Տնտեսական անկման ֆոնին հարկային եկամուտներն ավելի քիչ անկում են գրանցել․ պատգամավոր
 |armtimes.com|
20:13 - 23 դեկտեմբերի, 2020

Տնտեսական անկման ֆոնին հարկային եկամուտներն ավելի քիչ անկում են գրանցել․ պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: 2020 թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 1 տրլն 363 մլրդ դրամ։ Տեղեկությունը երեկ ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը։

Սա նշանակում է, որ ռազմական դրությամբ պայմանավորված եւ հոկտեմբերին վերանայված 2020-ին ակնկալվող եկամուտները գերակատարվել են շուրջ 42.5 մլրդ դրամով։ Նշենք, որ վերանայված տվյալներով ակնկալվում էր 2020-ին 1 տրլն 320.5 մլրդ դրամի հավաքագրում։ Տարվա ավարտին դեռ մի քանի օր կա, եւ գերակատարումը կարող է ավելին լինել։

Հարկային եկամուտների վերաբերյալ Արտակ Մանուկյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորև․ 

- Պարո՛ն Մանուկյան, ՊԵԿ-ի կանխատեսումներն իրականացան, եւ բյուջեի վերանայված հարկային հավաքագրումների վերաբերյալ կանխատեսումները 40 մլրդ-ից ավելի գերակատարվել են։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

- Կարծում եմ, առնվազն ակնհայտ է, որ Հայաստանում կար որոշակի ստվեր, որը չնայած հեղափոխությունից հետո կրճատվում է, բայց այնուհանդերձ դեռեւս առկա է։ Ասել, որ հարկային վարչարարության էֆեկտիվությունը եկել է առավելագույն կետին՝ դժվար է։ Այնուամենայնիվ, չնայած տնտեսական կյանքի առումով բավականաչափ մղձավանջային տարի էր՝ կորոնավիրուսի պատճառով, պատերազմով եւ կորոնավիրուսի երկրորդ ալիքով, այնուհանդերձ շնորհակալություն մեր բիզնես հանրույթին, որը այս ընթացքում կարողանում է ապահովել պետության բնականոն կենսառիթմը։ Սա պայմանավորված է նաեւ նրանով, որ մեր տնտեսական ընդհանուր անկման ֆոնին հարկային եկամուտները համեմատաբար ավելի քիչ անկում են գրանցել։ Սա այն պարագայում, երբ ԱԺ-ի կողմից ընդունված շահութահարկի մասին փոփոխություններով բիզնեսին գումար վերադարձվեց։ Այսինքն՝ սա իրականացվել է առավելապես հարկային վարչարարության շնորհիվ եւ ոչ թե նախկինի պես՝ բիզնեսի կաշին քերթելով։ Սա նաեւ մեր բիզնես հանրույթի ինքնագիտակցության բարձրացման եւ քրտնաջան աշխատանքի արդյունք էր։

- Հոկտեմբերին, երբ բյուջեն վերանայվում էր՝ վատատեսակա՞ն սցենար դրվեց, որ կարողացանք գերակատարման հասնել, թե՞ պատերազմից հետո հնարավորություն ունեցանք որոշակիորեն վերականգնվել։

- Վստահաբար պատերազմից վերականգնման մասին դեռեւս դժվար է խոսել, որովհետեւ այնուհանդերձ պատերազմի հետեւանքով առկա է դեռ անորոշություն՝ հատկապես բիզնեսի մոտ։ Սրա արդյունքը, կարծում եմ, մեր ժողովրդի մեկ բռունցք դարձած մոտեցումներն են, երբ քաղաքացիները պահանջում եւ ստանում են իրենց ՀԴՄ կտրոնները։ Այսինքն ես սա ավելի շատ կկապեի թափանցիկության աճի եւ հարկային վարչարարության հետ։ Կարծում եմ, մեր միահամուռ աշխատանքով անորոշությունները հնարավորինս կկրճատվեն եւ արդեն 2021 թվականին բիզնեսը եւս մեծ հնարավորություններ կունենա։ Հատկապես այն համատեքստում, որ եկամտահարկի եւ շահութահարկի նվազեցում է սպասվում ընդհանուր հարկային բեռի։

- Ձեր հրապարակած հարկային եկամուտների տվյալներից հետո դեռեւս 10 օր կա, ի՞նչ չափով ավելացում եք կանխատեսում։

- Շատ դժվար է ասել, թե ինչպիսի միտումներ կլինեն, բայց առնվազն ակնհայտ է, որ որոշակի հարկային վճարումներ եւս կլինեն։ Մենք պետք է արձանագրենք, որ 2019-ին հավաքագրվել էր 1 տրլն 378.2 մլրդ դրամ եւ 2020-ի ցուցանիշը մոտ կլինի դրան։ Եթե տնտեսական անկման եւ ՀՆԱ-ի առումով անկումը մեզ վերադարձնում է 2018 թ. միջակայք, ապա այս առումով համեմատաբար ավելի առաջանցիկ տեմպեր կան։ Ի դեպ, իմ ասածները նաեւ ամրապնդում են աշխատատեղերի ցուցանիշները։ Ես ՊԵԿ-ից թարմ տեղեկատվություն եմ ստացել՝ նոյեմբեր ամսին 613 հազար 889 եկամուտներ ապահոված աշխատատեղ է արձանագրվել, որը մեծ հաշվով շատ համադրելի է 2019 թ. նոյեմբերի հետ։ Համեմատության համար մի ցուցանիշ էլ բերեմ՝ սա էականորեն ավելի բարձր է, քան 2018-ի նոյեմբերը։ Աշխատատեղերի առումով վիճակագրությունը եւս ցույց է տալիս, որ ստվերայնության մակարդակի նվազեցում կա։ Ամեն դեպքում որոշ բիզնեսներ անորոշություններ ունեն, եւ չմոռանանք, որ հանրային սննդի եւ զբոսաշրջային օբյեկտները ավելի մեծ դերակատարում ունեին 2019-ին ու այս առումով նվազում կա։ Այսինքն որոշակի անկում կա։

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել