Արման Թաթոյան

Արման Հակոբի Թաթոյանը (դեկտեմբերի 18, 1981Երեւան) ՀՀ մարդու իրավունքների 4-րդ պաշտպանը։ Պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022թ․ հունվարի 24-ին։

1998-2007թթ. - սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1 մենագրության եւ 27 գիտական հոդվածների հեղինակ եւ համահեղինակ։ 2012-2013 թթ. ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանը։

  • 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 2013 թվականից- ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ի կողմից 96 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ՄԻՊ։
Բոլոր տվյալները կան հիմնավոր հետևություն անելու, որ խաղաղ բնակավայրերի հրետանակոծումը թիրախային է․ ՄԻՊ

Բոլոր տվյալները կան հիմնավոր հետևություն անելու, որ խաղաղ բնակավայրերի հրետանակոծումը թիրախային է․ ՄԻՊ

Ադրբեջանական կողմը դարձյալ այսօր հրետանակոծել է Հայաստանի Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը (Այգեպար և այլն)։ Երեկ նույն քաղաքացիական բնակավայրերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի անկախ փաստահավաք աշխատանքներն արձանագրեցին, որ հրետանակոծումն իրակակացվում է առավելապես այս արկերով։ Բոլոր տվյալները կան հիմնավոր հետևություն անելու, որ խաղաղ բնակավայրերի հրետանակոծումը թիրախային է։ Երեկ մենք տեղում արձանագրեցինք նաև, որ հենց այս արկերը, ընկնելով թիրախի վրա, անմիջապես պայթում են ու վերածվում տարբեր չափի բազմաթիվ բեկորների, որոնցից ամեն մեկը կարող է մարդկային կյանքեր խլել, անդամահատել։ Էլ չեմ խոսում գույքին, հատկապես տներին վնասներ հասցնելու մասին։ Բացարաձակ դստապարտելի երևույթ է ոչ միայն քաղաքացիական բնակավայերը հրետանակոծելը, այլև դա հենց այս արկերից անելը։
10:07 - 16 հուլիսի, 2020
Ներքին Խնձորեսկ գյուղից անհետացած ՀՀ քաղաքացու հարցով դիմել եմ Կարմիր խաչին. Արման Թաթոյան |azatutyun.am|

Ներքին Խնձորեսկ գյուղից անհետացած ՀՀ քաղաքացու հարցով դիմել եմ Կարմիր խաչին. Արման Թաթոյան |azatutyun.am|

azatutyun.am: «Ներքին Խնձորեսկ գյուղից անհետացած ՀՀ քաղաքացու հարցով դիմել եմ Կարմիր խաչին», - այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը: «Այդ պահի դրությամբ Կարմիր խաչի հայկական պատվիրակության ղեկավարն ինձ ասաց, որ իրենք բացել են գործ, նախաձեռնել են հատուկ գործընթաց և դիմել են համապատասխան հարցմամբ Ադրբեջանի Կարմիր Խաչի պատվիրակությանը և դեռ չունեն պատասխան», - նշեց Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանը հայտնեց, որ Ադրբեջանի հաստատելու մասին տեղեկացել են հրապարակային աղբյուրներից. «Կարմիր խաչը մեզ տեղեկացրել է, որ դեռ իրենք պաշտոնական հաստատում չունեն, մենք կապի մեջ կլինենք միջազգային մեր գործընկերների հետ՝ մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում: Ես նաև քննարկել էին մի շարք այլ հարցեր, որոնց թվում էր նաև այնտեղ ազատազրկման դատապարտված մեր մյուս հայրենակիցներին <....>, մանրամասներն այս պահին չեմ կարող հրապարակել: Մենք կապի մեջ ենք նաև Ներքին Խնձորեսկի անհետացած և Ադրբեջանի տարածքում հայտնված մեր քաղաքացու ազգականների հետ»: Ավելի վաղ պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե Հայաստանի 30-ամյա քաղաքացի Նարեկ Սարդարյանն ինքնակամ հատել է սահմանն ու անցել Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածք։ Այսօր տեղի հեռուստաընկերությունը ցուցադրել է Սարդարյանի հետ հարցազրույցը՝ պնդելով, թե նա խնդրել է իրեն Ադրբեջանի քաղաքացիություն տրամադրել։
09:07 - 16 հուլիսի, 2020
ՄԻՊ-ը նոր զեկույց կուղարկի միջազգային կառույցներին․ Չինարի գյուղից փոխանցվել են հրետանակոծությունից փաստեր

ՄԻՊ-ը նոր զեկույց կուղարկի միջազգային կառույցներին․ Չինարի գյուղից փոխանցվել են հրետանակոծությունից փաստեր

Ադրբեջանական կողմը 2020 թվականի հուլիսի 13-ին թիրախային հրետանակոծման է ենթարկել Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել նման ահազանգեր գյուղի բնակիչներից և Չինարի համայնքի ղեկավարից։ Ըստ այդ ահազանգերի՝ ադրբեջանական կողմից արձակվել է շուրջ մեկ տասնյակ արկ, վնասվել են գյուղի բնակելի շինություններ:  Չինարի գյուղից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են փոխանցել հրետանակոծությունից հետո արված լուսանկարներ, որոնք վկայում են գյուղի տներից մեկին պատճառված վնասի մասին: Մեկ այլ դեպքում վնասվել է բնակելի տան շինության տանիքը, իսկ հրետանակոծության պահին տանը եղել են երեխաներ։ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերից անմիջապես հետո արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82 մմ տրամաչափի ականանետից 7 արկ, իսկ 120 մմ տրամաչափի ականանետից՝ 3 արկ։ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերը, Հայաստանի պետական մարմինների պաշտոնական հայտարարությունները և սոցիալական մեդիայի հրապարակումները վկայում են, որ թիրախավորվել է Հայաստանի քաղաքացիական խաղաղ բնակավայրը, առկա է խաղաղ բնակիչներին, նրանց կյանքին ու առողջությանը իրական վտանգ, ինչպես նաև գույքին պատճառված վնաս։ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է անմիջական կապ պահպանել Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի բնակիչների և համայնքների վարչական մարմինների հետ։ Իրականացվում է ամբողջական դիտարկում, տեղեկությունների և փաստերի անկախ հավաքագրում։ Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ: Դա բացարձակ դատապարտելի է հատկապես նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) գլոբալ համաճարակի պայմաններում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կորոնավիրուսի վտանգով պայմանավորված, դեռևս մարտի 23-ին կոչ է արել անհապաղ ամբողջությամբ դադարեցնել զինված հակամարտությունները երկրագնդի բոլոր անկյուններում։ Այս արձանագրումները ևս սահմանված կարգով կամփոփվեն և նոր զեկույցով կուղարկվեն միջազգային կառույցներին: Այս մասին կլինի Մարդու իրավունքների պաշտպանի լրացուցիչ հաղորդագրությունը:
19:32 - 13 հուլիսի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի ՄԻՊ-ի և իրավապաշտպանների հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի ՄԻՊ-ի և իրավապաշտպանների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 19-ի հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, իրավապաշտպաններ Զարուհի Հովհաննիսյանի և Ավետիք Իշխանյանի հետ: Ինչպես տեղեկացրին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, առաջարկելով ներկայացնել իրենց տեսակետները հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ՝ նախագահն ասել է, որ պետք է խոսել ոչ միայն այս պահին առկա խնդիրների և դրանց լուծման, այլև՝ ընդհանրապես ինչպիսի ֆունդամենտալ խնդիրներ կան, որոնք նաև հիմնարար լուծման կարիք ունեն: Զրույցի ընթացքում մասնակիցներն իրենց տեսակետն են ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության, ոլորտում առկա խնդիրների մասին: Արձագանքելով նրանց հարցերին ու դիտարկումներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել։ Անձնավորում են սկսած նախագահի ինստիտուտից մինչև քաղաքացի կամ իրավապաշտպան։ Սա ոչ միայն անթույլատրելի է, այլև շատ վտանգավոր։ Սա, իհարկե, նոր երևույթ չէ և միայն հայկական երևույթ չէ: Այդ նույն մեխանիզմները տարբեր երկրներում կիրառվում են։ Սա այսօրվա փոփոխված աշխարհի արդյունքն է, որտեղ մարդկանց մեծ մասը իրենց կյանքի մեծ մասն անցկացնում է վիրտուալ աշխարհում, որտեղ ո՛չ օրենք կա, ո՛չ կարգավորում։ Ցավալի է նաև, որ այս մեխանիզմը մեծ թափով կիրառվում է մեր մոտ։ Այն կիրառվում է վերևից և ներքևից, աջից և ձախից, անձնավորված, թիրախավորված է: Արդյունքում՝ շատ հաճախ հետին պլան է մղվում քննարկման նյութը՝ թեման, արդյունքում՝ մենք այն կորցնում ենք։ Մենք պետք է ելնենք այն միջավայրից և իրականությունից, որտեղ ապրում ենք և գործում, փորձենք մեր հնարավորությունների սահմաններում իրավիճակը փոխել և բարելավել։ Եթե նախագահը սկսի ամեն օր օգտագործել իր ունեցած հիմնական գործիքներից մեկը, որը խոսքն է, ապա այն ժամանակի ընթացքում արժեզրկվելու է: Նախագահը պետք է շատ զուսպ լինի և գործի անհրաժեշտ պահերին: Ոչ թե կետային, այս կամ այն դեպքի առիթով, այլ ավելի ընդհանրացված. մարդկանց հանդուրժողականության կոչ անի, տարբեր գործիքներ օգտագործելով նպաստի իրազեկմանն ու աջակցի հանրային քննարկումներին»: Հանրապետության նախագահն արձագանքել է նաև խորհրդարանական հանրապետությունում նախագահի դերին վերաբերող հարցերին, որոնց մասին նույնպես իրավապաշտպանները խոսել էին: «Անցում է կատարվել նոր փուլի, և մարդկանց մեծ մասն իներցիայով դեռ այնքան էլ չի պատկերացնում, որ Հանրապետության նախագահի լիազորությունները փոխվել են»,- նշել է նախագահը: «Այս ինստիտուտի կարևոր բազմաթիվ խնդիրների շարքում նախ նրա կայանալն է՝ որպես խորհրդարանական երկրում նախագահական ինստիտուտ,- ասել է նախագահ Սարգսյանը: -Ամենաբարձր մակարդակներից մինչև պարզ քաղաքացիների մեծ մասը հաճախ չեն պատկերացնում կամ չեն ուզում պատկերացնել, որ խորհրդարանական երկրում են ապրում։ Սա ստեղծում է անհասկացվածություն, լինում են սխալ մեկնաբանություններ, սպասելիքներ նախագահից, նախագահի ինստիտուտից, որոնք իրատեսական չեն, հետևաբար նախագահը չի կարող իրականացնել»։ Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել Հանրապետության նախագահի հետ, որ տարբեր հարցերի շուրջ տարբեր մեխանիզմներ օգտագործելով իրազեկելու, հանրային քննարկումներ անցկացնելու և կրթելու անհրաժեշտություն կա, և բոլորս այստեղ անելիք ունենք:
19:05 - 19 հունիսի, 2020
Խիստ մտահոգիչ երևույթ է դատավոր Արսեն Նիկողոսյանի ու իր մանկահասակ երեխաների հանդեպ ատելության խոսքը. Արման Թաթոյան

