#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Հունիսի 23-ին կշարունակվեն իրականացվել 70-ից ավելի ընտրական տեղամասերի վերահաշվարկի աշխատանքները․ ԿԸՀ

Հունիսի 23-ին կշարունակվեն իրականացվել 70-ից ավելի ընտրական տեղամասերի վերահաշվարկի աշխատանքները․ ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ վերահաշվարկի դիմումներ են ներկայացվել 27 տեղամասերի քվեարկության արդյունքների վերաբերյալ։   «2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հունիսի 22-ը` ժամը 11.00-ն:   Սահմանված ժամկետում վերահաշվարկի դիմումներ են ներկայացվել 27 տեղամասերի քվեարկության արդյունքների վերաբերյալ, որոնցից միայն 3 տեղամասերի վերաբերյալ դիմումներն են ներկայացվել իրավասու սուբյեկտների կողմից։ Այնուամենայնիվ, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից վերահաշվարկ կիրականացվի նաև մնացյալ 24 տեղամասում։   Հունիսի 23-ին՝ ժամը 10։00-ից սկսած, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5, թիվ 7, թիվ 9, թիվ 10, թիվ 11, թիվ 13, թիվ 14, թիվ 17, թիվ 23, թիվ 24, թիվ 25, թիվ 31, թիվ 33, թիվ 34 և թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում կշարունակվեն իրականացվել ընդհանուր առմամբ 70-ից ավելի ընտրական տեղամասերի վերահաշվարկի աշխատանքները։   Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ չեն ստացվել,- ասված է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունում:
19:45 - 22 հունիսի, 2021
ՀԲԸՄ-ն ընտրությունների արդյունքը բնութագրում է որպես համազգային ապաքինմանն ուղղված առաջին քայլ

ՀԲԸՄ-ն ընտրությունների արդյունքը բնութագրում է որպես համազգային ապաքինմանն ուղղված առաջին քայլ

Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ․ «2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաղթանակով Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի հանրապետության օրինականորեն ընտրված վարչապետ: ՀԲԸՄ-ն այս առթիվ իր շնորհավորանքն է հղում պարոն Փաշինյանին: Ընտրողները ձայների վճռորոշ տարբերությամբ իրենց քվեներով նրան երկրորդ հնարավորություն ընձեռեցին կատարելու իր իսկ խոստումները՝ անդրադառնալու 2020-ի Արցախյան պատերազմի ողբերգական կորուստների պատճառներին: Սա, անկասկած, կարևորագույն ժամանակահատված է, որը հիմքեր է դնելու անկախ հայկական պետության տևական գոյատևման համար: Մենք հավատացած ենք, որ հաջողության հասնելու առաջին քայլը պետք է լինի համազգային ապաքինման ուղղությամբ աշխատելը: Դա վերաբերում է խորհրդարանում ընդդիմադիր ուժերի հետ հարաբերությունների կառավարմանը հաշտության և համագործակցության ոգով՝ ընդունելով, որ տարածաշրջանային լարված իրավիճակում պառակտված կառավարումը երկիրն է՛լ ավելի մեծ վտանգների կենթարկի: Ժամանակն է զորավիգ լինելու Հայաստանի ապագայի միասնական տեսլականին՝ որպես հրատապ առաջնահերթություն սահմանելով երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը: Մենք ամենայն հարգանքով հորդորում ենք ներկա ղեկավարությանը ակտիվորեն ձգտել հասնելու գործուն ժողովրդավարության նշաձողերին, այդ թվում՝ թափանցիկության, ներառականության և քաղաքացիական հասարակության՝ ընդգրկելով նաև աշխարհատարած հայկական սփյուռքը: Մեր երիտասարդ ժողովրդավարությունը պետք է լծվի ճիշտ ձևով անհրաժեշտ հաստատությունների կառուցման ու կայացման գործին: Առաջ ընթանալու համար պահանջվում է ունենալ միասնականություն, որտեղ կառավարությունը կողջունի Հայաստանի և սփյուռքի մասնագետների և տաղանդավոր մարդկանց մասնակցությունն ավելի պայծառ ապագայի կերտման հստակ ճանապարհային քարտեզի մշակման գործում: Համայն հայությունը դերակատարություն ունի ապաքինման և վերակառուցման այս գործընթացում: Որպես աշխարհում ամենախոշոր հայկական շահույթ չհետապնդող կազմակերպություն, որն ունի 115-ամյա ներկայություն հայրենիքում, մենք հասկանում ենք, թե որքան դժվար է լինելու հաղթահարել խորը համազգային ցավը: Եվ մենք գիտակցում ենք հույսն ու դիմացկունությունը վերականգնելու կարևորությունը, քանզի մեր ժողովուրդն առերեսվում է չափազանց իրական մտահոգությունների՝ կապված սոցիալ-տնտեսական հեռանկարների, առողջության, անվտանգության և, իհարկե, այս անկայուն աշխարհում իր զավակների ապագայի հետ: Վերջին 30 տարիներին մենք ապացուցել ենք սփյուռքի անկեղծ ու անսահման նվիրվածությունը հայրենի պետականությանն աջակցելու գործում, և վստահ ենք, որ այս նվիրումը շարունակվելու է, քանի որ Հայաստանը շարունակում է լինել մեր հպարտությունն ու մեր ինքնության երաշխավորը: Եկեք վերակերտենք մեր ազգը՝ վեր հանելով և հարգելով միմյանց տաղանդներն ու ուժեղ կողմերը և դրանք օգտագործենք արդյունավետ ձևով: Դա մեր պարտքն է գալիք սերնդի և այն մարդկանց հանդեպ, որոնք գնացին գերագույն զոհաբերության՝ հանուն մեր ժողովրդի ազատության և արդարության: Միությունը զորություն է»։
19:37 - 22 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սամվել Բաբայանի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սամվել Բաբայանի հետ

