Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Մեր օրակարգում կա Արցախի Հանրապետությունը ճանաչելու հարցն այնպես, ինչպես կար նախկինում․ Փաշինյան

Մեր օրակարգում կա Արցախի Հանրապետությունը ճանաչելու հարցն այնպես, ինչպես կար նախկինում․ Փաշինյան

Ազգային ժողովի հրատապ նիստի ժամանակ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով ՀՀ վարչապետին, ուղիղ եւ բաց հարց հնչեցրեց՝ այսօր մեր օրակարգում կա՞ Արցախի Հանրապետության ճանաչման հարցը։ Մարուքյանի խոսքով՝ մենք Արցախի անկախությունը չենք ճանաչել, քանի որ ընթացել են բանակցություններ, եւ քննարկվում էր, որ եթե ճանաչենք, բանակցությունը կտապալենք, հետո լայնամասշտաբ կռիվ կսկսվի, հետո Հայաստանն էլ կներգրավվի պատերազմի մեջ։ Հիմա, ինչպես նշեց Մարուքյանը, չկան բանակցություններ, լայնամասշտաբ պատերազմ է մեկնարկել, մեր օրակարգում կա՞ Արցախի ճանաչման հարցը՝ դրա շարունակական հետեւաննքերով, որից հետո Արցախում կլինի հանրաքվե, կմիանա ՀՀ-ին եւ թեման կփակենք այլեւս․ «Պիտի բաց խոսենք եւ բաց խոսում ենք»,- շեշտեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը։ Փաշինյանն այս հարցը երկու մասի բաժանեց՝ ճանաչում եւ հետո, սակայն նշեց, որ հետոյի մասին ոչինչ չի ասի, քանի որ չի կարծում, թե ճիշտ է։ Նա շարունակեց, որ այո, մեր օրակարգում կա այդպիսի հարց, ինչպես եղել է նախկինում։ Իսկ արդյոք մենք գնո՞ւմ ենք այդ քայլին, թե՞ ոչ, Փաշինյանը կարծում է, որ պետք է այդ հարցը լրջորեն քննարկել՝ գուցե այս հարց ու պատասխանի ընթացքում, եւ հնարավոր է՝ հանրային քննարկում էլ սկսվի այսպիսով, բայց մենք քննարկում ենք իրադարձությւոնների զարգացման բոլոր սցենարները։ Մարուքյանն էլ իր հերթին կոչ արեց ՀՀ-ում լայնամասշտաբ քննարկումներ սկսել՝ Արցախի ճանաչման հարցով։ Փաշինյանը, համաձայնելով ընդդիմադիր գործչի դիտարկման հետ, նշեց, որ քննարկել է պետք՝ ինչ փաստարկներ կան անելու դեպքում, եւ եթե չենք անում՝ ինչ փաստարկներ կան, որպեսզի հասկանանք այդ կշեռքի վրա ինչ ազդեցություն ենք ունենում, կամ ունենո՞ւմ ենք, թե՞ ոչ։
18:28 - 27 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանը հստակ ընդգծել է, որ պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ այլ կարգավիճակ, որը կա՛մ նույնը կլինի, կա՛մ բարձր կլինի ԼՂ ինքնավար մարզից․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը հստակ ընդգծել է, որ պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ այլ կարգավիճակ, որը կա՛մ նույնը կլինի, կա՛մ բարձր կլինի ԼՂ ինքնավար մարզից․ Նիկոլ Փաշինյան

Խորհրդարանի հատուկ նիստի ընթացքում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց․ «Այսօր չկան կարգավիճակներ, կոչումներ, դիրքեր, կարգեր, այսօր կա մեկ կերպար՝ ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, ԱՀ քաղաքացի և մարդ, որը պետք է արձանագրի մեկ բան․ կին, ծեր և երեխա սպանող Ադրբեջանի նախապայմանները չեն կարող լինել ուղենիշ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։ Ես կուզեմ, որ աշխարհը սա արձանագրի․ սա լինի խաչմերուկ, որից կա երկու ճանապարհ․ մեկ՝ դեպի հարցի փակում Արցախի Հանրապետության լիարժեք ազատության և ճանաչման ձևով»։ Պատգամավորի խոսքով՝ մենք, մեր բոլոր ներքին խնդիրներով հանդերձ, չենք կարող լինել այլ կերպարի մեջ, քան մեկ, միաբան ազգի ներկայացուցիչ ու կերպար։  Վարչպետը, պատասխանելով նրան, նշեց, որ Հայաստանի առաջ պայման է դրվել զիջել առնվազն անվտանգության գոտին՝ առանց որևէ նախապայմանի, առանց որևէ կարգավիճակային ճշգրտման։ «Ադրբեջանը շատ հստակ, այդ թվում հրապարակային ընդգծել է, որ ինքը պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ այլ կարգավիճակ, որը կա՛մ նույնը կլինի, կա՛մ բարձր կլինի ԼՂ ինքնավար մարզից։ Ես գիտեմ՝ լինելու են հարցեր՝ արդյո՞ք կարող էինք խուսափել այս իրավիճակից։ Պիտի անեինք մի բան․ համաձայնեինք, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ է՝ գուցե մի փոքր ավելի լիազորություններով։ Եթե սրան համաձայն ենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել»,- ասաց վարչապետը։ 
18:21 - 27 սեպտեմբերի, 2020
Մենք մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին, մենք պիտի նայենք իրար աչքերի մեջ եւ ասենք՝ պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի․ Նիկոլ Փաշինյան

Մենք մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին, մենք պիտի նայենք իրար աչքերի մեջ եւ ասենք՝ պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի․ Նիկոլ Փաշինյան

Խորհրդարանում հատուկ նիստ է․ քննարկվում է կառավարության՝ ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքում ելույթ ունեցավ։ «Բանակցային գործընթացում Ադրբեջանը երկար տարիներ զարգացրել է գիծը, որ կա՛մ մենք հրաժարվում ենք Արցախի ժողովրդի իրավունքներից, Արցախի հայության ինքնորոշման իրավունքից, կա՛մ ստանում ենք պատերազմ։ ՀՀ-ն եւ հայ ժողովուրդը պետք է ամուր եւ միանշանակ կանգնի Արցախի ժողովրդի իրավունքների եւ ընդհանրապես հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերում։ Սա մեր հազարամյա գոյամարտի հերթական եւ գուցե նույնիսկ ամենակարեւոր հանգրվանն է»,- նշեց վարչապետն իր ելույթի ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ մեզ չպե՛տք է ընկճեն։ Մենք ամուր պիտի կանգնենք մեր ոտքերի վրա։ «Այսօր ես չեմ եկել ասելու՝ որպես գերագույն հրամանատար, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները։ Այսօր եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես։ Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել եւ չի լինի։ Հայ ժողովուրդը ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի էս հողի վրա։ Եւ երբ ասում ենք՝ մենք բոլորս զինվորներ ենք, մենք ասում ենք մի բան․ ծեր, թե երիտասարդ, կին թե տղամարդ, պաշտոնյա թե գործազուրկ, այսօր մենք միայն մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին, մենք պիտի նայենք իրար աչքերի մեջ եւ ասենք՝ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի։ Մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մենք պիտի ահղթենք, որովհետեւ մենք պարտվելու իրավունք չունենք։ Հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան, ՀՀ-ն պիտի գոյություն ունենա հավիտյան, Արցախը պետք է ապրի, Արցախը պետք է լինի ինքնորոշված, եւ պետք է լինի անկախ, ինքնուրույն եւ հզոր, եւ հպարտ, ինչպես այսօր է եւ եղել է»,- հայտարարեց վարչապետը։ 
18:06 - 27 սեպտեմբերի, 2020
ՀՀ-ն քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ՝ հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ՝ հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի հրատապ նիստից առաջ հանդես եկավ ուղերձով՝ խոսելով այսօր առավոտից Ադրբեջանի զինված ուժերի՝ Արցախի հետ շփման գծում սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին։ Փաշինյանի ուղերձը ներկայացնում ենք ստորեւ՝ ամբողջությամբ․ «Վաղ առավոտից Արցախի Հանրապետությունը ենթարկվել է ադրբեջանական զինված ուժերի ագրեսիային։ Ռմբակոծության է ենթարկվում Արցախի խաղաղ բնակչությունը, մայրաքաղաք Ստեփանակերտը, ԱՀ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս պահի դրությամբ կան արդեն զոհեր եւ վիրավորներ՝ այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։ Օգտագործվել է ծանր սպառազինություն՝ հրետանի, հետեւակ։ Հակառակորդը գրոհի է ենթարկում Արցախի Պաշտպանության բանակի դիքրերը՝ բոլոր ուղղություններով։ ՊԲ-ն այս պահի դրությամբ համառ մարտեր է մղում եւ պատվով է կատարում Արցախը պաշտպանելու իր խնդիրը՝ ձեռնարկելով իրավիճակից բխող գործողություններ։ Իլհամ Ալիեւի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողությունների։ Դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է, դա պատերազմ է մեր անկախության, ազատության եւ արժանապատվության դեմ։ Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին, քանզի միշտ գիտակցել է, որ հայատյացությունը, թշնամանքը եւ ատելությունը, որով տասնամյակներ ի վեր ադրբեջանական բռնապետությունը սնում է իր ժողովրդին, չէր կարող որեւէ այլ արդյունքի հանգեցնել, քան պատերազմի։ Ադրբեջանի բռնապետությունն իր իսկ վարած հակահայ քաղաքականության պատանդն է դարձել եւ այսօր փորձում է արդարացնել իր իսկ որդեգրած քարոզչական խոստումները՝ Ղարաբաղի հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու մասին։ Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն։ ՀՀ-ն ԱՀ-ի անվտանգության եւ անկախության երաշխավորն է եւ ՀՀ-ն իր բնակչության ու պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին։ Մենք գործադրել եւ գործադրելու ենք հնարավոր եւ անհնար ամեն ջանք՝ մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար։ Որպես 1994-ի հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ՝ ՀՀ-ն քաղաքական դիվանագիտական եւ ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ՝ ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու եւ հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով։ Այս պահի դրությամբ հակառակորդն արդեն իսկ կրում է մարդկային եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբեւէ։ Թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին այսօր կանգնած է համայն հայությունը։ Մենք միասնական ենք ինչպես միշտ, մենք միասնական ենք, ինչպես եղել ենք մեր պատմության վճռորոշ բոլոր պահերին, երբ ոսոխը սպառնացել է մեր գոյությանը, մեր ինքնությանն ու արժեքներին։ Ադրբեջանի բռանպետ իշխանությունները պիտի հասկանան, որ անհնարին է ծնկի բերել հայ ժողովրդին։ Մենք մեր հազարմյա պատմության ընթացքում ունեցել ենք բազմաթիվ վճռորոշ պահեր եւ հաղթահարել բազում դժվարություններ։ Մեր գործն արդար է, եւ այս հանցավոր ոտնձգությունը եւս արժանի հակահարված կստանա։ Մենք լավ գիտակցում ենք, որ ադրբեջանական բռնապետությունը ռազմական գործողություններ կարող է սկսել նաեւ ՀՀ սահմանների ուղղությամբ ու դիմել տարբեր սադրանքների՝ տարածաշրջանում իրավիճակն ամբողջովին ապակայունացնելու համար։ Այս է պատճառը, որ ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների եւ միջազգային ողջ հանրության ուշադրությունը հրավիրում եմ իավիճակի լրջության վրա։ Հարավային Կովակասում լայնածավալ պատերամի բռնկումը, որի շեմին մենք հիմա կանգնած ենք, կարող է ամենաանկանխատեսելի հետեւանքներ ունենալ, այն կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից՝ ձեռք բերելով ավելի լայն մասշտաբներ՝ սպառնալով միջազգային անվտանգությանն ու կայնությանը։ Միջազգային հանրությանը կոչ եմ անում գործադրել ազդեցության բոլոր լծակները՝ զերծ պահելով Թուրքիային հնարավոր բոլոր միջամտություններից, ինչը վերջնականապես կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում։ Թուրքիայի ագրեսիվ վարքագիծը, որը խիստ վտանգավոր դրսեւորում ունեցավ հատկապես հուլիսյան դեպքերի ժամանակ եւ շարունակվում է այսօր, լուրջ մտահգության տեղիք է տալիս։ Թուրքիայի՝ նման վտանգավոր կեցվածքի պահպանումն ամենակործանարար հետեւանքներով է հղի Հարավային Կովկասի եւ հարակից տարածաշրջանների համար։ Միջազգային հանրությունը պիտի միասնական ջանքերով կանխի դեպքերի  վտանգավոր զարգացումը եւ տարածաշրջանը զերծ պահի ապակայունացնելու բոլոր փորձերից։ Այսօր մենք կանգնած ենք լուրջ վտանգի առաջ։ Իրավիճակն ավելի է բարդանում համավարակի պայմաններում։ Ուստի պահի լրջությունը պահանջում է մեր բոլորի զգոնությունը։ Մեր հաղթանակը կավխած է մեզնից յուրքանչյուրի անհատական եւ մեր միասնական հավաքական ջանքից եւ պահվածքից։ Կոչ եմ անում բոլորին ցուցաբերել բարձրագույն աստիճանի կարգապահություն եւ քաղաքացիական բարձր գիտակցություն։ Եւ մենք կհաղթենք»։
16:42 - 27 սեպտեմբերի, 2020
Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ բնակչությանը կոչ անելով պատսպարվել: Նա հայտարարել է, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայտնել է, որ հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։  Նա շեշտել է, որ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը, իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն․ «Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։ Ամուր կանգենք մեր պետության, մեր բանակի թիկունքին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մենք կհաղթենք։ Կեցցե՜ հայոց փառապանծ բանակը։ Կեցցե՜ հայոց պետականությունը։ Կեցցե՜ հայ ժողովուրդը»,- գրել է վարչապետը։
08:36 - 27 սեպտեմբերի, 2020
Ժողովրդավարություն. նպատա՞կ, թե` միջոց |acnis.am|

Ժողովրդավարություն. նպատա՞կ, թե` միջոց |acnis.am|

acnis.am: Հայաստանի բոլոր ղեկավարները եւ իշխող քաղաքական ուժերը, հատկապես իրենց իշխանավարման երկրորդ ժամկետից սկսած, ժողովրդի կողմից ընկալվում էին որպես ոչ ժողովրդավարական, եւ համարյա բոլոր ընտրություններից հետո բողոքի զանգվածային գործողություններ էին ծավալվում, որոնք ճնշվում էին ուժային միջոցներով։ Հանրությունը չէր ընդունում ընտրությունների արդյունքները։ 2018-ի զանգվածային խանդավառության պայմաններում իշխանության եկած «թավշյա» կառավարությունն ուներ հանրային աննախադեպ վստահություն, եւ կարծես թե ճնշող մեծամասնությունն ընդունեց ընտրությունների արդյունքները: Սակայն որոշ ժամանակ անց դժգոհություններ ի հայտ եկան։ Հանրության մի զգալի հատված բոլոր վարչակարգերին միշտ հակաժողովրդավարական էր համարում, հիմա եւս նույն ուղղությամբ ենք գնում։ Ո՞րն է պատճառը, ինչո՞ւ «բազմաչարչար» հայ ժողովուրդն այդքան անհանդուրժող ու անգոհ է իր իշխանություններից։ Միգուցե հիմնական պատճառը Լեւոնը, Ռոբերտը, Սերժը կամ Նիկոլը չե՞ն, միգուցե խնդիրն ավելի խորքային է, իսկ «վատ» իշխանություններն ընդամենը հանրային պատկերացումների, սպասումների եւ իրականության միջեւ աններդաշնակության արդյունք են: Չի բացառվում նաեւ, որ իշխանություններն այն չեն անում, ինչ նրանցից ակնկալում է հանրությունը կամ այդ սպասումներն են գուցե անիրական։ Վերջինիս դեպքում նշանակում է, որ խնդիրն աշխարհի ու մեզ շրջապատող միջավայրի մասին հասարակության պարզունակ պատկերացումներն են։ Քաղաքականապես ակտիվ զանգվածը մի տեսլական է ձեւավորել, թե մեր նպատակը ժողովրդավարություն կառուցելն է, եւ ցանկացած իշխանություն հեղինակազրկվում է, երբ մարդիկ տեսնում են նրանց հակաժողովրդավարական քայլերը։ Մինչդեռ հանրության գլխավոր իղձն ամենեւին էլ ժողովրդավարությունը չէ։ Վերջինս կառավարման մեխանիզմ է, բայց ոչ նպատակ։ Պարզ ասած` դա միջոց կամ գործիք է կոնկրետ խնդիրներ լուծելու համար։ Գործիքը չի կարող նպատակ լինել, սակայն հանրային խոսույթին հետեւելիս` նկատելի է, որ ամենաշատ արտաբերվող բառը «ժողովրդավարություն»-ն է, որը, թերեւս, զիջում է միայն «կոռուպցիա»-ին։ Երբ ժողովրդավարությունը, այսինքն` գործիքը, ներկայացվում է որպես նպատակ, այդժամ էլ սկսվում է այն, ինչ տեսնում ենք արդեն երեսուն տարի։ Բանն այն է, որ եթե ժողովրդավարությունը դառնում է նպատակ, նշանակում է` չկա ոչ մի այլ իրական նպատակ կամ եղածները վատն են, որոնց մասին բարձրաձայն չեն խոսում: Արդյունքում հանուն ժողովրդավարության հաղթանակի, հնարավոր է` հաստատվի դիկտատուրա, խախտվեն մարդու իրավունքները, որքան էլ սա արտառոց հնչի։   Շարունակությունը՝ acnis.am-ում։
21:00 - 26 սեպտեմբերի, 2020
ԼՂ ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել կարգավիճակը. ՀՀ վարչապետը՝ ՄԱԿ ԳԱ-ին

ԼՂ ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել կարգավիճակը. ՀՀ վարչապետը՝ ՄԱԿ ԳԱ-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ։«Գլխավոր ասամբլեայի մեծարգո նախագահ,Ձերդ Գերազանցություններ,Տիկնայք և պարոնայք, Այս տարի մենք նշում ենք Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 75-ամյակը. կազմակերպություն, որը ծնվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի մոխիրներից: Մենք հիշում ենք մեր պապերի կատարած զոհաբերությունը, հանուն խաղաղության և մարդկության ապագայի նրանց կրած զրկանքներն ու չարչարանքները: Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առաջին անգամ է անցկացվում վիրտուալ ձևաչափով: Որքան էլ անհարմար և անցանկալի լինի, այս ձևաչափով հանդիպումն ապացուցում է մարդկության վճռականությունը` շարունակելու միջազգային համագործակցությունը, ինչպես նաև ցույց է տալիս մեր հանձնառությունն ու հավատարմությունը ՄԱԿ-ի սկզբունքներին և բազմակողմ համագործակցությանը: Համավարակն իրապես աննախադեպ ազդեցություն է թողել մարդկային կյանքի բոլոր ոլորտներում: Գլոբալ մարտահրավերները լուծելու համար անհրաժեշտ է, որ բոլոր պետությունները վերադառնան արդյունավետ բազմակողմանիության և միջազգային համագործակցության դաշտ` ՄԱԿ-ի հովանու ներքո: Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի, մասնավորապես` Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի առաջնային դերը Covid-19-ի դեմ համամոլորակային պայքարում: Մենք շնորհակալ ենք մեր գործընկեր բոլոր երկրներին, ովքեր աջակցեցին Հայաստանին: Մենք էլ օգնության մեր բաժինը տրամադրեցինք մեր մյուս գործընկերներին: Այս հավաքական ջանքերը հանդիսանում են միջազգային համերաշխության կարևորագույն դրսևորում: Առաջնորդվելով մեր հավաքական հանձնառության ոգով, այն է՝ ոչ մեկին չթողնել հետևում, մենք կիսում ենք այն համոզմունքը, որ վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ առողջապահական տեխնոլոգիաների և արտադրանքի արդարացի հասանելիությունը պետք է լինի համաշխարհային գերակայություն, և յուրաքանչյուր ոք, ներառյալ հակամարտության վայրերում ապրողները, պետք է հնարավորություն ունենա Covid-19-ին հակազդելու միջոցներից օգտվել անարգել և առանց սահմանափակումների:Ճիշտ այդպես էլ COVID-19- ի դեմ պատվաստանյութերը համաշխարհային նշանակության հանրային բարիք են և պետք է մատչելի լինեն բոլոր ժողովուրդներին՝ առանց խտրականության: Թույլ տվեք վերստին հավաստել Հայաստանի միանշանակ աջակցությունը Գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադար հաստատելու կոչին և COVID-19-ի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2532 բանաձևին, որը պահանջում է մարտական գործողությունների ընդհանուր և անհապաղ դադարեցում բոլոր իրավիճակներում: Տիկնայք և պարոնայք, Չնայած, որ մարդկության ջանքերն այս օրերին ուղղված էին Covid-19-ի հաղթահարմանը, մենք ականատես եղանք մեր տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապակայունացման ցավալի փորձերի: Հուլիսին Ադրբեջանը ձեռնարկեց հերթական ագրեսիվ գործողությունը: Ադրբեջանի զինված ուժերը նախահարձակ եղան Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզի ուղղությամբ: Հայաստանը կոչ արեց գնալ լարվածության անհապաղ թուլացման և համաձայնեց դադարեցնել մարտական գործողությունները՝ դրանց բռնկումից հաշված ժամեր անց, այդուհանդերձ Ադրբեջանը շարունակեց թիրախավորել խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները և չդադարեցրեց հարձակումները Հայաստանի սահմանամերձ շրջանների վրա՝ օգտագործելով հրետանի, ծանր զինատեսակներ, անօդաչու թռչող սարքեր և խոշոր հետևակային ստորաբաժանումներ: Ավելին, Ադրբեջանի իշխանություններն էլ ավելի սաստկացրին իրենց ռազմաշունչ հռետորաբանությունը՝ հատելով քաղաքակիրթ պատկերացումների բոլոր հնարավոր սահմանները: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնիսկ սպառնաց հրթիռային հարված հասցնել Հայաստանի ատոմային էլեկտրակայանին, ինչը հավասարազոր է «միջուկային ահաբեկչության» սպառնալիքի: Հուլիսյան մարտերն ի դերև հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը և հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ադրբեջանի ղեկավարության համար վաղուց հասունացել է այդ փաստն ընդունելու անհրաժեշտությունը, ուստի նրանք պետք է հրաժարվեն ուժի գործադրումից և սպառնալիքներից՝ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում: Հայաստանը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն իր հավատարմությունը: Խաղաղության գործընթացի հիմքում պետք է ընկած լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը ճանաչվել է միջազգային հանրության և միջազգային միջնորդների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այս իրավունքի