Խիստ մտահոգիչ երևույթ է դատավոր Արսեն Նիկողոսյանի ու իր մանկահասակ երեխաների հանդեպ ատելության խոսքը. Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1. Մեր երկրում խիստ վտանգավոր չափերի է հասնում մարդու նկատմամբ ուղղված վիրավորանքն ու ատելությունը՝ նրա մասնավոր և ընտանեկան կյանքը թիրախավորելով: Բացարձակ անթույլատրելի է, երբ անօրինական նպատակի համար օգտագործվում են երեխաները: Այս երևույթն ավելի է մեծացնում լարվածությունը, բերում է վտանգավոր հետևանքների և բազմապատկում է վիրավորանքը: Պետք է դադարեցնել, ուղղակի բացառել իրար վիրավորելու, իրար արժանապատվություն նսեմացնելու վտանգավոր սովորությունը: 2. Խիստ մտահոգիչ երևույթ է Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի մասնավոր ու ընտանեկան կյանքի թիրախավորմամբ, խիստ անձնական բնույթի տվյալների օգտագործմամբ, նրան ու նրա մանկահասակ երեխաների հանդեպ ատելության խոսքը: 3. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի դիտարկումն արձանագրել է մեծ ծավալի հասնող վիրավորանք ու սպառնալիքներ՝ ուղղված դատավորի ընտանիքին՝ նրա երեխաներին ու կնոջը, ինչպես նաև հենց անձամբ դատավորի հասցեին: Սա խիստ մտահոգիչ է, մեր երկրի արդարադատության համակարգը կործանող երևույթ է, որ արդեն վտանգավոր չափերի է հասնում: Մենք պետք է գիտակցենք, որ այս կերպ մենք վտանգում ենք դատական համակարգի հիմքերն առհասարակ, սա դատարանների հանդեպ ինստիտուցիոնալ վստահությունն ավերող ճանապարհ է: Այս ամենը պայմանավորված է այն հրամայականով, որ դատարաններն անկախ են, կոչված են երաշխավորելու երկրի իրավական անվտանգությունը և իրավական համակարգի կայունությունը: Ցանակացած հարցի կամ խնդրի լուծման պետք է հասնել բացառապես իրավական եղանակով։ 4. Հատուկ արձանագրում եմ, որ հանրային պաշտոնյաների դեպքում պահանջներն առավել խիստ են, քանի որ նրանք ունեն իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված են այդ կարգավիճակի սահմաններով: Ցանկացած շեղում կարող է առաջացնել իրավական պատասխանատվություն: Նրանք պարտավոր են լինել զսպված և թույլ չտալ վիրավորանք, ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք: Ընդ որում, այս պահանջները գործում են միշտ. ոչ աշխատանքային ժամերը կամ օրերը պաշտոնյայի համար ոչ իրավաչափ արարքների արդարացում լինել չեն կարող: Հասարակությունը միշտ է նրանց ընկալում պաշտոնյայի կարգավիճակով: Բացարձակ մերժելի երևույթ է, երբ մանկահասակ երեխայի նկարն օգտագործելով՝ երկրի Հանրային խորհրդի նախագահն անում է այնպիսի գրառում, որով երեխային դարձնում է ատելության թիրախ: Առավել մտահոգիչ է, որ այդ գրառման ներքո արվող արժանապատվությունը նսեմացնող ու ատելություն գեներացնող մեկնաբանությունները չեն հեռացվում: 5. Այս արատավոր երևույթը ևս մեկ օրինակ է առ այն, որ պետք է զգուշություն ցուցաբերել երեխաների նկարներ սոցիալական ցանցերում հրապարակելու հարցում կամ ձեռնպահ մնալ այդ գայթակղությունից ընդհանրապես: Պետք է միշտ հիշել, որ դրանով երեխան հեշտությամբ կարող է դառնալ վտանգավոր երևույթների թիրախ»:
10:40 - 19 հունիսի, 2020
ՄԻՊ-ն անընդունելի է համարում նստացույց հայտարարած՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի և մի շարք այլ կին պատգամավորներին փողոցից հեռացնելու եղանակը

ՄԻՊ-ն անընդունելի է համարում նստացույց հայտարարած՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի և մի շարք այլ կին պատգամավորներին փողոցից հեռացնելու եղանակը

