armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով իրավապահ մարմիններին, ՏՄՊՊՀ-ին և ՊԵԿ-ին առաջարկվում է հասանելիություն տրամադրել բաժնետոմսերի և դրանց սեփականտերերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային:
Նախագիծը խորհրդարանում ներկայացրել էր Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
«Բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան հասանելի է դառնալու իրավապահ մարմիններին, ՏՄՊՊՀ-ին և ՊԵԿ-ին: Բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի մասին ինֆորմացիան հիմա հնարավոր է ստանալ միայն քրեական գործի շրջանակում՝ կասկածյալի կամ մեղադրյալի մասով՝ միայն դատարանի որոշմամբ: Դեռևս 2001-ից ՍՊԸ-ների բաժնեմասերի սեփականատերերի ինֆորմացիան բաց է, իսկ 2013-ից դրան ուղիղ հասանելիություն ունեն նաև պետական մարմինները: Այս տարիների ընթացքում բազմիցս փորձ է արվել բացել նաև բաժնետերերի մասին ինֆորմացիան, սակայն ինչ-ինչ պատճառներով՝ այդ թվում քաղաքական, այդ նախաձեռնությունները սառեցվել են»,-նշել էր Գրիգորյանը:
Օրենքի նախագծով առաջարկվում է այդ մարմիններին հասանելիություն տրամադրել ընկերությունների բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային, ինչպես նաև արժեթղթերի հաշիվների ցանկի, տեսակի և կարգավիճակի վերաբերյալ տվյալներին:
comment.count (0)