ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Չարաշահումներ Գյումրիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց» և «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց»  ՀՈԱԿ-ներում

Չարաշահումներ Գյումրիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց» և «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ներում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Գյումրիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2010 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում նախնական համաձայնությամբ,  ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով, 18 քաղաքացիների հրամանագրել են տարբեր հաստիքներում և, հաստատապես տեղյակ լինելով վերջինների կողմից աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին, կանխիկ, իսկ հետագայում նաև բանկային փոխանցումների եղանակով ստացել են այդ աշխատակիցների անվամբ ելքագրված գումարները՝ այդ կերպ հափշտակելով Գյումրիի համայնքապետարանի բյուջեից ելքագրված առանձնապես խոշոր չափերի՝ 32.000.000 ՀՀ դրամի գումարները: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ Գյումրիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող մեկ այլ՝ «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն հանդիսացած Ա. Կ.-ը և հաշվապահ Ա. Պ.-ը 2009 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, մեկ միասնական դիտավորությամբ, շահադիտական դրդումներով, ընդհանուր թվով 6 անձանց ձևականորեն հրամանագրել են տարբեր հաստիքներում՝ համայնքապետարանի բյուջեից հափշտակելով 10.600.000 ՀՀ դրամի գումարները: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում  ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել  են երկու  քրեական գործեր, որոնցով  ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, համայնքին պատճառված վնասը  վերականգնելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:48 - 14 սեպտեմբերի, 2020
ԱԱԾ-ն պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք է բացահայտել

ԱԱԾ-ն պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք է բացահայտել

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի բացահայտման մասին: ՀՀ ԱԱԾ մամուլի կոնտրոնի տարածած հաղորդագրությունը. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ «Դրայվ-2014» ՍՊ ընկերության տնօրեն Դ.Թ.-ը, նախնական համաձայնության գալով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Ա. Պ.-ի և փորձագիտական խմբի փորձագետ Ռ.Ղ.-ի, ինչպես նաև ՀՀ ԱԱՊ «Արմէքսպերտիզա» ՍՊ ընկերության պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակցի հետ, խախտելով ՀՀ կառավարության 28.08.2008 թվականի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու» մասին 1101-Ն որոշմամբ հաստատված հավելվածի «Նվազագույն պահանջներ ԱԳԼՃԿ-ների կառուցման վերաբերյալ» գլխի 12-19 կետերի պահանջները, չունենալով ավտոգազալցաճնշակայան կառուցելու շինարարական թույլտվություն՝ սեփականության իրավունքով  իրեն  պատկանող  Չարենցավան քաղաքի Եսայան 8 և 10 հասցեներում կառուցել է ստացիոնար  ավտոգազալցաճնշակայան: Այնուհետև, 2014 թվականից մինչև 2020 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում  իրականացրել է սեղմված բնական գազի վաճառք: «Դրայվ-2014» ՍՊ ընկերությանը պատկանող  գազալցակայանը հաշվառված է եղել արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա տեղակայված գազաբալոնների համար և չունենալով սեփական ճնշակ` սեղմված գազը ստացել է ավտոգազալցման ճնշակների արտադրությամբ զբաղվող իր հարևանությամբ գործող «Եղիցի լույս» ՍՊ ընկերության տարածքում  գտնվող արտադրական փորձարկում անցնող  ճնշակներից: Միաժամանակ, ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ԱԱՊ «Արմէքսպերտիզա» ՍՊ ընկերության պաշտոնատար անձինք 2014-2019 թվականների ընթացքում պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելով` կազմել, հաստատել  և շրջանառության մեջ են դրել արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության վկայագրի փորձաքննությունների դրական  եզրակացություններ՝ արդյունքում իրական վտանգ ստեղծելով  ինչպես ավտոգազալցակայանի ծառայությունից օգտվող, այնպես էլ հարևանությամբ բնակվող անձանց կյանքին ու առողջությանը։ Վերոհիշյալ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ պաշտոնատար անձանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
12:08 - 11 սեպտեմբերի, 2020
ԱԱԾ-ն հայտնում է ապօրինի ծառահատումների բազմաթիվ դեպքեր բացահայտելու մասին

ԱԱԾ-ն հայտնում է ապօրինի ծառահատումների բազմաթիվ դեպքեր բացահայտելու մասին

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է անտառային տնտեսություն վարող պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, պաշտոնատար անձանց կաշառք տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ծառահատումների բազմաթիվ դեպքեր բացահայտելու մասին:   «ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր և արդյունավետ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքար» անտառտնտեսության «Գետաշեն» անտառպետության անտառապետ Վ. Փ.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, կազմակերպել է ապօրինի ծառահատումներ: Մասնավորապես՝ իր կողմից դրսևորած անկհայտ ապօրինի գործողության և ակնհայտ ապօրինի անգործության համար Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի մի շարք քաղաքացիների կողմից կատարված ապօրինի ծառահատումների դիմաց նրանցից որպես կաշառք ստացել է առանձնապես խոշոր չափերի գումարներ: Միաժամանակ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, որոշ դեպքերում նախնական համաձայնության գալով իրեն ենթակա անտառապահների հետ՝ նրանց դրդել է չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները և այդ կերպ պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ. ինչպես անձամբ, այնպես էլ անտառապահների միջոցով մի շարք անձանց թույլատրել է անտառպետությունից կատարել ապօրինի ծառահատումներ, ինչի հետևանքով գույքային վնասի ձևով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:  Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու, պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու, ինչպես նաև բնապահպանական շարունակական բնույթ կրող իրավախախտումները կանխարգելելու, կանխելու ուղղությամբ: Ազգային անվտանգության ծառայությունը հետևողականորեն շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ բնության առանձին ռեսուրսների նկատմամբ հանրորեն վտանգավոր ոտնձգությունները կանխելու, կանխարգելելու և բացահայտելու ուղղությամբ և հորդորում է զերծ մնալ բնակչության բնապահպանական անվտանգության ապահովմանն ուղղված հակաիրավական գործողություններ կատարելու և անօրինական եկամուտներ ստանալու գործելաոճից»: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
16:14 - 10 սեպտեմբերի, 2020
Կոռուպցիոն չարաշահումներ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն և Գավառ համայնքների պաշտոնատար անձանց կողմից

Կոռուպցիոն չարաշահումներ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն և Գավառ համայնքների պաշտոնատար անձանց կողմից

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ: Մասնավորապես՝ 2016-2017 թվականներին 19552 գծամետր ընդհանուր երկարությամբ ջրագծի երկաթյա խողովակաշարն ամբողջությամբ պոլիէթիլենային խողովակներով փոխարինելու աշխատանքների իրականացման ընթացքում, նախնական համաձայնության գալով  կապալառուներ «Մեդիսոն էյբլ» և «Քեյր Բլիդինգ Սերվիզիս» ՍՊ ընկերությունների ղեկավար անձանց հետ, ինչպես նաև հաստատապես տեղեկացված լինելով խողովակաշարի շուրջ 1450 գծամետր հատվածը փոխարինված չլինելու հանգամանքի մասին, թաքցնելով 2015 թվականին ՌԴ-ում գործարարությամբ զբաղվող նշված համայնքի բնակիչների միջոցներով նույն ջրագծի երկաթյա խողովակաշարի՝ 875 գծամետրի չափով  նորով փոխարինված լինելու փաստը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի պատվերով հայտարարված ծրագրի շրջանակներում խարդախությամբ հափշտակել են 2325 գծամետր խողովակաշարի փոխարինման աշխատանքների դիմաց պետության և համայնքային բյուջեներից նշված ընկերություններին հատկացված 56.300.000 ՀՀ դրամը, և 2017 թվականի հունիսի 20-ին կազմված ակտում այդ աշխատանքները ներկայացվել են որպես տվյալ ծրագրի շրջանակներում իրականացված։ Պարզվել է նաև, որ աշխատանքների կատարման ընթացքում ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության համապատասխան իրավասու պաշտոնատար, ինչպես նաև շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորությամբ օժտված այլ անձինք, իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելու արդյունքում ոչ պատշաճ են կատարել «Մեդիսոն էյբլ» և «Քեյր Բլիդինգ Սերվիզիս» ՍՊ ընկերությունների կողմից իրականացված աշխատանքների ընդունումը, ինչն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել, այն է՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել պետության և Վերին Գետաշեն համայնքի իրավունքներին ու օրինական շահերին:  ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված այլ նյութերով  փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Գավառ քաղաքի  «Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, այդ կերպ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դիտավորությամբ, 2006-2020 թվականների ընթացքում 8 անձանց հրամանագրել է դպրոցի տարբեր հաստիքներում։ Հիշյալ աշխատակիցները չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, ուստի՝ յուրացման եղանակով, հափշտակել է վերջիններիս անվամբ պետական բյուջեի միջոցներից տարիների ընթացքում դուրս գրված շուրջ 37.665.128 ՀՀ դրամ  գումար: Միաժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ հիշյալ դպրոցի տնօրենը, 2008-2019 թվականների ընթացքում չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, դպրոցում սովորող 11 անձանց կողմից տևական ժամանակով ՀՀ-ից բացակայելու և դպրոց չհաճախելու պայմաններում չի կատարել իր գործառութային պարտականությունները և սահմանված կարգով չի հեռացրել  դպրոցից: Ավելին՝ ուսուցչական անձնակազմին հրահանգել է անտեսել նրանց բացակայությունները, դասամատյաններում կեղծ գրառումներ կատարել և վերջիններիս տրամադրել է հիմնական կամ միջնակարգ կրթության մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ավարտական կեղծ վկայականներ։ Հիշյալ գործողությունների արդյունքում հեղինակազրկվել է պետական կազմակերպությունը, խաթարվել են հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու, պետական կազմակերպությանը կամ համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
15:29 - 09 սեպտեմբերի, 2020
Բացահայտվել են  պաշտոնատար անձի հանցակցությամբ  խոշոր չափերի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև պաշտոնատար անձին կաշառք տալու և ստանալու դեպքեր

Բացահայտվել են պաշտոնատար անձի հանցակցությամբ խոշոր չափերի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև պաշտոնատար անձին կաշառք տալու և ստանալու դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ ծառայության աշխատակիցների գործուն աջակցության շնորհիվ բացահայտվել են խոշոր չափերով թմրա­մի­ջոց­ների ապօ­րինի շրջանառության, կաշառք տալու և ստանալու դեպքեր, ինչպես նաև կանխվել է քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձի կողմից քրեակատարողական հիմնարկի տարածք խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրումը: Մասնավորապես՝ ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ Ս.Հ.-ն, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, ունենալով արդարադատության կապիտանի հատուկ կոչում, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 18-ի թիվ 270-ն որոշման պահանջները, փորձել է oժանդակել խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն, դրա դիմաց ստացել է կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Պարզվել է, որ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձը «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Վ. Խ.-ի խնդրանքով, շահադիտական դրդումներից ելնելով, 2020 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի Մալաթիայի գյուղմթերքների շուկայի մոտակայքում Վ. Խ.-ի մորից՝ Մ. Մ.-ից, ստացել է ընդհանուր խոշոր չափերով՝ 0.5928 գրամ «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, 0.15 գրամ «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութ  պարունակող դեղահատեր, ինչպես նաև 8.56 գրամ հաստատուն քաշով զգալի չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու՝ նշված խոշոր չափի թմրամիջոցներն «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Վ. Խ.-ին փոխանցելու համար, Մ. Մ.-ից ստացել է 25 հազար ՀՀ դրամ կաշառք։ 2020 թվականի սեպտեմբերի 2-ի առավոտյան Ս. Հ.-ն «Արմավիր» ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում բռնվել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների ծառայողների կողմից, ովքեր անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերել ու վերցրել են իր կողմից՝ Մ. Մ.-ից ստացած թմրամիջոցները, որից հետո վերջիններս հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: 2020 թվականի սեպտեմբերի 4-ին Ս.Հ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես  խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Մ.Մ-ին, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին առնչված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք  քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:27 - 08 սեպտեմբերի, 2020
ԱԱԾ-ում երկու տարի շարունակ տեղեկատվության հոսք է եղել․ Սեդա Սաֆարյան |armtimes.com|

ԱԱԾ-ում երկու տարի շարունակ տեղեկատվության հոսք է եղել․ Սեդա Սաֆարյան |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի ունեցած տեղեկություններով՝ օպերատիվ տվյալների իրացման գործընթացքում երկու տարի շարունակ ԱԱԾ-ում տեղեկատվության հոսք է եղել, ինչը շատ բացասական է անդրադարձել Հատուկ քննչական ծառայության աշխատանքի վրա, որը զբաղվում է Մարտի 1-ի մայր գործի նախաքննությամբ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Սեդա Սաֆարյանն ասաց, որ փորձ է արվել պետական մակարդակով դա ուղղել, բայց որեւէ անձի փոփոխությունը դեռ կադրային փոփոխություն չէ․ ըստ նրա՝ այն օղակները, որ պետք է դրանով զբաղվեն, չեն ցանկանում զբաղվել, եւ բոլորին հայտնի է, թե ինչու․ «Եթե Վանեցյանն այսօր զբաղվում է քաղաքական ինտրիգներով, պատկերացնո՞ւմ եք այս երկու տարվա ընթացքում ՀՔԾ-ի հետ համագործակցելու նրա մեխանիզմը եւ ցանկության բացակայությունը, դրա արդյունքում տեղեկատվական արտահոսք եղել է, եւ կան սպանություններ, որոնք ներկա պահին բացահայտված չեն»։ Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ դրանց ուղղությամբ դեռ աշխատանքներ կտարվեն․ «Եթե փաստաբանին կամ մեկ ուրիշ՝ երրորդ անձի ասում են, որ այսինչն է սպանել, մենք կարողանում ենք դա իմանալ, ապա ես կարծում եմ, որ նորմալ օպերատիվ աշխատողներ ունենալու պարագայում հաստատապես դա բացահայտված կլիներ․ կա շրջանակ, որտեղ առկա է սպանություն կատարող անձը, սուբյեկտը, անգամ եթե մի քիչ ավելի նեղացնեն, ինքնությունը կարող են ակնհայտ պարզել»,- ասաց նա։ Սաֆարյանի խոսքով՝ դատաիրավական ռեֆորմը, առավել եւս՝ այս գործով պայմանավորված, չիրականացվեց, ինչի արդյունքում տուժեցին իրենք․ «Ինքը Ռոբերտ Քոչարյանն անգիր գիտի, թե որ խմբավորումներն են սպանությունների հեղինակները, ովքեր են կատարել, վստահ եմ՝ գիտի, թե ինչ դիպուկահարներ են օգտագործել, այնպես չէ, որ անգործության մատնվելու իր տեսակետը՝ իբր ինքը տեղյակ չէ, իր օգտին է խոսում»։ Մեկ ու կես տարվա դատավարությունը, ըստ Սաֆարյանի, իրենց եւ հանրությանն ապացուցեց, որ դատարանի դահլիճում տեղի չի ունենում դատավարություն, նրա խոսքով՝ տպավորություն է, որ մարդիկ լսարան են մտել ու ուզում են իրենց դասախոսությունները կարդալ։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:20 - 07 սեպտեմբերի, 2020
Մալաքյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել

Մալաքյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել

Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրների ձերբակալման 72 ժամը: 2 օրվա ինտենսիվ քննչական գործողություններից հետո գիշերը մեղադրանք է առաջադրվել Մալաքյան եղբայրներին:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մալաքյան եղբայրների պաշտպան Գոռ Միքայելյանը՝ հավելելով, որ մեղադրանքի էությունն այն է, որ Մալաքյան եղբայրները, իբր, բռնություն են գործադրել ՃՈ աշխատակիցների նկատմամբ, հետո կատարել են խուլիգանություն, որի ընթացքում ծեծի են ենթարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչներին, այնուհետև ծեծել են օգնության ժամանած ՃՈ աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցներին /փաստորեն՝ իրավապահ մարմիններից գրեթե բոլորի ներկայացուցիչներին/:  Պաշտպանը հրապարակել է Մալաքյան եղբայրների լուսանկարներից մի քանիսը՝ հորդորելով դատել՝ ովքեր են ծեծի ենթարկողներն ու ովքեր՝ ծեծի ենթարկվածները: «Ու այսքանից հետո նախաքննական մարմինը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել մի ընտանիքից երկու եղբայրներին կալանավորելու համար: Ահա այսպիսի մթնոլորտում էլ ֆուտբոլի ազգային հավաքականը պատրաստվում է առաջիկա գերկարևոր ֆուտբոլային հանդիպումներին»,- գրել է Միքայելյանը:
14:42 - 02 սեպտեմբերի, 2020
Փարաքար համայնքի ղեկավարը վատնման եղանակով հափշտակել է համայնքի 12.935.000 ՀՀ դրամի դրամական միջոցները․ ԱԱԾ

Փարաքար համայնքի ղեկավարը վատնման եղանակով հափշտակել է համայնքի 12.935.000 ՀՀ դրամի դրամական միջոցները․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով, վատնման եղանակով, հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի՝ 12.935.000 ՀՀ դրամի դրամական միջոցները: Մասնավորապես՝ Փարաքար համայնքի ղեկավարը շահադիտական դրդումներով, համայնքի առանձնապես խոշոր չափերի հասնող գույքը հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ Ս.Ղ.-ի հետ, 2013 թվականին իր ներկայացմամբ և ավագանու ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերջինին նշանակել է համայնքի ղեկավարի տեղակալ՝ ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Հաստատապես իմանալով Ս.Ղ.-ի կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունում աշխատելու, հետևաբար նաև վերջինի կողմից համայնքապետարանում աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին՝ կազմել, հաստատել և վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հաստատող, բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել  հիշյալ աշխատակցի կողմից աշխատանքի հաճախելու, իր գործառութային պարտականությունները կատարելու և այլնի վերաբերյալ: Այնուհետև, բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից Ս.Ղ.-ի անվամբ անհիմն կարգով ելքագրվել և վատնման  եղանակով 2014-2017 թթ. ընթացքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 6.925.000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, նույն համայնքի ղեկավարը,  նախնական համաձայնության գալով ազգականի՝ Գ.Հ.-ի հետ, 2013 թ. վերջինին Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում հրամանագրել է որպես համայնքի ղեկավարի վարորդ, որից հետո Գ.Հ.-ի կողմից համայնքապետարանում աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել և վավերացրել է բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, ապա տվյալ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից Գ.Հ.-ի անվամբ անհիմն կարգով ելքագրվել և ապօրինի անհատույց, շահադիտական դրդումներով, 2013-2018 թթ. ընթացքում, վատնման  եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 5.970.000 ՀՀ դրամ գումար: Վերոգրյալից բացի, Փարաքար համայնքի ղեկավարը, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, համայնքի սոցալապես անապահով անձանցից Դ.Մ.-ի և Լ.Ս.-ի անուններով, համապատասխանաբար 2015 և 2018 թվականներին, որպես սոցիալական աջակցություն տրամադրել է 40.000 ՀՀ դրամ գումար և շահադիտական դրդումներով ելքագրված գումարն օգտագործել է իր անձնական կարիքների համար, այդ կերպ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է նշված գումարները:  Միաժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Է.Ե.-ն, հանդիսանալով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու անդամ, 2015 թ. հունիսի 8-ից մինչև նույն թվականի հունիսի 11-ը և 2015 թ. օգոստոսի 5-ից մինչև նույն թվականի օգոստոսի 24-ը բացակայել է ՀՀ տարածքից, չի մասնակցել այդ ընթացքում կայացած ավագանու նիստերին, սակայն 11.06.2015 թվականին Փարաքար համայնքի ավագանու կողմից ընդունված որոշումներում և կայացած նիստի արձանագրությունում Է. Ե.-ն նշվել է որպես նիստին մասնակից ավագանու անդամ, և վերջինի անվան դիմաց դրվել է ստորագրություն. այդ կերպ կազմվել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված այլ նյութերով  փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը: Հիշյալ պաշտոնատար անձը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ 2019 թ. տարեկան գնումների պլանով նախատեսված «Գազ 66-11» մակնիշի չորս բեռնատարների ձեռք բերման համար 2019 թ. ապրիլի 16-ին «gnumner.am» կայքում հրապարակված հայտի հիման վրա կայացած մրցույթի միակ մասնակից ընկերության հետ 2019 թ. օգոստոսի 1-ին կնքել է ապրանքի գնման պայմանագիր և «Կովկասի բնության հիմնադրամ» հասարակական կազմակերպության կողմից հիշյալ ՊՈԱԿ-ին հատկացված դրամաշնորհների հաշվին, 2019 թ. սեպտեմբերի 27-ին յուրաքանչյուրը 7,000,000 ՀՀ դրամով ձեռք է բերել (իրականում 2,400,000 ՀՀ դրամ միջին շուկայական արժեք ունեցող) «Գազ 66-11» մակնիշի չորս բեռնատար ավտոմեքենա՝ քաջատեղյակ լինելով շուկայում վերջինի անհամեմատ էժան գնի մասին: Վերոհիշյալ դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և դրանք օգտագործելու համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել են երկու քրեական գործեր: Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու, պետկան կազմակերպությանը կամ համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:43 - 02 սեպտեմբերի, 2020
Մեղադրանք է առաջադրվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող (օրենքով գող) Ա.Ղ.-ին

Մեղադրանք է առաջադրվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող (օրենքով գող) Ա.Ղ.-ին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում մեղադրանք է առաջադրվել Ա.Ղ.-ին: Նա, հանդիսանալով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ և գտնվելով կալանքի տակ, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, նույն գործով մյուս ամբաստանյալ՝ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Կ. Ս.-ի օժանդակությամբ, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Ն. Ե.-ից անձնական օգտագործման նպատակով ապօրինի  ձեռք է բերել, պահել և փոխադրել է թմրամիջոցներ: Մասնավորապես՝ Ա. Ղ.-ն, գտնվելով կալանքի տակ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, 2019 թ. հունիսին համաձայնության է եկել ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Կ. Ս.-ի հետ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Ն. Ե.-ից խոշոր չափերով «մեթադոն» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր և «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցներ ձեռք բերելու հարցում իրեն օժանդակելու շուրջ: Այնուհետև, Կ. Ս.-ն 2019 թ. հունիսի 7-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Ն. Ե.-ից ստացել է խոշոր չափի՝ ընդհանուր 0,3192 գրամ քաշով «մեթադոն» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր և մանր չափի՝ 0,31 գրամ քաշով «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց՝ Ա. Ղ.-ին ապօրինի փոխանցելու համար: Կ. Ս,-ն, հիշյալ թմրամիջոցներն իր մոտ թաքցրած, նույն օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրում կայացած դատական նիստին մասնակցելու նպատակով տեղափոխվել է դատարան, որտեղ թմրամիջոցներն ապօրինի փոխանցել է Ա. Ղ.-ին։ Վերջինս, նշված թմրամիջոցները վարտիքի մեջ թաքցնելով, իր հետ տեղափոխել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ դրանք հայտնաբերվել են անձնական խուզարկության արդյունքում: Նույն քրեական գործի շրջանակներում խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման օժանդակության համար մեղադրանք է առաջադրվել նաև Կ.Ս-ին: Ձեռնարկվում են ակտիվ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին առնչված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, ինչպես նաև թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը խափանելու, կանխելու և չեզոքացնելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
16:51 - 31 օգոստոսի, 2020
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գ. Մ.-ի  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գ. Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գ. Մ.-ն իր բնակության հասցեում շինարարական աշխատանքեր իրականացնող Գ. Ի.-ի և վերջինիս մորեղբոր տղայի Ա. Ի.-ի միջոցով իրեն դիմած Ա.Պ.-ի օգտին մասնավոր հարցին առնչվող, այն է՝ նախկինում գրավադրված ոսկու դիմաց պարտք մնացած և ձկան վաճառքից գոյացած գումարները Ս. Ս.-ի կողմից չվճարելու վերաբերյալ առաջացած վեճը (խնդիրը) լուծելու համար, 2020թ. մայիսի 17-ից սկսած զանգահարել է Ս. Ս.-ին և անօրինական ազդեցությունն օգտագործելով և սպառնալիքի միջոցով պահանջել հանդիպել իրեն, սակայն վերջինիս կողմից տարբեր պատճառաբանություններով հանդիպումը հետաձգելու պայմաններում, հետագա խոսակցություններից մեկի ընթացքում սպառնացել է իր հեղինակությունն ու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից բխող հնարավորություններն օգտագործելով բռնություն գործադրել Ս. Ս.-ի նկատմամբ, որպիսի գործողություններից խուսափելու համար հանձնարարել է նրան համաձայնության գալ պարտատիրոջ՝ Ա. Պ.-ի առաջարկի հետ: Դրանից հետո Ա. Պ.-ն, օգտվելով Գ.Մ.-ի հովանավորչությունից, Ս. Ս.-ից որպես նյութական օգուտ և այլ առավելություն պահանջել է 4.800 ԱՄՆ դոլար, 1.550.000 ՀՀ դրամ և նրան պատկանող Արմավիրի մարզում գտվող ձկնաբուծական լճերի ափամերձ հատվածի հողատարածքի սեփականության վկայականը: Նկարագրված արարքը կատարելու համար Գ. Մ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նույն գործի շրջանակներում քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի, որոնցից մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մյուսի նկատմամբ միջնորդություն է հարուցվել Դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն ստանալու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցած կամ ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:53 - 28 օգոստոսի, 2020
Բացահայտվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, ինչպես նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց դիմելու դեպքեր

Բացահայտվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, ինչպես նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց դիմելու դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ համատեղ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, վերջինիս մասնակցելու կամ ներգրավելու, հիշյալ խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հանցավոր սխեմաներ: Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020 թ. օգոստոսի 25-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «օրենքով գողի» կարգավիճակ ստացած «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գ. Մ.-ն, ով նույն օրը քրեադատավարական օրենքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել է: Քրեական գործով ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ «օրենքով գողի» կարգավիճակ ստացած «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գ. Մ.-ն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահ­մանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն՝ ստանալով և պահպանելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը և հանդիսանալով այդ կարգավիճակով ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ՝ 2020 թ. փետրվարի 22-ից հետո շարունակել է պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը և ստանձնել է մասնավոր, այն է՝ պարտք մնացած գումարի վերադարձման խնդրին վերաբերող վեճի՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու և սպառնալիքի միջոցով իրեն դիմած անձի օգտին լուծելը: Մասնավորապես՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ. Մ.-ն իրեն դիմած Ա. Պ.-ի օգտին մասնավոր հարցին առնչվող, այն է՝ նախկինում գրավադրված ոսկու դիմաց պարտք մնացած և ձկան վաճառքից գոյացած գումարները Ս. Ս.-ի կողմից չվճարելու վերաբերյալ առաջացած վեճը (խնդիրը) լուծելու համար օգտագործել է իր անօրինական ազդեցությունը: Նա 2020 թ. մայիսի 17-ից սկսած զանգահարել է Ս.Ս.-ին և սպառնալիքներ տալու միջոցով հանձնարարել է նրան համաձայնության գալ պարտատիրոջ՝ Ա.Պ.-ի առաջարկի հետ, ով օգտվելով Գ.Մ.-ի հովանավորչությունից Ս.Ս.-ից պահանջել է 4800 ԱՄՆ դոլար, 1.550.000 ՀՀ դրամ և նրան պատկանող Արմավիրի մարզում գտվող ձկնաբուծական լճերի ափամերձ հատվածների հողատարածքների սեփականության վկայականները: Նույն քրեական գործի շրջանակներում բերման են ենթարկվել ևս 4 անձինք: Նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 3-ը ՀՀ քրեադատավարական օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 1-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Բացի այդ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող մեկ այլ քրեական գործով նույն օրը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող Ա. Թ.-ն 2020 թ. փետրվարի 22-ի դրությամբ, շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, 2020 թ. փետրվարի 22-ից սկսած նաև ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբա­վորում: Մասնավորապես, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ան­ձանց նկատմամբ իրականացրել է վերահսկողություն, նրանց շարքերում «կարգուկանոն» պահպանելու նպատակով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող և դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց տվել է կոնկրետ հրահանգներ, իսկ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելու համար՝ հանձնարարականներ, կազմակերպել և վերահսկել է նաև, այսպես կոչված, «օբշակի» գումարնե­րի հավաքագրումը և տնօրինումը: Միաժամանակ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Ա.Թ.-ն, գտնվելով արգելանքի տակ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3-րդ տեղամասի 30-րդ խցում, քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորների և դատապարտյալների նկատմամբ իրականացրել է վերահսկողություն, մասնավորապես՝ իրեն դիմած տարբեր անձանց խնդրանքներով կարգավորել և վերաբաշխել է ՔԿՀ-ում գտնվող և նոր տեղափոխված անձանց պահման վայրերը՝ տեղամասերը և խցերը, հետևել է կալանավորների և դատապարտյալների կողմից մոլախաղերի մեջ ներգրավվածությանը՝ արտոնյալներին զերծ պահելով դրանից, քրեակատարողական հիմնարկի այլ տեղամասերի «արտոնյալ» կալանավորների և դատապարտյալների հետ քննարկել է տվյալ տեղամասում վերահսկողությունը թուլացրած և կալանավորված անձանց շրջանում հեղինակությունը կորցրած այսպես կոչված մեկ այլ «զոն նայողին» պատժելու հարցը: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ հայտնաբերելու նպատակով վերը նշված անձանց բնակարաններում հիշատակված քրեական գործերով կատարվել են ընդհանուր թվով 6 խուզարկություններ, որի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, վեճի առարկա հանդիսացող հողամասերի սեփականության իրավունքի գրանցման վկայագրեր, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ: Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ հանցավոր սխեմայում ներգրավված մասնակիցների կողմից այլ հանցավոր դրսևորումների առկայությունը պարզելու, հնարավոր հանցավոր դրսևորումները կանխելու, խափանելու ուղղությամբ: Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է հանրությանը զերծ մնալ նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքներն իրականացնելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց դիմելու գործելաոճից և ցուցաբերել բացառապես իրավահպատակ վարքագիծ և հիշեցնում է, որ այդ գործողությունների համար սահմանված է քրեական պատասխանատվություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:16 - 26 օգոստոսի, 2020