Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք

Մարտի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում իրականացվել է 83 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք: Մահվան դեպք չի գրանցվել: Ստացիոնար բուժում է ստանում 41 բուժառու:     Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9809 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3023 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 38 դեպք է արձանագրվել:   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:   «Տեղեկացնում ենք՝ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը:   Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-16։00-ը, շաբաթ օրը՝ ժամը 10:00-14:00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:  
14:14 - 06 մարտի, 2022
Առավոտյան ադրբեջանական կողմը Խրամորթում ինտենսիվ կրակոցներ է արձակել հայկական կողմի ուղղությամբ

Առավոտյան ադրբեջանական կողմը Խրամորթում ինտենսիվ կրակոցներ է արձակել հայկական կողմի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը շարունակում է պահպանել լարված մթնոլորտ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության դատախազությունը։    Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար սադրիչ ու լարվածություն առաջացնող գործողություններ են իրականացնում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում։   Հնարավոր միջոցներով փորձ է արվում խաթարել գյուղի բնականոն կյանքը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, գյուղական առօրյայի կազմակերպմանը։   Ռազմական ուժի կիրառման սպառնալիքին հոգեբանական ճնշման տեղեկատվական գրոհն ու բարձրախոսներով տարբեր բնույթի հայտարարությունների տարածման տարբերակն հավելելուց հետո այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին դիմել է սադրանքի՝ հայկական կողմի ուղղությամբ արձակելով ինտենսիվ կրակոցներ։ Ռուս խաղաղապահ ուժերի օպերատիվ արձագանքի շնորհիվ իրավիճակը հանդարտվել է։ Դատախազությունը հրապարաել է նաև տեսանյութեր, որոնք ներկայացնում ենք ստորև.
12:59 - 06 մարտի, 2022
Պատերազմից հետո Խրամորթ գյուղից արտագաղթ չի եղել, բոլորը վերադարձել են․ ՄԻՊ

Պատերազմից հետո Խրամորթ գյուղից արտագաղթ չի եղել, բոլորը վերադարձել են․ ՄԻՊ

Արցախ աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հանդիպումները շարունակել է Գլխավոր դատախազությունում։ «Հանդիպել եմ Արցախի Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին, ով մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմից սահմանամերձ բնակավայրերի բնականոն կյանքը խաթարելու, բնակիչների նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու ու խուճապ ստեղծելու միտված գործողությունների վերաբերյալ։ Այնուհետև այցելել եմ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ և տեղում ծանոթացել առկա խնդիրներին և տեղեկացել ոչ միայն անհանգստացնող, այլև ուրախալի լուրերին. պատերազմից հետո գյուղից արտագաղթ չի եղել, բոլորը վերադարձել ու հաստատվել են հայրենի Խրամորթում: Օրվա ավարտին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ ուղևորվել ենք տեղահանվածների ժամանակավոր բնակության վայրերից մեկը, ծանոթացել բնակիչների պայմաններին ու խնդիրներին,  ջերմ զրույցներ ունեցել ընտանիքների հետ»,- տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:
00:29 - 06 մարտի, 2022
Արցախի ԱԳ նախարար Բաբայանը Ֆրենք Փալոունի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հարցեր

Արցախի ԱԳ նախարար Բաբայանը Ֆրենք Փալոունի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հարցեր

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մարտի 4-ին հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը։  Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Արցախում տիրող իրավիճակին, պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին, աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին առնչվող հարցեր։ «Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ու ծավալապաշտական քաղաքականությունը, ինչպես նաև սերտ կապերը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ լուրջ սպառնալիք են տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համար, և եթե ժամանակին չձեռնարկվեն համապատասխան միջոցներ, հետևանքներն անդառնալի կլինեն։ Արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել կոնգրեսական Փալոունին Արցախին մշտապես աջակցելու, Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա ժխտման դեմ պայքարելու, համահայկական տարբեր հարցերի լուծմանը սատարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ-ում և Կանադայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք։
21:44 - 04 մարտի, 2022
Պետդեպարտամենտը չի կատարել Ադրբեջանին աջակցության վերանայման համար հաշվետվողականության պահանջները. սենատոր Մենենդեզ

