ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Պետական եկամուտների կոմիտեում ոչ աշխատանքային և տոնական օրերին սահմանվել է հերթապահություն

Պետական եկամուտների կոմիտեում ոչ աշխատանքային և տոնական օրերին սահմանվել է հերթապահություն

Ամանորի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերին առանձին ստորաբաժանումներում սահմանել է հերթապահություն: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2020թ. դեկտեմբերի 31-ին, 2021թ. հունվարի 4-ից 7-ը՝ ժամը 11.00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն: Մասնավորապես, հերթապահություն սահմանվել է ՊԵԿ մաքսատուն-վարչություններում, մաքսանենգության դեմ պայքարի, հետաքննության և օպերատիվ- հետախուզության, մաքսային հսկողության, մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավաբանական վարչություններում և քարտուղարությունում։ Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև պատասխանատու անձի տվյալները և հեռախոսահամարը մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղված են տեղեկատվական վահանակներում: ՊԵԿ նախագահի հրամանով տոնական և նախատոնական օրերին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսատուն-վարչությունների, սահմանային մաքսային կետ-բաժինների կողմից սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն:
13:10 - 28 դեկտեմբերի, 2020
ՊԵԿ-ը գործարկել է ավտոմատացված տեղեկատվական համակարգը կեղծ ու անորակ դեղերի շրջանառության դեմ

ՊԵԿ-ը գործարկել է ավտոմատացված տեղեկատվական համակարգը կեղծ ու անորակ դեղերի շրջանառության դեմ

Պետական եկամուտների կոմիտեն, հանրապետություն ներմուծվող և շուկայում փորձաքննություն չանցած կեղծ և անորակ դեղերի ու դեղանյութերի շրջանառությունը կանխելու նպատակով, գործարկել է «Վիրտուալ պահեստ» համակարգը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: «Դեղերի ներմուծման և իրացման փուլերի համար ստեղծված մի շարք տեղեկատվական համակարգերը սպասարկվում են հենց ՊԵԿ-ի կողմից և ավտոմատացված «Վիրտուալ պահեստը» ևս կոմիտեի նախաձեռնությամբ համատեղ նախագծել են Պետական եկամուտների կոմիտեի և Առողջապահության նախարարության փորձագետները: Նոր համակարգն անցել է թեստային բոլոր փորձարկումները և պատրաստ է իրական միջավայրում ներդրմանը։ «Վիրտուալ պահեստը» ներկայացվել է դեղերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողներին: Շնորհանդեսին մասնակցել են նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Անվտանգության խորհրդի, Առողջապահության նախարարության ներկայացուցիչները և ոլորտի մասնագետները: Միջոցառմանը դիտարկվել են համակարգի առանձնահատկությունները։ Ծրագրային լուծումներով նոր համակարգը լիարժեք հսկողություն կապահովի դեղերի շրջանառության նկատմամբ ամբողջ շղթայում՝ ներմուծումից մինչև սպառում: Այն կապ է հաստատում դեղերի ներմուծման և իրացման ամբողջ ցիկլի ընթացքում կիրառվող համակարգերի միջև և համադրելով  այդ համակարգերի տվյալները, տնտեսվարողին թույլատրում կամ մերժում է դեղի իրացումը ներքին շուկայում: Իրացումից առաջ՝ պիտակավորման փուլում, տնտեսվարողը մուտքագրում է նաև «Ազգային մեկ պատուհանում» ստացված ներմուծման հավաստագիրը, ինչով փաստում է, որ դեղը փորձաքննություն է անցել և համապատասխանում է անվտանգային չափանիշներին: Տեղեկատվական համակարգում ստուգվում է նաև տնտեսվարողների մոտ դեղերի մնացորդների փաստացի առկայությունը: Պիտակավորումը թույլատրվում է միայն փորձաքննություն անցած քանակների սահմաններում: Իսկ սպառողներին նոր համակարգով հնարավորություն կընձեռվի դեղ ձեռք բերելիս անմիջապես ստուգել փորձաքննության ընթացքում հավաքագրված տվյալները՝ դեղերի գրանցված անվանումը, արտադրող երկիրը, սերիա համարը և, որ ամենակարևորն է՝ պիտանելիության ժամկետը, արդյո՞ք համապատասխանում են տուփի վրայի տեղեկատվությանը: Նոր համակարգի ներդրման արդյունքում ապահովվում է ներմուծված և իրացվող յուրաքանչյուր տուփ դեղի  հետագծելիությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
11:57 - 26 դեկտեմբերի, 2020
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների վրա.ՊԵԿ

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների վրա.ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2020թ.-ի դեկտեմբերի 31-ից գործելու է ՀՀ կառավարության 20.10.2020թ. թիվ 1708-Ն որոշման հավելվածով սահմանված ցանկում ընդգրկված թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը՝ 6 ամիս ժամկետով։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել. «Մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը ներմուծված ապրանքների նկատմամբ նշված արգելքը չի գործի միայն այն դեպքում, եթե մինչև այս տարվա  դեկտեմբերի 31-ը այդ ապրանքների նկատմամբ իրականացվեն բոլոր համապատասխան մաքսային գործառնությունները, մասնավորապես՝ դրանք հայտարարագրվեն «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, վճարվեն համապատասխան մաքսային վճարները և ապրանքները բաց թողնվեն մինչև նշված օրը։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է նաև հետայսու ապրանքների առևտրային փաստաթղթերում նշում կատարել ծագման երկրի վերաբերյալ, իսկ հնարավորության դեպքում և (կամ) մաքսային մարմնի պահանջով ներկայացնել ծագման երկրի հավաստագիր կամ հայտարարագիր։ Հիշեցնենք, որ ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից՝ Թուրքիայից, Վրաստանից և այլ, ներառյալ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող թուրքական ծագման նշված ապրանքների վրա։ Զգուշացնում ենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ուժեղացված մաքսային հսկողություն է իրականացվելու այդ ապրանքների նկատմամբ, ներառյալ ֆիզիկական զննում, որը իրականացվելու է  մաքսային հսկողության իրականացման վայրերում տեղադրված տեսախցիկների ներքո։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է խստագույնս պահպանել ՀՀ կառավարության 20.10.2020թ. թիվ 1708-Ն որոշմամբ սահմանված դրույթները և զերծ մնալ հնարավոր խախտումներից»,- ասված է հաղորդագրության մեջ։
12:06 - 25 դեկտեմբերի, 2020
Տնտեսական անկման ֆոնին հարկային եկամուտներն ավելի քիչ անկում են գրանցել․ պատգամավոր
 |armtimes.com|

Տնտեսական անկման ֆոնին հարկային եկամուտներն ավելի քիչ անկում են գրանցել․ պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: 2020 թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 1 տրլն 363 մլրդ դրամ։ Տեղեկությունը երեկ ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը։ Սա նշանակում է, որ ռազմական դրությամբ պայմանավորված եւ հոկտեմբերին վերանայված 2020-ին ակնկալվող եկամուտները գերակատարվել են շուրջ 42.5 մլրդ դրամով։ Նշենք, որ վերանայված տվյալներով ակնկալվում էր 2020-ին 1 տրլն 320.5 մլրդ դրամի հավաքագրում։ Տարվա ավարտին դեռ մի քանի օր կա, եւ գերակատարումը կարող է ավելին լինել։ Հարկային եկամուտների վերաբերյալ Արտակ Մանուկյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորև․  - Պարո՛ն Մանուկյան, ՊԵԿ-ի կանխատեսումներն իրականացան, եւ բյուջեի վերանայված հարկային հավաքագրումների վերաբերյալ կանխատեսումները 40 մլրդ-ից ավելի գերակատարվել են։ Ինչո՞վ է սա պայմանավորված։ - Կարծում եմ, առնվազն ակնհայտ է, որ Հայաստանում կար որոշակի ստվեր, որը չնայած հեղափոխությունից հետո կրճատվում է, բայց այնուհանդերձ դեռեւս առկա է։ Ասել, որ հարկային վարչարարության էֆեկտիվությունը եկել է առավելագույն կետին՝ դժվար է։ Այնուամենայնիվ, չնայած տնտեսական կյանքի առումով բավականաչափ մղձավանջային տարի էր՝ կորոնավիրուսի պատճառով, պատերազմով եւ կորոնավիրուսի երկրորդ ալիքով, այնուհանդերձ շնորհակալություն մեր բիզնես հանրույթին, որը այս ընթացքում կարողանում է ապահովել պետության բնականոն կենսառիթմը։ Սա պայմանավորված է նաեւ նրանով, որ մեր տնտեսական ընդհանուր անկման ֆոնին հարկային եկամուտները համեմատաբար ավելի քիչ անկում են գրանցել։ Սա այն պարագայում, երբ ԱԺ-ի կողմից ընդունված շահութահարկի մասին փոփոխություններով բիզնեսին գումար վերադարձվեց։ Այսինքն՝ սա իրականացվել է առավելապես հարկային վարչարարության շնորհիվ եւ ոչ թե նախկինի պես՝ բիզնեսի կաշին քերթելով։ Սա նաեւ մեր բիզնես հանրույթի ինքնագիտակցության բարձրացման եւ քրտնաջան աշխատանքի արդյունք էր։ - Հոկտեմբերին, երբ բյուջեն վերանայվում էր՝ վատատեսակա՞ն սցենար դրվեց, որ կարողացանք գերակատարման հասնել, թե՞ պատերազմից հետո հնարավորություն ունեցանք որոշակիորեն վերականգնվել։ - Վստահաբար պատերազմից վերականգնման մասին դեռեւս դժվար է խոսել, որովհետեւ այնուհանդերձ պատերազմի հետեւանքով առկա է դեռ անորոշություն՝ հատկապես բիզնեսի մոտ։ Սրա արդյունքը, կարծում եմ, մեր ժողովրդի մեկ բռունցք դարձած մոտեցումներն են, երբ քաղաքացիները պահանջում եւ ստանում են իրենց ՀԴՄ կտրոնները։ Այսինքն ես սա ավելի շատ կկապեի թափանցիկության աճի եւ հարկային վարչարարության հետ։ Կարծում եմ, մեր միահամուռ աշխատանքով անորոշությունները հնարավորինս կկրճատվեն եւ արդեն 2021 թվականին բիզնեսը եւս մեծ հնարավորություններ կունենա։ Հատկապես այն համատեքստում, որ եկամտահարկի եւ շահութահարկի նվազեցում է սպասվում ընդհանուր հարկային բեռի։ - Ձեր հրապարակած հարկային եկամուտների տվյալներից հետո դեռեւս 10 օր կա, ի՞նչ չափով ավելացում եք կանխատեսում։ - Շատ դժվար է ասել, թե ինչպիսի միտումներ կլինեն, բայց առնվազն ակնհայտ է, որ որոշակի հարկային վճարումներ եւս կլինեն։ Մենք պետք է արձանագրենք, որ 2019-ին հավաքագրվել էր 1 տրլն 378.2 մլրդ դրամ եւ 2020-ի ցուցանիշը մոտ կլինի դրան։ Եթե տնտեսական անկման եւ ՀՆԱ-ի առումով անկումը մեզ վերադարձնում է 2018 թ. միջակայք, ապա այս առումով համեմատաբար ավելի առաջանցիկ տեմպեր կան։ Ի դեպ, իմ ասածները նաեւ ամրապնդում են աշխատատեղերի ցուցանիշները։ Ես ՊԵԿ-ից թարմ տեղեկատվություն եմ ստացել՝ նոյեմբեր ամսին 613 հազար 889 եկամուտներ ապահոված աշխատատեղ է արձանագրվել, որը մեծ հաշվով շատ համադրելի է 2019 թ. նոյեմբերի հետ։ Համեմատության համար մի ցուցանիշ էլ բերեմ՝ սա էականորեն ավելի բարձր է, քան 2018-ի նոյեմբերը։ Աշխատատեղերի առումով վիճակագրությունը եւս ցույց է տալիս, որ ստվերայնության մակարդակի նվազեցում կա։ Ամեն դեպքում որոշ բիզնեսներ անորոշություններ ունեն, եւ չմոռանանք, որ հանրային սննդի եւ զբոսաշրջային օբյեկտները ավելի մեծ դերակատարում ունեին 2019-ին ու այս առումով նվազում կա։ Այսինքն որոշակի անկում կա։ Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։
20:13 - 23 դեկտեմբերի, 2020
ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընտրվել է Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընտրվել է Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ

2020 թ. դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի (ԱՊՀ ՀԾՂՀԽ) 27-րդ նիստը: Մասնակցել են անդամ պետությունների հարկային մարմինների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ։ Համավարակով (COVID-19) պայմանավորված՝ նիստն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Խորհրդի նիստին հայաստանյան պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։ Նիստի հիմնական թեման նվիրված էր ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների գործունեությանը համավարակի (COVID-19) պայմաններում և դրա հետևանքների հաղթահարմանը։ Այս համատեքստում, ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը նիստի ընթացքում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից  համավարակի (COVID-19) հաղթահարմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ շնորհանդես:  Նիստի ընթացքում քննարկվել են նաև հարկային մարմինների կողմից հարկային որոշակիության բարձրացման արդի ուղղությունները, համատեղ հարկային ստուգումների և հարկային վարչարարության բարելավման մի շարք հարցեր։ Հաստատվել է նաև ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 2021 թ. աշխատանքային ծրագիրը:  Նիստի ժամանակ ընդգծվել է նաև ԱՊՀ երկրների հարկային մարմինների միջև փոխգործակցության կարևորությունը՝ էլեկտրոնային եղանակով տեղեկություններ փոխանակելու հարցում: Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի աշխատանքային խումբն արդեն մշակել և հաստատել է տեղեկատվության փոխանակման ձևաչափերը։ Ավելին՝ 2020 թ. ընթացքում հարկային մարմինների միջև իրականացվել են էլեկտրոնային եղանակով տեղեկությունների թեստային փոխանակումներ, իսկ 2021 թ. նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով առկա տեղեկությունների ամբողջական փոխանակում:  Նիստի շրջանակում 2021 թ. համար Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Հաջորդ՝ 28-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում 2021 թ. հոկտեմբերին:
18:59 - 23 դեկտեմբերի, 2020
Ավտոներկրողը շրջանցում է օրենքը և խուսափում հարկեր մուծելուց. բաց նամակ կառավարությանը |hetq.am|

Ավտոներկրողը շրջանցում է օրենքը և խուսափում հարկեր մուծելուց. բաց նամակ կառավարությանը |hetq.am|

hetq.am: Փաստաբան Տիգրան Ղազարյանը բաց նամակ է հղել կառավարությանը և քաղաքացիներին՝ հայտնելով ավտոներկրման ոլորտում առկա բացերի մասին։ Մասնավորապես, փաստաբանի վստահորդը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ «Ֆայն քարս օֆ Արմենիա» ՍՊԸ-ն ՊԵԿ-ի որոշ աշխատակիցների աջակցությամբ խուսափել է և շարունակում է խուսափել առանձնապես խոշոր չափերի հարկերի և տուրքերի վճարումից։ Ըստ փաստաբանի՝ ՊԵԿ-ի թողտվության արդյունքում ավտոներկրող ընկերությունները հնարավորություն են ստանում ներկրել ավտոմեքենա, այն տեղափոխել ավտոսրահ վաճառելու և փաստացի իրականացնել վաճառք,  և այս ամենը այն պատրվակով, թե իբրև ավտոմեքենան տարվում է ներկրողի պահպանման վայրում պահպանելու, այն էլ առանց որևէ ժամանակային սահմանափակման։ Արդյունքում չկարողանալով վաճառել ներկրված ավտոմեքենաները՝ ներկրողը դիմել է արտահանման համար և արտահանել առանց համապատասխան հարկեր ու տուրքեր վճարելու։ Բաց նամակ Դեռևս մեկ ամիս առաջ իմ վստահորդի՝ Ա. Բ.-ի կողմից հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել այն մասին, որ Ֆայն քարս օֆ Արմենիա ՍՊԸ-ն ՊԵԿ-ի որոշ աշխատակիցների աջակցությամբ խուսափել է և շարունակում է խուսափել (քանի որ արարքը շարունակական բնույթ ունի) առանձնապես խոշոր չափերի հարկերի և տուրքերի վճարումից։ Ի պատասխան ներկայացված հաղորդման ստացվել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի,  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ՝տիկին Հ. Հարությունյանի, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն խաչատրյանի և ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ա. Վաթյանի ուղարկած գրությունները, որոնցում արտահայտված դիրքորոշումներից բխում է, որ Հայաստանի Հանրապետության (ԵԱՏՄ) մաքսային տարածք կարելի է ավտոմեքենաներ ներմուծել, դրանց համար կիրառելի հարկերը և տուրքերը չվճարել, մաքսային մարմնի գիտությամբ դրանք տեղափոխել խանութ-սրահ կամ ավտոշուկա, առաջարկել վաճառքի, վաճառքի պայմանագիրը կնքելուց հետո վերցնել գումարը կանխավճարով, գնալ մաքսային մարմին և բոլոր չկատարված վճարումները ամիսներ կամ տարիներ անց կատարել, թեկուզ և ինչ որ տուգանք վճարելով, որից հետո ավտոմեքենայի նկատմամբ սեփականության իրավունքը վերջնական փոխանցել գնորդին։ Ընդ որում, վերը նշված ընթացակարգի համար հոգ չէ, որ անցած կլինի մեկ տարի և ավել։ Ավելին, եթե մեքենան չվաճառվի, ապա կարելի է այն արտահանել երկրից առանց մաքսազերծման, կամ էլ մեկ տարի հետո տեղափոխել մաքսային պահեստ : Հաշվի առնելով, որը վերը նշված ընթացակարգը, այլևս, համարվում է օրինական և իրավասու պաշտոնատար անձինք այդտեղ որևէ իրավական խնդիր չեն տեսնում, հետևաբար, ղեկավարվելով Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 7 րդ հոդվածի պահանջով, ցանկացած ավտոներկրող կարող է պահանջել, որպեսզի իր նկատմամբ կիրառվի նույն մոտեցումը, ինչը որ կիրառվում է որոշ ավտոներկրողների նկատմամբ։ Ստացվում է, որ դուք ևս կարող եք (իրավունք ունեք) ներկրել ավտոմեքենա, մաքսային մարմինը ձեզ կթույլատրի (պետք է թույլատրի) այն տանել ավտոսրահ վաճառելու և փաստացի իրականացնեք վաճառք,  և այս ամենը այն պատրվակով, թե իբրև դուք տանում եք ձեր պահպանման վայրում պահպանելու, այն էլ առանց որևէ ժամանակային սահմանափակման։ Արդյունքում չկարողանալով վաճառել ներկրված ավտոմեքենաները՝ կարող եք դիմել արտահանման համար և արտահանել առանց համապատասխան հարկեր ու տուրքեր վճարելու։ Վերը շարադրվածի վերաբերյալ մեր մոտ առկա են անհրաժեշտ նյութերը, որոնք վերաբերվում են Ֆայն քարս օֆ Արմենիա ՍՊԸ-ի կողմից Հայաստան ներկրված ավտոմեքենաների, դրա կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին, ՊԵԿ նախագահի տեղակալ Շ. Ներսիսյանին,  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ՝ տիկին Հ. Հարությունյանին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն խաչատրյանին ուղղված հաղորդման, փաստաբանական հարցման ու ստացված նամակների պատճենները և ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ա. Վաթյանից ստացված վերջնական եզրակացությունը, որով հաստատվում է վերը ներկայացված տեղեկությունները, մասնավորապես, որ հաղորդման մեջ նշված նյութերով հանցանքի կամ զանցանքի հատկանիշներ չեն հայտնաբերվել։ Հարգելի տիկնայք և պարոնայք, Կամ ներկայացվածը քրեական հետապնդման և պատկան մարմինների օրենսդրական կարգավորումների ոչ ճիշտ մեկնաբանման և թերի աշխատանքի արդյունք է կամ՝ թույլատրելի արարք, որից հավասարապես պիտի կարողանան օգտվել նաև մյուս ավտոներկրողները։  Կարևոր է  բոլոր տնտեսվարողների նկատմամբ հավասար պայմանների  և օրենքի միատեսակ կիրառության ապահովումը։ Ուսումնասիրելով «Ֆայն քարս օֆ Արմինիա» ՍՊԸ-ի պաշտոնական կայք-էջը՝ պարզ է դառնում, որ վերջիններս արդեն իսկ վաճառել են 124 ավտոմեքենա, ամենայն հավանականությամբ՝ նույն եղանակով։ Միևնույն ժամանակ պատրաստվել է համապատասխան նամակ ուղղված ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի մաքսային համագործակցության գծով նախարար պարոն Օ.Մ. Պանկրատովին,  որտեղ նկարագրվում է այս իրավիճակը և խնդրանք է ներկայացվում պարզաբանել, թե արդյոք դա համապատասխանում է ԵԱՏՄ մաքսային կարգավորումների տառին, ոգուն ու բովանդակությանը։ Սա արվում է ստիպված, քանի որ հարցի վրա ուշադրություն դարձնելուն ուղղված մեր բոլոր ջանքերը մնում են անարձագանք, մասնավորապես  այն պատճառով, որ ՊԵԿ ի  նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին ուղղված մեր փաստաբանական հարցմանը 2020թ. հոկտեմբերի 1 ին տրվեց պատասխան այն մասին, որ խնդրարկվող տեղեկատվությունը պարունակում է մաքսային գաղտնիք և տրամադրվել չի կարող։ Ավելին, ՊԵԿ պատասխանատուները հարցման մեջ նշված տեղեկատվությունը տեղում ստուգելու անհրաժեշտություն չտեսան և ոչ մի քայլ չձեռնարկեցին, այն դեպքում, երբ սա մեր առանց այդ էլ վատ վիճակում գտնվող բյուջեին ուղղակիորեն հարվածող երևույթ է։ Բացի այդ, պատրաստվել է համապատասխան դիմում ՀՀ ՏՄՊՊՀ ին՝ տեղեկացնելով տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կոպիտ խախտման կապակցությամբ օրենքով սահմանված միջոցների կիրառման անհրաժեշտության մասին։ փաստաբան Տիգրան Ղազարյան
15:40 - 20 դեկտեմբերի, 2020
ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի ձեւակերպման եւ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի ձեւակերպման եւ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի ձեւակերպման եւ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Պետական եկամուտների կոմիտեն մշակել է հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարություն՝ առավել համակարգված և արդյունավետ դարձնելու համար հարկային ու մաքսային կարգապահության խթանմանն ուղղված աշխատանքները: Ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից: Վերջինիս կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն, որի արդյունքում հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում 2020թ․ նոյեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել են աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:  Մասնավորապես՝ խոշոր՝ 2019 թվականի արդյունքներով 400 միլիոն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած 11 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 4 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 8 դեպք: Հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող 20 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 5 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 17 դեպք:
17:30 - 16 դեկտեմբերի, 2020
ՊԵԿ նախագահն աշխատանքային շրջայց է կատարել Գոգավանի անցակետում Վրացական կողմում ճանապարհների նորոգումից հետո անցակետը վերսկսել է աշխատանքը

