Սահմանադրական դատարան - ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարան - Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին։

Ասֆալտապատման վերաբերյալ վարչապետի հրապարակած նկարը շատ սիմվոլիկ է, լայն իմաստ է արտահայտում, չեմ կարծում, թե դրանով ՍԴ-ի հարցով հանրաքվեից շեղվում ենք․ Սուրեն Գրիգորյան |tert.am|

Ասֆալտապատման վերաբերյալ վարչապետի հրապարակած նկարը շատ սիմվոլիկ է, լայն իմաստ է արտահայտում, չեմ կարծում, թե դրանով ՍԴ-ի հարցով հանրաքվեից շեղվում ենք․ Սուրեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում, ամեն ինչ իր հունով ընթանում է՝ հանրաքվեի քարոզարշավի հարցում չենք ուշանում, չենք դանդաղում։ Այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը։ «Չեմ կարծում, որ գործընթացը դանդաղել է, ասեմ ավելին՝ հաշվի առնելով, որ խորհրդարանական ուժերից հանրաքվեի որոշմանը դեմ և ձեռնպահ մեր գործընկերները «ՈՉ»-ի քարոզչական կողմ չձևավորեցին, ինչպես գիտեք «ՈՉ»-ի քարոզչական կողմ ձևավորվեց 50-ից ավել քաղաքացիների կողմից, և քանի որ նոր են ձևավորվել, այս իմաստով շատ ավելի ճիշտ է, որ մի կողմն ավելի շուտ չսկսեց բովանդակային առումով քարոզչությունը, քան մյուս կողմը, չնայած դրա համար հիմքեր ուներ»,-մանրամասնեց Սուրեն Գրիգորյանը։ Պատգամավորի խոսքով՝ իրենք բովանդակային առումով վաղուց են խոսում խնդրի մասին, ինչ-որ իմաստով սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը կարելի է ասել վաղուց է ընթանում, խնդիրը շատերին է ծանոթ։ Անդրադառնալով դիտարկմանը, որ չնայած նրան, որ ասում են՝ բուն խնդրին շատերն են ծանոթ, բայց «ԱՅՈ» ասելու կոչերին զուգընթաց այնպիսի հայտարարություններ են արվում, որոնք ՍԴ-ի հետ բացարձակ առնչություն չունեն, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը գրառումը և հրապարակած նկարը ճանապարհների ասֆալտապատման վերաբերյալ, օրինակ` նաև այն, երբ ասում են, որ դա հակահեղափոխության դեմ պայքար է։ «Ինչ վերաբերում է վարչապետի հրապարակած նկարին, ապա իրականում մենք չենք կարող աչք կապել էն երևույթի վրա, որ սա պարզապես մի դատարանի ռեֆորմի խնդիր չէ, սա շատ ավելի լայն կոնտեքստ ունի և հին ու նոր արժեհամակարգային առումով կոնտեքստն այստեղ կա։ Դրա մասին չխոսելը անազնիվ կլինի, կարծում եմ՝ շատ սիմվոլիկ է վարչապետի նկարով հին ու նորի տարբերությունը ցույց տալը և միևնույն ժամանակ չեմ կարծում, որ պնդման տեղ կա, թե շեղվում է դրանով, պարզապես կոնտեքստը լայն է և դրա բոլոր ասպեկտներից էլ բավականաչափ խոսվում է»,-ասաց նա։ Շարունակությունը՝ tert.am-ում
14:30 - 20 փետրվարի, 2020
ՄԻՊ-ը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում

ՄԻՊ-ը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում

 Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում՝ հանրաքվեին մասնակցելու ու քաղաքացիների մյուս իրավունքների երաշխավորման նպատակով: «1. Հաշվի առնելով Պաշտպանի իրավասության սահմանները՝ սույն հայտարարությունը նպատակ չունի գնահատական տալու հանրաքվեի անցկացման սահմանադրականության հարցին կամ նպատակահարմարությանը կամ դրա հետ կապված դիրքորոշումներին: Հանրաքվեի գործընթացն իրողություն է և անմիջականորեն կապված է քաղաքացիների իրավունքների հետ: Հետևաբար, առաջանում է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների գործադրման անհրաժեշտություն՝ այդ իրավունքների երաշխավորման նպատակով: Ըստ այդմ, Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման դիտարկումը վերաբերելու է հանրաքվեի քարոզարշավի ողջ ընթացքին, հանրաքվեի քվեարկության օրվան և հանրաքվեի հետ կապված հնարավոր իրադարձություններին դրանից հետո: Դիտարկումն ամբողջությամբ իրականացվելու է անկախ, անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով Պաշտպանի իրավասության սահմանները: Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ: Հանրաքվեի կազմակերպման ու անցկացման ողջ ընթացքում և հանրաքվեի քվեարկության օրն աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկելու է իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները: Ապահովվելու է Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացված ահազանգերի պատշաճ քննարկումը: Հանրաքվեի գործընթացի շրջանակներում նախատեսվում է սերտ հաղորդակցություն պահպանել իրավասու բոլոր մարմինների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ: Վերջինիս հետ արդեն տեղի են ունեցել քննարկումներ համատեղ աշխատանքի հիմնական սկզբունքների առնչությամբ: Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում սերտ համագործակցություն կիրականացնի դիտորդների, քարոզչական կողմերի ու նրանց վստահված անձանց հետ: Ակտիվ համագործակցություն կլինի նաև գործընթացին ներգրավված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների հետ: Մարդու իրավունքների պաշտպանն առանձին դիտարկման է ենթարկելու լրագրողների նկատմամբ վերաբերմունքը՝ երաշխավորելու համար լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքն ու նրանց անխոչընդոտ աշխատանքը: Պաշտպանի ու աշխատակազմի հատուկ ուշադրության ներքո են լինելու վիրավորանքի, արժանապատվությունը նվաստացնող ու ատելության խոսքի հետ կապված հարցերը: Պաշտպանը հատուկ արձանագրում է անում այն մասին, որ այս երևույթները խոսքի ազատության երաշխիքներով չեն պաշտպանվում, ուստի անթույլատրելի են: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք սահմանափակված են իրենց պաշտոնական կարգավիճակով: Անհրաժեշտ է ցուցաբերել բարձր պատասխանատվություն երկրի համար կարևոր նշանակություն ունեցող այս գործընթացում: Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր պաշտոնյաներից պահանջում է խստորեն պահպանել իրենց կարգավիճակի սահմանները: Հանրաքվեի գործընթացին մասնակցող կամ չմասնակցող բոլոր կողմերին, ինչպես նաև սոցիալական մեդիայի բոլոր օգտատերերին կոչ է արվում զերծ մնալ վիրավորանք կամ ատելություն պարունակող կամ այդպիսիք խրախուսող խոսքից կամ հայտարարություններից, ինչպես նաև նման քննարկումների ներքաշվելուց: Անհրաժեշտ է հարգանքով վերաբերվել տարբերվող կարծիքների նկատմամբ ու բոլոր քննարկումները ծավալել համերաշխության մթնոլորտում: Հանրաքվեին մասնակցելու և հանրաքվեի գործընթացի հետ կապված իրավունքներին առնչվող հարցերով Պաշտպանին կարելի է դիմել 116 կամ 096116100 թեժ գծի շուրջօրյա հեռախոսահամարներով»,- ասված է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հայտարարության մեջ:
11:39 - 20 փետրվարի, 2020
«Այո»-ի ճակատը քարոզարշավը կսկսի փետրվարի վերջին. Հովակիմյան |armenpress.am|

«Այո»-ի ճակատը քարոզարշավը կսկսի փետրվարի վերջին. Հովակիմյան |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրության փոփոխությունների ապրիլի 5-ի հանրաքվեի «Այո» քարոզչության կողմի շտաբը ձևավորված է, և ընթանում է կազմակերպչական աշխատանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Այո» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: ««Այո»-ի շտաբը ձևավորված է, ձևավորվում են նաև տարածքային շտաբներ, մեր տարածքային պատասխանատուները զբաղված են տարածքների ընտրությամբ՝ հնարավոր շտաբներ ձևավորելու համար, որպեսզի կնքվեն վարձակալության պայմանագրեր և այլն: Կազմակերպչական աշխատանքներ են տարվում»,- նշեց Հովակիմյանը: Նա հայտնեց, որ քարոզարշավը, ամենայն հավանականությամբ, կսկսվի փետրվարի վերջին: «Ամեն դեպքում առաջիկայում դրա մասին կհայտարարվի, երբ արդեն հստակ օրացուցային պլանը պատրաստ կլինի: Ենթադրում եմ, որ շտաբի պետ Սուրեն Պապիկյանը կիրազեկի կամ նրա հանձնարարությամբ շտաբի պատասխանատուներից որևէ մեկը»,- եզրափակեց Հովակիմյանը:
17:20 - 18 փետրվարի, 2020
Քաղաքացիները շատ լավ հասկանում են, թե ինչու պետք է գնան ընտրատեղամասեր. Արուսյակ Ջուլհակյան |lragir.am|

Քաղաքացիները շատ լավ հասկանում են, թե ինչու պետք է գնան ընտրատեղամասեր. Արուսյակ Ջուլհակյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ։ Տիկին Ջուլհակյան, ի՞նչ տեղի կունենա, եթե հանրաքվեի նախօրեին ՍԴ յոթ դատավորներ հրաժարական տան։ Այնուամենայնիվ, հանրաքվե պետք է տեղի ունենա՞։ Եթե հանրաքվեի առարկան ուղղակի սպառվի, ապա հանրաքվե անելու իմաստն այլևս չի լինի։ Մենք չենք կարող հանրաքվե անել գոյություն չունեցող հարցի շուրջ, այսինքն՝ եթե ՍԴ անդամները հրաժարական ներկայացնեն, ապա քաղաքացուն հարցնել՝ արդյոք ինքը կողմ է, որ ՍԴ 7 անդամները դադարեցնեն իրենց պաշտոնավարումը, ուղղակի կկորցնի իր իմաստը։ Բայց կա օրենսդրական բաց։ Այո, կա այդ բացը։ Դա թերևս պայմանավորված է նրանով, որ մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք գտնվում։ Երբ օրենսդիրը նախկինում հանրաքվեի մասին օրենք է ընդունել, ենթադրում եմ, որ չի նախատեսել այն դեպքերը, երբ մինչև հանրաքվեն հանրաքվեի առարկան ուղղակի սպառվում է։ Այսինքն՝ ստանդարտ իրավիճակների շուրջ է ձևավորել իր բանավեճը կամ քննարկումը նախագիծը կազմելիս, հետո նաև ընդունելիս։ Հետևաբար, չի նախատեսել լուծումներ այն դեպքերի համար, երբ հանրաքվեի առարկան մինչև հանրաքվեի օրը ուղղակի սպառվում է, և հանրաքվեով լուծվելիք խնդիրը լուծվում է մինչև հանրաքվեն։ Կապրենք, կտեսնենք՝ ինչ կլինի։ Ես բնավ չունեմ վստահություն, որ ՍԴ 7 անդամների ամբողջ կազմը հրաժարական կներկայացնի։ Չեմ բացառում, որ նրանց մեջ լինեն մի քանիսը, որոնք գնան այդ քայլին, այդ թվում մինչև փետրվարի 27-ը, օգտվելով վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորությունից։ Կարծում եմ՝ ամբողջ կազմը չի գնա այդ քայլին, և մենք, այսպես թե այնպես, կունենանք հանրաքվե։ Այնուամենայնիվ, եթե ՍԴ բոլոր 7 անդամները հրաժարական տան, ստացվում է, որ հանրաքվեի վրա գումարների անիմաստ վատնո՞ւմ է լինելու։ Եթե լինի, ապա գուցեև այո, բայց կրկնեմ, որ ես նման կանխատեսում չունեմ, չեմ կարծում, որ դա հնարավոր տարբերակ է։ Ինչպե՞ս է իշխանությունը համոզելու քաղաքացուն գալ ընտրատեղամաս՝ հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխությունների նկատմամբ միշտ եղել է անտարբերություն։ Ես կարծում եմ, որ քաղաքացուն համոզելու խնդիր չի առաջանալու, քանի որ քաղաքացին շատ լավ գիտակցում է, թե ինչ կարևորության հարցի առաջ է մեր պետությունն ու հանրությունը կանգնած։ Պետք է նորից արձանագրեմ, որ դատական իշխանության խնդիրների, այդ թվում նաև ՍԴ-ում առկա ճգնաժամի մասին քաղաքացիները խոսում են պարբերաբար և մեզ ամիսներ շարունակ պահանջ են ներկայացնում՝ օր առաջ լուծել թե դատական համակարգի անկախության, թե ՍԴ ճգնաժամի հարցը։ Օրինակ՝ հիմա շատ է խոսվում այն մասին, որ տեսեք, գյուղացուն հետաքրքրում է բացառապես իր սոցիալական վիճակը, նրան չի հետաքրքրում դատական իշխանությունը, ՍԴ-ն։ Ես պետք է չհամաձայնեմ նման բան պնդողների հետ, որովհետև մարզային այցերի ժամանակ իմ փորձով եմ համոզվել, որ ՍԴ-ի խնդիրը բազմիցս բարձրաձայնվում է նաև մարզերում։ Ամենաշատ տրվող հարցերից մեկն այն է, թե երբ է այս ճգնաժամը վերջապես լուծվելու։ Ես կարծում եմ, որ հավելյալ բացատրությունների անհրաժեշտություն պարզապես չի լինի քաղաքացիներին համոզելու համար, թե ինչու իրենք պետք է գնան ընտրատեղամասեր։ Մենք բոլորս քանիցս համոզվել ենք, որ ՀՀ քաղաքացին շատ ռացիոնալ և պրագմատիկ է ու ամեն անգամ, երբ տեսնում է իր մասնակցության անհրաժեշտությունը, համոզվում է՝ իր մասնակցությունը փոփոխությունների հասնելու համար կարևոր է, չի վարանում ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացին։ Ավելին կարդացեք Lragir.am կայքում։
12:26 - 18 փետրվարի, 2020
Այո՛, պնդում ենք, որ սա հակասահմանադրական գործընթաց է. Ռուբեն Մելիքյանը՝ «Ոչ»-ի շտաբի հայտ ներկայացնելու մասին |tert.am|

Այո՛, պնդում ենք, որ սա հակասահմանադրական գործընթաց է. Ռուբեն Մելիքյանը՝ «Ոչ»-ի շտաբի հայտ ներկայացնելու մասին |tert.am|

tert.am: Եթե չլիներ «Ոչ»-ի քարոզչություն, ապա հնարավոր չէր լինի մեր քաղաքացիներին հասու դարձնել՝ ինչպես «Այո»-ն հաստատող, այնպես էլ «Այո»-ն բացառող մյուս տարբերակները: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույց ասել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով «Ոչ»-ի շտաբի նոր հայտ ներկայացնելուն։ «Այո՛, մենք պնդում ենք, որ սա հակասահմանադրական գործընթաց է։ Ոչ միայն պնդում ենք, այլև խնդրագիր ենք ներկայացրել ՀՀ նախագահին, ցավոք, նախագահը նշանակեց հանրաքվեն։ Մեր պետական շահի տեսանկյունից՝ մենք շատ ավելի մեծ վնասներ և կորուստներ կունենանք, եթե բացի հակասահմանադրականությունից խնդիր հարուցվի նաև արդարացիությունն այս գործընթացում»,- ասաց նա։ Մելիքյանը ընդգծեց, որ «Ոչ»-ի շտաբի նախաձեռնող խմբով ցանկություն և ժամանակ չունեն շատ ակտիվ քարոզարշավ իրականացնելու, մարզերով պտտվելու և այլն: 
12:06 - 18 փետրվարի, 2020
Սահմանադրական դատարանի նիստը՝ ՈՒՂԻՂ  |factor.am|

Սահմանադրական դատարանի նիստը՝ ՈՒՂԻՂ |factor.am|

factor.am: Այսօր՝ 2020 թվականի փետրվարի 18-ին, հրավիրվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նիստ` քննության առնելու` 1. Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ վարչական դատարանի դիմումների հիման վրա՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերության, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործը (բանավոր ընթացակարգով) 2. ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի՝ այնքանով, որքանով ոստիկանության ծառայողին արգելում է լինել կրոնական կազմակերպության անդամ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը (գրավոր ընթացակարգով)
11:45 - 18 փետրվարի, 2020
Ոչ թե Սահմանադրության տեքստի կոսմետիկ փոփոխություններ, այլ՝ սահմանադրական բարեփոխումներ. «Ժողովրդական ուղի»

Ոչ թե Սահմանադրության տեքստի կոսմետիկ փոփոխություններ, այլ՝ սահմանադրական բարեփոխումներ. «Ժողովրդական ուղի»

Ոչ թե Սահմանադրության տեքստի կոսմետիկ փոփոխություններ պետք է արվեն, այլ սահմանադրական բարեփոխումներ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով վերջին շրջանում hայաստանյան իշխանությունների կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխություններն ու մասնավորապես դրա անհրաժեշտությունը թելադրող պատճառները եւ բովանդակությունը «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ Է. Փաստելով, որ 1195, 2005 եւ 2015 թվականներին ՀՀ իշխանությունների կողմից նախաձեռնված ու հանդուգն կերպով, կեղծիքներով իրականացված սահմանադրական հանրաքվեների արդյունքում ժողովրդին զոռբաությամբ հրամցված ՀՀ Սահմանադրության, սկզբում տեքստը, այնուհետ նաեւ բովանդակությունը, որի հետեւանքով ազգային հարստությունը անդառնալի ինքնասեփականաշնորհվեց, իսկ ազգի բարոյահոգեբանական անկումը բերեց բացասական դեմոգրաֆիայի, ապա համարում ենք, որ ՀՀ Սահմանադրության ներկայիս գործող տեքստը բովանդակային առումով ո՛չ ընդունված, եւ ո՛չ էլ լեգիտիմ է: Մինչդեռ, մտահոգ լինելով այսօրվա ՀՀ սահմանադրական փոփոխություններով առ այն, որ դրանք նախաձեռնված են կոնկրետ մի քանի պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոններից հեռացնելուն, այլ ոչ թե հայոց պետականության պատմության ողջ ընթացքում գրեթե առաջին անգամ ընձեռնված իրական ժողովրդավարության պայմաններում, առանց սահմանադրական հանրաքվե կեղծելու եւ, ամենից կարեւորը, իսկական ՀՀ Սահմանադրություն եւ սահմանադրական կարգ հաստատելու նպատակով ժողովրդի ակտիվ մասնակցությամբ ցանկությունների կամարտահայտության արձանագրումը: Արձանագրելով, որ այսօրվա Հայաստանի Հանրապետության իշխանությունն, ի դեմս վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի վայելում է ժողովրդի ճնշող մեծամասնության հարգանքն ու վստահությունը, ապա համոզված ենք, որ վերջինս այդ հեղինակությունը պետք է ներդնի ոչ թե Սահմանադրության տեքստի կոսմետիկ փոփոխություններին, այլ հանդես գալով պետականամետ դիրքերից, ավելի լայնածավալ քննարկման միջոցով իրականացնի սահմանադրական բարեփոխումներ՝ առաջին անգամ իրական սահմանադրական հանրաքվեի միջոցով ընդունվի Հայաստանի Հանրապետության իրական Սահմանադրություն: Այլ կերպ, ներկայիս, թեկուզեւ լեգիտիմ կերպ իրականացված սահմանադրության տեքստի կոսմետիկ փոփոխությունները կբերեն նախկին կեղծիքներով ոչ լեգիտիմ ընդունված սահամանադրության լեգիտիմացմանը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստում եւ բովանդակությունում տեսնելով՝ մարդու իրավունքների եւ ազատությունների իրական երաշխիքների, իշխանության թեւերի իրական բաժանման, միմիանց զսպումների եւ հակակշիռների իրական մեխանիզմների դրույթների ամրագրման անհրաժեշտություն, համարում ենք, որ ՀՀ ներկայիս իշխանությունները դրսեւորում են շտապողականություն, հետեւաբար կոչ ենք անում խորապես մշակել ու ժողովրդի դատին ներկայացնել բոլորովին նոր կշռադատված ու գիտակցված Սահմանադրություն: Հարկ է գիտակցել նաեւ հանրաքվեի կազմակերպման համար պետբյուջեից հատկացվող առհելի գումարը:
11:25 - 18 փետրվարի, 2020