Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Այս տարի «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրից կկարողանա օգտվել 600 քաղաքացի

Այս տարի «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրից կկարողանա օգտվել 600 քաղաքացի

2020 թ.-ին «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրից կարող է օգտվել 600 քաղաքացի: Սա շուրջ 20 % -ով ավելի է, քան նախատեսված էր 2019 թ.-ի համար: Տարվա ընթացքում ծրագրի իրականացման համար նախատեսված է 448 800 000 դրամ: Այս գումարը կբաշխվի 2020 թ.-ին ծրագրում ընդգրկված 600 քաղաքացիների և 2019 թ.-ից շարունակվող ծրագրերի ֆինանսավորման համար: Տարեսկզբից ծրագրի օգնությամբ աշխատանքի է վերադարձել 224 մարդ: Հատկանշական է, որ մարտ, ապրիլ ամիսներին՝ արտակարգ դրության պայմաններում, աշխատանքի վերադարձածների թվում  մեծ  է  բժիշկների, բուժքույրերի, մանկավարժների թիվը: Ծրագրի շահառուները զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն քաղաքացիներն են, ովքեր մինչև երեխայի երկու տարին լրանալը ցանկանում են  վերադառնալ  աշխատանքի: Այսպիսով ծրագիրը միաժամանակ լուծում է երկու խնդիր. մի կողմից կանխվում է անձի հմտությունների կորուստը, մյուս կողմից բարելավվում ընտանիքի եկամուտները: Հաշվի առնելով ծրագրի մեծ պահանջարկը՝ ՀՀ կառավարության որոշմամբ՝ սահմանվել են ծրագրում ընդգրկվելու որոշակի առաջնահերթություններ: Ծրագրում, առաջին հերթին, ընդգրկվում են այն անձինք, ովքեր ունեն մինչև երկու տարեկան երկու և ավելի երեխա կամ երեք և ավելի երեխա կամ հաշմանդամություն ունեցող երեխա, ում միջին ամսական աշխատավարձը չի գերազանցել նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը: Նախատեսված առաջնահերթությունների հավասարության դեպքում ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է առավել երկար ժամկետով հաշվառված անձին: Ծրագրի շրջանակներում երեխայի խնամքը, ծնողների ընտրությամբ, կարող է կազմակերպվել կա՛մ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություններում, կա՛մ դայակի օգնությամբ: Դայակի ընտրությունը իրականացվում է ծրագրում ընդգրկված շահառուի կողմից: Միակ սահմանափակումն այն է, որ դայակը չպետք է հաշվառված լինի շահառուի բնակության վայրում: Ծրագրում ընդգրկված անձին ֆինանսական աջակցությունը տրամադրվում է 11 ամիս ժամկետով, ամսական կտրվածքով: Մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար վճարվում է դայակի ամսական վարձատրության 50 տոկոսի չափով գումար, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Համավարակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակում, երբ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությունները ստիպված էին դադարեցնել  իրենց գործունեությունը, ծրագրի շահառու համարվող անձանց հնարավորություն է տրվել լուծել նախադպրոցական հաստատության հետ կնքված պայմանագիրը և ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել դայակի հետ: Նշենք, որ զբաղվածության տարածքային կենտրոններում շարունակվում է աշխատանքի վերադառնալու ցանկություն ունեցող անձանց հաշվառման գործընթացը:
12:25 - 04 հունիսի, 2020
Ռուբեն Սարգսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Ռուբեն Սարգսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Վարչապետի 2020 թ. հունիսի 02-ի 644–Ա որոշման համաձայն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Ռուբեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռուբեն Սարգսյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ»,-ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման տեքստում: Կենսագրություն Ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 9-ին: 1999-2004 թթ. սովորել է Հայ-ռուսական պետական համալսարանի քաղաքական ինստիտուտներ և տեխնոլոգիաներ ֆակուլտետում: Մասնագիտական վերապատրաստում է անցել ԱՄՆ Պետական դեպարտամենտի կրթական և մշակութային հարցերի բյուրոյի  Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրի շրջանակներում՝ Աշխատանքի իրավունքներ և աշխատանքի տեսչություն թեմայով:  2004 թ-ից փորձագիտական գործունեություն է ծավալում աշխատանքային իրավունքի ոլորտում: Բազմաթիվ ուսումնասիրությունների և վերլուծությունների, ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ է, մասնակցել է քաղաքականության մշակման գործընթացներին: Խորհրդատվական գործունեություն է իրականացնում նորաստեղծ արհմիությունների համար, ինչպես նաև խախտված իրավունքների և շահերի պաշտպանություն վերաբերյալ: 2007 թ.-ից ղեկավարել է Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ (APR Group) ՀԿ-ն: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ է: Ավելի, քան երկու տասնյակ հետազոտությունների հեղինակ և համահեղինակ է:  Տիրապետում է անգլերենին և ռուսերենին:
16:12 - 02 հունիսի, 2020
ԱԺ-ն չընդունեց թոշակների անկանխիկ վճարման անցնելու նախագիծը, այն ուղարկվեց առաջարկությունների փուլ |armenpress.am|

