ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի հրատապ նիստից առաջ հանդես եկավ ուղերձով՝ խոսելով այսօր առավոտից Ադրբեջանի զինված ուժերի՝ Արցախի հետ շփման գծում սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին։
Փաշինյանի ուղերձը ներկայացնում ենք ստորեւ՝ ամբողջությամբ․
«Վաղ առավոտից Արցախի Հանրապետությունը ենթարկվել է ադրբեջանական զինված ուժերի ագրեսիային։ Ռմբակոծության է ենթարկվում Արցախի խաղաղ բնակչությունը, մայրաքաղաք Ստեփանակերտը, ԱՀ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս պահի դրությամբ կան արդեն զոհեր եւ վիրավորներ՝ այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։ Օգտագործվել է ծանր սպառազինություն՝ հրետանի, հետեւակ։ Հակառակորդը գրոհի է ենթարկում Արցախի Պաշտպանության բանակի դիքրերը՝ բոլոր ուղղություններով։ ՊԲ-ն այս պահի դրությամբ համառ մարտեր է մղում եւ պատվով է կատարում Արցախը պաշտպանելու իր խնդիրը՝ ձեռնարկելով իրավիճակից բխող գործողություններ։
Իլհամ Ալիեւի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողությունների։ Դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է, դա պատերազմ է մեր անկախության, ազատության եւ արժանապատվության դեմ։ Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին, քանզի միշտ գիտակցել է, որ հայատյացությունը, թշնամանքը եւ ատելությունը, որով տասնամյակներ ի վեր ադրբեջանական բռնապետությունը սնում է իր ժողովրդին, չէր կարող որեւէ այլ արդյունքի հանգեցնել, քան պատերազմի։ Ադրբեջանի բռնապետությունն իր իսկ վարած հակահայ քաղաքականության պատանդն է դարձել եւ այսօր փորձում է արդարացնել իր իսկ որդեգրած քարոզչական խոստումները՝ Ղարաբաղի հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու մասին։
Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն։ ՀՀ-ն ԱՀ-ի անվտանգության եւ անկախության երաշխավորն է եւ ՀՀ-ն իր բնակչության ու պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին։ Մենք գործադրել եւ գործադրելու ենք հնարավոր եւ անհնար ամեն ջանք՝ մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար։ Որպես 1994-ի հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ՝ ՀՀ-ն քաղաքական դիվանագիտական եւ ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ՝ ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու եւ հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով։
Այս պահի դրությամբ հակառակորդն արդեն իսկ կրում է մարդկային եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբեւէ։ Թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին այսօր կանգնած է համայն հայությունը։ Մենք միասնական ենք ինչպես միշտ, մենք միասնական ենք, ինչպես եղել ենք մեր պատմության վճռորոշ բոլոր պահերին, երբ ոսոխը սպառնացել է մեր գոյությանը, մեր ինքնությանն ու արժեքներին։
Ադրբեջանի բռանպետ իշխանությունները պիտի հասկանան, որ անհնարին է ծնկի բերել հայ ժողովրդին։ Մենք մեր հազարմյա պատմության ընթացքում ունեցել ենք բազմաթիվ վճռորոշ պահեր եւ հաղթահարել բազում դժվարություններ։ Մեր գործն արդար է, եւ այս հանցավոր ոտնձգությունը եւս արժանի հակահարված կստանա։ Մենք լավ գիտակցում ենք, որ ադրբեջանական բռնապետությունը ռազմական գործողություններ կարող է սկսել նաեւ ՀՀ սահմանների ուղղությամբ ու դիմել տարբեր սադրանքների՝ տարածաշրջանում իրավիճակն ամբողջովին ապակայունացնելու համար։ Այս է պատճառը, որ ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների եւ միջազգային ողջ հանրության ուշադրությունը հրավիրում եմ իավիճակի լրջության վրա։ Հարավային Կովակասում լայնածավալ պատերամի բռնկումը, որի շեմին մենք հիմա կանգնած ենք, կարող է ամենաանկանխատեսելի հետեւանքներ ունենալ, այն կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից՝ ձեռք բերելով ավելի լայն մասշտաբներ՝ սպառնալով միջազգային անվտանգությանն ու կայնությանը։
Միջազգային հանրությանը կոչ եմ անում գործադրել ազդեցության բոլոր լծակները՝ զերծ պահելով Թուրքիային հնարավոր բոլոր միջամտություններից, ինչը վերջնականապես կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում։ Թուրքիայի ագրեսիվ վարքագիծը, որը խիստ վտանգավոր դրսեւորում ունեցավ հատկապես հուլիսյան դեպքերի ժամանակ եւ շարունակվում է այսօր, լուրջ մտահգության տեղիք է տալիս։ Թուրքիայի՝ նման վտանգավոր կեցվածքի պահպանումն ամենակործանարար հետեւանքներով է հղի Հարավային Կովկասի եւ հարակից տարածաշրջանների համար։ Միջազգային հանրությունը պիտի միասնական ջանքերով կանխի դեպքերի վտանգավոր զարգացումը եւ տարածաշրջանը զերծ պահի ապակայունացնելու բոլոր փորձերից։
Այսօր մենք կանգնած ենք լուրջ վտանգի առաջ։ Իրավիճակն ավելի է բարդանում համավարակի պայմաններում։ Ուստի պահի լրջությունը պահանջում է մեր բոլորի զգոնությունը։ Մեր հաղթանակը կավխած է մեզնից յուրքանչյուրի անհատական եւ մեր միասնական հավաքական ջանքից եւ պահվածքից։ Կոչ եմ անում բոլորին ցուցաբերել բարձրագույն աստիճանի կարգապահություն եւ քաղաքացիական բարձր գիտակցություն։ Եւ մենք կհաղթենք»։
comment.count (0)