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Սամվել Բաբայանի հետ: Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Բաբայան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Ես, որքան հնարավոր է, հետևել եմ Ձեր քարոզարշավին նախընտրական շրջանում, և ափսոսում եմ, որ Ձեր քաղաքական ուժը չհաղթահարեց խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ արգելքը: Եվ այսօրվա հանդիպումը նախաձեռնել եմ՝ լսելու Ձեր տեսակետները հետագա քաղաքական պրոցեսների մասին և նաև այն մասին, թե ինչպես կարող ենք մենք, ինչ ֆորմատներ ենք հնարավոր տեսնում, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում՝ Դուք, և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինենք իրար համար, ինչպիսի հնարավորություններ եք տեսնում այս ամենում: Սամվել Բաբայան - Շնորհակալ եմ: Առաջին հերթին, բոլորիդ շնորհավորում եմ, Ձեր կուսակցությանը, որովհետև, իրոք, մեծ պատասխանատվության տակ եք մտել: Ապագան պետք է կառուցել, և Հայաստանը մեծ հույսեր է կապում ձեզ հետ, որ զարգացում ապահովենք, պաշտպանված լինենք: Ես իմ կողմից մյուս 2 կուսակցություններին ևս շնորհավորել եմ, որովհետև պետք է կարողանաք համախմբել այս վիճակը և դրան պիտի գնանք: Ապագան դա է պահանջում մեզանից: Բոլորը, իմ կարծիքով, իրենց ամբիցիաները պետք է ցած դնեն ու փորձեն համագործակցել հանուն մեր պետության, հանուն մեր ապագայի: Իմ կարծիքն այն է, որ ներքին կայունությունը մեծ խնդիրներ է լուծելու, եթե բոլորս գիտակցենք ու հասկանանք, որ մեր պետության շահը պետք է գերադասել ամեն ինչից բարձր: Սա առաջինը: Երկրորդը՝ այս ամբողջ քաղաքական պրոցեսի մեջ մենք ներկայացրել ենք մեր տեսակետը: Ես կփորձեի նշել քաղաքական ֆունդամենտալ խնդիրները՝ Սահմանադրությունը և օրենսդրությունը հիմքն է: Այս ամբողջ վայրիվերումները, իմ և մեր թիմի կարծիքով, գալիս են օրենսդրական բազայի անկատարությունից և երկիմաստությունից: Սա լուրջ պրոբլեմ է, և իմ խնդրանքն է, որ հետագայում դրան շատ լուրջ ուշադրություն դարձնեք: Մենք պետք է պետությունը հզորացնենք այնպես, որ մարդն իր ամբողջ դրական լիցքերը կարողանա ներդնել, և ոչ մի խոչընդոտ չլինի: Չարիքը բոլորիս մոտ էլ կա, պետք է սահմանափակենք օրենքներով, օրենսդրական ակտերով, որ չլինի: Նորից եմ ասում, անկեղծ ուրախ եմ, - որևիցե կապ չունի, թե մենք ինչ տոկոս ենք ստացել, ինչ է եղել, ինչպես է եղել - ժողովուրդն է որոշում, ես բազմիցս ասել եմ՝ այդ ձև են ճիշտ գտել, այդ ուղղությամբ են տեսել իրենց ապագան, գնացել են այդ ուղղությամբ: Դա պետք է բոլորս ողջունենք, փորձենք՝ ինչքանով կարող ենք օգտակար լինել այդ ամբողջ պրոցեսին: Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
18:49 - 22 հունիսի, 2021
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները

ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները

ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կուսակցությունների դաշինքի Արթիկի տարածքային գրասենյակի ղեկավարը, ով նաև հանդիսանում էր տվյալ դաշինքի պատգամավորության թեկնածու, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և այդ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար, նույն համայնքի ընտրական ցուցակներում ընդգրկված ավելի քան 70 ընտրողներին անձամբ ու միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել, խոստացել և տրամադրել են 10.000-ական ՀՀ դրամ կաշառք: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: «Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են  հանցագործությունների հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական  օրենսգրքի ՀՀ քրեական  օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 154.9-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը քննչական ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նախաքննություն կատարելու նպատակով: Նախաքննության ընթացքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով երեկ՝ հունիսի 21-ին, ձերբակալվել էին 5 անձ, այդ թվում՝ դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը: Երեկ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ՀՀ ԿԸՀ՝ վերջինիս նկատմամբ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար: Այսօր ՀՀ ԿԸՀ-ն, քննության առնելով միջնորդությունները, իր որոշումներով բավարարել է դրանք: Դատախազի կողմից որոշումներն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և դրանից բխող այլ դատավարական գործողություններ կատարելու հանձնարարությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:   
18:32 - 22 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանին

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանին: Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Սահակյան, նախ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ես այսօր կուզենայի լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ: Նաև կուզենայի լսել, թե ինչ պատկերացումներ ունեք, որպեսզի արտախորհրդարանական ուժերը և կառավարությունը փոխադարձ լսելիության, հասանելիության ավելի բարձր մակարդակ ունենան: Եվ եթե այլ մտքեր ունեք, իհարկե նաև՝ այդ մտքերը: Սուրեն Սահակյան - Շնորհակալություն հրավերի համար, պարոն վարչապետ: Շատ կարևոր հարց եք բարձրացնում: 2-3 տարի շարունակ արտախորհրդարանական ընդդիմության ձայնը, ըստ էության, լսելի չի եղել: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա այս արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական դաշտը մրցունակ չէ, իրականությունից կտրված է, և պետք է շատ աշխատել, որ այս մոխրացած դաշտում նոր ծիլեր առաջանան: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
18:27 - 22 հունիսի, 2021
1 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք խոստանալու և տրամադրելու համար

1 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք խոստանալու և տրամադրելու համար

2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում մի խումբ անձանց կողմից ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով կաշառք բաժանելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Գ.Ս.-ն, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, երկու և ավելի անձանց առաջարկել և տվել է 20.000-ից 30.000 ՀՀ դրամ գումարի չափով կաշառք` կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը. «Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 21.06.2021թ.-ին Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նույն օրը քննիչի կողմից նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը 22.06.2021թ.-ին բավարարվել է: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ` վերը նշված դեպքերի բոլոր հանգամանքները և ընտրակաշառք բաժանելու հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:13 - 22 հունիսի, 2021
ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Աայս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:«ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն` 1) ընտրություններին մասնակցող կուսակցության, դաշինքի լիազոր ներկայացուցիչը,2) վստահված անձը,3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը,4) քվեարկությանը չմասնակցած այն ընտրողը, որի տվյալների դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն` քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ: Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչև սույն թվականի հունիսի 23-ը՝ ժամը 11.00-նը»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:12 - 22 հունիսի, 2021
Պեսկովի և Զախարովայի մեկնաբանությունները արտահայտում են Մոսկվայի դիրքորոշումը ՀՀ-ում ընտրությունների առնչությամբ. դեսպան |armenpress.am|

Պեսկովի և Զախարովայի մեկնաբանությունները արտահայտում են Մոսկվայի դիրքորոշումը ՀՀ-ում ընտրությունների առնչությամբ. դեսպան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը նոր բան չունի ավելացնելու Հայաստանում հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Մոսկվայի կողմից արտահայտված պաշտոնական դիրքորոշմանը: Հունիսի 22-ին լրագրողները Հաղթանակ զբոսայգում խնդրեցին գնահատական տալ Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան Ռուսաստանի դեսպանը հղում արեց իր երկրի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հունիսի 21-ի հայտարարություններին: «Երեկ մեր նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան որոշակի շեշտադրումներ արեցին այդ թեմայի վերաբերյալ, և կարծում եմ՝ դրանք այն մեկնաբանություններն են, որոնք արտահայտում են մեր դիրքորոշումը», - նշեց Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
14:38 - 22 հունիսի, 2021
Մարինա Կալյուրանդը և Անդրեյ Կովաչևը կոչ են անում բոլոր քաղաքական ուժերին ընդունել ՀՀ-ում կայացած ընտրությունների արդյունքները |armenpress.am|

Մարինա Կալյուրանդը և Անդրեյ Կովաչևը կոչ են անում բոլոր քաղաքական ուժերին ընդունել ՀՀ-ում կայացած ընտրությունների արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը և Հայաստանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը համատեղ հայտարարություն են տարածել ՀՀ-ում կայացած արտահերթ ընտրությունների վերաբերյալ: «Երեկ Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ժողովրդավարության այս կարևոր դրսևորման համար՝ չնայած բարդ իրավիճակին։ Սա Հայաստանի համար առանցքային պահ է, և մենք հուսով ենք, որ ընտրությունների հստակ արդյունքները նոր դրական էջ կբացեն երկրի համար: Շատ զգացմունքային արշավից հետո հայ հասարակությունն ամենաշատը կարիք ունի վերականգնել միասնությունն ու համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ՝ ավելի լավ ապագա կերտելու համար: Համավարակի հետ կապված ճանապարհորդական սահմանափակումների պատճառով Եվրախորհրդարանը չկարողացավ դիտորդներ ուղարկել: Այնուամենայնիվ, ընտրություններին միջազգային դիտորդական առաքելություն են իրականացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ) և Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ): Մենք ընդգծում ենք, որ առաքելությունը հայտնել է, որ ընտրությունները մրցակցային են եղել և, ընդհանուր առմամբ, լավ կազմակերպված: Ընտրողներին ընձեռվել են լայն տարբերակներ, և հիմնարար իրավունքներն ու ազատությունները հիմնականում հարգվել են: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ընդունել ընտրությունների արդյունքները և զերծ մնալ պառակտիչ հռետորաբանությունից և գործողություններից: Անօրինականությունների վերաբերյալ ցանկացած մեղադրանք չպետք է օգտագործվի լարվածությունը խթանելու համար, այլ անհրաժեշտ է դրանք կարգավորել համապատասխան բողոքների և բողոքարկման ընթացակարգերի ներքո: Մենք ակնկալում ենք աշխատել նորընտիր Ազգային ժողովի հետ ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ` ի շահ մեր քաղաքացիների»:
14:15 - 22 հունիսի, 2021
«Ում օգտին որ քվեարկել է, չի արձանագրվել»․ վերահաշվարկի 3 դիմում՝ ՀԱՊ կուսակցությունից |aravot.am|

«Ում օգտին որ քվեարկել է, չի արձանագրվել»․ վերահաշվարկի 3 դիմում՝ ՀԱՊ կուսակցությունից |aravot.am|

aravot.am: «Համահայկական ազգային պետականություն»(ՀԱՊ) կուսակցությունը տարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում վերահաշվարկի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնեց կուսակցության լիազոր ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ երեք տեղամասերում կատարված ձայների հաշվարկի արդյունքում վերահաշվարկի դիմումի ներկայացման խնդիրը նույնաբովանդակ է․ կատարվել է քվեարկություն, սակայն քվեն չի արձանագրվել։ «Պատգամավորի թեկնածուն քվեարկել էր, սակայն արձանագրվել էր զրո։ Ում օգտին որ քվեարկել է, չի երեւացել։ Արձանագրության մեջ կուսակցությունը ստացել է զրո ձայն այն դեպքում, երբ տվյալ թեկնածուն քվեարկել է։ Մյուս երկու տեղամասերի դեպքում պատճառը նույնաբովանդակ է»,-նշեց Լեւոն Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ վերահաշվարկի դիմումների ժամկետը լրացել է այսօր։
13:45 - 22 հունիսի, 2021
Լիտվան իր աջակցությունն է հայտնել խաղաղ ու անվտանգ երկրում ապրելու հայ ժողովրդի ձգտմանը |armenpress.am|

Լիտվան իր աջակցությունն է հայտնել խաղաղ ու անվտանգ երկրում ապրելու հայ ժողովրդի ձգտմանը |armenpress.am|

armenpress.am: Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Այս մասին հայտնում է Լիտվայի նախագահի պաշտոնական կայքը: Գիտանաս Նաուսեդան Փաշինյանին նոր կառավարության կազմման պատասխանատու գործում  մաղթել է հաջողություններ, համբերություն ու նվիրում: «Քաղաքական կայունությունը հատկապես կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար վերջին պատերազմից հետո: Մենք աջակցում ենք հայ ժողովրդի ձգտմանը՝ ապրել խաղաղ, անվտանգ ու կայուն պետությունում»,- ասել է նախագահ Նաուսեդան: Նա ընդգծել է Հայաստանի ազգային անվտանգությունն ու ինքնիշխանությունը պահելու, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժերի միջև ու հասարակության ներսում տարանջատումները հաղթահարելու ու բոլորին միավորելու կարևորությունը՝ ի շահ պետության: Լիտվայի նախագահը կոչ է արել ակտիվ ջանքեր գործադրել բարեփոխումներ իրականացնելու հարցում՝ հանուն Հայաստանի և ԵՄ միջև հաջող ու արդյունավետ համագործակցության: Նա շեշտել է, որ սա հատկապես կարևոր է ԵՄ-Հայաստան համագործակցության համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու տեսանկյունից:
13:25 - 22 հունիսի, 2021