ուժով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը: Այդ իսկ պատճառով, նրանց ընտրած իշխանությունները պետք է կարողանան մասնակցել բանակցություններին: Հակամարտության գոտում բնակվող մարդկանց խնդիրներն ու կարիքները պետք է դառնան բանակցությունների օրակարգի գերակայություն: Հայաստանի համար մեկ այլ առանցքային գերակայություն է անվտանգության գոյաբանական սպառնալիքների ենթարկվող Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը: Ազատությունը, ժողովրդավարությունը և մարդու հիմնարար իրավունքների հարգումն անհրաժեշտ նախապայման են հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համար բարենպաստ միջավայրի ստեղծման գործընթացում: Միայն օրինականորեն ընտրված կառավարություններն են ի զորու իրապես արտահայտել իրենց ժողովրդի շահերը և գնալ փոխզիջման: Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն օգտագործում են հակամարտությունն իրենց իշխանության հարատևությունն օրինականացնելու նպատակով: Տասնամյակներ շարունակ Հայաստանը և հայերը որպես թշնամի են դիտվել Ադրբեջանի ղեկավարության կողմից` իրենց երկրում արդարացնելու համար ցածր կենսամակարդակը, ժողովրդավարության բացակայությունը և մարդու իրավունքների համատարած խախտումներն: Հրադադարը պետք է ամրապնդվի տեղում կոնկրետ գործողություններով: Ռազմաշունչ հռետորաբանությունից և ատելության խոսքից հրաժարվելը, շփման գծում և սահմանի վրա ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումը, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի քննության մեխանիզմների ստեղծումը և տեղական հրամանատարների միջև կապի ուղիղ գծերի հաստատումն այս առումով չափազանց կարևոր են: Տիկնայք և պարոնայք,Հուլիսյան սրացման ընթացքում միջազգային հանրության կողմից հնչող կոչերը հիմնականում վերաբերում էին հրադադարի ռեժիմի պահպանմանը, երկխոսությանը և կողմերի զսպմանը: Հարևան տարածաշրջաններում, այդ թվում՝ Միջերկրածովյան Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում իր ազդեցությունն ընդլայնելու ապակայունացնող քաղաքականությանը միանգամայն համահունչ՝ Թուրքիան, այդուհանդերձ, ջանք ու եռանդ չխնայեց Հարավային Կովկասում ևս լարվածությունը մեծացնելու համար։ Ադրբեջանին իր միակողմանի աջակցությամբ և այնտեղ ռազմական ներկայության ընդլայնմամբ՝ Թուրքիան վիժեցնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը, ինչպես նաև այդ նպատակին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունները:Թուրքիան ուղղակիորեն սպառնում է Հայաստանին և ցուցադրաբար մարտաշունչ կեցվածք դրսևորում՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անմիջական հարևանությամբ Ադրբեջանի հետ անցկացնելով սադրիչ բնույթի համատեղ զորավարժություններ: Թուրքիան իր քաղաքականությունը կառուցում է մեր տարածաշրջանում ազգակցական ավանդույթների, հակամարտությունների շահագործման, Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցագործության անպատժելիության վրա: Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար: Այս համատեքստում, Հայաստանը կշարունակի ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանային և միջազգային ջանքերում՝ երկխոսության և համագործակցության միջոցով խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար:Ձերդ Գերազանցություններ,Չնայած այս տարի մեր առջև ծառացած մարտահրավերներին, Հայաստանը շարունակում է ներգրավված լինել խաղաղության և անվտանգության պահպանման միջազգային գործողություններում: Լիբանանում, Մալիում, Կոսովոյում և Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահները նպաստել են այնտեղի անվտանգությանն ու կայունությանը: Մենք պատրաստ ենք ընդլայնել մեր մասնակցությունը ՄԱԿ-ի հովանու ներքո իրականցվող խաղաղապահ գործողություններին:Տիկնայք և պարոնայք,Հայաստանը կարևորում է Կայուն զարգացում-2030 օրակարգի արդյունավետ իրականացումը:2020 թ․ի հուլիսի 10-ին Հայաստանը ներկայացրեց Կայուն զարգացման նպատակների իր երկրորդ կամավոր ազգային զեկույցը: Այս տարվա Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի թեման՝ Արագացված գործողությունները և փոխակերպման ուղիները, կատարելապես արտացոլում է 2018-ի Ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի հռչակած ազգային առաջնահերթություններն ու քաղաքականությունը:Ունենալով ժողովրդի լիարժեք աջակցությունը՝ մեր կառավարությունը վճռական է իրականացնելու բարեփոխումների իր հավակնոտ օրակարգը, որը միտված է պետական հզոր հաստատությունների միջոցով մրցունակ և ներառական ժողովրդավարական հասարակության կառուցմանը: Բարեփոխումների օրակարգը ներառում է հասարակական կյանքի յուրաքանչյուր ոլորտ՝ շեշտը դնելով մարդու իրավունքների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, անկախ դատական համակարգի և պետական կառավարման բարելավման վրա:Մենք հետամուտ ենք լայնածավալ տնտեսական և սոցիալական զարգացման օրակարգին՝ ապավինելով տեխնոլոգիական, բնապահպանական և կրթական բարձր չափանիշների: Այս շաբաթ մեր կառավարությունը շրջանառության մեջ դրեց Մինչև 2050 թվականը Հայաստանի փոխակերպման ռազմավարության նախագիծը, որում թվարկված են 16 գերնպատակներ՝ խարսխված արդիականության և առաջընթացի համարձակ տեսլականի վրա:Տիկնայք և պարոնայք,Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձը մեզ ստիպում է ընդունել մարդկային արժանապատվության և մարդու իրավունքներին սպառնացող բազմաթիվ մարտահրավերների առկայությունը: Որպես Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանը շարունակելու է մեծապես նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը և ամրապնդմանը միտված միջազգային համագործակցությանը:Ինչպես իր ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը կարևորում է բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը և կանանց ու երիտասարդների ակտիվ մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքին:Հակամարտության գոտիներում կանանց իրավունքների պաշտպանությունը և իրենց մասնակցությունը հակամարտության լուծման բոլոր փուլերին կարևոր նշանակություն ունեն: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևի դրույթների կիրարկումը մեր կառավարության կարևորագույն գերակայություններից է:Ցեղասպանությունների կանխարգելումը մշտապես բացարձակ առաջնահերթություն է եղել Հայաստանի համար: Որպես ցեղասպանության սարսափներ վերապրած ժողովուրդ՝ մենք բարոյական պատասխանատվություն ունենք մարդկության առջև` պահպանելու ցեղասպանությունների զոհերի հիշատակը և նպաստելու այդ սարսափելի ոճիրի կրկնության կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:Մենք բարձր ենք գնահատում արդյունավետ կանխարգելման միջազգային օրակարգի առաջ մղմանն ուղղված Հայաստանի ջանքերին՝ Մարդու իրավունքների խորհրդի միջոցով միջազգային հանրության արտահայտած աջակցությունը:Հայաստանն աջակցում է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի վերաբերյալ կառավարությունների, խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության միջև ներառական երկխոսության հարթակների ստեղծմանը: Հայաստանում պարբերաբար անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության գլոբալ ֆորումը» դարձել է երկխոսության այդպիսի հերթական հարթակը:Ձերդ գերազանցություններ,Միավորված ազգերի կազմակերպության 75-ամյակը պատեհ առիթ է վերահաստատելու խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների երեք փոխկապակցված հիմնասյուների կարևորությունը:Ընթացիկ հակամարտությունները, արմատականության և անհանդուրժողականության շարունակական առկայությունը, անդրազգային և համամոլորակային մարտահրավերները բացահայտում են մեր հավաքական թուլություններն ու փոխկախվածությունը:Ինչպես միշտ, մեզ անհրաժեշտ է արդյունավետ բազմակողմանիություն և հետևաբար, ուժեղ և բարեփոխված Միավորված ազգերի կազմակերպություն՝ գալիք սերունդների համար ավելի լավ ապագա, խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար: Շնորհակալություն ուշադրության համար»,- նշել է Փաշինյանը:
21:45 - 25 սեպտեմբերի, 2020
COVID-19-ի դեմ պատվաստանյութերը պետք է մատչելի լինեն բոլոր ժողովուրդներին. ՀՀ վարչապետ

COVID-19-ի դեմ պատվաստանյութերը պետք է մատչելի լինեն բոլոր ժողովուրդներին. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ, անդրադարձել է Կորոնավիրուսի դեմ պայքարին: «Գլխավոր ասամբլեայի մեծարգո նախագահ, Ձերդ Գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Այս տարի մենք նշում ենք Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 75-ամյակը. կազմակերպություն, որը ծնվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի մոխիրներից: Մենք հիշում ենք մեր պապերի կատարած զոհաբերությունը, հանուն խաղաղության և մարդկության ապագայի նրանց կրած զրկանքներն ու չարչարանքները: Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առաջին անգամ է անցկացվում վիրտուալ ձևաչափով: Որքան էլ անհարմար և անցանկալի լինի, այս ձևաչափով հանդիպումն ապացուցում է մարդկության վճռականությունը` շարունակելու միջազգային համագործակցությունը, ինչպես նաև ցույց է տալիս մեր հանձնառությունն ու հավատարմությունը ՄԱԿ-ի սկզբունքներին և բազմակողմ համագործակցությանը: Համավարակն իրապես աննախադեպ ազդեցություն է թողել մարդկային կյանքի բոլոր ոլորտներում: Գլոբալ մարտահրավերները լուծելու համար անհրաժեշտ է, որ բոլոր պետությունները վերադառնան արդյունավետ բազմակողմանիության և միջազգային համագործակցության դաշտ` ՄԱԿ-ի հովանու ներքո: Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի, մասնավորապես` Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի առաջնային դերը Covid-19-ի դեմ համամոլորակային պայքարում: Մենք շնորհակալ ենք մեր գործընկեր բոլոր երկրներին, ովքեր աջակցեցին Հայաստանին: Մենք էլ օգնության մեր բաժինը տրամադրեցինք մեր մյուս գործընկերներին: Այս հավաքական ջանքերը հանդիսանում են միջազգային համերաշխության կարևորագույն դրսևորում: Առաջնորդվելով մեր հավաքական հանձնառության ոգով, այն է՝ ոչ մեկին չթողնել հետևում, մենք կիսում ենք այն համոզմունքը, որ վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ առողջապահական տեխնոլոգիաների և արտադրանքի արդարացի հասանելիությունը պետք է լինի համաշխարհային գերակայություն, և յուրաքանչյուր ոք, ներառյալ հակամարտության վայրերում ապրողները, պետք է հնարավորություն ունենա Covid-19-ին հակազդելու միջոցներից օգտվել անարգել և առանց սահմանափակումների:Ճիշտ այդպես էլ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը համաշխարհային նշանակության հանրային բարիք են և պետք է մատչելի լինեն բոլոր ժողովուրդներին՝ առանց խտրականության: Թույլ տվեք վերստին հավաստել Հայաստանի միանշանակ աջակցությունը Գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադար հաստատելու կոչին և COVID-19-ի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2532 բանաձևին, որը պահանջում է մարտական գործողությունների ընդհանուր և անհապաղ դադարեցում բոլոր իրավիճակներում»,- նշել է նա:
21:12 - 25 սեպտեմբերի, 2020
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, էկոնոմիկայի նախարարության պատասխանատուները մանրամասն անդրադարձ են կատարել նախագծի առաջնահերթություններին և նպատակներին: Մասնավորապես, նշվել է, որ ռազմավարությամբ նախատեսվում է ներդնել այնպիսի համակարգ, որը նպաստելու է ներդրումային նոր գաղափարների գեներացմանը, ծրագրերի երկարաժամկետ հատվածում պլանավորմանը, հանրային ներդրումների կարիքների գնահատմանն ու առաջնահերթություններին: Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ: Վարչապետ Փաշինյանն առաջարկել է նախագիծն ընդունել ի գիտություն և հանձնարարել շարունակել ռազմավարության լրամշակման ուղղությամբ աշխատանքներն ու այն բերել վերջնական տեսքի՝ հաշվի առնելով այսօրվա քննարկումների արդյունքները: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև հողային բարեփոխումների ընթացիկ վիճակը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել չօգտագործվող հողատարածքների ծավալների կրճատման, օգտագործվող հողատարածքների արդյունավետության բարձրացման, գյուղատնտեսական հողերի աշխարհագրության քարտեզների ստեղծման ուղղությամբ կատարվող աշխատանքներին: 
19:58 - 25 սեպտեմբերի, 2020
Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի և սպառնալիքի լեզվով. վարչապետն ընդունել է Արցախի ԱԺ պատվիրակությանը

Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի և սպառնալիքի լեզվով. վարչապետն ընդունել է Արցախի ԱԺ պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել բացման խոսքով, որում նշել է. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի ներկայացուցիչներ, Շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար: Արցախում տեղի ունեցած ընտրություններից հետո սա նման ներկայացուցչական պատվիրակության առաջին այցն է Հայաստան: Ուրախ եմ այս ավանդույթի համար, որովհետև մենք նաև խորհրդարանների միջև գործակցության շատ մեծ օրակարգ ունենք: Ընդ որում՝ նկատի ունեմ ոչ միայն օրենսդրությունների սինխրոնացումը, այլև մենք ունենք անվտանգային ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական ընդհանուր տեսլական, և այդ ռազմավարական տեսլականը պետք է անընդհատ համակցվի, քննարկվի և ձևավորվի ընդհանուր ռազմավարական բովանդակություն: Ես ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի միջև գործակցությանը նոր լիցք է հաղորդվել, և փոխվստահության շատ բարձր մակարդակ կա, ինչը, իհարկե, շատ հեշտացնում է մեր բոլորիս աշխատանքը և նախադրյալներ ստեղծում դրա արդյունավետության համար: Գիտեք, որ տարածաշրջանում, ցավոք, բավական լարված իրավիճակ է հաստատված: Ըստ էության, մենք բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր ունենք, և շատ կարևոր է արձանագրել, թե ինչն է խանգարում այդ գործընթացի արդյունավետ լինելուն: Այս վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մեզ մեղադրել բանակցությունները վիժեցնելու մեջ՝ այն տրամաբանությամբ, որ մենք արել ենք և անում ենք հայտարարություններ, որոնք անիմաստ են դարձնում բանակցությունները: Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի և Արցախի դիրքորոշումը խիստ կառուցողական է: Էլի ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո ես արել եմ աննախադեպ հայտարարություն մեր իրականության և ընդհանրապես հակամարտության պատմության ողջ ընթացքի համար՝ ասելով, որ Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Արցախի ժողովրդի համար՝ ակնկալելով, որ այս հայտարարությունը համարժեք արձագանք կգտնի Ադրբեջանի ղեկավարության շրջանում, ինչը բանակցություններում ճեղքում արձանագրելու մեծ հնարավորություն կտար: Բայց ո՞րն էր Ադրբեջանի արձագանքը՝ այն էր, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Ըստ էության, այս հայտարարությունը նշանակում է հետևյալը, որ Ադրբեջանը, որպես նախապայման, առաջադրում է Ղարաբաղի հարցի կարգավորման մի բանաձև, որի էությունը 1988 թվականի ստատուս քվոյին վերադառնալն է: Հետևաբար, հարց՝ ինչպե՞ս կարելի է կարգավորել որևէ հակամարտություն՝ վերադառնալով