Չպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությունները մոլորեցնեն միջազգային հանրությանը. ՄԻՊ
14:25 - 20 փետրվարի, 2022

Չպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությունները մոլորեցնեն միջազգային հանրությանը. ՄԻՊ

«Թույլ չտալ, որ պատերազմից հետո Արցախում խաղաղ կյանքը վերականգնվի, ամեն ինչ անել, որ մարդիկ լինեն հուսահատության մեջ ու ապրեն վախի զգացումով. սա ադրբեջանական իշխանությունների նպատակային, համակարգված քաղաքականություն է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Թաթոյանը։

Նա նշել է, որ այդ եզրակացությունը հիմնված է փաստերի, Արցախի համայնքներում ուսումնասիրությունների, մարդկանց հետ քննարկումների ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ համատեղ վերլուծությունների վրա:

«Խաղաղ բնակիչների կյանքի, արաժանապատիվ ապրելու և կենսական մյուս իրավունքների խախտումները, սպառնալիքներն ուղղված են խաղաղ բնակչության կյանքն անհնարինության վերածելուն:

Ընդ որում, կրակոցներն էլ ահաբեկչական բնույթի են. օրինակ՝ ուղիղ կրակում են մարդկանց տների վրա, երբ գիշերը քնած են կամ երբ գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում և այլն:

Բայց մարդիկ բոլորն էլ տրամադրված են խաղաղ ապրելուն ու զարգանալուն. հերոս են: Նույնը նաև վերաբերում է Հայաստանի սահմանային բնակիչներին:

Ուղղակի մենք ինքներս՝ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, պետք է համակարգված գործենք, ճիշտ հասկանանք ադրբեջանական իշխանությունների արարքների իրական մոտիվները, շարժառիթները:

Ճիշտ գնահատենք մեր կյանքի անվտանգության հարցերն ու իրավունքների երաշխիքները:

Չպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությունները մոլորեցնեն միջազգային հանրությանը. պետք է հասկանալ իրական մտադրություններն ու դրանք բացահայտող փաստերը:

Այսօր էլ Արցախյան շարժման 34-րդ տարվա` 1988թ. գլխավոր օրերից է, որ խորհրդանշում է իրավունքների պաշտպանության համար պայքարը»,- գրել է Արման Թաթոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել