ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

ՄԻՊ ներկայացուցիչները սպա-իրավաբանների մասնագիտական հավաքին ներկայացրել են ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներ կատարած այցերի արդյունքում վեր հանված գործնական խնդիրները

ՄԻՊ ներկայացուցիչները սպա-իրավաբանների մասնագիտական հավաքին ներկայացրել են ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներ կատարած այցերի արդյունքում վեր հանված գործնական խնդիրները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանն ու նույն բաժնի գլխավոր մասնագետ Համլետ Հարությունյանը մասնակցել են զորամիավորումների, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների սպա-իրավաբանների մասնագիտական հավաքին: ՊՆ վարչական համալիրում կազմակերպված մասնագիտական հավաքի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հատուկ ընդգծել են Զինված ուժերում իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման կարևորությունը, բանակում մարդու իրավունքների ապահովման և երաշխավորման տեսանկյունից կարգապահության ամրապնդման անհրաժեշտությունը: Այս համատեքստում նաև անդրադարձ է կատարվել «Իրավունքի գերակայության վրա հիմնված կարգապահությունը՝ որպես Զինված ուժերում մարդու իրավունքների երաշխիք» Մարդու իրավունքների պաշտպանի 2021 թվականի արտահերթ հրապարակային զեկույցին: Դրանից բացի, Պաշտպանի ներկայացուցիչները նաև ներկայացրել են Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ իրականացված այցերի, դրանց շրջանակներում անցկացված առանձնազրույցների արդյունքում վեր հանված գործնական խնդիրներ: Առանձնահատուկ ուշադրության են արժանացել զինված ուժերում իրավական ուսուցման, իրավակարգի ապահովման և օրինականության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպման, իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացման և զինծառայողների իրավագիտակցության բարձրացման հետ կապված հարցերը:
17:40 - 08 փետրվարի, 2022
ՌԴ դեսպանը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը

ՌԴ դեսպանը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի և դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների, տեղեկությունների արագ փոխանակման հարցերով արդյունավետ համագործակցության համար: «Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձր է գնահատել ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ արդյունավետ համատեղ աշխատանքը բոլոր 6 տարիների ընթացքում: Պաշտպանն ընդծել է նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ընթացքում ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ աշխատանքը: Մասնավորապես համատեղ աշխատանքի շնորհիվ արձանագրվել են դրական արդյունքներ՝ չնայած կիրառված սահմանափակումներին: Օրինակ՝ մի դեպքում երեխաները տեղափոխվել են Երևան ծնողների մոտ, մեկ այլ դեպքում ծնողներն են տեղափոխվել երեխաների մոտ ՌԴ և այլն»-ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Պաշտպանը կարևորել է նաև այն, որ Հայաստանի և Ռուսաստանի օմբուդսմանների, ինչպես նաև ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, ՌԴ արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցչի մասնակցությամբ առաջին անգամ Մոսկվայում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության են եկել ՌԴ-ում մշտապես կամ ժամանակավոր բնակվող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև մեր այն հայրենակիցները, որոնք բնակվում են ՌԴ-ում, բայց ունեն իրավունքների հարցում խնդիրներ: Օրինակ՝ մի դեպքում խնդիրներ են ունեցել աշխատանքային իրավունքների, մեկ այլ դեպքում՝ ՌԴ մուտքի արգելքի հարցում և այլն: Եղել են նաև դեպքեր, երբ խոսքը վերաբերել է քրեական հետապնդմանն ու ազատությունից զրկման վայրում քաղաքացիների իրավունքներին: Եղել են նաև համալսարաններում ուսման և կենսաթոշակի հետ կապված հարցեր: Նշվում է, որ ՀՀ և ՌԴ մարդու իրավունքների հաստատություններում ընդունելությունը հիմնված է ինչպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարին հասցեագրված դիմումների և բողոքների վրա: Նախորդ 6 տարիների ընթացքում երկու հաստատությունների միջև արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով նշանակված են եղել հատուկ ներկայացուցիչներ: «Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը նշել է նաև, որ իր և ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի նախաձեռնությամբ ստեղծվել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքը: Դաշինքի կազմում են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Սերբիայի, Ղազախստանի և մի շարք այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատություններ: Այն դարձել է կարևոր հարթակ, որտեղ քննարկվում են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցության հարցեր՝ կապված մարդու իրավունքների հետ: Դա նաև կարևոր է Դաշինքի անդամ երկրներում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության նպատակով: Ավելին, Արման Թաթոյանի և Տատյանա Մոսկալկովայի համատեղ նախաձեռնությամբ տեղի են ունեցել հանդիպումներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ: Մասնավորապես, այս հանդիպումները կարևոր հարթակ են եղել, որպեսզի ՀՀ ու ՌԴ մարդու իրավունքների հաստատությունների ղեկավարները բարձրացնեն քաղաքացիների բողոքներում ու դիմումներում նշված հարցերը: Օրինակ՝ Արման Թաթոյանը բարձրացրել է հայ վարորդների վարորդական վկայականների հարցերը և այլն»,- հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ Արման Թաթոյանը նշել է նաև, որ արդյունավետ համագործակցություն է հաստատված եղել ՌԴ նախագահի խորհրդական, ՌԴ-ում երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Աննա Կուզնեցովայի (ներկայում՝ ՌԴ Պետական դումայի պատգամավոր) հետ: Մասնավորապես, Աննա Կուզնեցովայի հետ տեղի են ունեցել թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ քննարկումներ, թե՛ պատերազմի, թե՛ նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ընթացքում և այլ հարցերով: Ապահովվել է տեղեկությունների արագ փոխանակում: Արման Թաթոյանը ընդգծել է, որ արդյունավետ է եղել նաև համագործակցությունը ՌԴ տարածաշրջաններում Մարդու իրավունքների հանձնակատարների հետ: Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների հետ: Դեսպանը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև արդյունավետ համատեղ աշխատանքը ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ:
18:39 - 07 փետրվարի, 2022
Ադրբեջանական իշխանությունները պետական մակարդակով հրահրում են կրոնական թշնամանք` բացարձակ կեղծիքով մեզ մեղադրելով իսլամաֆոբիայի մեջ․ ՄԻՊ

Ադրբեջանական իշխանությունները պետական մակարդակով հրահրում են կրոնական թշնամանք` բացարձակ կեղծիքով մեզ մեղադրելով իսլամաֆոբիայի մեջ․ ՄԻՊ