նրա ակունքներին: Այսինքն՝ սա դուրս է տրամաբանությունից, որ որևէ հակամարտություն հնարավոր է կարգավորել՝ վերադառնալով նրա ծագման իրավիճակին: Այսինքն՝ ոչ թե հակամարտությունը լուծել, բերել զրոյական կետի, այլ սկսել նոր հակամարտություն: Ի՞նչ իմաստ ունի որպես հակամարտության կարգավորման նպատակ ձևակերպել նոր հակամարտության մեկնարկը: Սա, իհարկե, անտրամաբանական և ապակառուցողական մոտեցում է, և ուզում եմ ընդգծել, որ մեր բոլոր այն հայտարարությունները, որոնք, այսպես ասած, ականջահաճո չեն Ադրբեջանի ղեկավարությանը, մեր համարժեք արձագանքն են նրանց արած ապակառուցողական հայտարարություններին: Ընդ որում՝ ուզում եմ էլի հստակ ասել, որ Ադրբեջանը փորձում էր բանակցային գործընթացի հիմքում դնել հետևյալ տրամաբանությունը՝ միակողմանի զիջումներ արեք, թե չէ Ադրբեջանն ուժային մեթոդներով կլուծի հարցը: Մենք ամենասկզբից ասել ենք, որ Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել: Դա անիմաստ գործ է, որովհետև մեզ հետ այդպես խոսել չի կարելի: Մենք շատ երկար՝ և՛ անձամբ, և՛ հեռակա, և՛ հրապարակային, փորձել ենք այս դիրքորոշումները ներկայացնել. մեզ հետ պետք չէ սպառնալիքի լեզվով խոսել: Եվ շատերին թվում էր, թե սա ընդամենը հռետորաբանություն է, բայց հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը: Եվ էլի նույն կերպ խորհուրդ եմ տալիս չշարունակել նույն տրամաբանությունը, որովհետև նույն տրամաբանությունը բերելու է նույն հետևանքի: Նաև հրապարակային եմ ասել, մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Ղարաբաղի հարցը չունի ուժային լուծում: Եթե Ղարաբաղի հարցն ունի ուժային լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կասի՝ ես վաղուց դա լուծել, ավարտել եմ: Վերջ: Էլ ինչ ենք քննարկում: Բայց մենք ասում ենք՝ ոչ: Մենք համաձայն ենք, որ պետք է երկարատև, կայուն խաղաղություն հաստատվի տարածաշրջանում, և դրա համար առաջարկում ենք բանաձև, որևէ լուծում: Սա Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ղեկավարների անձնական պատասխանատվությունն է, և մենք պետք է չարչարվենք, աշխատենք՝ գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Ընդ որում՝ թվարկումների հերթականությունն այստեղ բացարձակապես էական չէ: Մենք կարող ենք հակառակն ասել: Նկատի ունեմ՝ այստեղ թվարկումը ոչ թե ըստ կարևորության է, այլ բոլորը նույն հարթության վրա են: Բայց, ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով: Ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, արձագանքի՝ ասելով, որ, այո՛, ինքը համաձայն է, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Արցախի ժողովրդի համար: Սա կնշանակի, որ մենք ունենք հնարավորություն՝ ճեղքում արձանագրել բանակցային գործընթացում: Այո՛, ես համարում եմ, որ կա հնարավորություն դա անելու, և Հայաստանն ասել է, որ մենք պատրաստ ենք լինել մաքսիմալ կառուցողական: Ընդ որում՝ ուզում եմ շատ կարևոր մեկ բան արձանագրել, որ մեր գործերը, ասելիքը, ասածները, մեր հաղորդած բովանդակությունը բաց և փակ սենյակներում որևէ կերպ իրարից չեն տարբերվում՝ ինչպես մնացած բոլոր դեպքերում, այնպես էլ այս դեպքում: Կարծում եմ, որ որևէ մեկը սրանում պետք է չկասկածի: Ինչքան էլ մենք տուժում ենք, մենք մեր ժողովրդի հետ խոսում ենք միայն ճշմարտության լեզվով: Կարող եմ ձեզ բերել օրինակ՝ կորոնավիրուսի վիճակագրությունը: Կորոնավիրուսի հետ կապված չկա մի տեղեկատվություն, որին ես անձամբ տիրապետում եմ, Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի չի տիրապետում՝ այն տարբերությամբ, որ ես միգուցե մի քանի ժամ առաջ եմ իմանում, մյուսները՝ մի քանի ժամ հետո: Մենք նաև դրա արդյունքում տուժում ենք, բայց, միևնույն է, չենք կարող գնալ այլ ճանապարհով և մեր ժողովրդի հետ խոսել հանելուկների, գլուխկոտրուկների լեզվով: Կրկին ուրախ եմ տեսնել ձեզ: Իհարկե, մենք այս ընթացքում նաև այլ ֆորմատներով հանդիպելու առիթ ենք ունեցել: Ուրախ կլինեմ լսել նաև ձեզ՝ եթե կան հարցեր, որոնց կարող եմ պատասխանել, հաճույքով կպատասխանեմ»: Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ջերմ ընդունելության համար և ևս մեկ անգամ շնորհավորել Հայաստանի անկախության 29-ամյակի առիթով: Նա բարձր է գնահատել Հայաստանի և Արցախի միջև փոխգործակցության մակարդակը, այդ թվում՝ միջխորհրդարանական ձևաչափով, ինչը վկայում է հայրենիքը հզորացնելու մեր միասնական կամքի մասին, և ընդգծել, որ Արցախի ԱԺ-ն ջանք չի խնայելու՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերն ամրապնդելու և խորացնելու համար: Ա. Թովմասյանը նշել է, որ Արցախի նորընտիր խորհրդարանի ներկայացուցիչների այցը Հայաստան և հանդիպումները բարձրագույն ղեկավարության հետ լավ հնարավորություն են համագործակցությունը զարգացնելու համար: Հանդիպմանը վարչապետը պատասխանել է Արցախի ԱԺ պատգամավորների հարցերին, անդրադարձել Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացին, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, համազգային նպատակներին ու խնդիրներին:
14:42 - 25 սեպտեմբերի, 2020