Ինֆոքոմ

Արփինե Հովհաննիսյանի պնդումը՝ պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման մեխանիզմների մասին, թերի է

Արփինե Հովհաննիսյանի պնդումը՝ պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման մեխանիզմների մասին, թերի է

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրառմամբ անդրադարձել է Ազգային ժողովում նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծին։ «ԱԺ-ում մի շարք իշխանական պատգամավորների հարցադրումները եւ պոպուլիստական հայտարարությունները ցույց տվեցին` որքան հեռու են նրանք նախագծի վերաբերյալ նույնիսկ տարրական գիտելիքներ տիրապետելուց»,- գրել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ հայտարարություններին չի անդրադառնա, այլ մի քանի բովանդակային դիտարկում-առաջարկներ կանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։ Հովհաննիսյանը, նշելով, որ նախագծի հիմնավորման մեջ շատ է հղում կատարվում ՄԻԵԴ նախադեպային պրակտիկային, գրել է, որ այստեղ էլ պետք է դրսեւորել չափազանց զգույշ մոտեցում` խորամուխ լինելով գործի բոլոր հանգամանքներին․ «Օրինակ` Եվրոպական դատարանը որոշ դեպքերում սահմանել է, որ վարույթի շրջանակում մի երկրում չկա օրենքի հետադարձության ուժի խնդիր կամ անմեղության կանխավարկածը չի խախտվում, սակայն դրանք պայմանավորված են եղել քննարկվող պետությունում մի շարք այլ պայմանների միաժամանակյա առկայությամբ: Քննարկենք մի շատ կարեւոր օրինակ. նախագծի հիմնավորման մեջ որպես դրական օրինակ նշվում է «Գոգիթիձեն եւ մյուսները՝ ընդդեմ Վրաստանի գործը»: Այս գործով թեեւ ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ վարչական կարգով գույքի բռնագանձումը իրավաչափ է, բայց կատարել է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ շեշտադրում: Այսպես` դատարանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրավաչափ էր Վրաստանում հետադարձ ուժ տալը գույքի բռնագանձման օրենքին, հատուկ ընդգծել էր, որ գույքի բռնագանձման օրենքը պաշտոնատար անձանց հաշվետու վարքագծին վերաբերող առաջին օրենքը չէր, քանի որ դեռ 1997 թվականին Վրաստանում ընդունվել էր օրենք, որը սահմանում էր գույքը պաշտոնատար անձանց գույքը հայտարարագրելու պահանջ, այդ իսկ պատճառով դատարանը եկել է այն եզրակացության, որ 2004 թվականի օրենքը ուղղակի 1997 թվականի օրենքի շարունակական զարգացումն էր»: Նախկին նախարարը հարց է հնչեցրել՝ ի՞նչ է սա նշանակում մեզ համար․ «ՀՀ-ում «Հանրային ծառայության մասին օրենքը», այսինքն` հայտարարագրման պահանջ սահմանող օրենքը, ընդունվել է 2011 թվականին։ Այսինքն` մինչ այդ պահը չի եղել գույքի եւ եկամուտների հայտարարագրման հստակ համակարգ մեր երկրում, եւ հստակ չկա այն սանդղակը, որի հետ պետք է համեմատել պաշտոնյայի գույքը եւ եկամուտները»։ Արփինե Հովհաննիսյանը ՄԻԵԴ-ի վերոնշյալ մեկնաբանությունը ներկայացնում է որպես գնահատական, այնինչ ՄԻԵԴ-ն ընդամենն արձանագրում է, որ Վրաստանում 2004-ին գրված օրենքը 1997-ի որոշ իրավական ակտերի շարունակությունն է՝ առանց դրան դրական կամ բացասական գնահատական տալու (B merits 1․ 84 «Այդ փոփոխություններից յոթ տարի առաջ՝ 1997 թվականին, արդեն գոյություն ուներ համապատասխան օրենք):  Նախկին նախարարը նաեւ գրել է, թե հայտարարագրերի բացակայության պայմաններում դատախազությունը իրավական ճանապարհով դժվար թե կարողանա պատշաճ կերպով հիմնավորել անհամապատասխանությունը օրինական եկամուտների եւ ձեռք բերված գույքի արժեքի միջեւ, ինչի դեպքում էլ, նրա համոզմամբ, ստեղծվում է իրավիճակ, որ օրենքի գործողությունը տարածվելու է 1991թ․-ից սկսած ժամանակահատվածի վրա, բայց փաստացի հնարավոր է լինելու իրացնել 2011թ․-ից սկսած ժամանակահատվածի առումով միայն։ Նախկին պաշտոնյան նկատի է ունեցել այն, որ ՀՀ-ում հայտարարագրման պահանջ սահմանող օրենքն, ըստ էության, ներդրվել է 2011 թվականից։ Սակայն ՀՀ-ն եւս, նախքան 2011-ի՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի ընդունումը ունեցել է իրավական կարգավորումներ։  Այսպես, 1995 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետը ստորագրել է N 353 որոշումը՝ ՀՀ կառավարության անդամների կողմից տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացման մասին․  «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության եւ նրա անդամների եկամուտների մասին տեղեկատվության հրապարակայնությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները 1996 թվականի փետրվարի 1-ից ոչ ուշ ներկայացնում են իրենց տարեկան եկամուտների մասին հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 15-ի «Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման կարգի եւ հայտարարագրերի ձեւերի հաստատման մասին» N 342 որոշմամբ սահմանված կարգով»,- ասված է որոշման մեջ:  Սրանից զատ՝ 2001 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին օրենքը, որի նպատակը եղել է հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ պայքարի գործուն մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաեւ հայտարարագիր ներկայացնողների գույքի եւ եկամուտների առաջացման նկատմամբ հասարակության վստահության ապահովումը։ Վերոնշյալ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողներ եւ գույքը ու եկամուտները հայտարարագրող են համարվել Հանրապետության նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը եւ պատգամավորները, ՍԴ նախագահը եւ անդամները, ԿԲ նախագահը եւ խորհրդի անդամները. ՀՀ դատավորները,  գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազները, նախարարները եւ նրանց տեղակալները, նախարարությունների ստորաբաժանումների (այդ թվում` տարածքային) ղեկավարները, մարզպետները, Երեւանի քաղաքապետը եւ նրանց տեղակալները եւ մի շարք այլ պաշտոնատար անձինք։ Նույն օրենքի համաձայն` փոխկապակցված անձինք են համարվել` հայտարարատուի ամուսինը, համատեղ ապրող ծնողը (ծնողները) եւ համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակը (զավակները), հայտարարատուի ամուսնացած չլինելու եւ զավակ չունենալու դեպքում համատեղ ապրող ծնողը (ծնողները) եւ համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած քույրը (քույրերը) եւ եղբայրը (եղբայրները):  Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պաշտոնյաները հայտարարատու են եղել նաեւ զբաղեցրած պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող 5 տարվա ընթացքում, իսկ նրանց փոխկապակցված անձինք` իրենց փոխկապակցված անձանց զբաղեցրած պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող 2 տարվա ընթացքում: Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն էլ՝ հայտարարագրման ենթակա է եղել անշարժ գույքը` հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, շենքերը եւ շինությունները, հողին ամրակայված այլ գույքը, այսինքն` այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել` առանց այդ գույքի նշանակությանն անհամաչափ վնաս պատճառելու, փոխադրամիջոցները, դրամական միջոցները, արժեթղթերը, մշակութային արժեքներն ու հնաոճ իրերը։  Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ հայտարարատուները պարտավոր էին հայտարարագրման ենթակա գույքը եւ եկամուտները հայտարարագրել պաշտոնի նշանակման (կամ ընտրման) դեպքում` սկսած պաշտոնի նշանակման (կամ ընտրման) ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչեւ այդ տարվա դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանի համար. եւ հայտարարատու համարվելու ընթացքում` յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանի համար:   «ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքը խախտելու համար սահմանվել է նաեւ պատասխանատվություն։ Ըստ այդմ՝ Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հայտարարատուների կողմից սույն օրենքով սահմանված ժամկետում լիազորած մարմին կամ լիազորած տարածքային մարմին հայտարարագիր չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Տուգանքը նշանակելուց հետո` երեսուն օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով»։  3-րդ մասի համաձայն՝ «Հայտարարատուների կողմից սույն օրենքով սահմանված հայտարարագրման ենթակա գույքը եւ եկամուտները կամ ՀՀ կառավարության սահմանած հայտարարագրի ձեւերում պարտադիր լրացման ենթակա տեղեկությունները թաքցնելը կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով», «Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար տուգանվել է մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»։ Այս օրենքը գործել է մինչեւ 2009 թվականը, հետադարձ ուժ չի ունեցել։  2001 թվականի նոյեմբերի 5-ին էլ վարչապետ Ա․ Մարգարյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքով նխատեսված գույքի եւ եկամուտների հայտարարագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի մասին  N1067 որոշումը։ Ըստ որոշման՝ լիազոր մարմնի իրավասությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը:  Այսպիսով, քանի որ ՀՀ-ում եւս մինչեւ 2011-ը գործել է պաշտոնատար անձանց եկամուտների ու գույքի հայտարարագրման համակարգ, ապա սա ենթադրում է, որ գործողությունը հնարավոր է իրացնել առնվազն 2001 թվականից սկսած, ըստ այդմ՝ Արփինե Հովհաննիսյանի պնդումները թերի են։ Ազգային ժողովը նախօրեին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ կառավարության ներկայացրած նախագիծը։ Ըստ նախագծի՝ եթե կոռուպցիոն որեւէ գործով անցնող որեւէ քաղաքացու մոտ իրավապահները կնկատեն ստացած եկամուտների եւ ունեցած գույքի 25 միլիոն դրամից ավելի տարբերություն, ապա կարող են քաղաքացիական հայցով գույքը բռնագանձելու համար դիմել դատարան:
12:07 - 07 մարտի, 2020
Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում վերընտրվեց նախկին տնօրենը․ խորհրդի անդամը հատուկ կարծիք ներկայացրեց

Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում վերընտրվեց նախկին տնօրենը․ խորհրդի անդամը հատուկ կարծիք ներկայացրեց

Այսօր ՝ մարտի 6-ին Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենի թափուր հաստիքի համար անցկացվող ընտրության արդյունքում վերընտրվեց Լիանա Աշրաֆյանը։  Հիշեցնենք, որ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում տեղի ունեցող որոշ խնդրահարույց իրադարձությունների արդեն անդրադարձել էինք։ Դպրոցի տնօրենի ընտրությանը մասնակցող խորհրդի անդամներն էին՝ Ելենա Հարությունյանը՝ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության անդամ, Հրածին Սարգսյանը(ԵՊՀ դասախոս) և Հրաչյա Բաղդասարյանը(բժիշկ)՝ նշանակված քաղաքապետարանի կողմից, Վահրամ Սողոմոնյանը՝ ԿԳՄՍՆ ներկայացուցիչ, Թագուհի Չոբանյանը և Մարիամ Հայրապետյանը՝ մանկավարժական խորհրդի անդամներ։ Խորհրդի նախագահ Քրիստինե Ղալեչյանը  և Վաղինակ Ջանազյանը ներկա չէին տնօրենի ընտրությանը։  Խորհրդի անդամները կարևորեցին այն հանգամանքը , որ սա դպրոցի տնօրենի ընտրության այն եզակի դեպքերից է, երբ ներկա են լրատվամիջոցների ներկայացուցիչներ, դիտորդներ։ Սակայն  մինչև ընտրության սկիզբը արհեստական խոչընդոտներ  ստեղծվեցին նաև լրատվամիջոցների համար։ Չնայած այն հանգամանքին, որ բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները նախապես հավատարմագրվել էին, փոխտնօրեն և խորհրդի անդամ Մարիամ Հայրապետյանը կարգադրեց ներս չթողնել ուշացած լրատվամիջոցներին, այնինչ ընտրությունը սկսվեց հրահանգից 50 րոպե անց։ Որոշ ժամանակ անց հավատարմագրված բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները կարողացան ներս մտնել։ Ընտրությանը ներկա գտնվելու համար դպրոց եկած ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանին՝ խորհրդի որոշմամաբ չթույլատրեցին ներկա գտնվել ընտրության ընթաքին։ Երիցյանի ահազանգից հետո ընտրությանը ներկայացան փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։ Երիցյանի խոսքով, վերջինս նույնպես որոշ փաստաթղթեր ներկայացնելուց հետո է միայն կարողացել ներս մտնել։ Ավագանու անդամ Գրիգոր Երիցյանին մերժելու պատճառը եղել էր նախապես հավատարմագրված չլինելու հանգամանքը։ «Քանի որ նախապես չէի հավատարմագրվել, խորհուրդը դրեց քվեարկության, թե արդյոք նպատակահարմար են գտնում ինձ դիտորդի կարգավիճակում թույլ տալ մասնակցել դպրոցի տնօրենի մրցույթին, և, փաստորեն, իրենք գտան, որ նպատակահարմար չէ իմ մասնակցությունը և սահմանափակեցին իմ՝ դիտորդ լինելու հնարավորությունը։ Ծովինար Վարդանյանի պարագայում էլ որոշ ժամանակ թույլ չէին տալիս ներս մտնել։ Սկզբում պատճառն այն էր, որ  վկայականը  իր մոտ չէր, հետո նա բերեց վկայականը, ապա ասացին, որ խորհուրդը որոշել է, որ իրեն նույնպես թույլ չեն տալիս մասնակցել։ Ինձ մոտ բնական կասկած առաջացավ, որ գուցե դա արվում է միտումնավոր, քանի որ որոշ լրատվամիջոցներ նույնպես կարողացան ներս մտնել առանց հավատարմագրման։ Քանի որ նախկինում էլ ահազանգեր էի լսել դպրոցի կառավարման խորհրդի ներկայացուցիչներից՝ որոշակի խնդիրների վերաբերյալ, ուզում էի ինքս համոզվել, սակայան  դա ինձ մոտ չստացվեց»,- infocom.am-ի հետ զրույցում ասաց ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը։ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հինական դպրոցի տնօրենի պաշտոնում առաջադրված թեկնածուները հինգն էին, որոնք խորհրդին  նախապես ներկայացրել էին իրենց կողմից մշակված զարգացման ծրագրերը։ Տնօրենի հավակնորդ Անուշ Մարտիրոսյանը իր ելույթում  նշեց, որ կարևորում է ժողովրդավարության ամրապնդումը կրթության ոլորտում, քանի որ ժողովրդավարությունն է կրթության կարևոր անկյունաքարերից մեկը։ Վերջինս նշեց, որ կարևոր է բոլոր շահառու կողմերի ներգրավվումը դպրոցի կառավարման գործում։ Տաթևիկ Մարաբյանը իր ելույթում  ընդգծեց, որ կարևորում է ոչ միայն աշակերտներին որակյալ գիտելիքներ փոխանցելու գործընթացը, այլ նաև նրանց հմտութուններ և կարողություններ փոխանցելու գործընթացը։ Մարաբյանը նշեց, որ արժևորում է լեզվի և հայրենասիրական դաստիարակության դերը դպրոցներում։ Վերընտրված տնօրեն Լիանա Աշրաֆյանը իր ելույթում  ներկայացրեց իր պաշտոնավարման տարիներին արձանագրված արդյունքները և կատարված աշխատանքները։ Աշրաֆյանը նշեց, որ դպրոցի զարգացման համար կարևոր է համարում բոլոր սովորողներին հասանելի որակյալ կրթության ապահովման գործընթացը, ուսուցման գործընթացում կրթական նոր տեխնոլոգիաների ներդրումը և այլն։ Տնօրենի պաշտոնին  առաջադրված Արմինե Մարիրոսյանը իր զարգացման ծրագրի հիմքում դրել էր դպրոցների ժողովրդավարական կառավարման մոդելի իր տեսլականը։ Մարտիրոսյանն առանձնացրեց ժողովրդավարության համար անհրաժեշտ մի քանի կետեր՝ հանդուրժողականություն, արդարություն, առաջնորդելու կարողություն և այլն։ Թեկնածու Անժելա Կարապետյանը ընդգծեց, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն օտար լեզուների ուսուցմանը, այլ կենտրոնանալ նաև բնագիտամաթեմաթիկական առարկաների որակյալ ուսուցման վրա։ Կարապետյանը շեշտեց, որ Աղբալյանի անվան դպրոցի տարածքը թույլ է տալիս ունենալ նաև հետազոտական կենտրոններ, որտեղ երեխաները կկարողանան զարգացնել իրենց հմտություններն ու ունակությունները։ Թեկնածուների ելույթերից հետո տեղի ունեցած ընտրության արդյունքում  ձայների մեծամասնությամբ տնօրեն ընտրվեց դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը՝ հնարավոր 6 ձայնից ստանալով 5-ը։ Ընտրության ավարտից հետո խորհրդի քվերակությանը դրվեց ընտրության արդյունքները հավաստի համարելու հարցը։ Խորհրդի անդամներից հինգը քվերակեցին կողմ, իսկ խորհրդի անդամ Վահրամ Սողոմոնյանը՝ դեմ՝ ներկայացնելով հատուկ կարծիք։ Վերջինս՝ որպես դեմ լինելու հիմնավորում նշեց․ «Դեմ լինելու հիմնավորումը հետևյալն է՝ խորհուրդը և ժամանակավոր պաշտոնակատարը նախկին տնօրենի ժամկետի լրանալուց հետո գործել են օրենքի խախտումներով, կողմնակալ են եղել, թաքցրել է փաստաթղթեր, որոնք պարտավոր էին ներկայացնել բոլոր հավակնորդներին։ Հավակնորդներից մեկը օգտագործել է իր կապերը, որպեսզի գրեթե ամեն օր գտնվի տնօրենի աշխատասենյակում՝ չունենալով այդ լիազորությունները, և դպրոցի հետ ծանոթանալու, դպրոցի խորհրդատկցական մարմինների հետ աշխատելու, այս ընթացքում դպրոցի տնօրեն ընտրելու լավ հիմնավորում ունենալու համար առաջարկները մերժվել են խորհրդի կողմից՝ կոնկրետ շահադիտական նպատակներով և դրանց ապացույցները կան»։Ասպրամ Փարսադանյան
22:31 - 06 մարտի, 2020
Ռուս-թուրքական հարաբերությունների լարման ֆոնին Արցախում  իրավիճակի սրման կանխավարկած չեմ տեսնում․ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյան

Ռուս-թուրքական հարաբերությունների լարման ֆոնին Արցախում իրավիճակի սրման կանխավարկած չեմ տեսնում․ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյան

Փետրվարի  27-ի գիշերը Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները որակվեցին որպես ռուս-թուրքական նոր պատերազմ։ Փետրվարի 28-ին Թուրքիայի Հաթայ նահանգի ղեկավարը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն կորցրել է 33 զինվոր: Ռուսական կողմը նշել է, որ  Սիրիայի Իդլիբ նահանգում կառավարական ուժերի գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորները չպետք Է այնտեղ գտնվեին: Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման մասին Infocom-ը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։ - Պարո՛ն Իսպիրյան, նախ կցանկանայի իմանալ Ձեր գնահատականը ռուս- թուքական հարաբերությունների լարվածության վերաբերյալ։ Ձեր կարծիքով՝ հնարավոր ի՞նչ զարգացումներ կարող են լինել։  - Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը հիմնականում ընդգծվեց Սիրիայում՝ Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ Լարվածությունը բավականին բարձր մակարդակի է հասել,  նմանատիպ լարվածություն եղել է մեկ էլ չորս տարի առաջ, երբ թուրքական ուժերը Սիրիայի երկնքում  ռուսական օդանավ կործանեցին։ Թեև դրանից հետո հարաբերությունները բավականին ջերմացան, բայց ընդամենը մեկ քայլ էր պետք, որպեսզի հարաբերությունների ջերմացումը նույնքան արագ վերածվեր հարաբերությունների խիստ լարման, ինչը տեղի ունեցավ։ Այս ամենն անխուսափելի էր, ինչքան էլ Ռուսաստանը փորձեր ստիպել Թուրքիային Սիրիայում գործել Ռուսաստանի թելադրած կանոններով, որոշակի նվերներ անելով (որոշակի տարածքներում համատեղ պարեկություն իրականացնել)՝ պահել իրավիճակը։ Սիրիայում կար և կա սկզբունքային լուրջ տարաձայնություն․ Ռուսաստանը պաշտպանում է Սիրիայի իշխող կառավարությանը, իշխող ներկա նախագահին, Թուրքիան ամեն կերպ փորձում է գահընկեց անել Ասադին և իշխանության բերել իր հովանավորությամբ և ֆինանսավորմամբ գործող տարբեր ահաբեկչական խմբավորումների։ Բնականաբար մի օր պետք է այս հակադրությունը պայթեր, և դա պայթեց հենց Իդլիբում, սրա հետևանքն էր։ Քանի որ այս լարվածության գագաթնակետը փետրվարի 27-ին էր, երբ Սիրիական կառավարական ավիացիայի կողմից ծանր ռմբակոծության ենթարկվեցին ահաբեկիչների դիրքերը, իսկ ահաբեկիչների հետ էին նաև թուրք զինվորականները, որոնք սպանվեցին, ինչպես մյուս ահաբեկիչները։ Խնդիրը ինչո՞ւմն է․ Ռուսաստանը հետ չի կանգնում իր քայլեից, շեշտել է, որ ինքն ամեն կերպ շարունակելու է ահաբեկիչների դեմ պայքարը։ Սպանված թուրք զինյալների վերաբերյալ էլ Ռուսաստանը մեղադրեց Թուրքիային, որ վերջինս խախտել է պայմանավորվածությունը, հեռացել են Ռուսաստանի հետ նախապես պայմանավորված դիտակետից և գտնվել են ահաբեկիչների հետ միասին։ Թուրքիան փորձում է իր իշխանության դեմքը փրկել, վերջին օրերին սիրիական օդանավերի  խոցումը թուրքական ուժի կողմից այդ դեմքը փրկելուն ուղղված քայլերից մեկն է։ Ռուսաստանը անմիջական կողմի չի հանդիսանում  և որևէ խնդիր չունի, սակայն ունի լուրջ շահեր, ավելին՝ Սիրիայում գլխավոր խաղացողը հենց Ռուսաստանն է այս պահին։ - Չնայած որ լարված են հենց ռուս-թուրքական հարաբերությունները, երկու կողմերը չեն շեշտում այդ հանգամանքը, և թուրքական լրատվամիջոցները չեն թիրախավորում Ռուսաստանին և չեն նշում, որ կա ռուսական  միջամտություն։ - Հենց փետրվարի 27-ի հարցակումից հետո, երբ տարածվեց 33 զոհերի մասին տեղեկությունը, Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր դեսպանության առջև շատ մեծ  բողոքի ակցիա  է տեղի ունեցել՝ հակառուսական լոզունգներով։ Ավելին՝ Էրդողանի արտաքին հարաբերությունների գծով խորհրդականը ուղիղ եթերում մեղադրում է անմիջականորեն Ռուսաստանին և ասում, որ 16 անգամ պատերազմել ենք  և չպետք է խուսափենք ևս մեկ անգամ ռուսների հետ պատերազմելուց։ Ավելին՝ սպառնաց, նշելով, որ Ռուսաստանում կա 25 միլիոն մուսուլման, և Ռուսաստանին ներսից կպառակտեն։ Այսինքն՝ ոչ իշխանությունների բերանով, բայց իրենց արբանյակների միջոցով իրենք շեշտեցին, որ Ռուսաստանն է գլխավոր թշնամին։ Սոցկայքերում հակառուսական գրառումներ, տեսանյութեր, հակառուսական հիստերիա կա։ Իշխանությունը ուղղակի առաջին դեմքերի մակարդակով խուսափում է դրանից՝ թե՛ Էրդողանը, թե՛ Չավուշօղլուն, քանի որ հազիվ են կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Եթե միանգամից մեղադրեն Ռուսաստանին, բավականին մեծ հետընթաց կկատարվի։ - Արդյո՞ք կարող ենք ենթադրել, որ ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիային, և այս իրավիճակում ո՞րն է ԱՄՆ-ի շահը։ -Այս պահին Ամերիկան երջանիկ դիտորդի դերում է։ Սա Թուրքիայի համար դաս է։ Իհարկե, ԱՄՆ-ն Թուրքիայի դաշնակիցն է․ երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամ են։ Բոլոր օրենքներով ԱՄՆ-ն պետք է աջակցի Թուրքիային։ Այս պահին Ամերիկան լրջորեն չի մասնակցում, քանի որ իրավիճակը դեռ շատ անկայուն է, և Ամերիկայի միջամտությունը կարող է էլ ավելի լարել ռուս-ամերիկյան առանց այն էլ ոչ բարվոք հարաբերությունները։ -Տարբեր աղբյուրներ և նաև փորձագետներ կարծում են, որ Թուրքիան ակնկալում է ՆԱՏՕ-ի աջակցությունը, սակայն, նշում էին, որ  ՆԱՏՕ-ի կանոնադրությունը նման հնարավորություն չի տալիս։ Կանոնադրական ի՞նչ սահմանափակումների մասին է խոսքը։ -Այլ երկրի տարածքում նման հնարավորություն չկա։ Թուքրիան ՆԱՏՕ-ին դիմեց արտակարգ հավաք իրականացնելու համար, արտակարգ նիստը տեղի ունեցավ հաջորդ օրը։ ՆԱՏՕ-ն նշեց, որ, այո՛, մենք պաշտպանելու ենք Թուրքիայի անվտանգությունը իր սահմանների ներքո, բայց այս պահի դրությամբ Իդլիբը Թուրքիայի սահմաններում չէ, ավելին Իդլիբում ահաբեկչական կազմակերպությունները ոչ թե Թուրքիայի դեմ են, այլ Թուրքիայի ներսում են։ Այստեղ կա հակասություն, և ՆԱՏՕ-ն որևէ բան չի կարող անել։ Թուրքիան է շարժվում ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Սա շատ նուրբ հարց էր և Թուրքիան փորձեց օգտագործել , սակայն չստացվեց։ Իսկ ԱՄՆ-ի դեպքում, ինչպես նշեցի, դեռ ուղղակի սպասումներ են, իհրակե, ՆԱՏՕ-ն ինչ հայտարարեց ՝  նաև ԱՄՆ-ի վերաբերմունք էր ներառում։ ՆԱՏՕ-ն նույնպես ունի պատճառ Թուրքիային դաս տալու՝ կապված Ս-400-ների սկանդալային գործարքների հետ։ Դա է պատճառը, որ ՆԱՏՕ-ն չի շտապում Թուրքիային չափից ավելին աջակցություն հայտնել։ -Թուրքագետները ունեն նաև նման կանխավարկած, որ իրավիճակի սրման դեպքում  հնարավոր է լարվածություն գրանցել նաև Արցախի սահմանին։ Ձեր կարծիքով նման կանխավարկածներ կան այս առումով և ըստ Ձեզ մինչև ո՞ւր կարող է հասնել այս լարվածությունը։ -Տեսականորեն շատ արագ է փոխվում իրավիճակը, շատ արագ զարգանում է և ուղիղ երկու ամիս առաջ դժվար էր լինում պատկերացնել, թե ինչ կլինի երկու օր առաջ։ Արցախի հետ կապված տեսականորեն կարող է լինել նման կանխավարկած, սակայն ես  չեմ կիսում այդ կարծիքը, որ Սիրիայում ռուս-թուրքական լարվածությունը Թուքիան կփորձի Արցախ բերել։ Չմոռանանք՝ Թուրքիան մի քանի տարի առաջ ընդունել է այդ ճշմարտությունը,  որ Արցախի հարցում կարևորը Ռուսաստանի դերակատարումն է։ Արցախի հարցում Ռուսաստանը այլ երկրի միջամտություն թույլ տալ չի կարող։ Արցախում՝ Թուրքիայի կողմից ոտնձգությունները վերջինիս կդնեն անհարմար վիճակի մեջ։ Իհարկե, այս հարցում Թուրքիան միշտ  էլ սատարել է Ադրբեջանին, բայց այս դեպքում իրավիճակի սրման կանխավարկած չեմ տեսնում։ Ասպրամ Փարսադանյան            
17:52 - 05 մարտի, 2020
Թուրքիան չի կարող ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում որեւէ դերակատարում ունենալ․ Զոհրաբ Մնացականյան