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարդու իրավունքների պաշտպանի ամփոփիչ հայտարարությունը կատարած աշխատանքների վերաբերյալ-----------Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է այսօր տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական դիտարկում: Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո է ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քրեական վարույթի ընթացքը՝ օրենքով Պաշտպանին վերապահված իրավասության սահմաններում: Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ղեկավարությամբ՝ աշխատակազմում կազմվել է արագ արձագանքման 14 խումբ: 10 խումբ իրականացրել է այցեր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և մարզային բաժիններ: Վերջին խումբը քիչ առաջ է վերադարձել Ոստիկանության բաժնից: Աշխատանքային 4 խումբ իրականացրել է լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի հրապարակումների մշտադիտարկում, ինչպես նաև իրավական ապահովման աշխատանքներ: Այսօրվա ընթացքում Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել վարչական ձերբակալման ենթարկված 165 անձի հետ, ուսումնասիրվել են այդ անձանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը և նրանց բերման ենթարկելու կապակցությամբ Ոստիկանության պարզաբանումները: Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում Ոստիկանության ծառայողների վերաբերմունքի առնչությամբ բողոքներ առավելապես չեն ներկայացվել: Արձանագրված խնդիրները գլխավորապես վերաբերում են փողոցից Ոստիկանություն բերման ենթարկելու ու այդ ընթացքում բերման ենթարկվողի իրավունքներն ապահովելու հետ (օրինակ՝ բերման ենթարկելու հիմքերի ոչ պատշաճ պարզաբանում, մատյաններում և վարչական վարույթի նյութերում վարչական ձերբակալման հիմքերի ոչ պատշաճ արտացոլում): Ոստիկանության բաժիններ կատարած այցերի, առանձնազրույցների և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն Ոստիկանություն ամբողջական տեսքով՝ պարզաբանումների պահանջով և լուծման առաջարկներով: Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ պետությունը պետք է հատուկ վերաբերմունք ունենա այն անձանց նկատմամբ, ովքեր ոչ թե ակցիայի կամ զանգվածային այլ միջոցառման մասնակից են, այլ իրավապաշտպան նպատակով իրականացնում են այդ միջոցառման դիտարկում: Ուստի, Ռուբեն Մելիքյանին վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերի և եղանակի առնչությամբ Ոստիկանությունից գրավոր պարզաբանումներ կպահանջվեն առանձին վարույթով: Մարդու իրավունքների պաշտպանը նաև անընդունելի է համարում նստացույց հայտարարած՝ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի և խորհրդարանի մի շարք այլ կին պատգամավորներին փողոցից հեռացնելու եղանակը: Հ.Գ. Մարդու իրավունքների պաշտպանը բոլորին կոչ է անում պահպանել նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման կանոնները»:
09:17 - 15 հունիսի, 2020
Անվճար դեղորայք ստանալու վերաբերյալ իրազեկման աշխատանքներ քաղաքացիների համար չեն իրականացվում․ ՄԻՊ

Անվճար դեղորայք ստանալու վերաբերյալ իրազեկման աշխատանքներ քաղաքացիների համար չեն իրականացվում․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ անվճար դեղորայք ստանալու ընթացակարգի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ քաղաքացիների համար չեն իրականացվում։ Ըստ ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ քաղաքացիները բողոքով նշել են, որ սոցիալական վիճակից ելնելով, հնարավորություն չունեն այս կամ այն դեղորայքը ձեռք բերել: Ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողների մեծ մասը պատկանում է անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերին: Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղաքացիները ստացել այն դեղերը, որոնք տեղ են գտել ՀՀ հիմնական դեղերի ցանկում, ինչպես նաև իրազեկվել են իրենց իրավունքների, միջազգային կամ տեղական կազմակերպությունների կողմից տրամադրվող դեղեր ձեռք բերելու ընթացակարգերի մասին: «Իրազեկում ենք,  որ բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով կամ առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց և առանձին հիվանդություններով տառապող անձանց։ ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշման համաձայն` անվճար կամ արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով խմբերին դեղերով ապահովում է սպասարկող պոլիկլինիկան` մասնագետի նշանակմամբ (Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկին համապատասխան)»,- նշված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:
12:12 - 11 հունիսի, 2020
Հունիս ամսվա դրությամբ ստացել ենք նույնքան բողոք, ինչքան ստացել ենք անցյալ ամբողջ տարին․ ՄԻՊ Արման Թաթոյան

Հունիս ամսվա դրությամբ ստացել ենք նույնքան բողոք, ինչքան ստացել ենք անցյալ ամբողջ տարին․ ՄԻՊ Արման Թաթոյան

Մեր  ստացած բողոքները արդեն հունիս ամսվա դրությամբ ավելի շատ են, քան նախորդ ամբողջ տարին ։ Եթե անցյալ տարի ստացել ենք ՝ 13․140 բողոք, հիմա ունենք 13․300-ից ավելին։ Աշխատակազմն աշխատում է գերծանրաբեռնված, այն էլ  այն պարագայում, որ աշխատակիցներից ոչ բոլորն են ֆիզիկապես ներկա ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանը։ ՄԻՊ-ն իր խոսքում մասնավորապես նշեց․ «Պետք է նշեմ, որ բողոքների մեծ մասը գալիս է նաև իրազեկման պակասից։ Արտակարգ դրությունը այնպես գնաց, նաև օբյեկտիվորեն սահմանափակումները շատ արագ են փոխվում , և քաղաքացին չի հասցնում հետևել դրանց, դրա համար  հանարային իրազեկումները կարևոր են։ Մենք ունենք օրեր, երբ  5-6 անգամ ահազանգերը ավելի շատ են լինում, իսկ դա ռեսուրս է պահանջում, այդ է պատճառը, որ մեր ռեսուրսները մոբիլիզացված են։ Հիմա մենք կարողանում ենք միաժամանակ սպասարկել 3 զանգ։ Այսպիսի բան ՄԻՊ աշխատակազմում երբեք չի եղել, որ միաժամանակ երեք զանգ գա , իսկ 5-6-ը սպասման մեջ լինեն»։  Այն հարցին, թե որ ոլորտների վերաբերյալ են բողոքները․ Թաթոյանն ասաց․ «Ամեն տարի որոշակի փոփոխություններ են լինում, օրինակ՝ 2018 թվականին, երբ ամփոփում էինք արդյունքները , այդտեղ ահազանգերի մեջ մասը ոստիկանության վերաբերյալ էին ՝ պայմանավորված հավաքներով։ Այս տարի վստահ եմ, որ բողոքներ են լինելու առողջապահական համակարգի  վերաբերյալ, կրթության համակարգի, պարետատան հետ կապված։ Այս պահին չեմ կարող առաջնահերթություններով տարանջատել։ Դատական համակարգի վերաբերյալ բողոքները ստաբիլ դիրքերում են,  և շարունակվում է այդ վիճակը։ Այս պահին դատական համակարգի վերաբերյալ բողոքների մեծ մասը վերաբերում է գործերի ձգձգմանը, դատական նիստերի ժամանակաշրջանը չնշանակելուն։ Այս խնդիրների  լուծման համար դիմել եմ Սահմանադրական դատարան»։
11:40 - 09 հունիսի, 2020
Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ․ ՄԻՊ

Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացու բերման ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո իմ հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ բերման ենթարկված քաղաքացու հետ առանձնազրույցի, նրա իրավունքներին վերաբերող այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար: Այս պահին կարող եմ ասել, որ բերման ենթարկելու պատճառ է քաղաքացու կողմից դիմակ կրելու Պարետի որոշման պարտադիր պահանջի չկատարումը: Այսօրվա հրապարակված տեսանյութն առերևույթ վկայում է, որ Ոստիկանության գործողություններն անհամաչափ են: Մասնավորապես, չնայած Ոստիկանության ծառայողների քանակական գերակշռությանը, ոստիկաններին ուղղված քաղաքացու հորդորներին առ այն, որ ենթարկվում է ոստիկանի պահանջին և կհետևի նրանց, Ոստիկանության ծառայողները շարունակել են անձի նկատմամբ ֆիզիկական ուժի և հետո նաև հատուկ միջոցի գործադրումը: Օրենքն, իհարկե, Ոստիկանությանը վերապահում է ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոց, այդ թվում՝ ձեռնաշղթա գործադրելու լիազորություն, սակայն դա պետք է լինի հետապնդվող նպատակին և կոնկրետ իրավիճակին համաչափ՝ նաև հաշվի առնելով այն ենթադրյալ իրավախախտումը, որի կապակցությամբ ֆիզիկական ուժը կամ հատուկ միջոցը գործադրվում է: Իհարկե, ուժեղ Ոստիկանությունը կարևոր պայման է մարդու իրավունքների երաշխավորման համար, սակայն Ոստիկանության ծառայողների գործողությունները ցանկացած պարագայում չեն կարող ուղեկցվել նաև անձի արժանապատվությունը ոտնահարող գործողություններով: Իրավախախտում թույլ տված յուրաքանչյուր անձ պետք է ենթարկվի պատասխանատվության, սակայն այդ կապակցությամբ պետական մարմնի գործողությունները պետք է լինեն համաչափ։ Ուստի, բոլոր հարցերը պետք է պարզվեն ստուգմամբ: Հ․Գ․ Բոլոր քաղաքացիներին նորից եմ կոչ անում անվերապահ պահպանել կորոնավիրուսի կանխարգելման կանոնները»։
16:08 - 05 հունիսի, 2020
Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ որքան էլ նպատակը լինի իրավաչափ, դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը․ ՄԻՊ

Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ որքան էլ նպատակը լինի իրավաչափ, դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած հարց գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո՝ անկախ նրանից արձագանքում եմ հրապարակային, թե ոչ: Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը՝ անկախ նրանից դեմքը փակ է, թե ոչ: Կոնկրետ դեպքի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ եթե տարածել եք, խնդրում եմ հեռացնել լուսանկարը և վիրավորական մեկնաբանություն պարունակող արտապատկերները։ Քանի որ ՀՀ վարչապետը հեռացրել է լուսանկարն իր էջից և արել պարզաբանող գրառում, ապա այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն այլևս չեմ տեսնում: Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ որքան էլ նպատակը լինի իրավաչափ, դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը»:
13:42 - 05 հունիսի, 2020
ՄԻԵԴ-ի վճիռը կարևոր նշանակություն կունենա էթնիկական ատելության հիմքով հանցագործությունների կանխման համար․ ՄԻՊ

ՄԻԵԴ-ի վճիռը կարևոր նշանակություն կունենա էթնիկական ատելության հիմքով հանցագործությունների կանխման համար․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռը համարում է առանցքային ձեռքբերում էթնիկ պատկանելիության հիմքով խտրականությամբ ու ատելությամբ կատարվող հանցանքների կանխման գործում։ ՄԻՊ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ այն նաև կարևոր է համաեվրոպական մակարդակում մարդու իրավունքների համակարգի ամրապնդման տեսանկյունից։ ««Մակուչյանն և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» (գանգատ թիվ 17247/13) գործով վճռում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, արտոնությունների տրամադրումը, պետական ամենաբարձր մակարդակով քաջալերումը, Ադրբեջանի ողջ հասարակության շրջանակում հերոսացումը եղել են էթնիկ դրդապատճառներով (ethically motivated)։ Ըստ Եվրոպական դատարանի՝ դրա մասին են վկայել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որտեղ արտահայտել են իրենց աջակցությունը արարքի կատարման հարցում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առանձին արձանագրել է ու հաշվի առել Ադրբեջանի օմբուդսմանի՝ Էլմիրա Սուլեյմանովայի խոսքերն այն մասին, որ «Ռամիլ Սաֆարովը պետք է հայրենասիրության օրինակ դառնա Ադրբեջանի երիտասարդության համար»։ Իսկ Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուց անմիջապես հետո Ադրբեջանի օմբուդսմանը հայտարարել էր, որ «Սա նախագահ Իլհամ Ալիևի մարդասիրության և Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ հոգատարության հերթական ապացույցն է»։ Եվրոպական դատարանը վճռով դատապարտելի է համարել էթնիկական ատելությամբ պայմանավորված սպանություն կատարած անձի ազատ արձակումը և հերոսացումը, որը անպատժելիության մթնոլորտի ձևավորման վտանգավոր խթան է։ Ընդ որում, Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ազատ արձակման հարցում ժամանակին մտահոգություն էին հայտնել նաև միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, այդ թվում` Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ECRI), ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն։ Պետք է հիշել, որ նման դաժանությամբ սպանություն կատարած անձի անխուսափելի պատասխանատվությունը, նրա կողմից պատժի կրումը հստակ նպատակ ունեն կանխելու էթնիկ ատելություն հիմքով նման ոճրագործությունների կատարումը հետագայում: Սակայն նման հանցանքի հերոսացումն ու քաջալերումն ունի վտանգավոր հետևանքներ՝ պարարտ հող ստեղծելով հետագայում ավելի մեծ դաժանությամբ հանցագործությունների կատարման համար։ Պետք է ի սպառ վերացնել էթնիկ պատկանելիության հիմքով խտրականությունն ու ատելությունը։ Սա սկզբունքորեն է անթույլատրելի առավել ևս երբ դա խրախուսվում է պետության կողմից: Այս երևույթը վտանգավոր է մարդու իրավունքների համընդհանուր համակարգի տեսանկյունից: Այն կարող է ունենալ խորը բացասական հետևանքներ, որոնց վերացումը կպահանջի երկարաժամկետ ջանքեր: Այսպիսի հետևանք էր Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը։ Այս գործով վճռում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ թույլ է տրվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի իրավունքի խախտում ընթացակարգային տեսանկյունից (2-րդ հոդված), ինչպես նաև խտրականության արգելքի իրավունքը (14-րդ հոդված)՝ զուգակցված 2-րդ հոդվածով: Վճռում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը չի ապահովել իր քաղաքացու նկատմամբ սահմանված պատժի հետագա կիրառումը, ինչը հանգեցրել է ատելության հիմքով կատարված հանցանքի անպատժելիության (impunity for a serious hate crime)։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարգավիճակի առավելագույն գործադրմամբ հետևողական կլինի համընդհանուր մակարդակում էթնիկ պատկանելիության հիմքով խտրականության և ատելության դեմ պայքարին վերաբերող իրավական սկզբունքների և չափանիշների արդյունավետ կենսագործումը խթանող աշխատանքներին։  Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ի գիշերը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացներին մասնակցող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնի առնվազն տասներկու հարվածներով դաժանաբար սպանել էր քնած վիճակում գտնվող հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հարձակում գործել հայ սպա Հայկ Մակուչյանի վրա։ Հունգարիայի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման, ով դատապարտվելուց հետո մի քանի տարի անց Հունգարիայից արտահանձնվել էր Ադրբեջան, արժանացել էր ներման ու հերոսացվել էր ազգությամբ հայ սպանելու համար։ Ռ․ Սաֆարովը, մասնավորապես, ստացել էր մի շարք արտոնություններ՝ բանտում անցկացրած ութ տարվա համար աշխատավարձի փոխհատուցում, Բաքվում բնակարանի տրամադրում և ռազմական կոչման բարձրացում, որն իրականացվել էր հրապարակային արարողությամբ»,- աված է ՄԻՊ հայտարարության մեջ։
22:40 - 27 մայիսի, 2020
ՄԻՊ-ը զբաղվում է Քաջարանի բնակիչների ահազանգած բռնության դեպքերով. եւս մեկ անձ է բերման ենթարկվել Երեւանում

ՄԻՊ-ը զբաղվում է Քաջարանի բնակիչների ահազանգած բռնության դեպքերով. եւս մեկ անձ է բերման ենթարկվել Երեւանում

Այսօր առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել երկու փաստաբան, ովքեր նշել են, որ Ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկվել իրենց 3 վստահորդները, իրենք այցելել են Ոստիկանության բաժին, սակայն Ոստիկանները թույլ չեն տվել մուտք գործել բաժին և տեսակցել իրենց վստահորդներին: Այս ահազանգերից քիչ անց փաստաբանները կրկին տեղեկացրել են, որ արգելանքի վերացված անձանցից երկուսն արդեն գտնվում են քննչական մարմնում: Փաստաբանների ահազանգերից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին են զանգել Քաջարանի բնակիչներ և տեղեկացրել, որ առավոտյան Ոստիկանության Կապանի բաժին բերման ենթարկված անձանցից մեկի մտերիմներն են, ով ազատ է արձակվել և գտնվում է իրենց մոտ: Ըստ Քաջարանի բնակիչների ահազանգի՝ բերման ենթարկված և ազատ արձակված անձի վրա առա են մարմնական վնասվածքներ, Ոստիկանությունը նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրել ինչպես տանից բերման ենթարկելու ընթացքում, այնպես էլ Ոստիկանության բաժնում, ինչպես նաև նրա հասցեին արվել են արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ: Ըստ ահազանգի՝ նա ներկայում հետազոտություն է անցնում բժշկական հաստատությունում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ուղարկվել լուսանկարներ, որոնք քաղաքացիների պնդմամբ՝ վկայում են բռնության փաստի մասին: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրենք մանրամասն ուսումնասիրել են նաև բոլոր հրապարակային տվյալները, այդ թվում՝ լուսանկարները: «Ահազանգերից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թե ՛ կենտրոնական մարմինը, թե՛ Սյունիքի մարզային ստորաբաժանումը նախաձեռնել են անհրաժեշտ քայլեր: Աշխատանքներ են տարվել Ոստիկանության և քննչական մարմինների հետ: Կապի մեջ ենք փաստաբանների ու ահազանգ ներկայացրած քաղաքացիների հետ: Արդեն իսկ աշխատում է մեր Կապանի ստորաբաժանումը և փաստաբանները կամ քաղաքացիները կարող են ստանալ լիարժեք աջակցություն: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պարզած նախնական տվյալով այս գործով առկա է ևս մեկ անձ, որ բերման ենթարկվել և ձերբակալվել է Երևանում: Այս հարցով մենք կապի մեջ կլինենք քննչական մարմնի հետ: Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ։ Ընդ որում, ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։ Այսպիսի դեպքերում ծառայողական քննությունը չի կարող փոխարինել քրեական վարույթին ու չի կարող լինել նման տվյալների ստուգման ընդունելի ձև: Վաղն առավոտյան իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի Դատախազություն և Ոստիկանություն։ Փաստաբանները նշել են, որ ահազանգից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին առավոտյան կներկայացնեն լրացուցիչ գրավոր բողոք, ինչը նույնպես հաշվի կառնվի մեր գրավոր պահանջները կազմելիս: Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»,-գրել է Թաթոյանը։ Նշենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի: Ըստ լրատվամիջոցների հրապարակումների եւ քաղաքացիների ահազանգերի, նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել, նրանք ծեծի են ենթարկվել: ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ:
17:25 - 24 մայիսի, 2020
Ադրբեջանի Օմբուդսմանը խեղաթյուրել է Արման Թաթոյանի խոսքերը և հնչեցրել է քաղաքական հայտարարություններ․ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը

Ադրբեջանի Օմբուդսմանը խեղաթյուրել է Արման Թաթոյանի խոսքերը և հնչեցրել է քաղաքական հայտարարություններ․ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը

ՀՀ ազգային ժողովում 2019 թվականի հաղորդումը ներկայացնելիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ մարդու իրավունքներն ունեն համընդհանուր բնույթ և Արցախում ապրող հայերի՝ երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ՝ տարածքի քաղաքական կարգավիճակից կամ քաղաքական որևէ այլ գործոնից: Սա հանրահայտ գաղափար է, որ բխում է status neutral միջազգային իրավապաշտպան սկզբունքից: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։ Դրանից բացի, խորհրդարանի պատգամավորներից մեկի հարցին այն մասին, թե արդյոք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տեսնում է համագործակցության եզրեր ադրբեջանական Օմբուդսմանի հետ մարդու իրավունքների պաշտպանության հարցրերով, Արման Թաթոյանը պատասխանել է, որ դեռ առիթ չի ունեցել հանդիպելու հարևան երկրի նոր Օմբուդսմանին, սակայն միջազգային հանդիպումների շրջանակում առիթը լինելու դեպքում պատրաստ է հանդիպել իր գործընկերոջը: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն արտահայտել է դիրքորոշում հանդիպման պատրաստակամության մասին: Դրանից բացի, Պաշտպանը նաև ընդգծել է, որ կարծում է, որ ճիշտ կլինի, եթե Արցախում բնակվող հայերի իրավունքներին առնչվող միջազգային քննարկումներին մասնակից դարձվեն նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և քաղաքացիական հասարակությունը: Ելույթից անմիջապես հետո Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարը, այսինքն՝ Օմբուդսմանը, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որն ուղեկցվել է Մարդու իրավունքների հաստատության ղեկավարին ակնհայտորեն ոչ բնորոշ, այդ թվում՝ քաղաքական բնույթի մեկնաբանություններով՝ մեջբերումներ անելով իր երկրի քաղաքական իշխանությունների պաշտոնական դիրքորոշումներից և անգամ հարցը դիտարկելով Արցախի հարցի քաղաքական լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության տեսանկյունից, օգտագործելով ագրեսիա ու ատելություն գեներացնող արտահայտություններ: Ավելին, Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի այս մեկնաբանություններն ուղեկցվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին ուղղված հրապարակային վիրավորանքներով՝ նշելով, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «պրիմիտիվ մեթոդներով իրավական հարցերը վերածել է քաղաքական մանիպուլյացիաների օբյեկտների և կազմակերպել է էժանագին շոու»: Դրանից հետո Ադրբեջանի Օմբուդսմանը առաջ է քաշել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման քաղաքական նախապայման՝ նշելով, որ «Հայաստանի մարդու իրավունքների օմբուդսմենի հետ բանակցություններ անցկացնել հնարավոր կլինի միայն օկուպացիայի փաստի վերացումից հետո»:  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ստիպված է արձագանքում ադրբեջանական Օմբուդսմանի այս քաղաքական և վիրավորական հայտարարություններին, որպեսզի թույլ չտրվի իր արտահայտությունների ու դիրքորոշման ակնհայտ աղավաղում, ինչպես նաև միջազգային գործընկերներին չներկայացվեն կեղծ տեղեկություններ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ցավում է, որ Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարն անում է քաղաքական բնույթի հայտարարություններ: Սակայն մենք ձեռնպահ ենք մնում քաղաքական հայտարարությունների գնահատական տալուց՝ հաշվի առնելով, որ այն հարիր չէ մարդու իրավունքների հաստատությանը: Ափսոսում ենք, որ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը երկու կառույցների միջև շփումների կամ քննարկումների համար առաջադրում է քաղաքական նախապայմաններ՝ ակնհայտորեն հետևելով այն քաղաքական գծին, որը իրականացնում են Ադրբեջանի քաղաքական իշխանությունները։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հույս ուներ, որ Ադրբեջանի նոր Օմբուդսմանը կարող էր որդեգրել մարդու իրավունքների միջազգային հանրաճանաչ սկզբունքների և չափանիշների կիրառմամբ համագործակցության նոր մոտեցումներ, սակայն քաղաքական պաշտոնական քարոզչությունից որևէ տառով չտարբերվող դիրքորոշմամբ հանդես գալը ցույց է տալիս, որ այդ հարցում փոփոխություն չկա: Օմբուդսմանների և մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության հիմնարար սկզբունքներից է ապաքաղաքական աշխատանքը։ Այդ համագործակցությունը պայմանավորված է մարդու իրավունքները արդյունավետ պաշտպանելու անհրաժեշտությամբ՝ անկախ քաղաքական գործոններից։ Ուստի, մարդու իրավունքների օրակարգի ձևավորման ու ապահովման հարցում մարդու իրավունքների անկախ հաստատությունների միջև համագործակցության համար չպետք է լինեն քաղաքական նախապայմաններ։ Մարդու իրավունքների պաշտպանությունն ունիվերսալ բնույթ ունի, հետևաբար՝ Արցախում բնակվող մարդու իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունը չպետք է կախվածության մեջ դրվի Արցախի քաղաքական կարգավիճակի շուրջ առկա անհամաձայնություններից։ Արցախում էլ են ապրում երեխաներ, կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք, և չի կարելի զրկել նրանց իրավական պաշտպանությունից, ինչը կհակասի մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին։ Մարդու իրավունքների պաշտպանության նման հարցեր քննարկելիս անփոխարինելի է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի լիարժեք ներգրավումը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը, քանի որ մարդու իրավունքների հետ կապված հարցերը չեն կարող կապված լինել քաղաքական որևէ գործոնի հետ։
11:27 - 22 մայիսի, 2020
Այդպիսի արատավոր երևույթներն ուղղակի պետք է ի սպառ բացառվեն․ Արման Թաթոյանը՝ Տաթևիկ Ռևազյանի ու նրա նորածին երեխայի մասին գրառման վերաբերյալ

Այդպիսի արատավոր երևույթներն ուղղակի պետք է ի սպառ բացառվեն․ Արման Թաթոյանը՝ Տաթևիկ Ռևազյանի ու նրա նորածին երեխայի մասին գրառման վերաբերյալ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ատելության խոսքի դեմ պայքարի հարցում իրավապահ մարմինների գործունեության սկզբունքները և քրեական քաղաքականության ուղղությունները հասկանալու, ճիշտ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու նպատակով այսօր համապատասխան գրություններ կհասցեագրեմ իրավապահ մարմիններին, այդ թվում՝ կապված Տաթևիկ Ռևազյանի ու նրա նորածին երեխայի մասին գրառման հետ: Հստակության համար հատուկ նշում եմ, որ որ Մարդու իրավունքների պաշտպանը չունի անձանց նկատմամբ պատասխանատվության, այդ թվում՝ հարկադրանքի միջոցներ կիրառելու, ինչպես նաև պաշտոնյաներին քաղաքացիներից պաշտպանելու կամ քաղաքացիների միջև հարաբերություններում վերջիններիս պաշտպանելու իրավասություն: Երեկվա իմ հայտարարությունը նպատակ ուներ ևս մեկ անգամ ընդգծել ատելության խոսքի՝ արատավոր երևույթի բացարձակ անթույլատրելիությունը: Այդպիսի արատավոր երևույթներն ուղղակի պետք է ի սպառ բացառվեն, որոնք, ցավոք, ստանում են լայն տարածում ու դա առաջացնում է վտանգավոր հետևանքներ, դա բազմապատկում է վիրավորանքն ու ատելությունը»։ Ավելի վաղ Արման Թաթոյանը նաև գրել էր․ «Հենց նոր տեսա Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր հետ կապված ինչ որ մի անձի բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական գրառումը։ Այդ գրառումն ամբողջությամբ ատելության խոսք է, ամենախիստ դատապարտելի երևույթն է՝ մարդու, մայր դարձած կնոջ արժանապատվությունը բացարձակ ոնտահարող արտահայտություններով։ Բացարձակ դատապարտելի է առավել ևս նորածին երեխային ուղղված ատելությունը։ Նման երևույթները պետք է ի սպառ բացառվեն, արմատախիլ արվեն, իսկ այդպիսի անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների։ Սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրում եմ այդ անձի գրառումը որևէ կերպ չօգտագործել հրապարակումներում՝ ատելության խոսք չտարածելու և նրա անձը առավել չհանրայնացնելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն բոլոր միջոցները, հարցը կլինի իմ անմիջական ուշադրության ներքո։ Առավոտյան ձեռնարկված քայլերի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»։
11:30 - 20 մայիսի, 2020