Կորոնավիրուս

Իրանում մարդկանց տեղաշարժին հետևող հավելվածը՝ ՀՀ կառավարության գործիքակազմում |media.am|

Իրանում մարդկանց տեղաշարժին հետևող հավելվածը՝ ՀՀ կառավարության գործիքակազմում |media.am|

media.am: Մարտի 24-ին կառավարությունը քաղաքացիներին առաջարկեց ներբեռնել AC19 բջջային հավելվածը, որը կօգնի հասկանալ արդյո՞ք դուք կորոնավիրուսի ախտանիշներ ունեք և պետք է դիմեք բժշկի։ AC19-ը ի սկզբանե իրանական հավելված էր․ դրա միջոցով Իրանի կառավարությունը տվյալներ է հավաքում միլիոնավոր քաղաքացիների տեղաշարժման մասին։ Մարտի 3-ին Իրանի կառավարությունը քաղաքացիներին առաջարկեց ներբեռնել AC19 հավելվածը։ Հավելվածում օգտատերը պատասխանում էր հարցաշարի՝ որոշելու համար թե արդյո՞ք նրա մոտ կա կորոնավիրուսով վարակված լինելու վտանգ։ Մարտի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը նշեց, որ Իրանի կառավարությունը հավելվածը տրամադրել է Հայաստանին, որտեղ մասնագետները այն ադապտացրել են տեղի պայմաններին։ Իրանում հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ էր գրանցվել հեռախոսահամարով։ Այնուհետև հայտնվում էր գրություն, որում հարցնում էին օգտատիրոջ համաձայնությունը՝ գտնվելու վայրի մասին տեղեկության հավաքագրման համար։ Vice լրատվականը նշում է, որ այս գրությունը անգլերենով էր, և իրանցիների մեծ մասը չէր հասկանում, թե ինչ տեղեկություն են իրենցից ուզում։ Ավելին, հին Android համակարգով հեռախոսները նույնիսկ ցույց չէին տալիս գրությունը։ Լոնդոնաբնակ իրանցի հետազոտող Նարիման Ղարիբը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ հավելվածը իրական ժամանակում կարող է հետևել օգտատիրոջ տեղաշարժմանը, քանի որ դրա կոդը նման է fitness հավելվածներին, որոնք իրական ժամանակով հետևում են օգտատիրոջ շարժմանը։ Մարտի 11-ին Իրանի Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների նախարարը Twitter-ում հրապարակեց հավելվածի շուրջ 3 միլիոն օգտատիրոջ գտնվելու վայրը ցույց տվող քարտեզ։ Իրանի կառավարությունն առաջին անգամ չէ մանրամասն տվյալներ հավաքում քաղաքացիներից։ AC19 հավելվածը հասանելի չէ Play Store-ում կամ App Store-ում։ Իրանում այն կարելի է ներբեռնել տեղական Cafe Bazaar հավելվածների խանութից կամ ac19.ir կայքից։ Հայկական տաբերակը հասանելի է ac19.am կայքում, որը մեծամասամբ կրկնում է իրանական կայքի դիզայնը։ Հայկական հավելվածով կարելի է «ֆիքսել» մարդկանց գտնվելու վայրը Հայերեն հավելվածի «Գաղտնիության քաղաքականություն» բաժնում գեոլոկացիայի մասին տեքստը անգլերեն լեզվով է ու հստակ չէ։ Շարունակությունը՝ media.am-ում
16:29 - 25 մարտի, 2020
Կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Արցախում հետաձգվել կամ չեղարկվել են մի շարք զանգվածային մշակութային միջոցառումներ

Կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Արցախում հետաձգվել կամ չեղարկվել են մի շարք զանգվածային մշակութային միջոցառումներ

Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և համաճարակային վիճակի կայուն պահպանման նպատակով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը (ՄԵՀԶ) որոշել է մարտի 16-ից մեկ ամսով՝ չեղարկել  կամ անժամկետ հետաձգել բոլոր տեսակի զանգվածային մշակութային միջոցառումները, այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։«Արցախի Հանրապետության ՄԵՀԶ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրեններին հրահանգվել է սահմանափակել մշակութային, գիտական, զվարճանքի, մարզական միջոցառումները, կասեցնել գրադարանների, թանգարանների, պատկերասրահների, համերգասրահների, թատրոնների աշխատանքը: Գերատեսչությունը շարունակում է հորդորել ՀԿ-ներին ու մասնավոր կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային միջոցառումների կազմակերպումից ու մասնակցությունից»,- ասված է հայտարարության մեջ։Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի հաստատված դեպքեր չեն հայտնաբերվել։ Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել:
16:06 - 25 մարտի, 2020
Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան նիստը

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան նիստը

Մարտի 25-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։Տիգրան Ավինյանը ասել է.«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,Սկսում ենք պարետատան հերթական հավաքը: Բոլորդ տեղյակ եք, որ արդեն իսկ նոր սահմանափակումներ են ներդրվել ՀՀ ամբողջ տարածքում տնտեսական գործունեության տարբեր տեսակների, ինչպես նաև մարդկանց տեղաշարժի նկատմամբ: Ըստ այդ որոշումների տնից դուրս գալիս մարդիկ պետք է լրացնեն և իրենց հետ ունենան մի թերթիկ, որը կարող են ձեռագիր լրացնել, որտեղ գրված կլինեն տվյալները թե որտեղից է դուրս գալիս մարդը, ուր է գնում, երբ է դուրս գալիս, երբ է վերադառնալու: Եվ, անպայման, կրեն իրենց հետ անձնագիր կամ նույնականացման քարտ, որովհետև այսօրվանից ՀՀ-ում գտնվող բոլոր անձինք համարվում են ինքնամեկուսացված, բացառությամբ այն դեպքերի, որոնք սահմանվել են նույն որոշմամբ:Այն է՝ եթե նրանք գնում են աշխատանքի՝ եթե իրենց աշխատանքի տեսակը արգելված չէ, եթե գնում են խանութ, եթե գնում են դեղատուն, եթե գնում են անձի մոտ, ով խնամքի կարիք ունի: Շատ կարևոր է, որ այդ տեղեկատվությունը թերթիկի վրա լրացված լինի և նույնականացման քարտը կամ անձնագիր լինի անձի մոտ, քանի որ այլ պարագայում ինքնամեկուսացման ռեժիմի խախտումը արդեն իսկ տուգանվում է Վարչական օրենսգրքով: Գիտեք, որ երկուշաբթի օրենքը ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին անպայման հետևել այս սահմանափակումներին, լուրջ վերաբերվել այս իրավիճակին և մեզ տալ ժամանակ որպեսզի մենք ունենանք հնարավորություն արդիականացնելու մեր գործիքակազմը՝ կորոնավիրուսի դեմ պայքարը էլ ավելի արդյունավետ դարձնելու համար:Երևի թե այսքանն եմ ուզում ասել, հարգելի՛ գործընկերներ: Այսօր միգուցե որոշ հավելյալ խստացումներ նույնպես քննարկվեն մինչև մարտի 31-ը: Արդեն իսկ գործում է սահմանափակումը, որ մարդատար ավտոմեքենաներում երկու անձից ավել չեն կարող տեղափոխվել և պետք է խնդրեմ, որպեսզի Ճանապարհային ոստիկանությունը խստորեն հետևի այս որոշմանը:Մենք մինչև մարտի 31-ը հնարավորինս պետք է փորձենք նվազեցնել մարդկանց տեղաշարժը և շարունակենք արդյունավետ կերպով կանխարգելել, գտնել այդ շղթաները և այդ շղթաներով կարողանալ վիրուսի հետքը մեր տեսադաշտում պահել, որպեսզի նաև կարողանանք արդյունավետ պայքարել դրա հետագա տարածման դեմ»:Նիստի մասնակիցներն անդրադարձել են կիրառվող սահմանափակումների վերահսկողության մեխանիզմներին, մթերային խանութներում և սուպերմարկետներում կուտակումներից խուսափելուն վերաբերող հարցեր:
16:03 - 25 մարտի, 2020
Մինչև ժամը 16:00-ն քաղաքացիների՝ ձևաթուղթ չունենալու խնդիրը բացատրական աշխատանքով կլուծվի, դրանից հետո կանցնենք օրենքով նախատեսված գործողությունների. փոխոստիկանապետ |tert.am|

Մինչև ժամը 16:00-ն քաղաքացիների՝ ձևաթուղթ չունենալու խնդիրը բացատրական աշխատանքով կլուծվի, դրանից հետո կանցնենք օրենքով նախատեսված գործողությունների. փոխոստիկանապետ |tert.am|

tert.am: Մինչև 16:00 հրահանգ է իջեցվել, որպեսզի քաղաքացիների հետ բացատրական աշխատաքներ տանելու միջոցով կարողանանք պրոցեսը կարգավորել, բայց 16:00-ից հետո օրենքով սահմանված կարգով կանցնենք մեր գործողություններին: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը: Հարցին՝ մեկուսացված կամ ինքնամեկուսացված անձանցից եղել են այնպիսիք, որոնք խախտել են կանոնները, Մհրյանը պատասխաեց, որ երեկ այդպիսի դեպք չի եղել, բայց դրա նախորդ օրը եղել և կարգավորվել է: Պարտադիր լրացման ձևաթղթիկներին անդրադառնալով՝ փոխոստիկանապետն ասաց, թե իր կարծիքով՝ դրանց տրամաբանությունն այն է, որ թերթիկը լրացնող քաղաքացին պատասխանատվության զգացողություն ունենա և գիտակցի, որ իր լրացրած տեղեկատվության համար պետք է պատկան մարմնին հաշվետվություն ներկայացնի: Դիտարկմանը, թե ձևաթղթերը ևս կարող են վարակի տարածման աղբյուր դառնալ, քանի որ դրանք ստուգում են ոստիկանները, իսկ վերջիններս օրական հարյուրավոր քաղաքացիների հետ են շփվում, Մհրյանն արձագանքեց, որ ոստիկանությունը հնարավորության սահմաններում փորձելու է պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները՝ ընդգծելով նաև, թե ոչ ոք վարակից ապահովագրված չէ: Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ՔԿՀ-ներին, ասաց, թե այստեղ վերահսկելի վիճակ է, իսկ դատապարտյալների հանձնուքների արգելքը պայմանավորվածմ է միայն վարակի՝ ՔԿՀ-ներ մուտքը կանխարգելելու նպատակով:
15:32 - 25 մարտի, 2020
Դեսպանատունն ուղարկում է Վրաստանում մնացած ՀՀ քաղաքացիներին |aliq.ge|

Դեսպանատունն ուղարկում է Վրաստանում մնացած ՀՀ քաղաքացիներին |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում դեռևս ՀՀ քաղաքացիներ կան, ովքեր ցանկություն ունեն Հայաստան վերադառնալ, սակայն չունեն դրա հանարավորությունը, չնայած, որ վրաց-հայկական Սադախլոյի սահմանային անցակետը պաշտոնապես բաց է:  Մառնեուլին կարանտինային գոտի հայտարարելուց հետո  մարդատար մեքենաներին արգելվեց մուտքը Մառնեուլի, որը Հայաստանի հետ սահման տանող թերևս միակ ճանապարհն է: Վրաստանում «պատանդ» հայաստանցիների մի մասը գիշերակացի խնդիր ուներ, քանի որ այս պայմաններում երկրի հյուրանոցներն ու հյուրատները վաղուց չեն գործում: Վրաստանում ՀՀ դեսպանությունը հատուկ հայտարարության միջոցով հավաքագրել է ՀՀ վերադառնալ ցանկացողների  ցուցակներն ու այս պահին Հավլաբար թղամասից 20 տեղանոց միկրոավտոբուսով ու երկու մարդատար մեքենայով շարժվեցին դեպի վրաց-հայկական սահման: Մինչև Սադախլո տեղափոխման ծախսերը հոգացել է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
14:57 - 25 մարտի, 2020
Պետք է որոշում կայացվի և բանկային տոկոսները սառեցվեն. Գագիկ Ծառուկյան |aysor.am|

Պետք է որոշում կայացվի և բանկային տոկոսները սառեցվեն. Գագիկ Ծառուկյան |aysor.am|

aysor.am: Որ ես ասել եմ, թե դժգոհ եմ մոտեցումից, այո դժգոհ եմ, որովհետև բոլոր սահմաններում պետք է թեստեր լինեին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ «Մենք ասում ենք, որ բանկային համակարգում պետք է լինի ոչ թե սառեցում, այլ ներում՝ 3 ամիս։ 1մլն 650 հազար վարկառու կա, մարդը չի աշխատում, չգիտի՝ ոնց սնվի, ու այդ մարդուն պարտադիր 2 ամիս հետո տոկոսները գալու են։ Եղբայր ջան, էսօր մենք չենք ընկել մեր ժողովրդի հետևից։ Պետք է որոշում կայացվի և տոկոսները սառեցվեն, որ գոնե մարդը մտածի իր առօրյա սննդի հարցով։ Թե չէ, ասում են անհատական հանդիպումներ, ծիծաղելի է, 1 մլն, 650 հազար մարդ անհատական հանդիպումնե՞ր», - ասաց Գագիկ Ծառուկյանը։ Նրա խոսքով՝ քայլեր պետք է կատարվեն խնդիրները լուծելու համար։ «Հիմնական հարցն այն է, որ ոչ թե ուզում ենք լավամարդ լինենք, ցեխ շպրտենք, այսօր դրա ժամանակը չի։ Մենք ասում ենք, որ պատրաստ ենք 24 ժամ աշխատել, ներկայացնել մեր տեսակետը, մոտեցումը, խնդրի լուծումը։ Այսօր չպետք է լինի իմը, քոնը, մյուսինը, այլ պետք է լինի արդյունավետ առաջարկ։ Պատասխանատվությունը բոլորինս է, որից հետո էլ մարդիկ պատասխան կտան իրենց չարածի համար», - ասաց ԲՀԿ նախագահը։
14:53 - 25 մարտի, 2020
Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկերոջ` Ջավադ Զարիֆի հետ, հայտնում են ԱԳՆ-ից: Նախարար Մնացականյանը շնորհավորել է Նոուռուզի առթիվ՝ փոխանցելով հայ ժողովրդի համերաշխությունը և զորակցությունը բարեկամ Իրանի ժողովրդին նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում: Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կարևորել է հակամարտությունների գոտիներում հրադադարների պահպանման և պատժամիջոցների ռեժիմների վերանայման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերը՝ ընդգծելով, որ համավարակի դեմ պայքարը պետք է դառնա հնարավորություն ժողովուրդների հաշտեցման և գլոբալ համերաշխության համար: Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծել են երկկողմ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի դինամիկայի պահպանման, առկա պայմաններում առևտրաշրջանառության խթանման, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ապահովմամբ պայմանավորված հարցերի հասցեագրման ուղղությամբ:
14:48 - 25 մարտի, 2020
ՀՀ նախագահը կարևորում է Չինաստանի աջակցությունը COVID-19- ի դեմ պայքարում. Global Times |armenpress.am|

ՀՀ նախագահը կարևորում է Չինաստանի աջակցությունը COVID-19- ի դեմ պայքարում. Global Times |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իշխող՝  կոմունիստական կուսակցության «Ժողովուրդ» օրաթերթի հովանու ներքո լույս տեսնող՝ ազդեցիկ Global Times անգլալեզու օրաթերթը «Հայաստանի Հանրապետության նախագահը կարևորում է Չինաստանի աջակցությունը COVID-19- ի դեմ պայքարում» վերնագրով հոդվածում անդրադարձել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունի մարտի 23-ի հանդիպմանը: Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Չինաստանի առաջատար դերը ամբողջ աշխարհում COVID-19- ի դեմ համատեղ պայքարում: Երևանում Չինաստանի դեսպան հետ հանդիպմանը նախագահը կարևորել է Չինաստանի հետ համագործակցությունը եւ նշել, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում տարբեր երկրների հետ փորձի և տեղեկատվության փոխանակումը շատ էական դեր կարող է ունենալ հիվանդության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից: «Վիրուսի դեմ պայքարում Չինաստանի նախնական հաջողությունն ամբողջությամբ արտացոլել է Չինաստանի կառավարության արտակարգ առաջնորդությունը, չին հասարակության ուժեղ համախմբվածությունը և չին ժողովրդի բարձր  սոցիալական պատասխանատվությունը»,-ասել է նախագահը: Նա ընդգծել է, որ վիրուսի դեմ պայքարում Չինաստանի աջակցությունը թե՛ խորհրդատվության, թե՛ սարքավորումների և բժշկական պարագաների տեսքով շատ կարևոր է Հայաստանի համար: Դեսպան Թիանն իր հերթին ներկայացրել է Չինաստանում ձեռնարկված հակահամաճարակային միջոցառումները և խոստացել շարունակել հետագա համագործակցությունը Հայաստանի հետ ՝ վիրուսի դեմ պայքարում հաղթելու համար»:
13:57 - 25 մարտի, 2020
Քրեակատարողական հիմնարկներում մուտք և ելք ունեցող բոլոր անձանց ջերմաչափում է իրականացվում |hetq.am|

Քրեակատարողական հիմնարկներում մուտք և ելք ունեցող բոլոր անձանց ջերմաչափում է իրականացվում |hetq.am|

hetq.am: Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը կառավարության մամուլի կենտրոնում պատասխանում էր լրագրողների հարցերին: Թեման դարձյալ կորոնավիրուսն էր ու դրա տարածման կանխարգելիչ միջոցառումները:  Արփինե Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ), մասնավորապես՝ «Արմավիր» ՔԿՀ-ում, որտեղից ստացվել են դժգոհություններ, պատասխանեց, որ մինչև արտակարգ դրություն հայտարարելն արդեն ձեռնարկվել էին անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ: Արգելվեն են տեսակցությունները՝ բացառությամբ տեսազանգի: Արգելվել են նաև հանձնուքների, փաթեթների հանձնումը դատապարտյալ և կալանավորված անձանց: Բացի այդ, արգելվել է կրոնական ծիսական միջոցառումներին մասնակցությունը, քանի որ դրանք հիմնականում բազմամարդ են լինում և կարող է վարակի թափանցման, տարածման աղբյուր հանդիսանալ: «Բնականաբար կարող է մտավախություն առկա լինել և՛ ազատությունից զրկված և՛ մերձավոր ազգականների մոտ, սակայն պետք է բոլորս քաջ գիտակցենք, որ այս սահմանափակումները բխում են մեր իսկ հարազատների շահերից: Եթե առկա լինի շփում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կամ դատապարտված անձանց հետ այնպիսի անձի կողմից, որը կարող է վարակի տարածման աղբյուր հանդիսանալ, ապա սրա արդյունքում մենք կարող ենք ունենալ վարակի դեպքեր»,- ասաց Արփին Սարգսյանը: Վարչության պետը նշեց, որ ՔԿՀ-ներում ունեն 14 էլեկտրոնային ջերմաչափեր: Կատարվում է ՔԿՀ մուտք և ելք ունեցող բոլոր անձանց ջերմաչափում: «Արմավիր» ՔԿՀ-ն առաջին հիմնարկն է եղել, որի համար ձեռք է բերվել էլեկտրոնային ջերմաչափը, քանի որ այնտեղ լրակազմն է մեծ: Արփինե Սարգսյանը նշել է, որ ՔԿՀ-ներում անհրաժեշտության դեպքում իրականացվել է կորոնավիրուսի թեստավորում, սակայն ոչ մի հիմնարկում վարակման դեպք չունեն:
13:33 - 25 մարտի, 2020
Վարչապետը չի մոլորեցրել. դիմակ արտադրող ընկերությունը Հայաստանում գործում է հինգ տարի |fip.am|

Վարչապետը չի մոլորեցրել. դիմակ արտադրող ընկերությունը Հայաստանում գործում է հինգ տարի |fip.am|

fip.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր պաշտպանիչ բժշկական դիմակի լուսանկար` Made in Armenia (արտադրված է Հայաստանում) ուղեկցող գրառմամբ:  Ֆեյսբուքի որոշ օգտատերեր կասկածի տակ են դրել դիմակի՝ Հայաստանում արտադրված լինելը՝ նշելով, որ այդ անունով (Salus) դիմակ արտադրող ընկերություն գործում է Հնդկաստանում։     Այսպես, դիմակի վրա մակնշված SALUS անվան հետքերով գտանք «ՍԱԼՅՈՒՍ» ՍՊԸ-ն, որի բաժնեմասերի 100 տոկոս սեփականատեր և տնօրեն Ժիրայր Մանդիլյանի հետ էլ զրուցեցինք դիմակների արտադրության և այլնի շուրջ։ Պարզվեց, որ իսկապես՝ ընկերությունը Հայաստանում զբաղվում է բժշկական դիմակների և բախիլների արտադրությամբ և գործում է ավելի քան 5 տարի։ Ընկերության տնօրենի խոսքով՝ տարօրինակ է, որ Հայաստանում 5 տարի գործունեություն ծավալող ընկերության մասին նոր են տեղեկանում և դրանից «այսպիսի աղմուկ է բարձրացել»։ Մանդիլյանը հերքեց նաև այն տեղեկությունը, թե ընկերությունը հումքը ձեռք է բերում Հնդկաստանից։ «Սկզբնական շրջանում հումքը բերվում էր Չինաստանից, այժմ օգտագործում ենք ռուսական հումքը և մոտ ապագայում այնտեղից հնարավոր չի լինի ներմուծել, և ստիպված կլինենք նոր հումքի աղբյուր գտնել, որը, հավանաբար, կլինի Իրանը»,- հայտնեց Մանդիլյանը։ Գործարարը նաև տեղեկացրեց, որ շուկայում իրենց արտադրանքի ինքնարժեքի բարձր լինելու հետևանքով մինչև վերջերս ընկերությունը լուրջ ֆինանսական կորուստներ էր կրում և շուկայում «պարտվում» Չինաստանից ու Թուրքիայից ներմուծված դիմակներին։ «Արդեն մտածում էինք ընկերությունը փակելու և հաստոցը վաճառելու մասին», — ասաց Մանդիլյանը։  Եվ չնայած դժվարություններին՝ «Սալյուս» ընկերությունը մատակարարման պայմանագրեր է կնքել մի քանի հայտնի դեղատնային ցանցերի և բժշկական ծառայություններ մատուցող ընկերությունների հետ, ինչպիսիք են «Ալֆա ֆարմը», «Ախուրյանի ծննդատունը» և այլն։ Fip.am-ի հետ զրույցում Մանդիլյանը նաև հայտնեց, որ Առողջապահության նախարարության հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամբողջ արտադրանքը տրամադրել նախարարությանը։ Այսպիսով, փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից գովազդված բժշկական դիմակներն ավելի քան 5 տարի է արտադրվում են Հայաստանում, դիմակների արտադրության համար օգտագործվող հումքը բերվել է Չինաստանից և Ռուսաստանից, իսկ ընկերությունը որևէ կապ չունի Հնդկաստանի հետ։ Սևադա Ղազարյան 
13:14 - 25 մարտի, 2020
Ոստիկանները 92 քաղաքացու իջեցրել են ավտոմեքենաներից |hetq.am|

Ոստիկանները 92 քաղաքացու իջեցրել են ավտոմեքենաներից |hetq.am|

hetq.am: Ոստիկանության ծառայողներն արդեն 92 հոգու՝ որպես երրորդ անձ, մեքենաներից դուրս են հրավիրել: Գործողություններ են իրականացվել 2 ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների նկատմամբ, իսկ այսօր ժամը 16:00-ից հետո ամբողջությամբ կիրառելու են օրենսդրության պահանջները: Կառավարության մամուլի սրահում ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն այսօր անդրադարձավ երկրում իրականացվող սահմանափակումներին, մարդկանց տեղաշարժին: Մհրյանը, պատասխանելով լրագրողների գրավոր հարցերին, նշեց, որ ոստիկանության ծառայողները ճանապարհներին վերահսկողություն են իրականացնում երթուղիներով, և հնարավոր են դեպքեր, որ մարդիկ չնկատեն ոստիկաններին, քանի որ վերջիններս տեղաշարժվում են երթուղու երկայնքով: Լրագրողները նկատել են, որ թե՛ Երևան քաղաքում, թե՛ մարզերում չեն նկատել ոստիկանականության աշխատողների, որոնք պետք է վերահսկեն մարդկանց տեղաշարժը, հետևեն պարետի որոշումների կատարմանը: «Ոստիկաններն իրենց ուժերի քանակական սահմաններում ամբողջ հանրապետության տարածքում իրականացնում են ծառայություն, և փորձում են որքան հնարավոր է ամբողջական փակել շղթաները, որպեսզի կարողանան ապահովել որոշումների պահանջները»,-ասաց Հայկ Մհրյանը: Լրագրողները նկատել են նաև՝ թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ խիստ միջոցներ են ձեռնարկվելու մարդկանց տեղաշարժը սահմանափակելու համար, և նշված էր երեկ ժամը 23:59-ը, մինչդեռ մարզային տրանսպորտն աշխատում է, մարդկանց տեղաշարժը չի սահմանափակվում: Հայկ Մհրյանը նշեց, որ վարչապետի բոլոր ցուցումներն անվերապահորեն կատարվելու են: Հ. Մհրյանը նշեց, որ այսօր մինչև ժամը 16:00-ը դարձյալ բացատրական աշխատանքներ են իրականացվելու քաղաքացիների շրջանում, որից հետո ոստիկանությունն անցնելու է արդեն իր գործողություններին: Հիշեցնենք, որ պարետի որոշմամբ քաղաքացիների տեղաշարժը հսկելու նպատակով տնից դուրս գալիս կամ առհասարակ տեղաշարժվելիս քաղաքացիները պետք է լրացնեն սահմանված նմուշի թերթիկ՝ նշելով, թե որտեղից են դուրս եկել, ուր են գնում, ինչ նպատակով և որն է վերադարձի ակնկալվող ժամը: Պատասխանելով հարցին, թե որն է տեղաշարժի թերթիկի անհրաժեշտությունը, երբ կա անձնագիր, Հայկ Մհրյանը նշեց, որ իր տրամաբանությամբ, երբ քաղաքացին ձեռքը վերցնի գրիչը, պատասխանատվությունը մի փոքր կավելանա, չի սկսի հորինել: Ոստիկանության պետի տեղակալը նաև հավելեց, որ ոստիկանության ծառայողները պահպանելու են սանիտարահիգինենիկ կաննոները տեղեկատվական թերթիկների հետ առնչվելիս: «Բայց մեզնից ոչ ոք ապահովագրված չէ այդ վիրուսը կրելուց, հիվանդանալուց, և հնարավորության սահմաններում այնպես կծառայենք, որ այդ ձևաթերթիկն էլ չհանդիսանա պատճառ: Բայց էլի եմ կրկնում՝ ոչ ոք դրանից ապահովագրված չէ»,- ասում է Հ. Մհրյանը: Ոստիկանության պետի տեղակալը նաև նշեց, որ լրագրողների համար տեղեկատվական թերթիկ լրացնելը պարտադիր չէ: Բավական է միայն լրագրողական վկայականների առկայությունը:
13:08 - 25 մարտի, 2020
ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը մտահոգված է Հայաստանում մամուլի ազատության սահմանափակումներով |aysor.am|

ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը մտահոգված է Հայաստանում մամուլի ազատության սահմանափակումներով |aysor.am|

aysor.am: ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը մտահոգված է Հայաստանում մամուլի ազատության սահմանափակումներով: «Ես լիովին հասկանում եմ նոր օրենքի նպատակը՝ խուսափել խուճապից, ագրեսիայից և պայքարել  COVID-19 պանդեմիայի ընթացքում կեղծ տեղեկատվության դեմ: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ները պետք է որոշիչ դեր ունենան հանրությանը կարևոր տեղեկատվություն տրամադրելու և կեղծ լուրերի դեմ պայքարում », - ասված է Դեզիրի հայտարարության մեջ, որը հրապարակվել է  ԵԱՀԿ կայքում: «Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքը և պանդեմիայի մասին հաղորդելու նրանց հնարավորությունը: Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը չափազանց խիստ սահմանափակող միջոց է, որը սահմանափակում է լրատվամիջոցների ազատությունը և տեղեկատվության անհամաչափ մատչելիությունը», - ասել է  Դեզիրը:Հիշեցնենք, Ազգային ժողով միաձայն ընդունել է ՀՀ Քրեական և Վարչական իրավախախտումների օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Փաստաթուղթը ստորագրել է նախագահը։Եթե մեկ օրվա ընթացքում լրատվական գործունեություն իրականացնողը չի հեռացնում հրապարակումը, որի տարածումը արգելված է արտակարգ դրության պայմաններում, ապա սահմանվում է տուգանք նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով (500 000 – 1 000 000 դրամ)։Բացի այդ, արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով (300-500 հազար դրամ) կամ կալանքով առվելագույնը 1 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա։
12:51 - 25 մարտի, 2020