Ադրբեջանական իշխանությունները պետական մակարդակով հրահրում են կրոնական թշնամանք` բացարձակ կեղծիքով մեզ մեղադրելով իսլամաֆոբիայի մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Բա ինչպե՞ս կբացատրեն, օրինակ, իսլամի հիմնադիր Մուհամեդ հայտնի կարևոր հրովհարտակը կամ ֆերմանը, որը նա ընդունել է դեռ 626թ. Երուսաղեմի Հայոց Պատրիարք Աբրահամի իր 40 պատվիրակներով նրան այցից հետո ու դրանով պաշտպանության տակ առել «Երուսաղեմում, Դամասկոսում և արաբական շրջաններում» եկեղեցիները, վանքերը, այդ թվում՝ Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքը, կրթական հաստատությունները, սեփականությունը: Հետագայում էլ դա պահպանվել է: Պատմական փաստերն են ապացուցում մեր ժողովրդի, ինչպես նաև Հայ եկեղեցու հարգանքը իսլամի ու մյուս կրոնների նկատմամբ՝ սկսած այն երկրներից, որտեղ իսլամ են դավանում: Իսլամ դավանող աշխարհի բազմաթիվ ժողովուրդների հետ հայերը դարերով ապրում են՝ որպես բարեկամներ դարերով։ Ադրբեջանական իշխանությունների այս քաղաքականությունը թշնամանք է հրահրում այն երկրներում ապրող հայերի նկատմամբ, որտեղ իսլամ են դավանում: Սա թշնամանքի հրահրում է ժողովուրդների միջև: Արցախում կանգուն էր մնացել ու պահպանվում էին, օրինակ, Շուշիի Վերին ու Ներքին մզկիթները, հիմնովին վերանորոգվել էին Վերին մզկիթն ու մեդրեսի՝ հոգևոր վարժարանի շենքը, կառուցվել էր պուրակ: Երևանում կա գործող մզկիթ: Փոխարենը՝ ադրբեջանական զինված ուժերը  հրթիռակոծեցին ու պղծեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Կանաչ ժամ եկեղեցիները, ոչնչացրին Արցախում Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կամ պղծեցին Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցին, ոչնչացրին հայկական խաչքարերը Շուշիում և Հադրութում և այլն: Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին պղծված է՝ վերածված է գրադարանի պահոցի, գմբեթից իջեցված է խաչը, չկա խորանը, ոչնչացված են գերեզմանաքարերը, որ կային եկեղեցու հարևանությամբ: Ներկայում պետական մակարդակով ամեն ինչ անում են` փոխելու համար Հայ եկեղեցիների ու վանքերի պատկանելիությունը: Այս քաղաքանությունն արդեն արտահայտվում է խոշտանգումների նոր ձևերով, որոց ենթարկում են հայ գերիներին` կապված կրոնական պատկանելիության հետ: Այնպես որ ադրբեջանական այս հայտարարությունները բացարձակ կեղծիք են, ունեն քաղաքական շարժառիթներ և խիստ վտանգավոր են խաղաղության համար: Այս բոլոր փաստերը մանրամասն ներկայացված են Մարդու իրավունքների պաշտպանի 2 օր առաջ հրապարակված այս զեկույցում են և այս ասուլիսում»,- գրել է նա:
21:31 - 06 փետրվարի, 2022
Ընտրողական մոտեցում և շահերի բախում․ ՄԻՊ գրությանը ՀՀԽ արձագանքի հետքերով
 |fip.am|

Ընտրողական մոտեցում և շահերի բախում․ ՄԻՊ գրությանը ՀՀԽ արձագանքի հետքերով |fip.am|

fip.am: Հանրային հեռարձակողի խորհուրդը (ՀՀԽ) օրերս հայտարարություն էր տարածել, որով պատասխանել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրությանն այն մասին, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի թողարկումներում ՄԻՊ հրապարակումներն անտեսվել և չեն լուսաբանվել։ Ի թիվս այլ փաստարկների՝ ՀՀԽ-ն անդրադարձել էր նաև այս տարվա հոկտեմբերին ՄԻՊ-ՊՆ իրար հակասող հայտարարությունների թեմային։ «Պաշտպանը մեղադրում է «Լուրերին» այն բանի համար, որ խմբագրությունը հրապարակել է, օրինակ, ՊՆ պաշտոնական հաղորդագրությունները, որոնք հերքում են Պաշտպանի հայտարարությունները: Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրությունների հեռարձակումը Հանրայինի համար օրենքի պահանջ է։ Միաժամանակ, ՄԻՊ-ի փաստահավաք գործունեությամբ ձեռք բերված տվյալները նույնպես համարվում են արժանահավատ։ Այստեղ կա զգայուն հարցի վերաբերյալ տարբեր տեսակետների հակադրություն, որը «Լուրերի» խմբագրությունը օբյեկտիվորեն չի կարող ստուգել, բայց և պարտավոր չէ երկուսն էլ հաղորդել՝ հակասելով ինքն իրեն։ Հետևաբար, խմբագրությունն ինքն է ընտրում իր կարծիքով առավել արժանահավատ տեղեկատվության աղբյուրը, քանի որ գործ ունի զանգվածային ընկալումների հետ և պատասխանատու է հրապարակման հետևանքների համար։  ՄԻՊ-ի արձանագրումները և «Լուրերի» լուսաբանումը չեն կարող նույնացվել, դրանք տարբեր խնդիրներ են լուծում»,- մասնավորապես, ասված էր ՀՀԽ-ի հայտարարության մեջ (բոլոր ընդգծումները մերն են — խմբ․)։ ՀՀԽ-ի այս հայտարարության մեջ կան մի քանի խնդրահարույց պնդումներ, որոնց «Փաստերի ստուգման հարթակը» անդրադառնում է ստորև։ Խմբագրությունն օբյեկտիվորեն չէ՞ր կարող ստուգել Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգել էր, որ մայիսին Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինուժը ոչ միայն չի պատրաստվում լքել զբաղեցրած դիրքերը, այլ նաև լուրջ ամրաշինական աշխատանքներ է արել՝ նպատակ ունենալով այդտեղ մնալ երկար ժամանակով: Ի պատասխան ՄԻՊ-ի ահազանգի՝ ՊՆ-ն հայտարարեց, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը և ուռճացված են։ Հանրայինն այս թեման լուսաբանելիս ներկայացրել էր միայն ՊՆ-ի հերքումը։ Այս մասով ՀՀԽ-ն իր պարզաբանման մեջ նշում է, որ «Լուրերի» խմբագրությունը օբյեկտիվորեն չէր կարող ստուգել պնդումների իսկությունը։ Մինչդեռ, ՄԻՊ-ՊՆ «փոխհրաձգության» արանքում իրական պատկերը հասկանալու համար «Փաստերի ստուգման հարթակն» այդ օրերին այցելել էր Գեղարքունիքի մարզի նշված հատվածներ և պարզել, որ ադրբեջանական զինուժն իսկապես մեծածավալ ինժեներական ու ամրաշինական աշխատանքներ է կատարել, պաշարներ կուտակել։ Ակնհայտ էր, որ դիրքերը մոտակա ժամանակում լքելու որևէ միտք չկար։ Ստացվում է, որ այն, ինչ ստուգել ենք մենք, «Լուրերի» խմբագրությունը, ունենալով անհամեմատ ավելի մեծ ռեսուրսներ և հնարավորություն, այդ թվում՝ մարզային թղթակիցներ, «օբյեկտիվորեն չէր կարող ստուգել»։ Խմբագրությունը պարտավոր չէ՞ր Նույն պարբերության մեջ ՀՀԽ-ն հայտարարում էր, որ ««Լուրերի» խմբագրությունը պարտավոր չէ երկուսն էլ (ՄԻՊ-ի և ՊՆ-ի տեսակետները-խմբ․) հաղորդել՝ հակասելով ինքն իրեն»։ Այստեղ ևս Հանրայինի լրատվականի գործելաոճի վերաբերյալ ՀՀԽ-ի գնահատականը  մանիպուլյատիվ է։ Պարզաբանման մեջ Խորհուրդն ինքն ընդունում է, որ և՛ ՊՆ-ի, և՛ ՄԻՊ-ի հայտարարությունները պաշտոնական են և արժանահավատ։ Միևնույն ժամանակ, նույն փաստաթղում Խորհուրդը արձանագրում է, որ պաշտոնական հաղորդագրությունների հեռարձակումը Հանրայինի համար օրենքի պահանջ է։ Այսինքն, ըստ ՀՀԽ հայտարարության, Հանրայինը թեև պարտավոր է հեռարձակել պաշտոնական հաղորդագրությունները, սակայն հեռարձակել է միայն ՊՆ-ի հերքումը, որպեսզի չհակասի ինքն իրեն։ Մինչդեռ Հանրայինն այս դեպքում կարծիք արտահայտող չէր, այլ ընդամենը երկու պաշտոնական հայտարարությունների հեռարձակող, հետևաբար՝ դրանցում առկա բովանդակային հակասությամբ հանդերձ՝ լուսաբանումը որևէ կերպ չէր կարող նշանակել, որ Հանրայինը հակասում է ինքն իրեն։ Ավելին՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 22-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ հանրային հեռարձակողը ղեկավարվում է օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում է կարծիքն արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և դավանանքի, ինչպես նաև ստեղծագործական ազատությունը: Թեմայի վերաբերյալ «Լուրերի»՝ ոչ բոլոր կողմերի տեսակետները ներկայացնելը հասկանալի կլիներ, եթե առկա լինեին մի քանի իրարամերժ պնդումներ։ Սակայն այս դեպքում գործ ունենք ընդամենը երկու պաշտոնական մարմինների՝ տարբերվող պնդումների հետ, հետևաբար՝ անկողմնակալությունն ու բազմազանությունն ապահովելու համար Հանրայինը պետք է ներկայացներ նաև Օմբուդսմենի դիրքորոշումը։ Առավել ևս, կոնկրետ քննարկվող դեպքում խնդրի մասին առաջինը բարձրաձայնել էր հենց ՄԻՊ-ը, լրագրողական բառապաշարով ասած՝ հենց ՄԻՊ-ի հրապարակումն էր դարձել նյութի ինֆորմացիոն առիթը, իսկ ՊՆ-ի արձագանքն ընդամենը ՄԻՊ-ի պնդման պատասխան-հերքումն էր։  Շահերի բախում Ուշագրավ է նաև, որ այս դեպքով որոշման կայացմանը մասնակցել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանը, որը Հանրայինի լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Լուսինե Բարսեղյանի ամուսինն է։  Ըստ էության՝ Թևոսյանը մասնակցել է մի որոշման կայացմանը, որով փաստացի պաշտպանվել են նրա ընտանիքի անդամի ղեկավարած կազմակերպության գործողությունները։ Պարզաբանում ստանալու նպատակով կապվեցինք Վահագն Թևոսյանի հետ։ Նա հաստատեց, որ մասնակցել է այս հարցով ՀՀԽ-ի որոշման կայացմանը և չի համարում, որ դրանում շահերի բախում կա։ «Ես խորհրդի անդամ եմ, ես պարտավոր եմ դա անել կամ պաշտպանել, կամ փնովել, կամ նկատողություն անել, կամ եզրակացություն անել։ Նու․․․ սենց ասեմ, պղտոր ջրում ձուկ եք փնտրում, բարեկամ, ամեն դեպքում։ Չէ չկա, շահերի բախում չկա, որովհետև էդ հարցը իմ կնոջ հետ ես չեմ քննարկել։ Մենք ընդհանրապես ոչինչ չենք քննարկում, որովհետև իր ինստիտուցիոնալ ղեկավարը գործադիր տնօրենն է»,- պատասխանեց Թևոսյանը։ Մինչդեռ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ այս դեպքում ակնհայտ է, որ կա շահերի բախում․ «Դա շահերի բախում է միանշանակ, եթե ինքն էլ (Վահագն Թևոսյանը — խմբ․) ստորագրել է այդ հայտարարության տակ»։ Իսկ ի՞նչ է շահերի բախումը «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, պաշտոն զբաղեցնող անձի՝ իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեև ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը։
18:50 - 04 փետրվարի, 2022
Ադրբեջանական դպրոցների համար նախատեսված դասագրքերում ատելություն և թշնամանք է քարոզվում հայերի նկատմամբ․ Արման Թաթոյան |armenpress.am|

Ադրբեջանական դպրոցների համար նախատեսված դասագրքերում ատելություն և թշնամանք է քարոզվում հայերի նկատմամբ․ Արման Թաթոյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է ապացույցների վրա հիմնված արտահերթ նոր զեկույց հետպատերազմական շրջանում հայատյացության ադրբեջանական քաղաքականության նոր զարգացումների, վտանգների վերաբերյալ։  «Ադրբեջանական իշխանությունները ատելություն են քարոզում Հայաստանի և հայերի հանդեպ»,- այս մասին ասուլիսի ընթացքում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Վերջինս վստահեցրեց, որ պետական հովանավորությամբ կատարվող ադրբեջանական ատելության քարոզչության քաղաքականությունը հիմնված է երկու հիմնարար հենասյուների վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էթնիկ հիմքով ատելությանն ավելացել է նաև կրոնականը։ «Ադրբեջանական դպրոցների համար նախատեսված դասագրքերում ատելություն և թշնամանք է քարոզվում հայերի նկատմամբ։ Ադրբեջանում ցույց է տրվում իրենց գերակայությունը հայ ժողովրդի հանդեպ: Նրանց իշխանությունները փոխում են նաև եկեղեցիների պատկանելությունը՝ ասելով, որ դրանք ալբանական են»,- նշեց Թաթոյանը: Նա ներկայացրեց նաև ադրբեջանական այդ քաղաքականության վտանգները այլ երկրների, ինչպես նաև 2 ժողովուրդների միջև աշխարհի տարբեր երկրներում: Թաթոյանը վստահեցրեց, որ  Ադրբեջանական այս ռազմավարությունը վտանգավոր է նաև այլ երկրների համար։ «Պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում և մի շարք երկրներում ադրբեջանական և թուրքական խմբերը հարձակվում էին հայերի վրա, նույնիսկ վանդալիզմի էին ենթարկում մի շարք շինություններ, որոնց ապացույցներն անհերքելի են»,- ընդգծեց նա: Թաթոյանը օրինակներով առանձնացրեց Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների ատելություն տարածող պահվածքը, որոնք գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն դրսևորվում են մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի: «44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծ Ֆահիդ Ազիզը ասում է, որ հայերը բացի քաոսից այլ բան չեն կարող ստեղծել, անբարոյական ազգ են։ Սա կոնկրետ ապացույց է, որ Ադրբեջանը նման հայտարարությունները ողջունելի է համարում»,- նշեց նա: Թաթոյանը անդրադարձ կատարեց նաև  ադրբեջանական կողմի խաղաղասիրական հայտարարություններին՝ վստահեցնելով, որ դրանք շղարշ են արտաքին աշխարհի համար։ 
14:07 - 04 փետրվարի, 2022
ՄԻՊ աշխատակիցներն այցելել են այն մանկապարտեզ, որտեղ երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքեր են գրանցվել

