Համայնքների խոշորացման գործընթացը շարունակվում է․ ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում նոր նախագծով
21:46 - 09 հունվարի, 2021

Համայնքների խոշորացման գործընթացը շարունակվում է․ ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում նոր նախագծով

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունը (ՏԿԵՆ) շրջանառության մեջ է դրել ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է վարչատարածքային բարեփոխումներ կատարել և ձևավորել խոշորացված համայնքների նոր փնջեր։

 

Համայնքների խոշորացման առկա պատկերը, սպասվող փոփոխությունները

Համայնքների խոշորացման գործընթացի մեկնարկից սկսած՝ ՀՀ տարբեր մարզրերում արդեն ձևավորվել է 54 խոշորացված համայնք՝ 486 բնակավայրերի միավորմամբ։ Վերջին փնջերը ձևավորվեցին  անցյալ տարվա գարնանը։ Խոսքը Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Լերմոնտովո խոշորացված համայնքների մասին է։ Այս միավորված համայնքներում ՏԻՄ նոր ընտրություններ պետք է նշանակվեին դեռ նախորդ տարվա գարնանը, իսկ նոր ՏԻՄ-երի լիազորությունները ստանձնելուց հետո այդ համայնքները պետք է գործեին միասին, սակայն ընտրություններ դեռևս տեղի չեն ունեցել։

Նոր փոփոխություններով առաջարկվում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում ձևավորել համայնքային 11 փնջեր՝ 186 համայնքների միավորմամբ։

ՏԿԵՆ-ը վստահեցնում է, որ մինչև նախագիծը կազմելը քննարկումներ են եղել համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների և բնակիչների հետ, և նրանց մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին: Շրջանային մոդելը ենթադրում է, որ համայնքային փնջերը ձևավորվելու են Խորհրդային Հայաստանի ժամանակ եղած շրջանների նմանությամբ՝ ի տարբերություն «փնջային» մոդելի, որի դեպքում համայնքային փնջերը ձևավորվում են ըստ կատարված ուսումնասիրութունների և նպատակահարմարության։ Հայաստանում մինչ այս խոշորացված համայնքներում կան և՛ շրջանային (օրինակ՝ Կապան), և՛ փնջային (օրինակ՝ Կողբ, Գորայք) մոդելով ձևավորված համայնքներ։

Արագածոտնի Դդամասարը և ևս հինգ համայնքներ եզդիաբնակ են և միավորվելու են միմյանց հետ, որ չնվազի այդ համայնքների բնակչության կառուցվածքային կազմը՝ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների համաձայն։ Կոնվենցիայի 16-րդ հոդվածով սահմանվում է․

«Կողմերը (կոնվենցիան վավերացրած,- խմբ․) պետք է ձեռնպահ մնան այնպիսի միջոցներից, որոնք փոխում են բնակչության կառուցվածքային կազմը այն տարածքներում, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանցով, և նպատակ ունեն սահմանափակելու սույն Շրջանակային կոնվենցիայի սկզբունքներից բխող իրավունքները և ազատությունները»։

Նույն տրամաբանությամբ էլ 2017-ին ձևավորվել է նաև Արագածոտնի Ալագյազ խոշորացված համայնքը, որի կազմում ընդգրկված բնակավայրերը խիտ բնակեցված են եզդի համայնքով։

 

Արդեն խոշորացված համայնքները՝ նոր փնջերում

Անցյալ տարի ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ վարչատարածքային բարեփոխումները շարունակական գործընթաց են, հետագայում խոշորացված համայնքները կարող են որոշել և միավորվել ավելի մեծ փնջում։ Հարցին, թե դա նշանակում է, որ արդեն ձևավորված փնջերում կարող են վարչատարածքային նոր փոփոխություննե՞ր լինել, նա պատասխանել էր.

