ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել անձնական օգտագործման նպատակով ժամանակավոր ՀՀ ներմուծված մեքենաների վերաբերյալ

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել անձնական օգտագործման նպատակով ժամանակավոր ՀՀ ներմուծված մեքենաների վերաբերյալ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Անձնական օգտագործման նպատակով ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցները մինչև 2021թ. սեպտեմբերի 30-ը ՀՀ տարածքից չարտահանելու դեպքում կծագեն պարտավորություններ:  «Ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ 2020  թվականի մայիսի 28-ից ուժի մեջ է մտել ԵՏՀ խորհրդի թիվ 47 որոշումը, որի արդյունքում անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամկետները երկարաձգվել են մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը։ Ֆիզիկական անձանց համար բացասական ֆինանսական հետևանքները կանխելու նպատակով՝ օտարերկրյա պետությունում գրանցված տրանսպորտային միջոցները անհրաժեշտ է մինչև 2021թ. սեպտեմբերի 30-ը արտահանել Հայաստանի Հանրապետության տարածքից։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ այդ ժամկետում տրանսպորտային միջոցները չարտահանելու դեպքում ֆիզիկական անձինք կվճարեն տուգանքներ։ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ի կետի համաձայն՝ հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա դրությամբ այդ տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով»:
15:08 - 14 հուլիսի, 2021
ՊԵԿ-ն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանմանը․ ԶՊՄԿ

ՊԵԿ-ն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանմանը․ ԶՊՄԿ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ հայտարարությունը. 1) «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) փակ բաժնետիրական ընկերության կողմից 2021 թվականի հունիսի 30-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական եկամուտների կոմիտե են ներկայացվել ԱՏԳԱԱ 72027000000 ծածկագրով դասակարգվող 140,000 կգ նետտո քաշով ֆերրոմոլիբդեն արտահանելու թույլտվություն հայցելու վերաբերյալ գրություններ, սակայն մինչ օրս համապատասխան թույլտվություններ առանց որևէ հիմնավորման չեն տրամադրվել։ Արտահանման ենթակա բեռը բարձված է եղել թվով 7 բեռնատար մեքենաներում, որոնք գնորդ կազմակերպությունների պահանջով ներկայումս բեռնաթափված են։ Արտահանում չի իրականացվել։ 2) «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից թիվ 05100010/060721/0039779, 05100010/070721/0040137 և 05100010/090721/0040891 ապրանքների հայտարարագրերով 2021 թվականի հուլիսի 6-ին, 7-ին և 9-ին «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվել է, համապատասխանաբար, 1 607 650կգ (24 երկաթուղային վագոն), 792 300կգ (12 երկաթուղային վագոն), 2 592 150կգ (39 երկաթուղային վագոն) պղնձի խտանյութ։ Հայտարարագրերը սահմանված կարգով ենթարկվել են մաքսային գրանցման, և մաքսային գործառույթների համար համապատասխան պետական տուրքերը վճարվել են, սակայն մինչ այժմ բեռի բացթողում չի իրականացվել՝ առանց որևէ հիմնավորման: Արտահանում չի իրականացվել։ 3) ՀՀ ՊԵԿ համապատասխան պաշտոնատար անձանց վերը նշված գործողություններին (անգործությանը) համապատասխան քրեաիրավական գնահատական տալու համար՝ ընկերության կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ իրավապահ մարմիններին։
12:18 - 14 հուլիսի, 2021
Ավելի քան 34 կգ ապօրինի դեղորայք. ՊԵԿ-ը բացահայտել է դեղամիջոցների ապօրինի ներմուծման դեպք

Ավելի քան 34 կգ ապօրինի դեղորայք. ՊԵԿ-ը բացահայտել է դեղամիջոցների ապօրինի ներմուծման դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է ավելի քան 34 կգ դեղամիջոցների ապօրինի ներմուծման դեպք: Այն փորձել են փոխադրել «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետով: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ եղել են ոչ միայն դեղամիջոցներ, այլև դեղերի  դատարկ մեծաքանակ տուփեր՝ ավելի քան 6 կգ քաշով: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների մասնակցությամբ օրերս «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետում հայտնաբերվել և կանխվել է ավելի քան 34 կգ քաշով տարբեր տեսակի դեղամիջոցների և դրանց համար նախատեսված տուփերի անօրինական ներմուծման դեպք:  Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հսկողություն են իրականացրել Վրաստանից Հայաստան ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գ. Մ.-ի կողմից շահագործվող ավտոմեքենայում: Արդյունքում նշված ավտոմեքենայի սրահի վահանակի, հետևի թափարգելի, բեռնախցիկի դռան և վառելիքի բաքի միջից հայնտաբերվել են մաքսային հսկողությունից թաքցրած 6,45 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղամիջոցների թղթյա տուփեր, ինչպես նաև մոտ 28 կգ ընդհանուր քաշով 38 տարբեր անվանումներով տարբեր տեսակի դեղամիջոցներ։ Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:
11:51 - 12 հուլիսի, 2021
ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ․ 2-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը. «Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող  110 հարկ վճարողների մոտ 2021թ․ 2-րդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է աշխատողի չձևակերպման 24 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 91 դեպք: Իսկ խոշոր՝ 2019 թվականի արդյունքներով 400.0 միլիոն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած 64 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 14 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 57 դեպք: Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ:
17:22 - 08 հուլիսի, 2021
Մաքսային վարչարարության գնահատման ծրագիրն ավարտվել է. ՊԵԿ աշխատանքային խմբին ներկայացվել են ուսումնասիրության արդյունքները

Մաքսային վարչարարության գնահատման ծրագիրն ավարտվել է. ՊԵԿ աշխատանքային խմբին ներկայացվել են ուսումնասիրության արդյունքները

Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող մաքսային վարչարարության գնահատման ծրագիրն ավարտվել է։ 11 ամիսների ընթացքում Եվրոպական միության կողմից ընդունված չափանիշների համաձայն գնահատվել են Հայաստանում մաքսային օրենսդրությունը, վարչարարության տարբեր ուղղությունները, ինչպես նաև մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումները, տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։Պետական եկամուտների կոմիտեում ստեղծված աշխատանքային խմբի հետ ամենօրյա աշխատանքի արդյունքում ուսումնասիրություն է իրականացվել 20 ուղղություններով: Արդյունքում կոմիտեին ներկայացվել են մաքսային վարչարարության առանձին ուղղությունների կատարելագործման առաջարկներ և եվրոպական չափանիշներին հասնելու հետագա գործողությունների նախնական ծրագիր։ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակում կատարված մաքսային վարչարարության գնահատումը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել Հայաստանի մաքսային համակարգը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը, վերացնել հայտնաբերված թերությունները, ինչը դրականորեն կանդրադառնա առևտրի դյուրացման և կայուն եկամուտների ապահովման գործընթացների վրա:
14:57 - 08 հուլիսի, 2021
Մեքենաների չմաքսազերծելու հետևանքով պետական բյուջե չի վճարվել մոտ 85 միլիոն դրամ. ՊԵԿ

Մեքենաների չմաքսազերծելու հետևանքով պետական բյուջե չի վճարվել մոտ 85 միլիոն դրամ. ՊԵԿ

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող 5 ֆիզիկական անձի անունով 2020թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ճապոնիայից Հայաստանի տարածք է ներմուծվել 11 հատ տրանսպորտային միջոց, որոնք  սահմանված ժամկետներում չեն մաքսազերծվել և չեն ստացել պետական հաշվառում։ Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 4 բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ և բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հիշյալ ֆիզիկական անձանց մոտ ներմուծված տրանսպորտային միջոցները չեն հայտնաբերվել, սակայն փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քաղաքացի Հ․Հ․-ն իր և 4 այլ անձանց անունով կազմակերպել է հիշյալ 11 տրանսպորտային միջոցի ներմուծումը ՀՀ տարածք և այդ ավտոմեքենաներն առանց մաքսազերծման ու պետական հաշվառում ստանալու՝ մասնատվել են ու մաս-մաս վաճառվել։ Ավտոմեքենաները սահմանված կարգով չմաքսազերծելու արդյունքում պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափի՝ 85,388,119 ՀՀ դրամ մաքսային վճարներ։  Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից մեկի գործունեության վայրում կատարվել է տեղանքի զննություն, որի արդյունքում՝ մասնատված վիճակում հայտնաբերվել է Հ․Հ․-ի անունով 2020թ-ի նոյեմբեր ամսին ներմուծված «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան։ Հատկանշական է, որ հիշյալ ավտոմեքենայի նույնականացման համարները վնասված են եղել, բացի մեկից, որի արդյունքում էլ հնարավոր է եղել նույնականացնել ավտոմեքենան։ ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից հանցագործության առարկա հանդիսացող հիշյալ տրանսպորտային միջոցն առգրավվել է։ Դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Oպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունները շարունակվում են՝ հանցավոր շղթայում ներգրավված բոլոր մասնակիցներին պարզելու և մնացած տրանսպորտային միջոցները հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
17:01 - 07 հուլիսի, 2021
Հուլիսի 13-ից կսահմանափակվեն Բագրատաշենի, Գոգավանի-Պրիվոլնոյեի, Այրում-Ջիլիզայի, Բավրայի և Մեղրիի մաքսային կետ-բաժիններում իրականացվող մաքսային գործառնությունները

Հուլիսի 13-ից կսահմանափակվեն Բագրատաշենի, Գոգավանի-Պրիվոլնոյեի, Այրում-Ջիլիզայի, Բավրայի և Մեղրիի մաքսային կետ-բաժիններում իրականացվող մաքսային գործառնությունները

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահի 2021թ-ի հուլիսի 2-ի թիվ 655-Լ հրամանի հրամանի համաձայն, հուլիսի 13-ից սկսած Հայաստանի Հանրապետության Բագրատաշենի, Գոգավանի-Պրիվոլնոյեի, Այրում-Ջիլիզայի, Բավրայի և Մեղրիի մաքսային կետ-բաժիններում կարող են իրականացվել բացառապես անձնական օգտագործման ապրանքների, «արտահանում», «վերաարտահանում», «ժամանակավոր արտահանում», «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով հայտարարագրված և (կամ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների մաքսային հայտարարագրման և բացթողնման մաքսային գործառնությունները: Նշված ընթացակարգերից տարբերվող մաքսային ընթացակարգերով անձնական օգտագործման ապրանք չհանդիսացող ԱՏԳ ԱԱ 01-08 ապրանքային խմբերում դասակարգված (կենդանի կենդանիներ, ձկնեղեն, մսամթերք, կաթնամթերք, միրգ, բանջարեղեն և այլն) շուտ փչացող ապրանքների մաքսային հայտարարագրման և բացթողնման մաքսային գործառնությունները նույնպես կիրականացվեն մաքսային կետ-բաժիններում: Մյուս բոլոր այլ դեպքերում՝ մաքսային հայտարարագրման և բացթողնման մաքսային գործառնությունները կիրականացվեն Պետական եկամուտների կոմիտեի այն կառուցվածքային ստորաբաժանումում, որի գործունեության տարածքն ընդգրկում է տեղափոխվող ապրանքների նշանակման վայրը կամ ՊԵԿ այն կառուցվածքային ստորաբաժանումում, որը հանդիսանում է մաքսային կետ-բաժինն ընդգրկող մաքսատուն-վարչությունը՝ ТТ ИМ տեսակի «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով սահմանված կարգով լրացված մաքսային հայտարարագրի հիման վրա:
12:52 - 06 հուլիսի, 2021
ՊԵԿ-ն առաջին կիսամյակում ապահովել է 750.2 մլրդ դրամ հարկային եկամուտ

ՊԵԿ-ն առաջին կիսամյակում ապահովել է 750.2 մլրդ դրամ հարկային եկամուտ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2021 թվականի 1-ին կիսամյակում ապահովել է 750.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ծրագրային ցուցանիշը 1-ին կիսամյակի համար սահմանված է եղել 697.7 մլրդ. դրամ, այսինքն՝ գերակատարումը կազմել է 52.5 մլրդ դրամ կամ 7.5%: Միաժամանակ, հարկ վճարողներին է վերադարձվել 83.8 մլրդ դրամ: 2020թ. նույն ժամանակաշրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 680.3 մլրդ դրամ, 2019թ-ին՝ 713.4 մլրդ դրամ, իսկ 2018թ-ին՝ 572.9 մլրդ դրամ: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 69.9 մլրդ դրամով կամ 10.3%-ով, 2019թ. հունվար-հունիս ամիսների համեմատ՝ 36.8 մլրդ դրամով կամ 5.2%, 2018թ. հունվար-հունիս ամիսների համեմատ՝ 177.3 մլրդ դրամով կամ 30.9%: Աճել են նաև հարկ վճարողներին վերադարձված գումարները: 2020թ. հունվար-հունիս ամիսների համեմատ աճը կազմել է 18.5 մլրդ դրամ կամ 28.3%, 2019թ. հունվար-հունիս ամիսների համեմատ՝ 31.6 մլրդ դրամ կամ 60.7% և 2018թ. հունվար-հունիս ամիսների համեմատ՝ 34.8 մլրդ դրամ կամ 71.0%:
11:29 - 01 հուլիսի, 2021
Բացահայտվել է սոցիալական ցանցի միջոցով առանց լիցենզիայի դեղամիջոցների առևտուր իրականացնելու դեպք. ՊԵԿ

Բացահայտվել է սոցիալական ցանցի միջոցով առանց լիցենզիայի դեղամիջոցների առևտուր իրականացնելու դեպք. ՊԵԿ

Տնտեսական գործունեության կանոնների նույնիսկ ամենափոքր շեղումն անմիջապես Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ աշխատակիցների տեսադաշտում է հայտնվում: Այս անգամ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ուշադրությունը գրավել է Հայաստանում չգրանցված ցավազրկողի և կենսական ակտիվ հավելումների մասին հայտարարությունը Facebook.com սոցիալական ցանցի VITAMINNER.COM էջում: Կասկած են հարուցել ապրանքների գները, դրոշմապիտակների և մատակարարման հասցեների բացակայությունը: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը: Իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ՀՕՀ վարչության ոլորտային թիվ 7 բաժինը պարզել է, որ սոցիալական ցանցի նշված էջը պատկանում է Երևանի բնակչուհու: Նախապատրաստական և ստուգողական աշխատանքներին հաջորդել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Անմիջական գործարքի գնալով կասկածելի գործով զբաղվողների հետ և որպես գնորդ ներկայանալով` վարչության աշխատակիցները կանխիկ եղանակով ձեռք են բերել 12 տուփ Հայաստանում չգրանցված «ADVIL» դեղամիջոց և բացահայտել իրական սխեման: Պարզվել է, որ քաղաքացի Ա.Կ.-ն, ստանալով պատվերը, էլեկտրոնային եղանակով վճարման միջոցով ապրանքներ է ձեռք բերել «AMAZON» առցանց խանութ-հարթակից և տեղափոխել Հայաստան: 2020 թվականի դեկտեմբերին քաղաքացին ստեղծել է նաև «VITAMINNER.COM» ֆեյսբուքյան էջը և մինչև 2021 թվականի հունիս ամիսն իրացրել է 385 000 դրամի վիտամիններ և դեղամիջոցներ։ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դեղամիջոցների առևտուրը ՀՀ-ում ենթակա է լիցենզավորման: Մինչդեռ քաղաքացին, չունենալով պետական գրանցում և հաշվառված չլինելով հարկային մարմնում, իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն: Կատարվում են օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ պետությանը պատճառված վնասը լիարժեք պարզելու նպատակով: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից հիշեցնում են, որ ներկայում համացանցային առևտրով զբաղվողներն ապրանքների վաճառքը փաստաթղթավորելու մի քանի տարբերակ ունեն: Եթե նախկինում պարտավոր էին միայն հարկային հաշիվ և հաշիվ վավերագիր դուրս գրել, իսկ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնն ուղեկցող փաստաթուղթ չէր համարվում, ապա այժմ այս տարբերակը նույնպես թույլատրվում է։ Բացի այդ, ՀՀ հարկային օրենսգրքի 380.1 հոդվածի համաձայն` ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ գործիքը։ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը վստահեցնում է՝ օրինականության սահմաններից տնտեսական գործունեության ցանկացած շեղում վարչության դիտակետում է․ վիրտուալ, թե իրական տիրույթում խախտումների բոլոր փորձերը կանխվելու են:
13:07 - 30 հունիսի, 2021
ՊԵԿ-ում ստորագրվել է էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման պիլոտային ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը

ՊԵԿ-ում ստորագրվել է էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման պիլոտային ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը

Հունիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության դաշնային հարկային ծառայության միջև ստորագրվել է «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների միջև վստահված երրորդ կողմի մեխանիզմի կիրառմամբ անդրսահմանային առևտրի ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման պիլոտային ծրագրի իրականացման մասին» ճանապարհային քարտեզը: Ճանապարհային քարտեզը ստորագրել են ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը և ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Եգորիչևը:  Ճանապարհային քարտեզի նպատակն է երկու պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման ոլորտում փոխհամագործակցության խորացումը՝ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Նախագծի գործարկմամբ երկու երկրների հարկ վճարողներին հնարավորություն կընձեռվի փոխադարձ առևտրի շրջանակում էլեկտրոնային եղանակով փոխանակվել հաշվարկային փաստաթղթերով։  Ճանապարհային քարտեզի արդյունավետ իրականացումը թույլ կտա հետագայում կիրառել էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման հայ-ռուսական լավագույն փորձը Եվրասիական տնտեսական միության այլ երկրների հետ: Ճանապարհային քարտեզի իրականացման շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային հարկային ծառայության միջև գործակցությունը ամուր հիմք կհանդիսանա ժամանակակից մարտահրավերների հաղթահարման, ինչպես նաև տեղեկությունների փոխանակման արդյունավետ ապահովման համար: 
17:30 - 25 հունիսի, 2021
ՍՊԸ-ն առանց համապատասխան հաշիվ-ապրանքագրեր կազմելու, տարբեր անձանց և տնտեսվարողների վաճառել է ցորեն, ալյուր և այլ հացահատիկեղեն. ՊԵԿ 2 հարկային տեսուչի և ՍՊԸ տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՍՊԸ-ն առանց համապատասխան հաշիվ-ապրանքագրեր կազմելու, տարբեր անձանց և տնտեսվարողների վաճառել է ցորեն, ալյուր և այլ հացահատիկեղեն. ՊԵԿ 2 հարկային տեսուչի և ՍՊԸ տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2018-2019թթ. ցորենի ներմուծմամբ, ալյուրի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ՍՊ ընկերությունն առանց համապատասխան հաշիվ-ապրանքագրեր կազմելու, տարբեր անձանց և տնտեսվարողների վաճառել է ցորեն, ալյուր և այլ հացահատիկեղեն, որի հետևանքով ընկերությունում առաջացած ալյուրի և ցորենի պակասորդին օրինական ձևակերպում տալու նպատակով՝ 2018թ. ապրիլի 9-ից մինչև 2019թ. փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում մի շարք անհատ ձեռնարկատերերի անունով ՍՊ ընկերության կողմից դուրս են գրվել «Անապրանք» հարկային հաշիվներ: Այս մասին հայտնում է ՔԿ-ն: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. փետրվարի 17-ից մինչև մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում նշված ընկերությունում իրականացված համալիր հարկային ստուգման շրջանակներում ՀՀ ՊԵԿ երկու հարկային գլխավոր հարկային տեսուչներ, պարզելով, որ  ՍՊ ընկերության կողմից գործունեությունը դադարեցրած հինգ տնտեսվարողների անվամբ դուրս են գրվել հարկային հաշիվներ և կասկածներ ունենալով դրանց «անապրանք» լինելու վերաբերյալ, 2020թ. փետրվարի 17-ին ՍՊ ընկերության Էջմիածին քաղաքում գտնվող արտադրամասում իրականացրել են գույքագրում: Արդյունքում պարզվել է, որ հաշվապահական հաշվառման տվյալների հետ համեմատած՝ առկա է ընդհանուր 192.386.284 ՀՀ դրամի ցորենի և ալյուրի ծավալների պակասորդ, որի մասին տեսուչները հայտնել են հաշվարկների մասնակից՝ ՍՊ ընկերության հաշվապահական հաշվառումն իրականացնող ՍՊԸ տնօրենին: Ցորենի ներմուծմամբ, ալյուրի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ՍՊԸ տնօրենը, տեղեկանալով, այս մասին և մտավախություն ունենալով, որ ստուգման ընթացքում, բացի պակասորդից, կբացահայտվեն նաև ընկերության կողմից իրականացված վերոհիշյալ «անապրանք» գործարքները ևս, ՊԵԿ տեսուչների կողմից հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց իր կողմից կաշառք տալու մտադրության մասին տեղեկացրել է հաշվապահական հաշվառումն իրականացնող ՍՊԸ տնօրենին:  Վերջինս հեռախոսազանգերի միջոցով կազմակերպել է ՍՊ ընկերության տնօրենի և հարկային տեսուչների հանդիպումն իր գրասենյակում՝ իր հերթին խնդրելով նախքան ակտը կազմելը հանդիպել և քննարկել: 2020թ. մարտի 3-ին նշված գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ տեսուչները ՍՊ ընկերության տնօրենի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ չկատարելու համար, վերջինիցս որպես կաշառք պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 14.807.400 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար գումար: ՍՊԸ տնօրենն ընդունելով առաջարկը՝ միաժամանակ հայտնել է, որ պահանջված գումարը միանգամից տալու հնարավորություն, չունի: Վերջինս խնդրել է այն վճարել մաս-մաս՝ 10.000 ական ԱՄՆ դոլարով՝ խոստանալով առաջին մասը տալ ստուգման զրոյական ակտը ստանալու օրը: Համաձայնելով առաջարկի հետ՝ տեսուչներից մեկը հաշվապահական հաշվառումն իրականացնող ՍՊԸ տնօրենին դրդել է 2020թ. փետրվարի 19-ի թվագրմամբ կազմել գույքագրման նոր ակտ և ընկերության մնացորդը նշել հաշվապահական հաշվառման տվյալներին համապատասխան՝ հայտնաբերված պակասորդը քողարկելու, հետևաբար նաև այն չարձանագրելու, այդ հիմքով տուգանք չկիրառելու համար: ՀՀ ՊԵԿ աշխատակիցները, ՍՊԸ տնօրենից կաշառք ստանալու շուրջ ձեռք բերված հանցավոր պայմանավորվածությունից, ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ և ՍՊԸ-ում անցկացված ստուգման արդյունքներով 2020թ. մարտի 19-ին կազմելով պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող ակտը՝ դրանում տվյալներ չեն նշել ստուգման արդյունքներով հայտնաբերված պակասորդի, դրանից բխող կիրառելի 96.193.142 ՀՀ դրամ տուգանքի մասին, փոխարենը՝ կեղծ տվյալներ են ներառել ստուգման արդյունքներով խախտումներ չհայտնաբերելու մասին՝ դրանով իսկ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: Նշված ստուգման ակտը կազմելուց հետո, այն ՍՊԸ տնօրենի ստորագրմանը ներկայացնելու և պայմանավորված կաշառքի գումարի մի մասը ստանալու նպատակով ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում 2020թ. մարտի 20-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում ՍՊԸ տնօրենը հանդիպել է տեսուչներից մեկին, նրան փոխանցել խոստացած կաշառքի գումարի մի մասը՝ 4.000.000 ՀՀ դրամը, իսկ վերջինս ՍՊԸ տնօրենին է փոխանցել խախտումներ չհայտնաբերելու մասին ստուգման ակտը: Կաշառքի գումարը փոխանցելուց անմիջապես հետո ՍՊԸ տնօրենը և տեսուչներից մեկը բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հարկային տեսուչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ ՍՊԸ տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշված երեք մեղադրյալների վերաբերյալ քրեական գործից մասն անջատվել և առանձնացվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:
17:41 - 24 հունիսի, 2021
Աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

Աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ապա դիմելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ խնդրեց մանրամասներ ներկայացնել: «2021 թվականի մայիս ամսվա վերաբերյալ հայտարարագրված 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի քանակը կազմել է 635 հազար: Այս ցուցանիշն աննախադեպ է եւ գերազանցել է 2020 թվականի սեպտեմբերին արձանագրված ամենաբարձր՝ 632 հազար ցուցանիշին: Այս ցուցանիշը ավելի է 2020 թվականի, 2019-ի եւ 2018-ի համադրելի տվյալներից: 2020-ի մայիսից ավելի է 34 հազարով, 2019-ի համեմատ՝ 37 հազարով եւ 2018-ի համեմատ՝ 87 հազարով: Աճել է նաեւ եկամտի չափը՝ կազմելով 134.7 մլրդ դրամ, այն 2020-ի համադրելի ցուցանիշից ավելի է 22 մլրդ-ով, 2019-ից՝ 25 մլրդ-ով եւ 2018-ից՝ 38 մլրդ-ով»,- մանրամասնեց Հովհաննիսյանը: Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ, մասնագետների խոսքով, սեպտեմբեր ամիսը սովորաբար ամենաբարձր ամիսն է աշխատատեղերի առումով. «Ենթադրում եմ, որ մենք այս ցուցանիշը կգերազանցենք նաեւ սեպտեմբերին: Էլի ուզում եմ ասել, որ, փաստորեն, 2021-ի մայիսին մենք ունենք 86 հազար 962-ով կամ 15 տոկոսով ավելի աշխատատեղ, քան 2018-ի մայիսին»: Նա նշեց, որ աշխատավարձերի ֆոնդը 2018-ի մայիսի համեմատ աճել է 38 մլրդ դրամով կամ 39 տոկոսով: 1 մարդու միջին աշխատավարձն աճել է 35 հազար 714 դրամով կամ 20.2 տոկոսով: «Իհարկե, մենք այստեղ շարունակաբար միշտ այդ հարցի առաջ ենք կանգնում, թե որքանով են այս թվերն ապահովում ստվերից դուրս եկած աշխատատեղերի եւ որքանով նոր աշխատատեղերի շնորհիվ: Այնուամենայնիվ, մեր վերլուծությունների եւ քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ հիմա շինարարության ոլորտում որոշակի աճ կա, եւ այդ ոլորտում աշխատատեղերի աճ է զգացվում: Նաեւ զբոսաշրջության դանդաղ, սակայն հաստատուն վերականգնման գործընթաց ունենք: Հանրային սննդի ոլորտն է հաջորդ ամենախոշոր սեգմենտը, որտեղ աշխատատեղերի աճ ունենք»,- եզրափակեց վարչապետի պաշտոնակատարը:
11:52 - 24 հունիսի, 2021
Ներդրվում է էլեկտրոնային ՀԴՄ համակարգ՝ օնլայն առևտուրը խթանելու համար

Ներդրվում է էլեկտրոնային ՀԴՄ համակարգ՝ օնլայն առևտուրը խթանելու համար

Հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) արդիականացման և հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով, կառավարության որոշմամբ, ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգը։ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, անկախ նրանից՝ կազմակերպությունը խոշոր է, թե փոքր, և ինչ հարկման ռեժիմով է աշխատում, եթե առևտուրն իրականացնում է ինտերնետ հարթակով, կարող է կիրառել էլեկտրոնային ՀԴՄ։ «Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների համար գեներացնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն: Էլեկտրոնային ՀԴՄ-ի ծրագրային ապահովումն իրականացնում է տնտեսվարողը։ Իսկ ՊԵԿ-ն ապահովում է էլեկտրոնային ՀԴՄ-ի և կոմիտեի միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը», - ասված է հաղորդագրությունում: Էլեկտրոնային ՀԴՄ գրանցելու համար հարկ վճարողը պետք է հարկային մարմնին դիմում ներկայացնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Տվյալները լրացնելուց հետո հարկ վճարողը դիմումին պատասխան ստանում է սերտիֆիկատ։ Այն ապահովում է տվյալների անվտանգ փոխանակումը։Պարտադիր պայման է՝ էլեկտրոնային կտրոնի վրա պետք է լինի ապրանքների անվանացանկը և QR կոդ, որը պարունակում է կտրոնի ամփոփ տեղեկատվությունը։ Էլեկտրոնային ՀԴՄ-ն գործում է օնլայն ռեժիմում, իսկ վճարումը կարելի է կատարել կանխիկ և անկանխիկ եղանակով: Հարկ վճարողները կարող են էլեկտրոնային կտրոնը տպել կամ էլեկտրոնային տարբերակով փոխանցել քաղաքացուն։
17:18 - 23 հունիսի, 2021
ՊԵԿ-ը բացահայտել է համացանցի միջոցով առևտրի անօրինական գործունեության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է համացանցի միջոցով առևտրի անօրինական գործունեության դեպք

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության դիտակետում է հայտնվել համացանցի միջոցով անօրինական առևտրի հերթական փորձը: Մասնավորապես, List.am կայքում «Suren» օգտատիրոջ դրսևորած վարքագիծը կասկած է հարուցել վարչության ոլորտային թիվ 3 բաժնի աշխատակիցների մոտ: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում այդ օգտատիրոջ նկատմամբ ձեռնարկվել են «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակում գնվել է 98 հազար ՀՀ դրամ ընդհանուր արժեքով տարբեր տեսակի արտասահմանյան արտադրության ծխախոտ:  Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Suren» օգտատերը, հանդիսանում է քաղաքացի Ս.Գ.-ն: Վերջինս առանց օրենքով սահմանված պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման, զբաղվել է պարտադիր դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների, այս դեպքում՝ ծխախոտի իրացմամբ: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ առանց պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման ձեռնարկատիրական գործունեության իրականացնելուց, այդ թվում նշված նպատակով պարտադիր դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելուց: Կոմիտեն վստահեցնում է, որ նման դեպքերը նույնպես հետևողական ջանքերի արդյունքում օպերատիվ բացահայտվում են և տրվում համապատասխան քրեաիրավական գնահատականներ:  Նմանատիպ իրավախախտումն առաջացնում է պատասխանատվություն ՀՀ Հարկային օրենսգրքի 407-րդ և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Մասնավորապես, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1708 հոդվածի 2-րդ մասի համաձայն ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ օտարելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված գներով կազմում է հիսուն հազարից երկու հարյուր հազար դրամ` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Ընդ որում, նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն նշված խախտումները պատասխանատու անձանց կողմից կատարվելու դեպքում` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով:
14:44 - 22 հունիսի, 2021
2021-ի մայիսին գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը՝ 635 հազար․ ՊԵԿ

2021-ի մայիսին գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը՝ 635 հազար․ ՊԵԿ

2021 թվականի մայիսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 635 հազար, ինչը 2021 թվականի ապրիլի համեմատ՝ ավելի է շուրջ 8.5 հազարով, 2020 թվականի մայիսի համեմատությամբ` 37 հազարով, 2019 թվականի մայիսի համեմատությամբ` 34 հազարով, իսկ 2018 թվականի մայիսի համեմատությամբ` 87 հազարով, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) Միաժամանակ, ինչպես ՊԵԿ-ն է նշում, 2021-ի մայիսին՝ նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 134.7 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2020 թվականի մայիսի նույն ցուցանիշին` 16,2 տոկոսով, 2019 թվականի ցուցանիշին` 19,8 տոկոսով, իսկ 2018 թվականի ցուցանիշին` 39,3 տոկոսով։ 2021 թվականի մայիսին, նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)՝ կազմելով շուրջ 212 հազար դրամ: 2020 թվականի մայիսի այս ցուցանիշը կազմել է 194 հազար դրամ, 2019 թվականին` 187 հազար դրամ, իսկ 2018 թվականին` 176 հազար դրամ: ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմում էր շուրջ 632 հազար, որն, ըստ կոմիտեի, Հայաստանի վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն էր, սակայն 2021 թվականի մայիս ամսին գերազանցվել է նաև այդ ցուցանիշը:
12:03 - 22 հունիսի, 2021
ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ

ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է  Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային և 2021թ. օգոստոսից ԱՄՀ-ի մշտական ներկայացուցչի պարտականությունները ստանձնող Մեհդի Ռաիսսիին: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ Պետական եկամուտների կոմիտեի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև գործընկերական համագործակցությունն ունի երկար տարիների պատմություն, ինչը կոմիտեի համար դարձել է միջազգային լավագույն փորձի փոխանակման յուրօրինակ աղբյուր: Պետական եկամուտների կոմիտեն կարևորում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ երկկողմանի համագործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում, որի արդյունքում իրականացվել են մի շարք տեխնիկական աջակցության ծրագրեր` ուղղված հարկային վարչարարության ռազմավարական ընտրությանը, հարկային կարգապահության բարելավմանը, հարկային կարգապահական ռիսկի կառավարման ռազմավարության զարգացմանն ու իրականացմանը և մի շարք այլ կարգավորումներին: Արդյունքում՝ ներդաշնակեցվել և կանխատեսելի է դարձել հարկային և մաքսային ռազմավարությունը, վարչարարությունը ու հարկային դաշտը,- ընդգծել է կոմիտեի ղեկավարը: Կողմերը քննարկել են 2021թ. ապրիլին ԱՄՀ-ի գարնանային հանդիպումների շրջանակում նախանշված համագործակցության ուղղությունները: Մասնավորրապես՝ անդրադարձ է կատարվել անուղղակի եղանակներով հարկման բազաների և հարկային պարտավորությունների, շահութահարկի ու եկամտային հարկի ճեղքի գնահատմանը, ինչպես նաև միջազգային հարկմանը և շահույթի տեղաշարժին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը հարկային և մաքսային օրենսդրության, ինչպես նաև էլեկտրոնային վարչարարության բարելավման ուղղությամբ, ինչն էլ կնպաստի հարկային և մաքսային ոլորտում երկկողմանի հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:
17:08 - 18 հունիսի, 2021