Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Պաշտոնապես բացվեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը

Պաշտոնապես բացվեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը

Արդարադատության նախարարությունը Երևանի  կենտրոնում գործարկել է  Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակը: Քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները՝ միասնական կենտրոնից ստանալու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, ինչպես նաև նոտարական ծառայություններ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս կենտրոնից մատուցվելու են 97 պետական ծառայություններ, որոնք հետագայում ընդլայնվելու են։ «Այս տարածքին մոտ կբացվի նաև Անձնագրային և Վիզաների վարչության սպասարկման կենտրոն՝ դրանով իսկ ընդլայնելով ծառայությունների թիվը, այնուհետև, գործարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրները շտկելուց հետո, կընդգրկենք նաև համայնքային ծառայություններն ու միասնական գրասենյակներ կբացենք Հայաստանի ամբողջ տարածքում»,- տեղեկացրել է Ռուստամ Բադասյանը և հավելել, որ պետական ծառայությունները մեկ կենտրոնից ստանալու նպատակը քաղաքացիների կյանքը հեշտացնելն է։ Նախարարը մանրամասնել է՝ եթե քաղաքացին ունենա մի քանի մարմնի հետ կապված գործառույթ, ապա դրանք կկարողանա ստանալ մեկ կենտրոնում՝ առանց տարբեր պետական մարմիններ այցելելու։ Նախարար Բադասյանն այս բարեփոխումը կյանքի կոչելու համար շնորհակալություն է հայտնել Միասնական գրասենյակում ծառայություն մատուցող բոլոր պետական մարմիններին և ընդգծել, որ առանց համատեղ ներդրման՝ այս նախաձեռնությունն իրականացնել հնարավոր չէր լինի։ Տեղեկացնենք, որ տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում  է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝ Еarlyone բջջային հավելվածով):  Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում դիմումները կարող եք ներկայացնել Վազգեն Սարգսյան 3 հասցեում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Կախված Գրասենյակ դիմող քաղաքացիների ակտիվությունից՝ անհրաժեշտության դեպքում սպասարկումը կիրականացվի նաև հանգստյան օրերին: Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը ստեղծվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի։ Արդարադատության նախարարությունը շարունակելու է հանրային ծառայություններից օգտվող քաղաքացիների կյանքը հեշտացնելուն ուղղված աշխատանքները։
14:36 - 22 հուլիսի, 2020
Սահմանադրական մարմինները երկամսյա ժամկետում կներկայացնեն ՍԴ դատավորների թեկնածուներին․ Բադասյան |armenpress.am|

Սահմանադրական մարմինները երկամսյա ժամկետում կներկայացնեն ՍԴ դատավորների թեկնածուներին․ Բադասյան |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրությամբ նախատեսված է երկամսյա ժամկետ Սահմանադրական մարմիններին սահմանադրական դատարանի թեկնածուներ առաջադրելու համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, թե Ազգային ժողովի նախագահ Արարար Միրզոյանի կողմից Սահմանադրական դատարանի մասին օրենքի ստորագրումից հետո ինչ հաջորդող քայլեր են սպասվում։ «Սահմանադրությամբ նախատեսված է երկամսյա ժամկետ սահմանադրական մարմինների՝ սահմնադրական դատարանի թեկնածուներ առաջադրելու համար, և այդ երկամսյա ժամկետը հոսում է, ինչը նշանակում է, որ Սահմանադրական մարմինները մոտ ապագայում պետք է սկսեն ներկայացնել թեկնածուներին»,- ասաց Բադասյանը։ Ըստ Արդարադատության նախարարի՝ օրենքի ուժի մեջ մտնելը նշանակում է, որ կենսաթոշակի իրավունքները դատավորների, ովքեր արդեն չեն պաշտոնավարում, կապահովվի օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև վերացվել է անհամապատասխանությունը սահմանադրության և սահմանադրական դատարանի մասին սահմանդրական օրենքում, որը հնարավոր չէր անել միաժամանակյա, որովհետև Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն հնարավոր չէր ներառել թե´ սահմանադրության փոփոխությունների, թե´ սահմանադրական օրենքի փոփոխությունների հարցը։
14:21 - 22 հուլիսի, 2020
Ռուստամ Բադասյանը շրջայց է կատարել «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում

Ռուստամ Բադասյանը շրջայց է կատարել «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, ադարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի ուղեկցությամբ այսօր շրջայց է կատարել «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում՝ նպատակ ունենալով ծանոթանալու կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմաններին, ՔԿՀ-ներում ներդրված սննդի մատակարարման նոր համակարգի շրջանակներում մատուցվող սննդի որակին, առողջության պահպանման իրավունքի պատշաճ ապահովման հնարավորություններին և այլ հարցերին: Շրջայցի ընթացքում նախարարը զրուցել է ՔԿՀ-ներում պահվող անձանց հետ, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով, սննդի որակի վերաբերյալ կարծիքներով, եղել խցերում, խոհանոցում, կացարաններում, մարզասրահում, գրադարանում, բուժմասում՝ տեղում ծանոթանալով քրեակատարողական հիմնարկներում առկա հնարավորություններին և կարիքներին: Դատապարտված և կալանավորված անձինք գոհունակություն են հայտնել սննդի որակից, պահման պայմաններից, իսկ հիմնական դժգոհությունները վերաբերել են քրեական գործերին, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համար նշանակված դատական նիստերի ձգձգմանը։ Հանձնուքների ընդունման սենյակում նախարար Բադասյանի առաջարկով փորձարկվել է ցանկացած չափ ու խտություն ֆիքսող անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքը․ արգելված իրը դրվել է պայմանական թաքստոցի մեջ և անցկացվել սարքով, որն անմիջապես ճանաչել և տեղորոշել է արգելված իրը: Հիշեցնենք, որ 2020 թվականին բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում տեղադրվեցին անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքեր, ինչպես նաև անցումային և ձեռքի շարժական դետեկտորներ (մետաղորսիչ սարքեր)։ Ժամանակակից սարքերով տեխնիկական վերազինումը հնարավորություն  է տվել էականորեն նվազեցնել քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, այդ թվում՝ թմրամիջոցների ներթափանցման դեպքերը, բացի այդ՝ ստուգման գործընթացներում նորարարական սարքերը մարդկային միջամտությունը հասցրել են նվազագույնի` դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի բացառմանը։ Շրջայցի ավարտին նախարար Բադասյանը «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկների պահման պայմանները բարելավելու և հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանելու վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ: Տեղեկացնենք նաև, որ 2019 թվականի երկրորդ կիսամյակից առ այսօր «Աբովյան» ՔԿՀ-ում հիմնովին փոխարինվել է ջրահեռացման  ցանցը, հիմնանորոգվել է մեկուսարանի 1-ին հարկի լոգասենյակը, անցկացվել է նոր ոռոգման համակարգ, հիմնովին վերանորոգվել և հարդարվել է պահպանության ապահովման բաժնի մասնաշենքը, մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել մեկուսարանի 2-րդ հարկի լոգասենյակում, ընդհանուր 1233 քմ մակերեսով իրականացվել է ասֆալտապատման աշխատանքներ: Նույն ժամանակահատվածում «Սևան» քրեակատարողական հիմնարկում իրականացվել են հիմնարկի արտաքին ջրահեռացման համակարգի շինարարական աշխատանքներ, տեղադրվել է նախատեսված  2 մաքրման կայաններից մեկը, մասնակի վերանորոգվել և ամրացվել են հիմնարկի շենք-շինությունների քամուց վնասված մոտ 300 քմ թիթեղապատ տանիքածածկույթները:
16:19 - 21 հուլիսի, 2020
«Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի որոշմամբ դատապարտյալը ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն կանցնի. նոր նախագիծ |hetq.am|

«Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի որոշմամբ դատապարտյալը ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն կանցնի. նոր նախագիծ |hetq.am|

hetq.am: Արդարադատության նախարարությունը նախատեսում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին ներառել այն մարմինների ցանկում, որոնց կայացրած որոշումը հիմք կհանդիսանա դատապարտյալների ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության իրականացման համար: Նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ «Oրենսդրական բացով պայմանավորված՝ ներկայումս խնդրահարույց է հոգեկան առողջության խնդիրներ ունենալու հիմքով դատապարտյալների վերաբերյալ դատահոգեբուժական փորձաքննության համապատասխան եզրակացություն ստանալու հարցը այն դեպքերում, երբ նման նախաձեռնությամբ հանդես է գալիս քրեակատարողական հիմնարկի վարչակազմը»,-հայտնել է Արդարադատության նախարարությունը։ Արդարադատության նախարարությունը իրավական նորմերի ուսումնասիրությունից եզրահանգել է, որ ազատությունից զրկված անձանց շրջանում հոգեկան առողջության վերաբերյալ խնդիրներ առաջանալու դեպքում վերջիններիս խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության կամ հոգեկան առողջական վիճակի պատճառով պատժից ազատելու հարցերը քննվում են առողջապահության նախարարությանը կից դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի՝ դատահոգեբուժական փորձաքննությամբ: Ըստ նախարարության՝ խնդիրն առավել ցայտուն է դրսեւորվում այն պարագայում, երբ այդ հանձնաժողովը իրավասու չի լինում իրականացնել անհրաժեշտ դատահոգեբուժական փորձաքննությունը՝ քրեակատարողական հիմնարկի կամ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի դիմումի (որոշման) հիման վրա, քանի որ կառավարության 2010 թվականի որոշմամբ՝ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է բացառապես իրավապահ մարմինների որոշման հիման վրա:Ավելին՝ hetq.am-ում։
19:08 - 20 հուլիսի, 2020
Սա պատմական փոփոխության հնարավորություն է. արդարադատության փոխնախարարը՝ նոր Պարեկային ծառայության մասին

Սա պատմական փոփոխության հնարավորություն է. արդարադատության փոխնախարարը՝ նոր Պարեկային ծառայության մասին

Պարեկային ծառայության ներդրումը ոստիկանության ոլորտի բարեփոխումների առաջին տեսանելի քայլն է, որը հաստատվել է այս տարվա ապրիլին: Հուլիսի 18-ին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած հանրային քննարկման ժամանակ, խոսելով նոր Պարեկային ծառայության ստեղծման մասին, նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ոստիկանության բարեփոխումներն առաջնահերթություն են գործող Կառավարության համար։ «Բարեփոխումներն ուղղված են ոստիկանությունում զարգացումները ժամանակակից մարտահրավերներին համապատասխանեցնելուն»,- նշել է Քրիստիննե Գրիգորյանը, այնուհետև ներկայացրել Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած հարցման արդյունքները․ այն հարցին, թե ինչպե՞ս է հասարակությունը գնահատում համավարակի ընթացքում Ոստիկանության աշխատանքը, հարցվածների 65 տոկոսը նշել է, որ աշխատանքն ավելի լավն է, քան նախկինում: «Պարեկային ծառայությունն այն լավ օրինակն է, թե ինչպես հասարակական կարգի պահպանության  կամ հասարակական անվտանգության ապահովման, ճանապարհային անվտանգության կարգի կազմակերպման առումով գործել ավելի արդյունավետ ու մարդակենտրոն»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ Կառավարությունը ձգտում է ունենալ այնպիսի Ոստիկանություն, որը բնորոշ է ժողովրդավարական հասարակությանը, որը ծառայում է ոչ թե օրվա իշխանության քաղաքական շահերին, այլ հասարակական անվտանգության ապահովմանը, հանցագործությունների կանխմանը։ Քրիստիննե Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ Պարեկային ծառայությունը Երևանում իր աշխատանքները կմեկնարկի 2021-ի առաջին եռամսյակից, իսկ ամբողջ Հայաստանում՝ 2022 թվականի առաջին եռամսյակից: «Փուլային մոտեցման նպատակն այն է, որ պատրաստվեն բավարար որակով և բավարար թվով կադրեր և ոչ թե ունենալ զանգվածային կադրերի պատրաստման կոնվեյեր ու չունենալ անհրաժեշտ որակ: Սա պատմական փոփոխության հնարավորություն է և մեր քաղաքացիներից յուրաքանչյուրը պետք է այդ փոփոխության մասնակիցը կամ աջակիցը դառնա»,- հայտարարել է արդարադատության նախարարի տեղակալը: Հիշեցնենք, որ նոր կառույցում ծառայության կարող են անցնել 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիները՝ համապատասխան պատրաստվածություն անցնելուց հետո:Պարեկային ծառայության ծառայողների նվազագույն աշխատավարձը կկազմի 320 հազար դրամ: Նրանց համար նախատեսվում են նաև սոցիալական երաշխիքներ։ Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5-ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում: Պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների լրիվ նոր հագեցվածություն:
10:48 - 20 հուլիսի, 2020
Ռուստամ Բադասյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ՔԿՀ-ներում պահվող իրանցիների խնդիրների լուծման ճանապարհները

Ռուստամ Բադասյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ՔԿՀ-ներում պահվող իրանցիների խնդիրների լուծման ճանապարհները

Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին: Նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունները նույն արդյունավետությամբ կշարունակվեն։ Դեսպան Զոհուրին շնորհակալություն է հայտնել Ռուստամ Բադասյանին հանդիպման համար, ընդգծել Հայաստանի ու Իրանի պատմամշակութային խոր անցյալի ու առկա ջերմ հարաբերությունների մասին և վստահություն հայտնել, որ Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն՝ ի շահ մեր ժողովուրդների։ Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն ու դեսպանն անդրադարձել են Հայաստանում իրենց պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու հարցին, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գտնվող իրանցի դատապարտված ու կալանավորված անձանց պահման պայմաններին և այլ հարցերին։ Նախարար Բադասյանը դեսպանին խնդրել է իր ջերմ խոսքերը փոխանցել COVID-19-ից տուժած իրանցի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով նրանց շուտափույթ ապաքինում։
17:25 - 17 հուլիսի, 2020
Ռուստամ Բադասյանը Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Ռուստամ Բադասյանը Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում, շնորհավորել ՌԴ-ում անցկացված Սահմանադրության փոփոխությունների համառուսական հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։  Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի համար և կարևորել Արդարադատության նախարարության հետ երկխոսության պահպանումն ու ամրապնդումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում նախատեսվող Սահմանադրական փոփոխությունների ուղղությունները, դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտում իրականացված և իրականացվելիք բարեփոխումները և այդ համատեքստում համագործակցության հնարավորությունները։ Նախարար Բադասյանը կարևորել է արդարադատության ոլորտում համագործակցության ակտիվության և փոխհամագործակցության ավելացումը։
14:42 - 17 հուլիսի, 2020
Խորհրդարանը քննարկեց պատգամավորների հեռավար քվեարկելու նախագիծը |hetq.am|

Խորհրդարանը քննարկեց պատգամավորների հեռավար քվեարկելու նախագիծը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը արտահերթ նիստի սկզբում առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Տավուշում զոհված չորս զինծառայողների հիշատակը: Տեղեկացնենք, որ արտահերթ նիստը նախաձեռնել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորներին թույլ տալ գրավոր քվեարկել: «Գործող կարգով պատգամավորները գրավոր քվեարկելու իրավունք ունեն, երբ խորհրդարանի կողմից գործուղման մեջ են, մնացած դեպքերում պատգամավորները գրավոր քվեարկելու հնարավորություն չունեն: Փաստն այն է, որ կորոնավիրուսի համավարակը ողջ աշխարհի խորհրդարանների համար նոր մարտահրավերներ ստեղծեց, և մենք այս ընթացքում բախվեցինք մի իրավիճակի, երբ պատգամավորներն իրենց կամքից անկախ հնարավորություն չունեն իրենց պատգամավորական լիազորություններն իրացնելու»,-ասաց Հովակիմյանը: ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հստակեցրեց` նախագծի նպատակը խորհրդարանի աշխատանքը չպարալիզացնելն է, ուստի ճիշտ կլինի, որ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններն առավել հստակ լինեն, որպեսզի չարաշահումների տեղիք չտան: Միրզոյանն առաջարկեց նախագծով ամրագրել, որ գրավոր քվեարկությունն թույլատրվի մեկուսացած կամ ինքնամեկուսացած պատգամավորներին: Վահագն Հովակիմյանն արձագանքեց, ի սկզբանե գաղափարը ծնվել է այս իրավիճակի համար, սակայն քննարկումների ընթացքում արդարացված չեն համարել այն, որ ոչ կոռոնավիրուսային հիվանդությամբ տառապող պատգամավորները չկարողանան իրացնել իրենց պատգամավորական լիազորությունները: Ինչ վերաբերում է հնարավոր չարաշահումներին, Հովակիմյանն ասաց նման պատգամավորներին գնահատական կտա հանրությունը: «Այս պահին, կարծում եմ, պետք չէ նման ընդհանրական մոտեցում ցուցաբերել, պետք է կենտրոնանանք կորոնավիրուսով վարակված պատգամավորների քվեարկության վրա»,-ասաց Միրզոյանը: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ նախորդ գումարման խորհրդարաններում հանրությունը շատ է տեսել մեկը մյուսի փոխարեն քվեարկող, կնոպկա սեղմող պատգամավորների, որոնցից ոմանք ԱԺ խոսնակ ու փոխխոսնակ են դարձել, ուստի պետք չէ հույս դնել այսպես կոչված բարձր չափանիշների և հանրության գիտակցության վրա: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ խոսեց այն մասին, որ առաջարկվում է նաև գրավոր քվեարկության հնարավորություն հանձնաժողովների նիստերում: Գորգիսյանը զարմացավ, թե ինչպես կարող է քննարկմանը չմասնակցած պատգամավորը նախապես որոշել, թե ինչպես է քվեարկելու: Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն էլ ասաց, որ հեռահար քվեարկության մեթոդը խորթ չէ տարբեր երկրների խորհրդարանների համար, օրինակ` Մեծ Բրիտանիայում մի պատգամավոր կարող է լիազորել մյուսին, որ քվեարկի իր փոխարեն: Փոխնախարարն առաջարկեց ժամանակավոր անաշխատունակության փոխարեն օրենքով պահանջել հիվանդության պատմության քաղվածքը, քանի որ անաշխատունակության թերթիկը բացվում է հիվանդության վերջին օրը: Նախագծի քննարկումներն առաջին ընթերցմամբ ավարտվեցին:
15:58 - 15 հուլիսի, 2020
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15-ից սկսում է հանրային քննարկումներ

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15-ից սկսում է հանրային քննարկումներ

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հուլիսի 15-ից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սկսում է հանրային քննարկումներ․ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, Տեղեկացնում ենք, որ 2020թ հուլիսի 15-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սկսում է հանրային քննարկումները: Առաջին առցանց հանրային քննարկումը նախատեսված է անցկացնել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ` ՔՀԿ-ներ) հետ: Հանրային քննարկման ընթացքում նախատեսվում է ներկայացնել Հանձնաժողովի կատարած աշխատանքները և լսել մասնակից ՔՀԿ-ների առաջարկություները: Հանրային քննարկումը բաց է նաև քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների մասնակցության համար: Մասնակցության համար հետաքրքվող ՔՀԿ-ները կարող են մինչև սույն թվականի հուլիս 14-ը ժամը 24.00-ն մասնակցության համար դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` նշելով ՔՀԿ-ի անվանումն ու մասնակցի անուն ազգանունը, մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը»:
20:38 - 13 հուլիսի, 2020
Առաջարկվում է պաշտոնատար անձի հայտարարագրում փոփոխություն կատարել |hetq.am|

Առաջարկվում է պաշտոնատար անձի հայտարարագրում փոփոխություն կատարել |hetq.am|

hetq.am: Արդարադատության նախարարությունը նախատեսում է պաշտոնատար անձի հայտարարագրում փոփոխություն կատարել։ Մասնավորապես, առաջարկվում է պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամին եկամուտ վճարող կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի տվյալները հրապարակելիս որպես բացառություն նախատեսել բանկային ավանդի դիմաց ստացված տոկոսը և հատուցումը վճարող կազմակերպության անվանման կամ ֆիզիկական անձի անուն, ազգանունի, հայրանվան համար: Նման որոշման նախագիծ է Արդարադատության նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախարարությունը ընդգծել է, որ այս փոփոխությունը պայմանավորված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից համապատասխան իրավանորմերի պրակտիկ կիրառման ընթացքում առաջացած խնդիրներից: Արդարադատության նախարարությունը որոշման նախագծում նշել է, որ հայտարարագրում հրապարակման (տրամադրման) համար նախատեսված տվյալների ցանկում հրապարակման է ենթակա նաև եկամտի ստացման աղբյուրը՝ եկամուտ վճարողի անունը, ազգանունը կամ հայրանունը։ Վերջինից բխում է, որ բանկային ավանդի դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում վճարող կազմակերպության անվանումը ևս հրապարակման ենթակա տվյալ է: «Միևնույն ժամանակ, հանձնված, վերադարձված փոխառության, այդ թվում՝ բանկային ավանդի գործարքի մյուս կողմի՝ պարտապանի տվյալները՝ անվանումը կամ ազգանունը, անունը, հայրանունը, որոշմամբ պաշտպանված են և ենթակա չեն հրապարակման: Ուստի, միասնական մոտեցման ապահովման տեսանկյունից կարծում ենք՝ անհրաժեշտ է փոփոխել վերոնշյալ կարգավորումը: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ գործող կարգավորումների համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանքի անդամների դեպքում բանկային ավանդի դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը ևս հրապարակման ենթակա տվյալ է: Ուստի, այս պարագայում ևս կարևորվում է վերոգրյալ տվյալների պաշտպանությունը»,-հայտնել է արդարադատության նախարարությունը։
19:19 - 11 հուլիսի, 2020
Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում համագործակցում է բոլոր միջազգային գործընկերների հետ. ԱՆ խոսնակ |aysor.am|

Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում համագործակցում է բոլոր միջազգային գործընկերների հետ. ԱՆ խոսնակ |aysor.am|

aysor.am: Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում համագործակցում է բոլոր միջազգային գործընկերների հետ, և այս նորության մեջ որևէ արտառոց բան չկա, այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Russia Today-ի այն հրապարակմանը, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը մտադիր է մասնագետ վարձել, որը կօգնի Հայաստանի Հանրապետության կառավարությանը պայքարել կոռուպցիայի դեմ: Վերջինս կհամագործակցի ՀՀ արդարադատության նախարարության հետ և կնպաստի բարեփոխումների խթանմանը: «ԱՄՆ Պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համակարգի գրասենյակի ( INL), ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի (USAID), Եվրոպական Միության (Թայեքս փորձագետների աջակցության գործիքի ներքո) Եվրոպայի Խորհրդի և մասնավորապես՝ ԳՐԵԿՈ-ի, ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), Համաշխարհային Բանկի (World Bank) և մեր բարեփոխումներին միտված նախագծերի վերաբերյալ տարբեր ծրագրերի շրջանակներում նշված կառույցների կողմից փորձագիտական խորհրդատվություն ենք ստանում։Այնպես որ, լրատվամիջոցում առկա տեղեկությունը մեր ամերիկյան գործընկերների հետ ընդամենը մեկ փորձագետի ներգրավմանն է վերաբերում», - նշեց Լուսինե Մարտիրոսյանը։
13:47 - 10 հուլիսի, 2020
Ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատելու հնարավորություն ստեղծվեց |armenpress.am|

Ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատելու հնարավորություն ստեղծվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր քրեադատավարական օրենսդրության շրջանակում հստակ նախատեսել կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորություն: Կառավարության հեղինակած օրինագիծը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: Փոխնախարարը նշեց, որ առաջին ընթերցումից հետո օրինագծում փոփոխություններ են կատարվել, նախագիծը լրամշակվել է: Գալյանը հայտնեց, որ այդ փոփոխությունները տեխնիկական բնույթ են կրել: Պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն հնչեցվել: Նախագծով նախատեսվում է ամրագրել հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն՝ միաժամանակ նախատեսելով հսկող դատախազի կողմից միջնորդագիրը մերժելու դեպքում այն դատական կարգով բողոքարկելու հնարավորություն: Սահմանվել են նաև մի շարք դրույթներ: Փոխնախարարի խոսքով՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2020 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ գրանցվել է մահացության 3 դեպք, որից 2 ը՝ ծանր հիվանդության հետևանքով: Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունվեց 86 «կողմ» ձայնով:
17:19 - 08 հուլիսի, 2020
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը այսուհետ կարելի է ստանալ էլեկտրոնային տարբերակով

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը այսուհետ կարելի է ստանալ էլեկտրոնային տարբերակով

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով. «Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը կամ ինչպես հաճախ ասում ենք ամուսնության բացակայության մասին տեղեկանքը, որը հիմնականում անհրաժեշտ է Հայաստանի տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար, այսուհետ կարող եք ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով։ Արդարադատության նախարարությունը գործարկել է e-services.moj.am հարթակ, որի արդյունքում այլևս հարկավոր չէ այցելել նախարարություն, իսկ արտասահմանում գտնվելու դեպքում՝ հյուպատոսություն, կամ լիազորագիր և հայտարարություն ուղարկել տեղեկանքը ստանալու համար։ Հարթակից օգտվելու մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութից, իսկ ես խոստանում եմ, որ արդարադատության նախարարությունը շարունակելու է թվային լուծումների միջոցով մեր հայրենակիցների կյանքը հեշտացնելուն ուղղված աշխատանքները»։
14:52 - 08 հուլիսի, 2020
Ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատող օրինագիծը լրամշակվել է |armenpress.am|

Ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատող օրինագիծը լրամշակվել է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեադատավարական օրենսդրության շրջանակում հստակ նախատեսել կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորություն: Կառավարության հեղինակած օրինագիծը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: Փոխնախարարը նշեց, որ առաջին ընթերցումից հետո օրինագծում փոփոխություններ են կատարվել, նախագիծը լրամշակվել է: Գալյանը հայտնեց, որ այդ փոփոխությունները տեխնիկական բնույթ են կրել: Պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն հնչեցվել: Նախագծով նախատեսվում է ամրագրել հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն՝ միաժամանակ նախատեսելով հսկող դատախազի կողմից միջնորդագիրը մերժելու դեպքում այն դատական կարգով բողոքարկելու հնարավորություն: Սահմանվել են նաև մի շարք այլ դրույթներ: Փոխնախարարի խոսքով՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2020 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ գրանցվել է մահացության 3 դեպք, որից 2 ը՝ ծանր հիվանդության հետևանքով:
14:31 - 08 հուլիսի, 2020
Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ թավշյա հեղափոխության արժեքներին․ Քրիստիննե Գրիգորյան

Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ թավշյա հեղափոխության արժեքներին․ Քրիստիննե Գրիգորյան

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը հուլիսի 7-ին մասնակցել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հեռավար հանդիպմանը: Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը: Նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ թավշյա հեղափոխության արժեքներին՝ օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին և դատական հավակնոտ բարեփոխումներին՝ Սահմանադրությանը և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ: Անդրադառնալով 2019 թվականին Կառավարության մշակած բարեփոխումների օրակարգի ոլորտային փաստաթղթերին՝ դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ծառայության բարեփոխման ռազմավարություններին՝ փոխնախարարն իր գոհունակությունն է հայտնել ու ընդգծել, որ դրանք մշակվել և իրականացվում են ԵԽ-Հայաստան սերտ համագործակցության հովանու ներքո, մասնավորապես՝ ԵԽ-Հայաստան 2019-2022 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում տրամադրված փորձագիտական և տեխնիկական աջակցությամբ: Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է COVID-19 համավարակի ընթացքում Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցների կողմից մշակված մեծածավալ խորհրդատվական ուղեցույցներն ու օժանդակ նյութերը, որոնք անդամ պետությունների համար կարևոր ուղենիշեր են համավարակին արձագանքելիս։ Նախարարի տեղակալը նշել է նաև, որ անցյալ մեկ տարվա ընթացքում Արդարադատության նախարարությունն առավել ինտենսիվ է համագործակցել Եվրոպայի խորհրդի մարմինների հետ, ինչը մի կողմից վկայում է կազմակերպության նկատմամբ Հայաստանի իշխանությունների վստահության, իսկ մյուս կողմի՝ անդամ պետություններում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդման տարբեր հարցերով լավագույն գործելակերպերը զարգացնելու Հայաստանի հանձնառության մասին: Հանդիպման ընթացքում ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման, իրավունքի գերակայության և ժողովրդավարական կառավարման ոլորտներում Եվրոպայի խորհրդի հետ իրականացված ծրագրերի արդյունքները: Հայկական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ:
12:23 - 08 հուլիսի, 2020