Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Փաշինյանը կորոնավիրուսի նկատմամբ վերաբերմունքը փոխելու անհրաժեշտություն է տեսնում

 |armenpress.am|

Փաշինյանը կորոնավիրուսի նկատմամբ վերաբերմունքը փոխելու անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանական է համարում, որ կան բազմաթիվ մարդիկ, որոնք այս ընթացքում վարակվել են կորոնավիրուսով, բուժվել, սակայն չեն իմացել այդ մասին: Փաշինյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում: «Իրավիճակը վերլուծելով հասկանում եմ, որ շատ քաղաքացիներ հիվանդանում են ու առողջանում են՝ դրա մասին չկռահելով: Սրա մասին մեզ հուշում է նաև մեր ախտորոշված դեպքերի վիճակը: Դեպքերի 90%-ը կա՛մ ջերմություն չունի, կա՛մ ցածր ջերմություն ունի: Ըստ ամենայնի, կան բազմաթիվ մարդիկ, որոնք այս ընթացքում վարակվել են կորոնավիրուսով, այս ընթացքում բուժվել են, բայց իրենք չգիտեն, որ հիվանդացել ու բուժվել են»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետը նշեց, որ պետք է փոխել վերաբերմունքը կորոնավիրուսի նկատմամբ: «Ես կարծում եմ, որ մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը կորոնավիրուսի նկատմամբ, դրան վերաբերվենք, որպես մի հիվանդության, որը բավական վտանգավոր է տարիքով մարդկանց համար, ինչպես գրիպը: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի տարիքով մեր սիրելի ծնողներին, տատիկներին ու պապիկներին ուշադիր լինելը»,- նշեց վարչապետը:
21:22 - 17 մարտի, 2020
Որոշումն անբեկանալի է, բայց կհանդիպենք, կխոսենք․ Փաշինյանը՝ «ՁԻԱՀ-ի կենտրոնը» «Նորքի ինֆեկցիոնին» միացնելու մասին
 |pastinfo.am|

Որոշումն անբեկանալի է, բայց կհանդիպենք, կխոսենք․ Փաշինյանը՝ «ՁԻԱՀ-ի կենտրոնը» «Նորքի ինֆեկցիոնին» միացնելու մասին |pastinfo.am|

pastinfo.am: Այսօր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցի ժամանակ նրան մոտեցավ «ՁԻԱՀ-ի կանխագելմա կենտրոնի» նախկին աշխատակիցներից մեկն ու վարչապետին ասաց, որ տևական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում, սակայն վարչապետն իրենց չի ընդունում։ «Ո՞վ չի ուզում Ձեզ հետ խոսել»,-դիմելով նախկին աշխատակցին հարցրեց Փաշինյանը։ Քաղաքացին շեշտեց, որ խնդիրը Փաշինյանին միակողմանի է փոխանցվում, իրենք խոսում են երկու կառույցների միացման հետևանքով սպասվելիք խնդիրների մասին, սակայն վարչապետին տեղեկացնում են տնօրենի հարցի մասին։ Այս պնդումներին Փաշինյանը պատասխանեց ասելով, որ ՁԻԱՀ-ի կետրոնի մասին դեռ լրագրող եղած ժամանակ է գրել․«Ինչքան որ անհրաժեշտ է տեղյակ լինեմ՝ տեղյակ եմ։ Համաձայնեք, որ պետք չէ մասնագիտական մակարդակով խորանամ։ Չենք կարող բոլորս խորանալ մինչև մասնագիտական մակարդակը»։ Վարչապետն ասաց, որ որոշումը կայացվել է և պետք չէ անընդհատ նույն կետի վրա կանգնել: «Համոզված եմ, որ 6 ամիս հետո հանդիպենք, Ձեր բոլոր մտավախությունները փարատված կլինեն»։ Երկխոսության ավարտին Փաշինյանը շեշետեց, որ լիազոր մարմինն արդեն որոշում կայացրել է․«Կհանդիպենք, կխոսենք, բայց որոշումը կայացված է ու անբեկանալի է»։
21:09 - 17 մարտի, 2020
Վարչապետի մոտ քննարկվել է Զինված ուժերում սննդի մատակարարման նոր համակարգի ներդրման ծրագրի ընթացքը

Վարչապետի մոտ քննարկվել է Զինված ուժերում սննդի մատակարարման նոր համակարգի ներդրման ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Զինված ուժերում սննդի մատակարարման նոր կարգին վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանը, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը և ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար կազմի պաշտոնատար անձինք, սննդի մատակարարման գործընթացում ներգրավված տեղական մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, այսօր հավաքվել ենք քննարկելու Զինված ուժերում սննդի մատակարարման նոր կարգին վերաբերող հարցերը: Հատկապես հիմա այս քննարկումն առավել կարևորվում է, որովհետև մենք ի սկզբանե այս ծրագիրը դիտարկել ենք որպես աջակցություն մեր ներքին շուկային, և մանավանդ այսօրվա ճգնաժամի պայմաններում շատ կարևոր է, որ մենք կարողանանք արդյունավետ շարունակել այս ծրագիրը, բայց նաև պատասխան ունենանք բոլոր հարցերին»: Խորհրդակցությանն արծարծվել են ԶՈՒ-ում սննդի մատակարարման նոր կարգի ներդրման ընթացքին առնչվող հարցեր: Ներկայացվել են պիլոտային ծրագրի շրջանակում Պաշտպանության նախարարության, մասնավոր հատվածի կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ ՊՎԾ կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, գործընթացի լիարժեք կազմակերպման արդյունավետ մեխանիզմների, ծառայությունների մատուցման ամբողջական շղթայի ձևավորման ուղղությամբ անելիքների, առկա խնդիրների և հետագա քայլերի շուրջ: Վարչապետը նկատել է՝ պետության առաջնահերթություններից է Զինված ուժերին որակյալ սննդի մատակարարման արդյունավետ համակարգի ձևավորումը, և այս գործընթացը պետք է կազմակերպել առավելագույնս թափանցիկ՝ բացառելով որևէ չարաշահում: Հետագա անելիքների համատեքստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է գործընթացն իրականացնել մրցութային ընթացակարգերով՝ ընդգծելով, որ մրցույթների օրինականության և թափանցիկության առումով որևէ կասկած չպետք է լինի, և առկա խնդիրների լուծմանը պետք է ցուցաբերել համակարգային մոտեցում: Կառավարության ղեկավարը ողջունել և կարևորել է փոխգործակցության մթնոլորտում աշխատանքների շարունակականությունը և տվել համապատասխան հանձնարարականներ:
17:28 - 17 մարտի, 2020
ՀՀ ԶՈւ-ն լիովին պատրաստ է պահել երկրի սահմանների անձեռնմխելիությունը. Փաշինյան

 |armenpress.am|

ՀՀ ԶՈւ-ն լիովին պատրաստ է պահել երկրի սահմանների անձեռնմխելիությունը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ երկրի զինված ուժերը համալրված են ժամանակակից և գերժամանակակից զենք-զինամթերքով և լիովին պատրաստ են ապահովել պետության սահմանների անձեռնմխելիությունը։ Այս մասին Փաշինյանն ասաց ԱԺ արտահերթ նիստում՝ հանրապետությունում արտակարգ դրություն հաստատելու մասին նախագծի քննարման ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ՀՀ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հարցին։ «Ցավոք սրտի սահմանային միջադեպերը շարունակցում են, և ցավոք երկու կողմում էլ լինում են զոհեր։ Մեր կոչը մշտապես եղել այն, որ պետք է թույլ չտալ իրավիճակի էսկալացիա։ Նման դեպքերում միշտ փոխադարձ մեղադրանքներ են հնչում, թե ով սկսեց և ինչ արեց։ Լավագույն ձևը սահմանային միջադեպերի հետաքննության գործում մեխանիզմ ունենալն է»,- շեշտեց Փաշինյանը։ Անդրադառնալով ՀՀ ԶՈւ-ին՝ նա նշեց, որ սպառազինության գնումները եռապատկվել են, ձեռք է բերվել ժամանակակից և գերժամանակակից զենք-զինամթերք։ «Զինվորների սննդի, հագուստի նոր կարգերը, բանակում աշխատավարձերի շոշափելի և էական բարձրացումները նպաստել են, որպեսզի մեր ԶՈւ-ի մարտունակությունն էլ ավելի բարձրանա։ ՀՀ Զինված ուժերը պատրաստ են պահել Հայաստանի, իսկ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը՝ Արցախի սահմանների անձեռնմխելիությունը»,- նշեց Փաշինյանը։ Անդրադառնալով Տավուշի և Նախիջևանի ուղղությամբ դիվերսիայի փորձին, կրակիցներին և սահմանին զոհ ունենալու վերջին դեպքերին, նա շեշտեց, որ այդ կապակցությամբ իրականացվել են որոշակի ընթացակարգեր ՀԱՊԿ-ի շրջանակներում
22:04 - 16 մարտի, 2020
Փաշինյանն Արցախում նախագահական ընտրությունները հետաձգելու մասին խոսելու հիմք չի տեսնում


 |armenpress.am|

Փաշինյանն Արցախում նախագահական ընտրությունները հետաձգելու մասին խոսելու հիմք չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում կայանալիք նախագահական ընտրությունները հետաձգելու մասին խոսելու հիմք չի տեսնում: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում՝ պատասխանելով արտակարգ դրության վերաբերյալ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: «Մեր արտակարգ դրությունը կապված է Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի վերջին մեկ շաբաթում վեցապատկման հետ: Արցախում մինչ այս պահը որևէ դեպք չի արձանագրվել, և ես կոչ եմ անում Հայաստանի և Արցախի մեր սիրելի հայրենակիցներին, որ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն ճամփորդեն դեպի Արցախ ու Հայաստան, մանավանդ, որ մենք այսօր նաև այլ սահմանափակումներ ունենք, որոնք պետք է սահմանափակեն շփումներն այդ թվում մեր զինվորների հետ: Այնպես որ, ես հիմք չեմ տեսնում, որ մենք խոսենք Արցախում նախագահական ընտրությունների հետաձգման մասին»,- ասաց Փաշինյանը: Արցախում նախագահական ընտրույունները տեղի կունենան մարտի 31-ին:
21:48 - 16 մարտի, 2020
Կառավարությունը բաժանվել է երկու մասի․ մի մասը զբաղվում է կորոնավիրուսի կանխարգելմամբ, մյուս մասը՝ տնտեսական պրոբլեմները լուծելով․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը բաժանվել է երկու մասի․ մի մասը զբաղվում է կորոնավիրուսի կանխարգելմամբ, մյուս մասը՝ տնտեսական պրոբլեմները լուծելով․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ասաց, թե կան մասնավոր ընկերություններ, որոնք իրենց աշխատողներին զգուշացնում են, որ աշխատանքից բացակայություններն անհարգելի են լինելու և չեն վճարվելու։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե կառավարությունը ինչ գործիքակազմ կարող է կիրառել հարցը լուծելու համար։  Բաքոյանը նաև անդրադարձավ համաշխարհային տնտեսության վերադասավորումներին։ «Մենք պետք է կարողնանք այդ վերադասավորումների մեջ դիրք զբաղեցնել։ Հիմա նավթային շուկաներում գների տատանումներ են տեղի ունենում, շուրջ 50 տոկոսով գները նվազել են, արդյո՞ք մենք պատրաստվում ենք  նավթամթերք գնել, որն ուղղակիորեն կապված է նաև մեր տնտեսության հետ»,- հարցրեց նա։  Պատասխանելով նրա հարցերին՝ վարչապետը նշեց․ «Իհարկե, նավթամթերքի գներն անկում են ապրել, դա բացասական ազդեցություն է ունենալու Ռուսաստանի տնտեսության վրա, արտահանման մեր պոտենցիալի վրա և ենթադրվող տրանսֆերների վրա։ Բայց վառելիքը ենթադրաբար պիտի էժանանա, և եթե այս պրոցեսը շարունակական լինի, գյուղատնտեսական միավոր արտադրանքի ինքնարժեքի նվազում տեղի կունենա։ Գուցե շատ ապրանքներ, որոնք ինքնարժեքի պատճառով նախկինում այլ շուկաներում մրցունակ չէին, հիմա կարող են այդ շուկաներում մրցունակ դառնալ»։ Վարչապետի խոսքով՝ կան նախնական տեղեկություններ, որ, օրինակ, մեզ համար հետաքրքրություն ներկայացնող երկրներից մեկում այս տարի 35 միլիարդ դոլարի գյուղատնտեսական մթերքների շուկա է ի հայտ գալիս կորոնավիրուսի պատճառով։  Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք երկու ուղղությամբ են որոշել աշխատել։ «Առաջին ամենակարևոր խնդիրը, որը պարետատան և պարետի վրա դրված է, հետևյալն է․ նրանք պետք է ապահովեն, որ մենք օր առաջ մարդկանց ոչ թե ասենք՝ տնից դուրս մի՛ եկեք, այլ ասենք՝ դո՛ւրս եկեք, սկսենք աշխատել։ Երկրորդ ուղղությունը հետևյալն է․ մենք տնտեսական հնարավորությունների գեներացմամբ պետք է զբաղվենք, այդ թվում նաև՝ տնտեսվարողներին ինչպես աջակցել, որ դա էլի դառնա ոչ թե սոցիալական նպաստի նման բան, որը մարդուն ավելի ու ավելի հետ է պահում սեփական մրցունակությունն ավելացնելուց, այլ ինչպես աջակցենք, որ այդ աջակցության արդյունքում տնտեսությունը և բիզնեսը դառնան ավելի մրցունակ»։  Փաշինյանը նշեց, որ կառավարությունը բաժանվել է երկու մասի․ մի մասը զբաղվում է կորոնավիրուսի կանխարգելմամբ, մյուս մասը զբաղվում է տնտեսական պրոբլեմները լուծելով և հնարավորություններն օգտագործելով։  
21:00 - 16 մարտի, 2020
Պետք չէ հիմա «խուճապային» գնումներ անել, որեւէ խնդիր չկա. վարչապետ
 |armtimes.com|

Պետք չէ հիմա «խուճապային» գնումներ անել, որեւէ խնդիր չկա. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: Իմ կարծիքով գնաճի դեմ ամենաարդյունավետ պայքարը կարող ենք մենք՝ սպառողներս վարել, երբ որ ի վերջո պայմանավորվենք, որ այսպես խուճապային գնումներ չենք իրականացնում: Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ արտակարգ դրություն հայտարարելու քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի այն հարցին, թե արդյո՞ք պետությունը որեւէ կերպ վերահսկում է կամ պատրաստվում է միջամտել տնտեսվարողների կողմից վարվող գնային քաղաքականությանը, քանի որ երեկվանից տարբեր խանութներում գնաճ է նկատվում՝ սպիրտի եւ առաջնային սպառման ապրանքների: «Իհարկե՝ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պայքարում է այդ երեւույթի դեմ: Բայց իմ կարծիքով գնաճի դեմ ամենաարդյունավետ պայքարը կարող ենք մենք՝ սպառողներս վարել, երբ որ ի վերջո պայմանավորվենք, որ այսպես խուճապային գնումներ չենք իրականացնում: Հիշում եք չէ՞, որ Խորհրդային միության ժամանակներում մեր պապիկները մի անկյուն ունեին՝ օճառ, լուցկի, ձեթ, այդպես ահագին բաներ կար: Պետք չի հիմա այդպիսի գնումներ անել: Ես իսկապես հարցրել եմ, պահանջել եմ, որ ճշմարտությունը ասվի, ոչ մի բան չթաքցվի: Եվ ասում են, որ որեւէ խնդիր չկա»,- ասաց վարչապետը:Ջուլհակյանը հետաքրքրվեց, արդյո՞ք եթե քաղաքացիները նկատեն որոշակի ապրանքների գնաճ կարող են ահազանգել ՏՄՊՊՀ, որպեսզի նրանք զբաղվեն այդ հարցով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այո, իհարկե: Բայց եկեք ասվածով հանդերձ չմոռանանք, որ գնաճի մեջ կա նաեւ օբյեկտիվության խնդիր: Նույն դիմակների հետ կապված իրավիճակը. երբ մենք բոլորս ահազանգում էինք, որ Հայաստանում դիմակներ չկան, դիմակներ չկար նաեւ ամբողջ աշխարհում: Գործարարներ կային, ովքեր կառավարությանն էին դիմել հետեւյալ հարցով՝ ասում էին գտել ենք տեղ, որտեղ կա դիմակ, կարող ենք գնալ եւ բերել, բայց եթե բերենք այդ դիմակը կարժենա 150 դրամ: Հիմա կարո՞ղ է մենք բերենք այդ դիմակը վաճառենք 150 դրամով, ամբողջ կառավարությունն ու հանրությունը հարձակվի մեզ վրա եւ ասի այ սրանք սպեկուլյացիա են անում: Էդ որ ասում են Հայաստանում դիմակ չկա, պատրաստ չէր Հայաստանը, ոչ մի տեղ էլ չկար: Երկրներն արգելք են դրել դիմակների արտահանման վրա»:
20:38 - 16 մարտի, 2020
Վարչապետը հիմնավոր է համարում տոտալ վարկային արձակուրդ չհայտարարելու՝ բանկային համակարգի փաստարկը

Վարչապետը հիմնավոր է համարում տոտալ վարկային արձակուրդ չհայտարարելու՝ բանկային համակարգի փաստարկը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից խոսեց այն մասին, թե ինչու թե ինչու բանկային համակարգը չի հայտարարում տոտալ վարկային արձակուրդ: Նրա խոսքով՝ բանկերն ասում են, որ ասենք, ունեն 100 հաճախորդ, որոնցից 80-ը կամ 85-ը պարտաճանաչ են եւ ունեն վստահելի հարաբերություններ, բայց մյուս 15-ը անպարտաճանաչ են. «Բանկերն ասում են՝ այդ 85-ի հետ մենք կնստենք հատ-հատ կխոսենք, եւ հարցերը կլուծենք, բայց ունենք 15 անպարտաճանաչ հաճախորդ, որոնք կապ չունի՝ հայտարարել ես վարկային արձակուրդ, թե ոչ, իրենք անընդհատ նույն պրոբլեմն են: Ինչու մենք համատարած եւ լավ, եւ վատ հաճախորդին տանք վարկային արձակուրդ: Այն ժամանակ, երբ կորոնավիրուսը չկար, նա նորմալ չէր վճարում, հիմա ասենք՝ եղբայր, հիմա ընդհանրապես մի վճարիր»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս փաստարկը հիմնավոր է համարում։ Ինչ վերաբերում է կառավարության կողմից ձեռնարկվող աջակցության ծրագրերին, վարչապետն ասաց, որ նախ իրենց ընդհանուր պատկերացումը այն է, որ պետք է միջոցառումների արդյունքում պետության ֆիսկալ քաղաքականությունը չխաթարվի․ «Որովհետեւ եթե պետությունը պիտի գործառույթներն իրականացնի, պետք է գեներացնի եկամուտներ։ Գիտակցո՞ւմ ենք արդյոք, որ տնտեսվարողները այս ֆորսմաժորային իրավիճակում կարող են ունենալ դժվարություններ իրենց ֆիսկալ պարտականությունները կատարելու առումով: Այո՛, գիտակցում ենք, եւ դրա համար մենք պատրաստ ենք քննարկել եւ կքննարկենք, թե ինչպես աջակցել էդ մարդկանց, որ իրենց հարկային պարտավորությունները կատարեն»,-ասաց վարչապետը: Նա կարծիք հայտնեց, որ այս ճգնաժամային իրավիճակը ինչքան պրոբլեմներ է ստեղծել կառավարության համար, այնքան էլ  ազատում է ձեռքերը, որ ավելի վստահ լինեն, որ կարողանան հասանելի ֆինանսական միջոցներ ներգրավել եւ ՀՀ-ում իրականացնել այնպիսի կապիտալ ծրագրեր, որոնց վերաբերյալ մի տարի առաջ մտավախություն ունեին, թե մեր պարտքի բեռը կթեթեւանա․ «Հիմա կարող ենք ավելի համարձակ լինել։ Խոսքը մասնավորապես պետական կապիտալ ներդրումների մասին է»,- շեշտեց Փաշինյանը։
20:37 - 16 մարտի, 2020
Որ հետախուզման մեջ ես լինում եւ թաքնվում ես, հասկանալի է, բայց երբ հիվանդ ես եւ թաքնվում ես, այդ թվում՝ բժիշկներից, մի քիչ դժվար է հասկանալ․ Փաշինյան

Որ հետախուզման մեջ ես լինում եւ թաքնվում ես, հասկանալի է, բայց երբ հիվանդ ես եւ թաքնվում ես, այդ թվում՝ բժիշկներից, մի քիչ դժվար է հասկանալ․ Փաշինյան

ՀՀ ողջ տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին ՀՀ կառավարության որոշումը ԱԺ-ում ներկայացնելուց հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը հենց այսօր կայացնելը, ինչու՞ դա չի կայացվել մեկ շաբաթ առաջ։ Նա հարցրեց, թե ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ է կատարել կառավարությունը եւ որո՞նք են այն կրիտիկական հանգամանքները, որոնք որոշիչ դարձան որոշումը հենց այսօր կայացնելու համար։ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ կա պարզ վիճակագրություն․ վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցների թիվը մոտավորապես հնգապատկվել է․ «Ես հիշում եմ, որ ամսի 11-ին մենք ունեինք մոտ 6-7 հիվանդ եւ այս դինամիկան մեզ ստիպել է մտածել, որ՝ չեղավ, այսինքն՝ սովորական միջոցները չեն կանգնեցնում պրոցեսը եւ պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկել։ Վերջին 2 օրերին մենք օրվա մեջ ունենում ենք 3, 4, 5 ախտորոշում եւ երեկ պարզվեց, որ եղել են մարդիկ, որոնք մենք իմացել ենք, որ կոնտակտավոր են եւ 3-4 օր տաքնվում էին։ Իրավապահ մարմիններն էլ Առողջապահության նախարարության հետ հայտնաբերել են այդ մարդկանց։ Որ հետախուզման մեջ ես լինում եւ թաքնվում ես, դա հասկանալի է, բայց, երբ հիվանդ ես եւ թաքնվում ես, այդ թվում՝ բժիշկներից, դա մի քիչ դժվար է հասկանալ»։ Հաջորդ խնդիրը, վարչապետի խոսքով, երեկ Երեւանի արտադրամասերից մեկում գրանցած դեպքն է․ «Երբ նախօրեին մենք դեպք ունեցան, երբ դպրոցականի մոտ ախտորոշվեց, մենք հասկացանք, որ պետք է դիմել արտակարգ միջոցների։ Այն պարագայում, երբ դեպքերի 60 տոկոսը վերաբերում է մի քաղաքի, այնտեղ էլ պետք է արտակարգ գործողություններ կիրառել։ Երեկ մենք Էջմիածնից ելքերն ու մուտքերը սահմանափակել ենք, եւ 129 քաղաքացու, որոնք ջերմում էին, խնդրել ենք, որ տուն վերադառնան, մարդն ասում է՝ չէ, չեմ վերադառնա։ Հանկարծ սա որեւէ մեկի հասցեին մեղադրանք չընկալեք։ Մարդը թերթիկը լրացրել է, բացատրել են, թե ինչ պետք է անի, զանգել են, ասել են՝ ոնց եք զգում, ասել է՝ ոչ մի խնդիր չկա, այցելել են, դուռը ծեծել են, դռան ետեւից ասել է, որ նորմալ է ամեն ինչ։ Ասել են՝ լավ, բացեք, տեսնենք, որ նորմալ է, ասել է՝ չեմ բացում։ Այս դեպքերում պետք է պետությունը լծակ ունենա, եւ ասի՝ չէ, պետք է բացես, եթե չես բացում, դուռը ջարդում եմ, մտնեմ ներս։ Այսինքն՝ հիմա քանի որ վտանգ կա, որ մասշտաբը կարող է փոխվել, դրա համար պետությանը պետք են լիազորություններ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս անհրաժեշտությունն առաջացել է վերջին 4 օրվա ընթացքում․ «Ինչու չէր եղել դա մեկ շաբաթ առաջ․ Արտակարգ դրություն կարելի է սահմանել Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում։ Երբ երկրում կա ախտորոշված մի դեպք եւ նրա բոլոր կոնտակտները հանգստանում են Գոլդեն Փելիսում, որեւէ մեկին չես կարող բացատրել, որ սահմանադրական կարգին եւ մարդկանց առողջությանը վտանգ է սպառնում։ Այսինքն՝ սպառնալիքը պետք է գոյանա, քանի որ մարդու անքակտելի իրավունքը սահմանափող որոշում ենք կայացնում եւ այդ որոշումը չենք կարող ասել՝ գիտեք, դա մոտավորապես նույնն է, երբ հունվարին Նոր տարվա օրերին ասենք քանի որ Չինաստանից համաճարակ է բռնկվել եւ կարող է այդ համաճարակը հասնել Երեւան, հիմա արտակարգ դրություն ենք հայտարարում։ Մեր Սահմանադրությունը դա թույլ չի տալիս եւ ճիշտ է անում։ Քանի դեռ շոշափելի վտանգը անմիջական չի դարձել, հնարավոր չէ այդ որոշումը կայացնել»։
20:26 - 16 մարտի, 2020
Մարզի բնակիչը դիմում է կա՛մ ոստիկանություն, կա՛մ շտապ օգնություն, և այնտեղի բժշկական անձնակազմը հասկանում է՝ այս մարդը պետք է թեստի հասնի՞, թե՞ չէ․ Նիկոլ Փաշինյան