«Չեմ բացառում, բայց դա արդեն հաջորդ փուլն է։ Երբ ամբողջը միավորենք, նաև կարող ենք դրան անդրադառնալ, եթե, իհարկե, օրինակ, Գորայքի բնակիչները կամավոր չեն եկել, ասել՝ մենք ուզում ենք Սիսիանի հետ նախկին շրջանի ձևաչափով միանալ։ Եթե կամավորության սկզբունքով գան, կառավարությունը կդիտարկի»։

Գիլոյանը նաև նշել էր, որ կառավարությունն արդեն խոշորացված համայնքներում կնախաձեռնի վարչատարածքային փոփոխություններ, եթե տեսնի, որ այդ համայնքներն իրենց կարողություններով չեն արդարացնում իրենց։

Վարչատարածքային փոփոխություններ առաջարկող օրենսդրական նոր փաթեթում մի քանի դեպքում առաջարկվող համայնքային փնջերում ներառված են արդեն խոշորացված համայնքներ։

Լոռու մարզի Թումանյանը 2015-ին պիլոտային ծրագրով ձևավորված առաջին խոշորացված համայնքներից մեկն է, որի կազմում միավորվել էր յոթ համայնք։ Այս նախագծով առաջարկվում է Թումանյանին միացնել ևս երեք համայնք։

Կոտայքի մարզի Եղվարդը ձևավորվել է 2017-ին, խոշորացված համայնքի կազմում ընդգրկվել է վեց համայնք։ Նոր փոփոխություններով առաջարկվում է Եղվարդի և ևս տասնմեկ համայնքի միավորմամբ ձևավորել Նաիրի խոշորացված համայնքը։ Այսպիսով, փաստորեն, նոր համայնքը ձևավորվում է շրջանային մոդելով՝ ՀԽՍՀ Նաիրիի շրջանի նմանությամբ:

Կոտայքի մարզի Մեղրաձորը ձևավորվել է 2017-ին, խոշորացված համայնքի կազմում ընգրկվել է յոթ համայնք։ Այժմ առաջարկվում է միավորել Մեղրաձորը և Ծաղկաձորը։

Կոտայքի մարզի Ակունքը ևս խոշորացվել է 2017-ին՝ ներառելով ութ համայնք։ Առաջարկվում է Ակունքի ու ևս տասնմեկ համայնքի միավորմամբ ձևավորել Աբովյանը։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՏԿԵՆ-ից նշել են, որ արդեն իսկ խոշորացված համայնքները համայնքային նոր փնջերում ներառելու գաղափարը նախարարությանն է, դա համայնքների առաջարկը չի եղել․

«Առաջարկության հիմքում եղել է այն հիմնավորումը, որ այդ համայնքներին միացվող համայնքներով առանձին փնջեր ձևավորելու պարագայում չէր ապահովվի այդ փնջերի ինքնուրույնությունը, և էապես չէր բարձրանա կառավարման արդյունավետությունը: Միավորումը կկրեր ձևական բնույթ` հետագայում խնդիրներ առաջացնելու հեռանկարով: Այդ իսկ պատճառով առաջարկվում է ձևավորել ավելի հզոր և մրցունակ փնջեր` օժտված ֆինանսական, մարդկային, բնական և այլ հզոր ռեսուրսներով»:

 

ՏԻՄ-երի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումներ

Երբ ձևավորվում է որևէ խոշորացված համայնք, կառավարությունը նշանակում է ՏԻՄ ընտրություններ, և երբ Նոր ՏԻՄ-ը ստանձնում է իր լիազորությունները, միավորված համայնքները սկսում են գործել միասին:

Աշոտ Գիլոյանը մեր հարցազրույցում նշել էր, որ կառավարությունը վարչատարածքային բարեփոխումներ նախաձեռնում է այն ժամանակ, երբ խոշորացվելիք համայնքների գործող ՏԻՄ-երի լիազորությունների ժամկետը լրանում է, որպեսզի նրանք կարողանան իրենց լիազորությունները բնականոն ավարտել, և նշանակվեն նոր հերթական ընտրություններ։ 

Սպասվող նոր խոշորացումների դեպքում, սակայն, այս սկզբունքը չի գործելու, լինելու են ՏԻՄ-երի լիազրությունների վաղաժամկետ դադարեցումներ, ինչպես մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՏԿԵՆ-ից։

Վարչատարածքային փոփոխություններին վերաբերող օրենսդրական փաթեթի ընդունումից հետո նոր ձևավորվելիք խոշորացված համայնքների կազմում ներառվող բոլոր համայնքների ՏԻՄ-երի լիազորություններն ավարտվելու են միաժամանակ: Կառավարությունը նախ նշանակելու է ավագանու ընտրություններ: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո միավորվող համայնքների ՏԻՄ-երի լիազորությունները դադարեցվելու են, և միավորված համայնքների ավագանիները ստանձնելու են իրենց լիազորությունները: 

Անցյալ տարի օրենսդրական փոփոխություններ են կատարվել, ըստ որոնց` բազմաբնակավայր համայնքներում ՏԻՄ ընտրություններն այսուհետ անցկացվելու են համամասնական կարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով ընտրվելու է ավագանի, որն էլ իր կազմից ընտրելու է համայնքապետին։ Դա է պատճառը, որ վարչատարածքային փոփոխությունների մասին օրենսդրական փաթեթի ընդունումից հետո նշանակվելու են ավագանու ընտրություններ։

ՏԿԵՆ-ից նաև հայտնել են, որ ավագանու` լիազորությունները վաղաժամկետ դադարեցված անդամների համար փոխհատուցում չի նախատեսվում, քանի որ վերջիններիս աշխատանքը հասարակական հիմունքներով է: Իսկ համայնքների ղեկավարների, ինչպես նաև լուծարվող աշխատակազմերի աշխատողների հետ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով կատարվելու է վերջնահաշվարկ:

 

Այլ փոփոխություններ

Նոր փոփոխություններով առաջարկվում է նաև 2017-ին ձևավորված Գեղամասար խոշորացված համայնքի կենտրոնը Սոթքից տեղափոխել Գեղամասար բնակավայր։ Պատճառն, ըստ նախագծի հիմնավորման, համայնքի ավագանու որոշումն է։ Ավագանին ուղերձով դիմել է ՀՀ վարչապետին և Ազգային ժողովին՝ համայնքային կենտրոնը Սոթք գյուղից Գեղամասար տեղափոխելու առաջարկով: 

Ավագանին իր առաջարկի համար հիմք է ընդունել միավորված համայնքների կենտրոնների՝ իրենց մաս կազմող բնակավայրերից առավելագույնը 20-25 կմ հեռավորություն ունենալու հանգամանքը, ինչպես նաև Գեղամասար համայնքում քաղաքացիների սպասարկման գրասենյակ բացելու անհրաժեշտությունը։

Մեկ այլ փոփոխությամբ էլ առաջարկվում է Կապանի բնակավայրերի ցանկը լրացնել Ըրկենանցով։ Ըրկենանցը մինչև Կապան խոշորացված համայնքի ձևավորումը չի գործել որպես առանձին համայնք, այդ պատճառով էլ խոշորացումից հետո չկա համայնքի բնակավայրերի ցանկում։ Առաջարկը ստացվել է Կապան համայնքի ղեկավարից։ Այն փոխանցվել է Կադաստրի կոմիտե և քննարկվել է ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստի ընթացքում՝ ստանալով դրական եզրակացություն:


Արագածոտնում այս պահի դրությամբ կա չորս խոշորացված համայնք, նոր նախագծով առաջարկվում է ձևավորել ևս երկուսը։ Արարատում կա մեկ խոշորացված համայնք, առաջարկվում է ձևավորել ևս երկուսը։ Արմավիրի մարզում խոշորացման գործընթացը դեռևս չի մեկնարկել, նոր փոփոխություններով առաջարկվում է ձևավորել համայնքային մեկ փունջ։ Լոռու մարզում կա տասներկու խոշորացված համայնք, առաջարկվում է ձևավորել ևս երկուսը (փնջերից մեկում, հիշեցնենք, ներառվելու է արդեն խոշորացված Թումանյանը)։ Կոտայքի մարզում կա վեց խոշորացված համայնք, առաջարկվում է ձևավորել ևս երեքը (բոլոր երեքի կազմում էլ ներառվելու են արդեն խոշորացված Եղվարդը, Մեղրաձորը և Ակունքը)։ Շիրակի մարզում կա յոթ խոշորացված համայնք, առաջարկվում է ձևավորել ևս մեկը։ Գեղարքունիքում կա չորս խոշորացված համայնք, նոր խոշորացումներ այս նախագծով չեն սպասվում։

Այս բոլոր մարզերում էլ առաջարկվող փոփոխություններից հետո կմնան դեռևս չխոշորացված համայնքներ։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել