«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

ՔՊ-ն պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չի առաջադրի |armenpress.am|

ՔՊ-ն պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չի առաջադրի |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չառաջադրել՝ այն թողնելով թափուր: Այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: «Տևական ժամանակ է՝ մենք ականատես ենք լինում մի գործընթացի, որի ընթացքում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում 14 անգամ առաջադրվել է միևնույն անձը (խմբ. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը) և մերժվել հանձնաժողովի կողմից: Այս ողջ ընթացքում բոլոր նիստերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործընկերները ներկայացրել են բոլոր օբյեկտիվ հիմնավորումները, որոնց արդյունքում ակնհայտ է, որ ընդդիմության ներկայացրած թեկնածուն չի կարող համապատասխանել տվյալ պաշտոնին: Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի հոդված 38-ի 12-րդ կետի համաձայն՝  տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը անցնում սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը, այս դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը»,- ասաց Հովհաննիսյանը: Խմբակցության քարտուղարը նշեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, 21-ին և 28-ին «Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրել և առաջարկել է ընդդիմադիր գործընկերներին քննարկումների ընթացքում նոր թեկնածու առաջադրել, ինչը տեղի չի ունեցել: «Չնայած այս հանգամանքին և ընդդիմության կողմից պարբերաբար հնչող կեղծ պնդումներին, թե իշխող խմբակցությունը ցանկանում է զավթել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վերահաստատում է, որ այս ողջ գործընթացում հետապնդել է բացառապես բնականոն աշխատանքը ապահովելու նպատակ և որպես վերը նշվածի ապացույց խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չառաջադրել՝ այն թողնելով թափուր»,- ասաց Հովհաննիսյանը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այս հայտարարությունը հիմք է տալիս հանձնաժողովին չկատարել կանոնակարգ օրենքի այն պահանջը, ըստ որի հինգ օրը մեկ անգամ պետք է նիստ գումարել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցով. նա պարզաբանեց՝ այդ նիստերը չեն գումարի այնքան ժամանակ, քանի դեռ թեկնածուի առաջարկ չի լինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից:  «Առայժմ հասկացա, որ ՔՊ խմբակցությունն այս պաշտոնը թափուր է թողնում նաև հնարավորություն տալով «Հայաստան» խմբակցությանը գալ և նստել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, քննարկել, թե ում թեկնածությունը կցանկանան ներկայացնել՝ Արթուր Ղազինյանից բացի: Եթե դա չի լինի, պաշտոնը թափուր կմնա, մինչև «Հայաստան» խմբակցությունը կկողմնորոշվի»,- եզրափակեց Քոչարյանը:
13:35 - 11 հունվարի, 2022
Զոհված կամ անհետ կորած զինծառայողների քույրերը կամ եղբայրները կարող են փոխհատուցում ստանալ, եթե նա չունի ծնողներ կամ կին․ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց |1lurer.am|

Զոհված կամ անհետ կորած զինծառայողների քույրերը կամ եղբայրները կարող են փոխհատուցում ստանալ, եթե նա չունի ծնողներ կամ կին․ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: «Օրենքի նախագծով նախատեսվում է, որ զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ամուսինները, զավակները և ծնողները ստանում են փոխհատուցում: Բայց մենք ունենք նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողներ, ովքեր 18 տարեկան էին, ամուսնացած չէին, չունեին կին, զավակներ, նաև ծնողներ. իմ տեղեկություններով՝ խոսքը 16 զինծառայողի մասին է: Անհրաժեշտություն եմ տեսել, որ նման իրավիճակում օրենքում կատարենք փոփոխություն, որպեսզի նրանց քույրերը կամ եղբայրները փոխհատուցում ստանան»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Հայկ Սարգսյանը նշեց, որ խնդրահարույց իրավիճակներից խուսափելու համար գումարը բաշխվելու է հավասարաչափ ընտանիքի անդամների միջև: Նրա խոսքով՝ փոխհատուցումը տրամադրելու է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հիմնադրամը: Քննարկմանը ներկա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն էլ ներկայացրեց նախագծի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը: «Ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ Կառավարությունը սկզբունքորեն առարկություններ չունի: Առաջարկվում է հատուցում ստացող շահառուների խմբում ներառել նաև զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի քրոջը, եղբորը, պապին, տատին, ինչպես նաև զինծառայողի հետ չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձին, եթե զինծառայողը չունի ամուսին, ծնող կամ զավակ: Առաջարկել ենք նաև զինծառայողի հետ չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձին շահառու ճանաչել միայն այն դեպքում, եթե այդ անձը և զինծառայողն ունեն համատեղ զավակ, ինչպես նաև զինծառայողի եղբորը և քրոջը շահառու ճանաչել միայն այն դեպքում, եթե տվյալ զինծառայողի մասով նախկինում որևէ այլ շահառու գումար չի ստացել»,- ասաց Սարգսյանը: 
12:17 - 11 հունվարի, 2022
Պատգամավորն ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող առաջարկ արեց |armenpress.am|

Պատգամավորն ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող առաջարկ արեց |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը առաջարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածը լրացնել նոր՝ 11.1-րդ մասով, ըստ որի՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գաբրիելյանը նշեց, որ նախագծի առաջարկվող օրենսդրական կարգավորումները կկարգավորեն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը եւ կապահովվի մշտական հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքը: Գաբրիելյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում առկա բացը կարգավորելու  անհրաժեշտությամբ, մասնավորապես, գործող իրավակարգավորումներով իրավասու խմբակցությունն անընդհատ կարող է առաջադրել մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նույն թեկնածուին, ում հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի ընտրում: «Սրա հետեւանք կարող է դառնալ այն, որ ՀՀ Ազգային ժողովի ցանկացած հանձնաժողով կարող է բախվել այս խնդրին եւ ամբողջ գումարման ընթացքում չունենա մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Նախագծով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարել լրացումներ, որով սահմանվում է՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու չառաջադրի, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը»,- ասաց Գաբրիելյանը: Պատգամավորը նշեց, որ գործնականում պարզ է դարձել, որ այս մասով Օրենքն ունի բաց. մասնավորապես, 8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տեւական ժամանակ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին, ում հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի ընտրում: Այս բացը չկարգավորելու հետեւանք կարող է դառնալ այն, որ ՀՀ Ազգային ժողովի ցանկացած հանձնաժողով կարող է բախվել նույն խնդրին եւ ամբողջ գումարման ընթացքում չունենա մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ»,- եզրափակեց Գաբրիելյանը:
11:22 - 11 հունվարի, 2022
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավոր հրաժարականի դիմում է ներկայացրել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավոր հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը հունվարի 4-ին հրաժարականի դիմում են ներկայացրել: Այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ։
19:16 - 04 հունվարի, 2022
Դատարանն անվավեր է ճանաչել Փարաքարի ավագանու որոշումը |1lurer.am|

Դատարանն անվավեր է ճանաչել Փարաքարի ավագանու որոշումը |1lurer.am|

1lurer.am:  Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Փարաքարի ավագանու որոշումը՝ համայնքի ղեկավարի ընտրության վերաբերյալ: Դատարան դիմել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Դավիթ Մինասյան» դաշինքը: Դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում Փարաքարում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել էր 10 մանդատ, «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 9, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 2: Համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն ստացել էր 10 ձայն, իսկ մյուս երկու ուժերը զրկված էին եղել թեկնածու առաջադրելու և քվեարկելու հնարավորությունից: Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, երդմնակալություն անցկացրել: Ոստիկանները թույլ չէին տվել նրանց մտնել համայնքապետարան, որից հետո ոստիկանների և կուսակցության համակիրների միջև բախում էր եղել: Նույն օրը «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիրը» դիմել էին դատարան: Ավագանին նիստ կգումարի տոներից հետո, կոնկրետ օրը կորոշի աշխատակազմը: Օրակարգում ներառված կլինի համայնքի ղեկավարի ընտրության հարցը:  
14:18 - 31 դեկտեմբերի, 2021
Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամը հայտնում է՝ ՔՊ-ի կողմից եղել են ճնշումներ |tert.am|

Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամը հայտնում է՝ ՔՊ-ի կողմից եղել են ճնշումներ |tert.am|

tert.am: Ամեն մեկի վրա առանձին-առանձին եղել են ճնշումներ, համոզել են, խոստումներ տվել։ Իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» բոլորին խոստումներ է տվել։ Այս մասին Վարդենիսի համայնքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամ Սաթենիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին՝ ավագանու անդամների վրա ճնշումներ եղե՞լ են։ «Ավագանու տարբեր անդամների խոստումներ են տվել՝ ասելով, որ իրենց թեկնածուի օգտին քվեարկեն»,-նշեց Սաթենիկ Մինասյանը։ Նա ընդգծեց, որ ընդդիմությունը միասնական է լինելու։ «Նման ճնշումների համար ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ժողովրդավար երկրի քաղաքացի, ամաչում եմ»,- ասաց նա։ Նշենք, որ այսօր Վարդենիսում պետք է տեղի ունենար ավագանու անդրանիկ նիստը՝ ընտրելու համայնքապետ։ Այստեղ ՔՊ-ն ստացել է 6162 ձայն կամ 45.08% ձայն, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 4993 ձայն կամ 36.5%, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 2206 ձայն կամ 16.14%: Նիստը չկայացավ, համայնքապետ չընտրվեց, քանի որ, ինչպես հայտնում են ավագանու անդամները, բերման է ենթարկվել Աշոտ Հովհաննիսյանը՝ ՔՊ համայնքապետի թեկնածուն։ Այս պահին էլ համայնքապետարանի բակում հավաքված են քաղաքացիներ։  
13:44 - 30 դեկտեմբերի, 2021
Փաշինյանի իշխանությունը նպատակ ունի Արցախում քաղաքական անկայունության և ճգնաժամի հրահրման միջոցով Արցախին զրկել սուբյեկտայնության բաղադրիչներից. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի իշխանությունը նպատակ ունի Արցախում քաղաքական անկայունության և ճգնաժամի հրահրման միջոցով Արցախին զրկել սուբյեկտայնության բաղադրիչներից. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արցախում ներքաղաքական կայունություն հաստատելու համար անհրաժեշտ է, որպեսզի գործող հիմնական ուժերը վերադառնան քաղաքական կոնսուլտացիաների հետպատերազմական փուլին։ Պատերազմից անմիջապես հետո, իշխող ուժի և խորհրդարանական ընդդիմության միջև նախնական կոնսենսուս էր ձևավորվել առ այն, որ Արցախի սահմանադրության և օրենքների շրջանակներում գործող նախագահը, մեծամասնություն ունեցող ուժը պետք է տարբեր առանցքային պաշտոններ, ոլորտներ զիջեն քաղաքական դաշտի մի քանի ուժերի, որոնք էլ իրենց հերթին կոալիցիոն կամ մեկ այլ սկզբունքով կայուն մեծամասնություն կձևավորեին ու երկիրը դուրս կբերեն ոչ միայն ներքաղաքական ճգնաժամից, այլ պատերազմի հետևանքով ստեղծված ծանր դրությունից։ Այս սցենարը չաշխատեց, որովհետև Հայաստանի իշխանությունները միջամտեցին և Արցախում ստեղծեցին քաղաքական այնպիսի «բալանս», որն ըստ իրենց նախընտրությունների, ցանկացած պահին կարող էին փոխել։ Հենց այս օրերին, իրենց ստեղծած «թակարդի» միջոցով Հայաստանի իշխանությունը փորձ է անում Արցախում ներքաղաքական ճգնաժամ ստեղծել, ինչն առաջին փուլում, խորհրդարանական ընդդիմության խոհեմության ու ջանքերի գնով թույլ չի տրվում։ Փաշինյանի իշխանությունը նպատակ ունի Արցախում քաղաքական անկայունության և ճգնաժամի հրահրման միջոցով Արցախին զրկել սուբեկտայնության բաղադրիչներից, դա է պատճառը, որ կուլիսային այդ գործողությունները ուղեկցվում է Փաշինյանի և նրա քաղաքական/քարոզչական թիմի ագրեսիվ դրսևորումներով, որի գլխավոր նպատակն է ցույց տալ, որ Արցախի հայկական մնալն անհնար է, պայքարն անիմաստ է և գործընթացը ներկայիս իներցիոն հունից տեղափոխել թուրք-ադրբեջանական տրամաբանության դաշտ»։
12:55 - 27 դեկտեմբերի, 2021
Ոստիկանները բացեցին Փարաքարի համայնքապետարանի մուտքը, Վոլոդյա Գրիգորյանը մտավ ներս և ողջունեց աշխատակիցներին |tert.am|

Ոստիկանները բացեցին Փարաքարի համայնքապետարանի մուտքը, Վոլոդյա Գրիգորյանը մտավ ներս և ողջունեց աշխատակիցներին |tert.am|

tert.am: Փարաքարում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը կարողացավ մտնել համայնքապետարանի շենք։ Ոստիկանները, որոնք տևական ժամանակ փակել էին համայնքապետարանի մուտքը, բացեցին այն։ Գրիգորյանը ծանոթացավ աշխատակիցների հետ և հայտարարեց, որ հաջորդ օրվանից սկսելու է բնականոն աշխատանքը։ «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մեզ տեղեկացրին, որ կա դատական վեճ, մինչև այս պահը չենք ծանոթացել դրան։ Ընտրություններից հետո էլ մենք մյուս կողմերին կոչ ենք արել համերաշխությամբ աշխատել, քանի որ անկախ ամեն ինչից բոլոր երեք ուժերը ներկայացված են ավագանիում, և մենք ցանկանում ենք բոլորի հետ համերաշխ աշխատել և համատեղ ջանքերով զարգացնել համայնքը։ Հուսով եմ՝ առաջիկա օրերին լարվածությունը կանցնի, և օր առաջ կանցնենք աշխատանքի»։ Գրիգորյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նշեց՝ ոչ մի խնդիր չկա և չի կարող լինել։ Նա ներողություն խնդրեց ոստիկաններից օրվա ընթացքում հնչած վիրավորանքների համար և նշեց, որ իրենց գործողությունները այդքանով ավարտվում են։ «Մենք իրականացնելու ենք մեր աշխատանքը այստեղ, դատարանն էլ իր գործը կանի, բոլորս գնում ենք տուն»,- ասաց Վոլոդյա Գրիգորյանը։
16:30 - 23 դեկտեմբերի, 2021
Ունեք կառավարության և իմ լիարժեք աջակցությունը. վարչապետն ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Ունեք կառավարության և իմ լիարժեք աջակցությունը. վարչապետն ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին և քարտուղար Լևոն Հովհաննիսյանին: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոնայք, ողջունում եմ ձեզ: Թույլ տվեք, նախ, պարոն Սարգսյան, շնորհավորել Ձեզ Երևանի քաղաքապետ ընտրվելու առիթով և շնորհակալություն հայտնել Երևանի ավագանուն, մասնավորապես՝ «Իմ քայլը» խմբակցությանը, ի դեմս՝ խմբակցության ղեկավար պարոն Գալջյանի, խմբակցության քարտուղար պարոն Հովհաննիսյանի, սկզբունքային դիրքորոշում ցուցաբերելու համար: Ուզում եմ արձանագրենք՝ այն իրավիճակը, որ ունեցանք Երևանի քաղաքապետարանում, ինստիտուցիոնալ իրավիճակ էր և ինստիտուցիոնալ խնդիր: Եվ այդ խնդիրն ինստիտուցիոնալ առումով հանգուցալուծվեց: Ի՞նչ նկատի ունեմ: Ի վերջո, Երևանում 2018 թվականի աշնանից սկսած իրականացվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը, և քաղաքական պատասխանատվությունն էլ «Իմ քայլը» դաշինքինն ու քաղաքական մեծամասնությանն է: Ուզում եմ ընդգծել, որ այդ ծրագիրն էլ իր հերթին բխում էր 2017 թվականի Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրի հիմնադրույթներից: Այս առումով կարևոր է, որ ծրագիրը լիարժեք, ամբողջական և ինստիտուցիոնալ առումով կայանա: Եվ պիտի նաև արձանագրեմ, պարոն Սարգսյան, որ Դուք մինչև այս փուլն այդ ծրագրի իրականացման լիարժեք մասնակից եք եղել՝ զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը: Երևանի ավագանու մեր գործընկերներն էլ իրենց գործառույթներն են իրականացրել այդ առումով: Նաև կարևորում եմ տեղի ունեցած գործընթացը պետական ինստիտուտների կայացման առումով: Որովհետև գիտեք, որ հիմա արդեն 4000 և ավելի բնակչություն ունեցող բոլոր համայնքներում տեղի են ունենում ավագանու ընտրություններ: Այսինքն՝ համայնքի ղեկավարի ընտրություններն անուղղակի են: Եվ ինստիտուցիոնալ առումով անհնար է համայնքի ղեկավարի աշխատանքը՝ առանց ավագանու մեծամասնություն ունենալու: Սա պարզ քաղաքական տրամաբանություն է: Եվ այս խնդիրն է, որ հանգուցալուծվեց: Պիտի արձանագրենք, որ այսօր ունենք ներդաշնակ իրավիճակ Երևանի քաղաքապետի, ավագանու և քաղաքական մեծամասնության միջև: Սա շատ կարևոր է: Իհարկե, շատ կարևորում եմ, որ քաղաքապետը համագործակցի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների հետ, որովհետև այստեղ էլ համախմբող դերակատարումը շատ կարևոր է: Այս պահին ուզում եմ ասել, որ մինչև օրս ամենայն աջակցություն ենք ցուցաբերել Երևանի քաղաքապետարանին, և, իհարկե, այսուհետ ևս այդ աջակցությունը պիտի շարունակվի: Ծրագրի իրականացման ուղղությունները, տեմպերը, միջոցները, ժամկետները, իհարկե, պետք է նաև լրացուցիչ քննարկենք և լուծումներ ստանանք: Այս առումով՝ մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում: Պիտի իմանաք, որ ունեք կառավարության և իմ լիարժեք աջակցությունը: Քաղաքապետ, ավագանի, կառավարություն, քաղաքական մեծամասնություն ներդաշնակությունը պիտի սիներգիա ստեղծի, որն առավել արտահայտիչ երևա երևանցիների կյանքում»: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և շնորհավորանքների համար: «Գիտակցում եմ, որ սա բավականին մեծ պատասխանատվություն է: Ընդհանուր առմամբ պատկերացնում եմ, թե ինչ ինստիտուտներ ունենք, որոնք պետք է ամբողջությամբ վերափոխենք, և որոնք են, որ դեռևս կաշխատեն որպես ինստիտուտներ, որպեսզի դիմադրեն տարբեր ցնցումների, իրականացնեն իրենց ֆունկցիոնալությունը: Կարծում եմ՝ կառավարության աջակցությամբ հնարավորություն կունենանք ամենամեծ բնակչություն ունեցող համայնքում՝ Երևանում, իրականացնել այն ծրագրերը, որոնք տարիների ընթացքում չեն իրականացվել, կարելի է ասել՝ անհասկանալի պատճառներով: Կարծում եմ՝ պոտենցիալը կա, պետք է պարզապես արդյունավետ կառավարում իրականացնել այդ պոտենցիալն օգտագործելու համար»: Հանդիպմանը քննարկվել են կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցությանը, մայրաքաղաքում իրականացվելիք ծրագրերին և նախագծերին առնչվող հարցեր:
14:17 - 23 դեկտեմբերի, 2021