Մարզի բնակիչը դիմում է կա՛մ ոստիկանություն, կա՛մ շտապ օգնություն, և այնտեղի բժշկական անձնակազմը հասկանում է՝ այս մարդը պետք է թեստի հասնի՞, թե՞ չէ․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ նիտին «Լուսավոր Հյաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշնյանին, թե ինչու է որոշվել, որ արտակարգ իրավիճակում պարեկը պիտի լինի ոչ թե վարչապետը, այլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վարչապետը պատասխանեց, որ իրենց գործողությունների տրամաբանությունը եղել է հետևյալը․ հունվարի 30-ից գործող աշխատանքային խումբը փոխել է կարգավիճակը, նոր կարգավիճակով է աշխատում, և հետևաբար, գլխավոր պարեկ է Տիգրան Ավինյանը։ Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի մեկ այլ հարցի, թե արդյո՞ք թիրախային աջակցություն տրվելու է մարդկանց, քանի որ այս օրերին շատերը չեն աշխատելու, վարչապետը պատասխանեց․ «Փորձեմ այս ընթացքում մեր վարած ամբողջ քաղաքականության տրամաբանությունը ներկայացնել։ Այստեղ կա երկու շահ․ մեկը Ձեր ասածն է, որ մարդը, որպեսզի գնա, իր էլեկտրաէներգիայի գումարը վճարի,  եկամուտ պիտի ստանա, երկրորդ շահը այն է, որ նա չվարակվի կորոնավիրուսով։ Եթե մենք այս երկու մոտեցումներից որևէ մեկը բացարձակացնեինք, հաղթահարելը շատ ավելի դժվար էր լինելու, և դրա համար մենք փորձում ենք այպիսի լուծումներ։  Մենք չենք ասել՝ վերջ, բոլոր ռեստորանները Հայաստանում պետք է փակվեն, որովհետև հասկանում ենք, որ այդ միջոցը պետք է արդրացված և արդյունավետ լինի, որովհետև երբ այդ բոլոր ռեստորանները փակում ենք, այդ բոլոր ռեստորանների մատուցողներին ասում ենք՝ դուք այդտեղից եկամուտ չեք ստանալու։ Դրա համար մենք օպերատիվ այդ որոշումները կկայացնենք՝ ըստ համաճարակաբանական իրավիճակի»։ Իսկ Մարուքյանի այն հարցին, թե արդյո՞ք մարզերն ապահովված են լինելու վարակն ախտորոշող թեստերով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ միայն թեստ ունենալը բավարար չէ, պետք է լինեն նաև ախտորոշող լաբորատորիաներ, իսկ այդպիսիք Հայաստանում այս պահին երեքն են։ «Մարզի բնակիչը դիմում է կա՛մ ոստիկանություն, կա՛մ շտապ օգնություն, և այնտեղի բժշկական անձնակազմն արդեն ցուցումներով հասկանում է՝ այս մարդը պետք է թեստի հասնի՞, թե՞ չէ»,- նշեց վարչապետը։
20:12 - 16 մարտի, 2020
Այս պահի դրությամբ մեզ համար իրավիճակը կարելի է համարել կառավարելի․ ամենամեծ ռիսկը կապված է արտադրամասի հետ․ Փաշինյան

Այս պահի դրությամբ մեզ համար իրավիճակը կարելի է համարել կառավարելի․ ամենամեծ ռիսկը կապված է արտադրամասի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացնում է ՀՀ ողջ տարածքում արտակարգ դրություն սահմանելու կառավարության ընդունած որոշումը։ Վարչապետն իր ելույթում մանրամասնեց, թե արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտությունն ինչ հանգամանքի հետ է կապված․ «Մենք մի քանի օր է ուսումնասիրում ենք Արտակարգ իրավիճակներում բնակչությանը աջակցություն ցույց տալու մասին ՀՀ օրենքը, եւ մեզ համար ակնհայտ է, որ այն բացարձակապես չի նախատեսել համաճարակային իրավիճակները։ Ըստ էության, այնտեղ նախատեսված է արտաքին ազդեցության պարագան, երբ տեղի է ունեցել ինչ-որ տեխնածին կամ բնական աղետ, եւ մարդկանց կյանքը պետք է կազմակերպել այդ իրավիճակում։ Այսինքն, ԱԻ ժամանակ բնակչությանը աջակցություն ցուցաբերելու մասին օրենքը նախատեսված է այն դեպքերի համար, երբ վտանգը բխում է մարդկանց արտաքին գործոններից։ Իսկ այն պարագայում, երբ մարդուն վտանգը բխում է ուրիշ մարդուց եւ նրա վարքագծից, այդ դեպքերը կանոնակարգված չեն»,- ասաց Փաշինյանը, հավելելով, որ, ցավոք, մենք վերջին 20 օրվա ընթացքում ականատես ենք լինում դեպքերի, երբ մեր հայրենակիցները միշտ չէ, որ հետեւում են ԱՆ եւ կառավարության առաջարկած վարքագծային կանոններին՝ ապահովելու ինչպես իրենք իրենց, այնպես էլ իրենց միջավայրի, հարազատների եւ ուրիշների անվտանգությունը․ «Շատ դեպքերում իրադարձությունները կարող են զարգանալ այնպես, որ անհրաժեշտ լինի հարկադրանքի միջոցներ ձեռնարկել։ Իսկ այդպիսի միջոցները, որոնք ենթադրում են, որ պիտի տեղի ունենան քաղաքացիների իրավունքների որոշակի սահմանափակումով, ՀՀ Սահմանադրությամբ հնարավոր է կիրառել միայն հանրային առողջությունը պահպանելու պարագայում, իսկ անձնական ազատությունների սահմանափակում հնարավոր է միայն արտակարգ դրության պայմաններում, արտակարգ դրություն էլ հնարավոր է, երբ սահմանադրական կարգի նկատմամբ կա անմիջական սպառնալիք»։ Տվյալ դեպքում, Փաշինյանի խոսքով, անմիջական սպառնալիք է գնահատվել այն, որ, ըստ էության, սպառնալիքի տակ է հայտնվում սոցիալական պետության հայեցակարգը, երբ քաղաքացիները ունեն առողջության, առողջության պահպանման իրավունք, եւ այդ իրավունքը կարող է հայտնվել անպաշտպան իրավիճակում, ու տվյալ դեպքում պետությունը պարտավոր է արտակարգ միջոցներ ձեռնարկել այդ իրավունքը ապահովելու համար․ «Հանրության առողջությունը ապահովելու եւ արտակարգ դրություն մտցնելու մասին որոշմամբ նախատեսված միջոցառումներն ապահովելու համար ստեղծվել է պարետատուն։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվել է պարետ։ Սա, ըստ էության, նոր կարգավիճակ ենք տվել այն աշխատանքային խմբին, որը գործում է 2020 թվականի հունվարի 30-ին․ այդ օրն իմ որոմամբ ստեղծվել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողով՝ Ավինյանի գլխավորությամբ։ Այդ հանձնաժողովին տալիս ենք նոր կարգավիճակ, արտակարգ դրության պայմաններում այդ կարգավիճակը համարվում է պարտեատունը»։ Վարչապետն ԱԺ ամբիոնից հայտնեց, որ այս պահի դրությամբ մեր բոլոր պացիենտները գտնվում են լավ կամ բավարար վիճակում․ «Լավ նորությունն այն է, որ մեր ախտորոշված առաջին պացիենտը բուժվել է, դուրս է գրվել եւ գտնվում է իր տանը։ Ընդ որում՝ տվյալ դեպքում բուժվել ասելը շատ հարաբերական է, որովհետեւ, ըստ էության, մեր առողջապահական համակարգը նրա համար ոչ մի բան չի արել՝ բացի ախտորոշելուց եւ մեկուսացված պահելուց։ Մարդն ուղղակի 14 օր մնացել է հիվանդասենյակում՝ առանց որեւէ բժշկական միջամտության։ Այս ընթացքում թեստը երկու անգամ է կրկնվել․ մի անգամ յոթերորդ օրը, դրական է եղել, մյուս անգամ՝ երեկ է կրկնվել թեստը, բացասական է եղել, նա վերադարձել է բնականոն կյանքին»։ Նա նշեց, որ այս պահի դրությամբ մենք 60-ից բարձր տարիքային խմբի 3 պացիենտ ունենք, նրանցից միայն մեկն է թոքաբորբ տանում, մյուսները նույնիսկ ջերմություն չունեն․ «Այս պահի դրությամբ մեզ համար իրավիճակը կարելի է համարել կառավարելի։ Այսօրվա դրությամբ ամենամեծ ռիսկը կապված է արտադրամասի հետ, որտեղ բավական մեծ թվով մարդ է աշխատում, բայց մենք կարծես թե կարողացել ենք գծանշել շփման շրջանակը, բայց այս դեպքերում երբեք չես կարող 100 տոկոսով համոզված լինել, եւ սա է հենց արտակարգ դրություն սահմանելու որոշման պատճառը»։
19:47 - 16 մարտի, 2020
Ամենամտահոգողն այս պահին Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում ախտորոշված դեպքերն են․ վարչապետ

Ամենամտահոգողն այս պահին Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում ախտորոշված դեպքերն են․ վարչապետ

Ամենամտահոգողն այս պահի դրությամբ երեկ ախտորոշված դեպքերն են, որոնք արձանագրվել են Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում։ Այնտեղ ախտորոշված ներկայացուցիչների հետ շփման շրջանակը պարզման փուլում է, այդ մարդիկ կմեկուսացվեն։ Այս մասին ԱԺ հատուկ նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը։ Նա, մասնավորապես, ասաց․«Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսով հիվանդացությամբ 30 դեպք, որոնցից 19-ը առնչվում են Էջմիածնում տեղի ունեցած հայտնի նշանադրության արարողության հետ, եւս 3 հոգի առնչվում են ախտորոշված առաջին դեպքի հետ, եւ ամենամտահոգող դեպքն այս պահի դրությամբ երեկ ախտորոշվածներն են, որոնք արձանագրվել են Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում։ Այնտեղ ախտորոշված ներկայացուցիչների հետ շփման շրջանակը պարզման փուլում է․ այդ մարդիկ կմեկուսացվեն»։
19:05 - 16 մարտի, 2020