ՊԵԿ նախագահն աշխատանքային շրջայց է կատարել Գոգավանի անցակետում Վրացական կողմում ճանապարհների նորոգումից հետո անցակետը վերսկսել է աշխատանքը

Գոգավանի անցակետը դեկտեմբերի 1-ից վերսկսել է աշխատանքը։ Վրացական կողմում ճանապարհների և մաքսակետի վերանորոգման նպատակով ժամանակավորապես դադարել էր բեռնատարների հոսքը։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Գոգավան՝ տեղում հետևելու բնականոն ռեժիմի վերադարձած մաքսակետում ծառայության կազմակերպմանը։ «Վրացական կողմում նորոգվում էին մաքսակետը և ճանապարհները, ինչի հետևանքով այս տարվա մարտ ամսից Գոգավանի անցակետը չէր գործում: Դեկտեմբերի 1-ից անցակետը վերագործարկվել է, վերանորոգումից հետո ճանապարհներն ավելի նպաստավոր են դարձել բեռնատարների համար»,-հայտնել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ ՊԵԿ ղեկավարը շրջել է անցակետի տարածքով, դիտարկել սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման համար ստեղծված պայմանները և գնահատել մաքսակետի հնարավորությունները։ Էդվարդ Հովհաննիսյանն անցակետի բուժաշխատողներից հետաքրքրվել է նաև հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։ Կոմիտեի ղեկավարը դիտարկել է Գոգավանի անցակետում ծառայություն իրականացնող ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների աշխատանքը։ Էդվարդ Հովհաննիսյանի համոզմամբ` լավ արդյունքը պարտավորեցնող է, ուստի մատուցվող ծառայությունների որակի բարելավումը պետք է լինի շարունակական: Նա հանձնարարել է շարունակել մաքսային հսկողության կազմակերպումն այնպես, որ երաշխավորվի բոլոր գործընթացների օպերատիվությունը։ «Կարող եմ փաստել, որ Գոգավանի անցակետի անձնակազմն այս պահին գտնվում է լիովին պատրաստ վիճակում։Օրական սպասարկվում է 50-70 բեռնատար, որոնց մուտքն այսօր արդեն Գոգավանով է կազմակերպվում։ Անցակետում բոլոր ծառայությունները և ենթակառուցվածքները պատրաստ են` բեռների տեղափոխման համար անհրաժեշտ ծառայությունները մատուցելուն, և իմ գոհունակությունն եմ հայտնում անցակետի աշխատանքների բարձր կազմակերպվածության, այդ թվում` տարածքային ամբողջական պայմանների առկայության համար»,-ընդգծել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Մինչև վրացական կողմի ճանապարհների նորոգումը վարորդները հաճախ խուսափում էին ներմուծումների և արտահանումների դեպքում Գոգավանով երթուղին ընտրել։ «Վրաստանի կողմից նորոգման աշխատանքներն ավարտելուց հետո, վարորդների կարծիքով, բեռնատարների շարժը Գոգավանով ավելի հարմար է դարձել, քանի որ Հայաստանի կողմից ճանապարհները ևս ավելի հեշտ անցանելի են: Վերագործարկումից հետո սպասում ենք բեռնատարների հոսքի ավելացում: Անցակետը պատրաստ է օրական մինչև 150 բեռնատար սպասարկել»,-վստահեցրել է Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի պետ Մայիս Հովհաննիսյանը` հավելելով, որ անցակետում կենտրոնացված են բոլոր այն ծառայությունները, որոնք ապահովում են տնտեսական անվտանգությունը, միաժամանակ արտաքին տնտեսական գործունեության անխափան իրականացումը։
16:07 - 14 դեկտեմբերի, 2020
Կայացել է ԱՊՀ անդամ երկրների ՄԾՂԽ իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 21-րդ նիստը

Կայացել է ԱՊՀ անդամ երկրների ՄԾՂԽ իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 21-րդ նիստը

2020 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի` ՄԾՂԽ-ի, իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 21-րդ նիստը: Նիստին մասնակցել է ԱՊՀ անդամ 8 երկիր:  Կորոնավիրուսի (COVID-19) համավարակով և մասնակից պետությունների միջև օդային հաղորդակցության սահմանափակմամբ պայմանավորված` Ուզբեկստանի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի առաջարկով նիստն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանը: ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 21-րդ նիստի մասնակիցներն անդրադարձել են ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ գործունեության զարգացմանն առնչվող խնդիրներին՝ հավանության արժանացնելով 2021 թվականի աշխատանքային ծրագրի նախագիծը:
18:15 - 11 դեկտեմբերի, 2020
Չքաղաքականացնել կառույցի գործունեությունը. ՊԵԿ-ի պարզաբանումը

Չքաղաքականացնել կառույցի գործունեությունը. ՊԵԿ-ի պարզաբանումը

ՀՀ պետեկամուտների կոմիտեն տարածել է պարզաբանում՝ անդրադառնալով «Դերժավա» և «Մոդուս Գրանում» ընկերություններում ՊԵԿ-ի ստուգումների մասին լրատվամիջոցներից մեկի անդրադարձին, որի համաձայն դրանք կապվել են այդ ընկերության աշխատակիցների ընդդիմության կազմակերպած հավաքներին մասնակցելու հանգամանքի հետ։ ՊԵԿ-ի պարզաբանման մեջ ասված է. ««Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` հարկային մարմնի լիազորություններից է ՀՀ հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով տնտեսավարող սուբյեկտների մոտ օրենքով սահմանված կարգով ստուգումների իրականացումը: Օրերս, լրատվամիջոցներից մեկն անդրադարձել է «Դերժավա» և «Մոդուս Գրանում» ընկերություններում ՊԵԿ-ի ստուգումներին` դրանք կապելով այդ ընկերության աշխատակիցների ընդդիմության կազմակերպած հավաքներին մասնակցելու հանգամանքի հետ։ Կոմիտեն հարկ է համարում ընդգծել, որ տարվա ցանկացած օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից հսկողական միջոցառումներ իրականացվում են հարյուրավոր տնտեսավարող սուբյեկտների մոտ և բացառություն չեն կազմում 2020թ. դեկտեմբերի 9-ի դրությամբ իրականացվող ստուգումները (այդ թվում` վերոնշյալ ընկերություններում): Մասնավորապես, ներկա դրությամբ ՊԵԿ-ի կողմից շուրջ 2300 հարկ վճարողների մոտ իրականացվում են տարբեր տեսակի ստուգումներ: Հաշվի առնելով վերոգրյալը` Կոմիտեն հորդորում է չքաղաքականացնել կառույցի գործունեությունը, քանի որ ՊԵԿ-ն ապաքաղաքական կառույց է, որն անկախ քաղաքական գործընթացներից պարտավոր է և կատարում է օրենքով իրեն վերապահված լիազորությունները: Միաժամանակ տեղեկացվում է, որ «Դերժավա» և «Մոդուս Գրանում» ընկերությունները ընդգրկված են հարկային մարմնի կողմից 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված համալիր ստուգումների տարեկան ծրագրում, որն օրենսդրությամբ սահմանված կարգով Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է դեռևս 2020թ. հունիս ամսին»:
21:06 - 09 դեկտեմբերի, 2020
ՊԵԿ շնագիտական կենտրոնի ծառայողները շուրջօրյա աշխատում են Մեղրիում և Բագրատաշենում

ՊԵԿ շնագիտական կենտրոնի ծառայողները շուրջօրյա աշխատում են Մեղրիում և Բագրատաշենում

Պետական եկամուտների կոմիտեի շնագիտական կենտրոնում հատուկ պատրաստություն անցած ծառայողական շները և կինոլոգները սեպտեմբերից շուրջօրյա հսկողություն են իրականացնում Բագրատաշենի անցակետում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել պետական եկամուտների կոմիտեն: «Նախկինում կենտրոնի ծառայողներն, ըստ անհրաժեշտության, գործուղվում էին Հայաստանի սահմաններ Երևանից: ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի շրջանակում վարժեցված շներն ու կինոլոգներն արդեն մշտական ծառայություն են իրականացնում ինչպես Մեղրիի, այնպես էլ Բագրատաշենի մաքսակետում, ինչը բարձրացնում է հսկողության արդյունավետությունը: Նախապես իրականացվող վերլուծությունների արդյունքում առավել ռիսկային մեքենաները զննվում են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողական շների կողմից` չխոչընդոտելով մաքսատան բնականոն աշխատանքը: Բեռնատարների և մարդատար մեքենաների դեպքում զննումը տևում է միջինում 5 րոպե, իսկ թեթև մարդատար մեքենաների դեպքում` մինչև 2 րոպե: Բագրատաշեն տեղափոխված ծառայողական 4 շները պահվում են մաքսակետի տարածքում` հատուկ պայմաններով առանձնացված հատվածում: Նրանց մի մասը կոմիտեի ռազմավարական ծրագրի շրջանակում շնագիտական կենտրոնում բուծված ցեղատեսակների առաջին սերունդներից է: Բագրատաշենի անցակետում մշտական ծառայություն է իրականացնում 4 աշխատակից: «Բոլորը բնակվում են Տավուշի մարզում` մոտակա գյուղերում, ինչը հեշտացնում է ամենօրյա աշխատանքը: Լինում են դեպքեր, երբ հերթափոխ իրականացնող 2 ծառայողներին օպերատիվ օգնության են հասնում մյուս հերթափոխի աշխատակիցները»,-տեղեկացնում է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի (կենտրոնի) պետ Կարեն Բալայանը: Անհրաժեշտության դեպքում ծառայողական շները և կինոլոգները Բագրատաշենից կգործուղվեն մոտ հեռավորության վրա գտնվող երկաթուղային բեռնափոխադրումների մաքսային ձևակերպումները սպասարկող Այրում-Ջիլիզայի մաքսային կետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
12:17 - 09 դեկտեմբերի, 2020
ՄԻՊ-ը ՀԴՄ-ի կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների հարցով դիմել է ՍԴ

ՄԻՊ-ը ՀԴՄ-ի կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների հարցով դիմել է ՍԴ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների հարցով դիմել է Սահմանադրական դատարան: Թաթոյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: Մարդու իրավունքների պաշտպանը վիճարկում է այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու կոնկրետ իրավախախտման հանգամանքները: «Այս հարցով Բարձր դատարանից հետ էի վերցրել որոշ ժամանակ առաջ հասցեագրած դիմումս, քանի որ Կառավարության հետ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ բարեփոխումներով արագ լուծում կտրվի այս հարցին: Սակայն հաշվի առնելով, որ դրանից հետո Կառավարությունը չընդունեց, որ առկա է սահմանադրականության խնդիր ու այդպիսով փոփոխություններ չեն իրականացվել՝ նորից եմ դիմել Սահմանադրական դատարան, հաշվի առնելով, որ խնդիրը շարունակում է մնալ արդիական»,- գրել է Թաթոյանը:  Թաթոյանը նշել է, որ խոսքը վերաբերում է Հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, օրինակ՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է` 300 հազար դրամի չափով, իսկ հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով 1 միլիոն դրամի չափով: «Ստացվում է, որ օրենքով հարկային մարմնի համար նախապես կանխորոշված են տուգանքների չափերը, որոնցից որևէ բացառություն չի կարող արվել Մասնավորապես, տուգանքները նշանակվում են առանց անհատականացման. դրանք չեն նշանակվում հիմք ընդունելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի շրջանառության ծավալը: Առաջին անգամ իրավախախտումը հայտնաբերելիս տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտի նկատմամբ կիրառվում է տուգանք՝ անկախ խախտումը կատարելու օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից։ Խնդրահարույց է նաև տուգանքի չափերի բարձր լինելը, ինչը նորաբաց և/կամ փոքր կազմակերպությունների, ի տարբերություն տարիներ շարունակ գործող և մեծ կազմակերպությունների, դնում է տնտեսական դժվար կացության առաջ, իսկ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար այն հանգեցնում է ընդհուպ մինչև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման»,- գրել է ՄԻՊ-ը: Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ` վերոնշյալ վիճակը չի ապահովում տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու երաշխավորման սահմանադրական պահանջը։ «Սա իր հերթին հանգեցնում է տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական, գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի նկատմամբ անհամաչափ միջամտության հարկային մարմինների կողմից»,- եզրափակել է Թաթոյանը:
10:47 - 09 դեկտեմբերի, 2020
ՊԵԿ-ը հարկ վճարողների առաջարկներով կատարելագործում է էլեկտրոնային համակարգերը

ՊԵԿ-ը հարկ վճարողների առաջարկներով կատարելագործում է էլեկտրոնային համակարգերը

Էլեկտրոնային հարթակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից մատուցվող ծառայություններն ավելանում են. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման խորհրդի նիստում նախագահի և տեղակալների մասնակցությամբ քննարկվել են ապագայի էլեկտրոնային ծառայությունները: Մասնավորապես` նախատեսվում է պարզեցնել հարկերը հաշվառելու և մարելու մեխանիզմները` 2018թ.-ից գործող անձնական հաշվի քարտի համակարգում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարտավորությունները կհաշվառվեն ներկայացման օրով, սակայն հարկ վճարողի ցանկությամբ չեն մարվի մինչև վերջնաժամկետը: «Հարկ վճարողը հնարավորություն կունենա ինքնուրույն որոշելու՝ որ պարտավորությունն է ուզում մարել մինչև վճարման վերջնաժամկետը»,-տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսինե Այվազյանը։   «Հաջորդ գլոբալ փոփոխությունը վերաբերում է ճշտված հաշվարկների ներկայացմանը: Նախատեսվում է պարտավորությունը հաշվառել ավելի պարզ ձևով՝ նախկինում հայտարարագրված և ճշտված հաշվարկի տարբերության չափով։ Այդ դեպքում վերահաշվարկներ չեն կատարվելու։ Պարզ սխեմա է գործելու նաև դեբետային գումարների պարագայում։ Եթե հարկ վճարողը կներկայացնի դեբետային հաշվարկ, առանց ուսումնասիրության դիմում ներկայացնելու` համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով դեբետային գումարներն ավտոմատ կփոխանցվեն միասնական հաշվին։ Կարևոր խնդիր կլուծվի միասնական հաշվից ստուգման ակտի պարտավորությունների առանձնացմամբ։ Գանձապետական առանձին հաշվի գործելու դեպքում ոչ թե ավտոմատ համակարգը, այլ հարկ վճարողը կկարողանա որոշել՝ երբ մարել ստուգման ակտի պարտավորությունները: Գաղափարները մշակելիս կոմիտեն հաշվի է առել բիզնես դաշտի առաջարկները։ «Հարկ վճարողների պաշտպանություն» հ/կ նախագահ Փայլակ Թադևոսյանը նշում է, որ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստում հարկ վճարողները մի քանի անգամ բարձրաձայնել են էլեկտրոնային համակարգերի հետ կապված խնդիրները. «Շատ լավ է, որ խորհրդում քննարկված խնդիրները լուծումներ են ստանում, և ներկայացված առաջարկները կյանքի են կոչվում»: Համատարած հայտարարագրման համակարգի գաղափարին համահունչ նախատեսվում է առանձին՝ պարզ հարթակ ստեղծել ֆիզիկական անձանց համար: Նոր էջի միջոցով ֆիզիկական անձը հնարավորություն կունենա մեկ հարթակի միջոցով իրականացնել մաքսային և հարկային մարմիններին առնչվող գործառնությունները, նաև գույքահարկի մասով վճարումներ կատարել և տեսնել իր պարտավորությունները։ Կստեղծվի նաև համակարգի բջջային հավելվածը։ Էլեկտրոնային այս լուծումները նախատեսված են ՊԵԿ ռազմավարական ծրագրով։ Կյանքի կոչվելու համար ծրագրային փոփոխություններին զուգահեռ նաև օրենսդրական կարգավորումներ կպահանջվեն։ Ապագայի էլեկտրոնային ծառայությունները հաջորդիվ ներկայացվելու են ՀՀ կառավարության թվայնացման խորհրդում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
19:16 - 08 դեկտեմբերի, 2020
Բագրատաշենի անցակետում վերականգնվել են բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը

Բագրատաշենի անցակետում վերականգնվել են բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը

Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսակետը դեկտեմբերի 1-ից անցել է բնականոն աշխատանքի: Վերականգնվել է ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքն անցակետով։ Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային-կետ բաժնի պետ Գեղամ Վանունու խոսքով՝ մաքսակետում 24 ժամյա ռեժիմով պատշաճ մակարդակով իրականացվում են գործառույթները՝ սահմանը հատողներին մատուցելով որակյալ մաքսային  սպասարկում. «Աշխատանքային բնականոն ռեժիմի անցած մաքսակետում օր օրի ավելանում է բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքը: Դեկտեմբերի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում Բագրատաշենի մաքսակետով սահմանն արդեն հատել է շուրջ 1700 բեռնատար: Եթե դեկտեմբերի 1-ին այդ թիվը կազմել է 410, ապա դեկտեմբերի 3-ի ընթացքում սահմանը հատել է շուրջ 700 բեռնատար»: Գեղամ Վանունին վստահեցնում է, որ մաքսակետն ամբողջությամբ համալրված է անհրաժեշտ աշխատուժով և սարքավորումներով, որպեսզի սպասարկումը լինի հնարավորինս արագ ու հարմարավետ և սահմանը հատողները կարողանան կարճ ժամանակում իրականացնել մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացը: Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 28-ին, ռազմական դրության պայմաններում,  Պետական եկամուտների կոմիտեն, անվտանգությունից ելնելով՝ հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատման համար հորդորել էր Բագրատաշենի անցակետի փոխարեն ընտրել Բավրայի մաքսակետը: Ի դեպ, դեկտեմբերի 1-ից վերականգնվել է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման նպատակով։    
17:13 - 04 դեկտեմբերի, 2020
ՊԵԿ-ի հավաստմամբ՝ հետպատերազմյան շրջանում ապրանքների և ծառայությունների ընդհանուր փաստաթղթավորման դրական տեղաշարժ է նկատվում

ՊԵԿ-ի հավաստմամբ՝ հետպատերազմյան շրջանում ապրանքների և ծառայությունների ընդհանուր փաստաթղթավորման դրական տեղաշարժ է նկատվում

Չնայած պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ոչ բնականոն իրավիճակին` տնտեսվարողները, գիտակցելով տնտեսական կայունության կարևորությունը, շարունակում են բնականոն իրականացնել իրենց գործունեությունը, այսօր հաղորդում է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)։ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հետպատերազմյան ժամանակաշրջանում նկատվում է ապրանքների և ծառայությունների ընդհանուր փաստաթղթավորման դրական տեղաշարժ, ինչի մասին վկայում է այն փաստը, որ 2020 թվականի նոյեմբեր ամսվա գործարքների փաստաթղթավորման ծավալը Հայաստանում նախորդ ամսվա համեմատ ավելացել է շուրջ 16.7 միլիարդ դրամով կամ 3.2 տոկոսով: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հասարակական կայունության պայմաններում տնտեսական ակտիվության գործընթացներն արագ վերադասավորվում են: Ընդհանրապես, 2020 թվականի նոյեմբեր ամսվա փաստաթղթավորման ցուցանիշները զիջում են միայն սեպտեմբեր ամսին` գերազանցելով մնացած բոլոր ամիսների ցուցանիշները, նշված է հաղորդագրությունում։
13:55 - 04 դեկտեմբերի, 2020
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը։ ՊԵԿ-ը հաղորդում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում իրականացված հսկողության արդյունքում Գերմանիայից Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել է «ԼՍԴ» տեսակի թմրամիջոցի 100 բլոտտեր: Թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստանալուց հետո Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Ի.Բ.-ն: Վերջինս կալանավորվել է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:
17:10 - 02 դեկտեմբերի, 2020