Սեպտեմբերի 27-ից մինչ օրս ԱԱԾ-ում գործում է շուրջօրյա թեժ գիծ, ստացվել է 1551 ահազանգ, որոնք վերաբերել են պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին, ֆեյսբուքյան պաշտոնական էջին տարբեր օգտատերերը հասցեագրել են շուրջ 2300 նամակ-հաղորդագրություն։ Բոլորի առնչությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի ուղղությամբ իրականացվող տեղեկատվական-վերլուծական աշխատանքներին՝ Աբազյանը նշեց․
«Գնահատվել է ոչ միայն Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծավալելու հավանականությունը, այլեւ հակառակորդի հետապնդած ռազմաքաղաքական նկրտումները։ Արձանագրվել են մարտական գործողություններին մասնակցող արաբ գրոհայինների զրույցները, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից պատերազմական գոտում տեղակայված մի շարք վարձկան գրոհայինների անձնական տվյալներ»։
ԱԱԾ տնօրենի տեղակալ հայտնեց, որ զինծառայողների շրջանում կեղծ լուրերի տարածման ուղղությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ԱՀ-ում եւ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում անձը մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում տարածել է կեղծ եւ ստահոդ լուրեր՝ ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ, ինչի կապակցությամբ անձը ձերբակալվել եւ կալանավորվել է։
«ԱԱԾ-ն մեծածավալ աշխատանք է իրականացնում նաեւ ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերում։ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի ավտոճանապարհների որոշ հատվածներում տեղադրված են տասից ավելի անցակետեր, որտեղ իրականացվում են շուրջօրյա աշխատանքներ՝ բացահայտելու օտարերկրյա հնարավոր լրտեսների ներթափանցումը եւ դիվերսիոն խմբավորումների բացահայտումը ՀՀ-ում։ Այս շրջանակներում բացահայտվել են ՀՀ զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր, իրականացվել են համապատասխան աշխատանքներ»,- ասաց Արմեն Աբազյանը։
Արցախի Հանրապետությունից կամավորական ջոկատների, զորահավաքի խմբի անձանց կողմից զենք-զինամթերքը ՀՀ տեղափոխելն անմիջապես կանխարգելում են եւ համապատասխան կարգով ընթացքավորում։
ԱԱԾ տնօրենի տեղակալի խոսքով՝ պատերազմական գործողությունների սկսվելուց հետո աննախադեպ աճել է պետական համակարգի վրա հարձակումների քանակը, որի շրջանակներում ԱԱԾ-ն մշտապես իրականացրել է ՀՀ պետական տեղեկատվական տիրույթի՝ կիբերհանցագործություններից պաշտապանական աշխատանքներ։
«2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս գրանցվել է կիբերհարձակման շուրջ 692,000 դեպք։ ԱԱԾ-ն այս ընթացքում ապահովել է պաշտոնական կայքերի եւ պետական տեղեկատվական համակարգերի բնականոն գործունեությունը»,- հայտնեց նա։
Արմեն Աբազյանը նշեց, որ սոցցանցերում խուճապային տրամադրությունների տարածելու եւ մարտական գործողություններին վերաբերող անթույլատրելի գրառումներ, լուսանկարներ եւ տեսագրություններ տարածելու ուղղությամբ կատարված կանխարգելիչ գործընթացների շրջանակներում գրանցվել է 245 դրվագ։ Իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
«Պատերազմական գործողություններին ներգրավված ԱԱԾ սահմանապահ զորքերից այս ընթացքում ունեցել ենք 37 զոհ, 4 անհետ կորած եւ 243 վիրավոր։ Այս ընթացքում ակտիվ համագործակցում ենք Արցախի ԱԱԾ գործընկերների հետ՝ միասին իրականացնելով համապատասխան աշխատանքներ»,- ասաց Աբազյանը։
Նրա խոսքով՝ ԶՈՒ գլխավոր շտաբի հետ համագործակցության արդյունքում ԱԱԾ-ի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարեբրաբար ստացվում են եւ ԶՈՒ ԳՇ են փոխանցվում հետախուզական, հակահետախուզական, գաղտնի ռեժիմի եւ զորքերի մարտունակության ու մարտական պատրաստության ապահովման ուղղությամբ տեղեկություններ, որոնք ԳՇ-ն օգտագործում է հետագա գործողություններն առավել արդյունավետ իրականացնելու համար։
comment.count (0)