ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Ծայրահեղ ատելություն ու վիրավորանքներ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից Արման Թաթոյանի վերաբերյալ

Ծայրահեղ ատելություն ու վիրավորանքներ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից Արման Թաթոյանի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է՝ ադրբեջանական ԶԼՄ-ները ՄԻՊ-ի վերաբերյալ հրապարակում են ծայրահեղ ատելություն ու վիրավորանքներ։ «Ծայրահեղ ատելություն ու վիրավորանքներ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ` կապված ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության, Արցախ Պաշտպանի վերջին այցի հետ, իսկ պաշտոնավարման ավարտն ադրբեջանական ԶԼՄ-ներին պատճառել է մեծ ուրախություն: Այդ հրապարակումներից որոշները ներկայացնում ենք լուսանկարներով մի քանի օրինակ, որ պարզ լինի ծայրահեղական բառապաշարը՝ սկսած ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին «հոգեկան առողջության, գլխի ու այլ հիվանդությունններ» վերագրելուց, «հիստերիա» կամ «գողական», «հոգեպես խանգարված» անվանելուց մինչև սպառնալիքներ: Այս հրապարակումները նաև պարունակում են մեծածավալ խորքային հայատյացություն: Ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներից բնակիչների իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձի, ապառազմականացված անվտանգության գոտու, ինչպես նաև ադրբեջանական իշխանությունների խաղաղասիրական կոչերի անազնիվ լինելու վերաբերյալ մեր հիմնավորված վերլուծությունները դարձել են ոչ թե պարզապես քննադատության, այլ խորքային վիրավորանքների ու ատելության առարկա՝ միախառնած բազմաթիվ սպառնալիքներով: Ակնհայտ է, որ չկա պատկերացում կոնկֆլիկտային կամ հետկոնֆլիկտային իրավիճակներում Մարդու իրավունքների հաստատության կամ Օմբուդսմանի միջազգային դերի մասին կամ անտեսում են ամեն ինչ. բոլոր հրապարակումներն անխտիր քաղաքական երանգներով են` բացահայտ անհիմն: Հատուկ եմ արձանագրում, որ անկախ վիրավորանքի ու ատելության այս արշավներից՝ մշտապես եմ բարձրացրել ՀՀ քաղաքացիների, սահմանային բնակիչների, Արցախում ապրող մեր հայրենակիցների իրավունքներին առնչվող հարցերը»,-գրել է ՄԻՊ-ն ու հրապարակել այդ նյութերից լուսանկարներ։
10:05 - 23 փետրվարի, 2022
Արման Թաթոյանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

Արման Թաթոյանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից, Արման Թաթոյանը ներկայացրել է իր գործունեության 6 տարիների ընթացքում իրականացրած ծրագրերը, որոնք կապված են եղել երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների, խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ և այլն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազատությունից զրկման վայրերը (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն: Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները, խոսել է անվտանգության գոտու ստեղծման հրատապության մասին։
16:08 - 22 փետրվարի, 2022
Արման Թաթոյանը պատերազմական հանցանքների ապացույցներ է ուղարկել այլ պետությունների դատախազության ու ոստիկանության մարմիններ

Արման Թաթոյանը պատերազմական հանցանքների ապացույցներ է ուղարկել այլ պետությունների դատախազության ու ոստիկանության մարմիններ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ այսօր ավարտել են 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների վերաբերյալ նոր ապացույցների հետազոտությունը և հաղորդումները՝ ուղարկելու համար այն պետությունների Դատախազության ու Ոստիկանության մարմիններ, որոնք ունեն ընդհանուր իրավազորություն (general jurisdiction): Կուղարկվեն նաև նրանց Արտաքին գործերի նախարարությունների մարմիններին: «Աշխատանքի ծավալը պատկերացնելու համար ուղղակի ասեմ, որ միայն օբյեկտիվ ապացույցներից խոսքը խոշտանգման, սպանությունների ու դաժանությունների 245 տեսանյութի և 120 լուսանկարի մասին է, ընդհանուր՝ 365 միավոր: Հաղորդումներն ամրապնդված են փաստերով և վերաբերում են հետևյալ հիմնական հարցերի. 1) ռազմագերիների, քաղաքացիական անձանց կանխամտածված սպանություն, 2) ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգում և անմարդկային վերաբերմունք, այդ թվում` գլխատումներ, մարմնի մասերը կտրել և այլն, 3) սպանված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մարմինների անարգանք, 4) արգելված կասետային զինատեսակներով քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական բնակավայրերի ավերում, 5) ջիհադիստների և ահաբեկիչների օգտագործումն Արցախի դեմ պատերազմում, 6) քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակների կիրառում, 7) պատերազմ սանձազերծելը COVID-19 համավարակի պայմաններում՝ Արցախի ու Հայաստանի առողջապահական համակարգերը կաթվածահար անելն ու մահվան դեպքերի շեշտակի աճին նպաստելը, 8)կրոնական պատկանելիության հիմքով զինծառայող և քաղաքացիական անձ գերիների խոշտանգումների փաստեր, եկեղեցիների ոչնչացում ու պղծում, դրանց պատկանելիության վերացմանն ուղղված քաղաքականություն, 9) պատերազմի ընթացքում հայկական կողմի ռազմագերիների սոցիալական ցանցերի ապօրինի կառավարում ադրբեջանցի զինվորականների կողմից և ազգամիջյան թշնամանքի հրահրում և խրախուսում երկու ժողովուրդների միջև, 10) գերիների հայրենադարձման արհեստական ձգձում քաղաքական հաշվարկների համար (փաստացի մարդկանց առևտուր) ու դրանով հոգեկան տառապանքների պատճառում նրանց ընտանիքներին: Տեսանյութերն ադրբեջաներենից կամ ռուսերենից (որոշ տեսանյութերում ադրբեջանական զինվորականները խոսում են ռուսերեն) թարգմանվել են, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով ամրագրվել են տեսանյութերին` ենթագրերի (subtitles) տեսքով, համակարգված վերլուծվել են, և այդ ամենին կցվել են մի քանի հարյուր էջ հասնող իմ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի 2016-2022թթ. անգլերեն զեկույցները: Կցել ենք նաև ՀԿ-ների զեկույցներ: Ընդ որում, բոլոր հնարավոր դեպքերում հատուկ գրել ենք, թե մեր համոզմամբ՝ որ մարմիններն են կատարել հանցանքները, որ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Նշել ենք նաև կոնկրետ պաշտոնյաների: Ցույց ենք տվել, որ այս հանցանքները ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի շարունակվող քաղաքականության հետևանքներն են, էթնիկ զտումների արդյունք, և այս սպառնալիքն այսօր էլ վերացած չէ: Տեսանյութերն ամրագրվել են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լոգոյով՝ ի նշան տեղեկությունների հավաստիության: Սա իմ երկրորդ հաղորդումն է պատերազմից հետո: Այս անգամ մի փոքր այլ ճանապարհով ենք գնացել: Տեսնենք` ընթացքն ինչ ցույց կտա: Ամեն դեպքում, պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք, որպեսզի մեր հայրենակիցների իրավունքների խախտումների, նրանց նկատմամբ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքներ կատարած անձինք ենթարկվեն պատասխանատվության՝ ի նպատակ դրանց կանխարգելման: Բոլոր նյութերը կուղարկվեն նաև միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն): Այս աշխատանքները կատարվել են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի ու փորձագետների, մեր գործընկերների ջանքերով՝ բոլորս միասին»,- նշված է հայտարարության մեջ:
22:58 - 21 փետրվարի, 2022
Չպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությունները մոլորեցնեն միջազգային հանրությանը. ՄԻՊ

Չպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությունները մոլորեցնեն միջազգային հանրությանը. ՄԻՊ

«Թույլ չտալ, որ պատերազմից հետո Արցախում խաղաղ կյանքը վերականգնվի, ամեն ինչ անել, որ մարդիկ լինեն հուսահատության մեջ ու ապրեն վախի զգացումով. սա ադրբեջանական իշխանությունների նպատակային, համակարգված քաղաքականություն է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Թաթոյանը։ Նա նշել է, որ այդ եզրակացությունը հիմնված է փաստերի, Արցախի համայնքներում ուսումնասիրությունների, մարդկանց հետ քննարկումների ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ համատեղ վերլուծությունների վրա: «Խաղաղ բնակիչների կյանքի, արաժանապատիվ ապրելու և կենսական մյուս իրավունքների խախտումները, սպառնալիքներն ուղղված են խաղաղ բնակչության կյանքն անհնարինության վերածելուն: Ընդ որում, կրակոցներն էլ ահաբեկչական բնույթի են. օրինակ՝ ուղիղ կրակում են մարդկանց տների վրա, երբ գիշերը քնած են կամ երբ գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում և այլն: Բայց մարդիկ բոլորն էլ տրամադրված են խաղաղ ապրելուն ու զարգանալուն. հերոս են: Նույնը նաև վերաբերում է Հայաստանի սահմանային բնակիչներին: Ուղղակի մենք ինքներս՝ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, պետք է համակարգված գործենք, ճիշտ հասկանանք ադրբեջանական իշխանությունների արարքների իրական մոտիվները, շարժառիթները: Ճիշտ գնահատենք մեր կյանքի անվտանգության հարցերն ու իրավունքների երաշխիքները: Չպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությունները մոլորեցնեն միջազգային հանրությանը. պետք է հասկանալ իրական մտադրություններն ու դրանք բացահայտող փաստերը: Այսօր էլ Արցախյան շարժման 34-րդ տարվա` 1988թ. գլխավոր օրերից է, որ խորհրդանշում է իրավունքների պաշտպանության համար պայքարը»,- գրել է Արման Թաթոյանը:
14:25 - 20 փետրվարի, 2022
Հ1-ի «Լուրեր»-ով ՄԻՊ-ի գործունեությունը չլուսաբանելը Հանրային հեռարձակողի խորհրդի հետ համաձայնեցված քաղաքականություն է

