Կորոնավիրուս

 COVID-19-ը կարո՞ղ է նվազել մարտի վերջից․ մի հրապարակման պատմություն

COVID-19-ը կարո՞ղ է նվազել մարտի վերջից․ մի հրապարակման պատմություն

Մարտի 21-ին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի կայքում հրապարակվել էր «Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից» վերտառությամբ հոդված։ Հոդվածում մասնավորապես նշվում է․ «Մերիլենդի համալսարանի գիտնականները կորոնավիրուսի կանխարգելման դեմ միջոցների մշակման գործում խորհուրդ են տալիս հաշվի առնել եղանակային կանխատեսումները։ Հետազոտողները ուշադրություն են դարձրել, որ COVID-19-ի ամենախոշոր համաճարակները բռնկվում են այն երկրներում, որոնք գտնվում են մոլորակի հյուսիսային կիսագնդի բավականին նեղ լայնության գոտիներից մեկում: Հենց այստեղ են տեղակայված Իտալիան, Իսպանիան, Իրանը, Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան, ինչպես նաև Չինաստանը»։ Վերոնշյալը վերցված էր ռուսական Vesti.ru կայքից։ Ո՛չ «Լուրեր»-ի կայքում, և ո՛չ էլ vesti.ru-ում հղում տրված չէր հետազոտողների զեկույցի բնօրինակին։ Infocom-ը որոշեց պարզել, թե արդյոք ճշգրիտ է ներկայացված այս տեղեկությունը։ Նախ նշենք, որ զեկույցը միայն Մերիլենդի համալսարանի հետազոտողների կողմից չէ պատրաստվել։ Ուսումնասիրությանը մասնակցել են նաև ամերիկյան երկու կազմակերպություններ (Global Virus Network, The Nature Conservancy), ինչպես նաև երկու հետազոտողներ Թեհրանից (Իրան)։ Զեկույցը պատրաստողների կազմը կարող եք տեսնել ստորև․ Զեկույցի բնօրինակի հենց սկզբում նշվում է, որ վիրուսի վրա ջերմաստիճանի ազդեցության վերաբերյալ իրենց ներկա ընկալումը դեռևս թերի է։ Բացի այս, այն քարտեզը, որում պատկերված է ջերմաստիճանային գոտիները, պատրաստվել է փետրվար ամսին, երբ կորոնավիրուսի տարածումը ներկայիս մակարդակի վրա չէր գտնվում։ Հետազոտության համահեղինակ Էնթոնի Ամորոսոն Մերիլենդի համալսարանին տրված հարցազրույցում ասել է․ «Կարևորն այն է, որ սա ստուգելի վարկած է։ Եթե ճիշտ լինի, ապա այն կարող է շատ օգտակար լինել առողջապահական համակարգի պատրաստվածության, հսկողության, և վիրուսի զսպման համար»։ Այսպիսով, հանրայինի «Լուրեր»-ի  կայքում հրապարակված հոդվածն ընդամենը որոշ հետազոտողների կողմից առաջ քաշված վարկած է, որը դեռևս, հենց նույն հետազոտողների կարծիքով, ունի կատարելագործման, ճշտման կարիք։ Նշենք, որ ըստ topuniversities.com կայքի՝ Մերիլենդի համալսարանն աշխարհի համալսարանների շարքում 136-րդ տեղում է։
18:22 - 23 մարտի, 2020
Հայաստանում դատական նիստերը կանցնեն տեսահաղորդակցության միջոցով

Հայաստանում դատական նիստերը կանցնեն տեսահաղորդակցության միջոցով

Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում դատարանների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը և առկա օրենսդրական հնարավորությունները՝ Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններին հատկացվել են տեսախցիկներ և պրոյեկտորներ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածին համապատասխան` դատավարության մասնակիցների մասնակցությունը դատական նիստերին՝ տեսաձայնային հեռահա­ղորդակցության միջոցների կիրառմամբ ապահովելու նպատակով: Ինչպես հայտնեցին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այս պահին ընթանում են ինժեներատեխնիկական համապատասխան աշխատանքներ՝ յուրաքանչյուր դատարանում դատական նիստերի առնվազն մեկ դահլիճում տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումների տեղադրման միջոցով տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման ուղղությամբ: Տեսահաղորդակցության միջոցով դատական նիստերի մեկնարկը կտրվի առաջիկա օրերին։ 
18:20 - 23 մարտի, 2020
Արմեն Սարգսյանը կարևորել է Չինաստանի օգնությունը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում

Արմեն Սարգսյանը կարևորել է Չինաստանի օգնությունը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հայաստանի նախագահը և Չինաստանի դեսպանը, մասնավորապես, անդրադարձել են իրենց երկրներում նոր կորոնավիրուսի վարակի հետևանքով ստեղծված իրավիճակին և դրա կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված ու ձեռնարկվող քայլերին։ Դեսպան Թիան Էրլունը ներկայացրել է Չինաստանում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները, ինչպես նաև խոսել այլ երկրներին ցուցաբերվող աջակցության, այդ թվում՝ չին բժիշկների մասնագիտական օգնության մասին: Կարևորելով համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում տարբեր երկրների հետ փորձի և տեղեկատվության փոխանակումը հիվանդության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից շատ էական դեր կարող է խաղալ: Նախագահը նշել է, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է Չինաստանի օժանդակությունն ինչպես խորհրդատվության, այնպես էլ սարքավորումների և պարագաների տեսքով:
18:16 - 23 մարտի, 2020
Թուրքիայում կորոնավիրուսի խուճապ տարածելու համար 31 քաղաքացի է ձերբակալվել |ermenihaber.am|

Թուրքիայում կորոնավիրուսի խուճապ տարածելու համար 31 քաղաքացի է ձերբակալվել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի Ադանա քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել  31 քաղաքացու դեմ, որոնք կասկածվում են սոցցանցերում կորոնավիրուսի վերաբերյալ «անհիմն և սադրիչ գրառումներ անելու մեջ»։  Ադանայի նահանգային ոստիկանության անվտանգության վարչության կողմից նշյալ անձինք բերման են ենթարկվել։ Նրանց տներում և աշխատավայրերում իրականացված խուզարկության ժամանակ առգրավվել են բազմաթիվ թվային սարքեր։  Նրանց դեմ հետաքննություն էր սկսվել մասնավորապես հասարակության մեջ վախ և խուճապ առաջացնելու, թշնամություն տարածելու, ապօրինաբար անձնական տվյալներ հանրայնացնելու և տարածելու մեղադրանքով։   Նման դեպք  տեղի էր ունեցել նաև նախորդ շաբաթ։ Ադանայում մոտ 10.000 մարդու sms հաղորդագրություն էր ուղարկվել նոր տեսակի կորոնավիրուսի վերաբերյալ, որում նշված է եղել. «Ձեր թեստի արդյունքը դրական է»։ Հաղորդագրություն ուղարկած անձը ևս ձերբակալվել է։ 
17:42 - 23 մարտի, 2020
«Հայէկոնոմբանկ»-ի աշխատակիցները զանգում են հաճախորդներին, սակայն չեն պարտադրում մարել վարկերը․ տույժերի չկիրառումն ուժի մեջ է

«Հայէկոնոմբանկ»-ի աշխատակիցները զանգում են հաճախորդներին, սակայն չեն պարտադրում մարել վարկերը․ տույժերի չկիրառումն ուժի մեջ է

Այսօր mamul.am կայքում տեղ է գտել «Գռզոյի «Հայէկոնոմբանկ»-ը քաղաքացիներից պահանջում է վարկերը վճարել ժամանակին» վերնագրով հրապարակում, որում նշվում է, որ, չնայած «Հայէկոնոմբանկ»-ը սույն թվականի մարտի 16-ին հայտարարել է, որ  մարտի 16-ից մինչև մայիսի 17-ը  վարկային պայմանագրերի ժամանակացույցով վճարում ունեցող ֆիզիկական անձանց կողմից  նշված ժամանակահատվածում վարկային պարտավորությունը չկատարելու դեպքում` նրանց նկատմամբ տույժեր չի կիրառի և չի համարի պայմանագրային պարտավորությունների չկատարում, այնուամենայնիվ բանկի աշխատակիցները զանգում են վարկառուներին և հիշեցնում, որ վարկերի վճարումների օրն է և պետք է կատարել վճարումները։ Վերոնշյալ տեղեկությունը պարզելու համար կապ հաստատեցինք «Հայէկոնոմբանկ»-ի հետ։ Բանկի աշխատակիցն ասաց, որ համապատասխան մասնաճյուղի համապատասխան աշխատակիցներ զանգում են իրենց հաճախորդներին՝ համենայն դեպս ստուգելու՝ արդյոք հնարավորություն ունեն։  «Եթե հնարավորություն ունեն, թող վճարում կատարեն, եթե ոչ՝ ուշացում չի համարվում»,-մասնավորապես նշեց աշխատակիցը։ Նա նաև հավելեց, որ կորպորատիվ հաճախորդների դեպքում իրականացվում է անհատական մոտեցում։ Նշենք նաև, որ բանկն իր մարտի 16-ի հայտարարության մեջ ևս անդրադարձել էր հնարավորության դեպքում վճարումներ կատարելուն՝ նշելով հետևյալը․ «Այդուհանդերձ, եկամուտ ունեցող վարկառուներին հորդորում ենք կատարել վարկերի հերթական մարումները՝ համաձայն գործող ժամանակացույցի՝ խուսափելով կուտակված վարկային պարտավորությունների հետագա բեռից»: Այսպիսով, չնայած նրան, որ mamul.am-ի հրապարակումը՝ բանկի աշխատակիցների կողմից իրականացվող զանգերի մասով ճիշտ է, սակայն այն, որ բանկը չի կատարում իր հայտարարածը սխալ է, քանի որ չվճարելու դեպքում մինչև 17-ը տույժեր չեն կիրառվելու, իսկ աշխատակիցների կողմից իրականացվող զանգերը պարտադրանքի համատեքստում չեն։
17:29 - 23 մարտի, 2020
Արմենիա ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղևորներին կտրամադրի վաուչերներ

Արմենիա ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղևորներին կտրամադրի վաուչերներ

«Արմենիա» ավիաընկերությունը նոր տիպի կորոնավիրուսի պատճառով չեղարկված չվերթների ուղևորներին կառաջարկի իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով։ «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում այս մասին գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։ «Հարգելի գործընկերներ և ուղևորներ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, չվերթների զանգվածային կասեցումը և տոմսերի վերադարձները, «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղևորներին առաջարկելու է իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով։ Արմենիա ավիաընկերության աշխատակազմի 95 տոկոսը գտնվում է իրենց հասանելիք և ավիաընկերության կողմից վճարվող արձակուրդում։ Ավիաընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից և ակնկալում է ձեր փոխըմբռնումը ստեղծված իրավիճակում։ Մաղթում ենք բոլորիդ առողջություն»,- գրել է Խաչատրյանը։ «Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ չեղարկել է բոլոր չվերթները՝ մինչև ապրիլի 16-ը: Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ չեղարկվել են մինչև ապրիլի 9-ը բոլոր չվերթները:
16:33 - 23 մարտի, 2020
Վարչապետը կարևորել է գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը և ծանոթացել գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական աշխատանքներին

Վարչապետը կարևորել է գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը և ծանոթացել գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական աշխատանքներին

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքն ու այդ համատեքստում նախատեսվող միջոցառումները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հատկապես կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունը դառնում է ամենակարևոր և հետաքրքիր գործունեության ոլորտներից մեկը: «Չնայած միշտ էլ հետաքրքիր է եղել, բայց նոր պայմաններում գյուղատնտեսության կարևորությունն ընդգծվում է մի քանի պատճառներով: Առաջինը՝ պարենային անվտանգության խնդիրները հիմա առավել հրատապություն և կարևորություն են ստանում ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև ողջ աշխարհում: Երկրորդը՝ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ սոցիալական հեռավորություն պահպանելու առավել նախընտրելի և արդյունավետ հնարավորություններ կան: Երրորդը՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում նոր աշխատատեղեր ձևավորելու և ինքնազբաղվածություն ապահովելու լայն հնարավորություններ կան: Մասնավորապես՝ կա լքված հողերը կրկին վերադարձնելու հնարավորություն: Եվ չորրորդ՝ կարծում ենք, որ հիմա շատ հարմար ժամանակաշրջան է իրականացնել այնպիսի ինստիտուցիոնալ բարեփոխումներ կամ խթանել ինստիտուցիոնալ բարեփոխումների այնպիսի ընթացք, որ նախկինում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով հնարավոր չէր լինում իրականացնել»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ առումով տնտեսական հարցերի օպերատիվ խմբում տարբերակներ են քննարկվել: Կառավարության ղեկավարի խոսքով՝ առաջիկայում պետք է խթանել գյուղացիական, գյուղատնտեսական կոլետիվների, կոոպերատիվների ձևավորումը Հայաստանի Հանրապետությունում: «Մենք տեսնում ենք հնարավորություններ այս ուղղությունը խթանելու համար: Եվ կարծում ենք, որ սա նոր հնարավորություն կբերի բոլոր այն մարդկանց, ովքեր անհատական մակարդակում գյուղատնտեսության ոլորտում հաջողություններ չեն ունեցել, և հիմա էլ կապված վատ, նեգատիվ վարկային պատմությունների հետ, այլ ծրագրերից օգտվելու սահմանափակումներ կունենան: Այս ուղղությունը, իհարկե, շատ կարևոր է, բայց այստեղ կառավարությունից և պետական մարմիններից ակնկալվում է առանձնահատուկ պատասխանատվություն, որպեսզի այդ կոոպերատիվների կառավարման հարցում մենք ձևավորենք հստակ չափանիշներ: Մասնավորապես՝ կա գաղափար, որ կոոպերատիվների ղեկավարի կարգավիճակում լինեն լիցենզավորված, դասընթացներ անցած մարդիկ, և որոնց համար լինի պարտադիր որոշակի ժամանակը մեկ արագ դասընթացներ անցնել, գուցե՝ լիցենզավորումը վերահաստատել և այդպես շարունակ»,-ընդգծել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս գաղափարները դեռևս քննարկվման փուլում են գտնվում: Այնուհետև ներկայացվել են գյուղացիական կենդանիների պատվաստման, հիվանդությունների ախտորոշման, անասնաբուժական կենտրոնների հիմնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որոնք ընթանում են կառավարության և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի համագործակցությամբ: Պատասխանատուները զեկուցել են ժամանակին և պատշաճ ոռոգման ջրի մատակարարման աշխատանքների մասին՝ մանրամասներ ներկայացնելով ջրամբարներում կուտակված ջրաքանակների և ջրային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու քայլերի վերաբերյալ: Տեղեկացվել է, որ արդեն իսկ 2500 կիլոմետր երկարությամբ մաքրման աշխատանքներ են կատարվել մայր ջրանցքներում, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 1000 կիլոմետրով: Զեկուցվել է, որ դոնորների հետ համագործակցության արդյունքում ընթացիկ տարվա ընթացքում 39 համայնքների կոոպերատիվներին էլ մատակարարվելու է 630 մլն դրամի գյուղտեխնիկա: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արոտավայրերի ջրարբիացման, գյուղերում կոոպերատիվների զարգացման, խաղողի մթերումը պատշաճ կազմակերպելու, վերամշակող ընկերություններին ցուցաբերվող օժանդակության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված բոլոր ուղղություններով հետևողական և գերատեսչությունների համագործակցված աշխատանքների իրականացումը՝ ընդգծելով իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ կոոպերատիվների զարգացման, արտոնյալ պայմաններով գյուղտեխնիկայի ձեռք բերման հնարավորությունների մասին քաղաքացիներին պատշաճ տեղեկատվության տրամադրումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է միջոցառումներն այնպես կազմակերպել, որոնց արդյունքում գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի համար գյուղացիները կապահովվեն անհրաժեշտ պայմաններով:
15:52 - 23 մարտի, 2020
Կհետաձգվե՞ն կոմունալ վճարները, թե ոչ․ պարզաբանում են ընկերությունները |hetq.am|

Կհետաձգվե՞ն կոմունալ վճարները, թե ոչ․ պարզաբանում են ընկերությունները |hetq.am|

hetq.am: Կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները միաձայն որոշում չունեն՝ հետաձգելու են քաղաքացիներից գանձվող կոմունալ վարձավճարները, թե ոչ։ Արտակարգ դրությամբ պայմանավորված` Հայաստանում փակ են մի շարք աշխատավայրեր։ Բազմաթիվ քաղաքացիներ բարձրաձայնում են, որ գործատուները հրաժարվում են վճարել աշխատավարձ՝ պնդելով, որ գործունեության դադարեցման պատճառով չունեն ֆինանսական միջոցներ։ Սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր մտահոգվում և կառավարությանն են դիմում խնդրանքով, որպեսզի պայմանավորվեն կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների հետ` հետաձգգելու կոմունալ վճարները։ «Հետքը» կապ է հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա», «Վեոլիա ջուր» ընկերությունների հետ՝ պարզելու, թե որքանով են ընկերությունները պատրաստակամ, արտակարգ դրությամբ պայմանավորված, հետաձգել քաղաքացիներից գանձվող կոմունալ ծառայությունների վարձավճարները։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» Այսօր քաղաքացիների կողմից սպառված փետրվար ամսվա հոսանքի վճարի մարման վերջին օրն է։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը «Հետքի»-ին հայտնեց, որ հոսանքազրկում չեն իրականացնելու: «Որպես այդպիսին՝ անջատումներ անելու մասով այս պահին որոշում չկա։ Չենք հոսանքազրկի քաղաքացիներին՝ հաշվի առնելով այս իրավիճակը։ Հոսանքազրկման ժամկետը հետաձգվել է անորոշ»,-նշեց Նատալյա Սարջանյանը։ Թե մինչև երբ է հետաձգվել վարձավճարների մարումը,  ՀԵՑ-ը դեռևս հստակ որոշում չունի, սակայն Նատալյա Սարջանյանը քաղաքացիներին հորդորեց վճարել հոսանքի վարձավճարը՝ պարտքեր չկուտակելու համար։ «Վեոլիա ջուր» «Վեոլիա ջուր» ընկերությունը չի տեսնում որևէ հիմք՝ մատուցված ծառայությունների դիմաց վճարումների սահմանված կարգի փոփոխության համար:  «Խնդիրն նաև այն է, որ գործող սակագինը ներառում է հիմնականում համակարգի շահագործման (վերանորոգում, կառուցում, պահպանում և այլն) ծախսերը և շուրջ 3000 աշխատակիցների աշխատավարձը։ «Ավելորդ» գումարներ չկան: Ընկերության շահութաբերությունը շատ ցածր է: Հետևաբար, սառեցնելով հավաքագրումը, մենք ուղղակի վտանգում ենք նույն սպառողների կայուն ջրամատակարարումը»,- «Հետքին» հայտնել են «Վեոլիա ջուր» ընկերությունից։ Ընկերությունը պատրաստ է անհատական մոտեցում ցուցաբերել այն քաղաքացիներին, որոնց  հակացուցված է տնից դուրս գալ, կամ աշխատանքի բնույթից ելնելով կարող են առաջանալ նաև ֆինանսական դժվարություններ:  «Վեոլիա Ջուր» ընկերությունն ընդգծել է, որ ի տարբերություն հանրային ծառայություններ մատուցող այլ ընկերությունների, վճարումների պատճառներով երբեք բաժանորդների ջրանջատումներ չի իրականացրել։ Ավելին՝ hetq.am-ում
15:40 - 23 մարտի, 2020
ՓՊ նախագահը դատական նիստերի տեսաձայնային հեռահաղորդակցության ապահովման հարցով դիմել է նախարարին

ՓՊ նախագահը դատական նիստերի տեսաձայնային հեռահաղորդակցության ապահովման հարցով դիմել է նախարարին

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով մարդկանց շփումները նվազեցնելուն ուղղված Կառավարության քաղաքականությունը, առաջարկել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ օրենսդրական նախաձեռնության կարգով դատավարական օրենսգրքերում համապատասխան փոփոխությունների և լրացումների, ինչպես նաև տեխնիկական աջակցության միջոցով հնարավորություն ընձեռել՝ փաստաբաններին՝ էլեկտրոնային կարգով ներկայացնել հայցադիմումը և այլ դատավարական փաստաթղթերը. դատավարության մասնակիցներին՝ մասնակցել դատական նիստերին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ փաստաբանների պալատի հանրային կապերի ծառայությունից, գրության մեջ նշվել է նաև, որ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստերի մասնակցությունն այս պահին թույլատրում է միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, եթե դատական նիստերի դահլիճում տեղադրված է նման հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգ: «Մեր տեղեկություններով դատական նիստերի դահլիճներն այդպիսի համակարգերով ապահովված չեն: Անհրաժեշտ են նաև տեխնիկական օժանդակության լուծումներ Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը դատարան ներկայացնելու համար: Գրության պատճենն ուղարկվել է նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:34 - 23 մարտի, 2020
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի շուրջ համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի շուրջ համագործակցությանը վերաբերող հարցեր

Մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսային տեսաքննարկում է (WeChat հավելվածի միջոցով) անցկացրել ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում և Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, տեղեկատվություն են փոխանակել այս ուղղությամբ երկու երկրների կառավարությունների կողմից ձեռնարկվող քայլերի շուրջ: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել նոր տիպի կորոնովիրուսի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի և Չինաստանի միջև հաստատված սերտ համագործակցության կապակցությամբ: Նախարարի տեղակալ Ադոնցը շնորհակալություն է հայտնել դեսպան Թիեն Ըրլունին ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության օգնությամբ ՀՀ առողջապահության նախարարությանն անհատույց տրամադրված 1008 հատ նոր տիպի կորոնովիրուսի թեստերի համար, որոնք օրերս հասել են Հայաստան: Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ և ՉԺՀ միջև մուտքի արտոնագրի պահանջը ժամանակավոր չեղարկող համաձայնագրի գործողության դադարեցման ներկայիս ժամկետը (ս.թ. մարտի 31) երկարաձգելու կապակցությամբ և պայմանավորվել սերտ կապ պահպանել տվյալ հարցի կապակցությամբ՝ համակարգելով երկու կողմից ձեռնարկվող քայլերը: ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել այն փաստը, որ չինական կողմը շարունակաբար կիսվում է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իր լավագույն փորձով: Նա կարևորել է Չինաստանի կողմից համավարակի դեմ պայքարի վերաբերյալ գիտելիքի առցանց տեղեկատվական հարթակի ստեղծումը (Knowledge Center for China’s Experiences in Response to COVID-19), ինչպես նաև ՉԺՀ Ճըծյանգ նահանգի առաջին բժշկական համալսարանական հիվանդանոցի կողմից նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման և բուժման մասին ձեռնարկի կազմումը, որի վերաբերյալ տեղեկատվությունը վերջին շրջանում փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը: Կողմերը քննարկել են նաև բժշկական հատուկ արտահագուստի, դիմակների և թոքերի արհեստական օդափոխության սարքերի մատակարարումների հետ կապված հարցեր: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը խնդրել է չինական կողմին շարունակել այս ուղղությամբ տրամադրվող աջակցությունը: Դեսպան Թիենը նշել է, որ Չինաստանը պատրաստ է Հայաստանին հավելյալ աջակցություն ցուցաբերել՝ անհատույց տրամադրելով բժշկական հատուկ արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր 110.000 ԱՄՆ դոլարի չափով:  Դեսպան Թիենն ընդգծել է չինական կողմի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը հայկական կողմի հետ նոր տիպի կորոնովիրուսի դեմ պայքարի հետ կապված տարաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ՝ ընդգծելով համավարակի դեմ հաղթանակ տանելու հարցում միջազգային մակարդակում միասնականության և համերաշխության դրսևորումը։
15:22 - 23 մարտի, 2020
Ինչպե՞ս փնտրել որակյալ բժշկագիտական տեղեկություններ |meduza.io|

Ինչպե՞ս փնտրել որակյալ բժշկագիտական տեղեկություններ |meduza.io|

meduza.io: Որակյալ բժշկագիտական տեղեկություններ գտնելու կարողությունը շատ կարևոր հմտություն է ցանկացած դեպքում։ Իսկ այժմ, երբ մեր շուրջն այսքան վախեցնող տեղեկություններ կան, դա առավել կարևոր է։ Այդ պատճառով մենք պատրաստել ենք հատուկ ուղեցույց։ Այս խորհուրդներում առաջնորդվում ենք ապացուցողական բժշկության սկզբունքներով։ Երբ մարդը ներառված է որոշումների կայացման գործընթացում ու լավ տեղեկացված է, դա օգնում է նրան լինել ավելի առողջ։ Այդ պատճառով գրագետ բժիշկները աշխատում են կրթել պացիենտներին և  ողջունում են վերջիններիս ինքնակրթությունը։ Կորոնավիրուսի շուրջ ընթացող ներհայաստանյան զարգացումների վերաբերյալ ճշտված տեղեկությունների ստացման համար բաժանորդագրվեք coronavirusinfocom տելեգրամյան ալիքին։ Որտե՞ղ փնտրել կորոնավիրուսի մասին բժշկագիտական տեղեկություններ Նոր կորոնավիրուսային վարակի դեպքում կարելի է  օգտվել այն աղբյուրներից, որոնցից առօրյայում չենք օգտվում՝ իմանալու համար, թե, օրինակ, ինչպես բուժել մրսածությունը կամ գորտնուկները։ Կորոնավիրուսով պարտավոր է զբաղվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Այդ պատճառով կազմակերպությունը հիմա ունի շատ օգտակար ու արդիական տեղեկություններ այն մասին, թե ինչպես է պետք ինքնապաշտպանվել, ինչպես երկրները պետք է պատրաստվեն վարակին և ինչպես պետք է բուժեն հիվանդությունը։ Կորոնավիրուսային վարակի մասին բժշկական կազմակերպությունների խորհուրդներին կարող եք ծանոթանալ այստեղ։   Փորձե՛ք բոլոր տեղեկությունները փնտրել անգլերենով Բժշկության միջազգային լեզուն ագլերենն է։ Ագնլերենով են բժշկական միաջազգային կազմակերպությունները հրապարակվում իրենց խորհուրդները, անգլերենով են հրապարակվում առաջատար գիտական ամսագրերի հոդվածները։ Բացի այդ՝ անգլալեզու երկրներում կան բժշկական թեմաներով շատ լավ կայքեր։   Ընտրե՛ք լավ աղբյուրներ և մի՛ օգտագործեք սովորական որոնողական գործիքները Ամերիկյան պետական MedlinePlus կայքի օգնությամբ հնարավոր է գտնել տարբեր որակյալ կայքերում տեղակայված օգտակար տեղեկությունների հղումներ։ Դրանք ընտրվում են բազմաթիվ չափորոշիչներով, բայց հիմնական չափորոշիչները հետևյալներն են։ Երբ ակնհայտ է, թե ով է վարում կայքն ու ֆինանսական ինչ միջոցներով։ Եթե դա նշված չէ, շատ հավանական է, որ հեղինակները թաքցնում են շահերի բախումը։ Կայքի հիմնական նպատակը կրթական է։ Եթե այստեղ վաճառում են դիետիկ հավելումներ և հատուկ դիետաների համար նախատեսված ապրանքներ, ապա պետք է կասկածել հեղինակների անաչառության վրա։ Տեղեկություններն անընդհատ թարմացվում են, և նշված է, թե հաջորդ անգամ երբ են ստուգվելու։ Բժշկության մեջ տվյալները կարող են շատ արագ փոխվել, և Հեպատիտ C-ի բուժման մասին 2011թ հրապարակված նյութը 2020թ․ կարող է վաղուց հնացած լինել։ Նաև շատ լավ նշան է, երբ նշված են տեղեկությունների աղբյուրները։ Դրանք հիմանականում կա՛մ տեղադրված են տեքստի մեջ, կա՛մ վերջում տրված են ցուցակով։ Որոշ որակյալ կայքերում կարելի է տեսնել Անկախ ոչ առևտրային կազմակերպության (Health On the Net (HON) )  նշանը, որն աշխատում է 1996թ․-ից։ Այդ նշանը ստանում են հավաստագիր ստացած կայքերը։ Չի կարելի ասել, որ սա շատ վստահելի չափորոշիչ է, սակայն HON-ը հաշվի է առնում վերը թվարկած բոլոր հիմանական սկզբունքները կայքը գնահատելիս։ Անկախ նրանից, թե բժշկագիտական ինչ տեղեկություն է ձեզ հետաքրքրում, միշտ ավելի լավ է սկսել ոչ թե սովորական որոնողական համակարգերից, այլ կոնրետ կայքերից։ Այդպես ավելի բարձր է հավանականությունը, որ դուք միանգամից կստանաք հավաստի տեղեկություն։ Եվ ավելի լավ է օգտագործել միանգամից մի քանի աղբյուրներ, քանի որ որոշ կայքերում տեղեկությունները կարող են ավելի արագ թարմացվել։ Եվ, ի վերջո, բոլորն էլ ինչ-որ հարցերում կարող են սխալվել։   Վստահե՛ք ողջախոհությանը Սուբյեկտիվ չափորոշիչները կարող են լինել լեգիտիմ։ Օրինակ, շատ վատ է, երբ դուք զգում եք, որ հոդվածի հեղինակը չափից շատ է գովում բուժման ինչ-որ մեթոդ՝ լռելով թերությունների մասին։ Ամերիկյան Սննդի ու դեղամիջոցների վերահսկաման ծառայությունն ունի խաբեությանը բացահայտելու լավ նշան․ եթե որևէ լուր չափազանց լավն է ճշմարիտ լինելու համար, ապա այն, ամենայն հավանականությամբ, սուտ է։ Կարող ենք խորհուրդ տալ մի քանի կայքեր, որոնք համապատասխանում են անհրաժեշտ չափանիշներին։ MedlinePlus.gov NHS.uk (Բրիտանական ազգային առողջապահական ծառայության կայքը) UpToDate.com: Այս կայքն ունի անվճար տարբերակ պացիենտների համար (Beyond the Basics), ինչպես նաև վճարովի տարբերակ բժիշկների և հիվանդների համար (The Basics–ը ամենակարճ տեքստերն են` շարադրված ամենապարզ լեզվով)։ Այս պահին MedlinePlus ու NHS կայքերն ունեն նոր կորոնավիրուսային վարակի մասին լավ աղբյուրների հղումներ։ UpToDate-ը բժիշկների համար կորոնավիրուսի մասին բաց հոդված է տեղադրել։   Եթե դուք չեք գտնում պատասխաններ, փորձե՛ք օգտվել բժիշկների համար նախատեսված աղբյուրներից, բայց զգո՛ւյշ եղեք Բժիշկների համար նախատեսված կայքերում տեղեկություններն ավելի շատ են, չնայած գրված են շատ ավելի բարդ լեզվով։ Բացի UpToDate-ից ՝ բժիշկները շատ են օգտվում Medscape-ից։ Կայքը հասանելի է անվճար, բայց կարող է գրանցում պահանջել։ Բացի տարբեր հիվանդությունների ու դեղերի մասին տեղեկություններից,  այնտեղ կան նորություններ, ինչպես նաև գիտական հոդվածներ։ Բայց գիտական հոդվածներ ավելի լավ է փնտրել  PubMed-ում։ Այս կայքի միջոցով հնարավոր է գտնել բժշկության ու կենսաբանության մասին բոլոր հոդվածները, որոնք հրապարակված են գիտական գրախոսվող ամսագրերում։ Այլ կերպ ասած՝ մինչև հրապարակումը այս տեքստերը ստուգվում են այլ գիտնականների կողմից։ Սակայն անգամ նման ստուգումները չեն երաշխավորում, որ հոդվածը որոկյալ է։ Հիշե՛ք, բժշկության մեջ շատ հազվադեպ է որևէ բան որոշվում ընդամենը մեկ հետազոտությամբ․ սովորաբար որոշումները կայացվում են՝ հիմնվելով մի քանի հոդվածների, անգամ բոլոր հոդվածների վրա։ Դրա համար մի հոդվածը կարող է ավելի շատ մտածելու տեղիք տալ, քան գործողությունների ուղեցույց լինել։ Ցանկության դեպքում ցանկացած դիրքորոշում ապացուցող գիտական հոդված կարելի է գնել, այդ պատճառով անհրաժեշտ է ուշադիր գնահատել աշխատանքի որակը։ Դա առանձին հմտություն է, որը զարգացնելու համար կարելի է օգտագործել Understanding Health Research կայքը։   Ուսումնասիրե՛ք բժշկական կազմակերպությունների ուղեցույցներն ու խորհուրդները, սակայն դրանց ևս վերաբերվեք քննադատաբար Դրանք կարելի է փնտրել և՛ որոնողական համակարգերում, և՛ PubMed-ում՝ կիրառելով Guideline (ուղեցույց) ֆիլտրը։ Սակայն այս փաստաթղթերն տարբեր որակներ են ունենում։ Անպայման ուշադրությո՛ւն դարձրեք հրապարակման ամսաթվին․ երբեմն դրանք երկար ժամանակ չեն թարմացվում։ Բացի այդ՝ կարող եք հարցնել ձեր բժշկին, թե իր ոլորտում արտասահմանայան որ շրջանակներն են համարվում առավել հեղինակավոր։ Հաճախ ամերիկյան կայքերում կարելի է գտնել տեղեկություններ նաև հիվանդների համար։ Այդ  աղբյուրը գտնելու համար կարող եք օգտագործել MedlinePlus-ը։   Հետևե՛ք ԶԼՄ-ներին ու բժշկական բլոգերներին, բայց հատկապես այստեղ զգո՛ւյշ եղեք։ Եթե դուք ուզում եք անընդհատ  բժշկական թեմաներով նյութեր կարդալ ու լինել տեղեկացված, կարող եք հետևել որակյալ ԶԼՄ-ներին ու բլոգներին։ Բացի այդ՝ թվարկված կայքերն ունեն սոցիալական ցանցերի էջեր և բաժանորդագրության հնարավորություն։ Ի դեպ, կորոնավիրուսի մասին ամենաթարմ տեղեկատությունները շատ հաճախ հայտնվում են ոչ թե  ԱՀԿ-ի կայքում, այլ նրա սոցցանցերի էջերում։ Սակայան ԶԼՄ-ների ու բլոգների որակը գնահատելը կարող է շատ ավելի դժվար լինել, քան UpToDate-ի նման կրթական աղբյուրների որակը ստուգելն է։ Այնուամենայնիվ, գոյություն ունեն որոշակի չափորոշիչներ։ Լավ նշան չէ, երբ բլոգերը չի հաստատում իր խոսքերը՝ աղբյուրներին հղումներ անելով, և շեշտը դնում է սեփական փորձի վրա։ Անգամ եթե խոսքը տեսանյութի կամ փոդքասթի մասին է, միշտ հնարավոր է հղումները որևէ տեղ հրապարակել և հայտնել այդ մասին։ Իհարկե, հղումների առկայությունը ևս տեղեկության հավաստիության երաշխիք չէ․ սկզբնաղբյուրում կարող է բոլորովին այլ բան գրված լինել, կամ էլ հիշատակված հետազոտությունները կարող են վատ որակի լինել։ Ուշադրությո՛ւն դարձրեք նաև բլոգերի կրթության ու փորձի վրա։ Ավելի լավ է, երբ մարդը երկար ժամանակ ու ակտիվորեն գրում է բժշկության մասին, քան, երբ փորձագետ է ներկայանում մեկը, ով մինչև վերջերս գրում էր կենսաբանության, աստղաֆիզիկայի կամ, առհասարակ, միանգամից ամեն ինչի մասին։ Անգամ բժշկական կրթություն ունեցող մարդիկ միշտ չէ, որ կարող են լինել լավ բժիշկներ կամ լավ գլուխ հանել իրենց նեղ ոլորտից դուրս թեմաներից։ Կորոնավիրուսի ինտենսիվ թերապիայի նրբությունների մասին պատմող գինեկոլոգի սխալվելու հավանականությունն ավելի մեծ է ռեանիմատոլոգի սխալվելու հավանականությունից, անգամ եթե այդ գինեկոլոգը շատ վստահ է խոսում, և նրա հրապարակուն ունի 10 միլիոն հավանում։   Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին, Health News Review կայքը, որը երկար տարիներ գնահատել է լրագրողական հոդվածների որակը, առաջարկում է տարբեր չափորոշիչներ, այդ թվում՝ հետևյալները․ արդյո՞ք տեքսում նշված են քննարկվող թեստի, դեղորամիջոցի կամ մեթոդի դրական ու բացասական կողմերը, գնահատվո՞ւմ է ապացույցների որակը, արդյո՞ք լրագրողը վախեցնում է ընթերցողներին, արդյո՞ք նյութը հիմնված է միայն մամուլի մեկ հաղորդագրության վրա, դիմե՞լ է լրագրողն անկախ աղբյուրների։   Բժշկության, նաև կորոնավիրուսի պանդեմիայի  մասին հաճախ ու լավ գրող ԶԼՄ-ներից են STAT-ը և Vox-ը։   Աղբյուրը՝ meduza.io:   Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
15:00 - 23 մարտի, 2020
Կառավարության գործունեությունն ուղղված է լինելու հակաճգնաժամային և ռազմավարական քայլերի մշակմանը

Կառավարության գործունեությունն ուղղված է լինելու հակաճգնաժամային և ռազմավարական քայլերի մշակմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Նիստի սկզբում վարչապետը նշել է՝ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակը կարող է տևել շատ ավելի երկար, քան ի սկզբանե սպասվում էր կամ կանխատեսվում: «Այդ առումով, մենք պետք է որոշակի պատկերացումներ ձևավորենք, թե ինչպես ենք կազմակերպելու կյանքը մեր հանրապետությունում: Ընդհանուր տրամաբանությունը և ռազմավարությունը պետք է լինի հետևյալը, որ կորոնավիրուսի սահմանափակման պայմաններում մենք պետք է գտնենք և ձևավորենք, այսպես ասած, ազատ և անվտանգ տարածքներ, որտեղ կարող ենք համեմատական անվտանգության պայմաններում մեր կյանքը կազմակերպել, իհարկե, հընթացս նաև հետևելով իրադարձություններին: Մի բան ակնհայտ է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետ կապված տիրում են հսկայական անորոշություններ, այսինքն՝ այսօրվա դրությամբ չկա մի երկիր, որը կարող է արձանագրել, որ հստակ հսկողության տակ է առել վիճակը և կառավարում է այն: Ամենաանսպասելի տեղեկություններ են գալիս: Օրինակ, ես երեկ կարդացի, որ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում, չեմ ուզում անունը նշել, պաշտոնապես խոստովանել էին, որ, օրինակ, ունեն թեստերի դեֆիցիտ, չեն կարողանում անհրաժեշտ թվով քաղաքացիների թեստավորել և այլն: Այնպես որ, մենք այսպիսի պայմաններում ենք աշխատում և պետք է շարունակենք նույն տրամաբանությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է՝ կառավարության գործունեությունը պետք է երկու մասի կամ տրամաբանության բաժանված լինի. առաջինը պետք է լինի պարետատան գործունեությունը, որը կկարգավորի օպերատիվ հարցերը և երկրորդը՝ պետք է լինի հակաճգնաժամային և ռազմավարական քայլերի մշակումն ու տրամաբանությունը, որպեսզի կարողանանք այս իրավիճակում կոլապսների առաջ չկանգնել:        Այնուհետև պատասխանատուները զեկուցել են կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ ներկայումս քայլեր են կատարվում թեստերի և դիմակների նոր խմբաքանակների ներկրման ուղղությամբ: Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ընդգծել է՝ այժմ հանրապետությունում կորոնավիրուսի կանխարգելման ուղղութամբ իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո և ողջ ուշադրությունը կենտրոնացված է կանխարգելիչ միջոցառումների վրա: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ավելացրել է, որ կորոնավիրուսով վարակված 194 անձանց շրջանում ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ չունենք, բոլորի վիճակը գնահատվում է բավարար:
14:42 - 23 մարտի, 2020