Թուրքիան չի կարող ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում որեւէ դերակատարում ունենալ․ Զոհրաբ Մնացականյան

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության անդամներ-պատգամավորներ հարց ու պատասխանը։ Կառավարության ներկայացուցիչներին հարց տալու համար հերթագրվել է 27 պատգամավոր։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, դիմելով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, հիշեցրեց, որ 2 օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել էին Թուրքիայի ԱԳՆ-ի հետ, եւ քննարկել որոշ հարցեր՝ ԼՂ-ի խնդրի կարգավորման վերաբերյալ։ Սիմոնյանը Մնացականյանից հետաքրքրվեց՝ արդյոք մեր ԱԳՆ-ն տեղյա՞կ է եղել, որ նման հանդիպում կայանալու է, ԱԳՆ-ն տեղյա՞կ է՝ ինչի մասին են խոսել ու քննարկել, որո՞նք են մեր քայլերը՝ այս խնդրի պարզաբանման հետ կապված։ ԱԳ նախարարը պատասխանեց, որ համանախագահներն ունեն իրենց աշխատանքային պլանը, որի մեջ ներառված են հանդիպումներ՝ ԵԱՀԿ ՄԽ անդամ պետությունների, միջազգային կազամակերպությունների հետ՝ ըստ անհրաժեշտության, եւ այդ հանդիպումները նորություն չեն․ «Այստեղ արտառոց որեւէ բան չկա, այդ հանդիպումները պլանային են։ Համանախագահների հետ աշխատում ենք փոխվստահության պայմաններում, մենք գիտենք այդ պլանի մասին, գիտենք՝ ինչպես եւ ինչ մոտեցումներով են աշխատում, որովհետեւ մենք էլ ենք աշխատում նրանց հետ։ Սա առաջին հանդիպումը չէ։ Ի դեպ՝ դրանից առաջ էլ մի շարք այլ երկրների ներկայացուցիչների հետ են հանդիպումներ ունեցել։ Այստեղ որեւէ մտահոգություն չունենք համանախագահների մասով»։ Մնացականյանը նկատեց՝ Թուրքիայի կողմից մեկնաբանություն եղավ, բայց դրա մեջ էլ չկար որեւէ բան, որը նախկինում չէինք լսել, մենք էլ հանդես եկանք մեր հայտարարությամբ․ «Եւ, բնականաբար, այդ մոտեցումը նույնպես ծանոթ է բոլորին, որ ՀՀ-ի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ Թուրքիան չի կարող ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում որեւէ դերակատարում ունենալ․ սա մենք ասել ենք եւ կրկնում ենք, մեր մոտեցումը հստակ է, շարունակում ենք իրակիանացնել մեր նպատակլաները, եւ աշխատել ՄԽ համանախագահների հետ»։
17:21 - 04 մարտի, 2020
Կոռուպցիոն հանցանքների հետ կապ չունեցող անձը չի կարող հայտնվել օրենքի գործողության ոլորտում․ Ռուստամ Բադասյան

Կոռուպցիոն հանցանքների հետ կապ չունեցող անձը չի կարող հայտնվել օրենքի գործողության ոլորտում․ Ռուստամ Բադասյան

Եթե ընդդմիադիր խմբակցությունները գտնում են, որ կարող են այս նախագծից ավելի էֆեկտիվ նախագիծ  ներկայացնել մեր դատին , որը միարժամանակ չի հակասի Սահմանադրությանը, մենք այդ առաջարկները կընդունենք,-  այսօր Ազգային ժողովում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։  «Ես բազմիցս ասել եմ, որ վերթինգ, բարեվարքության սկզբունքներ և բազմաթիվ այլ տերմիններ տարբեր իրավական համակարգերում ունեն տարբեր նշանակություններ։ Մենք ինչ հայտարարել ենք, դա էլ արել ենք։ Հայտարարել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի էֆեկտիվ միջոցներ ենք ձեռնարկելու»,- նշեց Բադասյանը։  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի  մասին հնչող բացասական կարծիքների վերաբերյալ, Բադասյանն ասաց․ «Սահմանաչափը որոշված է օրենքով՝ 25 միլիոն։ Այն, որ կոռուպցիոն հանցանքների հետ կապ չունեցող անձը չի կարող հայտնվել օրենքի գործողության ոլորտում, բոլոր բարեխիղճ ձեռքբերողների շահերը պաշտպանված են»,- եզրափակեց նախարարը։ 
14:56 - 04 մարտի, 2020
Քննարկվում է դատավորների աշխատավարձերի բարձրացման հարցը․ Ռուստամ Բադասյան

Քննարկվում է դատավորների աշխատավարձերի բարձրացման հարցը․ Ռուստամ Բադասյան

ԱԺ-ում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ավարտի իր եզրափակիչ ելույթում նշեց, որ դատական օրենքի այս փաթեթը հնարավորություն է տալիս էֆեկտիվ պայքար մղել կոռուպցիայի դեմ դատական համակարգում, միևնույն ժամանակ չխաթարելով դատական իշխանության անկախությունը։ «Պարոն Սիմոյանն ասում էր, որ սա կախյալ դատական համակարգ ստեղծելու փաստաթուղթ է և պետական մարմիններից կախվածության մեջ են լինելու անկախ դատավորները։ Ո՞ր մարմնից, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՞ց, որտեղ բացարձակ մեծամասնություն են կազմում դատավորները։ Բարձրագույն դատական խորհրդի՞ց, որտեղ կա հինգ դատավոր անդամ կա, հինգ իրավաբան գիտնական և սահմանադրական արմին է։ Ոսումնական հարցերի հանձնաժողովի՞ց, որտեղ գերակշիռ մեծամասնությունը դատավորներ են, գնահատման հանձնաժողովի՞ց, որտեղ դատավորներն են ընգրկված։ Էլ ինչպե՞ս են լինելու կախյալ, ումի"ց են լինելու կախյալ»,- ասաց Բադասյանը։Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի այն դիտարկմանը, որ նախագիծը  ավելի կոշտ կարող էր լիներ և մինչև նախագծի հաստատումը պետք է մաքրվեր դատական համակարգը կոռումպացված դատավորներից, նախարարը արձագանքեց՝ «Ինչպե՞ս մաքրեինք, ո՞ւմ մաքրեին, համ ասում եք, որ դատական համակարգի անկախության մասին , դատավորների արժանապատվությունից, հետո ասում եք՝ պետք է մաքրեք։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին և նաև պարոն Արման Բաբաջանյանին, առաջինից երկրորդ ընթերցմամբ բերեք ձեր տարբերակը, որը ավելի խիստ է, լուծում է դատական համակարգի առջև ծառացած խնդիրները՝ մենք անպայման կընդունենք, բայց մի պայման կա՝ պետք է չհակասի Սահմանադրությանը»։ Նախարարը նշեց, որ փոխվարչապետի հետ քննարկել ենք  դատավորների աշխատավարձերի բարձրացման հարցը։
13:33 - 04 մարտի, 2020
Որոշ դատավորներ ՀՀ-ում  ստեղծել են դատական նիստերը հետաձգելու ծառայություն․ Սուրեն Գրիգորյան

Որոշ դատավորներ ՀՀ-ում ստեղծել են դատական նիստերը հետաձգելու ծառայություն․ Սուրեն Գրիգորյան

 Պետք է հասկանանք, թե ինչ ժամանակաշրջանում ենք ապրում և ընկալենք, որ չունենք ստանդարտ իրավիճակ։ Ոչ մեկ չի ասում, որ կենսափորձը կարևոր չէ, բայց պետք է հասկանալ` մենք ինչ ժամանակաշրջանում ենք ապրում և ընկալել, որ չունենք այն ստանդարտ իրավիճակը, որ կա շատ երկրներում: ԱԺ-ում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հարցի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դատավորների տարիքային շեմը 28-ից 25 դարձնելուն։ «ԱՄՆ-ում սահմանված է 50 տարեկանը, այսինքն այդ թվերը որոշակի իրողությունից են սահմանվել, որը մենք այսօր չունենք: Այսօր ցանկացած փաստաբանի հարցրեք՝ բա՞րձր տարիքի դատավորներից են ավելի գոհ, թե՞ ավելի երիտասարդ: Չի կարող լինել հարցի պատասխանը, որ ավելի շատ գոհ են բարձր տարիքով դատավորներից: Չի կարող, որովհետև դա ուղղակի այդպես չի, ինչ կանխավարած էլ լինի», - ասաց Գրիգորյանը: Անդրադառնալով պատգամավոր Արման Աբովյանի այն դիտարկմանը, որ 25 տարեկան՝ համալսարանը նոր ավարտած մարդը, չի կարող դառնալ դատավոր։ Գրիգորյանը հարց ուղղեց, թե որ համալսարանն են ավարտում 25 տարեկանում։ ««Բոլոր դատավորները կոռումպացված են»-ին, պարոն Մարուքյան , ստիպված եմ պատասխանել։ Ձեր ֆրակցիայի պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հետ մի բանավեճի ժամանակ այս նույն արտահայտությունը նա արել է, ես ասել եմ՝ հղում տվեք, թե երբ է իշխանության որևէ ներկայացուցիչ նման բան ասել։Այսօր նորից ասում եք, ես էլ նորից ասում եմ հղում տվեք։ Ինչ վերաբերում է դատարանների կախյալ լինելուն՝ հարգելի գործընկերներ, մենք նույն Ազգային ժողովի պատգամավորներ ենք, երբ մենք փորձել ենք դատավորնի բարեվարքության կարգապահական պատասխանատվության  հարց բարձրացնել ,ՍԴ-ն իր որոշմամաբ դեֆակտո խլել է լիազորություն, որ այսուհետ մենք գործնականում այս հրացը չենք կարում բարձրացնել և դրան չի տրվել որևէ գնահատական ընդդիմադիր խմբակցությունների կողմից»,- իր խոսքում ասաց պատգամավորը։ Խոսելով դատարանների ծանրաբեռնվածության մասին, Գրիգորյանը նշեց, որ դա անհերքելի փաստ է, դատարանները ծանրաբեռնված են։  Պատճառներից մեկը դատավորների քիչ քանակն է։ Պատգամավորը նշեց, որ ծանրաբեռնվածությանը նպաստում է նաև դատավորների՝ դատական նիստերը երկարաձգելու գործընթացը։ «Այդ դատավորները Հայաստանի Հանրապետությունում ստեղծել են դատական նիստերը հետաձգելու ծառայություն։ Եթե այդքան չհետաձգեն, ծանրաբեռնվածության մակարդակը  այդքան բարձր չի լինի»,- եզրափակեց պատգամավորը։ 
12:58 - 04 մարտի, 2020
ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի  արտասահմանից փոստային փոխանցման միջոցով դեղեր ստանալ

ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի  արտասահմանից փոստային փոխանցման միջոցով դեղեր ստանալ

ԱԺ-ն ընդունեց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացրած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Ըստ նախագծի ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի  արտասահմանից փոստային փոխանցման միջոցով դեղեր ստանալ։ Գործող կարգավորումներով ֆիզիկական անձինք իրավունք ունեն հանրապետության տարածք ներկրել անձնական օգտագործման դեղամիջոցներ, մասնավորապես թույլատրվում է ներկրել 3 տուփ 10 անուն դեղամիջոցներ։ Սակայն հեղինակի  խոսքով այս իրավունքը չի տարածվում փոստային փոխանցումների վրա։ «Հաճախ ֆիզիկական անձանց համար անհրաժեշտ փոստով ստացվող դեղամիջոցները ոչնչացվում են ՊԵԿ աշխատակիցների կողմից։ Դեղամիջոցների ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի 3 տուփը, բայց հիվանդի համար դեղամիջոցների ավելի մեծ ծավալի անհրաժեշտության մասին բժշկի եզրակացոթյան առկայության դեպքում առավելագույն չափը կարող է մեծացվել»,-նշեց Գաբրիելյանը։ ՊԵԿ-ը պետք է  վիճակագրություն վարի՝ ստացված միջոցների վերաբերյալ, կոռուպցիոն դրսևորումները բացառելու և  օրենքով նշված  ծավալները պահպանելու համար։
11:49 - 04 մարտի, 2020
ԱԺ-ն ընդունվեց խնամակալության նպաստ սահմանող նախագիծը

ԱԺ-ն ընդունվեց խնամակալության նպաստ սահմանող նախագիծը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։  Նախագծով առաջարկվում է խնամակալության նպաստ սահմանել և այդ իրավունքը վերապահել 14 տարին չլրացած անչափահասների խնամակալներին, որոնք ֆիքսված են խնամակալության համակարգում։ Նախագծի համահեղինակ,  Նարեկ Զեյնալյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է 450 անձի։ Պետբյուջեի վրա ծախսը լինելու է շուրջ 140 մլն դրամ։ Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում քննարվում էր այս օրենքի նախագիծը։ Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, ով նշել էր, որ պետք է որոշակի կարգավորումներ ստեղծվեն, որպեսզի խուսափեն հնարավոր ռիսկերից։
11:38 - 04 մարտի, 2020
ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի սեփականատերերի բացահայտման օրինագիծը ուղարկվել է առաջարկությունների ներկայացման փուլ

ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի սեփականատերերի բացահայտման օրինագիծը ուղարկվել է առաջարկությունների ներկայացման փուլ

 «Իմ քայլը» խմբակցության  պատգամավորներ՝ Արտակ Մանուկյանի և Բաբկեն Թունյանի  կողմից ներկայացված օրենքի նախագծը , որով առաջարկվում է էներգետիկայի բնագավառում արտադրություն իրականացնողների իրական բաժնետերերի վերաբերյալ տեղեկատվությունը դարձնել թափանցիկ՝ բացահայտելով իրական սեփականատերերին, երկրորդ ընթերցմամբ քննարկմանը չընդունվեց: Առաջարկվող նախագծի ընդունման դեպքում էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացնող ընկերություններում 10 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները կդառնան թափանցիկ, կլինի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք: Քվեարկությունից առաջ համահեղինակ Արտակ Մանուկյանը կոչ արեց պատգամավորներին դեմ քվեարկել օրինագծին, որպեսզի նախագիծը գնա առաջին ընթերցման փուլ և  փոփոխություններ արվեն: Նախագիծն ուղարկվեց առաջարկությունների ներկայացման փուլ:
11:30 - 04 մարտի, 2020
ԱԺ-ն ընդունեց սոցիալական ծառայություն մատուցող տարածքային մարմիններին առնչվող օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց սոցիալական ծառայություն մատուցող տարածքային մարմիններին առնչվող օրինագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը վերաբերում  է միասնական սոցիալական ծառայություններ մատուցելու համակարգի ներդրմանը: Նախագիծը  ընդունվեց 112 կողմ ձայնով:  Որոշում է կայացվել, որ սոցիալական աջակցություն և սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինները վերադառնան սոցիալական պաշտպանության համակարգ, որպեսզի երաշխավորվի սոցիալական կարիքի գնահատման և մեկ պատուհանի միջոցով սոցիալական ծառայություններ մատուցելու սկզբունքը: Ներկայացված  օրենքներից հանվելու է ՏԻՄ եզրույթը.  որպես սոցիալական կարիքի գնահատման և ծառայությունների մատուցման պփատասխանատու մարմին նշել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
10:53 - 04 մարտի, 2020
Հայաստանում ցանկացած ոլորտում լավ մասնագետի պահանջարկ կա․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ցանկացած ոլորտում լավ մասնագետի պահանջարկ կա․ Նիկոլ Փաշինյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի հայ համայնքի բնակիչների հետ։ Հայաստանի հետ հարց- պատասխանի փուլում վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին։Հարցին, թե արդյոք  Հայաստանի կառավարության կողմից որևէ ծրագիր կա՞ հայրենադարձության կազմակերպման համար, թե՞ կառավարությունը սպասում է հայերի ինքնաբուխ հայրենիք վերադառնալուն,  հույս է դնում  դրսում ապրող հայերի հայրենասիրության վրա, վարչապետը պատասխանել է՝ «Այսպիսի մի խոստովանություն պետք է անեմ, երբ ես հանդիպում եմ Գերմանիայի հայ համայնքի հետ և այնտեղ խոսք է գնում  հայրենադարձության մասին, դա ինձ համար շատ պարզ թեմա է։Ճիշտն ասած վրացահայերի հետ խոսում ենք հայրենադարձության  մասին խոսելը մի տեսակ խորթ է հնչում, որովհետև ես համարում եմ, որ թիֆլիսահայությունը ապրում է հայրենիքում։ Հենց դա նկատի ունեմ, ասելով, որ այո, Թիֆլիսի հայությունը և Վրաստանի հայությունը պետք է  հանդես գա, որպես Վրաստանի հպարտ քաղաքացի։ Մենք որպես ժողովուրդ պետք է շահագրգիռ լինենք, որ Վրաստանը լինի ուժեղ, կայուն, զարգացած պետություն և Վրաստանը պետք է շահագրգիռ լինի, որ Հայաստանը լինի կայուն, զարգացած և ուժեղ պետություն»։  Փաշինյանը նշեց, որ այս թեման շատ կաևոր  է և  Հայաստանի կառավարությւոնը քննարկվում է «Հայրենադարձության  մասին օրենքը»։ «Այդ պրոցեսի հետ կապված բազմաթիվ խնդիրներ և դժվարություններ կան։ Մենք կարգավորումներ ունենք, թե Հայաստան եկող, մշտական բնակություն հաստատող մարդիկ ինչ գույք կարող են բերել իրենց հետ։ Շատ հայրենակիցներ, ովքեր հայրենադարձվում են, սա հետ կապված խնդիրներ ունեն, որվհետև  կան սահմանափակումներ։ Խնդիրն այն է, որ դա ոչ թե Հայաստանի օրենսդրությամբ է կարգավորվում այլ ԵԱՏՄ օրենսդրությամբ։  Մենք պետք է հասկանանք ինչպես կարող ենք լուծել այդ խնդիրենրը։2018 թվականին, երբ մենք ասում էինք, որ հայրենադարձ եղած մարդկանց պետք է տրվեն արտոնություններ, օրինակ ավելի հեշտ դարձնենք վարկեր ստանալու գործընթացը, քննարկեցինք երկար և կանգնեցինք հետևյալ խնդրի առաջ։  Հայստանում ապրող մեր հայրենակիցները կարող են ասել՝ մենք ամբողջ կյանքում ապրել ենք Հայաստանում, հիմա գնանք Եվրոպայում ապրենք չորս տարի, հետ գանք, որ օգտվենք արտոնություններից։  Ես չեմ ասում ,որ միանշանակ է հարցը,- ասաց վարչապետը։  Վարչապետը  ընդգծեց, որ այսօր Հայաստանում ցանկացած ոլորտում լավ մասնագետի պահանջարկ կա, նույնիսկ կա լավ մասնագետների խնդիր՝ սկսած արհեստավորներից։ «Այսօր լավ արհեստավոր գտնելը դժվար է, որովհետեւ լավ արհեստավորը շատ պատվերներ ունի: Օրինակ ճանապարհների կառուցման ոլորտում պահանջարկ ունենք: Այսօր ճանապարհների կառուցման որակը նախկինի համեմատ շատ բարձր է, բայց հիմա եղած որակից ես էլի գոհ չեմ, այդ որակը պետք է դեռ կրկնակի բարձրանա»,- եզրափակեց Փաշինյանը:
18:28 - 03 մարտի, 2020
Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակավրացական դավադրության մեջ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակավրացական դավադրության մեջ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման մասնակցում են, մասնավորապես, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԺ փոխնախագահ լենա Նազարյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը:     Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ իր համար մեծ պատիվ է հանդիպել Վրաստանի հայ համայնքի հետ:  Վարչապետը նշել է, որ պաշտոնական իր առաջին հանդիպումը Վրաստան եղել է 2018-ին, հայ-վրացական հարաբերությունները միշտ եղել են լավ և 2018-ի հանդիպմանը ցանկացել է, որ այդ հարաբերությունները կառուցվեն մի նոր բանաձևի վրա: «Իմ առաջարկն էր, որ Վրաստանը և վրաց ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակավրացական դավադրության մեջ, չունեն ոչ մի վատ մտադրություն Վրաստանի և վրաց ժողովրդի նկատմամբ, ընդհակառակը, շահագրգռված են, որ Վրաստանը լինի զարգացած, կայուն երկիր և նույնը նաև պետք է այդ բանաձևին համապատասխան, Հայաստանը և հայ ժողովուրդը համոզված լինեն, որ Վրաստանն ու վրաց ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակահայկական դավադրության մեջ, չունեն որևէ նեգատիվ մտադրություն Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ, և, ընդհակառակը, շահագրգռված են, որ Հայաստանը լինի զարգացած, կայուն պետություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:  
17:43 - 03 մարտի, 2020