ԱԺ-ն չընդունեց թոշակների անկանխիկ վճարման անցնելու նախագիծը, այն ուղարկվեց առաջարկությունների փուլ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում  է ներդնել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակ: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ստացավ 1 «կողմ», 105 «դեմ» և 7 «ձեռնպահ»  ձայներ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանն ինքն էր հորդորել նախագծին դեմ քվեարկել, ուղարկել առաջարկությունների ներկայացման փուլ, նախագծում պետք է կատարվեն ժամկետների փոփոխություններ: Մասնավորապես, նախատեսվում է որպես կենսաթոշակի վճարման հիմնական եղանակ սահմանել անկանխիկ եղանակը՝ բանկային հաշվի միջոցով վճարման եղանակը՝ բացառություններ սահմանելով որոշակի կատեգորիայի անձանց համար: Բացառությունների շրջանակում անձինք կարող են իրենց կենսաթոշակը ստանալ իրենց ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով: Օրինակ, եթե կենսաթոշակառուի 75 տարին լրացել է, կամ կենսաթոշակառուն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ է, կամ, այլ կերպ ասած, քաղաքացին ունի շարժունակության խնդիր, ապա նրա դիմումի հիման վրա կենսաթոշակը կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով: Քվեարկությունից հետո հիմնական զեկուցող Սմբատ Սաիյանն առաջարկեց նախագիծը վերադարձնել գրավոր առաջարկների ներկայացման փուլ, որպեսզի հետո լրամշակված տարբերակը ներկայացնեն: Որոշման նախագիծը քվեարկության դրվեց առանց քննարկմանը: Այն քվեարկությամբ ստացավ 84 «կողմ», 9 «դեմ» և 17 «ձեռնպահ»  ձայներ, այսպիսով ընդունվեց, և նածագիծն ուղարկվեց առաջարկությունների ստացման փուլ:
12:04 - 01 հունիսի, 2020
Գրանցված վարձու աշխատողների 20 տոկոսն է հանդիսանում կառավարության 8-րդ միջոցառման շահառու․ ծրագիրը կատարվել է 71․4 տոկոսով

Գրանցված վարձու աշխատողների 20 տոկոսն է հանդիսանում կառավարության 8-րդ միջոցառման շահառու․ ծրագիրը կատարվել է 71․4 տոկոսով

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելուց մոտ մեկ շաբաթ անց կառավարությունը սկսեց կորոնավիրուսի տնտեսական եւ սոցիալական հետեւանքների չեզոքացման միջոցառումներ, այդ թվում՝ կորոնավիրուսի տարածման հետեւանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին եւ անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաեւ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողներին դրամական աջակցության տրամադրում։ Սոցիալական գործիքներից ամենաշատ շահառու ունեցողը հենց այս՝ 8-րդ փաթեթն է․ ընդգրկում է շուրջ 100 հազար շահառու, որոնք բոլորը գրանցված աշխատողներ են։ Միջոցառման գործարկման սկզբում քննարկվում էր հարցը, թե արդյոք այն քաղաքացիները, որոնց աշխատանքային պայմանագրերը քաղաքացիաիրավական են, կարող են հանդիսանալ կորոնավիրուսի սոցիալական հետեւանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու։ Ապրիլի 30-ին՝ կառավարության հերթական նիստի ժամանակ, որոշվեց, որ նշյալ միջոցառման շահառուների շրջանակն ընլայնվելու է մոտ 36․000-ով։ Որոշման համաձայն՝ քաղիրավական պայմանագրով աշխատողները եւս ներառվեցին այս ծրագրի մեջ։ Ծրագիրը նախատեսված է գործունեության 5 տեսակների համար։ Դրանք են․  1) հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,  2) հանրային սննդի ծառայություններ, 3) զբոսաշրջային ծառայություններ, 4) վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ, 5) մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն։ Այսպիսով, կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 8-րդ միջոցառմամբ նախատեսված աջակցությունից կարող են օգտվել վերոնշյալ ոլորտների այն աշխատակիցները, որոնք պայմանագրերից գոնե մի տեսակով գրանցված են (եղել)։  Infocom-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ 2020 թվականի փետրվարի դրությամբ Հայաստանում քաղիրավական պայմանագրով աշխատող 49․188 անձ կա, իսկ հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատող՝ 622․805։ Սրանք բոլորը հաշվարկված են 50․549 գործատուների ներկայացրած տվյալների համաձայն։ Ընդհանուր առմամբ, ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն, ունենք 665․476 հիմնական եւ քաղիրավական պայմանագրով աշխատող քաղաքացիներ։ Սակայն քաղիրավական պայմանագրերով եւ հիմնական պայմանագրերով աշխատողների հանրագումարը 665․476-ից ավելի է։ Բանն այն է, որ առկա են դեպքեր, երբ միեւնույն անձը միաժամանակ ներգրավված է հիմնական աշխատանքային եւ քաղիրավական պայմանագրերի շրջանակներում։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացանք, որ այս տարվա մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել թվով 94828 հիմնական աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողի, եւ  2411 քաղաքացիաիրավական անշխատանքային պայմանագրով վարձու աշխատողի: Ստացվում է, որ մայիսի 21-ի դրությամբ՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 8-րդ միջոցառումը ներառել է հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատողների 15,22 տոկոսին, քաղիրավական պայմանագրով աշխատողների՝ 4,9 տոկոսը։  Նախնականում պլանավորվում էր սպասարկել 100․000 շահառուի, հետագայում շահառուների շրջանակն ընդլայնվեց 36․000-ով։ Եթե վերցնենք ծրագրով նախատեսված թիվը, ապա ստացվում է, որ փոխհատուցում ստանալու էր հիմնական եւ քաղիրավական պայմանագրերով աշխատողների մոտավորապես 20 տոկոսը։ Փաստացի, մայիսի 21-ի դրությամբ ծրագիրը կատարվել է 71,4 տոկոսով՝ ըստ Սոցիալական հարցերի նախարարությունից ստացած տվյալների։
22:06 - 26 մայիսի, 2020
«Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոնում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել |hetq.am|

«Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոնում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել |hetq.am|

hetq.am: «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»-ում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել։ Այս մասին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։ Սոնա Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ վարակվածը 23-ամյա աղջիկ է, թեստավորումը կատարվել է երեկ։  ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում մայիսի 23-ին խնամյալներից մեկի մոտ առողջական վիճակի վատթարացում է եղել։ Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, հիվանդանոցում մեկ օր մնալուց հետո թեստավորել են, կորոնավիրուսը հաստատվել է»,-նշեց Մարտիրոսյանը։ Աղջկան խնամող սանիտարին և իր հետ նույն խմբում գտնվող անձանց մեկուսացրել են, թեև որևէ մեկը ախտանիշ չի ունեցել։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրանց այսօր կթեստավորեն։
15:14 - 26 մայիսի, 2020
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 9 սանի և 6 աշխատակցի մոտ հաստատվել է COVID-19․ նրանք մեկուսացված են |armenpress.am|

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 9 սանի և 6 աշխատակցի մոտ հաստատվել է COVID-19․ նրանք մեկուսացված են |armenpress.am|

armenpress.am: Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը 15 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը՝ 6-ն աշխատակից և 9-ը՝ երեխա։ Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ «Մարի Իզմիրլյան մանկատանը 46 հոգի թեստավորվել է։ Նրանցից 15 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը՝ 6-ը աշխատակից և 9 երեխա։ Այս պահին հաստատությունից որևէ մեկը չի հոսպիտալացվել, քանի որ նրանց մոտ չկան ախտանշաններ։ Ե՛վ աշխատողները, և՛ երեխաներն իրենց լավ են զգում»,- նշեց Մարտիրոսյանը և հավելեց, որ երեկ չէ առաջին օրը դայակներից մեկի ջերմությունը բարձրացել է 37.6 աստիճան, ինչից հետո նրան անմիջապես մեկուսացրել են։ Նախարարի մամուլի խոսնակն ընդգծեց, որ այդ դայակն այժմ գտնվում է տանը, սակայն նրա թեստի պատասխանը դեռևս չկա։ «Այսինքն, վստահ չենք, ինքն է վարակման աղբյուրը եղել, թե ոչ։ Դայակի ջերմությունն այս պահին 37.4 է»,- ասաց Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ մայիսի 25-ի առավոտյան տարածքն ախտահանվել է, այս պահին էլ այնտեղ համաճարակաբաններ են աշխատում, ովքեր հրավիրվել են «Արաբկիր» բժշկական համալիրից։ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը խնամք է ստանում 102 երեխա։
15:26 - 25 մայիսի, 2020
Նորքի տուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով վարակված 15 տարեցներից 12-ը գտնվում են հիվանդանոցում․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր է |tert.am|

Նորքի տուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով վարակված 15 տարեցներից 12-ը գտնվում են հիվանդանոցում․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր է |tert.am|

tert.am: Երևանի Նորքի տուն-ինտերնատում այս պահին կա կորոնավիրուսով վարակված 15 տարեց, որոնցից 12-ը գտնվում են հիվանդանոցներում: Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն է: Մահվան նոր դեպքեր չունենք: Այս մասին ասաց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: Նա նշեց, որ ևս 3 հաստատված դեպք կա, սակայն ախտանիշներ չունենալու պատճառով մեկուսացված են տուն-ինտերնատում, և նրանց հոսպիտալացնելու կարիք չի առաջացել: Հարցին, թե արդյոք վարակի տարածման աղբյուրը պարզ է, Մարտիրոսյանը պատասխանեց, որ հստակ չեն կարող ասել, որովհետև փետրվարի 27-ից հաստատությունը մեկուսացման ռեժիմում է գտնվել և ապրիլի 21-ից սկսած՝ հաստատությունն ընդհանրապես փակ ռեժիմում է գտնվել, և նույնիսկ աշխատողները մուտք ու ելք չեն արել, հերթափոխով են աշխատել, բայց մնացել են հաստատությունում: «Սակայն մեկ բացառություն ենք ունեցել, երբ անկողնային հիվանդների բաժնում գտնվող մի կնոջ վիճակ է վատթարացել, և մոտ 21-22 օր առաջ նրան տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց: Երբ կինը հիվանդանոցից վերադարձել է, հաստատությունում կնոջը թեստավորել են, պատասխանը բացասական է եղել: Այնուամենայնիվ, կնոջը մեկուսացրել են՝ անվտանգություն ապահովելով, բայց քանի որ կինը չէր կարող միայնակ կարիքները հոգալ, սնվել, նրա մասին սանիտարներից մեկն է հոգ տարել , առաջին ախտանիշներն այդ կնոջ մոտ են  ի հայտ եկել»,- պատմեց մամուլի խոսնակը:
12:45 - 22 մայիսի, 2020
Նորքի ինտերնատում 45 վարակվածից ոչ ոքի վիճակը ծայրահեղ ծանր չէ, թոքաբորբ ունեցողներ կան |panarmenian.net|

