. ՀՏԶՀ

Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը ստացել են 765 միլիոն դրամի տեխնիկա. ՀՏԶՀ

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է էականորեն նպաստել Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացմանը։ Միայն վերջին երեք ամիսների ընթացքում Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը ստացել են 765 միլիոն դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման համար նախատեսված տեխնիկական միջոցներ։ Նշված ժամանակահատվածում շահառու են եղել Կապան, Ակունք, Մեծավան, Շողակաթ, Անի, Ալավերդի, Եղեգիս, Գեղամասար, Մարմաշեն , Եղվարդ, Սարչապետ և Ախթալա համայնքները։ Տրամադրված աջակցությունը բազմազան է և ներառում է անիվավոր տրակտոր, հացահատիկային կոմբայն, կարտոֆիլատնկիչ, ինքնաթափ մեքենա, պարարտանյութի ցրիչ, գրեյդեր, թրթուրավոր տրակտոր, էքսկավատոր և այլն, ընդհանուր առմամբ` 50 միավոր տեխնիկա և մեծ թվով աղբամաններ։ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, ՀՀ կառավարություն, Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսավորմամբ։ Նույն ծրագրի շրջանակում տեխնիկական վերազինման տեսանկյունից` ակտիվ են լինելու նաև առաջիկա ամիսները, գյուղատնտեսական տարին սկսելուն ընդառաջ համալրումներ են սպասվում նաև մեծ թվով այլ համայնքների։
18:27 - 08 հունվարի, 2021
Տավուշի 5 գյուղ եւ կարեւոր ճանապարհահատվածի մի մաս Ադրբեջանին չի անցնի․ շրջանառվում է մի քանի անգամ հերքված տեղեկություն

Տավուշի 5 գյուղ եւ կարեւոր ճանապարհահատվածի մի մաս Ադրբեջանին չի անցնի․ շրջանառվում է մի քանի անգամ հերքված տեղեկություն

Երեկ՝ նոյեմբերի 7-ին համացանցում կրկին շրջանառվում էին լուրեր Տավուշի մարզի 5 գյուղի եւ կարեւոր ճանապարհահատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու մասին։ Այս անգամ նման բովանդակությամբ նյութ էր հրապարակել Pastinfo.am լրատվական կայքը։  Նյութը վերահրապարակել էին նաև մի քանի այլ լրատվական կայքեր, այդ թվում՝ 7or.am, mamul.am, bavnews.am։ Ոսկեպար համայնքի ղեկավար Սուրեն Մախսուդյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում պնդել էր, որ դրանք ընդամենը խոսակցություններ են․ «Ընդամենը ժողովրդի մեջ խոսակցություններ են ու ոչ մի լուրջ բան չկա․․․ Այս պահին ոչ մի տարածք ոչ մեկին չունենք զիջելու, ապրում ենք մեր գյուղում, մնացած գուշակությունները չեմ կարող անել»։  Չնայած այն հանգամանքին, որ Ոսկեպարի ղեկավարն ասել է՝ ոչ մի լուրջ բան չկա, եւ ոչ մի տարածք չի հանձնվելու Ադրբեջանին, այնուամենայնիվ «Փաստինֆոն» նյութի վերնագրում նշել է, թե Տավուշի 5 գյուղ եւ կարեւոր ճանապարհահատվածի մի մասը Ադրբեջանի հսկողության տակ կանցնի։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը Infocom-ի հետ զրույցում տարածվող տեղեկություններն անվանեց ապատեղեկատվություն։ Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պարբերաբար լուրեր են շրջանառվում Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքներ զիջելու, ապա՝ դրանց հերքման վերաբերյալ։ Նոյեմբերի 10-ին վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել էր Տավուշի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները, ավելի ուշ՝  նոյեմբերի 27-ին էլ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էր հերքել այս՝ նորից շրջանառվող տեղեկությունները։ Տավուշի մարզի գյուղերին վերաբերող տեղեկություններ հերքել է նաեւ Պաշտպանության նախարարությունը։   Ինչու՞ է ժամանակ առ ժամանակ Տավուշի գյուղերի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցնելու վերաբերյալ լուրեր շրջանառվում։ Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո համացանցում լուրեր տարածվեցին, թե մինչեւ նոյեմբերի 20-ը պետք է Ադրբեջանին հանձնվեն Ղազախի շրջանի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող գյուղերը, որոնք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հատվածում են։ Այս մասին հայտարարել էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Այդ կետը, սակայն, տեղ չգտավ պաշտոնական եռակողմ հայտարարության մեջ։  1990-1991 թվականներին Հայաստանն իր վերահսկողության տակ է վերցրել ադրբեջանական 8 գյուղ, որոնցից 7-ը եղել է Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանից (Տավուշի դիմաց)։ Դրանք են՝ Վերին Ոսկեպար (Յուխարը Աքսիպարա) , Ներքին Ոսկեպար (Աշաղը Աքսիպարա) , Բաղանիս-Այրում, Բարխուդարլու, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, Սոֆուլու։ Իսկ 8-րդը Արարատի մարզի Պարույր Սեւակ եւ Զանգակատուն գյուղերի միջեւ գտնվող Տիգրանաշեն (Քյարքի) գյուղն է, որը վարչականորեն պատկանում է Նախիջեւանին։ Մեր զրույցում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղարը հերքեց նաեւ Տիգրանաշենի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցնելու մասին պարբերաբար տարածվող լուրերը։ Օրեր առաջ սա հերքել է նաեւ Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը։ Նարեկ Մարտիրոսյան
16:05 - 08 հունվարի, 2021
Հանձնարարականներ Սյունիքում այլընտրանքային ճանապարհների հետ կապված. Պապիկյանն ամփոփում է տարին |armenpress.am|

Հանձնարարականներ Սյունիքում այլընտրանքային ճանապարհների հետ կապված. Պապիկյանն ամփոփում է տարին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ընթացիկ տարում միայն պետական միջոցներով հանրապետական, միջպետական, համայնքային նշանակության շուրջ 400 կմ ճանապարհ է կառուցվել: Դրան գումարած ևս 150 կմ ճանապարհահատված հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրերով: Ընդհանուր 550 կմ ճանապարհահատված է հիմնանորոգվել:  Սյունիքում նոր ճանապարհների անհրաժեշտության, զբոսաշրջային ուղիների բարեկարգման, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պայմանավորված Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհի գործարկման ժամկետների և այլ հրատապ հարցերի շուրջ հարցազրույց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ: -Պարոն Պապիկյան, մինչ տարվա ճանապարհաշինարարական աշխատանքներն ամփոփելը, կխնդրեմ անդրադառնանք Սյունիքում ստեղծված իրավիճակին: Նոր իրողություններով պայմանավորված, մի շարք համայնքներում, անվտանգությունից ելնելով շրջանցիկ ճանապարհների անհրաժեշտություն է առաջացել: Նախարարությունն արդյո՞ք ուսումնասիրել է խնդիրը, եթե այո, ապա ի՞նչ պատկեր ունենք: -Այսօր շատ կարևոր է Սյունիքում այլընտրանքային ճանապարհներ ունենալը: Գործող ճանապարհների այն հատվածները, որոնք դուրս են մնում Հայաստանի տարածքից, այլընտրանքային ուղիների անհրաժեշտություն ունեն: Ժամանակին ռելիեֆով պայմանավորված օգտագործվել են ավելի հարմար հատվածները և ճանապարհն այդ սկզբունքով է կառուցվել: Նաև խորհրդային տարիներին երկու հանրապետությունների տարածքներով անցնելու խնդիր չի եղել: Միգուցե դրանով պայմանավորված են այդպես կառուցել կամ գուցե եղել է Խորհրդային Միության քաղաքականությունը: Ասեմ, որ Սյունիքի մարզպետի միջնորդությամբ, առաջարկությամբ, անցկացրել ենք քննարկումներ և որոշում ենք ընդունել վերակառուցել Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը: Սա Կապան տանող այլընտրանքային ճանապարհ է, որի շինարարական աշխատանքները 2020 թվականին 12.5 կմ հատվածի վրա կատարվել են: Մինչ այդ՝ դեռ 2016 թվականին, մեկնարկել էր ու 2018-ին ավարտվել էր ևս 6 կմ ճանապարհի շինարարական աշխատանք: Մեր իշխանության շրջանում կառուցվել է 6 կմ, գումարած 12.5 կմ հատված: Ճանապարհի զբոսաշրջային հատվածի որոշումն ընդունվել է մեզնից առաջ, մենք դրա շարունակականությունն ենք ապահովել: Այս տարի, ինչպես նշեցի, մենք կառուցել ենք 12.5 կմ հատվածը, որը Տաթև- Աղվանի ճանապարհահատվածն է և Տաթև-Կապան ճանապարհի ընդամենը մի կտորն է: Մնացածի մասով, շուրջ 21 կմ հատվածի աշխատանքները կարվեն արդեն 2021 թվականին: Հաշվի առնելով ներկա իրողությունները՝ մենք նախագծային աշխատանքներ կատարելիս որոշակի փոփոխություններ ենք