Կորոնավիրուս

Կրթական հաստատությունները վաղը չեն գործի

Կրթական հաստատությունները վաղը չեն գործի

Մենք կորոնավիրուսի ևս երկու հաստատված դեպք ունենք: Դրանք ոչ թե նոր դեպքեր են, այլ երեկ արձանագրված անձանց հետ կապված են: Հաստատված դեպքերը կապված են թոքաբորբ տանող կնոջ հետ՝ նրա ամուսինն ու մորաքրոջ որդին են: Նրանք երեքն էլ Էջմիածին քաղաքի բնակիչներ են: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որոշեցի ընդհատել իմ արձակուրդը և վաղը կառավարությունում խորհրդակցություն հրավիրել իրավիճակը ամբողջությամբ գնահատելու համար: Վաղը կրթական հաստատությունները չեն աշխատի՝ ո՛չ դպրոցները, ո՛չ բուհերը, ո՛չ էլ նախակրթարանները»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է նա։Վարչապետը նաև հայտնեց, որ վաղը հանրաքվեի քարոզարշավ չի լինի․ «Բնականաբար արդեն ասացի, որ արձակուրդս ընդհատում եմ, և հասկանալիորեն վաղվա մեր քարոզչական միջոցառումները հանրաքվեի պետք է հետաձգվեն, որովհետև վաղն ամբողջությամբ աշխատանքային ռեժիմի մեջ եմ լինելու»։
20:48 - 12 մարտի, 2020
Հիմա էլ հեսա նոր մոդա կընկնի, կսկսեն վախեցնել կորոնավիրուսով․ Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

Հիմա էլ հեսա նոր մոդա կընկնի, կսկսեն վախեցնել կորոնավիրուսով․ Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Մենք ուզում ենք, որ 6 տարին մեկ անգամ լինեն ՍԴ նախագահի ընտրություններ։ Այս մասին այսօր Արենիում քաղաքացիներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հանրաքվեի անհրաժեշտության մասին։ Նա նշեց, որ եթե ոչինչ չփոխենք, ՍԴ-ի նախագահի հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2035 թվականին՝ չնայած մեր Սահմանադրության մեջ գրված է, որ 6 տարին մեկ անգամ պետք է լինեն ընտրություններ, եւ նույն անձը մեկ անգամից ավելի չի կարող լինել ՍԴ նախագահ։ «Բայց Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը մի այնպիսի «աբրա-կադաբրա» են արել, որի արդյունքում ՍԴ նախագահի հաջորդ ընտրությունները պիտի տեղի ունենան ոչ շուտ, քան 2035 թվականին։ Հիմա ոնց որ մենք, ունենալով խորհրդարանական մեծամասնություն, օրենքները փոխենք, ասենք՝ դե, 2018-ին բավականին լավ ընտրություններ եղան, էլ ինչ թիթիզություն է՝ 5 տարին մեկ ընտրություններ անենք, հաջորդ ընտրությունը 2035 թվականին անենք, կլինի՞ տենց բան, չի՛ լինի»,- հայտարարեց վարչապետը։ Նրա պնդմամբ՝ հանրապետականներն իրենց իշխանության ողջ ընթացքում հիմնվել են վախի գործոնի վրա․ «Վախեցրել են ձերբակալություններով, աշխատանքից ազատելով, ֆիզիկական սպառնալիքով, օլիգարխների եւ հանցագործների բանդաներով։ Եվ նրանք այսօր, չնայած իշխանություն չունեն, մեծ խնդիր ունեն նրա հետ, որ այսօրվա ժողովուրդը վախեցած չի»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ նրանք անընդհատ ուզում են ժողովրդին վախեցնել։ Ըստ նրա՝ վախեցնում են պատերազմով, սեռական փոքրամասնություններով, ինքնության կորստով, հիմա էլ, նրա խոսքով, նոր մոդա կընկնի, կսկսեն վախեցնել կորոնավիրուսով։ Փաշինյանն ասաց՝ էական չէ՝ ինչով, նրանց պետք է, որ ժողովուրդը վախեցած լինի, որովհետեւ նրանք ժողովրդի վախի մեջ են տեսնում իրենց փրկությունը։
19:10 - 12 մարտի, 2020
Չեխիայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել |tert.am|

Չեխիայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել |tert.am|

tert.am: Չեխիայում արտակարգ դրություն է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կառավարության նիստի ավարտին հայտարարել է երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը: «Չեխիայում արտակարգ դրություն է սահմանվում հինգշաբթի 14:00-ից ըստ կենտրոնական եվրոպական ժամանակի (երևանյան 17:00): Այն կգործի 30 օր»,- ասել է գործիչը:   Ներկա պահին երկրում 96 հոգի հաստատվել է որպես կորոնավիրուսի վարակակիր: Իշխանություններն արգելել են նաև մուտքը երկիր կորոնավիրուսի տարածման օջախ հանդիսացող 13 պետություններից: Խոսքը Չինաստանի, Հարավային Կորեայի, Իրանի, Իտալիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Բելգիայի և Մեծ Բրիտանիայի մասին է: Չեխիայի քաղաքացիներին նույնպես արգելվել է այցելել այդ երկրներ:
18:56 - 12 մարտի, 2020
Սիրիայում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը

Սիրիայում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը

Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ ս.թ. մարտի 15-ից Սիրիայում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Սիրիայում ՀՀ դեսպանությունը: «Միևնույն ժամանակ հորդորում ենք Սիրիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին (ռեզիդենտ) կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր /մարզ, քաղաք/ և շուրջօրյա հասանելի բջջային հեռախոսահամար) ստորև նշված էլ-փոստի հասցեին։ Հիշեցնում ենք, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը»,- ասված է հաղորդագրության մեջ։
18:48 - 12 մարտի, 2020
Հայաստանում հակահամաճարակային միջոցառումների մասին (տեսանյութ)

Հայաստանում հակահամաճարակային միջոցառումների մասին (տեսանյութ)

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը պատասխանում է կորոնավիրուսային հիվանդությանը վերաբերյալ հաճախ տրվող հարցերին.✅ Ինչո՞ւ չեն մեկուսացվում Հայաստան ժամանողները:✅ Արդյո՞ք օդանավակայանում միայն ջերմաչափումն իրականացնելը բավարար միջոց է հիվանդների հայտնաբերման համար:✅ Ի՞նչ է նշանակում «եղել են հսկողության տակ»։ Տեղյա՞կ եք այդ մարդկանց բոլոր տեղաշարժերից և շփումներից։✅ Ինչպե՞ս են կոնտակտավորները մեկուսացվում. տեղափոխվելու են ինչ-որ տեղ, թե՞ մնալու են իրենց տներում։ Եթե վերջինը, ապա ինչպե՞ս է վերահսկվելու իրենց մեկուսացումը։✅ Ի՞նչ պետք է անեն այն մարդիկ, ովքեր նոր ժամանել են արտերկրից:✅ Ի՞նչ աշխատանքներ են տարվում անհրաժեշտության դեպքում միջոցառումներ ձեռնարկելու համար:
18:37 - 12 մարտի, 2020
Իտալիայից Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի

Իտալիայից Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մարտի 12-ին կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:  Փոխվարչապետն ասել է. «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, Հերթական անգամ հավաքվել ենք կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի մեր նիստին ու բոլորդ գիտեք, որ ունենք ևս մի քանի դեպք արձանագրված երեկ: Նաև վիրուսի կրողների հետ ուղիղ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է: Նրանք նույնպես կարանտինային պայմաններում կպահվեն մոտակա 14 օրերին: Մենք ունենք ևս մեկ թռիչք կիրակի օրը, որը կազմակերպում է ՀՀ կառավարությունը` «Արմենիա միջազգային օդանավակայանների» ու հայկական ավիափոխադրողներից մեկի հետ: Կարծում եմ նաև կքննարկենք այն հարցը, թե ինչ միջոցառումների կարիք կլինի այն անձանց դեպքում, որոնք այդ թռիչքով վերադառնում են Հայաստան ու կկայացնենք որոշումներ: Կարծում եմ նաև պետք է անդրադառնանք որոշակի պատասխանատվության ինստիտուտի ներդրմանը կամ ավելի կոնկրետ հասկանանք, թե ինչպես կարող ենք ապահովել տնային մեկուսացման մեջ գտնվող անձանց փաստացի մեկուսացման արդյունավետությունը: Նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս բոլոր երկիր մուտք գործողներին մեկուսացնել ու կարանտինային գոտում պահել և դա ֆիզիկապես անհնար է: Բայց տնային մեկուսացման մեջ գտնվողների վերահսկողությունն իրականացնելու համար, կարծում եմ, այդ քննարկումը այսօր այստեղ պետք է տեղի ունենա ու կրկին պետք է որոշումներ կայացնենք այդ առումով»: Նիստի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի կանխարգելման նպատակով արտաքին ու ներքին միջոցառումներին վերաբերող հարցեր, վարակի տնտեսական ազդեցությունները, ինչպես նաև իրավիճակի հավանական զարգացումների սցենարները: Որոշվել է, որ կիրակի՝ մարտի 15-ին Իտալիայից Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի: Առողջապահության նախարարությանը հանձնարարվել է Արդարադատության նախարարության հետ միասին առաջարկել տարբերակներ տնային ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ: Փոխվարչապետի կողմից հանձնարարվել է բոլոր պետական գերատեսչություններում առավել խստացնել կանխարգելիչ բժշկական միջոցառումները:
17:48 - 12 մարտի, 2020