 |armenpress.am|

Պետդեպարտամենտը չի կատարել Ադրբեջանին աջակցության վերանայման համար հաշվետվողականության պահանջները. սենատոր Մենենդեզ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) մարտի 2-ին հրապարակել է Կառավարության հաշվետվողականության գրասենյակի (GAO) զեկույցը, որով պարզվել է, որ, ըստ Մենենդեզի՝ «Պետդեպարտամենտը ձախողել է Ադրբեջանի կառավարությանը ԱՄՆ-ի աջակցության վերանայման համար հաշվետվողականության պահանջների կատարումը»։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): «Ավելին, ըստ նախագահ Մենենդեզի, GAO-ի զեկույցը «բացահայտեց, որ մի քանի տարիների ընթացքում Պետքարտուղարությունը և Պաշտպանության նախարարությունը չբավարարեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա ԱՄՆ-ի աջակցության ազդեցության մասին Կոնգրեսին ներկայացվող հաշվետվության օրենքով սահմանված պահանջներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Մենք ողջունում ենք հանձնաժողովի նախագահ Մենենդեզին իր առաջնորդության համար: Հաշվի առնելով 2020թ.-ի աշնանը Ադրբեջանի կողմից առանց դրդապատճառ սանձազերծած պատերազմը և Ադրբեջանի կողմից իրականացվող հրադադարի շարունակական խախտումները, ինչպես նաև Պետդեպարտամենտի կողմից Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի հաշվետվողականության պահանջների չկատարելը՝ մենք կոչ ենք անում Կոնգրեսին ամբողջությամբ կիրառել 907 բանաձևը»,- հայտարարել է Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: «Համաձայն սենատոր Մենենդեզի մամուլի հաղորդագրության, GAO-ի զեկույցի հիմնական բացահայտումները հետևյալն են. Պետդեպարտամենտի՝ 2014-2021թթ.-ի ֆինանսական տարիների Կոնգրեսին ներկայացված հաշվետվությունը չի անդրադարձել պահանջվող տարրերին, այդ թվում՝ առաջարկվող օգնության ազդեցությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա: Պետդեպարտամենտի հիմնավորման հուշագրերը պարունակում էին սահմանափակ կամ ընդհանրապես չէին պարունակում մանրամասներ՝ կապված օգնության չափի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության կարգավիճակի, ռազմական հավասարակշռության վրա ԱՄՆ աջակցության ազդեցության կամ խաղաղության բանակցությունների վրա աջակցության ազդեցության հետ: Պետդեպարտամենտի 2021թ.-ի ուղեցույցում չէին տրամադրվել մանրամասն հրահանգներ գործակալություններին՝ Կոնգրեսին հաշվետվություն ներկայացնելու պահանջների վերաբերյալ: Պետդեպարտամենտը և Պաշտպանության նախարարությունը չեն փաստագրել 2014-2020թթ.-ի ֆինանսական տարիների կասեցման պահանջների իրենց դիտարկումը, ներառյալ այն, թե ինչպես են նրանք որոշել, որ օգնությունը չէր օգտագործվելու Հայաստանի դեմ հարձակվողական նպատակներով: «Համագումարն ակնկալում է աշխատել նախագահ Մենենդեզի հետ՝ օրենքի այս սկզբունքային դրույթն առավել ամրապնդելու համար»,– հավելել է Խալոյանը:  Ամբողջական զեկույցն՝ այստեղ։  
20:10 - 03 մարտի, 2022
Համոզված ենք՝ Ձեր գործունեության մեջ հատուկ տեղ են զբաղեցնելու Արցախի զորացմանն առնչվող հարցերը. Ա. Հարությունյանը շնորհավորել է Վ. Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Համոզված ենք՝ Ձեր գործունեության մեջ հատուկ տեղ են զբաղեցնելու Արցախի զորացմանն առնչվող հարցերը. Ա. Հարությունյանը շնորհավորել է Վ. Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Մեծարգո՛ պարոն Խաչատուրյան, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Թող Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու ունակությունները մեծապես նպաստեն այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր պարտականությունների հաջող և արդյունավետ իրականացմանը՝ շարունակաբար ամրապնդելով ու զորացնելով հայոց պետականությունը և հայ ժողովրդին տանելով դեպի հուսալի ու պայծառ ապագա: Համոզված ենք, որ Ձեր գործունեության մեջ հատուկ տեղ են զբաղեցնելու, ի թիվս այլ հարցերի, նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, Արցախի Հանրապետության զորացմանը և արցախցիների իրավունքների ու շահերի պաշտպանությանն առնչվող հարցերը: Կրկին շնորհավորում եմ Ձեզ, մեծարգո՛ պարոն Նախագահ, և մաղթում քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք»,- ասված է Հարությունյանի շնորհավորական ուղերձում:
15:42 - 03 մարտի, 2022
Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ մտավորականների ուղերձի առիթով

Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ մտավորականների ուղերձի առիթով

Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է այսօր մամուլում հրապարակված դիմումին՝ ուղղված միջազգային հանրությանը, Մինսկի խմբի համանախագահներին։  «Այսօր, մարտի 2-ին, մամուլում հրապարակվել է Հայաստանի ութսուն մտավորականների (ակադեմիկոսներ, ԳԱԱ թղթակից անդամներ, գիտությունների դոկտորներ, թեկնածուներ եւ այլն) դիմումը՝ ուղղված միջազգային հանրությանը, Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ ՀՀ գործադիր եւ օրենսդիր իշխանություններին, կոչ անելով «անհապաղ» քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը վերսկսելու եւ Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու, հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնելու համար։ Ներողություն խնդրելով անհամեստությանս համար, մեծարգո մտավորականներին կհորդորեի ընթերցել Ավետիք Իսահակյանի հուշերի հետեւյալ հատվածը. «Շատ տարիներ Կովկասից բացակայելուց հետո, երբ վերստին դարձա հայրենիք, իմ հին բարեկամ Լեոյին տեսա Երևանում: Վաղաժամ ծերացած գտա նրան և առողջությունը խաթարված, սակայն հոգեպես Ղարաբաղի լեռների նույն կաղնին էր:  Մինչև ուշ գիշեր, նստած գրասեղանի առաջ, զրույց էինք անում: Նրա զարհուրելի հիշողությունը, որ բնավ թառամած չէր, ողողում էր կարծես ինձ: Պատմում էր մանկությունից, Շուշուց, Ղարաբաղի հնից ու նորից, մելիքների, կաթողիկոսների, խաների կյանքից, պատերազմներից, գրողներից, հեղինակներից, գրքերից ու գրքերից, և հազար դեպքեր, դեմքեր, անցքեր, անձեր, անեկդոտներ։… Մեծ պատերազմում հայ ժողովրդի կրած սարսափն ու աղետը դառնությամբ լցրել էին նրա հոգին: Այդ անհնարին վշտի ծանրությունից փշրվել էր նա: «Հայության վիշտը ես միայն գերեզմանի մեջ կմոռանամ: Բայց ո՞վ է մեղավորը,-ասում էր նա ինձ,- մենք ենք մեղավորը, մենք՝ մտավորականներս, գործիչներս, դու, ես և բոլոր նրանք»: Մեր ժողովուրդը մեղավոր չէ: Այլ մենք, որ այնպես հիմար եղանք, տգետ, որ հավատացինք շահամոլ, դրամատիրական-բուրժուական Եվրոպային, որի համար գաղութների ոչխարների կյանքը ավելի արժեք ունի, քան հայերը, քան փոքր ճնշված ազգերը: Մենք, որ երեխաների պես հավատացինք լուսավոր մարդկության խղճմտանքին, մարդկայնությանը, վաճառվող միջազգային մամուլին, բորենի, շնական դիպլոմատներին… Մենք, պոռոտախոսներս, մեծ խոսողներս, մենք, որ ստեղծեցինք և սնուցինք կուսակցություններ, որոնց մեջ մարմնացավ հայ մտավորականների պոռոտախոսությունը, պարծենկոտությունը և եղեռնական տգիտությունը» (Ավետիք Իսահակյան, «Իմ հուշերից» 1933թ.)։ Իմ խորին համոզմամբ, եթե խնդրո առարկա ուղերձը ստորագրած մտավորականները, հետեւելով Լեոյի իմաստությանը, ժամանակին քաջություն ունենային Հայաստանի իշխանություններին հրապարակայնորեն դիմել Ղարաբաղի հարցը փոխզիջումների հիման վրա լուծելու պահանջով, մեր ժողովուրդն այսօր, հաստատաբար, այսպիսի ողբալի վիճակում հայտնված չէր լինի»։
22:15 - 02 մարտի, 2022
Մեկնարկել է 2020թ պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացի առաջին փուլը

Մեկնարկել է 2020թ պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացի առաջին փուլը

Այսօրվանից մեկնարկում է 2020թ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացի առաջին փուլը, որն իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության աջակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։   Սահմանված գումարը (20-ից 40 հազար դրամ) քաղաքացիներին կտրամադրվի հունվար և փետրվար ամիսների համար։ ՀԿԽԸ կողմից աջակցություն ստացող բոլոր քաղաքացիները կծանուցվեն SMS հաղորդագրության միջոցով:   ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության կողմից աջակցության փոխանցման գործընթացը կմեկնարկի առաջիկա օրերին և կամբողջացվի մեկ շաբաթվա ընթացքում։   Հիշեցնենք, որ աջակցության ծրագրի շահառուները «Պատերազմի հետևանքով ԱՀ-ից տեղահանված կամ ԱՀ-ում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշմամբ աջակցություն ստացած քաղաքացիներն են, որոնք հունվար և փետրվար ամիսների համար աջակցություն կստանան հետևյալ չափերով՝   • անչափահասները և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ ամսական 40,000 դրամ,   • մյուս բոլոր քաղաքացիներն՝ անկախ տարիքից և սեռից, ամսական 20,000 դրամ։    
18:59 - 02 մարտի, 2022
Երևանում քննարկել են Ադրբեջանում հայատյացության ու Արցախում էթնիկ զտման վտանգի իրավիճակը

Երևանում քննարկել են Ադրբեջանում հայատյացության ու Արցախում էթնիկ զտման վտանգի իրավիճակը

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը միավորում  է քաղաքացիական հասարակության ավելի քան 60 կազմակերպություն, և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը  մարտի 2-ին Երևանում կազմակերպեցին  «Հայատյացությունն Ադրբեջանում և էթնիկ զտման վտանգը Արցախում» խորագրով հանրային քննարկումը։  Քննարկմանը մասնակցեցին Հայաստանի կառավարության, Անվտանգության խորհրդի գրասենյակի, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկման նպատակն էր Հայաստանի պետական մարմիններին, միջազգային կառույցներին, հասարակական կազմակերպություններին ներկայացնել հայատյացության և ռասիզմի դրսևորումները Ադրբեջանում, Արցախում ստեղծված իրավիճակը, որը ակնհայտ պարունակում է էթնիկ զտումների վտանգ, և պահանջել բոլոր կառույցներից իրենց մասնակցությունն ունենալ այս իրավիճակները կանխելու և դրանց դեմ տարբեր միջազգային ատյաններում պայքարելու գործում: «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, ողջունելով ներկաներին ու բացելով քննարկումը, նշեց, որ քաղաքացիական հասարակությունը ունի հստակ առաքելություն՝ մշտադիտարկել տարբեր խնդիրներ, բարձրաձայնել դրանք, համագործակցել պետական և միջազգային կառույցների հետ՝ օգնելու գտնել այդ խնդիրների լուծումները։ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները փորձում են օգտագործել իրենց գործիքակազմը, գիտելիքը և փորձը՝ բոլոր հնարավոր կառույցներում Հայաստանի և Արցախի բնակչության ոտնահարված իրավունքների մասին բարձրաձայնելու և այդ իրավունքների վերականգմանն աջակցելու համար։ Մեր այս միջոցառումը այս  խնդիրների բարձրաձայնման շարքից է»,- նշեց Դավիթ Ամիրյանը։ ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր խոսքում շեշտեց, որ քննարկման թեման առանցքային է համայն հայության համար։ «Հայատյացությունն Ադրբեջանում  առնվազն վերջին տասնամյակում ունեցել է պրոգրեսիվ աճ, և մենք, ցավոք սրտի, դրան և դրա կործանարար հետևանքներին ականատես ենք եղել։ Նմանատիպ ատելության քարոզի արդյունքները պատերազմական հանցագործություններն են, մարդկության դեմ հանցագործությունները և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները»,- ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը։  Նրա խոսքով, Ադրբեջանի այդ քաղաքականության հիմնական նպատակը երկրում հայատյացության մթնոլորտը պահելն է և այս տարածաշրջանում էթնիկ հայերի պատմական ներկայությունը ժխտելը։ Կիրակոսյանը հավելեց, որ Բաքվի այդ հայատյաց քաղաքականությանն ընդդիմանալու նպատակով էլ Հայաստանը նախաձեռնել է միջազգային իրավական գործընթացներ, և նմանատիպ քննարկումներ ի օգուտ են գալիս պետության կողմից ձեռնարկվող քայլերին։  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն իր ելույթում կարևորեց իրավապաշտպան համայնքի ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ուժերի ու ջանքերի համատեղումը մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Պաշտպանի խոսքով, Ադրբեջանի կողմից տարվող հայատյացության քաղաքականությունը համակարգային բնույթ ունի, որը դրսևորվել է թե՛ խորհրդային տարիներին, թե՛ Ադրբեջանի անկախացումից հետո։ Քրիստինե Գրիգորյանի խոսքով, 2020թ․-ի 44-օրյա պատերազմն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ թշնամանքի ու ատելության քարոզով, իսկ պատերազմից հետո այդ քարոզը ստացել է ծայրահեղ դրսևորումներ։ «Շարունակվող ատելության, հայատյացության քարոզը, պետական քաղաքականությունը փակ շղթա է, որը  գեներացվում է Ադրբեջանի բարձրագույն պետական մարմինների կողմից, այնուհետև լայն խրախուսվում է  մշակութային և հանրային գործիչների կողմից, արժանանում հանրային գովասանքի՝ շատ հաճախ թիրախավորելով անգամ երեխաներին»,- նշեց նա։ ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը հանդես եկավ ամփոփիչ խոսքով՝ նշելով, որ Ադրբեջանը օգտագործում է կոռուպցիան որպես ռազմավարություն միջազգային հարաբերություններում բարենպաստ դիրք ունենալու համար։ Կան մի շարք բացահայտված դեպքեր, երբ ադրբեջանական կաշառքի, այսպես կոչված «խավիարային դիվանագիտության» արդյունքում ԵԽԽՎ-ում կայացվել են մի շարք ադրբեջանամետ որոշումներ։ Ցավոք, սակայն, այս բացահայտումների շրջանակում, չի նշվում, որ կաշառված պատգամավորները աչք են փակել հնարավոր արցախյան պատերազմի վրա։ Այս ամենի համատեքստում, միջազգային գործընկերները կաշկանդված են եղել կոշտ դիրքորոշումներ հայտնելու։ Ըստ Այվազյանի՝ այն երկրները և կառույցները, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության ջատագով են, պետք է  վերջ տան երկակի ստանդարտներին և կեղծ հավասարության նշան դնելուց Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 
17:58 - 02 մարտի, 2022
Կոչ ենք անում միջազգային հանրությանը և ՄԽ համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախի բռնազավթված տարածքները դեօկուպացնելու համար․ մտավորականների հայտարարությունը