կատարում նաև չափորոշիչների մեջ, որպեսզի ճանապարհի կարգը, լայնքը վերանայվի: Այնպիսի ճանապարհ լինի, որ անհրաժեշտության դեպքում կարողանան անցնել բեռնատար ավտոմեքենաները: -Ո՞ր այլ ուղղություններով են ճանապարհների հետ կապված խնդիրներ առաջացել և ի՞նչ լուծումներ եք առաջարկում: Օրինակ, Կապան համայնքի ղեկավարը որպես խնդրահարույց առանձնացրել էր Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն և Կապան-Ագարակ  ուղղությունները: -Ներկա պայմաններում առաջացել են խնդիրներ Գորիս-Կապան ուղղությամբ, այնտեղ 5 հատված կա, որտեղ ճանապարհը մուտք է գործում հարևան երկրի տարածք և կրկին մտնում Հայաստանի տարածք: Ես նշեցի, որ դա պայմանավորված է եղել նաև ռելիեֆով: Այս ուղղությամբ արդեն հանձնարարական կա, որ այս ճանապարհի երկայնքով նույնպես հնարավոր այլընտրանքային հատվածներ գտնվի, որպեսզի ամբողջ ճանապարհահատվածն անցկացնենք Հայաստանի Հանրապետության տարածքով: Սա մի քիչ բարդ է, որովհետև ունենք դժվարանցանելի հատվածներ: Չեմ բացառում, որ անհրաժեշտություն ունենանք թունելային լուծումների: Խնդիր կա նաև Կապան-Ագարակ ճանապարհահատվածում: Այս ուղղությամբ կա այլընտրանքային ճանապարհ, որը գրունտային է: Հիմա իմ կողմից կա հանձնարարական նախագծման աշխատանքներ սկսել ու ճանապարհը վերակառուցել: Չնայած անցանելիությունն ապահովվում է, գյուղ հասնելու խնդիր չկա, բայց մենք ամեն ինչ կանենք, որ 2021-ին հնարավոր լինի անցնել ասֆալտապատ ճանապարհով: Ինչ վերաբերում է Կապան-Ճակատեն հատվածին, ապա այն վերահսկվում է ռուս սահմանապահների կողմից, ինչպես Գորիս-Կապանի 21 կմ հատվածը: Այս փուլում այնտեղ անցանելիության խնդիր չկա: -Անդրադառնալով պատերազմի դադարեցման նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ճանապարհների ապաշրջափակման կետին, արդյոք սահմանվա՞ծ են ժամկետներ՝ գործարկելու այն ճանապարհը, որը պետք է հնարավորություն տա Ադրբեջանին Հայաստանի տարածքով կապ ունենալ Նախիջևանի հետ: -Որևէ ժամկետ չկա: Այդ փաստաթղթում կա կետ ընդհանուր ճանապարհների ապաշրջափակման մասին: Հարցին ուղղակի կիսատ ենք նայում: Կա այդ կետը, որ թույլ է տրվելու Նախիջևանից Ադրբեջան անցումը, որևէ հատված նշված չէ, որևէ պայմանավորվածություն չկա, այդ թվում ժամկետների մասով: Դա ընթացքում պետք է քննարկվի և հասկանանք: Որևէ կետ առաջնային չէ, որևէ կետ երկրորդական չէ, մեկը մյուսից բխող բաներ են: Քննարկում է նաև երկաթգծերի ապաշրջափակման հարցը, մասնավորապես Նախիջևանով դեպի Իրան երկաթգիծ ունենալու հարցը: -Եթե խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին, ըստ ձեզ, տրամաբանակա՞ն է արդյոք՝ Սոթք-Քարվաճառ ճանապարհի փակումը. հնարավո՞ր է քաղաքական գործընթացների կարգավորումից հետո նաև այս ճանապարհի գործարկման հարց առաջանա: -Ես չեմ կարող մոտավոր հայտարարություն անել, ամեն ինչ հնարավոր է, որովհետև եթե մենք խոսում ենք ճանապարհների ապաշրջափակման մասին, ապա դա ենթադրում է, որ կաշխատեն Ադրբեջանի հետ կապող ճանապարհները: Հիմա, թե որ փուլում, հանրային ընկալումների ինչ մթնոլորտում… ու նաև հետագա զարգացումներն են ամեն ինչ ցույց տալու: Փաստ է, որ այդ հայտարարությունը կա, և դրանից պետք է բխեն գործողություններ: Ու նաև կա երրորդ կողմ, որն այդ հայտարարությունների իրականացման երաշխավորն է: Մեր ռուս գործընկերները շահագրիռ և գործուն աջակցում են, որ կարողանանք այդ հայտարարությունը բոլոր ասպեկտներով կյանքի կոչել: -Անդրադառնանք ճանապարհաշինարարական աշխատանքներին տարվա կտրվածքով: Որքա՞ն երկարությամբ ճանապարհահատված և քանի տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանք իրականացվեց: -Այս տարի հանրապետական, միջպետական, համայնքային նշանակության շուրջ 400 կմ ճանապարհ կառուցվել է միայն պետական միջոցներով: Դրան գումարած ևս 150 կմ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել, ընդհանուր 550 կմ ճանապարհահատվածի մասին է խոսքը: Սա մեր կատարած աշխատանքի միայն մի հատվածն է: Ես խոսում եմ ավարտված աշխատանքների մասին, հաշվի առնելով, որ մենք ունենք նաև անավարտ և մյուս տարվան փոխանցվող աշխատանքներ, նկատի ունեմ, մոտ 150 կմ ճանապարհահատված: Խոսքը վերաբերում է կենսական նշանակության վարկային միջոցներին, Մ6 Վանաձոր- Ալավերդի ճանապարհի այն հատվածին, որը դեռ չի ավարտվել, և պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքների չավարտված հատվածներին: -Ինչպիսի՞ն էր ընդհանրապես տարին այս տեսանկյունից: Համավարակով կամ պատերազմով պայմանավորված, արդյո՞ք եղել են  ճանապարհաշինարարական ծրագրեր, որոնք դադարեցվել են: - Ոչ, որևէ ծրագիր չի դադարեցվել: Տարին բավական բարդ էր ու ծանր՝ պայմանավորված թե համավարակով, թե պատերազմով: Պատերազմի ընթացքում տեխնիկայի մի զգալի հատված օգտագործվել է թե թիկունքում, թե ռազմաճակատում՝ անհրաժեշտություններից ելնելով: Աշխատողներից շատերը զորակոչվել են բանակ: Բազմաթիվ խոչընդոտներ եղել են, բայց գոնե ներքին ֆինանսական ռեսուրսների օգտագործման մեջ մենք արել ենք ամեն ինչ, որ կարողանանք հնարավորիս արդյունավետ ու լավ աշխատել: Արդյունքը կա, փաստ է, որ մենք կարողացել ենք ապահովել որոշակի ցուցանիշներ: Ասել, որ դժգոհ եմ, դատելով տարուց, չեմ կարող, որովհետև մեր աշխատակազմը բավական լավ է աշխատել, կարծում եմ, որ կարողացել ենք բավարար չափով մեր առջև դրած խնդիրը լուծել: Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:23 - 30 դեկտեմբերի, 2020
Իրանի հետ համաձայնություն է ձեռքբերվել գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի ժամկետի ավելացման և ծավալների մեծացման շուրջ

Իրանի հետ համաձայնություն է ձեռքբերվել գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի ժամկետի ավելացման և ծավալների մեծացման շուրջ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում մի շարք հանդիպումներ է ունեցել, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:    Իրան կատարած այցի շրջանակում փոխնախարար Վարդանյանին ընդունել է ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, որին նախորդել էին նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ աշխատանքային քննարկումները:   Հանդիպումների ընթացքում քննարկվել է գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի հետ կապված համաձայնագրերում փոփոխություններ կատարելու խնդիրը: Կողմերը համաձայնություն են ձեռքբերել ծրագրի ժամկետի ավելացման, գազի և էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման հարցերի շուրջ, որոնց վավերացման արդյունքում Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ:   Հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև ԻԻՀ էներգետիկայի նախարարությունում: Փոխնախարարներ Հակոբ Վարդանյանը և Հոմայուն Հաերին քննարկել են 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման ավարտական փուլի կազմակերպական խնդիրները:  
17:23 - 27 դեկտեմբերի, 2020
Հիմնանորոգվել է Եղվարդի տրանսպորտային հանգույցը. ՏԿԵՆ

Հիմնանորոգվել է Եղվարդի տրանսպորտային հանգույցը. ՏԿԵՆ

ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ Կոտայքի մարզում գտնվող Եղվարդի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Եղվարդի տրանսպորտային հանգույցը կառուցվել է խորհրդային տարիներին և կառուցումից ի վեր չէր հիմնանորոգվել։ Այն գտնվում էր վթարային վիճակում. քայքայվել էր վերին շերտը, առաջացել էին անցքեր, ինչի հետևանքով ջրային հոսքերը կորոզիայի էին ենթարկել հեծանները։ Եղվարդի տրանսպորտային հանգույցը տրանսպորտային կարևորագույն ենթակառուցվածք է։ Հիմնանորոգումն իրականացրել է «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» ՓԲԸ-ն։ Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2019 թվականին։ Ամբողջությամբ վերանորոգվել են տրանսպորտային հանգույցի միջանկյալ հենարանները, փոխվել են բոլոր հեծանները, բետոնե շերտը, կատարվել է ասֆալտապատում, տեղադրվել են անվտանգության տարրեր, արգելապատնեշներ, վերանորոգվել են տրանսպորտային հանգույցի բոլոր թևերը, կատարվել են նաև այլ աշխատանքներ։ Բարձրացվել է նաև կամրջի սեյսմակայունությունը, մեծացվել է բեռնվածքը, կամուրջը համապատասխանեցվել է ժամանակակից չափանիշներին։ Շինարարները նշում են, որ նորոգումից հետո մեծացել է տրանսպորտային հանգույցով երթևեկության ինտենսիվությունը։ Եղվարդի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։
18:23 - 25 դեկտեմբերի, 2020
Չորս մարզում և Երևանում կխնայվի շուրջ 5 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա․ ՀՏԶՀ

Չորս մարզում և Երևանում կխնայվի շուրջ 5 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա․ ՀՏԶՀ

ՏԿԵ նախարարության Ջրային կոմիտեի համակարգմամբ՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն ակտիվ փուլում է, և արդեն կան ավարտված աշխատանքներ՝ տեղեկացնում են հիմնադրամի լրատվական ծառայությունից: Ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկը ենթադրում է մեխանիկական ոռոգման համակարգերը փոխարինել ինքնահոս համակարգերով։ Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում վեց և Երևանում մեկ կառույցների աշխատանքներն արդեն ավարտվել են։ Արդյունքում՝ տարեկան կխնայվի շուրջ 5 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։ Ծրագրի երկրորդ բաղադրիչով նախատեսված է կառուցել Կոտայքի մայր ջրանցքի գլխամասային թունելը շրջանցող ջրատարը և վերականգնել Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի առավել վթարային հատվածներ։ Նախատեսված ժամկետից շուտ ավարտվել են Կոտայքի մայր ջրանցքի գլխամասային թունելը շրջանցող ջրատարի աշխատանքները, իսկ Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի առավել վթարային հատվածների նորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև 2021 թ. ոռոգման շրջանի մեկնարկը։ Նույն բաղադրիչով նախատեսված է նաև վերականգնել 22 միջտնտեսային նշանակության ջրանցքների մոտ 56 կմ երկարությամբ հատվածներ։   Այսօր աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են` 4 ջրանցքների վերականգնման ուղղությամբ։ Երրորդ բաղադրիչով նախատեսվել է 100-ից ավելի բնակավայրերում վերականգնել շուրջ 258 կմ երկարությամբ ներտնտեսային նշանակության ջրանցքներ։ Աշխատանքները մեկնարկել են 44 բնակավայրերում, և մինչ օրս կառուցվել է 59 կիլոմետր երկարությամբ ներտնտեսային ցանց։ Աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են Դվին, Նոր Ուղի, Զանգակատուն, Տեղեր, Կոշ և Թալին համայնքներում, իսկ Վանանդ, Երվանդաշատ, Նորավան, Նորապատ և Դաշտաքար համայնքներում աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Նշենք նաև, որ Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ընդհանուր արժեքը 50 միլիոն դոլար է և իրականացվում է ՀՀ Կառավարության, Եվրասիական զարգացման բանկի միջոցներով և համայնքների համաֆինանսավորմամբ։  Ծրագրի հիմնական նպատակներն են՝ փոխարինել մեխանիկական ոռոգումն ինքնահոսով, վերականգնել մայր և միջտնտեսային ջրանցքների առավել վատթար վիճակում գտնվող ջրանցքների հատվածներ, վերականգնել և կառուցել ներտնտեսային ոռոգման համակարգեր, արդիականացնել և հզորացնել ջրօգտագործողների ընկերությունները: Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն իրականացվում է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև՝ Երևանում։ Շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը:
19:51 - 24 դեկտեմբերի, 2020
ՏԿԵ նախարարությունը հերքում է լուրը, թե ադրբեջանցիները պայթեցրել են Հայաստան-Իրան գազատարը

ՏԿԵ նախարարությունը հերքում է լուրը, թե ադրբեջանցիները պայթեցրել են Հայաստան-Իրան գազատարը

 Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքում է տարածված լուրը, թե ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան» գազատարը:  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունը ստորև. «Ի պատասխան  www.politik.am լրատվական կայքի  դեկտեմբերի 23-ի «Տեսանյութ․ Ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան գազատարը» վերնագրով հրապարակման՝  տեղեկացնում  ենք, որ հրապարակման մեջ նշված տեղեկությունը, թե երեկ  Ադրբեջանի բանակը պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղը, չի համապատասխանում իրականությանը։  Իրան-Հայաստան գազամուղը շարունակում է ապահովել անխափան գազամատակարարումը Հայաստան: Լրատվամիջոցներին հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկություններ և ավելորդ խուճապ չառաջացնել հանրության շրջանում»:
11:27 - 23 դեկտեմբերի, 2020