Հ1-ի «Լուրեր»-ով ՄԻՊ-ի գործունեությունը չլուսաբանելը Հանրային հեռարձակողի խորհրդի հետ համաձայնեցված քաղաքականություն է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկմամբ օրենսդրության խախտմամբ տևական ժամանակ չլուսաբանելը Հանրային հեռարձակողի խորհրդի և Հ1-ի համաձայնեցված քաղաքականության հետևանք է: Այս մասին գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։ Թեմային ավելի վաղ անդրադարձել էր նաև Infocom-ը՝ նշելով, որ Հանրայինի լրատվական թողարկումներում և կայքի հրապարակումներում բացակայում են ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունները։ ՄԻՊ Արման Թաթոյանը նշում է, որ վերոնշյալ եզրահանգման համար հիմք են ծառայել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենից ու Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահից Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պարզաբանումները, դրանց բովանդակային կրկնությունները, շահարկող շեշտադրումներն ու համադրված վերլուծությունները: «Հատուկ ընդգծում ենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը ոչ միայն չլուսաբանելու, այլ նաև վարկաբեկելու նպատակային քաղաքականություն: Խոսքը, մասնավորապես, միևնույն հաղորդավարի վարած մի քանի հաղորդումների մասին է, որոնց ընթացքում նա հնչեցնում է ոչ թե հարցեր, այլ տալիս է ակնհայտ միակողմանի, մասնագիտական որևէ հիմնավորում չունեցող գնահատականներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ. ցուցադրելով ակնհայտ տպավորություն, որ ամենից շատ ինքն է Պաշտպանի մշտադիտարկման օբյեկտիվ արդյունքների ծանր ազդեցության տակ: Նախ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հարցման պատասխանում Հանրային հեռարձակողի խորհուրդը փորձել է մանիպուլացնել ժամանակահատվածը և աղավաղել է իրականությունը՝ նախկին հրապարակումները ներկայացնելով` որպես Պաշտպանի գործունեության պատշաճ լուսաբանում այն դեպքում, երբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումը և եզրահանգումները վերաբերել են կոնկրետ ժամանակաշրջանի՝ 2021թ. հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 2 ու այս պրակտիկան շարունակվում է: Երկրորդ, Մարդու իրավունքների պաշտպանի սույն հայտարարության առիթ դարձավ նաև fip.am-ի «Ընտրողական մոտեցում և շահերի բախում․ ՄԻՊ գրությանը ՀՀԽ արձագանքի հետքերով» վերտառությամբ կարևոր հրապարակումը. այստեղ ուղիղ շեշտադրված է փաստը, որ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներից մեկը՝ նախորդ գումարման ԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը, Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենի ամուսինն է: Ստացվում է՝ «վերադաս» և «ենթակա» պաշտոնյաներն ընտանիքի անդամներ են: Ընդ որում, հենց Վ.Թևոսյանն էլ մասնացել է Մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած հարցի քննարկմանն ու պատասխանի կազմմանը, որ վերաբերում է Հանրային հեռուստաընկերությանը: Այսինքն` ամուսինը մասնակցել է իր կնոջ ղեկավարած միավորի (մարմնի) կողմից ՀՀ օրենսդրությունը խախտելու, կողմնակալ լինելու, մարդու իրավունքները խախտելու մասին հարցի քննարկմանը: Ակնհայտ է, որ այստեղ գոյություն ունի շահերի բախում, և ակնհայտ առաջացնում է «Լուրեր» հաղորդման կողմնակալության հարց: Ավելին, սա իրական գործոն է, որ կասկածի տակ է դնում Հանրային հեռարձակողի խորհրդի անկողմնակալությունն առհասարակ. սա լուրջ հարց է առաջացնում, թե շահերի ակնհայտ բախման այս պայմաններում ինչպես է ապահովվում ՀՀԽ-ի լիազորությունների պատշաճ կատարումը: Ընդ որում, Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պատասխանն էլ Հանրային հեռարձակողի խորհրդի կայքում տեղադրված է ողջ խորհրդի անունից, հետևաբար նշանակում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պատասխանի կազմմանը մասնակցել և որոշումը կայացրել են խորհրդի բոլոր անդամները, այդ թվում` ԱԺ նախկին պատգամավոր Վ. Թևոսյանը։ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պատասխանից ակնհայտ է, որ նա չի տիրապետում իր ղեկավարած հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման աշխատանքային սկզբունքներին. սա այն դեպքում, երբ ինքը մասնագիտությամբ լրագրող է և ունի լրատվական բնույթի հաղորդումներում աշխատելու երկարամյա փորձ: Ըստ այդմ, հանրությանը ներկայացնում ենք հիմնական նշանակության մի քանի հարցադրում (ընդամենն օրինակներ), որոնց պատասխաններն այդպես էլ չեն տրվել: Ինչպե՞ս է ստացվել, որ պաշտոնական հաղորդագրությունների հրապարակման պահանջ ունեցող «Լուրեր»-ի թողարկումը բացահայտ միակողմանիորեն եթեր է հեռարձակել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններն ակնհայտ անհիմն հերքող պետական մյուս մարմինների հաղորդագրությունները, բայց ինքնին բուն խնդիրների վերաբերյալ Պաշտպանի հաղորդագրություններին Հ1-ը որևէ անդրադարձ չի կատարել։Ինչպե՞ս է ստացվել, որ 5 ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կամ աշխատակազմի ներկայացուցչի հետ որևէ անգամ որևէ թեմայով հարցազրույցի հրավեր «Լուրեր»-ից չի նախաձեռնվել։ Մարդու իրավունքներին վերաբերող հարցերում որևէ անգամ չի պարզվել, թե ինչ դիրքորոշում կամ գործունեության արդյունքներ ունի Մարդու իրավունքների պաշտպանը:Ինչպե՞ս է ստացվել, որ, օրինակ, նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Սյունիքի մարզում փաստահավաք աշխատանքներին, ադրբեջանական խախտումներին ոչ միայն անդրադարձ չկա որևէ թողարկման ընթացքում, այլ հակառակը՝ այդ օրերին եթեր են հեռարձակվել միակողմանի, սահմանային իրական վիճակն ու փաստերը խեղաթյուրող բազմաթիվ ռեպորտաժներ, որոնք հակադրվում են ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը, օրինականացնում են ադրբեջանական հանցավոր արարքները: Որևէ նյութում անդրադարձ չկա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ինչպե՞ս է հիմնավորվում, որ հատկապես արգելափակված է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունների լուսաբանումը:Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի և Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի` Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պատասխաններում առկա են նաև ձևակերպումներ, որոնք շատ ավելի են հարցեր առաջացնում, քան պարունակում են պատասխաններ: Օրինակ՝ մի դեպքում Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը նշում է. «Որևէ միտում չկա մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները կամ գործունեությունը չլուսաբանելու, եթե այդպիսի լուսաբանման վերաբերյալ կա հանրային պահանջ և համագործակցության ցանկություն Ձեր կողմից», իսկ մեկ այլ հատվածում ավելացնում. «Իսկ կոնկրետ Ձեր գործունեությանը և Ձեզ անդրադարձ կատարվել է մի շարք դեպքերում, երբ այդպիսի լուսաբանումը կարծել ենք պահանջարկ ունի հանրային հեռարձակողի հեռուստալսարանի համար»։ Օբյեկտիվ դիտողի մոտ ակնհայտ հարց է առաջանում, թե ինչպե՞ս կամ ի՞նչ չափանիշով են Հ1-ում գնահատում, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ո՞ր հայտարարությունը «պահանջարկ ունի հանրային հեռարձակողի հեռուստալսարանի համար» և որը չունի։ Ավելին, օրվա լուրերը կամ եթեր հեռարձակվող թեմաները որոշելու հարցում Հանրային հեռուստաընկերության համար, որը ՀՀ կառավարության հիմնադրած հանրային հեռարձակող է, «կարծել»-ը չի կարող օբյեկտիվ չափանիշ լինել: Կամ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է որոշվում հանրային պահանջը կամ համագործակցության ցանկությունը. հատուկ ընդգծում ենք, որ նախորդող գրեթե 5 տարիների ընթացքում Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ լուսաբանումն իրականացվել է բարեխղճորեն և բազմակողմանի, ուստի բացառիկ են եղել են դեպքերը, երբ Պաշտպանի աշխատակազմի համապատասխան բաժինը դիմել է այս կամ այն հարցը լուսաբանելու խնդրանքով։ Մեկ այլ դեպքում էլ և´ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը, և´ Հանրային  հեռարձակողի խորհուրդը լրատվական թողարկումները համեմատության մեջ են դնում Հանրային հեռուստաընկերության այլ ձևաչափի հաղորդումների հետ՝ փորձելով հոգեբուժարաններում, քրեակատարողական հիմնարկներում, զինծառայողների բժշկական օգնության ու բնակարանային ապահովման, կանանց ու երեխաների իրավունքների, առողջապահական ու սոցիալական և այլ ոլորտներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրների չլուսաբանումը քողարկել հեռուստատեսային այլ ֆորմատների հաղորդումներում դրանց անուղղակի անդրադարձով. այսինքն՝ կրկին Պաշտպանի հաստատության դիրքորոշումները շրջանցելով: Նախ, բոլորի համար պարզ է, որ մարդիկ երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջնային տեղեկություններ են ստանում գլխավորապես լուրերի միջոցով, այլ ոչ թե այլ ձևաչափերի հեռուստահաղորդումների։ Դրանից բացի, հատուկ ընդգծում ենք, որ այդ ոլորտների հարցերի զգալի մասում Մարդու իրավունքների պաշտպանը տվյալների բացառիկ աղբյուր է, այլընտրանք ապահովող սահմանադրական հաստատություն՝ որպես շատ հարցերում առաջնային աղբյուր և դա պայմանավորված է հաստատությանը Սահմանադրությամբ ու միջազգայնորեն վերապահված երաշխիքներով (oրինակ՝ անարգել այցեր ցանկացած հաստատություն ցանկացած ժամի)։ Հատուկ ընդգծում ենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը չունի հավակնություն ամեն օր, տարբեր թողարկումներով հայտնվել հեռուստաեթերում, այստեղ հարցն ինստիտուցիոնալ է. անտեսված են մարդու իրավունքներին վերաբերող կարևորագույն խնդիրներ, տեղի է ունենում ՀՀ օրենսդրության ոտնահարում, որ դատապարտելի գործելաոճով տևական ժամանակ անում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը։ Ստացվում է` այս եղանակով «դաս» է տրվում երկրում Մարդու իրավունքների պաշտպանության միակ ազգային սահմանադրական մարմնին առ այն, որ հաստատության նկատմամբ քաղաքական կամ Կառավարության վերաբերմունքը փոխվելու դեպքում փոխվելու է նաև Կառավարության կողմից հիմնադրված հեռուստաընկերության վերաբերմունքը՝ լուսաբանումները դադարեցնելով և օրենսդրությունը ոտնահարելու հաշվին: Հետագայում վերականգնվելու դեպքում անգամ միևնույնն է` սա թողնելու է իր անվերականգնելի հետքը: Այսքանով համարում ենք այս թեմայի հրապարակային արձագանքը սպառված. այս հայտարարությունը ևս կուղարկվի միջազգային կազմակերպություններին երկրում խոսքի ազատության վիճակն ու այլակարծության խրախուսումը գնահատելիս հաշվի առնելու, հետագայում մարդու իրավունքների և օրենսդրության նման խախտումները կանխելու համար»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
11:52 - 18 փետրվարի, 2022
Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը հայտարարություն են տարածել Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների հայտարարած հետապնդման մասին

Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը հայտարարություն են տարածել Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների հայտարարած հետապնդման մասին

Ադրբեջանական իշխանությունների հայտարարությունը` կապված Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ հայտարարված քրեական հետապնդման հետ, սեփական պատերազմական հանցանքները քողարկելուն, միջազգային հանրությանը մոլորեցնելուն և Արցախի խաղաղ բնակչությանն ահաբեկելուն ուղղված հերթական քայլն է: Այս մասին միասնական հայտարարություն են տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Ադրբեջանական իշխանությունները միշտ են վարել Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելու, մարդու իրավունքները խախտող, խաղաղության դեմ ուղղված պատերազմական հանցանքները թաքցնելու քաղաքականություն` կեղծելով փաստերը: Սրանով շարունակաբար կոպիտ կերպով խախտել են մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի միջազգային բացարձակ պահանջները: Հայաստանի և Արցախի, ինչպես նաև՝ միջազգային հանրային գործիչների, փորձագետների ու լրագրողների թիրախավորելու, նրանց, այսպես կոչված, սև ցուցակներով շանտաժի ու հետապնդման ենթարկելու գործելաոճը լավագույնն է փաստում, որ ադրբեջանական իշխանությունների խաղաղության կոչերն ու հայտարարություններն իրականում կեղծ են, շղարշ են արտաքին աշխարհի համար և ունեն իսկական մտադրությունները քողարկելու նպատակ: Իրականում, տարիներով է վարվել հայատյացության հովանավորության և թշնամանքի քարոզի քաղաքականություն էթնիկ ու կրոնական հիմնական հենասյուներով` խորքային անհանդուրժողականությամբ:  Փաստացի, վարվել է ցեղասպան քաղաքականություն, որը շարունակվում է նաև ներկայում:  Անգամ կրթական համակարգում է դրված հայատյացության և թշնամանքի քաղաքականությունը` ապահովելով նույնական վերարտադրություն հետագայում և ատելության տարածում հասարակությունում (հիմնավորվում է փաստերով): Այս քաղաքականությունն է այն աղբյուրը, որ սնուցել ու խրախուսել է Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների վայրագություններն ու խոշտանգումները, խաղաղ բնակչության էթնիկ զտումները արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում` այդ պատերազմից առաջ ու հետո տարբեր զինված հարձակումներով ու հանցավոր արարքներով: Հենց ադրբեջանական իշխանությունն է ուղիղ պատասխանատու պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցանքների, այդ թվում` Արցախի գրեթե բոլոր քաղաքացիական բնակավայրերը, ահաբեկիչների ու վարձկանների օգտագործմամբ, դիտավորյալ և նպատակային հարձակման ենթարկելու, 80 քաղաքացիական անձանց սպանելու, 165 քաղաքացիական անձանց տարբեր աստիճանի վիրավորումներ հասցնելու, հայ գերիներին խոշտանգելու և զոհված զինծառայողների մարմինները անարգելու, Արցախի մոտ 40 000 քաղաքացիական բնակչությանը հայրենի տներից ունեզրկելու և բռնի տեղահանելու, Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանները պղծելու, վանդալիզմի ենթարկելու և ոչնչացնելու համար։  Ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում COVID-19 համավարակի պայմաններում միջազգայնորեն անթույլատրելի զինված հարձակումների համար, որոնցով կաթվածահար արեցին Հայաստանի ու Արցախի առողջապահության համակարգերը և դրանով ապահովեցին մահվան թվերի շեշտակի աճ: Նույն կերպ էլ նրանք տարբեր գործիչների, իրավապաշտպանների ու լրագրողների (այդ թվում` միջազգային) նկատմամբ թշնամանքի մղումով քրեական գործեր հարուցելով փորձել են ուղղակի քողարկել իրենց կատարած ու կատարելիք վայրագությունները Արցախի խաղաղ հայ բնակչության նկատմամբ:  44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունների այս քաղաքականությունն ավելի է սաստկացել, ստացել է նոր դրսևորումներ. թույլ չեն տալիս մարդկանց վերականգնել կյանքը պատերազմից հետո, անընդհատ խաղաղ բնակչության համար փորձում են ստեղծել հուսահատության մթնոլորտ` մարդկանց անվտանգության, կյանքի ու մյուս կենսական իրավունքների դեմ ամենօրյա հանցավոր ոտնձգություններով ու այլ ահաբեկչական արարքներով: Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների վերը շարադրված գնահատականները հիմնված են հավաստի, կոնկրետ փաստերի վրա և տեղ են գտել մեր բազմաթիվ զեկույցներում: Ուստի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների հայտարարած հետապնդման նպատակը ոչ այլ ինչ է, քան Արցախում ապրող յուրաքանչյուր մարդու ահաբեկելը և խաղաղ բնակչության մոտ խուճապ առաջացնելը: Անգամ ադրբեջանական իրավապահ մարմինների բառապաշարն է բացահայտ վկայում այդ նպատակի մասին: Սա իր հերթին նշանակում է, որ այդ հետապնդումն ունի քաղաքական շարժառիթներ և հիմնված է փաստերի բացահայտ մանիպուլացիայի վրա: Մենք միջազգային հանրությանը համոզված իրազեկում ենք, որ ադրբեջանական իշխանությունները շարունակելու են փաստերի կեղծումը և մոլորեցումը նորանոր մեթոդներով, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ իրենց հանցավոր արարքները խաղաղության կոչերի ներքո թաքցնելով, քանի դեռ իրենց ցեղասպան քաղաքականության համար հասցեական արձագանքի և պատասխանատվության չեն արժանացել ու չեն պատժվել իրենց հանցավոր արարքների համար»,- նշված է Մարդու իրավունքների պաշտպանների հայտարարության մեջ: Պաշտպանները տեղեկացնում են, որ այս համատեղ հայտարարությունը կուղարկվի միջազգային կառույցներին նաև առանձին նամակներով:
10:23 - 18 փետրվարի, 2022
«Խաղաղ բնակիչների տեղահանումները թիրախային զինված հարձակումների հետևանք են»․ ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Շուշիից ու Հադրութից տեղահանվածների կացարան

«Խաղաղ բնակիչների տեղահանումները թիրախային զինված հարձակումների հետևանք են»․ ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Շուշիից ու Հադրութից տեղահանվածների կացարան

Ստեփանակերտում Արցախի գործընկերոջս` Գեղամ Ստեփանյանի հետ այցելել ենք Շուշիից ու Հադրութից ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերն ավերելու, էթնիկ զտումների արդյունքում բռնի տեղահանված խաղաղ բնակիչներին ժամանակավոր կացարան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ուսումնասիրվել է նրանց իրավունքների ապահովման վիճակը, տեղի են ունեցել առանձնազրույցններ ժամանակավոր կացարանում բնակվող մարդկանց հետ։ Բոլորն էլ նշել են, որ թե´ Շուշի, թե´ Հադրութ քաղաքներում, հարակից գյուղերում մարդկանց տները պատերազմի ընթացքում եղել են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ թիրախի ներքո, իրականացվել են նպատակային հարձակումներ խաղաղ բնակչության նկատմամբ։ Մարդիկ վկայել են, որ ադրբեջանական ուղիղ հարձակումների ներքո են եղել մանկապարտեզներն ու դպրոցները, բժշկական կենտրոնները: Բռնի տեղահանման, ադրբեջանական հարձակումների արդյունքում մարդիկ զրկվել են ոչ միայն իրենց բնակարաններից, այլ նաև տարատեսակ տեխնիկաներից՝ մարդատար մեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև մանր ու խոշոր եղջերավոու և այլ ընտանի կենդանիներից։ Տևական ժամանակ խաթարված է եղել երեխաների կրթության իրավունքը, առաջ են եկել սոցիալական լուրջ խնդիրներ ընտանիքների համար, որոնք այսօր էլ արդիական են։ Այս ամենի վրա ազդում է այն, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են զինված ուժերի կրակոցներով խոչընդոտել մարդկանց գյուղատնտեսությամբ զբաղվելը, ընտանիքի եկամուտը վաստակելը: Բնակիչները բարձրացրել են հարցեր` կապված նոր բնակարանների հերթագրման կարգի ու պայմանների հետ: Այցի արդյունքներն ակնհայտորեն վկայում են, որ խաղաղ բնակիչների տեղահանումները թիրախային զինված հարձակումների հետևանք են, ինչն էլ ուղիղ կապված է ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի պետական քաղաքականության հետ: Դա տարվում է ոչ միայն էթնիկ, այլ նաև կրոնական հիմքերով։ Մարդկանց բարձրացրած անհատական բոլոր խնդիրներն արձանագրվել են ըստ իրավասության ընթացք տալու նպատակով»,- հայտնել է Թաթոյանը։
18:48 - 17 փետրվարի, 2022
Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը բոլորիս առաջնահերթություններից է․ Արման Թաթոյան

Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը բոլորիս առաջնահերթություններից է․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ Արցախ կատարած այցի շրջանակում ՄԻՊ Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյան, Պետական նախարար Արտակ Բեգլարյանի ու Արցախի գործընկերոջ՝ Գեղամ Ստեփանյանի հետ։ Արման Թաթոյանը խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպմանը խոսել է ադրբեջանական ցեղասպան քաղաքականության վերաբերյալ հավաքագրած փաստերի և դրանք միջազգային հանրությանը հասանելի դարձնելու կարևորության մասին։ Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նախ շնորհավորել է Արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առիթով, ապա անդրադառնալով Արման Թաթոյանի գործունեությանը, ԱԺ նախագահը բարձր է գնահատել Պաշտպանի կողմից արվող վերլուծություններն ու հայտարարությունները, զեկույցներն ու հրապարակումները։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը  հանդիպել է նաև պատգամավորներին: «Պատերազմի ժամանակ միջազգային հանրության պասիվությունը, կարծես թե, արժեզրկել է մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչը սակայն չպիտի վհատեցնի մեզ մեր ջանքերում։ Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը բոլորիս առաջնահերթություններից է»,-ասել է Արման Թաթոյանը՝ մանրամասն անդրադառնալով պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացրած աշխատանքները։ Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հանդիպմանը Արման Թաթոյանը բարձր է գնահատել վերջինիս հետ պատերազմի ընթացքում աշխատանքը, այդ թվում՝ համատեղ, որոնք ուղղված են եղել արցախցիների իրավունքների պաշտպանությանը։ Խոսքը հատկապես պատերազմի ժամանակ համատեղ զեկույցների կազմման մասին է, որոնք վերաբերել են ադրբեջանական կողմից պատերազմի ժամանակ խաղաղ բնակիչների թիրախավորումներին, վարձկան ահաբեկիչների ներգրավմանը, արգելված զինատեսակների օգտագործմանը և այլն։ Արման Թաթոյանը կարևորել է, որ ինչպես օմբուդսմենի աշխատանքում, այնպես էլ Պետնախարարի, Արտակ Բեգլարյանի կողմից աշխատանքները տարվել ու տարվում են իրավապաշտպան սկզբունքներով՝ առանցքում ունենալով մարդու իրավունքների պաշտպանությունը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ տարեցտարի ամրապնդվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային երկու հաստատությունների միջև առկա համագործակցությունը, որը շարունակվում է նաև Արցախի գործող Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։ Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում իր առաքելությունն ավարտող Արման Թաթոյանի ներդրումը, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների ինստիտուցիոնալ համագործակցության դերակատարությունը արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ համագործակցության համար Արման Թաթոյանը Արտակ Բեգլարյանին է հանձնել պատվոգիր: Պետական նախարարն իր հերթին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին պարգևատրել է գերատեսչական հուշամեդալով։ Արման Թաթոյանն արդյունավետ համագործակցության և մարդու իրավունքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար պատվոգիր է հանձնել նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին։ Հիշեցնենք, որ Արման Թաթոյանն Արցախի գործընկերոջ՝ Գեղամ Ստեփանյանի հետ փաստեր են հավաքագրել 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության Թաղավարդ, Կարմիր շուկա, Աղավնո, Խրամորթ և մի շարք այլ համայնքներում մարդկանց իրավունքների վերաբերյալ։ Բոլոր փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքները խաղաղ բնակչության նկատմամբ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում բնույթով նույնն են՝ Արցախում ագրեսիվ դրսևորումներով:
14:34 - 17 փետրվարի, 2022
Թաղավարդ և Կարմիր շուկա գյուղերի ուղղությամբ կրակոցները գրեթե ամեն օր են․ ՄԻՊ

Թաղավարդ և Կարմիր շուկա գյուղերի ուղղությամբ կրակոցները գրեթե ամեն օր են․ ՄԻՊ

Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթյանը և Գեղամ Ստեփանյանը փետրվարի 14-16-ը փաստեր են հավաքագրել 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության Թաղավարդ, Կարմիր շուկա, Աղավնո, Խրամորթ համայնքներում մարդկանց իրավունքների վերաբերյալ։ Այս մասին գրառում է կատարել Արման Թաթոյանը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Թաղավարդ և Կարմիր շուկա գյուղերում կրակոցները գյուղի ուղղությամբ գրեթե ամեն օր են: Ընդամենը մի քանի օր առաջ՝ փետրվարի 11-ին ադրբեջանական զինված ուժերը կրակահերթեր են արձակվել բնակելի տների ուղղությամբ: Վնասվել են տների պատեր, տանիքներ: Կրակոցների պահին տներում եղել են երեխաներ ու կանայք: խոցել են տներից մեկի ապակին. Սենյակում այդ պահին քնած են եղել մանկահասակ երեխաներ: Ադրբեջանական զինված ծառայողներն անմիջապես այս համայնքների բնակելի տների դիմաց են՝ ընդամենը մի քանի հարյուր մետ հեռավորության վրա, և մարդիկ նրանց ամբողջական դիտարկման ներքո են: Նրանց տեղակայումները մարդկանց պատկանող հողերում է՝ արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքներ: Թաղավարդում գործող հանրակրթական դպրոցն ուղիղ ադրբեջանական զինվորական դիրքերի թիրախի տակ է: Ուսուցիչների ու երեխաների հետ առանձնազրույցներից ու քննարկումներից պարզվեց, որ կրակոցներ են արձակվում նաև դպրոցի ուղղությամբ և թիրախային են: Ավելին, բնակիչները նշեցին, որ Թաղավարդում ու Կարմիր շուկայում ադրբեջանական դիրքերից կամ մեքենաներից հատուկ լույսեր են արձակում դեպի բնակելի տները, այդ թվում՝ տների մեջ՝ մարդկանց ահաբեկելու նպատակով: Հաճախ են դա հատկապես անում երեկոյան ու գիշեր ժամանակ: Ընդ որում, Արցախում գտնվելու ժամանակ ինքներս անմիջականորեն համոզվեցինք ադրբեջանական հանցավոր արարքների մեջ: Մասնավորապես, փետրվարի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակոցներ են արձակել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մարդկանց վրա, որի հետևանքով խոցվել է տրակտորի ակը: Այսօր՝ փետրվարի 16-ին առավոտյան ժամը 10:00-ից 11:00-ն ընկած հատվածում Խրամորթի բնակիչները գյուղի տարածքում գտնվող խաղողի այգում էտման աշխատանքներ են արել, որի ընթացքում ադրբեջանական զինված ծառայողները մոտեցել են և հարկադրել, որ մարդիկ հեռանան խաղողի այգուց: Ընդ որում, աշխատանքներ կատարողների մեծագույն մասը կանայք են եղել: Բոլոր համայնքներում բնակիչները նշեցին, որ երբ գյուղատնտեսական աշխատանքների համար փորձում են մոտենալ իրենց այն հողատարածքներին, որոնք անգամ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, ադրբեջանական զինված ուժերն արձակում են կրակոցներ, որոնք թիրախային են: Այս արարքներով մարդկանց համար առաջ են գալիս լրջագույն սոցիալական խնդիրներ: Հնարավորություն չի տրվում վաստակել ընտանիքի եկամուտը. Ակնհայտ է, որ սեզոնային ժամանակով պայմանավորված՝ աշխատանքներ չանելը հանգեցնելու է մարդկանց համար լուրջ խնդիրների: Աղավնո համայնքում մարդիկ կանգնած են խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիրների առաջ. գրեթե բոլոր բնակիչները պատմեցին, թե ինչպես ես տեսել, որ ադրբեջանական զինված ծառայողները խոշոր եղջերավոր կենդանիներ մորթելուց հետո ոչ պետքական օրգանները գցում են այն ջրի մեջ, որից օգտվում են գյուղի բնակիչները:Սրա պատճառով գյուղում եղել են ջրից զանգվածային թունավորման դեպքեր, այդ թվում՝ թունավորվել են կանայք, երեխաներ ու տարեցներ: Ընդ որում, ադրբեջանական ներխուժումների պատճառով ջրից զրկվել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր, իրական վտանգի տակ է Սյունիքի մի շարք համայնքներում ջրի անվտանգության հարցը: Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները վարում են խաղաղ բնակիչներին ահաբեկելու, հուսահատության մթնոլորտ առաջացնելու հանցավոր քաղաքականություն, որն ունի համակարգված և նպատակային բնույթ: Բոլոր այն վայրերում, որտեղ տեղակայված են ադրբեջանական զինված ծառայողներ, խաթարված է մարդկանց անվտանգությունը, իրական վտանգի ներքո է կյանքը: Հայաստանի և Արցախի գյուղերի անմիջապես հարևանությամբ հայտնված ադրբեջանական զինծառայողներն ամեն ինչ անում են, որ անհնարինության վերածեն խաղաղ բնակչության կյանքը և այն չվերականգնվի պատերազմից հետո. կրակում են գյուղերի՝ ուղղությամբ, խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչների աշխատանքը, ընտանի կենդանիներ են գողանում և այլն։ Բոլոր փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքները խաղաղ բնակչության նկատմամբ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում բնույթով նույնն են՝ Արցախում ագրեսիվ դրսևորումներով: Մեզ համար ակնհայտ է, որ այս ամենի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի քարոզի շարունակվող քաղաքականությունն է, որ միասնական թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի նկատմամբ: Քանի դեռ ադրբեջանական իշխանությունները վարում են այս քաղաքականությունը (իսկ նրանց համար սա քաղաքական կյանքի աղբյուր է), չեն դադարելու նաև նրանց զինված ծառայողների ահաբեկչաան բնույթի հանցավոր արարքները, ուստի խաղաղ բնակչությանը պաշտպանելու ելքն այն է, որ հայկական գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին նրանք չպետք է լինեն, որպեսզի խաղաղ բնակիչներն իրականացնեն իրենց իրավունքները»։
09:45 - 17 փետրվարի, 2022
Արցախի խորհրդարանում հյուրընկալել են Արման Թաթոյանին

Արցախի խորհրդարանում հյուրընկալել են Արման Թաթոյանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 15-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ից, հանդիպմանը ներկա էին  Արցախի մարդու իրավունքների  պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Արպատ Ավանեսյանը։ Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նախ շնորհավորել է Արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առիթով։ Անդրադառնալով Արման Թաթոյանի իրավապաշտպան, անաչառ գործունեությանը՝  ԱԺ նախագահը բարձր է գնահատել պաշտպանի կողմից արվող վերլուծություններն ու հայտարարությունները, զեկույցներն  ու հրապարակումները։ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել Արման Թաթոյանին առանձնապես փաստահավաք գործունեության և միջազգային հարթակներում Արցախն ու Արցախի խնդիրները հավուր պատշաճի ներկայացնելու համար։ Արթուր Թովմասյանը ԱՀ և ՀՀ համանուն կառույցների փոխգործակցությունը լավագույնն է որակել այդ համատեքստում։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել  նաև պատերազմական և հետպատերազմյան իրողություններին, անվտանգության խնդիրներին  ու սպառնալիքներին, Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականության նոր դրսևորումներին։ Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել  ջերմ ընդունելության և գնահատանքի համար։ Կարևորելով նման հանդիպումներն ու քննարկումները՝ ՀՀ  իրավապաշտպանն ընդգծել է հատկապես ՀՀ և ԱՀ նույն կառույցների համագործակցությունն ու համատեղ գործունեությունը։ Արման Թաթոյանը համոզմունք է հայտնել, որ, անկախ ունեցած կարգավիճակից, իր հետագա գործունեությունը ևս ուղղված կլինի իրավապաշտպանությանը։ Այնուհետև Արման Թաթոյանը հանդիպել է պատգամավորական կազմի հետ: Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը բարձր է գնահատել Հայաստանի ՄԻՊ գործունեությունը՝ ընդգծելով հանրային  վստահությունը Արման Թաթոյանի նկատմամբ: Իր խոսքում Թաթոյանն անդրադարձել է փաստահավաք առաքելությանը՝ պատերազմական հանցագործությունները փաստագրելու գործում կարևորելով Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ խորհրդարանականների աջակցությունը: Այնուհետև ներկայացրել է ՄԻՊ գրասենյակի գործունեությունը, ջանքերը՝ միջազգային ատյաններում Արցախի իրավունքների պաշտպանության հարցում: «Պատերազմի ժամանակ միջազգային հանրության  պասիվությունը, կարծես թե, արժեզրկել է մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչը, սակայն, չպիտի վհատեցնի մեզ մեր ջանքերում»,-ասել է Հայաստանի ՄԻՊ-ը: Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Արման Թաթոյանն անդրադարձել է նաև Հայաստանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի սանձարձակ պահվածքին ու  անհրաժեշտ պատասխան գործողություններին:
17:52 - 16 փետրվարի, 2022
Արման Թաթոյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին

Արման Թաթոյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Այս մասին հայտնում է ՄԻՊ-ի գրասենյակը։ «Արման Թաթոյանը ներկայացրել է իր գործունեության 6 տարիների ընթացքում իրականացրած այն ծրագրերը, որոնք կապված են եղել երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների, խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ և այլն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազատությունից զրկման վայրերը (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն: Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում նշել է, որ ներկայում գլխավոր հարցերից է անվտանգության ու մարդու իրավունքների կապի ապահովումը և ներկայացրել է իր դիրքորոշումն անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
12:20 - 15 փետրվարի, 2022
Ադրբեջանական իշխանությունների ատելության քաղաքականությունն ունի 2 հիմնական հենասյուն՝ էթնիկ ու կրոնական․ ՄԻՊ

Ադրբեջանական իշխանությունների ատելության քաղաքականությունն ունի 2 հիմնական հենասյուն՝ էթնիկ ու կրոնական․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ։ ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբ՝ օմբուդսմենը հանդիպմանն անդրադարձել է պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունների շարունակվող ատելության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությանը, որն, ըստ Արման Թաթոյանի, ունի 2 հենասյուն՝ էթնիկ ու կրոնական: Նա նշել է, որ այդ քաղաքականությունը ոչ միայն ու ոչ այնքան հռետորաբանություն է, որքան տարիներով կենսագործվող իրական քաղաքականություն (կրթություն, մշակույթ, սպորտ և այլն): Ուստի, ճիշտ չէ խոսել միայն հռետորաբանությունից: Հենց այս քաղաքականությունն է պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում ու դրանից հետո Հայաստանում ու Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ պատերազմական հանցանքների ու տարբեր դաժանությունների իրական աղբյուրը: «Ատելությունն ու թշնամանքի քարոզը ադրբեջանական իշխանությունների համար քաղաքական կյանքի աղբյուր է, ներքին խնդիրներից սեփական ժողովրդին շեղելու միջոց. այն չի նվազել ու չի նվազելու: Կրոնական հիմքով ատելությունը ձեռք է բերում նոր խիստ վտանգավոր զարգացումներ` հայ ժողովրդին բացարձակ անհիմն մեղադրելով իսլամաֆոբիայի մեջ: Սա էլ իր հետ բերում է եկեղեցիներ ոչնչացնելու, դրանց հայկական պատկանելիությունը ջնջելու, հայ գերիների նկատմամբ խոշտանգումների նոր դրսևորումներ»,- մանրամասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Նա նշել է, որ վերջերս հրապարակած զեկույցում պատմական փաստերով ցույց է տրված Հայ եկեղեցու, մեր ժողովրդի իրական հարգանքը իսլամի նկատմամբ: Արման Թաթոյանը հավելել է, որ ադրբեջանական ատելության քաղաքականությունը թշնամանքի մեջ է պահում երկու ժողովուրդներին ողջ աշխարհում, և այն վտանգավոր է նաև այլ երկրների համար, որտեղ ապրում են հայեր ու ադրբեջանցիներ: «Խաղաղարարության ադրբեջանական կոչերը չունեն ազնիվ մղումներ, կեղծ են և շղարշ են արտաքին աշխարհի համար: Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, թշնամանքն ընդունելի չէ, բայց մի կողմի իրավունքների հաշվին իրական խաղաղություն չի լինում, խաղաղություն չի նշանակում ատելություն: Ուստի, չպետք է մոռանանք այս ամենի մասին. մեզ պետք են մեր իրավունքների պաշտպանության իրական երաշխիքներ»,- հավելել է Հայաստանի Օմբուդսմենը: Նա շնորհակալություն է հայտնել ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետին պատերազմի ընթացքում և հետո մասնագիտական անփոխարինելի աջակցության համար ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքներին։
15:36 - 14 փետրվարի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը Չեխիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ներկայում գլխավոր հարցերից է անվտանգության ու մարդու իրավունքների կապի ապահովումը

ՀՀ ՄԻՊ-ը Չեխիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ներկայում գլխավոր հարցերից է անվտանգության ու մարդու իրավունքների կապի ապահովումը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիի հետ։ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Արման Թաթոյանը ներկայացրել է ծրագրերը, որոնք կապված են եղել երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների, խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ և այլն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազատությունից զրկման վայրերը (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն: Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում նշել է, որ ներկայում գլխավոր հարցերից է անվտանգության ու մարդու իրավունքների կապի ապահովումը: Նա ընդգծել է, որ ադրբեջանական զինված ծառայողներն ամեն օր ոտնահարում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները (կյանքի իրավունք, ջրի ու սեփականության իրավունքներ և այլն)՝ կոպտորեն խախտելով հենց ՄԱԿ-ի պահանջները, ուստի նրանք պետք է հեռանան, որ մարդկանց բնականոն կյանքը երաշխավորվի. պետք է ստեղծվի անվտանգության գոտի: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Արման Թաթոյանին պաշտոնավորման ողջ ընթացքում կատարած աշխատանքի և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարևոր առաքելության համար:
13:21 - 14 փետրվարի, 2022
Ադրբեջանական զինված ծառայողները ամեն օր ոտնահարում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները. ՄԻՊ

Ադրբեջանական զինված ծառայողները ամեն օր ոտնահարում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյայի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։    Արման Թաթոյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մշտական համակարգողի ու նրա գրասենյակի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործակալությունների հետ համագործակցության մակարդակը, մասնավորապես՝ UNDP-ի, UNICEF-ի, UNFPA-ի, UNHCR-ի և մյուս կառույցների հետ, ինչպես նաև համատեղ ծրագրերի արդյունավետությունը:   Մասնավորապես, նա ներկայացրել է, որ 6 տարիների ընթացքում իրականացվել են ծրագրեր, որոնք կապված են եղել խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի, երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների հետ և այլն։   Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Արման Թաթոյանը ներկայացրել է ազատությունից զրկման վայրերում (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն:   Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում նշել է, որ ադրբեջանական զինված ծառայողները ամեն օր ոտնահարում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները (կյանքի իրավունք, ջրի ու սեփականության իրավունքներ և այլն)՝ կոպտորեն խախտելով հենց ՄԱԿ-ի պահանջները, ուստի նրանք պետք է հեռանան, որ մարդկանց բնականոն կյանքը երաշխավորվի: Ընդ որում, հենց ՄԱԿ-ի պահանջներն են, որ առաջնային են երաշխավորում մարդու իրավունքները սահմանային խնդիրների ժամանակ:   Փիթրս Յահյային շնորհակալություն է հայտնել Արման Թաթոյանին պաշտոնավորման ողջ ընթացքում կատարած աշխատանքի և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարևոր առաքելության համար:
17:44 - 12 փետրվարի, 2022