Ընտրողական մոտեցում և շահերի բախում․ ՄԻՊ գրությանը ՀՀԽ արձագանքի հետքերով
 |fip.am|
18:50 - 04 փետրվարի, 2022

Ընտրողական մոտեցում և շահերի բախում․ ՄԻՊ գրությանը ՀՀԽ արձագանքի հետքերով |fip.am|

fip.am: Հանրային հեռարձակողի խորհուրդը (ՀՀԽ) օրերս հայտարարություն էր տարածել, որով պատասխանել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրությանն այն մասին, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի թողարկումներում ՄԻՊ հրապարակումներն անտեսվել և չեն լուսաբանվել։

Ի թիվս այլ փաստարկների՝ ՀՀԽ-ն անդրադարձել էր նաև այս տարվա հոկտեմբերին ՄԻՊ-ՊՆ իրար հակասող հայտարարությունների թեմային։

«Պաշտպանը մեղադրում է «Լուրերին» այն բանի համար, որ խմբագրությունը հրապարակել է, օրինակ, ՊՆ պաշտոնական հաղորդագրությունները, որոնք հերքում են Պաշտպանի հայտարարությունները: Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրությունների հեռարձակումը Հանրայինի համար օրենքի պահանջ է։ Միաժամանակ, ՄԻՊ-ի փաստահավաք գործունեությամբ ձեռք բերված տվյալները նույնպես համարվում են արժանահավատ։ Այստեղ կա զգայուն հարցի վերաբերյալ տարբեր տեսակետների հակադրություն, որը «Լուրերի» խմբագրությունը օբյեկտիվորեն չի կարող ստուգել, բայց և պարտավոր չէ երկուսն էլ հաղորդել՝ հակասելով ինքն իրեն։ Հետևաբար, խմբագրությունն ինքն է ընտրում իր կարծիքով առավել արժանահավատ տեղեկատվության աղբյուրը, քանի որ գործ ունի զանգվածային ընկալումների հետ և պատասխանատու է հրապարակման հետևանքների համար։  ՄԻՊ-ի արձանագրումները և «Լուրերի» լուսաբանումը չեն կարող նույնացվել, դրանք տարբեր խնդիրներ են լուծում»,- մասնավորապես, ասված էր ՀՀԽ-ի հայտարարության մեջ (բոլոր ընդգծումները մերն են — խմբ․)։

ՀՀԽ-ի այս հայտարարության մեջ կան մի քանի խնդրահարույց պնդումներ, որոնց «Փաստերի ստուգման հարթակը» անդրադառնում է ստորև։

Խմբագրությունն օբյեկտիվորեն չէ՞ր կարող ստուգել

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգել էր, որ մայիսին Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինուժը ոչ միայն չի պատրաստվում լքել զբաղեցրած դիրքերը, այլ նաև լուրջ ամրաշինական աշխատանքներ է արել՝ նպատակ ունենալով այդտեղ մնալ երկար ժամանակով:

Ի պատասխան ՄԻՊ-ի ահազանգի՝ ՊՆ-ն հայտարարեց, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը և ուռճացված են։

Հանրայինն այս թեման լուսաբանելիս ներկայացրել էր միայն ՊՆ-ի հերքումը։

Այս մասով ՀՀԽ-ն իր պարզաբանման մեջ նշում է, որ «Լուրերի» խմբագրությունը օբյեկտիվորեն չէր կարող ստուգել պնդումների իսկությունը։

Մինչդեռ, ՄԻՊ-ՊՆ «փոխհրաձգության» արանքում իրական պատկերը հասկանալու համար «Փաստերի ստուգման հարթակն» այդ օրերին այցելել էր Գեղարքունիքի մարզի նշված հատվածներ և պարզել, որ ադրբեջանական զինուժն իսկապես մեծածավալ ինժեներական ու ամրաշինական աշխատանքներ է կատարել, պաշարներ կուտակել։ Ակնհայտ էր, որ դիրքերը մոտակա ժամանակում լքելու որևէ միտք չկար։

Ստացվում է, որ այն, ինչ ստուգել ենք մենք, «Լուրերի» խմբագրությունը, ունենալով անհամեմատ ավելի մեծ ռեսուրսներ և հնարավորություն, այդ թվում՝ մարզային թղթակիցներ, «օբյեկտիվորեն չէր կարող ստուգել»։

Խմբագրությունը պարտավոր չէ՞ր

Նույն պարբերության մեջ ՀՀԽ-ն հայտարարում էր, որ ««Լուրերի» խմբագրությունը պարտավոր չէ երկուսն էլ (ՄԻՊ-ի և ՊՆ-ի տեսակետները-խմբ․) հաղորդել՝ հակասելով ինքն իրեն»։

