ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Դիրքերի տեղաշարժի վերաբերյալ արձագանքը պետք է տա պաշտպանական գերատեսչությունը. ՄԻՊ-ը՝ Ներքին Հանդի իրավիճակի մասին

Դիրքերի տեղաշարժի վերաբերյալ արձագանքը պետք է տա պաշտպանական գերատեսչությունը. ՄԻՊ-ը՝ Ներքին Հանդի իրավիճակի մասին

Մեր արագ արձագանքման խումբն այս պահին Սյունիքի ճանապարհին է: Նրանք այցելելու են Ներքին Հանդ գյուղ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով Ներքին Հանդի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկություններին, որոնց համաձայն՝ իբր ադրբեջանական կողմը այդ հատվածում խախտել էր ՀՀ սուվերեն սահմանը: «Մեր խնդիրն է տեղում իրավիճակն ուսումնասիրելու: Այդ պատճառով մեր արագ արձագանքման խմբի առջև խնդիր է դրված՝ տեղում հասկանալու համայնքի բնակիչների կյանքի պայմանների, նրանց բնականոն կյանքի և անվտանգության հետ կապված խնդիրները»,- ասաց ՄԻՊ-ը: Պաշտպանի խոսքով այս հարցի վերաբերյալ իրենք կապի մեջ են տեղական ինքնակառավարման մարմինների և ՊՆ գործընկերների հետ: Գրիգորյանը շեշտեց՝ ըստ արձանագրված խնդիրների՝ կհանրայնացվեն համապատասխան հետևությունները: «Ես նույնպես այց պլանավորում եմ դեպի Սյունիք, բայց պլանավորման ընթացքում պետք է համապատասխան տեղեկություններ հավաքեմ: Կայցելեմ ապրիլի սկզբին»,- ասաց նա: ՄԻՊ-ը նաև շեշտեց՝ այս կամ այն դիրքերի տեղակայման նախապատմությունը կամ դրա վերաբերյալ եղանակային պայմանների հանգամանքի պարզումը պաշտպանական գերատեսչության գործունեությունն է: «Ինչ վերաբերում է դիրքերի տեղաշարժերին, բնական և տրամաբանական է, որ դրա վերաբերյալ արձագանքը պետք է տա պաշտպանական գերատեսչությունը: Թե ինչու էր պարոն Թաթոյանը ինքն առաջինը արձագանքում այդպիսի հարցերին, դա նրա անձնական մոտեցման հարցն է»,- հավելեց նա:
14:03 - 17 մարտի, 2022
Վերանորոգման հրատապ կարիք, տարրական պայմանների բացակայություն, տասնյակ խախտումներ. Պաշտպանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ

Վերանորոգման հրատապ կարիք, տարրական պայմանների բացակայություն, տասնյակ խախտումներ. Պաշտպանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ

Մարտի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանը Պաշտպանի աշխատակազմի, այդ թվում՝ կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչների հետ, այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: ՄԻՊ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ այցի շրջանակներում ուսումնասիրվել են քրեակատարողական հիմնարկում պահվող կին և անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, վերջիններիս առողջության պահապանման և կրթության իրավունքների ապահովման վիճակը, արտաքին աշխարհի հետ կապը, վերասոցիալականացմանն առնչվող հարցերը և այլն: Պաշտպանը առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված կանանց և անչափահասների հետ: Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները. քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները խիստ անբավարար են. այցի ընթացքում հիմնարկի միջանցքներում և որոշ խցերում բարձր է եղել խոնավության մակարդակը, պատերի ծեփամածիկը եղել է թափված, առկա է եղել վերանորոգման հրատապ անհրաժեշտություն, բացակայում են հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված խցերը կամ կացարանները, ինչպես նաև վերջիններիս համար հարմարեցված սանհանգույցները և լոգարանները, ծնողների հետ բնակվող մինչև երեք տարեկան երեխաների համար նախատեսված չեն կահավորված զբոսաբակեր, խաղահրապարակներ, խցերն ապահովված չեն ծնողի հետ բնակվող մինչև երեք տարեկան երեխաների համար նախատեսված մանկական կահույքով, որոշ դեպքերում նաև մանկական մահճակալով, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» ստորաբաժանումում առկա չեն մանկահասակ երեխաների առաջին բժշկական օգնության համար նախատեսված դեղամիջոցներ (օրինակ՝ ջերմիջեցնողներ), ատամնաբուժական կաբինետում առկա է եղել ժամկետանց դեղորայք, ազատությունից զրկված անձինք իրենց դժգոհությունն են հայտնել քրեակատարողական հիմնարկում սննդով ապահովելու գործառույթով պատվիրակված մասնավոր ընկերության կողմից պատրաստվող սննդի որակի և բազմազանության կապակցությամբ. առկա են մանկահասակ երեխաներին օրենսդրությամբ սահմանված սննդի համապատասխան չափաբաժիններով և տեսականիով ապահովման հետ կապված խնդիրներ, միայնակ պահվող ազատությունից զրկված անչափահասները զրկված են բավարար մարդկային շփման հնարավորությունից, առկա են ազատությունից զրկված օտարերկրացի քաղաքացիների հաղորդակցման և դրանով պայմանավորված՝ վերջիններիս իրավունքների ապահովման խնդիրներ: Հարկ է նշել, որ այցի արդյունքում արձանագրվել են նաև դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ ողջունելի են ազատությունից զրկված անձանց համար իրականացվող հանրակրթական ծրագրերը և դրանցում վերջիններիս ներգրավվածությունը: Վեր հանված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, ինչպես նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին: Այցի ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը և բժշկական անձնակազմն ակտիվ համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ իրենց լիազորություններն իրականացնելիս, և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել: Արձանագրված խնդիրները կամփոփվեն և լուծմանն ուղղված առաջարկներով կներկայացվեն իրավասու մարմնին:
12:35 - 17 մարտի, 2022
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը լինելու է ՄԻՊ-ի մշտական ուշադրության կենտրոնում

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը լինելու է ՄԻՊ-ի մշտական ուշադրության կենտրոնում

ՄԻՊ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Համայնքահենք ծառայությունների մատուցումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համատեքստում. Կարիքներ և հնարավորություններ» խորագրով Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ընդլայնված նիստը: Հանդիպումը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ և Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ, որին մասնակցել են մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատ փորձագետներ: Բացման խոսքում պաշտպան Գրիգորյանը, ողջունելով և ծանոթանալով Խորհրդի անդամներին, նշել է, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը լինելու է իր մշտական ուշադրության կենտրոնում և որ հասարակական խորհրդի հետ սերտ համագործակցությունը միանշանակ օգտակար է լինելու թե՛ խնդիրների ճիշտ թիրախավորման և թե՛ առաջնահերթությունների որոշման առումով: Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Վիթն իր հերթին ողջունելով մասնակիցներին՝ ընդգծել է, որ կարևորում են միջգերատեսչական հաղորդակցության զարգացումը և քաղաքացիակենտրոն ու հաշվետու որոշումների կայացման ինստիտուցիոնալ զարգացումը Հայաստանում: Ջեյմս Դե Վիթը հիմնարար է գնահատել հանդիպման թեման ժողովրդավարության համատեքստում՝ նշելով, որ այն առնչվում է ժողովրդավարության հիմնասյուներից մեկին՝ մարդու իրավունքների պատպանությանը: Պաշտպան Գրիգորյանն անդրադառնալով հաշմանդամութույն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին Հայաստանում՝ հիշատակել է Պաշտպանի տարեկան հաղորդմամբ և արտահերթ զեկույցներով արձանագրված խնդիրներն ու նշել, որ դրանցից շատերը շարունակում են մնալ չլուծված, սկսած քաղաքականությունների մշակման գործընթացից ու իրազեկումից մինչև միջավայրերի ու ծառայությունների մատչելիության և մատուցվող ծառայությունների հիմքում կարիքի հստակ գնահատման բացակայության խնդիրները: Քրիստիննե Գրիգորյանն առաջարկել է Խորհրդի անդամներին նախանշել գործունեության առաջնահերթությունները և եռամսյակային նիստերի օրակարգում թիրախավորել խնդիրներ ու հաջորդող ժամանակահատվածում մեկտեղել ջանքերը՝ հասնելու նախանշած ուղղություններով լուծումների: Այնուհետև, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մոնիկա Սարգսյանը մասնակիցներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցով և տարեկան հաղորդմամբ արձանագրված այն համակարգային խնդիրները, որոնք արձանագրվել են կարիքահենք և համայնքահենք ծառայությունների մատուցման ոլորտում: Հատուկ ընդգծվել է արտահերթ զեկույցի մշակման աշխատանքների ներկայացուցչական բնույթը, որին մասնակցել են նաև հասարակական խորհրդի անդամները: Արձանագրված խախտումների համատեքստում Մոնիկա Սարգսյանը անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց խնամող անձանց իրավունքները պաշտպանությանը, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրման և զբաղվածության խոչընդոտներին, համայնքային ծառայությունների բացակայությանը կամ դրանց սահմանափակ լինելուն, դրանց մատչելիության և հասանելիության, երեխաների վերականգնողական ծառայությունների, կարիքների գնահատման հետ կապված խնդիրներին: Հաջորդիվ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում Խորհրդի անդամների և մասնակիցների միջև: 
17:57 - 15 մարտի, 2022
Պահանջում եմ լինել առավել հետևողական կյանքի դժվարին իրավիճակում կամ խոցելի խմբերում հայտնված անձանց արժանապատվությունը և մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը երաշխավորելու հարցում. ՀՀ ՄԻՊ

Պահանջում եմ լինել առավել հետևողական կյանքի դժվարին իրավիճակում կամ խոցելի խմբերում հայտնված անձանց արժանապատվությունը և մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը երաշխավորելու հարցում. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր առաջ նախաձեռնել էի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված միջոցառումը լուսաբանող տեսագրության հրապարակման ուսումնասիրություն: Ուսումնասիրությունը հատկապես պայմանավորված է այն հանգամանքով, որ տեսագրությունը հրապարակվել է հաստատության որոշ շահառուների բաց դեմքերով, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել նրանց ինքնությունը և հոգեկան առողջության կենտրոնում գտնվելու հանգամանքը: Խնդրի բազմակողմանի ուսումնասիրության նպատակով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն իրականացրել են տեսագրության, սոցիալական ցանցերում վերաբերելի հրապարակումների և մեկնաբանությունների, ինչպես նաև տեսագրության տարածման փաստի ուսումնասիրություն: Նախաձեռնվել է հարցի քննարկում խնդիրն արձանագրած լրագրողի, հաստատության տնօրինության և այլ շահագրգիռ կողմերի հետ: Պարզվել է, որ տեսագրությունը կատարվել է մասնավոր անձի կողմից նախաձեռնված բարեգործական միջոցառման ընթացքում, որի կազմակերպման համար վերջինս ստացել է հաստատության թույլտվությունը: Հաստատության տնօրենի կողմից հաստատվել է, որ միջոցառմանը ներկա են եղել նաև հաստատության որոշ աշխատակիցներ: Ըստ տրամադրած տեղեկությունների՝ հաստատությունում գտնվող անձինք անգործունակ ճանաչված չեն: Միջոցառման ընթացքում որոշ շահառուներ նկարահանվելու ցանկություն են հայտնել: Այնուամենայնիվ, այս պահի ուսումնասիրության արդյունքների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ խնդրահարույց է այն, որ հաստատությունը շահառուներին լիարժեք չի իրազեկել համացանցում իրենց մասնակցությամբ տեսագրությունների և լուսանկարների տարածման հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Մասնավորապես, մարդկանց չեն պարզաբանվել տեսագրությունները (լուսանկարները) անձնական նպատակով օգտագործելու և դրանք հանրայնացնելու տարբերությունները, ինչպես նաև հնարավոր հետևանքները: Պարզվել է նաև, որ տվյալ դեպքում միջոցառման կազմակերպիչները նախապես չեն իրազեկվել այն մասին, որ մարդու արժանապատվության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից նպատակահարմար չէ համացանցում կամ այլ եղանակով տարածել կենտրոնի շահառուների՝ բաց դեմքով կամ նրանց որևէ կերպ նույնականացնող լուսանկարներ կամ տեսագրություններ: Մինչդեռ նմանատիպ միջոցառումների դեպքում հնարավոր է կանխատեսել կազմակերպիչների կողմից տեսանյութերի և լուսանկարների տարածումը: Ավելին, պետք է առաջնորդվել «Մի՛ վնասիր» սկզբունքով և հավաստիանալ, որ ձեռնարկվել են բավարար միջոցներ՝ երաշխավորելու, որ հաստատության շահառուների մասնակցությամբ որևէ միջոցառում իրականացնելիս նշված սկզբունքը կպահպանվի: Հաստատության տնօրենի տեղեկացմամբ՝ տեսագրության տարածման մասին տեղեկանալուց հետո խնդիրն իր կողմից քննարկվել է տեսագրությունը հրապարակած անձի հետ՝ խնդրելով համացանցից հեռացնել այն: Հատուկ արձանագրում եմ, որ մարդու մասնավոր կյանքի և արժանապատվության նկատմամբ հարգանքը բարձրագույն արժեք է, որի պահպանումը սկզբունքային է յուրաքանչյուր դեպքում: Այս մասին պաշտպանը բազմիցս ընդգծել է նաև տարեկան և արտահերթ զեկույցներում: Ընդ որում՝ լրացուցիչ ջանքներ են պահանջվում հատկապես պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների պաշտպանության և երաշխավորման նպատակով: Անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքում ձեռնարկել այնպիսի կանխարգելիչ քայլեր, որոնց արդյունքում կբացառվի անձի պիտակավորումը, թիրախավորումն ու խարանը: Հորդորում եմ բոլոր մասնավոր անձանց և կազմակերպություններին զերծ մնալ մարդուն նույնականացնող տվյալներ հրապարակելուց: Պահանջում եմ բոլոր իրավասու պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից լինել առավել հետևողական կյանքի դժվարին իրավիճակում կամ խոցելի խմբերում հայտնված անձանց արժանապատվությունը և մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը երաշխավորելու հարցում: Քննության ընթացքում Պաշտպանի աշխատակազմի կողմից նաև առաջարկվել է իրականացնել վերապատրաստում հաստատության անձնակազմի համար, ինչը Պաշտպանի կոնվենցիոն մանդատի շրջանակներում: Ամեն դեպքում Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է կատարվել խնդրի ուսումնասիրություն և արդյունքներով պայմանավորված կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ»:
12:42 - 14 մարտի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային կազմակերպություններին հստակ արձագանքել Ադրբեջանի հանցավոր վարքագծին

ՀՀ ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային կազմակերպություններին հստակ արձագանքել Ադրբեջանի հանցավոր վարքագծին

Ադրբեջանական կողմն արդեն շուրջ մեկ շաբաթ է թույլ չի տալիս Արցախի ներկայացուցիչներին վերականգնել գազատարի ենթադրյալ «խափանումը»։ Այդպիսով ավելի քան 100.000 մարդ եղանակային ցուրտ պայմաններում զրկված է ջեռուցման հնարավորությունից։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը: «Զուգահեռաբար, պարբերաբար անջատվում է էլեկտրականությունը։ Սա էլ ավելի է խորացնում հումանիտար այն ծանր իրավիճակը, որը ստեղծվել է պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Արդյունքում հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, տեղահանվածների ժամանակավոր կացարաններ զրկված են ապրելու տարրական պայմաններից, հնարավոր չէ իրացնել անձանց առողջապահական, երեխաների կրթության իրավունքը։ Բացի այս, ադրբեջանական զինված ուժերն արդեն մեկ շաբաթ է, ինչ շարունակում են ինտենսիվորեն կրակել Արցախի գյուղերի խաղաղ բնակչության ուղղությամբ. Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ, Ասկերան քաղաք, Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Խնուշինակ գյուղեր։ Խրամորթում քաղաքացիական մեկ անձ վիրավորում է ստացել։ Այս ամենը միտված է Արցախում ապրող մարդկանց շրջանում վախի, ահաբեկման մթնոլորտը պահպանելուն՝ նպատակ ունենալով հայաթափել ու էթնիկ զտման ենթարկել Արցախը իր բնիկ հայերից»,-նշել է Քրիստինե Գրիգորյանը։ ՀՀ ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է ադրբեջանական պետության շարունակվող հանցավոր քաղաքականությունը։ Նա կոչ է անում միջազգային կազմակերպություններին հստակ արձագանքել իրավիճակին ու ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ այս հանցավոր վարքագիծը դադարեցնելու համար։ ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է, որ մարդու իրավունքները համընդհանուր են, դրանք պետք է դուրս դիտվեն աշխարհաքաղաքական կոնյուկտուրայից։
11:04 - 14 մարտի, 2022
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը մարտի 11-ին ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից, Պաշտպանը, ողջունելով պատվիրակության անդամներին ՄԻՊ գրասենյակում, ընդգծել է, որ խոսքի ազատության ապահովումը մարդու իրավունքների պաշտպանի Սահմանադրական մանդատի ներքո է և, որ լրագրողներն ու մեդիա համայնքն իր բնական աջակիցներն են՝ Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը լավագույնս իրականացնելու հարցում: Քրիստինե Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել հաստատության Սահմանադրական մանդատն ու գործունեության ուղղությունները՝ շեշտելով հաստատության նկատմամբ հանրային բարձր վստահության փաստը։ Թերեզա Ռիբեյրոն իր հերթին լավագույնն է մաղթել Քրիստինե Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպանության պատասխանատու առաքելության ընթացքում՝ վստահություն հայտնելով, որ նա իր ավանդը կբերի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բարելավման գործում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադառնալով մեդիայի և խոսքի ազատության պաշտպանության կարևորությանը՝ շեշտել են, որ մամուլի անհամաչափ ու ոչ անհրաժեշտ սահմանափակումները միայն վնասում են երկրում ժողովրդավարական զարգացմանը։ Կողմերը միաժամանակ ընդգծել են որոշ դեպքերում տեղեկատվական մանիպուլյացիայի, ատելության հրահրման, և թիրախավորման նպատակներով մեդիայի միջոցների ու հնարավորությունների օգտագործման անթույլատրելիությունը: Պաշտպան Գրիգորյանը Թերեզա Ռիբեյրոյին ներկայացրել է ՄԻՊ գրասենյակի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում մամուլի ազատության հարցերի վերաբերյալ քննվող երկու գործերի մանրամասները՝ նշելով, որ խոսքի և մեդիայի ազատության ապահովման ոլորտում կարևորում է քննարկումների ներառականությունն ու կարգավորումների իրավական որոշակիությունը՝ որպես իրավունքի խախտումների կանխարգելման երաշխիք: Պաշտպանը միաժամանակ նշել է մեդիագրագիտության բարձրացման, ինչպես նաև՝ պատասխանատու լրագրողական գործելակերպերի խթանման անհրաժեշտությունը: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը հետագա համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել: 
18:09 - 11 մարտի, 2022
Խարբերդի մանկատանը ոչ բոլոր խմբերում է ամեն օր միս մատուցվել, իսկ ալյուրի առկա պաշարը կարող է բավարարել մեկուկես օրվա համար հաց թխելուն. ՄԻՊ

Խարբերդի մանկատանը ոչ բոլոր խմբերում է ամեն օր միս մատուցվել, իսկ ալյուրի առկա պաշարը կարող է բավարարել մեկուկես օրվա համար հաց թխելուն. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Այցի շրջանակներում հատուկ ուսումնասիրվել են 2020 թվականին իրականացված այցի ընթացքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը՝ հաշվի առնելով նաև 2021 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տեղեկություններն ու պարզաբանումները: Այս մասին հաղորդում է ՄԻՊ աշխատակազմը: Այցի պահին արձանագրվել է, որ հաստատությունում խնդիրներ են առաջացել հատկապես սննդամթերքի որոշ տեսակների մատակարարման հետ: Այսպես, կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման գործընթացներով պայմանավորված՝ այցի օրը հաստատությունում սպառվել էր մսամթերքի պաշարը, իսկ նախորդ մեկ ամսվա ճաշացանկի ուսումնասիրությունը վկայում է, որ ոչ բոլոր խմբերում է ամեն օր միս մատուցվել: Այցի օրվա դրությամբ ալյուրի առկա պաշարը կարող է բավարարել հաջորդող մոտ մեկուկես օրվա համար անհրաժեշտ քանակությամբ հաց թխելուն: Անհրաժեշտ ապրանքների և սննդամթերքի առաջիկա մատակարարման ժամկետների վերաբերյալ հաստատությունը տեղեկություններ չունի: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ Պաշտպանն այն հրատապության կարգով կքննարկի իրավասու պետական մարմնի հետ: Այցի օրվա դրությամբ դիտարկումները վկայում են նաև, որ ինչպես նախորդ այցի, այնպես էլ այս այցի ընթացքում մի շարք համակարգային խնդիրներ դեռևս արդիական են: Այսպես՝ ·  շարունակում է չլուծված մնալ հաստատության անձնակազմի ոչ բավարար լինելու հարցը: Մասնավորապես, սաների հետ աշխատող մասնագետների, այդ թվում՝  դայակների թիվը, բավարար չէ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար, ինչը բացասական է անդրադառնում թե՛ սաների, թե՛  աշխատակիցների իրավունքների երաշխավորման վրա։ Այսպես, հաստատության յուրաքանչյուր խմբում խնամք և աջակցություն է ստանում հիմնականում 13-15 սան, որոնց հետ մեկ օրվա ընթացքում աշխատում է մեկ դաստիարակ, մեկ հերթափոխային և մեկ ոչ հերթափոխային դայակ կամ բուժքույր: Ստեղծված իրավիճակում, օրինակ, հնարավոր չէ միաժամանակյա կազմակերպել ինքնասպասարկման դժվարություն ունեցող սաների կերակրումը: Անձնակազմի սղության պատճառով ոչ միշտ է հնարավոր լինում, ըստ սանի ցանկության, օրվա ընթացքում կազմակերպել նրա հանգիստը կամ սանի վարքային առանձնահատուկ դրսևորումներով պայմանավորված՝ հանդարտեցման նպատակով նրա զբոսանքը բակում կամ այգում կազմակերպել, քանի որ խմբի մյուս սաների խնամքը կազմակերպելու համար սենյակում բավարար թվով դայակ կամ մասնագետ չի մնում: Խնդիրն ավելի է սրվում, երբ անհրաժեշտություն է առաջանում սանին ուղեկցել բուժհաստատություն կամ սանի ստացիոնար բուժման դեպքում այնտեղ կազմակերպել նրա խնամքը։ Այս դեպքում հաստատությունում առանց այդ էլ ֆիզիկական և հոգեբանական տեսանկյունից ծանր աշխատանք իրականացնող անձնակազմն աշխատում է էլ ավելի դժվարին պայմաններում։ Աջակցող անձնակազմի սղության հետևանքով սաների խնամքը, կերակրման կազմակերպումը հիմնականում կազմակերպվում է փոխօգնության և հաստատության անձնակազմի բարեխիղճ աշխատանքի շնորհիվ: Նշված խնդրի կապակցությամբ 2021 թվականին նախարարությունը հայտնել էր, որ «Աշխատողների աշխատաժամանակի և աշխատավարձերի խնդիրը մշտապես Նախարարության ուշադրության տիրույթում է։ 2020 թվականի ապրիլի 23-ի N 601-Ն որոշման համաձայն իրականացվել է վերաբաշխում՝ մանկատների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման նպատակով։» Հարկ է նշել, որ հաստատությունում աշխատում են 68 հերթափոխային և 11 ոչ հերթափոխային դայակ, 21 դաստիարակ, 32 բուժքույր՝ սահմանված գրաֆիկի համաձայն: Այցի ընթացքում հաստատության տեղեկությունների համաձայն՝ նախարարության կողմից ներկայացվել է աշխատավարձերի վերանայման առաջարկ: Այս պահին առկա տեղեկությունների ուսումնասիրությունը վկայում է, որ հաստիքների քանակի ավելացում ներկայում նախատեսված չէ: Մինչդեռ, միջազգային լավագույն փորձի համաձայն՝ առավել արդյունավետ «սան-անձնակազմ» հարաբերակցությունը յուրաքանչյուր 6 սանի համար մեկ դայակ հարաբերակցությունն է, եթե սաները մանկահասակ են կամ ունեն ինքնասպասարկման դժվարություններ, · խմբասենյակները և ննջարանները գերբեռնված են, սենյակների ընդհանուր մակերեսը ոչ միշտ է համապատասխանում սաների թվին: Դեռևս 2020 թվականի այցի ընթացքում արձանագրվել էր, որ հաստատությունը նախատեսված է 220 սանի խնամք և պաշտպանություն իրականացնելու համար: Ներկա պահին հաստատությունն ունի 236 (167 չափահաս և 69 չափահաս) սան: Այս դեպքում խնդիրը պայմանավորված է նաև նրանով, որ շարունակում է չլուծված մնալ նման հաստատություններում բնակվող այն 18 տարին լրացած անձանց իրավունքների երաշխավորման հարցը, որոնց խնամքի և կեցության ապահովումը հնարավոր չէ կազմակերպել այլ հաստատություններում: Նշված խնդիրը բազմիցս բարձրացվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, որի կապակցությամբ աշխատանքային քննարկումների ընթացքում ներկայացված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է այս խնդրին անդրադառնալ փոքր տներում, ընտանիքներում կամ համայնքահենք այլ ծառայություններ մատուցելու միջոցով՝ հաստատություններից հաշմանդամություն ունեցող անձանց դուրս բերելուն ուղղված միջոցառումների շրջանակներում: Այնուամենայնիվ, հատուկ պետք է արձանագրել, որ տևական ժամանակ նշված խնդրի չկարգավորումը խնդրահարույց է նաև պետության կողմից ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջների կատարման տեսանկյունից, · սահմանված կարգի համաձայն հանդարտեցման և զսպման միջոցների կիրառման մատյաններ չեն վարվում: Մինչդեռ՝ անհրաժեշտ է ապահովել հաստատությունում ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների և հանդարտեցման մեթոդների կիրառման ներպետական պահանջների գործնական կատարումը՝ դրանց օրինաչափությունը գնահատելու նպատակով: Այս կապակցությամբ 2020 թվականի այցից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել էր, որ «Վեր հանված խնդրի վերաբերյալ նախատեսվել է քննարկում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցչի հետ՝ համապատասխան լուծումներ գտնելու նպատակով, որից հետո կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ»։ Պաշտպանի՝ անհրաժեշտ վերապատրաստումներ իրականացնելու առաջարկի կապակցությամբ նախարարությունը նշել էր, որ դրանք կկազմակերպվեն նախատեսված միջոցառումներից հետո։ Նշվածի հաշվառմամբ, այնուամենայնիվ, արձանագրվում է, որ խնդիրը շարունակում է արդիական մնալ: Հատուկ պետք է ընդգծել, որ այցի ընթացքում արձանագրված այս և այլ խնդիրները բնույթով համակարգային են, իսկ դրանց բացասական ազդեցությունը հնարավորինս նվազեցվում է առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճության ու նվիրման շնորհիվ: Կարևոր է արձանագրել նաև, որ հաստատության ջանքերի շնորհիվ նախորդ այցից հետո ևս շարունակվել են ներքին հարդարման և վերանորոգման, սաների վերականգնողական ծրագրերի ներդրման աշխատանքները՝ միտված երեխայակենտրոն և կարիքահեն միջավայրի ձևավորմանը: Հնարավորության սահմաններում, հաշվի առնելով հաստատության գերբնակեցվածությունը, մասնագետների սղությունն ու սաների կարիքների առանձնահատկությունները, որոշ խմբերում ննջասենյակներն առանձնացվել են ըստ սաների սեռատարիքային կազմի: Հատկապես ողջունելի է հաստատության կողմից ձեռնարկված քայլերն այլ հաստատությունների հետ իրենց հաջողված փորձի փոխանակման հարցում, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների շահառու հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական ծառայությունների մատուցումը: Օրինակ, հիպպոթերապիայի ծառայություններից օգտվում են նաև այլ հասարակական կազմակերպության շահառուներ, ովքեր ունեն մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ: Մշտադիտարկման արդյունքներն ամփոփման փուլում են: Արձանագրված այս և այլ խնդիրները լուծումների առաջարկներով կուղարկվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և հաստատության տնօրենին՝ լրացուցիչ պարզաբանումների պահանջով։
17:54 - 10 մարտի, 2022
Ակնհայտ է, որ Ադրբեջանի գործողությունների վերջնանպատակը բնակավայրերը հայաթափելն ու դատարկելն է իր բնիկ ժողովրդից․ ՀՀ ՄԻՊ

Ակնհայտ է, որ Ադրբեջանի գործողությունների վերջնանպատակը բնակավայրերը հայաթափելն ու դատարկելն է իր բնիկ ժողովրդից․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի և Գլխավոր դատախազի հետ կապի մեջ եմ։ Երեկ օրվա ընթացքում ինտենսիվ կրակոցներ են եղել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Խրամոթի ուղղությամբ օրվա ընթացքում կրակոցներն ուղեկցվել են բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու հանցավոր գործողություններով. բնակչությանը՝ գյուղը լքելու մասին բարձրախոսով հայերեն լեզվով «նախազգուշացումներ» անելով։ Խաղաղ բնակչության նկատմամբ այս հանցավոր ոտնձգությունը գիշերվա ընթացքում սաստկացել է Խրամոթ գյուղի ուղղությամբ, որտեղ ադրբեջանական զինված ուժերը կիրառել են նաև ականանետեր։ Մեկ քաղաքացիական անձ վիրավոր է։ Հակառակորդը գյուղի ուղղությամբ ցուցադրաբար կուտակել է նաև ծանր տեխնիկա (տանկեր)։ Բնակչության ապահովության համար գիշերը կանայք և երեխաները տարհանվել են առավել ապահով վայր, սակայն ըստ գործընկերներիս տեղեկությունների, բնակիչներն առավոտյան վերադարձել են գյուղ։ Սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակվող հանցավոր քաղաքականություն է՝ միտված իրենց բնօրրանում ապրող մարդկանց կյանքն ու անվտանգությունը ոտնձգելուն, նրանց ահաբեկելուն և մշտական տագնապի մեջ պահելուն։ Ակնհայտ է նաև, որ նման գործողությունների վերջնանպատակը բնակավայրերը հայաթափելն ու դատարկելն է իր բնիկ ժողովրդից, ինչն Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյացության ու էթնիկ ատելության քաղաքականության դրսևորում է։ Մյուս կողմից, սա ադրբեջանական պետության կողմից անպատասխանատու վարքագիծ է, որը միտված է ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակության վնասմանն ու խաղաղ կյանքի ապահովման ուղղությամբ գործադրվող հսկայական ջանքերի նսեմացմանը։ Այս մասին տեղեկություններն այսօր կուղարկեմ համապատասխան միջազգային կազմակերպություններին ու դեսպանություններին»։
11:02 - 10 մարտի, 2022
Հետպատերազմյան հումանիտար հարցերը ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է Ֆրանսիայի դեսպանին

Հետպատերազմյան հումանիտար հարցերը ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է Ֆրանսիայի դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: ՄԻՊ հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ պաշտպանը դեսպանին ներկայացրել է ՄԻՊ հաստատության մի շարք առաջնահերթություններ, այդ թվում` անվտանգության հարցերում իրավունքահենք մոտեցումների ամրապնդումը և հետպատերազմական հումանիտար հարցերը՝ առանձնահատուկ շեշտելով գերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի ուղղությունը, ատելության խոսքի դեմ պայքարի կարևորությունն ու գործանականում տարբեր շահակիցների հետ քննարկումներով լուծումների գտնելու հարցերը, կանանց իրավունքների պաշտպանությունն ու ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ՄԻՊ աշխատանքի ուղղությունները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք առաջնահերթություններ և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, մասնավորապես՝ Ուկրաինայում գտնվող ազգությամբ հայերի իրավունքների պաշտպանության հարցեր: Պաշտպանը դեսպանի հետ կիսվել է նաև նախորդ շաբաթ Արցախ կատարած այցի արդյունքում արձանագրված փաստերով ու հետևություններով: Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ հատկապես մտահոգիչ է համարում շփման գծին և ադրբեջանական հենակետերին մոտ տեղակայված գյուղերի բնակչության բնականոն կյանքը խաթարելուն միտված ադրբեջանական զինված ուժերի սադրանքները՝ վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած վերջին դեպքերը: Պաշտպանի դիրքորոշմամբ սա շարունակվող, կազմակերպված և մեկ կետից կառավարվող քաղաքականության արդյունք է: Տվյալ քաղաքականության ապացույց է նաև երկու հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ հարուցված դատավարությունները, ովքեր վերջերս դատապարտվեցին համապատասխանաբար 19 և 18 տարի ազատազրկման: Պաշտպանը նշել է, որ սրանք արհեստական դատավարություններ են, ինչը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է: Դեսպան Լույոն իր հերթին բարձր է գնահատել Պաշտպանի հաստատության դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության և ամրապնդման հարցում: Դեսպանի առաջարկով մոտ ապագայում նախաշվել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի և Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպանի միջև առաջին շփումներ ու համագործակցություն: Հանդիպման ավարտին Պաշտպանը բարձր է գնահատել անձամբ Ֆրանսիայի դեսպանի և դեսպանատան հետ համագործակցությունը, և կողմերը վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցելու և ոլորտներն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը:
11:04 - 09 մարտի, 2022
Մինչ այս պահը դեռ վերականգնված չէ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը․ ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյան

Մինչ այս պահը դեռ վերականգնված չէ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը․ ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մինչ այս պահը դեռ վերականգնված չէ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը։   «Արցախի գործընկերոջս՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ կապի մեջ լինելով տեղեկացված եմ, որ մինչ այս պահը դեռ վերականգնված չէ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը։   Ադրբեջանական կողմն ուղղակի դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին և իրավասուներին հասանելիություն ունենալ ենթադրյալ վթարի վայրին՝ գազամատակարման խափանումը վերացնելու համար, և այս հանցավոր դիտավորությունը շարունակվում է այնպիսի եղանակային պայմաններում, երբ ջեռուցումն ունի կարևորագույն նշանակություն Արցախի բնակչության, ներառյալ տեղահանված անձանց բնականոն կյանքն ու առողջությունն ապահովելու համար։   Խստորեն դատապարտելի է առանց այդ էլ բարդ հումանիտար իրավիճակի կանխամտածված սրման այս գործելակերպը»,- ասված է գրառման մեջ։
21:29 - 08 մարտի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը և ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը քննարկել են Ադրբեջանից հայ գերիների վերադարձին առնչվող հարցեր

ՀՀ ՄԻՊ-ը և ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը քննարկել են Ադրբեջանից հայ գերիների վերադարձին առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։ Մասնավորապես, Թիերի Ռիբոն անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ տարվող աշխատանքներին, ներառյալ ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո անհետ կորած անձանց առնչությամբ իրականացվող աշխատանքներին: «ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է նաև 44-օրյա պատերազմից հետո ԿԽՄԿ մանդատի շրջանակում Արցախում իրականացվող ծրագրերը: Իր հերթին Պաշտպանը պատվիրակության ղեկավարին է ներկայացրել նախորդ շաբաթ Արցախ կատարված այցի ընթացքում արձանագրած փաստերն ու հետևությունները: Պաշտպանը նշել է, որ հատկապես մտահոգիչ է համարում շփման գծին կամ ադրբեջանական հենակետերին մոտ տեղակայված գյուղերի բնակչության բնականոն կյանքը խաթարելուն միտված ադրբեջանական զինված ուժերի սադրանքները՝ վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած դեպքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Պաշտպանի դիրքորոշմամբ՝ սա շարունակվող, կազմակերպված և մեկ կետից կառավարվող քաղաքականության արդյունք է: Նման քաղաքականության ապացույց է նաև երկու հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ հարուցված դատավարությունները, ովքեր դատապարտվել են, համապատասխանաբար, 19 և 18 տարի ազատազրկման: Պաշտպանը նշել է, որ դրանք արհեստական դատավարություններ են, ինչը Ժնևյան կոնվենցիայի  կոպիտ խախտում է: Նշվում է, որ հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության և ՄԻՊ հաստատության միջև համագործակցության դերը մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքների պաշտպանության հարցում՝ վերահաստատելով համագործակցելու իրենց պատրաստակամությունը:  
23:30 - 07 մարտի, 2022
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մարտի 7-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:  Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը դեսպանին ներկայացրել է ՄԻՊ հաստատության մի շարք առաջնահերթություններ,  այդ թվում`  անվտանգության հարցերում իրավունքահենք մոտեցումների ամրապնդումը և հետպատերազմական հումանիտար հարցերը՝ առանձնահատուկ շեշտելով գերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի ուղղությունը, ատելության խոսքի դեմ պայքարի կարևորությունն ու գործանականում տարբեր շահակիցների հետ քննարկումներով լուծումների գտնելու հարցերը, կանանց իրավունքների պաշտպանությունն ու ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ՄԻՊ աշխատանքի ուղղությունները:  «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք առաջնահերթություններ և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, մասնավորապես՝ Ուկրաինայում գտնվող ազգությամբ հայերի իրավունքների պաշտպանության հարցեր:  Պաշտպանը դեսպանի հետ կիսվել է նաև նախորդ շաբաթ Արցախ կատարած այցի արդյունքում արձանագրված փաստերով ու հետևություններով: Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ հատկապես մտահոգիչ է համարում շփման գծին և ադրբեջանական հենակետերին մոտ տեղակայված գյուղերի բնակչության բնականոն կյանքը խաթարելուն միտված ադրբեջանական զինված ուժերի սադրանքները՝ վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած վերջին դեպքերը:  Պաշտպանի դիրքորոշմամբ սա շարունակվող, կազմակերպված և մեկ կետից կառավարվող քաղաքականության արդյունք է: Տվյալ քաղաքականության ապացույց է նաև երկու հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ հարուցված դատավարությունները, ովքեր վերջերս դատապարտվեցին համապատասխանաբար 19 և 18 տարի ազատազրկման: Պաշտպանը նշել է, որ սրանք արհեստական դատավարություններ են, ինչը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:  Ըստ աղբյուրի՝ դեսպան Լույոն իր հերթին բարձր է գնահատել Պաշտպանի հաստատության դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության և ամրապնդման հարցում: Դեսպանի առաջարկով մոտ ապագայում նախաշվել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի և Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպանի միջև առաջին շփումներ ու համագործակցություն: Նշվում է, որ հանդիպման ավարտին Պաշտպանը բարձր է գնահատել անձամբ Ֆրանսիայի դեսպանի և  դեսպանատան հետ համագործակցությունը, և կողմերը վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցելու և ոլորտներն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը:
23:28 - 07 մարտի, 2022
ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանություն Մանուել Մանուկյանին և Արտակ Ավետիսյանին բերման ենթարկելու վերաբերյալ տեղեկությունների և ահանզանգի կապակցությամբ

ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանություն Մանուել Մանուկյանին և Արտակ Ավետիսյանին բերման ենթարկելու վերաբերյալ տեղեկությունների և ահանզանգի կապակցությամբ

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Կառավարության շենքի դիմացից Մանուել Մանուկյանի և Արտակ Ավետիսյանի բերման ենթարկելու վերաբերյալ հրապարակված տեղեկությունների և ստացված ահանզանգի կապակցությամբ ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության համապատասխան բաժիններ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը։ «Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական և Մաշտոցի բաժիններ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Վարչական ձերբակալման ենթարկված անձանց իրավունքներին առնչվող որոշ հարցեր քննարկվել են նաև Ոստիկանության ներկայացուցիչների հետ: Պարզվել է, որ Մանուել Մանուկյանը և Արտակ Ավետիսյանը վարչական ձերբակալման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար: Առանձնազրույցի ընթացքում վարչական ձերբակալման ենթարկված անձինք տեղեկացրել են, որ մինչև իրենց ազատությունից զրկելը Ոստիկանության ծառայողների կողմից չի հնչեցվել որևէ պահանջ, վարչական ձերբակալման ենթարկելիս իրենց նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ, իրենց չեն պարզաբանել վարչական ձերբակալման հիմքերն ու պատճառներն, ինչպես նաև իրենց իրավունքներն ու պարտականությունները: Առանձնազրույցի ընթացքում Մ. Մանուկյանը նշել է, որ Ոստիկանության ծառայողներն իր ձեռքերը ոլորել են և բիրտ ֆիզիկական ուժի կիրառմամբ նստեցրել Ոստիկանության տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով զգում է ուժեղ ցավ: Զանգվածային լրատվության միջոցներով համացանցում հասանելի տեսագրությունների ուսումնասիրությունից ևս պարզվել է, որ Մանուել Մանուկյանը Ոստիկանության ծառայողներին տեղեկացնում է ձեռքի վնասվածքի մասին և խնդրում ձախ ձեռքը չքաշել: Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ Պաշտպանի ներկայացուցիչների կողմից պահանջ է ներկայացվել Ոստիկանության բաժին հրավիրել շտապ բժշկական օգնության խումբ: «Արմենիա» բժշկական կենտրոնում Մ. Մանուկյանը ենթարկվել է բժշկական հետազոտության: Ավելի ուշ, Մ. Մանուկյանը Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ հետազոտությունների արդյունքում իր մոտ ոսկրային կոտրվածք չի արձանագրվել, սակայն վնասված ձեռքի շրջանում զգում է ուժեղ ցավ:Ոստիկանության բաժիններ իրականացված այցերի արդյունքներն ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում, որից հետո անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություն կուղարկվի ՀՀ ոստիկանություն»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։ Նշենք, որ առավոտյան Մանուել Մանուկյանի եղբայրը՝ Սամվել Մանուկյանը, իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ էր հրապարակել և հայտնել, որ ոստիկանների կողմից ուժ կիրառելու հետևանքով, շտապ օգնության մեքենայով Մանուել Մանուկյանը տեղափոխվել է «Արմենիա» Բժշկական կենտրոն։
17:34 - 07 մարտի, 2022
Պատերազմից հետո Խրամորթ գյուղից արտագաղթ չի եղել, բոլորը վերադարձել են․ ՄԻՊ

Պատերազմից հետո Խրամորթ գյուղից արտագաղթ չի եղել, բոլորը վերադարձել են․ ՄԻՊ

Արցախ աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հանդիպումները շարունակել է Գլխավոր դատախազությունում։ «Հանդիպել եմ Արցախի Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին, ով մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմից սահմանամերձ բնակավայրերի բնականոն կյանքը խաթարելու, բնակիչների նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու ու խուճապ ստեղծելու միտված գործողությունների վերաբերյալ։ Այնուհետև այցելել եմ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ և տեղում ծանոթացել առկա խնդիրներին և տեղեկացել ոչ միայն անհանգստացնող, այլև ուրախալի լուրերին. պատերազմից հետո գյուղից արտագաղթ չի եղել, բոլորը վերադարձել ու հաստատվել են հայրենի Խրամորթում: Օրվա ավարտին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ ուղևորվել ենք տեղահանվածների ժամանակավոր բնակության վայրերից մեկը, ծանոթացել բնակիչների պայմաններին ու խնդիրներին,  ջերմ զրույցներ ունեցել ընտանիքների հետ»,- տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:
00:29 - 06 մարտի, 2022
Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ ՄԻՊ աշխատակազմի 20-ից ավել աշխատակից հեռացել է աշխատանքից․ Գրիգորյան |armenpress.am|

Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ ՄԻՊ աշխատակազմի 20-ից ավել աշխատակից հեռացել է աշխատանքից․ Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ ՄԻՊ աշխատակազմի 20 աշխատակից սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նորընտիր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։ «Պարոն Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ փետրվարի 23-ի դրությամբ 20-ից ավել աշխատակից սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից։ Գործնականում, եթե դրան գումարենք նախորդ շրջանում թափուր պաշտոնների առկայությունը, ապա ունենք իրավիճակ, երբ, օրինակ, խոշտանգումների կանխարգելման և վատ վերաբերմունքի դեմ պայքարի ստորաբաժանումում ուղղակի աշխատող չունենք»,– ընդգծեց Գրիգորյանը։ ՄԻՊ-ի խոսքով՝  կառույցը 50 տոկոսից պակաս համալրում ունի այնպիսի սուղ հաստիքներով ստորաբաժանումում, որը վերաբերում է զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության հարցերին։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ առիթ ունեցել է աշխատանքից ազատվող որոշ աշխատակիցների հետ զրուցելու, և նրանք տարբեր անձնական պատճառներ են նշել։ « Ես հարգանքով եմ մոտենում իրենց մոտեցմանը։ Պարոն Թաթոյանն ինքն իր հայտարարության մեջ հորդորել է աշխատակիցներին դուրս չգալ։ Պետք է ուրախությամբ նշեմ, որ նախորդ գրեթե բոլոր պաշտպանների հետ կապ եմ հաստատել, պարոն Թաթոյանի հետ պայմանավորվել ենք, որ կհանդիպենք և կքննարկենք հարցեր։ Ինձ համար ինստիտուտի հեղինակությունը և ինստիտուցիոնալ մոտեցումը լինելու է առաջնահերթ»,-եզրափակեց Գրիգորյանը։
15:23 - 03 մարտի, 2022
Ունենք աննախադեպ երևույթ, երբ ՄԻՊ-ը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի ավարտի վերջին օրը. Նիկոլ Փաշինյանը |tert.am|

Ունենք աննախադեպ երևույթ, երբ ՄԻՊ-ը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի ավարտի վերջին օրը. Նիկոլ Փաշինյանը |tert.am|

tert.am: Ուզում եմ ողջունել Հայաստանի նորընտիր մարդու իրավունքների պաշտպանին և հաջողություն մաղթել նրան հետագա աշխատանքի ընթացքում: Այս մասին  կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա և կօգնի նաև Հայաստանի պետական իշխանության մարմիններին բարձրացնելու երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը»,-ասաց նա: Փաշինյանը շեշտեց, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի ավարտի վերջին օրը, ինչն աննախադեպ է. «Նախկինում մենք ունեցել ենք 4 ՄԻՊ, և բոլորն էլ մանդատի ժամկետը չլրացած հրաժարական են տվել»:
12:10 - 03 մարտի, 2022