Կոչ ենք անում միջազգային հանրությանը և ՄԽ համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախի բռնազավթված տարածքները դեօկուպացնելու համար․ մտավորականների հայտարարությունը

80 մտավորական հայտարարություն են տարածել՝ կոչ անելով սատարել Արցախի ԱԺ-ում ընդունված «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքին․ «Ավելի քան 30 տարի առաջ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը)՝ հիմք դնելով ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա խարսխված պետականության կերտմանը: Անցած 34 տարիների ընթացքում արցախցիները ստեղծել են պետական կառավարման կենսունակ մարմիններ, անցկացրել միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ և հիմնել ժողովրդավարական ինստիտուտներ։ Արցախը կայացած ինքնիշխան ժողովրդավարական պետություն է: 1991-1994 և 2016 և 2020 թվականերին Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան ուղեկցվել է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հստակ թիրախավորմամբ, հայկական մշակութային ժառանգության ծրագրված ոչնչացմամբ: Արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների զգալի մասը բռնազավթված է, իսկ նրա բնակչությունը՝ հայրենազրկված: Արցախում Ադրբեջանը շարունակել է վաղուց որդեգրած ցեղասպանական իր ծրագիրը, որի նկատմամբ միջազգային հանրության լռությունը տարակուսանք է հարուցում: Մեր բողոքի ձայնն ուղղելով միջազգային հանրությանն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատն ստանձնած կառույցներին՝ հայտարարում ենք, որ բռնազավթված տարածքները միջազգային իրավունքով պատկանում են Արցախի Հանրապետությանը, իսկ այնտեղ գտնվող հայկական պատմամշակութային արժեքները հայ ժողովրդի մշակույթի անբաժան մասն են: Սատարելով Արցախի Ազգային ժողովին, 2022 թ. փետրվարի 18-ին նրա ընդունած «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքին՝ հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու նրա դրույթների ու նպատակների իրականացմանը՝ առավելագույնս օգտագործել հասարակական, իրավական և քաղաքական մեխանիզմները՝ Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու և հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնելու համար: Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության գործադիր ու օրենսդիր իշխանություններին, հասարակական ու քաղաքական կազմակերպություններին, աշխարհասփյուռ հայությանն զորավիգ լինել հայրենի հողում ազատ ապրելու արցախցիների իրավունքին, գործադրել հասարակական, իրավական և քաղաքական առավելագույն ջանքեր՝ ի կատարումն «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի իրագործման և հայրենազրկված քաղաքացիներին իրենց տներ վերադարձնելուն: Կոչ ենք անում միջազգային հանրությանը և Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցային գործընթացը վերսկսելու և Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու, հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնլու համար:» Հայտարարության տակ ստորագրել են Բարսեղյան Վանյա - Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Մարտիրոսյան Ռադիկ - ԳԱԱ ակադեմիկոս Սուվարյան Յուրի - ԳԱԱ ակադեմիկոս Աղալովյան Լենսեր - ԳԱԱ ակադեմիկոս Կոստանյան Ռադիկ ԳԱԱ ակադեմիկոս Թավադյան Լևոն - ԳԱԱ ակադեմիկոս Մելքոնյան Աշոտ - ԳԱԱ ակադեմիկոս Սաֆրաստյան Ռուբեն - ԳԱԱ ակադեմիկոս Պողոսյան Գևորգ - ԳԱԱ ակադեմիկոս Հարությունյան Ռուբեն - ԳԱԱ թղթակից անդամ Մաթևոսյան Հրանտ - ԳԱԱ թղթակից անդամ Իշխանյան Արթուր - ԳԱԱ թղթակից անդամ Մանասյան Ալեքսանդր - ԳԱԱ թղթակից անդամ Հախումյան Արսեն - ԳԱԱ թղթակից անդամ Թավադյան Աշոտ - տնտեսգիտության դոկտոր, պրոֆեսոր Աթայան Կամո - մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելքումյան Միքայել  - տնտեսգիտության դոկտոր, պրոֆեսոր Դանիելյան Գևորգ - իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Հարությունյան Վաչագան - ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ասլանյան Գագիկ - տնտեսգիտության թեկնածու, դոցենտ Շեկյան Լենարդ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Պետրոսյան Սլավա - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու Բալայան Կիմ – իրավաբան Մինասյան Էդիկ – պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հայրունի Աշոտ – պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Շեկյան Համլետ – տեխնիկական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Իսկանդարյան Գոհար - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ Զոհրաբյան Էդիկ - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ Գրիգորյան Հովիկ - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ Եղիազարյան Կարինե - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ Գևորգյան Մարինե - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ Ավետիսյան Արա - ԳԱԱ թղթակից անդամ Աղասյան Արարատ - ԳԱԱ թղթակից անդամ Ասատրյան Աննա - արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Շահինյան Սմբատ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Չիթչյան Ռոբերտ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Հարությունյան Արկադի – քիմիական գիտ. թեկնածու Գևորգյան Տիգրան - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ Սահակյան Վարդան - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու Էվոյան Գագիկ – ՏՏ ոլորտի առաջատար մասնագետ Գալստյան Վովա Սարգսյան Ջեմմա Մաթոսյան Ռիմա – փաստաբան, իրավախորհրդատու Գալոյան Ասյա - բանասեր Հարությունյան Ալվինա – ֆիզիկոս –ինժիներ Գասպարյան Վահան – բանասիրական գիտ. թեկնածու Աբրոյան Արմեն – ճարտարապետույան թեկնածու Կարապետյան Բակուր – գրող հրապարակախոս Արիստակեսյան Կարեն – բանասեր Գևորգյան Գևորգ – ռազմական գործիչ Գրիգորյան Գրիգոր – պահեստազորի գնդապետ Եգորյան Նորայր – պահեստազորի փոխգնդապետ Պողոսյան Վլադիմիր Պողոսյան Արթուր - իրավաբան Հովակիմյան Ռաֆայել – հիմնադրամի նախագահ Սարգսյան Ջիվան – դերասան Բարսեղյան Մարտին - փաստաբան Մամիկոնյան Սերեյ – բժիշկ Առաքելյան Սեյրան – պատմաբան Պողոսյան Աշխունջ - պատմական գիտ. թեկնածու Մանուկյան Մանուկ – տնտեսգետ Ղուկասյան Կարեն – տնտեսագետ Հաջյան Վրեժ – պատմաբան Խդրյան Կարեն – իրավաբան Լալայան Հովհանես - պահեստազորի գնդապետ Հայրապետյան Ավետ – պատմաբան Հակոբյան Նորայր – իրավաբանական գիտ. թեկնածու, փաստաբան Թաթոյան Ռուսլան – լրագրող Աղայան Աննա – փիլիսոփա Առուշանյան Ալբերտ   Ավագյան Նելլի – բանասեր Խոյեցյան Աշոտ – ֆիննանսիստ Ղահրամանյան Սլավիկ – գործարար Հակոբյան Աստղիկ – երկրաբան Մինասյան Կարեն – իրավաբան Նավասրդյան Գարիկ – իրավաբան Բարսեղյան Աղասի – բանասեր (օտար լեզուների մասնագետ) Խաչատրյան Խորեն – ֆիզիկոս Ղևոնդյան Վահրամ – շինարար Հովսեփյան Արթուր – շինարար Հայտարարությունը բաց է, ցանկացողները կարող են միանալ»։
13:14 - 02 մարտի, 2022
ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանում Հայաստանը Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևի նախագիծ է ներկայացրել

ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանում Հայաստանը Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևի նախագիծ է ներկայացրել

Փետրվարի 28-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածը, որը նախագահում էր ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ, ՄԱԿ Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Նիստի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորեւ։ «Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ, պարո՛ն փոխնախագահ՝ որպես խորհրդի այս նստաշրջանի նախագահող: Մարդու իրավունքների խորհուրդը բազմակողմ դիվանագիտության առանցքային ձեռքբերումներից է, քանի որ այն հանդիսանում է մարդու իրավունքների երկխոսության պահպանման և խթանման անփոխարինելի հարթակ՝ անկախ միջազգային և տարածաշրջանային տարբեր ճգնաժամերից: Այս խորհուրդը կոչված է պաշտպանելու յուրաքանչյուրին բոլոր ժամանակներում։ Այստեղ Անհատի անկապտելի արժանապատվությունն է նժարին դրված։ Աշխարհում գոյություն ունեցող և փոփոխվող բազում ճգնաժամերի պայմաններում հակամարտային իրավիճակներում գտնվող մարդկանց իրավունքները պետք է լինեն Մարդու իրավունքների խորհրդի և նրա հատուկ ընթացակարգերի հատուկ ուշադրության կենտրոնում։ Հենց այս տեսլականով ու նպատակներով է Հայաստանը մեկնարկել խորհրդում իր անդամակցության երրորդ տարին։ Կարծում եմ` արտաքին թեմատիկ խնդիրների և երկրի ճգնաժամային իրավիճակների արձագանքման և հասցեագրման գործում մենք կարողացանք մեզ դրսևորել որպես վստահելի և հուսալի գործընկեր: Մենք վճռական ենք՝ շարունակելու մեր ներդրումը՝ առավելագույնս կառուցողական և դրական: Այս համատեքստում ուրախ եմ հայտնել, որ Հայաստանը մտադիր է խորհրդի այս նստաշրջանում կրկին ներկայացնել Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևի նախագիծը։ Սա մի օրակարգ է, որը Հայաստանը տարիներ շարունակ առաջ է մղում։ Ժնևում մեր թիմը կազմակերպելու է խորհրդակցությունների թափանցիկ գործընթաց՝ բոլոր շահագրգիռ պետությունների և այլ կողմերի մասնակցությամբ։ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած բարդություններից և քաղաքական ճգնաժամից հետո անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որով Հայաստանի ժողովուրդը վերահաստատեց իր հավատարմությունն ու նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և մարդու իրավունքներին: Միջազգային դիտորդներն արտահերթ խորհրդարանական ընտորթյունները գնահատել են որպես մարդու իրավունքների ոլորտում ստանձնած հանձնառություններին և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան։ Բոլորովին վերջերս «Economist Intelligence Unit»-ի հրապարակած այս տարվա Ժողովրդավարության ինդեքսում Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է ճանաչվել ընտրական գործընթացների և բազմակարծության, կառավարության գործունեության, քաղաքական ներգրավվածության, քաղաքական մշակույթի ու քաղաքացիական ազատությունների ոլորտում։ Այս տարի լրանում է Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 30-ամյակը։ Վերահաստատում եմ իմ երկրի անսասան հանձնառությունը բազմակողմանիությանը, որի հիմքում է Միավորված ազգերի կազմակերպությունը, ինչպես նաև մեր լիակատար հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին։ Պատահական չէ, որ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության առաջին տողում նշված է «մենք՝ ժողովուրդներս»՝ որպես կազմակերպության լեգիտիմության աղբյուր։ Մարդիկ և նրանց իրավունքները պետք է ՄԱԿ-ի գործունեության առաջնային և առանցքային տեղում լինեն: Ինքնորոշման իրավունքը Միավորված ազգերի կազմակերպության հիմնական նպատակներից է, և այդ իրավունքի դեմ ուժի կիրառումը կարող է առաջացնել մարդու իրավունքների խախտումների մի ամբողջ շղթա, ներառյալ՝ զանգվածային ոճրագործություններ և էթնիկ զտումներ: Սա այն է, ինչին մենք ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ 2020թ. սանձազերծված պատերազմի ժամանակ և հետո։ ՄԱԿ-ը և նրա մարմիններն օժտված են համընդհանուր մանդատով՝ անվերապահ, անխոչընդոտ, անարգել հասանելիություն ունենալու կարիքի մեջ գտնվող մարդկանց՝ անկախ նրանց գտնվելու վայրից և հանգամանքներից: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնելու Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում անվերապահ հասանելիություն ապահովելու համար։ ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգային մանդատ կրողները մի քանի անգամ դիմում են հղել Ադրբեջանին, որոնցում արծարծվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում վարձկաններ օգտագործելու, արտադատական մահապատիժների, կամայական ձերբակալությունների, բռնի անհետացումների, կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ հարցեր: Ադրբեջանը հրաժարվել է պատշաճ պատասխան տալ և փաստորեն, ընդհանրապես չի պատասխանել վերջին դիմումներին, ինչը բացահայտ մարտահրավեր  է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մեխանիզմին։ Անպատժելիությունը հանգեցնում է նոր խախտումների։ Լեռնային Ղարաբաղից բացի Ադրբեջանը շարունակում է մարդու իրավունքների խախտումների իր քաղաքականությունը՝ այժմ էլ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում, որտեղ քաղաքացիական բնակչությունը տուժում է Ադրբեջանի զինված ուժերի շարունակական սադրիչ գործողություններից: Այս ագրեսիվ քաղաքականությունն ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ խախտումներով։ Հրադադարի հաստատումից 16 ամիս անց Ադրբեջանը շարունակում է պահել 38 հայ ռազմագերիների, այդ թվում՝  քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհայտ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված: Այն մարդկանց ծանր վիճակը, որոնց ՄԱԿ-ը հասանելիություն չունի, չպետք է մոռացվի: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չպետք է խտրականության ենթարկվի իր ծագման, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային ծագման կամ այլ պատճառներով: Մենք ձգտում ենք հասնել հայերի անվտանգ, արժանապատիվ եւ կամավոր վերադարձին իրենց հայրենի տները՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում։ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Միջազգային դատարանի կողմից առաջադրված միջանկյալ միջոցները, որոնք Ադրբեջանին հարկադրում են դադարեցնել հայերի նկատմամբ ռասիստական և խտրական դրսևորումները, ներառյալ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և վանդալիզմը, պետք է անվերապահորեն կատարվեն: Այս միջոցները գալիս են ապացուցելու Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը, այդ թվում՝ վերջինիս ռազմատենչ հռետորաբանությունը, ժողովրդին գոյատևման միջոցներից զրկելը, հայ բնակչությանն անընդհատ ահաբեկել ու ուժի կիրառման նոր սպառնալիքը։ Միայն այս խնդիրների հասցեագրմամբ մենք կարող ենք ապահովել մեր տարածաշրջանում կայունություն, խաղաղություն, արդարություն և մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանություն»։
22:50 - 28 փետրվարի, 2022
Արցախի ԱԱԾ-ն աշխատում է Ասկերանի շրջանի Խրամորթ և մյուս համայնքներում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ

Արցախի ԱԱԾ-ն աշխատում է Ասկերանի շրջանի Խրամորթ և մյուս համայնքներում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում, այդ թվում Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի տարածքում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի մտահոգություն են առաջացրել արցախցիների շրջանում․ տեղեկացնում են ԱՀ ԱԱԾ-ից։ Ադրբեջանի կողմից տարբեր մեթոդների կիրառմամբ հոգեբանական գրոհը թեև ինքնին մտահոգիչ է, այդուհանդերձ ինչպես Արցախի բնակիչները, այնպես էլ պետական մարմինները առավելապես պետք է աշխատեն անվտանգության իրական ու առարկայական բաղադրիչները բարելավելու ուղղությամբ: Այդ առումով ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում է բոլոր միջոցները Խրամորթ և այլ համայնքներում բնակչության կյանքն ու առողջությունը հնարավոր ոտնձգություններից պաշտպանելու և անվտանգային կայուն ու հուսալի համակարգ ձևավորելու ուղղությամբ: Ծառայությունը բանակցում է նաև ռուսական խաղաղապահ ուժերի հետ՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հոգեբանական գրոհի գործիքները բացառելու համար:
16:24 - 28 փետրվարի, 2022
Անպատժելիությունն ու անհանդուրժողականությունն ադրբեջանական իշխանություններին մղեցին նոր ցեղասպան գործողությունների. Արցախի ԱԺ նախագահ

Անպատժելիությունն ու անհանդուրժողականությունն ադրբեջանական իշխանություններին մղեցին նոր ցեղասպան գործողությունների. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Սումգայիթյան ցեղասպանության 34-րդ տարելիցի առթիվ ուղերձով է հանդես եկել: ԱԺ նախագահի ուղերձի մեջ, մասնավորապես, նշված է. «Սիրելի' հայրենակիցներ, Սումգայիթյան ոճրագործությունից անցել է 34 տարի։ Ցեղասպանությունից տառապել և տառապում են աշխարհի շատ ժողովուրդներ, ազգեր ու ազգություններ, իսկ հայ ժողովրդի համար այն անցյալն է ու ներկան, բայց ոչ՝ երբեք ապագան։ 20-րդ դարասկզբին ծնունդ առած արհեստածին պետություն Ադրբեջանն իր կազմավորման ժամանակներից ի վեր ստանձնել է հայատյաց  առաքելություն։ Ապացույցը՝ 1988թ․-ին կազմակերպած սումգայիթյան ջարդերն  ու պարբերաբար շարունակվող պատերազմներն են։ Ադրբեջանի միակ նպատակն ու հոգեգար ցանկությունն  Արցախի վերջնական բռնազավթումն  ու բնիկ ժողովրդի վերացումն է։ Անպատժելիությունն ու անհանդուրժողականությունն  ադրբեջանական իշխանություններին մղեցին նոր ցեղասպան գործողությունների։ Հայատյացության դրսևորումն  իր գագաթնակետին հասավ 2020թվականի  սեպտեմբերին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով, մասնավորապես՝ Արցախի բնակչության, հայ գերիների հանդեպ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի, սպանությունների, խոշտանգումների, մշակութային ցեղասպանության ձևով։ Խստորեն դատապարտելով Սումգայիթյան  ոճրագործությունը և արցախահայության հանդեպ իրականացվող շարունակական  քաղաքականությունը՝ կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին գործուն  քայլեր ձեռնարկել հայերի հանդեպ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության կանխարգելման ուղղությամբ։ Մենք պետք է  դուրս գանք այս ծանր իրավիճակից և, մեր պապենական հողում ապրելով, պահանջատեր լինենք մեր իրավունքներին։ Խոնարհումս  ադրբեջանական բռնություններին զոհ դարձած մեր հայրենակիցների  և արցախյան  բոլոր պատերազմներում նահատակված քաջորդիների հիշատակին։
11:52 - 28 փետրվարի, 2022