Նորքի ինտերնատում 45 վարակվածից ոչ ոքի վիճակը ծայրահեղ ծանր չէ, թոքաբորբ ունեցողներ կան |panarmenian.net|

panarmenian.net: Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված 45 անձից ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ չկան, նրանցից 28-ն ինտերնատի աշխատակիցներ են, այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ վարակված աշխատակիցները մեկուսացվել են հյուրանոցներում, քանի որ ախտանշաններ չունեն։ «Այս պահին վարակված տարեցների մի մասը՝ մոտ 8 հոգի գտնվում է բուժհաստատություններում, մյուսները մեկուսացված են հաստատության ներսում։ Նրանց մեջ կան նաև մարդիկ, ովքեր մինչ վարակվելն էլ գտնվել են հոսփիսային բաժանմունքում՝ անկողնային վիճակում»,- ասաց Մարտիրոսյանը։ Նախարարությունից հայտնեցին նաև, որ ինտերնատում վարակվածների մեջ կան նաև թոքաբորբ ունեցողներ, սակայն նրանց վիճակը կայուն է։
13:01 - 18 մայիսի, 2020
5 հոգի հոսպիտալացվել է, մի քանիսը հազում են. ինչպե՞ս է կորոնավիրուսը ներթափանցել տուն ինտերնատ
 |news.am|

5 հոգի հոսպիտալացվել է, մի քանիսը հազում են. ինչպե՞ս է կորոնավիրուսը ներթափանցել տուն ինտերնատ |news.am|

news.am: Դեռ պարզ չէ, թե ոչրտեղից է կորոնավիրուսը ներթափանցել Նորքի տուն ինտերնատ, քանի որ այնտեղ փետրվարի 27-ից խիստ կարանտին է պահպանվել: Այս մասին հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիլական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը: «Ոչ ոք դուրս ու ներս չի արել ինտերնատից, նույնիսկ աշխատակիցներն են մնացել, մի բացառություն ենք ունեցել, որ տարեցներից մեկը 3 շաբաթ առաջ բուժման նպատակով տեղափոխվել է Էրեբունիի հիվանդանոց, վերադարձել է այնտեղից եւ թեստավորվել, սակայն նրա թեստը բացասական է եղել: Միակ մուտք ու ելքի դեպքը սա է եղել: Պետք է նաեւ հաշվի առնենք, որ ինտերնատը շատ մոտ է գտնվում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին,գրեթե 50 մետր հեռավարության վրա»,- ասաց նա: Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ այս պահին թեստավորել են 70 հոգու,  41-ի թեստի պատասխանը դրական է եղել: «Այս պահին 5 հոգու արդեն հոսպիտալացրել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, մյուսներին մեկուսացրել ենք, մինչեւ հասկանանք` ոնց է զարգանում: Հոսպիտալացվածներից 3-ը սիմպտոմներ չունեն, հիմնականում վարակվածները սիմպտոմներ չունեն, մի քանիսը հազում են»,- հավելեց նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 տարեցների ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն:
21:53 - 16 մայիսի, 2020
Նորքի տուն ինտերնատում բնակվող մեր շահառուների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ Զարուհի Բաթոյան

Նորքի տուն ինտերնատում բնակվող մեր շահառուների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ Զարուհի Բաթոյան

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցավոք, Նորքի տուն ինտերնատում բնակվող մեր շահառուների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Տեղում աշխատում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բժիշկները պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար: Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար»: Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ հայտնում է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 40 ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ: « Սա իհարկե հիվանդության տարածման շատ վտանգավոր օջախ է` հաշվի առնելով պացիենտների տարիքը և ուղեկցող քրոնիկական հիվանդությունները: Արդեն 2 օր է տեղում աշխատում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար: Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար», - գրում է Ալինա Նիկողոսյանը:
17:04 - 16 մայիսի, 2020
Տաթևիկ Ստեփանյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Տաթևիկ Ստեփանյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետի 2020 թ. մայիսի 15-ի 583–Ա որոշման համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Տաթևիկ Ստեփանյանը:«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տաթևիկ Ստեփանյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,-ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման տեքստում:ԿենսագրությունԾնվել է 1982 թվականի մայիսի 12-ին:1999-2004 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, ստացել է անգլերեն և գերմաներեն լեզուների մասնագետի, ուսուցչի որակավորում:2015-2016թթ․ ավարտել է Լոնդոնի Գլոբալ Համալսարանի (UCL) Կրթության և դիսլեքսիայի միջազգային ինստիտուտի «Ընթերցանության և գրելու դժվարություններ ունեցող երեխաների աջակցության մեթոդներ» դասընթացը:2015-2016թթ ավարտել է Կալիֆորնիայի Դեյվիսի Համալսարանի «Աուտիստիկ սպեկտորի խանգարումներ» դասընթացը։2019թ․ մասնակցել է Ասիական զարգացման բանկի / ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի Կանանց ձեռներեցության, առաջնորդության և հաղորդակցության ծրագրին՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում /AUA extension։2017 թ.-ից «Ռեքավերի Քոլեջի» խորհրդատու է՝ հաստատված հայկական հոգեբուժական ասոցիացիայի կողմից:2004-2020 թթ. աշխատել է «ԵՎԱՆՏ Գրուպ» ՍՊԸ –ում որպես գլխավոր մենեջեր:2017 թ. հիմնադրել և ղեկավարել է «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է աուտիզմ ունեցող անձանց հիմնախնդիրներով։2019- 2020 թ. եղել է Impact Hub Yerevan անդամ «Zartir Fellowship» շրջանակներում:2019թ․-ից առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ է։2019 թ․-ից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ։Տիրապետում է նաև անգլերենին, ռուսերենին, գերմաներենին:
17:45 - 15 մայիսի, 2020
Գեմաֆին Գասպարյանը թողնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը սեփական դիմումի համաձայն

Գեմաֆին Գասպարյանը թողնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը սեփական դիմումի համաձայն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սեփական դիմումի համաձայն թողնում եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Հաշվետվությամբ հանդես չեմ գա. մեր թիմային աշխատանքն արտացոլված է ինչպես 2019 թվականի նախարարության հաշվետվությունում, այնպես էլ իր տեղն է գտնելու 2020, 2021 և 2022 թվականների հաշվետվություններում:Կարծում եմ այս ընթացքում ստեղծվել են բոլոր հիմքերը, ինչպես նաև կառուցակարգերն ու գործիքները ոլորտը ամբողջությամբ մարդակենտրոն և արդյունավետ դարձնելու համար, նաև ունեցել ենք շոշափելի ապացույցներ մեր ընտրած ուղղու իրավացիության: Այս ամբողջ ընթացքում աշխատել եմ առավելագույնս նվիրված, առավելագույնս ազնիվ, առավելագույնս պատասխանատու և հնարավորինս արդյունավետ: Շնորհակալ եմ բոլորից ով վստահեց: Առողջ եղեք, ապագայի մասին կխոսեմ մոտ ապագայում»։
16:46 - 15 մայիսի, 2020
Հուլիսի 1-ից հետո երեխայի ծնվելու դեպքում կառավարությունը կմարի հիփոթեքային վարկի մի մասը |armenpress.am|

Հուլիսի 1-ից հետո երեխայի ծնվելու դեպքում կառավարությունը կմարի հիփոթեքային վարկի մի մասը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023թթ. պետական աջակցության նպատակային ծրագրերը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այդ ծրագրերից մեկով աջակցություն կտրվի 2020 թվականի հուլիսի 1-ից հետո երեխա ունեցած ընտանիքներին, որոնք հիփոթեկային վարկ են մարում: «Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակներում հիփոթեկային վարկ մարող շահառուից սերված երեխա ծնվելու դեպքում, տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեկային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Շահառուն իրավունք ունի երեխայի ծննդյան աջակցության ծրագրից՝ անկախ հիփոթեկային վարկը վերցնելու ժամկետից, բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրից օգտվելու հանգամանքից։ Նույն երեխայի (մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում՝ երեխաների) ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան աջակցությունը տրամադրվում է մեկ հիփոթեկային վարկի մարման համար՝ շահառուի ընտրությամբ (եթե շահառուն ունի մեկից ավելի հիփոթեկային վարկեր)»,- ասաց նախարարը: Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի հիմնական պայմաններն են. երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով, շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեկային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեկային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը, հիփոթեկային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։ Երեխայի ծննդյան աջակցության չափը կազմում է երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ. վարկի մնացորդային մայր գումարի 10%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 5%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է, վարկի մնացորդային մայր գումարի 50%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 25%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 2 000 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 3-րդ և հաջորդ երեխան է, վարկի մնացորդային մայր գումարի 15%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 8%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 1 500 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին, վարկի մնացորդային մայր գումարի 70%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 35%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 4 000 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 3-րդ և հաջորդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին։ 2020 թվականին նախատեսվում է. միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառուի,կանխավճարի ապահովագրության տրամադրել 540 շահառուի,երեխայի ծննդյան աջակցություն տրամադրել 300 շահառուի։ Յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում կճշգրտվեն շահառուների նախատեսվող թվաքանակը՝ ըստ նպատակային ծրագրերի։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հետաքրքրվեց՝ զինծառայողներին սա վերաբերելո՞ւ է։ Զարուհի Բաթոյանն ասաց, որ որևէ սահմանափակում չկա։ Դավիթ Տոնոյանը խնդրեց հարցը ճշգրտել, թե չէ «բանակը նորից կգրոհի»՝ կատակով ակնարկելով, որ շատերը կցանկանան օգտվել ծրագրից: «Մենք ուզում ենք բանակը գրոհի, բայց բոլորովին ուրիշ ուղղությամբ», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ շատ պոզիտիվ ու ռազմավարական ծրագիր է։ «Շնորհակալություն եմ հայտնում այն մշակելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
13:49 - 14 մայիսի, 2020
Օրական 5 000 դրամ՝ վարձատրվող հասարակական աշխատանքների համար

Օրական 5 000 դրամ՝ վարձատրվող հասարակական աշխատանքների համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Վանաձորի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից 6 գյուղական համայնքներում իրականացվում է վարձատրվող հասարակական աշխատանքների մեկական ծրագիր, որոնցում ընդգրկված է 34 մարդ: Ծրագրերի շրջանակներում իրականացվում են մանկապարտեզի, մշակույթի տան հարակից տարածքների, խաղահրապարակների բարեկարգման և գերեզմանատների ցանկապատման ու բարեկարգման աշխատանքներ: Աշխատանքների առավելագույն տևողությունը երեք ամիս է, մեկ աշխատանքային օրվա համար վճարը կազմում է 5 հազ. դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը: Ծրագրի առավելագույն արժեքն է` 1,5 մլն դրամ է, իսկ յուրաքանչյուր ծրագրի ֆինանսավորման առնվազն 10 %-ն իրականացվում է ՀՀ համայնքային բյուջեների համաֆինանսավորմամբ: Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում 2020թ. նախատեսված է իրականացնել 60 ծրագիր` 10 մարզում: Հատկացված ֆինանսական միջոցների չափը 90 մլն. դրամ է: Նշված միջոցները տրամադրվում են աշխատավարձերի վճարման, ինչպես նաև շինանյութեր, բարեկարգման համար անհրաժեշտ այլ պարագաներ ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով: Նշենք, որ Վարձատրվող հասարակական աշխատանքներ ծրագրի շրջանակներում աշխատանքների կազմակերպման ոլորտներըսահմանված  են ՀՀ Կառավարության որոշմամբ և ներառում են սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների վերանորոգման և դրանց հարակից տարածքների, միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների,  պետական պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների,  գերեզմանատների բարեկարգման, ցանկապատման աշխատանքները, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օժանդակ և  բնակչության համար պաշտպանական նշանակություն ունեցող ինժեներական կառույցների շինարարական աշխատանքները: Ծրագրում կարող են ընդգրկվել այն գործազուրկ քաղաքացիները, ովքեր որպես աշխատանք փնտրող հաշվառվել է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում:
17:36 - 12 մայիսի, 2020