Այստեղ ևս Հանրայինի լրատվականի գործելաոճի վերաբերյալ ՀՀԽ-ի գնահատականը  մանիպուլյատիվ է։

Պարզաբանման մեջ Խորհուրդն ինքն ընդունում է, որ և՛ ՊՆ-ի, և՛ ՄԻՊ-ի հայտարարությունները պաշտոնական են և արժանահավատ։ Միևնույն ժամանակ, նույն փաստաթղում Խորհուրդը արձանագրում է, որ պաշտոնական հաղորդագրությունների հեռարձակումը Հանրայինի համար օրենքի պահանջ է։

Այսինքն, ըստ ՀՀԽ հայտարարության, Հանրայինը թեև պարտավոր է հեռարձակել պաշտոնական հաղորդագրությունները, սակայն հեռարձակել է միայն ՊՆ-ի հերքումը, որպեսզի չհակասի ինքն իրեն։ Մինչդեռ Հանրայինն այս դեպքում կարծիք արտահայտող չէր, այլ ընդամենը երկու պաշտոնական հայտարարությունների հեռարձակող, հետևաբար՝ դրանցում առկա բովանդակային հակասությամբ հանդերձ՝ լուսաբանումը որևէ կերպ չէր կարող նշանակել, որ Հանրայինը հակասում է ինքն իրեն։

Ավելին՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 22-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ հանրային հեռարձակողը ղեկավարվում է օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալությանբազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում է կարծիքն արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և դավանանքի, ինչպես նաև ստեղծագործական ազատությունը:

Թեմայի վերաբերյալ «Լուրերի»՝ ոչ բոլոր կողմերի տեսակետները ներկայացնելը հասկանալի կլիներ, եթե առկա լինեին մի քանի իրարամերժ պնդումներ։ Սակայն այս դեպքում գործ ունենք ընդամենը երկու պաշտոնական մարմինների՝ տարբերվող պնդումների հետ, հետևաբար՝ անկողմնակալությունն ու բազմազանությունն ապահովելու համար Հանրայինը պետք է ներկայացներ նաև Օմբուդսմենի դիրքորոշումը։

Առավել ևս, կոնկրետ քննարկվող դեպքում խնդրի մասին առաջինը բարձրաձայնել էր հենց ՄԻՊ-ը, լրագրողական բառապաշարով ասած՝ հենց ՄԻՊ-ի հրապարակումն էր դարձել նյութի ինֆորմացիոն առիթը, իսկ ՊՆ-ի արձագանքն ընդամենը ՄԻՊ-ի պնդման պատասխան-հերքումն էր։ 

Շահերի բախում

Ուշագրավ է նաև, որ այս դեպքով որոշման կայացմանը մասնակցել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանը, որը Հանրայինի լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Լուսինե Բարսեղյանի ամուսինն է։ 

Ըստ էության՝ Թևոսյանը մասնակցել է մի որոշման կայացմանը, որով փաստացի պաշտպանվել են նրա ընտանիքի անդամի ղեկավարած կազմակերպության գործողությունները։

Պարզաբանում ստանալու նպատակով կապվեցինք Վահագն Թևոսյանի հետ։ Նա հաստատեց, որ մասնակցել է այս հարցով ՀՀԽ-ի որոշման կայացմանը և չի համարում, որ դրանում շահերի բախում կա։

«Ես խորհրդի անդամ եմ, ես պարտավոր եմ դա անել կամ պաշտպանել, կամ փնովել, կամ նկատողություն անել, կամ եզրակացություն անել։ Նու․․․ սենց ասեմ, պղտոր ջրում ձուկ եք փնտրում, բարեկամ, ամեն դեպքում։ Չէ չկա, շահերի բախում չկա, որովհետև էդ հարցը իմ կնոջ հետ ես չեմ քննարկել։ Մենք ընդհանրապես ոչինչ չենք քննարկում, որովհետև իր ինստիտուցիոնալ ղեկավարը գործադիր տնօրենն է»,- պատասխանեց Թևոսյանը։

Մինչդեռ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ այս դեպքում ակնհայտ է, որ կա շահերի բախում․ «Դա շահերի բախում է միանշանակ, եթե ինքն էլ (Վահագն Թևոսյանը — խմբ․) ստորագրել է այդ հայտարարության տակ»։

Իսկ ի՞նչ է շահերի բախումը

«Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, պաշտոն զբաղեցնող անձի՝ իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեև ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել