ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Բացահայտվել և կանխվել են Արցախից դեպի ՀՀ անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր. ԱԱԾ

Բացահայտվել և կանխվել են Արցախից դեպի ՀՀ անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր. ԱԱԾ

Վերջին օրերին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել և կանխվել են Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական  ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից։ «Հավելենք, որ առանձին դեպքերում ներգրավված են եղել նաև քրեական ենթամշակույթ կրող անձինք, ովքեր համանման քայլեր են ձեռնարկել ռազմական գործողություններին մասնակցող որոշ անձանց միջոցով: Կրկին ընդգծելով այս վճռորոշ ժամանակահատվածում հակաօրինական յուրաքանչյուր արարքի անթույլատրելիությունը՝ ամենայն խստությամբ զգուշացնում ենք զերծ մնալ նմանատիպ գործողությունների իրականացումից, որոնք կարող են ուղղակիորեն վնասել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությանը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ բոլոր երևույթները գտնվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության շուրջօրյա հսկողության ներքո և ունենալու են իրենց համարժեք իրավական գնահատականը՝ ամենակոշտ գործիքակազմի կիրառմամբ»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
21:12 - 28 հոկտեմբերի, 2020
Պատերազմական գործողություններին ներգրավված ԱԱԾ սահմանապահ զորքերից այս ընթացքում ունեցել ենք 37 զոհ, 4 անհետ կորած եւ 243 վիրավոր․ ԱԱԾ տնօրենի տեղակալ

Պատերազմական գործողություններին ներգրավված ԱԱԾ սահմանապահ զորքերից այս ընթացքում ունեցել ենք 37 զոհ, 4 անհետ կորած եւ 243 վիրավոր․ ԱԱԾ տնօրենի տեղակալ

Սեպտեմբերի 27-ից մինչ օրս ԱԱԾ-ում գործում է շուրջօրյա թեժ գիծ, ստացվել է 1551 ահազանգ, որոնք վերաբերել են պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին, ֆեյսբուքյան պաշտոնական էջին տարբեր օգտատերերը հասցեագրել են շուրջ 2300 նամակ-հաղորդագրություն։ Բոլորի առնչությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։ Անդրադառնալով Ադրբեջանի ուղղությամբ իրականացվող տեղեկատվական-վերլուծական աշխատանքներին՝ Աբազյանը նշեց․ «Գնահատվել է ոչ միայն Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծավալելու հավանականությունը, այլեւ հակառակորդի հետապնդած ռազմաքաղաքական նկրտումները։ Արձանագրվել են մարտական գործողություններին մասնակցող արաբ գրոհայինների զրույցները, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից պատերազմական գոտում տեղակայված մի շարք վարձկան գրոհայինների անձնական տվյալներ»։  ԱԱԾ տնօրենի տեղակալ հայտնեց, որ զինծառայողների շրջանում կեղծ լուրերի տարածման ուղղությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ԱՀ-ում եւ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում անձը մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում տարածել է կեղծ եւ ստահոդ լուրեր՝ ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ, ինչի կապակցությամբ անձը ձերբակալվել եւ կալանավորվել է։ «ԱԱԾ-ն մեծածավալ աշխատանք է իրականացնում նաեւ ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերում։ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի ավտոճանապարհների որոշ հատվածներում տեղադրված են տասից ավելի անցակետեր, որտեղ իրականացվում են շուրջօրյա աշխատանքներ՝ բացահայտելու օտարերկրյա հնարավոր լրտեսների ներթափանցումը եւ դիվերսիոն խմբավորումների բացահայտումը ՀՀ-ում։ Այս շրջանակներում բացահայտվել են ՀՀ զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր, իրականացվել են համապատասխան աշխատանքներ»,- ասաց Արմեն Աբազյանը։ Արցախի Հանրապետությունից կամավորական ջոկատների, զորահավաքի խմբի անձանց կողմից զենք-զինամթերքը ՀՀ տեղափոխելն անմիջապես կանխարգելում են եւ համապատասխան կարգով ընթացքավորում։  ԱԱԾ տնօրենի տեղակալի խոսքով՝ պատերազմական գործողությունների սկսվելուց հետո աննախադեպ աճել է պետական համակարգի վրա հարձակումների քանակը, որի շրջանակներում ԱԱԾ-ն մշտապես իրականացրել է ՀՀ պետական տեղեկատվական տիրույթի՝ կիբերհանցագործություններից պաշտապանական աշխատանքներ։   «2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս գրանցվել է կիբերհարձակման շուրջ 692,000 դեպք։ ԱԱԾ-ն այս ընթացքում ապահովել է պաշտոնական կայքերի եւ պետական տեղեկատվական համակարգերի բնականոն գործունեությունը»,- հայտնեց նա։ Արմեն Աբազյանը նշեց, որ սոցցանցերում խուճապային տրամադրությունների տարածելու եւ մարտական գործողություններին վերաբերող անթույլատրելի գրառումներ, լուսանկարներ եւ տեսագրություններ տարածելու ուղղությամբ կատարված կանխարգելիչ գործընթացների շրջանակներում գրանցվել է 245 դրվագ։ Իրականացվում են համապատասխան աշխատանքներ։ «Պատերազմական գործողություններին ներգրավված ԱԱԾ սահմանապահ զորքերից այս ընթացքում ունեցել ենք 37 զոհ, 4 անհետ կորած եւ 243 վիրավոր։ Այս ընթացքում ակտիվ համագործակցում ենք Արցախի ԱԱԾ գործընկերների հետ՝ միասին իրականացնելով համապատասխան աշխատանքներ»,- ասաց Աբազյանը։   Նրա խոսքով՝ ԶՈՒ գլխավոր շտաբի հետ համագործակցության արդյունքում ԱԱԾ-ի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարեբրաբար ստացվում են եւ ԶՈՒ ԳՇ են փոխանցվում հետախուզական, հակահետախուզական, գաղտնի ռեժիմի եւ զորքերի մարտունակության ու մարտական պատրաստության ապահովման ուղղությամբ տեղեկություններ, որոնք ԳՇ-ն օգտագործում է հետագա գործողություններն առավել արդյունավետ իրականացնելու համար։ 
13:03 - 27 հոկտեմբերի, 2020
Վաղինակ Սարգսյանը ազատվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից․ հայտնի է նոր հրամանատարի անունը

Վաղինակ Սարգսյանը ազատվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից․ հայտնի է նոր հրամանատարի անունը

ՀՀ նախագահի հրամանով Վաղինակ Սարգսյանը ազատվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.Վաղինակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից»: ՀՀ նախագահի հրամանով Արման Մարալչյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.Արման ՄԱՐԱԼՉՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»:
17:11 - 26 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանը հանդիպել է ԱԱԾ սահմանապահ զորքերին

ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանը հանդիպել է ԱԱԾ սահմանապահ զորքերին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանն այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր և հանդիպում ունեցել սահմանապահների հետ: Հանդիպումը մեկնարկել է ընթացող մարտական գործողություններում հավերժ հերոսացած սահմանապահներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով հայտարարված լռության րոպեով: Այնուհետև Մ. Համբարձումյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում անդրադարձել է թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի կողմից սանձազերծված ռազմական գործողություններում սահմանապահների մասնակցության կարևորություններին և ընդգծել վերջիններիս կողմից ծառայողական պարտականություններն ամենայն կարգապահությամբ ու արդյունավետորեն իրականացնելու հրամայականը՝ շեշտելով, որ այդ ասպարեզում յուրաքանչյուր թերացում ունենալու է իր համապատասխան հետևանքները: Հանդիպման ընթացքում հնչեցվել են նաև այս օրերին անձնվիրաբար ծառայող այն սահմանապահների անունները, ովքեր լավագույն օրինակ են ինչպես ծառայակիցների, այնպես էլ հանրության լայն շերտերի համար: ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վ. Սարգսյանը ներկայացրել է մինչ այս պահն իրականացված աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես նաև փոխանցել մարտական առաջադրանքները պատշաճ և համակողմանիորեն կատարելուն ուղղված՝ սահմանապահների պատրաստակամությունը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանն ընդգծել է հայրենիքի պաշտպանության վեհ առաքելությունն անվերապահորեն կատարելու առաջնահերթությունները և փաստել, որ հատկապես ներկա պահին է անհրաժեշտ ցուցաբերել առավելագույն կամք, նվիրում ու անսահման հայրենասիրություն՝ հանուն հաղթական հաջողությունների: Հանդիպման ավարտին Մ. Համբարձումյանն անցկացրել է նաև աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալներ Ս. Մելքոնյանը,  Ա. Հակոբյանը և պաշտոնատար այլ անձինք:
20:24 - 25 հոկտեմբերի, 2020
Զինծառայողի հոր դրդմամբ կեղծվել է որդու Covid-19- ի թեստը, և վերջինս դադարեցրել է զինվորական ծառայությունը ռազմական դրության պամմաններում. ԱԱԾ

Զինծառայողի հոր դրդմամբ կեղծվել է որդու Covid-19- ի թեստը, և վերջինս դադարեցրել է զինվորական ծառայությունը ռազմական դրության պամմաններում. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր և արդյունավետ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ  այն մասին, որ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, համոզելու կամ այլ եղանակով դրդել է առևտրային կազմակերպության ծառայողներ հանդիսացող, բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և նույն լաբորատորիայի լաբորանտին, որպեսզի վերջիններս իրենց  լիազորություններն օգտագործեն կազմակերպության շահերին հակառակ և զորահավաքային զինծառայողի օգտին, մասնավորապես՝ վերջինները, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի հունիսի 30-ի՝ «Կորոնավիրուսային հիվանդությամբ (covid-19) պացիենտների վարման կարգը (ժամանակավոր) հաստատելու և առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 25-ի N 1090-ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին»  թիվ 2051-Ա հրամանի պահանջները, 2020 թվականի հոկտեմբերի 22-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմել են բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր առ այն, որ իրականացրել են նմուշառում, մինչդեռ՝ վերջինից փաստացի որևէ նմուշ  չի ստացվել, իսկ լաբորատոր հետազոտության համար համապատասխան փորձաքննության են ուղարկել փաստացի  «covid-19» հիվանդություն ունեցող այլ անձի նմուշ, որի արդյունքում 2020 թվականի հոկտեմբերի 23-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմվել և շրջանառության մեջ է դրվել բովանդակությամբ կեղծ եզրակացություն առ այն, որ վերջինիս մոտ իբր հայտնաբերվել է «covid-19» հիվանդություն, որպիսի հանգամանքը հնարավորություն է տվել զորահավաքային զինծառայողին ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնելու զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում զինծառայողի կողմից ռազմական դրության պայմաններում հիվանդության սիմուլյացիայի եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու, ինչպես նաև հիշյալ առերևույթ հանցագործությանն օժանդակելու, իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու կասկածանքներով ձերբակալվել են ինչպես զորահավաքային զինծառայողը,  այնպես էլ՝ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ նույն բժշկական կենտրոնի ծառայողների կողմից նույնաբնույթ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է անմնացորդ կերպով կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել զինվորական պարտքի գիտակցված զգացողություն, զերծ մնալ տարատեսակ խարդավանքների, այդ թվում՝ հիվանդության սիմուլյացիայի միջոցով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց խուսափելու կամ դրան օժանդակելու անթույլատրելի վարքագիծ դրսևորելուց և միաժամանակ խիստ զգուշացնում է, որ հետևողական կերպով շարունակելու է իր լիազորությունների շրջանում ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում բժշկական կազմակերպությունների ծառայողների կողմից հիվանդությունների ախտորոշման ընթացքում համանման չարաշահումները բացառելու, զինծառայողների համախմբվածության, մարտական պատրաստվածության, զինվորական կարգապահության կամ բանակի մարտունակության վրա բացասաբար ազդեցություն ունեցող անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ և հիշեցնում է, որ նկարագրված հանցավոր արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար որպես պատիժ նախատեսված է հինգից տասը տարի ժամկետով ազատազրկում:
23:21 - 24 հոկտեմբերի, 2020
ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ անհայտ ծագումով օգտատերերի համար տեսաձայնագրություններ իրականացնելուց

ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ անհայտ ծագումով օգտատերերի համար տեսաձայնագրություններ իրականացնելուց

Հարգելի՛ հայրենակիցներ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ինչպես «upwork.com», «toptal.com», «freelancer.com», այնպես էլ տարաբնույթ մասնավոր ծառայություններ առաջարկող կամ պահանջող այլ համանման հարթակներում տեղադրվում են հայտարարություններ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առանձին տարածքներում,  իբր զբոսաշրջության նպատակով,  նկարահանումներ իրականացնելուն և այդ տեսանյութերը որոշակի հասցեներով առաքելուն ուղղված վճարովի աշխատանքների վերաբերյալ: Ավելին, նշված հարթակներում հայտարարություններ են տեղադրվում նաև ՀՀ բջջային հեռախոսահամարների քարտեր և սոցիալական ցանցերի (հիմնականում՝ www.facebook.com) էջեր գնելու վերաբերյալ: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշված հայտարարություններում բացահայտ նկատելի են ադրբեջանական հետքի մասին վկայող նախանշաններ: Հատկանշական է, որ վերոնշյալ և նմանա­տիպ այլ հարթակներում պատվեր կատարող­ները, աշխատելով նույն նախագծի շուրջ, չեն ճանաչում միմյանց և յուրաքանչյուրը տեղեկացված չէ մյուսի կողմից կատարվող աշխատանքից: Նշված հանգամանքը պատվիրատուին թույլ է տալիս ստացված նյութե­րը համադրել իր ցանկությամբ ու համացանցում կիրառել Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ապա­տեղեկատվու­թյուն տարածելու, խուճապային տրամադրություններ ձևավորելու՝ մեկ միասնական նպատակով: Նկատի ունենալով վերը նշված հանգամանքը՝ կոչ ենք անում զերծ մնալ անհայտ ծագումով օգտատերերի ու պատվիրատուների համար, համապատասխան վարձավճարի դիմաց, նմանօրինակ տեսաձայնագրություններ իրականացնելու, բջջային հեռախոսահամարներ վաճառելու առաջարկներին արձագանքելուց, քանի որ դրանք կարող են ուղղորդված լինել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող գործողությունների համար:
11:21 - 24 հոկտեմբերի, 2020
Վերջին շրջանում համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր

Վերջին շրջանում համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր (օրինակ՝ lurer.live և համանման այլ տեղեկատվական հարթակներ, բազմաթիվ կեղծ օգտահաշիվներ): Վերջիններս, հատկապես այս օրերին, տարածում են ակնհայտ ապատեղեկատվություններ՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված անձանց, ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Քյարամյանի,  ինչպես նաև ներքաղաքական և արտաքին քաղաքական բազմաթիվ երևույթների վերաբերյալ, որոնք ստահոդ լինելուց բացի՝ իրենց մեջ պարունակում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող զգալի տարրեր ու բաղադրիչներ: Նախնական ուսումնասիրություններից պարզվում է, որ հիշյալ կայքերում և տեղեկատվական հարթակներում առկա են տարբեր ուղղվածություն ունեցող հետքեր, որոնց ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ: Այս ամենով հանդերձ մեր հանրությանը կոչ ենք անում տուրք չտալ նմանատիպ տեղեկություններին, չտարածել այդօրինակ կայքերում ու տարբեր հարթակներում առկա  կեղծ տեղեկատվությունը, ինչպես նաև բացառապես օգտվել պաշտոնական լրահոսից:
21:25 - 20 հոկտեմբերի, 2020
ԱԱԾ-ն հերքում է տարբեր երկրների օդային տարածքներով դեպի ՀՀ իբր զինամթերք տեղափոխելու մասին ադրբեջանական լուրերը

ԱԱԾ-ն հերքում է տարբեր երկրների օդային տարածքներով դեպի ՀՀ իբր զինամթերք տեղափոխելու մասին ադրբեջանական լուրերը

Վերջին օրերին ադրբեջանական կողմից, տվյալ երկրի ղեկավարի մակարդակով, ակտիվ լուրեր են շրջանառվում տարբեր երկրների օդային տարածքներով դեպի Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական ինքնաթիռներով, մաքսանենգ ճանապարհով, իբր զինամթերք տեղափոխելու, ինչպես նաև համանման այլ ոչ հավաստի երևույթների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հերքում է նմանօրինակ ստահոդ և հիվանդ երևակայության արդյունք հանդիսացող տեղեկությունները, որոնց տարածումը դարձել է թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների դաշինքի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հիմնական բաղադրիչը և նպատակ ունի հարված հասցնել Հայաստանի Հանրապետության հեղինակությանը, ինչպես նաև գործընկեր ու բարեկամ երկրների հետ ձևավորված ջերմ հարաբերություններին: Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ գտնվող կոնկրետ տվյալների՝ ադրբեջանական կողմը զբաղվում է դեպի իր տարածք զգալի քանակությամբ ռազմամթերք և վարձկան-ահաբեկիչներ գաղտագողի տեղափոխելու նենգ գործելաոճով, որի մասին են վկայում Բաքվի օդանավակայանից, ադրբեջանական «Սիլկ ուեյ» (Silk Way) բեռնափոխադրող ավիաընկերության «Բոինգ-747» և «ԻԼ-76» ինքնաթիռներով, դեպի տարբեր երկրների ռազմական օդանավակայաններ կատարվող և հետադարձ ուղղությամբ իրականացվող չվերթները. օրինակ՝ արձանագրվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Բաքվից դեպի Աֆղանստանի Բաղրամի օդանավակայան իրականացվող չվերթը, հոկտեմբերի 17-ին՝ Աֆղանստանի Բաղրամի օդանավակայան– Պակիստանի Լաշկառ գահի օդանավակայան–Բաքու չվերթը: Նույն երթուղին նախատեսված է նաև հոկտեմբերի 18-ին: Նախատեսված են նաև Բաքվից միջանկյալ օդանավակայանով Կանդագարի օդանավակայան ու հետադարձ չվերթները: Ավելին, նմանատիպ չվերթներ են կատարվելու նաև հոկտեմբերի 19-ից հետո: Ընդ որում, նշված չվերթների մի մասը միջազգային չվացուցակների համակարգում բացակայում են, և որոշ օդանավակայաններ չունեն միջազգային դասակարգում: Ակնհայտ խոսուն և իրադրության մասին հստակ պատկերացում տվող այս տվյալները փաստում են, որ թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքն այս գործողություններով փորձում է ընդլայնել ահաբեկիչներ և զինամթերք ներգրավելու աշխարհագրությունը, ինչպես նաև իր այդ չարամիտ գործելաոճը կոծկելու նպատակով սեփական հակաօրինական արարքները վերագրել հայկական կողմին՝ դրանով հանդերձ փորձ կատարելով նաև լարվածություններ ստեղծել միջազգային տարբեր հարաբերություններում: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես դիմելով միջազգային իրավասու կառույցներին՝ հորդորում է չտրվել ադրբեջանական սադրանքներին և հիմք չընդունել տարածվող ապատեղեկատվությունը: Միաժամանակ, կոչ ենք անում քննության առարկա դարձնել մեր կողմից տրամադրված հավաստի տեղեկությունները, բազմակողմանիորեն ստուգել դրանք և հետամուտ լինել պարզաբանելու հիշյալ չվերթներով ռազմական նշանակության բեռների և ուղևորների՝ Ադրբեջան տեղափոխելու իրական հանգամանքներն ու նպատակները»,- նշված է հայտարարության մեջ։
12:13 - 17 հոկտեմբերի, 2020
Ահաբեկիչների նկատմամբ վերահսկողության կորուստն այլ ելք չի թողնում Բաքվին, քան կանխատեսելի զարգացումները նախապես Հայաստանին վերագրելը. ԱԱԾ

Ահաբեկիչների նկատմամբ վերահսկողության կորուստն այլ ելք չի թողնում Բաքվին, քան կանխատեսելի զարգացումները նախապես Հայաստանին վերագրելը. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն անհեթեթություն է համարում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարությունն այն մասին, թե իբր Հայաստանի հատուկ ծառայությունները գործողություններ են նախապատրաստում ադրբեջանական խոշոր քաղաքներում: ԱԱԾ մամուլի ծառայությունից փոխանցեցին. «Կտրականապես հերքում ենք Ադրբեջանի հատուկ ծառայությունների հիվանդ երևակայության արգասիքը: Նման անհեթեթ հայտարարությունները մեկնաբանության ենթակա չեն, սակայն համարձակվում ենք ենթադրել, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Ադրբեջանի տարածք արդյունաբերական ծավալներով ներմուծված ջիհադիստ ահաբեկիչների, ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների և նրանց սպասարկուների  նկատմամբ վերահսկողության կորուստն այլ ելք չի թողնում պաշտոնական Բաքվին, քան խիստ կանխատեսելի բացասական զարգացումները նախապես վերագրել Հայաստանին: Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի թիրախավորում Ադրբեջանի խաղաղ բնակչությանն՝ ի տարբերություն մեր հակառակորդների, որոնք ժամեր առաջ ռազմական ձախողումների քենը պարպեցին անզեն հայ ռազմագերիների վրա: Համոզված ենք, որ ահաբեկչական այդ գործողությունը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մշտապես իրականացվող ահաբեկչական ակտերը, այդ թվում՝ խաղաղ բնակչության, երեխաների, հոսպիտալի թիրախավորումը, քաղաքացիական օբյեկտների և անգամ՝ եկեղեցու ուղղությամբ հարվածները, խստագույն միջազգային գնահատականի կարժանանան:  Հայաստանը միջազգային հարաբերությունների պատասխանատու մասնակից է, Հայաստանի հատուկ ծառայությունները այսօր պարտադրված են պայքարել հանուն միջազգային ահաբեկչությունից զերծ տարածաշրջանի, հանուն խաղաղության և մեր քաղաքացիների անվտանգության»:
23:25 - 15 հոկտեմբերի, 2020
ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ԶԼՄ-ներով և սոցցանցերով հասարակությանն ընկճող, անհանգստություն, խուճապ պարունակող հրապարակումներ կատարելուց

ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ԶԼՄ-ներով և սոցցանցերով հասարակությանն ընկճող, անհանգստություն, խուճապ պարունակող հրապարակումներ կատարելուց

Մեծապես կարևորելով այս օրերին հանրության շրջանում առկա տրամադրությունների նկատմամբ ընդգծված հոգատարություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերով հասարակությանն առավել ընկճող, հայրենիքի պաշտպանության ընթացքում հավերժ հերոսացած մեր հայրենակիցների ընտանիքների հույզերը վեր հանող, ինչպես նաև անհանգստություն, խուճապ ու նմանատիպ այլ զգացողություններ պարունակող հրապարակումներ կատարելուց: Միաժամանակ, անհրաժեշտ է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ հիշյալ հրապարակումները կարող են իրենց բացասական ազդակները հաղորդել հասարակության լայն շերտերին՝ անցանկալի բարոյահոգեբանական հետևանքներ ունենալով ինչպես առաջնագծում, այնպես էլ վերջինիս թիկունքն ամուր պահող հայ ընտանիքներում: Ավելին, ռազմական գործողությունների այս պահերին, անհրաժեշտ է լայնորեն լուսաբանել քաջարի հայորդիների փառահեղ սխրագործություններն ու նրանց անսահման հայրենասիրության լավագույն դրսևորումները՝ բացառապես հիմք ընդունելով պաշտոնական լրահոսում առկա համանման տեղեկությունները:
21:10 - 15 հոկտեմբերի, 2020
ՊԲ N զորամասի կապի դասակի հրամանատարի տեղակալ կեղծ  լուրեր է տարածել ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ՝ ասելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում․ ԱԱԾ

ՊԲ N զորամասի կապի դասակի հրամանատարի տեղակալ կեղծ լուրեր է տարածել ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ՝ ասելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն. Մ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, նշանակված լինելով ՊԲ N զորամասի գումարտակում որպես կապի դասակի հրամանատարի տեղակալ և ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ և ստահոդ լուրեր է տարածել ՀՀ իշխանությունների կողմից իբրև հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում և իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է: Հիշատակված գործողությունների արդյունքում էականորեն խաթարվել է իրենց մարտական խնդիրները կատարող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, վերջիններիս մոտ առաջացել է վախի, տագնապի և անպաշտպանվածության զգացողություն, որի արդյունքում մարտական ծառայություն իրականացնող զինծառայողներից ոմանք, տրվելով սադրանքներին, լքել են ծառայության վայրը՝ հրաժարվելով կատարել իրենց զինվորական պարտականությունները: Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ն. Մ.-ն ձերբակալվել է: Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում զինծառայողների շրջանում սադրիչ և ստահոդ տեղեկություններ տարածող անձանց, ինչպես նաև հնարավոր հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանում ձեռնարկելու է իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում զինծառայողների համախմբվածության, մարտական պատրաստվածության վրա բացասաբար ազդեցություն ունեցող, զինծառայողների շրջանում սադրիչ կամ խուճապ առաջացնող տեղեկություններ տարածող անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ և հորդորում է խստորեն պահպանել զինվորական կարգապահությունը: Հայրենիքի պաշտպանության վեհ առաքելության խորը և համընդհանուր գիտակցության պայմաններում, ՀՀ ԱԱԾ-ն հարկ է համարում, այնուամենայնիվ, պարզաբանելու, որ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված պետական դավաճանության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության, թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու համար։ Թշնամու կողմն անցնելն ի թիվս այլնի՝ դրսևորվում է ռազմական գործողությունների ժամանակ իշխանություններին չենթարկվելու կոչեր անելով։ Նշված առանձնապես ծանր հանցագործության համար որպես պատիժ նախատեսված է տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:24 - 08 հոկտեմբերի, 2020
Եթե վարչապետը նման որոշում է կայացրել, ուրեմն ունեցել է ծանրակշիռ հիմնավորում. Քոչարյանը՝ ԱԱԾ տնօրենի ազատման մասին |armtimes.com|

Եթե վարչապետը նման որոշում է կայացրել, ուրեմն ունեցել է ծանրակշիռ հիմնավորում. Քոչարյանը՝ ԱԱԾ տնօրենի ազատման մասին |armtimes.com|

armtimes.com: Եթե վարչապետը նման որոշում է կայացրել, նշանակում է՝ ունեցել է ծանրակշիռ հիմնավորում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի՝ աշխատանքից ազատվելու լուրին: «Ամեն ինչ կապված է արագ որոշումներ կայացնելու, լուծումների, ազգային անվտանգության խնդիրների հետ: Բնականաբար այսօրվա հրամայականն է, որպեսզի բոլորս մեծ արագությամբ և մեծ պատասխանատվությամբ լուծենք մեր առջև դրված խնդիրները»,-ասաց նա: Հարցին՝ արդյոք ռազմական դրության ընթացքում ԱԱԾ-ի աշխատանքի հետ կապված եղել են խնդիրներ, պատգամավորը նշեց՝ ամեն վայրկյան գնահատվում են ծառայության աշխատանքները: «Այսօր իրողություն է վարչապետի կայացրած որոշումը»:
14:37 - 08 հոկտեմբերի, 2020