Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

25-ամյա Սահմանադրություն․ ընդունումը, փոփոխությունները, ներկան ու սպասվող ապագան

25-ամյա Սահմանադրություն․ ընդունումը, փոփոխությունները, ներկան ու սպասվող ապագան

Շուրջ 25 տարի առաջ՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, Հայաստանի Հանրապետությունն ընդունեց Սահմանադրություն։ Այդ թվականին Հայաստանում իշխող կուսակցությունը Հայոց համազգային շարժումն էր, որն էլ ներկայացրել էր Սահմանադրության նախագիծը՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»,  «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին» առաջին եւ երկրորդ հոդվածներով։ Այդ շրջանում իշխանության ընդդիմախոսները պնդում էին, որ ընդունված Սահմանադրությունն իշխանակենտրոն է, եւ ոչ թե մարդակենտրոն, որ այն ապահովում է հանրապետության նախագահի՝ իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ գերակա դիրքը․ նախագահն էր հանդիսանում երկրի անվտանգության ու դատական համակարգի անկախության երաշխավորը։  Տարիներ անց՝ 2001 թվականին, երբ ՀՀ-ն դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, Սահմանադրությունը բարեփոխելու անհրաժեշտություն առաջացավ։ 1995-ի Սահմանադրությամբ կառավարություն ձեւավորելու լիազորությունը վերապահված էր ՀՀ նախագահին, իսկ ԱԺ-ն միայն հաստատում էր կառավարության ծրագիրը։ Այս անգամ նախատեսվում էին դատական համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումներ, անկախ օմբուդսմենի ներդրում, ՍԴ լիազորությունների եւ դիմելու իրավունք ունեցողների շրջանակի փոփոխում եւ այլն:  2 տարի անց՝ 2003-ին, երբ սկսվել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման երկրորդ շրջանը, հանրաքվեի դրվեց սահմանադրական փոփոխությունների փաթեթ (մայիսի 25)։ Նախագծով առաջարկվում էր, որ եթե խորհրդարանը չէր ընդունում նախագահի առաջարկած կառավարության կազմը, իրավունք էր ստանում ինքնուրույն ընտրել վարչապետին, որի հետ նախագահը ստիպված կլինի հաշվի նստել։ Մինչդեռ 95-ի Սահմանադրությամբ՝ նախագահը ցանկացած պահի իրավունք ուներ ցրել Ազգային ժողովը։  Այս փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ⅓-ի հավանությունը։ Այդ հանրաքվեն, սակայն, ձախողվեց, քանի որ ընտրողներն այն ուղղակի բոյկոտեցին։ 2005-ի  նոյեմբերի 27-ին նույն փաթեթը՝ որոշ փոփոխություննեով, կրկին հանրաքվեի դրվեց, բայց այս անգամ ընդունվեց․ կողմ քվեարկեց 1.4 միլիոն քաղաքացի, դեմ՝ 82 հազար: Քաղաքական ընդդիմությունն ու հանրության մի ստվար հատված այս հանրաքվեն որակեց զանգվածային ընտրակեղծարարությամբ ընդունված՝ պնդելով, որ կեղծվել է շուրջ 1 միլիոն քվե: Սահմանադրական հաջորդ հանրաքվեն տեղի ունեցավ արդեն տասը տարի անց՝ 2015 թվականին՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։ Այս փոփոխությունները, ինչպես հայտարարեցին ոչ միայն հայաստանյան ընդդիմադիրները, այլ նաեւ եվրոպական կառույցները, ոչ թե հանրային շահից էր բխում, այլ օրվա իշխանության՝ ՀՀԿ-ի քաղաքական շահից։ Հայտարարվեց, որ 2015-ի Սահմանադրությունը կարված է Սերժ Սարգսյանի համար․ 2005-ի Սահմանադրությունը նրան 3-րդ անգամ որպես երկրի ղեկավար պաշտոնավարելու հնարավորություն այլեւս չէր տալիս, իսկ ահա այդ փոփոխություններով նա կարող էր ընտրվել վարչապետ, ՀՀԿ-ի իշխանությունը կարող էր հավերժանալ։ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ Հայաստանն անցավ խորհրդարանական կառավման համակարգի, վարչապետին տրվեց լիազորությունների լայն շրջանակ։ Սերժ Սարգսյանն էլ հետագայում առաջադրվեց վարչապետի պաշտոնում՝ հակասելով իր՝ նախկինում արած հայտարարությանը։ Սակայն վարչապետի աթոռին նա մնաց ընդամնեը 6 օր․ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ ժողովրդի ճնշման տակ նա հրաժարական տվեց։ Փաստորեն, մեր երկրում տեղի ունեցած սահմանադրական բոլոր հանրաքվեներն առնվազն խնդրահարույց են եղել, Սահմանադրությունը չի ունեցել բավարար լեգիտիմություն, փոփոխությունները բխել են ոչ թե սահմանադիրի կամքից, այլ օրվա կառավարող ուժերի կարիքներից ու շահերից։ Այսօր՝ հետհեղափոխական շրջանում, շարունակում են Սահմանադրության լեգիտիմության մասին քննարկումները, խոսվում է սուպերվարչապետական համակարգը վերացնելու, իշխանության ճյուղերի միջեւ փոխզսպող մեխանիզմեր ներդնելու, նախագահի լիազորությունները վերանայելու, կարճ ասած՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին։ Դեռեւս 2015 թվականի օգոստոսին՝ հանրաքվեից ամիսներ առաջ, ՔՊ կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ են, եւ ոչ գործող, ոչ գալիք սահմանադրությունները որեւէ կերպ չեն խոչընդոտելու Սերժ Սարգսյանին վերարտադրվել։ Փաշինյանը հրաժարվեց բովանդակային քննարկումներ ծավալել նոր Սահմանադրության նախագծի շուրջ եւ մյուսներին էլ կոչ արեց «չմտնել սահմանադրական ծուղակի մեջ»։ Տարիներ անց՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, Սահմանադրության փոփոխության հարցը կրկին դարձավ օրակարգային։  2018 թվականի մայիսի 1-ին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց, որ սուպերվարչապետական համակարգը օրենսդրության առումով իրապես արդեն ստեղծված է, եւ ինքը միանշանակ հանձնառու է համարում իրեն՝ այդ խնդիրը շտկելու եւ իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում․ «Որովհետեւ երբ որ ես ասում եմ, որ պետք է փակենք այն էջը, երբ կառավարությունը ինչ-որ բան պարտադրում է, դա պետք է փակենք ոչ միայն հույս ունենալով, որ գործող սուպերվարչապետը էդպիսի բան չի անի, այլեւ ստեղծելով համապատասխան մեխանիզմներ, որ նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չլինի այդպես վարվել։ Սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա, պետք է գոյություն ունենա նորմալ խորհրդարանական, առնվազն էս պահին, կառավարման համակարգ, դա, կարծում եմ, աներկբա է եւ բխում է մեր երկրի շահերից»։ 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ Հանրապետության հրապարակում կառավարության 100-րդ օրվա ամփոփման ժամանակ արդեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մասին՝ հայտարարելով, որ  դրա իմաստը կլինի հետեւյալը․ «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլեւ խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին: Եվ ուրեմն այդ փոփոխությունները պետք է ընդունի այդ նույն խորհրդարանը, ինչը տեղի կունենա միայն մի պայմանով, երբ դուք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, դա ձեւակերպեք ձեր կողմից որպես հստակ պահանջ: Երբ դուք ձեւակերպեք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում»,- ասաց Փաշինյանը:  Այս ելույթից ամիսներ անց վարչապետի հրաժարականով Ազգային ժողովը ցրվեց, Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, սակայն մինչ այդ սահմանադրական փոփոխություններ չեղան։ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին՝ արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ գործող Սահմանադրությունը սուպերվարչապետական է, սակայն հավելեց, որ Սահմանադրություն եւ պետական կառավարման համակարգ փոխելը պետք է արդարացված լինեն: Նրա խոսքով՝ եթե ժողովուրդը ցանկանա կրկին անցնել նախագահական կառավարման մոդելի, ապա այդպես էլ կլինի: Փաշինյանը, թեեւ շեշտեց, որ գործող Սահմանադրությունը սուպերվարչապետական է, եւ պետք է քայլեր ձեռնարկել հակակշիռների եւ փոխզսպումների հստակ մեխանիզմ ունենալու համար, որպեսզի բացառվեն բռնապետություն եւ անձնիշխանություն հաստատելու բոլոր հնարավորությունները, սակայն, նշելով, որ գործող Սահմանադրությունը 7 ամիս է՝ ուժի մեջ է, առաջարկեց՝ «եկեք թողնենք՝ այն աշխատի»: Մոտ մեկ տարի անց՝ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթաց սկսելու մասին հրամանագիր ստորագրեց, իսկ արդեն փետրվարի 21-ին հանձնաժողովը սկսեց իր աշխատանքները։ Հանձնաժողովի ստեղծման մասին որոշման համաձայն՝ գործունեությունը սկսելուց հետո եռամսյա ժամկետում պետք է պատրաստ լիներ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որից հետո այն կդրվեր հանրային քննարկման եւ կներկայացվեր վարչապետի աշխատակազմին։ Իսկ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի մեկը պետք է պատրաստ լինի փոփոխությունների նախագիծը: Սակայն հետագայում Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ այս փոփոխությունների հանրաքվեն կարող է կազմակերպվել հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ՝ 2023 թվականին:  «Գիտե՞ք, մեզ մոտ քննարկումներ են տեղի ունենում, որոնք կարող են հանգեցնել այդպիսի եզրակացության, որ մենք այս հանրաքվեից հետո շատ արագ, հանրաքվե հնարավոր է եւ չիրականացնենք, որովհետեւ մենք, հնարավոր է, օրակարգը լինի ոչ թե սահմանադրական փոփոխությունները, այլ նոր Սահմանադրության ընդունումը: Ընդ որում՝ դե ֆակտո լինեն դրանք սահմանադրական փոփոխություններ, բայց դե յուրե լինեն նոր Սահմանադրություն։ Ինչո՞ւ։ Որովհետեւ, այնուամենայնիվ, էս ողջ համատեքստում անընդհատ բարձրացվում է հետեւյալ հարցը, որ «ժողովուրդ ջան, 95 թվականի սահմանադրական հանրաքվեն եղել է կասկածելի, 2005 թվականի սահմանադրական հանրաքվեն եղել է կասկածելի, 2015 թվականի հանրաքվեն եղել է կասկածելի, եւ ընդհանրապես՝ Սահմանադրության լեգիտիմության պրոբլեմը կա», - ասաց Փաշինյանը։  2020 թվականի հունվարի 25-ին՝ ասուլիսի ժամանակ, Փաշինյանն անդրադարձավ «սուպերվարչապետական կոստյումին»՝ հայտարարելով, որ իրենը տարբերվում է Սերժ Սարգսյանի կոստյումից, եւ որ այն երկրում, որտեղ ամեն օր կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, չի կարող լինել սուպերվարչապետական համակարգ․ «Ես հիմա ապրում եմ այն տանը, որտեղ ժամանակին ապրել է Սերժ Սարգսյանը: Ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ չի կարող: Իմ կոստյումը տարբերվում է Սերժ Սարգսյանի կոստյումից նրանով, որ իմ գրպաններում միլիարդներ չկան, իմ գրպաններում 20-25 լրատվամիջոցներ չկան, դրանք ինչպես եղել են, այնպես էլ շարունակում են մնալ նախկին կոռումպացված պաշտոնյաների գրպաններում: Այն երկրում, որտեղ ամեն օր կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, չի կարող լինել սուպերվարչապետական համակարգ»,- ասաց Փաշինյանը։ Այս տարվա հունիսի 15-ին Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ նա նշեց, որ ոչ միայն պետք է իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, այլ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել․ «Հիմա եկել եմ այն համոզման, որ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա՝ նոր Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու»,- ասաց գործադիրի ղեկավարը։  Փաշինյանն այդ նիստի ժամանակ արձանագրել է, որ կառավարման համակարգի փոփոխություն անել պետք չէ։ Նա նշել է, որ խորհրդարանական կառավարման համակարգը դեռ պետք է Հայաստանում կայանա եւ նույնիսկ դեռ պետք է հասկանալ՝ ի՞նչ նկատի ունենք խորհրդարանական կառավարման համակարգ ասելով:  Գործող Սահմանադրության խնդիրներից մեկն, ըստ Փաշինյանի, դրանում կայուն մեծամասնության առկայության հարցն է: Մի կողմից, վարչապետի համոզմամբ, սա հնարավորություն է ստեղծում ընդդիմության համար ավելի լայն ներկայացվածություն ունենալ խորհրդարանում, բայց, մյուս կողմից, պետք է հաշվի առնել նաեւ այն քննադատությունը, որ կայուն մեծամասնության ինստիտուտը որոշակիորեն դեֆորմացնում է ընտրողների կամքի ուղիղ արտահայտությունը խորհրդարանական տեղերի բաշխվածության վրա:  Հաջորդ խնդիրը, որին անդրադարձել է վարչապետը, Սահմանադրության մեջ օտարերկրյա ներդրումների եւ ներդրողների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու հարցն է։ Մյուս խնդիրն էլ Փաշինյանը դիտարկել է անկախ դատական համակարգ ունենալու հարցը։ Համավարակային այս շրջանում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քննարկումներն անցկացրել է հեռավար տարբերակով: Ըստ հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի՝ դիտարկվել են միջազգային գործընկերների հետ համագործակցության, խորհրդատվական օժանդակության հարցերը, հանձնաժողովն էլ շարունակում է ակտիվ քննարկումներն օրակարգային հարցերի շուրջ, եւ ակնկալվում է մինչեւ 2020թ. դեկտեմբերի ավարտն ունենալ հանրային քննարկումների փուլն անցած հայեցակարգ, իսկ մինչեւ 2021թ. հունիս՝ Սահմանադրական բարեփոխումների նախագիծ: Այսպիսով, երկու տարվա քննարկումների ընթացքում կառավարող ուժի ղեկավարն ու այլ ներկայացուցիչներ բազմիցս խոսել են սահմանադրական փոփոխությունների խիստ անհրաժեշտության մասին, արձանագրել են գործող Սահմանադրության բացերը, նախանշել են հայեցակարգի վերջնական տարբերակի պատրաստ լինելու ժամանակահատված՝ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի մեկը։ Սակայն հետագա քննարկումների արդյունքում պարզվեց, որ Սահմանադրական բարեփոխումների նախագիծը պատրաստ պետք է կլինի 2021 թվականի հունիսին՝ մեկ տարի անց։ Ըստ ամենայնի՝ մշակվում է ծավալուն նախագիծ, որտեղ ներառված կլինեն Փաշինյանի հիշատակած խնդիրները, սակայն սուպերվարչապետական համակարգին անդրադարձ, հավանաբար, չի լինի, քանի որ Փաշինյանն այժմ վստահեցնում է՝ այսօրվա Հայաստանում իր կոստյումը տարբերվում է Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական կոստյումից, եւ երկրում, որտեղ ամեն օր կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, չի կարող լինել սուպերվարչապետական համակարգ, չնայած նրան, որ 2 տարի առաջ հայտարարել էր՝ սուպերվարչապետական համակարգը օրենսդրության առումով արդեն ստեղծված է, եւ ինքը միանշանակ հանձնառու է համարում իրեն՝ այդ խնդիրը շտկելու եւ իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում։  Հայարփի Բաղդասարյան
11:10 - 05 հուլիսի, 2020
«Իմ քայլը» առաջարկում է բարձրացնել դատավորների կենսաթոշակը |hetq.am|

«Իմ քայլը» առաջարկում է բարձրացնել դատավորների կենսաթոշակը |hetq.am|

hetq.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանը, Վլադիմիր Վարդանյանը և Աննա Կարապետյանն առաջարկում են դատավորների կենսաթոշակի չափը բարձրացնել: Քաղաքական մեծամասնության պատգամավորները փոփոխություն են առաջարկում «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում: Այս փոփոխության համար հիմք է հանդիսացել Սահմանադրական դատարանի որոշումը, որով վերջինս Սահմանադրությանը հակասող է ճանաչել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի մի շարք հոդվածներ, ըստ որոնց՝ դատավորները կենսաթոշակ պետք է ստանան աշխատավարձի 55 տոկոսի չափով: Առաջարկվում է օրենքով ամրագրել, որ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա՝ որպես դատավոր պաշտոնավարումը դադարելուն նախորդող տասներկու ամիսների ընթացքում հաշվարկված աշխատավարձի, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի 75 տոկոսից: Հիմնավորման մեջ հեղինակները վկայակոչում են Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Որպես անկախության երաշխիք նույն հոդվածի 10-րդ մասը սահմանում է, որ դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Որպես անկախության երաշխիք, ըստ Եվրոպական խարտիայի, ամրագրվում է նաև բարձր կենսաթոշակի իրավունքը` մանրամասնելով, որ վերջինիս չափը պետք է առավելագույնը համարժեք լինի դատավորի ստացած աշխատավարձին: Սահմանադրական դատարանն իր որոշմամբ նշել է` պետք է հաշվի առնել, որ դատավորների բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող կենսաթոշակը և դրա չափը, նրանց գործունեության վարձատրության հետ միաժամանակ, հնարավորություն են տալիս դատավորներին կանխատեսելիորեն ունենալու այնպիսի իրավաչափ սպասելիքներ, ինչպիսիք են  իրենց կյանքը և գործունեությունը` կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, կենսաթոշակային տարիքը լրանալու հեռանկարով պաշտոնեական գործունեության շրջանակներում անհարկի ազդեցություններով կաշկանդված չլինելը: «Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավորների կենսաթոշակի չափը պետք է ոչ միայն համարժեք լինի նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվության աստիճանին, այլև ողջամիտ հարաբերակցության մեջ գտնվի նրանց պաշտոնավարման դադարմանը նախորդող վարձատրության չափի հետ այն հաշվով, որ դատավորի սոցիալական անկախության երաշխավորված մակարդակն էապես չնվազի նրա պաշտոնավարման դադարման հիմքով, առավել ևս չփոփոխվի՝ կախված սոսկ ընթացիկ քաղաքական գործոններից»,-նշված է ՍԴ որոշման մեջ: Ըստ հեղինակների՝ ներկայացված նախագծերի փաթեթն ուղղված է ապահովելու դատավորների համար նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող կենսաթոշակի սահմանումը, ինչն էլ իր հերթին կապահովի արդարադատության շահերի պաշտպանությունը:
14:21 - 02 հուլիսի, 2020
Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԵԽ գրասենյակի ղեկավարի աշխատանքը

Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԵԽ գրասենյակի ղեկավարի աշխատանքը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Վուտովային կատարած գերազանց աշխատանքի ու արդյունավետ համագործակցության համար և շեշտել Եվրոպայի խորհրդի աջակցության կարևորությունը՝  Հայաստանում ընթացող բարեփոխումների համատեքստում։ Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը ևս շնորհակալություն է հայտնել փոխգործակցության համար և ընդգծել, որ, լինելով իրավաբան, Արդարադատության նախարարության հետ համագործակցությունն ու իրականացրած ծրագրերն իր համար հոգեհարազատ են եղել։ Հանդիպման ընթացքում հակիրճ անդրադարձ է կատարվել համատեղ իրականացված և ընթացքի մեջ գտնվող մի շարք ծրագրերի արդյունքներին, որոնք վերաբերել են Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերին, պրոբացիայի ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, խոշտանգումների կանխարգելմանն ուղղված աշխատանքներին և այլն։ Անդրադառնալով դատական համակարգում վեթինգի իրականացման հարցին՝ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ Արդարադատության նախարարության կողմից Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններով ստեղծվել է անհրաժեշտ գործիքակազմը՝ այն արդյունավետ և եվրոպական ստանդարտներին ու արժեքների համահունչ իրականացնելու համար։ Նախարար Բադասյանը, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով տիկին Վուտովային՝ ներդրած ջանքերի համար, ԵԽ-ի հետ համագործակցությունը նույն արդյունավետությամբ շարունակելու պատրաստակամություն է հայտնել։ Նատալյա Վուտովան իր հերթին Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունն է հայտնել շարունակել Հայաստանին ուղղված աջակցությունը՝ օրենքի գերակայության ամրապնդման և բարեփոխումների իրականացման առաքելության ճանապարհին:
14:35 - 01 հուլիսի, 2020
Այս փաթեթն ուներ երկու նպատակ. Բադասյանը մեկնաբանում է ՍԴ-ի մասին օրենքի վերջին փոփոխությունները |armenpress.am|

Այս փաթեթն ուներ երկու նպատակ. Բադասյանը մեկնաբանում է ՍԴ-ի մասին օրենքի վերջին փոփոխությունները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողողվի կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի երկու նպատակներն են ապահովել կենսաթոշակի իրավունքը այն դատավորների համար, որոնց լիազորությունները դադարել են և սահմանադրական օրենքը համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխություններին։ Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:  -Պարոն նախարար, նախօրեին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Այս փաթեթի ընդունումը որևէ կապ ուներ Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելու հետ։  -Միանշանակ ոչ, դրա մասին բազմիցս խոսել ենք։ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունները ուժի մեջ են մտել, երեք դատավորի լիազորությունները դադարել են, ՍԴ նախագահի լիազորությունները դադարել են։ Այս փաթեթը երկու նպատակ ուներ՝ ապահովել կենսաթոշակի իրավունքը այն դատավորների համար, որոնց լիազորությունները դադարել են և սահմանադրական օրենքը համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխություններին։  -Նախագահի կողմից փաթեթը չստորագրելուց հետո ի՞նչ հետևանքներ կլինեն։  - ՀՀ Սահմանադրությամբ հստակ կանոնակարգված են նշված հարաբերությունները: Կարծում եմ՝ այս փուլում որևէ շտապողականության խնդիր չկա, քանի որ, կենսաթոշակի իրավունքը ապահովելիս, հաշվի կառնվի նաև այս շրջանը։
11:06 - 01 հուլիսի, 2020
Արդարադատության նախարարի տեղակալը հեռավար կարգով մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 2020 թվականի ամենամյա համաժողովին

Արդարադատության նախարարի տեղակալը հեռավար կարգով մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 2020 թվականի ամենամյա համաժողովին

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր հեռավար կարգով մասնակցել է «Օրենքի և մարդու իրավունքների գերակայության ամրապնդում՝ կայուն խաղաղության և զարգացման խթանման համար» խորագրով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 2020 թվականի ամենամյա համաժողովին: Այս մասին տեղեկանում ենք Արդարատադության նախարարությունից։ Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել նման կարևոր միջոցառման մասնակցության հրավերի համար՝ նշելով, որ թավշյա հեղափոխությունից երկու տարի անց Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ հեղափոխական արժեքներին՝ օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին և դատական ​​հավակնոտ բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝ Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան: Քրիստիննե Գրիգորյանը, բարձր գնահատելով ՄԱԶԾ-ի հետ Կառավարության շարունակական համագործակցության օրակարգը, անդրադարձել է Արդարադատության նախարարության նախաձեռնած բարեփոխումների համապարփակ շրջանակին՝ գործընկերներին ներկայացնելով 2019 թվականին Կառավարության կողմից հաստատված Դատական և իրավական բարեփոխումների, Հակակոռուպցիոն, ինչպես նաև Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունները և դրանիցից բխող գործողությունների ծրագրերը: Վերոնշյալ ռազմավարությունների համատեքստում փոխնախարարը գործընկերներին ներկայացրել է դատական համակարգի անկախության երաշխիքների բարելավման, դատավորների և դատախազների ընտրության, գույքային դրության ստուգման նոր ընթացակարգերը, էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները, իրական սեփականատերերի բացահայտման, ազդարարների պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրման գործընթացները, ինչպես նաև խոշտանգումների դեմ պայքարի, ընտանեկան բռնության և ատելության խոսքի կանխարգելման գործուն մեխանիզմների ներդրմանն ուղղված ջանքերը: Անդրադարձ է եղել նաև Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությանը և 2020-2022 թվականների գործողությունների ծրագրին: Հանդիպման ընթացքում փոխնախարարը ներկայացրել է նաև կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մարտահրավերներին ընդառաջ Կառավարության կողմից կիրառված իրավական մեխանիզմները և ներդրված թվային գործիքակազմը՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության պաշտպանությունն ապահովելու նպատակով: Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ՄԱԶԾ-ին նախանշած բարեփոխումների ուղղությամբ գործուն աջակցության և կառուցողական համագործակցության համար՝ ընդգծելով, որ Կառավարությունն ունի բավարար վճռականություն և հանրային լայն աջակցություն նախանշած բարեփոխումների օրակարգի առաջմղման համար:  
19:39 - 29 հունիսի, 2020
5 տարվա ազատազրկում՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակության համար․ դատախազի ներկայացրած քաղաքացիական հայցը բավարարվել է

5 տարվա ազատազրկում՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակության համար․ դատախազի ներկայացրած քաղաքացիական հայցը բավարարվել է

Գլխավոր հարկադիր կատարողի՝ Հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրված գրության հիման վրա 2016թ. ապրիլի 7-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի հաշվապահի պաշտոնը նախկինում զբաղեցրած Ա․Խաչատրյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է  խոշոր չափերով գույքի հափշտակություն։ Այս մասին տեղեկանում ենք դատախազության հանրային կապերի բաժնից։ Մասնավորապես, 2015թ. հունվարի 22-ից մինչև 2016թ. փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում, խախտելով ՀՀ կառավարության 08.10.2003թ-ի թիվ 1408-Ն որոշմամբ հաստատված «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգ»-ի պահանջները, նախքան մուտքի և ելքի օրդերները գանձապահին հանձնելը դրանք չի գրանցել դրամարկղային մուտքի և ելքի օրդերների գրանցման մատյանում, իսկ կանխիկ դրամի մուտքագրումներն ու ելքագրումները մուտքի և ելքի օրդերների հիման վրա չի գրանցել դրամարկղային գրքում: Փոխարենը պարբերաբար, երկու տարբեր անձանցից տարբեր հիմքերով ու չափերով բռնագանձված, իրեն վստահված գումարների վերաբերյալ կազմել է նույն համարով` թվով երկու մուտքի օրդերներ, որոնցից հաշվետվության ծրագրում և դրամարկղային շարժի վերաբերյալ հաշվետվությունում գրանցել է միայն մեկ անձի կողմից վճար¬ված գումարի վերաբերյալ կազմված մուտքի օրդերը, իսկ մյուս անձից բռնագրավված՝ նույն համարով կազմված երկրորդ մուտքի օրդերում նշված գումարը չի մուտքագրել և յուրացրել է:  Բացի այդ՝ իր կողմից կազմած մուտքի օրդերներում նշած՝ տարբեր քաղաքացիներից փաստացի բռնագանձված, իր վստահությանը հանձնված գումարները, պարբերաբար, իրականից պակաս չափով է արտացոլել դրամարկղում, դրամարկղային շարժի վերաբերյալ հաշվետվությունում, իսկ տարբերությունը  կազմող, մնացած՝ չմուտքագրված գումարները յուրացրել է: Դրանից բացի, դրամարկղի ելքի օրդերով փաստացի վճարման ենթակա գումարը հաշվետվության ծրագրով ելքագրել է սահմանվածից ավել չափով, իսկ տարբերությունը կազմող՝ ելքագրված ավել գումարը յուրացրել է: Բռնագանձված գումարները դրամարկղ և հաշվետվության ծրագիր չմուտքագրելու, հաշվետվության ծրագրով ավել ելքագրելու, դրամարկղից վերցնելու եղանակներով Ա․ Խաչատրյանը յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ 18.575.344 ՀՀ դրամ գումար: Վերը նշված արարքի կատարման համար Ա․Խաչատրյանին 2017թ. մարտի 23-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս դատի տալու համար հավաքված ապացույցները բավարար համարելով` 2017թ․ մայիսի 6-ին դատախազի կողմից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ 2020թ. հունիսի 17-ին դատարանը Ա․ Խաչատրյանին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատախազի պահանջած պատժաչափով դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով: Միաժամանակ, նույն դատական ակտով դատարանը ամբողջությամբ բավարարել է պատճառված վնասի չափով դատախազի ներկայացրած քաղաքացիական հայցը։ Նշված գործով դատական քննության ողջամիտ ժամկետների խնդրով գլխավոր դատախազությունը դիմել էր նաև Բարձրագույն դատական խորհրդին։
19:25 - 29 հունիսի, 2020
Երեխաների ծնունդները Երևանի յոթ բժշկական հաստատություններում կգրանցվեն տեղում և կկատարվեն դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ

Երեխաների ծնունդները Երևանի յոթ բժշկական հաստատություններում կգրանցվեն տեղում և կկատարվեն դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրն ավարտենք շատ լավ լուրով: Հիշո՞ւմ եք, որ այս տարվա մարտի ութին ծրագիր մեկնարկեցինք և Երևան քաղաքում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող երեք բժշկական կազմակերպություններում երեխաների ծնունդները սկսեցինք գրանցել տեղում: Այսօր արդեն այդ երեք ԲԿ-ներին միացել են ևս չորսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Գրիգոր Նարեկացի», «Շենգավիթ» և «Աստղիկ» բժշկական կենտրոնները։ Հանրային ծառայությունները բնակչությանն առավել հասանելի դարձնելուն ուղղված այս պիլոտային ծրագիրն իրականություն ենք դարձրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով և Առողջապահության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Սա նշանակում է, որ երեխաների ծնունդները Երևանի յոթ բժշկական հաստատություններում կգրանցվեն տեղում և կկատարվեն դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ: Հիշեցնեմ, որ ծրագրի առաջին փուլին միացած բժշկական կազմակերպություններն էին՝ Էրեբունի բժշկական կենտրոնը (ծննդատուն), Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտն ու Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը: Նշածս յոթ բժշկական կազմակերպություններում այդ նպատակով հատուկ հատկացված վայրերում կատարվում են հետևյալ պետական գրանցումները՝ 1 երեխայի ծննդի պետական գրանցում, 2 երեխայի նկատմամբ հայրության ճանաչման պետական գրանցում, 3 ամուսնության պետական գրանցում: Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և փուլ առ փուլ տարածելու ենք Հանրապետության տարածքում ծննդօգնություն տրամադրող բոլոր բժշկական կազմակերպություններում»:      
09:15 - 26 հունիսի, 2020
ԲԴԽ-ն կընտրի այն դատավորներին, որոնք կքննեն նաև ապօրինի գույքի բռնագանձնման վերաբերյալ գործեր |1lurer.am|

ԲԴԽ-ն կընտրի այն դատավորներին, որոնք կքննեն նաև ապօրինի գույքի բռնագանձնման վերաբերյալ գործեր |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է Դատական օրենսգրքում և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծերի փաթեթը: Ըստ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի՝ Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը կարող է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական և քաղաքացիական մասնագիտացված դատավորների ցանկից ընտրել դատավորների, որոնք կքննեն նաև ապօրինի գույքի բռնագանձնման վերաբերյալ գործեր:  Փոխնախարարը նշեց, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող լրացումներով էլ սահմանվում են գլխավոր դատախազության նոր կազմավորվող ապօրինի գույքի բռնագնաձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետի տեղակալի և ավագ դատախազի դրույքաչափերը: «Հաշվի առնելով, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դատախազները գործնականում առնվազն մեկ կամ մեկուկես ամիս հետո կանցնեն աշխատանքի, նախագծի ընդունումը հրատապ է, որպեսզի նրանք կարողանան աշխատավարձ ստանալ»,- ասաց Գալյանը: 
17:11 - 24 հունիսի, 2020
ՍԴ նախագահի եւ 12 տարուց ավելի աշխատած ՍԴ անդամների պաշտոնավարումը կդադարի. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը |armtimes.com|

ՍԴ նախագահի եւ 12 տարուց ավելի աշխատած ՍԴ անդամների պաշտոնավարումը կդադարի. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը |armtimes.com|

armtimes.com: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ավելի քան 5 տասնյակ պատգամավորների կողմից շրջանառության մեջ է դրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ: Նախագիծը նախատեսում է, որ դադարեն այն ՍԴ անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի եւ նրանց փոխարեն նշանակվեն ՍԴ նոր անդամներ:  Առաջարկվում է հետեւյալ փոփոխությունը. Հոդված 1. 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) եւ նախագահի պաշտոնավարումը Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված եւ պաշտոնավարումը դադարում է: 2. Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչեւ այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաեւ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը: 3. Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում: 4. Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո: Հոդված 2. Սույն Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: նախագծի հիմնավորումը՝ այստեղ։ Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
17:36 - 19 հունիսի, 2020
Նախարարը ներկայացրեց դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը |1lurer.am|

Նախարարը ներկայացրեց դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԲԴԽ նիստում ներկայացրեց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը: Ըստ Բադասյանի՝ Ազարյանը դատական նիստին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին: «Մեր կարծիքով՝ պարոն Ազարյանի կողմից թույլ է տրվել վարքագծի կանոնների խախտում, ի պաշտոնե գործելիս դրսևորվել է անբարեկիրթ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս վերադասի նկատմամբ։ Իր խոսքով՝ կողմնակալության, խտրականության տպավորություն է ստեղծվել»,- ասաց Բադասյանը՝ մեջբերելով Դատական օրենսգրքի 67-րդ հոդվածը, ըստ որի՝ դատավորը պարտավոր է պահպանել օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու։Նախարարը մեջբերեց նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ուշադրությանը ներկայացվող Եվրոպայի դատավորների խորհրդի 2015 թվականին ներկայացված կարծիքը, ըստ որի՝ իշխանության թևերից մեկի կողմից մյուս թևի մասին մեկնաբանությունն ու քննադատությունը պետք է իրականացվեն փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և որ այդ հարցում դատական իշխանությունը պետք է լրացուցիչ զգոնություն ցուցաբերի: Բադասյանը ներկայացրեց նաև բուն միջադեպը՝ դատավոր Ազարյանի և ՀՔԾ քննիչ Մուշեղյանի երկխոսությունը, որ ընթացքում դատավորը վիրավորական արտահայտություն է հնչեցրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին: «Ազարյանը նշել է. հաջորդը, ինչը ցանկանում եմ նշել՝ ՀՀ երկրորդ նախագահին կալանքից ազատելուց հետո իմ և ՀՔԾ պետի միջև հեռակա հակամարտության վերաբերյալ ասեմ այն հանգամանքը, որ այդ հակամարտությունից հետո որքան որոշումներ եմ կայացրել, կայացրել եմ ի վնաս ՀՔԾ-ի։ Ես ինչու եմ այս թվերը հիշում, որովհետև վերջերս նման ինքնաբացարկի միջնորդություն դարձյալ ներկայացվեց, ես պարզապես թվերը հանեցի։Այդ ժամանակ քննիչը մատնանշեց թվով 6 որոշում, որով ես հակառակ կարծիքի եմ եղել, ՀՔԾ-ի դիրքորոշմանը հակառակ որոշումներ եմ կայացրել։ Իմ աշխատակազմի միջոցով ևս 2 միջնորդություն հայտնաբերեցի այդ ժամանակահատվածի վերաբերյալ։ Թվով 8 որոշումներս ՀՀ Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել, և օրինական ուժի մեջ են մտել, և իմ խորին համոզմամբ, այդ հանգամանքը ոչ թե իմ սուբյեկտիվ վերաբերմունքով է պայմանավորված, այլ հենց կոնկրետ ՀՔԾ-ի վատ աշխատանքի արդյունք է։ Ես հույս ունեմ, որ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին և վիճարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունը։ Կրկնում եմ, որ օրենքը բոլորի համար է, նաև քննիչների և իրենց ղեկավարների համար։ Դատախազը նշել է. ես գտնում եմ, որ դուք խորհրդակցական սենյակից վերադառնալով պարզաբանումներ եք տալիս որոշման մերժման կապակցությամբ, սակայն այս պատճառաբանությունների մի մասը ես չկարողացա գտնել ինձ տրամադրված միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ։ Պարոն Ազարյանն ասում է ՝ կոնկրետ որը։ Դատախազը պարզաբանում է. որպես պատճառաբանություն դուք նշում եք, որ հույս ունեիք, որ Հրաչյա Մուշեղյանը չէր իջնելու ՀՔԾ պետի մակարդակին։ Դատարանը նշում է. ունեի չէ, ունեմ, ես չեմ ասել ունեմ»,- մեջբերեց Բադասյանը, նշելով, որ ներկայացվել է նաև դատական նիստի ձայնագրությունը: Կողմերը հարցեր ուղղեցին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, որից հետո ԲԴԽ-ն հայտարարեց ընդմիջում՝ մինչև ժամը 17.00-ը:
17:34 - 19 հունիսի, 2020
Վարչական դատարանը վարույթ չի ընդունել Ռ. Քոչարյանի հայցը`տեսակցությունները և հեռախոսազանգերը չսահմանափակելու մասին |armtimes.com|

Վարչական դատարանը վարույթ չի ընդունել Ռ. Քոչարյանի հայցը`տեսակցությունները և հեռախոսազանգերը չսահմանափակելու մասին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչական դատարանը, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, հունիսի 9-ին մերժել է վարույթ ընդունել Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ ընդդեմ ԱՆ քրեակատարողական ծառայության: Այս հայցով Քոչարյանը պահանջում էր որևէ կերպ չսահմանափակել իր տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները՝ այդպիսով վերացնելով իրավունքի խախտումը: Դատական տեղեկատվական համակարգից ՀԺ-ն տեղեկացավ, որ դատարանը հայցը վարույթ չի ընդունել այն պատճառաբանությամբ, որ տեսակությունների եւ հեռախոսային խոսակցությունների վրա արգելք դնելու որոշումների օրինականության նկատմամբ վերահսկողությունը ենթակա է իրականացման ոչ թե վարչական, այլ քրեադատավարական կարգով: Դատարանը նախ հիշեցրել է, որ տվյալ դեպքում արգելանքը դրվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի՝ քննիչի 28.07.2018 թվականի որոշմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ, 55-րդ հոդվածների, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածների հիման: Նույն որոշման համաձայն՝ դրա կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ ՔԿՎ «Երևան -Կենտրոն» ՔԿ հիմնարկի վարչակազմին:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:40 - 12 հունիսի, 2020
Վարչապետն առաջարկում է բջջայինով նկարած խախտումների թվում ներառել ավտոմեքենայում դիմակ չկրելը |armenpress.am|

Վարչապետն առաջարկում է բջջայինով նկարած խախտումների թվում ներառել ավտոմեքենայում դիմակ չկրելը |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է բջջային հավելվածով նկարված ճանապարհային իրավախախտումների թվում, որոնց հիման վրա կհարուցվի վարչական վարույթ, ավելացնել նաև ավտոմեքենայում դիմակ չկրելու խախտումը:  «Այդտեղ ի՞նչ խնդիր կա. մարդը տեսավ, նկարեց, արձանագրվեց, որ մեքենայում առանց դիմակի անձ կա, համարը գրվեց, վարորդին տուգանում են դրա համար: Մենք հիմա այն վիճակում ենք, որ դա պետք է ավելացնել այդ ցանկում: Մենք մեր քաղաքացիներին ասում ենք, որ հակահամաճարակային շարժում ենք սկսում, բայց նրանց չենք ուզում համապատասխան գործիք տա՞լ: Որտե՞ղ է խնդիրը»,- ասաց վարչապետը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այդտեղ մարդու անձնական կյանքի իրավունքի հետ կապված խնդիր կա: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հավելեց, որ եթե անձին տեսանկարահանում են կոնկրետ ժամին, կոնկրետ վայրում, և իր մասին տեղեկություններ են հավաքում, դա միանշանակ անձնական տվյալների մշակում է, ինչը խնդրահարույց է: «Ավելի լավ, թող դիմակով լինեն, այդ դեպքում՝ չեն ճանաչի, թե ով է, ինչքան էլ նկարեն: Եթե մարդիկ մեքենայով տեղ են գնում ու չեն ուզում, որ կողքից իրենց ճանաչեն, շատ լավ միջոց է կրել դիմակներ: Ապակիները մգեցնելու կարիք էլ չկա, մանավանդ ոստիկանությունը ռեյդեր է անում, որ մուգ ապակիներով մեքենաներ չլինեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընթացքի ժամանակ նկարելու դեպքում մարդու դեմքը չի երևա, փոխարենը կերևա՝ դիմակով է, թե ոչ: Անդրադառնալով դիտարկմանը, որ պատասխանատվություն կրում է ոչ թե վարորդը, այլ կոնկրետ անձը, որը դիմակ չի կրել, վարչապետը նշեց. «Ուրեմն պետք է փոխել, պետք է պատասխանատվությունը դնել վարորդի վրա: Կներեք, որ փողոցում տեսախցիկները կախած են, մարդը տակով անցնում է, այդտեղ անձնական տվյալների խնդիր չկա՞»: Արդարադատության նախարարը խոստացավ ևս մեկ անգամ ուսումնասիրել խնդիրը, որպեսզի դիմակ չկրելու մասը նույնպես ներառվի արձանագրվող դեպքերի ցանկում:  Կառավարությունը հունիսի 11-ի նիստում սահմանեց պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները: Ըստ նախագծի, ամսական մեկ օգտատիրոջ կողմից մեկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան՝ 30 հաղորդում: Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող  եւ սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում: Դրանցից են հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, կանգառի կայանման կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, ավտոմեքենայից աղբ նետելը և այլն:
14:11 - 11 հունիսի, 2020
Ռուստամ Բադասյանը ԵՄ գործընկերների հետ քննարկել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը

Ռուստամ Բադասյանը ԵՄ գործընկերների հետ քննարկել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Եվրոպական միության գործընկերների հետ հեռավար ձևաչափով քննարկել է Հայաստանի մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Քննարկմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանը և Քրիստիննե Գրիգորյանը, այլք։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը մի շարք ոլորտներում գրանցած արդյունավետ ու ընդգրկուն համագործակցության համար  և անդրադարձել հայաստանյան բարեփոխումների օրակարգին։ Դրանք հիմնականում վերաբերել են դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներին, ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման հարցերին։  ԵՄ պաշտոնյաները գնահատել են դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի և ոստիկանության ոլորտների բարեփոխումների առաջխաղացման նպատակով ՀՀ կառավարության ընթացիկ ջանքերը, ինչպես նաև վերահաստատել են ԵՄ հանձնառությունը՝ աջակցել Հայաստանին՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին համահունչ իրավունքի գերակայության ուղղությամբ բարեփոխումների օրակարգի իրականացմանը։
16:36 - 10 հունիսի, 2020
Բադասյան․ Նախատեսում ենք դատապարտյալներին նոր աշխատանքներում ներգրավել
 |panarmenian.net|

Բադասյան․ Նախատեսում ենք դատապարտյալներին նոր աշխատանքներում ներգրավել |panarmenian.net|

panarmenian.net: Հայաստանում դատապարտյալների ներգրավվածությունը որոշակի աշխատանքներում դեռ ցածր է, սակայն պետությունը նախատեսում է նրանց ներգրավել մի շարք նոր աշխատանքներում, հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Քանի որ կառավարությունն ունի մեծ թվով թվայնացման աշխատանքներ կամ սկանավորման կամ ինչ-որ մոդելով փաստաթղթերի թվայնացման, մտածում ենք, որ հնարավոր է մրցույթները նաև այդ պայմաններով հայտարարվեն, որ դատապարտյալները ներգրավվեն թվայնացման աշխատանքների մեջ»,- ասել է նա։ Նախարարը նշել է, որ իրենք ուսումնասիրել են «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի աշխատանքը՝ պարզելով, որ այն կանոնադրական նպատակներով չի աշխատել: «Այն պետք է որոշակի ծառայություններ մատուցեր քրեակատարողական ծառայությանը, եթե դրանք շուկայականից ցածր գնով էին և նշված աշխատանքներում ներգրավեր դատապարտյալներին: Դատապարտյալների նվազ ներգրավվածություն կար, շուկայական գների մասով էլ որոշ մտահոգություններ կային»,-ասել է Բադասյան՝ հավելելով, որ իրենք երկու ուղղությամբ էլ որոշակի աշխատանքներ իրականացրել են։ Բադասյանը հայտնել է, որ իրենք մինչ կորոնավիրուսի համաճարակը ծրագրել են դատապարտյալները խոհարարական դասընթացներ անցնեին ՔԿՀ-ներին սնունդ մատակարարող ընկերության հետ՝ ներգրավվելով այդ աշխատանքներում: Նախարարը նշել է, որ համագործակցության տարբերակ կա նաև կապված տնկիների՝ տեղում աճեցման հետ։
19:25 - 09 հունիսի, 2020
«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ Արդարադատության նախարարության խոսնակ

«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ Արդարադատության նախարարության խոսնակ

«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ մյուսների թեստի պատասխանը բացասական է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել և թեստավորվել են նաև «Կոշ» ՔԿՀ-ում պահվող բոլոր անձինք․ բոլորի պատասխանը բացասական է։ Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող դատապարտյալներից մեկից նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) առկայության կասկածանքով 04.06.2020 թվականին վերցվել է փորձանմուշ: Ստացված փորձաքննության դրական պատասխանի հանգամանքով պայմանավորված՝ դատապարտյալը տեղափոխվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Տեղափոխման ընթացքում, թե´ դատապարտյալը, թե´ ուղեկցող անձնակազմը ապահովված են եղել անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակ, ձեռնոց, ինչպես նաև հատուկ արտահագուստով: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը տեղաբաշխվել է հատուկ առանձնացված կացարանում (հատուկ կահավորված և տեխնիկապես հագեցած կացարան): Դեռևս ապրիլից, կանխարգելիչ համալիր միջացառումների շրջանակում, հնարավոր հիվանդների մեկուսացման նպատակով Արդարադատության նախարարությունը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի երկու մասնաշենքերի շքամուտքում հրատապ կարգով կառուցել էր վարակազերծման և ախտահանման համար նախատեսված նախասրահ: Բացի այդ, «Դատապարտյալների հիվանդանոց»-ի տուբերկուլոզային և նարկոլոգիական մասնաշենքերն ամբողջության դատարկվել էին, որպեսզի հարկ եղած դեպքում օգտագործվեին բացառապես որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման կարանտինային գոտի: Առանձնացված 2 մասնաշենքերը միասին ունեն մինչև 150 մահճակալային ֆոնդ:
19:41 - 06 հունիսի, 2020
Բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան կդառնա հասանելի |armenpress.am|

Բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան կդառնա հասանելի |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով իրավապահ մարմիններին, ՏՄՊՊՀ-ին և ՊԵԿ-ին առաջարկվում է հասանելիություն տրամադրել բաժնետոմսերի և դրանց սեփականտերերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային: Նախագիծը խորհրդարանում ներկայացրել էր Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: «Բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան հասանելի է դառնալու իրավապահ մարմիններին, ՏՄՊՊՀ-ին և ՊԵԿ-ին: Բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի մասին ինֆորմացիան հիմա հնարավոր է ստանալ միայն քրեական գործի շրջանակում՝ կասկածյալի կամ մեղադրյալի մասով՝ միայն դատարանի որոշմամբ: Դեռևս 2001-ից ՍՊԸ-ների բաժնեմասերի սեփականատերերի ինֆորմացիան բաց է, իսկ 2013-ից դրան ուղիղ հասանելիություն ունեն նաև պետական մարմինները: Այս տարիների ընթացքում բազմիցս փորձ է արվել բացել նաև բաժնետերերի մասին ինֆորմացիան, սակայն ինչ-ինչ պատճառներով՝ այդ թվում քաղաքական, այդ նախաձեռնությունները սառեցվել են»,-նշել էր Գրիգորյանը: Օրենքի նախագծով առաջարկվում է այդ մարմիններին հասանելիություն տրամադրել ընկերությունների բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային, ինչպես նաև արժեթղթերի հաշիվների ցանկի, տեսակի և կարգավիճակի վերաբերյալ տվյալներին:
11:34 - 03 հունիսի, 2020