ՄԻՊ աշխատակիցներն այցելել են այն մանկապարտեզ, որտեղ երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքեր են գրանցվել

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր տարածված տեղեկությանը, որ Երևանի մանկապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքեր են գրանցվել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Երևանի մանկապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ հրապարակումից անմիջապես հետո, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, աշխատակազմի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն այցելել են այդ մանկապարտեզ:Տեղի են ունեցել առանձնազրույցներ աշխատողների և տնօրինության հետ:Օրվա ընթացքում նախաձեռնվել են բազմակողմանի մասնագիտական քննարկումներ Երևանի քաղաքապետարանի հետ:Պաշտպանի աշխատակազմը նաև կապի մեջ է երեխայի ծնողի հետ:Ի գիտություն է ընդունվել տեղեկությունն այն մասին, որ հարուցվել է քրեական գործ:Երեխայի վերաբերյալ հրապարակումների բովանդակության հետ կապված` պետք է նկատի ունենալ, որ ցանկացած նյութ հրապարակելիս պետք է ղեկավարվել չվնասելու սկզբունքով, հարգել երեխայի արժանապատվությունն ու իրավունքները ցանկացած իրավիճակում:Երեխայի մասին տվյալներ լուսաբանելիս հատուկ ուշադրություն պետք է դարձվի յուրաքանչյուր երեխայի անձնական կյանքի գաղտնիությանը:Պաշտպանն իր իրավասության շրջանակում կշարունակի հետևել այս գործով ձեռնարկվող քայլերին, երեխայի իրավունքների ապահովման վիճակին:Բոլորին հորդորում ենք նկատի ունենալ, որ երեխայի լավագույն շահը գերադասելի է ցանկացած իրավիճակում. հրապարակային աղբյուրներում չպետք է նշվեն այնպիսի տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս նույնականացնել երեխային կամ նրա ընտանիքը, այդ թվում` շեշտելով երեխայի ազգային կոնկրետ պատկանելիությունը, անգամ եթե անունները փոխված են (օրինակ` եթե նպատակն է ցույց տալ, որ առկա է խտրականություն ազգային պատկանելիության հիմքով, ապա առավելագույնը կարելի է նշել, որ խոսքն ազգային փոքրամասնության ներկայացուցչի մասին է):Գրություններ են նախապատրաստվել ուղղված Երևանի քաղաքապետարանին և Ոստիկանությանը»:
22:58 - 03 փետրվարի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է ուղեցույց սպառողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ոչ պարենային ապրանքների գնման դեպքում

ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է ուղեցույց սպառողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ոչ պարենային ապրանքների գնման դեպքում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց սպառողների մոտ ոչ պարենային ապրանքների գնման ժամանակ ծագող խնդիրների վերաբերյալ՝ հիմք ընդունելով Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքները։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ դեպքերում սպառողները, երբեմն նաև տնտեսվարողները, տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչի հետևանքով հաճախ խնդիրներ են ունենում գնված ապրանքների փոխարինման կամ վերադարձման հարցերում։ Ուղեցույցում ներառվել են այն հարցերի պատասխանները, որոնք առավել հաճախ են տրվում Պաշտպանին հասցեագրվող դիմումներում և բողոքներում։ Հարցերի պատասխանները կազմելիս հիմք են ընդունվել համապատասխան իրավական ակտերի կարգավորումները։ Ուղեցույցն օգտակար կարող է լինել ինչպես սպառողների, այնպես էլ գործարարների համար։ Հիշեցնենք, որ Պաշտպանի աշխատակազմում գործող Գործարարության ոլոտում իրավունքների պաշտպանության բաժինը բողոքի առկայության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ քննարկում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված՝ մարդու իրավունքների և ազատությունների խախտումները։
15:07 - 03 փետրվարի, 2022
Մոնթեի նկարների և նրա մասին գրառումների համար էջերի արգելափակման հարցով ՄԻՊ-ը դիմել է «Ֆեյսբուք»-ին

Մոնթեի նկարների և նրա մասին գրառումների համար էջերի արգելափակման հարցով ՄԻՊ-ը դիմել է «Ֆեյսբուք»-ին

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի նկարների և նրա վերաբերյալ գրառումների հրապարակումից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի էջերի նկատմամբ կիրառվող արգելափակումների հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նամակ է ուղղել «Ֆեյսբուք»-ին։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը: «Հատուկ շեշտադրվել է, որ «Ֆեյսբուք»-ի այս քաղաքականությունը վնասում է սոցիալական մեդիայում խոսքի ազատությանը, առավել ևս այն պարագայում, երբ Մոնթեն մեր ժողովրդի համար հայրենասիրության և առաքինության, անձնուրացության օրինակ է համարվում: Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել և «Ֆեյսբուք»-ին է ներկայացվել փաստեր, որ Մոնթեի մասին խոսվում է դպրոցական ու բուհական դասագրքերում: Կից ներկայացրել ենք ապացույցներ արգելափակված կամ սահմանափակումների ներքո գտնվող օգտահաշիվների կամ էջերի վերաբերյալ»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:  
22:38 - 02 փետրվարի, 2022
Հանրային հեռարձակողի խորհուրդը պատասխանում է Մարդու իրավունքների պաշտպանի գրությանը

Հանրային հեռարձակողի խորհուրդը պատասխանում է Մարդու իրավունքների պաշտպանի գրությանը

ՀՀ Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրությամբ դիմել էր Հանրային հեռուստաընկերությանը և Հանրային հեռարձակողի խորհրդին՝ որպես «հրատապ հարց» պարզաբանումներ պահանջելով «Լուրեր» ծրագրի թողարկումներում Պաշտպանի հրապարակումները անտեսելու և դրանք չլուսաբանելու հարցով։ ՀՀ Հանրային հեռարձակողի խորհուրդը ուսումնասիրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրությունը, ՄԻՊ աշխատակազմի իրականացրած մշտադիտարկման արդյունքները, պարզաբանումներ է ստացել Հանրային հեռուստաընկերությունից և հարկ է համարում հայտնել հետևյալը։ 1․Հանրային հեռուստաընկերությունն իր լիազորությունների շրջանակում և օրենքի պահանջներին համապատասխան՝ պատրաստում և հեռարձակում է բազմազան թեմատիկ հաղորդումներ, նպատակ ունենալով առավելագույնս բավարարելու հանրության տարբեր շերտերի և սոցիալական խմբերի հեռուստատեսային պահանջմունքները, միաժամանակ ապահովելով հանրության՝ տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքը։ 2․Մասնավորապես, «Լուրեր» ծրագիրը տեղեկատվություն է մատուցում հայ հասարակությանը, առանձնացնելով, խմբագրության կարծիքով՝ օրվա գլխավոր իրադարձությունները։ Որպես Հանրային հեռուստաընկերության տեղեկատվական ծրագիր, «Լուրերն» ունի հավելյալ պարտավորությունները՝ և՛ օրենքով սահմանված, և՛ հանրության առաջ կամավոր ստանձնած։ Այս պարագայում, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը չէր կարող տեղ չգտնել Հանրային հեռուստաընկերության լրատվության մեջ։ Հասկանալի է սակայն, որ ամբողջ աշխարհում ընդունված լրատվության ձևաչափը (news) չի ենթադրում որևէ մարմնի գործունեության ամբողջական լուսաբանում։ 3․Այսուհանդերձ, Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները, տարեկան հաղորդումներն ու զեկույցները (այդ թվում՝ միջազգային կառույցներին հասցեագրված) պարբերաբար լուսաբանվել են «Լուրերի» եթերում և/կամ ինտերնետ հարթակներում, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս հրավիրվել է հարցազրույցի «Առաջին ալիքի» ամենադիտվող (prime-time) ժամերին։ (Տեսնել ցանկը)։ Այսպես, 2020 և 2021 թվականներին «Լուրեր» ծրագիրը լրատվական տարբեր ձևաչափերով 140 անդրադարձ է ունեցել ՄԻՊ-ի գործունեությանը։ Միայն 2021 թվականին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ 3 անգամ հրավիրվել է հարցազրույցի՝  «Առաջին ալիքի» ամենավարկանիշային հասարակական-քաղաքական հաղորդմանը («Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ»)։ Վստահաբար կարելի է ասել, որ «Առաջին ալիքը», հայաստանյան մյուս հեռուստաալիքների համեմատ, ամենաշատն է անդրադարձել ՄԻՊ-ի գործունեությանը։ 4․ՄԻՊ-ի հայտարարության մեջ նշված է, որ «հոգեբուժարաններում, քրեակատարողական հիմնարկներում, զինծառայողների բժշկական օգնության ու բնակարանային ապահովման, կանանց ու երեխաների իրավունքների, առողջապահական ու սոցիալական և այլ ոլորտներում» ՄԻՊ-ի արձանագրած խնդիրները չեն լուսաբանվել,  «չեն պատրաստվել խնդիրները բազմակողմանի ներկայացնող տեսանյութեր»։ Այստեղ կա որոշակի շփոթություն։ Հանրայինը հատուկ ուշադրություն է հատկացնում հենց այս խնդիրներին իր մի քանի հաղորդաշարերում  և թոք-շոուներում («Ճիշտ ժամանակին», «Մեկ պատուհան», «Հանրային քննարկում», թեմատիկ հարցազրույցներ)։  Այս հաղորդումներում Հանրայինը ոչ միայն արձանագրում է մարդու իրավունքների խախտման առանձին դեպքեր, այլև շատ ավելի մատչելի հեռուստատեսային ձևաչափերով վերհանում է հանրությանը հուզող համակարգային խնդիրները ՝ բանավեճի հրավիրելով շահառուներին և պատասխանատուներին, տրամադրելով փորձագիտական կարծիք, առաջարկելով լուծումներ։ Այս իմաստով, հեռուստատեսային պրակտիկան տալիս է խնդիրների վերաբերյալ շատ ավելի լայն պատկեր, քան ՄԻՊ-ի արձանագրումներն են։ Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով Հայաստանում զբաղվում են պետական և հանրային շատ հաստատություններ, օրինակ՝ դատարանները, ոստիկանությունը, սոցիալական ապահովության կառույցները, տեսչական մարմինները, իրավապաշտպան ՀԿ-ները և այլն։ Այս ամենը նույնպես լուսաբանվում է «Լուրերով», և ՄԻՊ-ի գործունեությունը ակնհայտորեն միակը չէ՝ Մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում։  5․Շարունակելով փաստարկները, Արման Թաթոյանը գրում է, որ «Լուրերը» չեն լուսաբանում Պաշտպանի հատկապես այն հայտարարությունները,  «որոնք վերաբերում են սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը, ադրբեջանական անօրինականություններին ու նրանց հեռացնելու՝ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներին»։ Իրականում ՄԻՊ-ի զեկույցները այդ թեմայով լուսաբանվել են «Լուրերում» բավական հաճախ։ Ահա միայն մի քանի օրինակ.(https://youtu.be/FyyEra-LWb8), (https://youtu.be/gnXQuvgmZcg),(https://bit.ly/3qUbaZC),(https://bit.ly/354r7VP), (https://youtu.be/BbJuoL9fUKI):                                   Իսկ այս ռեպորտաժում (https://youtu.be/JoqqmI62MHY 20՛02՛՛-ից) ներկայացվում է, թե «ինչ լուծումներ է առաջարկում ՄԻՊ-ը», որոնք իր կարծիքով երբեք չեն լուսաբանվել։                                                                                            Այս մեկն էլ (https://bit.ly/3HLzMe6) «Լուրերի» գրավոր հրապարակում է, որն ամբողջությամբ վերցված է ՄԻՊ-ի կայքից, ինչը վկայում է, որ Պաշտպանի տեսակետները, «որպես Կառավարության տեսակետին այլընտրանք», լուսաբանվել են նույնիսկ առանց տեղեկատվական առիթի և իրադարձության։ 6․Միաժամանակ Խորհուրդն արձանագրում է, որ ՄԻՊ-ի գործունեության առանձին դրվագներ Պաշտպանն իրավացիորեն կարող է համարել ավելի խոր և հանգամանալից լուսաբանման արժանի, սակայն ՄԻՊ-ը երբևէ չի դիմել նման առաջարկներով։ Հանրային հեռուստաընկերության հետ չհամագործակցելու՝ Արման Թաթոյանի սկզբունքը թույլ չի տվել նրան նույնիսկ դիմել հեռուստաընկերությանը անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար, որը կտրամադրվեր առաջին իսկ պահանջի դեպքում և կարիք չէր առաջանա մշտադիտարկել «Լուրերի» 24-ժամյա եթերը։ 7․Պաշտպանը մեղադրում է «Լուրերին» այն բանի համար, որ խմբագրությունը հրապարակել է, օրինակ, ՊՆ պաշտոնական հաղորդագրությունները, որոնք հերքում են Պաշտպանի հայտարարությունները (https://bit.ly/3rvXFQ0):Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրությունների հեռարձակումը Հանրայինի համար օրենքի պահանջ է։ Միաժամանակ, ՄԻՊ-ի փաստահավաք գործունեությամբ ձեռք բերված տվյալները նույնպես համարվում են արժանահավատ։  Այստեղ կա զգայուն հարցի վերաբերյալ տարբեր տեսակետների հակադրություն, որը «Լուրերի» խմբագրությունը օբյեկտիվորեն չի կարող ստուգել, բայց և պարտավոր չէ երկուսն էլ հաղորդել՝ հակասելով ինքն իրեն։ Հետևաբար, խմբագրությունն ինքն է ընտրում իր կարծիքով առավել արժանահավատ տեղեկատվության աղբյուրը, քանի որ գործ ունի զանգվածային ընկալումների հետ և պատասխանատու է հրապարակման հետևանքների համար։  ՄԻՊ-ի արձանագրումները և «Լուրերի» լուսաբանումը չեն կարող նույնացվել, դրանք տարբեր խնդիրներ են լուծում։ 8․Նամակում նշվում է, որ «լուսաբանման անտեսումը հնարավորություն չի տալիս արդյունավետ աշխատանքներ տանել  նաև համակարգային խնդիրների լուծման հարցերում (օրինակ, հանրային իրազեկումներով ատելության խոսքի դեմ պայքարը)»: Ահա այդ թեմայով «Լուրերի» անդրադարձը ՄԻՊ-ի հանրային իրազեկմանը․ (https://youtu.be/NQweJ-Rt4Fc, 1․02․2021/21։00 ~ 19՛45՛՛-ից․ «Ատելության և բռնության կոչերը դատապարտելի են․ ՄԻՊ»): Սակայն, թույլ տվեք հիշեցնել, որ ատելության խոսքի դեմ պայքարում Պաշտպանը հնարավորություն ուներ գործնականում աջակցել Հանրային հեռուստաընկերությանը 2021թ․ հունիսի 12-ին, երբ հեռուստաընկերությունը դիմեց ՄԻՊ-ին նախընտրական հոլովակում հայհոյանքը  սահմանափակելու  հարցով։  Այն ժամանակ Արման Թաթոյանը պատասխանեց, որ չի պաշտպանում Կառավարության հիմնած հեռուստաընկերությանը քաղաքական կազմակերպություններից։ Մինչդեռ ՄԻՊ-ը պարտավոր էր դիտարկել Հանրայինի  դիմումը, քանի որ Հանրայինը կարծիք էր հայցում ոչ թե իր համար, այլ «հանրային նշանակություն» ունեցող հարցի վերաբերյալ, ինչը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում հստակ նշված է որպես դիմումն ընդունելու պատշաճ հիմնավորում (ՄԻՊ-ի մասին ՀՀ Օրենք, 15-րդ Հոդված, 1-ին մաս, 2-րդ կետ)։ 9․Նամակում ասվում է, որ 2021 թ․ նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 3-ը «Լուրերով» «եթեր են հեռարձակվել միակողմանի, սահմանային իրական վիճակը թաքցնող ու փաստերը խեղաթյուրող բազմաթիվ ռեպորտաժներ, որոնք հակադրվում են ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը»: Այս պնդումը չունի որևէ ապացուցողական հիմք։ «Լուրերն» այդ ժամանակահատվածում տասնյակ սեփական ռեպորտաժներ է պատրաստել սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Ահա դրանցից մեկը՝ (https://youtu.be/eFsMbpEbTEc, 2.12.2021 «Ո՞նց ա Ճակատենում ճամփեքը փակելուց հետո»)։    Նման մեղադրանք ներկայացնելիս, անհրաժեշտ է ստույգ նշել, թե տեսանյութի որ նախադասությունը, միտքը, պատկերը, կամ ուղիղ խոսքն է արտահայտում խեղաթյուրված փաստ կամ հակադրվում ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը։ 10․Այստեղ կարիք կա կրկին հիշեցնելու, որ ամիսներ առաջ ՄԻՊ-ը տարածել էր նույնանման հայտարարություն (https://bit.ly/3KGqGBA) «Լուրերի» պատրաստած ռեպորտաժի մասին (https://youtu.be/U0sCZ01l6Zk, 30․05․2021«Հայկական և ադրբեջանական անկլավների հարցի իրավական և քաղաքական բաղադրիչը»): Այդ հայտարարության մեջ Պաշտպանը  լրագրողի «շեշտադրումներում»  արձանագրել էր մարդու իրավունքների խախտում։ Հանրային հեռարձակողի խորհուրդն արձագանքեց  Պաշտպանի հայտարարությանը, համարելով, որ դա միջամտություն է լրատվամիջոցի գործունեությանը, քանի որ մեղադրանքը անտեսում էր լրատվամիջոցի և լրագրողի գործունեության բնույթն ու նպատակները։ Այս հարցի վերաբերյալ փորձագիտական կարծիք տվեց նաև ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմինը (https://bit.ly/3qLXXDi), որում նշված էր, որ «առանց ապացուցողական հիմքերի ՄԻՊ-ի կողմից նման ենթադրությունների հրապարակային տարածումը խնդրահարույց է և ռիսկեր է պարունակում՝ թեմայի վերաբերյալ հանրությանը համարժեք իրազեկելու տեսակետից»։ Ակնկալել, որ «Լուրերի» լրագրողները սեփական ռեպորտաժներում իրականությունը կներկայացնեն Մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից, օբյեկտիվորեն անհիմն է: 
17:25 - 02 փետրվարի, 2022
Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվում է անօրինական քրեական հետապնդում․ փաստաբանները դիմել են ՄԻՊ-ին

Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվում է անօրինական քրեական հետապնդում․ փաստաբանները դիմել են ՄԻՊ-ին

ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել․ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբանները՝ նշելով, որ իրենց վստահորդի նկատմամբ իրականացվում է անօրինական քրեական հետապնդում, ինչպես նաև որ վտանգված է նրա անձնական ազատության իրավունքը: Ըստ փաստաբանների՝ հարցը վերաբերում է իրենց վստահորդը հանդիսացող դատավորի վարույթում գտնվող ու դեռ նրա վարույթում շարունակվող գործով դատավորի կողմից՝ որպես քրեական վարույթն իրականացնող մարմին, իր իրավասության սահմաններում որոշում կայացնելուն: Փաստաբանները նշել են նաև, որ քրեական հետապնդման մարմնի արարքները ոտնձգություն են դատավորի անկախության նկատմամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել է նաև ՀՀ դատավորների միության հայտարարությունը, որով մտահոգություն է հայտնվել նշված՝ Բորիս Բախշիյանի գործի հետ կապված: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև, որ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու մասին քրեական հետապնդման մարմնի միջնորդությունները: Ուսումնասիրելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած Բորիս Բախշիյանի փաստաբանների բողոքի հանգամանքները, ՀՀ դատավորների միության, ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունները՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու հատկապես նրան անձնական ազատությունից զրկելու հարցը քննարկելիս քրեական վարույթի այս փուլում առանձնապես կարևոր է պարզել, թե դատավորը կոնկրետ իրավիճակում կարող էր արդյոք սեփական հայեցողությամբ գնահատել գործի հանգամանքները և կայացնել անձին կալանավորելու որոշում այնպիսի գործով, որում հանդես է գալիս՝ որպես վարույթն իրականացնող մարմին: Այս պայմաններում կարևոր հանգամանք է նաև այն, որ, ինչպես Պաշտպանին տեղեկացրել են փաստաբանները, դատախազը չի բողոքարկել կալանք կիրառելու մասին դատարանի այն որոշումը, որի համար նա հետապնդվում է: Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես է քննադատության ենթարկել խափանման միջոց կալանքների չարաշահման պրակտիկան դատարանների կողմից, բայց այս հայտարարությունը վերաբերում է կոնկրետ իրավիճակի և այդ կոնկրետ իրավիճակում որոշում կայացնելու դատավորի իրավասությանն ու միևնույն ժամանակ` այդ որոշման համար իրավապահ մարմնի կողմից դատավորին քրեական հետապնդման ենթարկելու իրավաչափությանը: Այս հարցը համակարգային կարևորություն ունի նաև դատական իշխանության անկախության տեսանկյունից: Մարդու իրավունքների պաշտպանի համար սույն գործով պարզելու ենթակա կարևոր հանգամանք է նաև փաստաբանների պնդումն առ այն, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է մեկ այլ գործով անձին կալանքից ազատելու նրա որոշման հետ: Այս մասին ակնարկ կա նաև ՀՀ դատավորների միության հայտարարությունում: Փաստաբանների բողոքի հիման վրա գրություն կհասցեագրվի համապատասխան քրեական հետապնդման մարմնին»:
16:49 - 01 փետրվարի, 2022
Կին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ. ՄԻՊ

Կին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ. ՄԻՊ

Հայաստանում կին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ, չկան երաշխիքներ ամուսնացած կամ հղի կանանց համար: ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ օրենսդրությունը հիմնականում սեռով պայմանավորված չեզոք է, սակայն հստակ երաշխիքների պակասը (նաև բացակայությունը) բերում է նրան, որ գործնականում ոչ միշտ են հաշվի առնվում սեռային առանձնահատկությունները Զինված ուժերում: Սա կին զինծառայողներին հաճախ է կանգնեցնում խոչընդոտների առջև: ՄԻՊ-ը պնդում է, որ օրենքը պետք է լրացուցիչ երաշխիքներ նախատեսի զինվորական ծառայություն անցնող կանանց համար: «Չնայած ՊՆ և ԳՇ իրավասու ստորաբաժանումները կին զինծառայողների իրավունքների ապահովման ուղղությամբ կատարել են որոշակի աշխատանք, այդուհանդերձ կան օրենսդրական խոչընդոտներ, որոնք Զինված ուժերում հանգեցնում են կանանց իրավունքների ոտնահարումների:  Թեև Հայաստանում կանայք կրթությամբ չեն զիջում տղամարդկանց՝ Զինված ուժերում կին զինծառայողների տոկոսային հարաբերակցությունը՝ տղամարդ զինծառայողների համեմատությամբ, բավական ցածր է: Այս մասին են վկայում նաև Պաշտպանության նախարարության տվյալները: Զինված ուժերում ներգրավվածության փորձի բացակայության պարագայում կանայք ավելի քիչ են հնարավորություն ունենանում արտահայտելու իրենց կարծիքը անվտանգությանն առնչվող խնդիրների վերաբերյալ: Շատ ժամանակ նրանք ներգրավված չեն զինվորական ստորաբաժանումներում որոշումների կայացմանը: Դրանից բացի, հասարակությունում կա կարծրատիպային վերաբերմունք կին զինծառայողների նկատմամբ, և կանայք բավարար կերպով ներկայացված չեն զինվորական բարձր պաշտոններում: Ավելին՝ կին զինծառայողները հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից: Կանայք առավել մեծ թիվ են կազմում միայն շարքային կազմի և ավագ ենթասպայական կազմի պաշտոններում, մինչդեռ սպայական կազմում կին զինծառայողների հարաբերակցությունը բավական ցածր է»,-ասված է ՄԻՊ-ի հաղորդագրությունում: Նշվում է նաև, որ կին զինծառայողները բախվում են խոչընդոտների նաև սպայական կոչում ստանալիս: Այս մտահոգության մասին զորամասեր այցերի և  առանձնազրույցների ընթացքում ՄԻՊ-ին հայտնել են հենց կին զինծառայողները:  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հնարավորություն չի տալիս երեխայի խնամքի համար արձակուրդի ժամանակահատվածը հաշվի առնել հերթական զինվորական կոչում շնորհելու համար: Սա այն խոչընդոտներից է, որի պատճառով կին զինծառայողները բավարար ներկայացված չեն բարձր պաշտոններում և հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից: Բացի այդ, նշված սահմանափակման հետևանքով կին զինծառայողները կարող են կանգնել մի կողմից՝ ընտանիք և երեխաներ, մյուս կողմից՝ աշխատանք և աշխատանքում առաջընթաց ունենալու երկընտրանքի առաջ: Զինվորական օրենսդրությամբ առկա չեն խրախուսական նորմեր այն կին զինծառայողների համար, ովքեր ունեն մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդից օգտվելու հնարավորություն, սակայն ծառայելու նպատակով այդ արձակուրդից իրենց ցանկությամբ չեն օգտվել: Հղի կին ծառայողների համար հատուկ հանդերձանք նախատեսված չէ: Մինչդեռ, հղի կանանց համազգեստի հարմարավետության տեսանկյունից, հաշվի առնելով նաև այլ երկրների փորձը, ճիշտ կլինի նրանց համար նախատեսել հատուկ համազգեստ: Որևէ իրավական ակտում հրապարակված չեն, թե որոնք են կանանց համար հասանելի զինվորական հաշվառման ենթակա մասնագիտությունները, ինչը խոչընդոտ է կանանց համար զինվորական հաշվառման նպատակով դիմելու և հետագայում զինվորական ծառայություն անցնելու համար: Կանանց զինվորական ծառայության խրախուսման տեսանկյունից կարևոր կլինի նաև ընդհանրապես ընտանեկան կյանքի առանձնահատկությունների հաշվառմամբ օրենսդրության վերանայումը: Օրինակ՝ համատեղ ծառայության բավարար օրենսդրական երաշխիքներ առկա չեն զինծառայող և քաղաքացիական ծառայող, ինչպես նաև տարբեր համակարգերում ծառայող ամուսինների համար: «Միևնույն ժամանակ, առկա չեն օրենսդրական երաշխիքներ պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում նույն զորամասում քաղաքացիական հաստիք զբաղեցնող նրա ամուսնուն (կնոջը) նրա հետ ծառայության նոր վայր տեղափոխելու, ինչպես նաև տարբեր համակարգերում ծառայող ամուսիններից մեկին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում մյուս ամուսնուն հնարավորին մոտ զորամասում ծառայության տեղափոխելու վերաբերյալ: Նախատեսված չէ նաև զինծառայողին մինչև վեց ամիս ժամկետով վերապատրաստման գործուղելու դեպքում զինծառայող հանդիսացող նրա ամուսնուն (կնոջը) նրա հետ գործուղելու կամ դրա անհնարինության դեպքում՝ չվճարվող արձակուրդ տրամադրելու հնարավորություն: Ամուսինները ստիպված են ընտրություն կատարել՝ կամ հրաժարվել վերապատրաստման գործուղումից, կամ վերապատրաստման գործուղման ժամանակահատվածում բնակվել առանձին կամ վերապատրաստման գործուղվող զինծառայողի ամուսինը (կինը) ստիպված է ազատվել զինվորական ծառայությունից, որպեսզի ամուսնու (կնոջ) հետ միասին բնակվի»,-ասված է հաղորդագրությունում: Վերը նշված խնդիրները տարիներ շարունակ բարձրացվել են Մարդու իրավունքների պաշտպանի ինչպես տարեկան հաղորդումներով, այնպես էլ Պաշտպանության նախարարության և ԶՈՒ Գլխավոր շտաբի հետ քննարկումների ժամանակ: ՄԻՊ-ը համապատասխան առաջարակները կուղարկի Ազգային ժողով, այդ թվում՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, խմբակցություններին, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն:
12:28 - 01 փետրվարի, 2022
Պետք է մշտապես բարձր պահել հասարակությունում սպայի և զինվորական ծառայության նկատմամբ պատիվն ու հարգանքը․ ՄԻՊ

Պետք է մշտապես բարձր պահել հասարակությունում սպայի և զինվորական ծառայության նկատմամբ պատիվն ու հարգանքը․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ուղերձ է հղել ՀՀ ԶՈւ կազմավորման տարեդարձի առթիվ․ « Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ, Մեր բանակը մեր անկախության և բոլորիս անվտանգութան, ամուր պետականության գլխավոր երաշխիքերից է, յուրաքանչյուրիս հպարտությունը: Իսկ բանակի ամրության գլխավոր երաշխիքներից է Զինված ուժերում մարդու պաշտպանված իրավունքները: Բանակում պետք է լինի ամուր կարգապահություն, որ հիմնված է իրավունքի գերակայության վրա: Մեր զինուժը պետք է լինի ժողովրդավարական այնպիսի վերահսկողության ներքո, որտեղ այս երկու բաղադրիչներն իրար լրացնում են: Պետք է մշտապես բարձր պահել հասարակությունում սպայի և զինվորական ծառայության նկատմամբ պատիվն ու հարգանքը, այնպես անել, որ բարձր լինի բանակում բարոյահոգեբանական մթնոլորտը: Անհրաժեշտ է զարգացնել կանանց ներգրավվածությունը Զինված ուժերում` նրանց պաշտպանված իրավունքներով: Պետք է հատուկ ուշադրության ներքո լինեն զինծառայողների ընտանիքները: Անհրաժեշտ է պաշտպանված պահել հաշմանդամություն ստացած, ինչպես նաև կենսաթոշակի անցած զինծառայողների իրավունքները. չպետք է թույլ տալ նրանց որևէ տեսակի մեկուսացում: Պետք է ամեն գնով վերադարձնենք միջազգային բոլոր կանոնների բացահայտ խախտմամբ գերության մեջ պահվող մեր զինծառայողներին, նրանց վերինտեգրենք մեր հասարակություն ու այնպես անենք, որ նման որևէ դեպք տեղի չունենա հետագայում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժին, որն իրականացնում է անընդհատ այցեր, բողոքների քննություն, ինչպես նաև օրենսդրության կատարեագործմանն ու իրենց իրավունքների վերաբերյալ զինծառայողների իրազեկման բարձրացման աշխատանքներ։ Պաշտպանության նախարարության հետ մեր ամենօրյա համագործակցության նպատակն է համատեղ ջանքերով հասնել բանակում իրավունքի գերակայության ամրապնդմանը և զինծառայողների իրավունքների երաշխավորված պաշտպանությանը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս նվիրական տոնի` Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ։ Անձամբ իմ և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ոզջ անձնակազմի անունից գլուխ եմ խոնարհում մեզ ու մեր Հայրենիքը պաշտպանելիս հերոսաբար ընկած մեր բոլոր հայրենակիցների հիշատակի, նրանց հերոս ընտանիքների առաջ: Բարի ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ՝ հանուն մեր հզոր Հայաստանի»։
14:46 - 28 հունվարի, 2022
Թաթոյանը Բրյուսելում քննարկումներ է ունեցել Եվրախորհրդարանի Ադրբեջանի և Հայաստանի հարցերով մշտական զեկուցողների հետ

Թաթոյանը Բրյուսելում քննարկումներ է ունեցել Եվրախորհրդարանի Ադրբեջանի և Հայաստանի հարցերով մշտական զեկուցողների հետ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 27-ին Բրյուսելում քննարկում է ունեցել Եվրոպական խորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ, իսկ հունվարի 26-ին` Հայաստանի հարցերով մշտական զեկուցող  Անդրեյ Կովաչևի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը զեկուցողներին է ներկայացրել փաստերն ադրբեջանական զինված ծառայողների կողմից Սյունիքում, Գեղարքունիքում, Երասխում Հայաստանի բնակիչների իրավունքների խախտումների (գողություններ, կրակոցներ, արոտավայրերի հրդեհում, տեսախցիկներով քաղաքացիական տների դիտարկում և այլն) մասին:  «Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներն առանց որևէ իրավական հիմքի փակելու հետևանքով շրջակա գյուղերի բնակիչները կանգնել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ: Ավելին, ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները: Խախտումների վերացման իրական լուծումը ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից` խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման նպատակով: Սրա հիմքում էլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը որևէ կերպ չի նվազել:  Ընդ որում, ասածս վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար»,- նշել է Թաթոյանը: Նա հավելել է, որ մանրամասն ներկայացրել է Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների խախտումները (գրեթե ամենօրյա դարձած կրակոցները, գողությունները և այլն) Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների հիման վրա: Թաթոյանը փոխանցել է նաև հայ գերիների խոշտանգումների (այդ թվում` նոր ձևերը) վերաբերյալ զեկույցները՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը և ադրբեջանական իշխանությունների անօրինական արարքները (արհեստական դատավարություններ, մարդկանց պահելը քաղաքական ու ռազմական առևտրի նպատակով և այլն):
22:56 - 27 հունվարի, 2022