Պետք չէ հիմա «խուճապային» գնումներ անել, որեւէ խնդիր չկա. վարչապետ
 |armtimes.com|
20:38 - 16 մարտի, 2020

Պետք չէ հիմա «խուճապային» գնումներ անել, որեւէ խնդիր չկա. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: Իմ կարծիքով գնաճի դեմ ամենաարդյունավետ պայքարը կարող ենք մենք՝ սպառողներս վարել, երբ որ ի վերջո պայմանավորվենք, որ այսպես խուճապային գնումներ չենք իրականացնում: Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ արտակարգ դրություն հայտարարելու քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի այն հարցին, թե արդյո՞ք պետությունը որեւէ կերպ վերահսկում է կամ պատրաստվում է միջամտել տնտեսվարողների կողմից վարվող գնային քաղաքականությանը, քանի որ երեկվանից տարբեր խանութներում գնաճ է նկատվում՝ սպիրտի եւ առաջնային սպառման ապրանքների:

«Իհարկե՝ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պայքարում է այդ երեւույթի դեմ: Բայց իմ կարծիքով գնաճի դեմ ամենաարդյունավետ պայքարը կարող ենք մենք՝ սպառողներս վարել, երբ որ ի վերջո պայմանավորվենք, որ այսպես խուճապային գնումներ չենք իրականացնում: Հիշում եք չէ՞, որ Խորհրդային միության ժամանակներում մեր պապիկները մի անկյուն ունեին՝ օճառ, լուցկի, ձեթ, այդպես ահագին բաներ կար: Պետք չի հիմա այդպիսի գնումներ անել: Ես իսկապես հարցրել եմ, պահանջել եմ, որ ճշմարտությունը ասվի, ոչ մի բան չթաքցվի: Եվ ասում են, որ որեւէ խնդիր չկա»,- ասաց վարչապետը:

Ջուլհակյանը հետաքրքրվեց, արդյո՞ք եթե քաղաքացիները նկատեն որոշակի ապրանքների գնաճ կարող են ահազանգել ՏՄՊՊՀ, որպեսզի նրանք զբաղվեն այդ հարցով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այո, իհարկե: Բայց եկեք ասվածով հանդերձ չմոռանանք, որ գնաճի մեջ կա նաեւ օբյեկտիվության խնդիր: Նույն դիմակների հետ կապված իրավիճակը. երբ մենք բոլորս ահազանգում էինք, որ Հայաստանում դիմակներ չկան, դիմակներ չկար նաեւ ամբողջ աշխարհում: Գործարարներ կային, ովքեր կառավարությանն էին դիմել հետեւյալ հարցով՝ ասում էին գտել ենք տեղ, որտեղ կա դիմակ, կարող ենք գնալ եւ բերել, բայց եթե բերենք այդ դիմակը կարժենա 150 դրամ: Հիմա կարո՞ղ է մենք բերենք այդ դիմակը վաճառենք 150 դրամով, ամբողջ կառավարությունն ու հանրությունը հարձակվի մեզ վրա եւ ասի այ սրանք սպեկուլյացիա են անում: Էդ որ ասում են Հայաստանում դիմակ չկա, պատրաստ չէր Հայաստանը, ոչ մի տեղ էլ չկար: Երկրներն արգելք են դրել դիմակների արտահանման վրա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել