Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելուց մոտ մեկ շաբաթ անց կառավարությունը սկսեց կորոնավիրուսի տնտեսական եւ սոցիալական հետեւանքների չեզոքացման միջոցառումներ, այդ թվում՝ կորոնավիրուսի տարածման հետեւանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին եւ անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաեւ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողներին դրամական աջակցության տրամադրում։
Սոցիալական գործիքներից ամենաշատ շահառու ունեցողը հենց այս՝ 8-րդ փաթեթն է․ ընդգրկում է շուրջ 100 հազար շահառու, որոնք բոլորը գրանցված աշխատողներ են։
Միջոցառման գործարկման սկզբում քննարկվում էր հարցը, թե արդյոք այն քաղաքացիները, որոնց աշխատանքային պայմանագրերը քաղաքացիաիրավական են, կարող են հանդիսանալ կորոնավիրուսի սոցիալական հետեւանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու։
Ապրիլի 30-ին՝ կառավարության հերթական նիստի ժամանակ, որոշվեց, որ նշյալ միջոցառման շահառուների շրջանակն ընլայնվելու է մոտ 36․000-ով։ Որոշման համաձայն՝ քաղիրավական պայմանագրով աշխատողները եւս ներառվեցին այս ծրագրի մեջ։
Ծրագիրը նախատեսված է գործունեության 5 տեսակների համար։ Դրանք են․
1) հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
2) հանրային սննդի ծառայություններ,
3) զբոսաշրջային ծառայություններ,
4) վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
5) մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն։
Այսպիսով, կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 8-րդ միջոցառմամբ նախատեսված աջակցությունից կարող են օգտվել վերոնշյալ ոլորտների այն աշխատակիցները, որոնք պայմանագրերից գոնե մի տեսակով գրանցված են (եղել)։
Infocom-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ 2020 թվականի փետրվարի դրությամբ Հայաստանում քաղիրավական պայմանագրով աշխատող 49․188 անձ կա, իսկ հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատող՝ 622․805։ Սրանք բոլորը հաշվարկված են 50․549 գործատուների ներկայացրած տվյալների համաձայն։ Ընդհանուր առմամբ, ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն, ունենք 665․476 հիմնական եւ քաղիրավական պայմանագրով աշխատող քաղաքացիներ։ Սակայն քաղիրավական պայմանագրերով եւ հիմնական պայմանագրերով աշխատողների հանրագումարը 665․476-ից ավելի է։ Բանն այն է, որ առկա են դեպքեր, երբ միեւնույն անձը միաժամանակ ներգրավված է հիմնական աշխատանքային եւ քաղիրավական պայմանագրերի շրջանակներում։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացանք, որ այս տարվա մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել թվով 94828 հիմնական աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողի, եւ 2411 քաղաքացիաիրավական անշխատանքային պայմանագրով վարձու աշխատողի:
Ստացվում է, որ մայիսի 21-ի դրությամբ՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 8-րդ միջոցառումը ներառել է հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատողների 15,22 տոկոսին, քաղիրավական պայմանագրով աշխատողների՝ 4,9 տոկոսը։
Նախնականում պլանավորվում էր սպասարկել 100․000 շահառուի, հետագայում շահառուների շրջանակն ընդլայնվեց 36․000-ով։ Եթե վերցնենք ծրագրով նախատեսված թիվը, ապա ստացվում է, որ փոխհատուցում ստանալու էր հիմնական եւ քաղիրավական պայմանագրերով աշխատողների մոտավորապես 20 տոկոսը։ Փաստացի, մայիսի 21-ի դրությամբ ծրագիրը կատարվել է 71,4 տոկոսով՝ ըստ Սոցիալական հարցերի նախարարությունից ստացած տվյալների։
comment.count (0)