ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Գերմանիան ու Ֆրանսիան անհանգստություն են հայտնել Դոնբասում իրավիճակը սրվելու կապակցությամբ
 |azatutyun.am|

Գերմանիան ու Ֆրանսիան անհանգստություն են հայտնել Դոնբասում իրավիճակը սրվելու կապակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի ու Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները ապրիլի 3-ին համատեղ հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով Ուկրաինայի արևելքում իրավիճակը սրվելու կապակցությամբ։ «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, մասնավորապես` ռուսական զորքերի տեղաշարժին և բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել ու ջանքեր գործադրել լարվածությունը մեղմելու համար», - ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, թե Ռուսաստանը զորքերը տեղաշարժում է իր տարածքում և իր հայեցողությամբ, և դա ոչ մեկին չպետք է անհանգստացնի։ Մարտի վերջերից սկսած` Ուկրաինայի զինվորական պաշտոնյաները հաղորդում են, որ Դոնբասում ռուսամետ անջատականները պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը։ Դոնեցկի ռուսամետ անջատականները իրենց հերթին մեղադրում են ուկրաինական ուժերին։
15:28 - 04 ապրիլի, 2021
ԲԴԽ-ի պատվիրակության անդամները  հանդիպել են Մոսկվայի քաղաքային դատարանի գործընկերների հետ

ԲԴԽ-ի պատվիրակության անդամները հանդիպել են Մոսկվայի քաղաքային դատարանի գործընկերների հետ

ՌԴ մայրաքաղաքում հյուրընկալված ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակության ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպում են ունեցել Մոսկվայի քաղաքային դատարանի գործընկերների հետ: Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ կողմերը քննարկել են էլեկտրոնային արդարադատության արդի խնդիրները: Ռուս մասնագետները հայ գործընկերներին ներկայացրել են Մոսկվայի քաղաքային դատարանի ֆունկցիոնալ կառավարման խնդիրները, կիսվել իրենց փորձով: Հատկապես կարևորվել է այնպիսի նպատակային ծրագրերի իրականացումը, որոնք վերաբերում են էլեկտրոնային արդարադատության փուլային ներդրմանը, դատական գործերի կառավարման ժամանակակից թվայնացված համակարգին, արդարադատության համակարգային մշտադիտարկմանը, արդարադատության ծախսատարության կրճատմանը: Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են Էլեկտրոնային արդարադատության համակարգի նորացված ծրագրային ուղղություններով ՀՀ դատական համակարգում, մասնավորապես՝ Երևան քաղաքի դատարանում կատարված աշխատանքը: Ռուս գործընկերների հետ քննարկվել են էլեկտրոնային հայցադիմումների, ծանուցման համակարգի, էլեկտրոնային փաստաթղթերի ստեղծման և դատավարական այլ գործընթացների ավտոմատացման հայեցակարգի գործիքակազմերն ու դրանց ներդրման առանձնահատկությունները:  
13:18 - 03 ապրիլի, 2021
Ուկրաինան ՌԴ-ին մեղադրել է Դոնբասում ռազմական ներկայությունն ավելացնելու համար՝ խոստանալով իրավիճակի սրման դեպքում «համարժեք պատասխան տալ» |tert.am|

Ուկրաինան ՌԴ-ին մեղադրել է Դոնբասում ռազմական ներկայությունն ավելացնելու համար՝ խոստանալով իրավիճակի սրման դեպքում «համարժեք պատասխան տալ» |tert.am|

tert.am: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը Դոնբասում հակամարտության սրման համար մեծացնում է ռազմական ներկայությունը և բարձրացնում իր բանակի մարտունակությունը: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Մոսկվան վերջին օրերին ակտիվացրել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ժողովրդական աշխարհազորի ստորաբաժանումների պատրաստումը, ինչպես նաև սահմանին կենտրոնացրել է կանոնավոր բանակի ստորաբաժանումներ: «Ռուսական օկուպացիոն զորքերը շարունակում են սադրիչ գնդակոծություններ իրականացնել ուկրաինացի պաշտպանների դիրքերի ուղղությամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման համար նրանց մեղադրելու նպատակով»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Շարունակությունը՝ tert.am-ում։
19:38 - 02 ապրիլի, 2021
Համոզված ենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափը պետք է շարունակի առաջատար դեր ունենալ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու գործում». ՌԴ փոխարտգործնախարարը` ԼՂ շուրջ իրավիճակի մասին |tert.am|

Համոզված ենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափը պետք է շարունակի առաջատար դեր ունենալ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու գործում». ՌԴ փոխարտգործնախարարը` ԼՂ շուրջ իրավիճակի մասին |tert.am|

tert.am: 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ժամանակ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի (ԱՄՆ և Ֆրանսիա) այլ համանախագահների հետ ակտիվորեն աշխատել է արյունահեղությանը վերջ տալու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռուդենկոն «Մոսկվա-Բաքու» հրատարակությանը տված հարցազրույցում:«Հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի կողմից մշակված հիմքային սկզբունքներն են ընկած 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարության հիմքում, որով վերջ էր տրվում ռազմական գործողություններին և հրադադար էր հաստատվում Լեռնային Ղարաբաղում: Վստահ ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը պետք է շարունակի առաջատար դեր ունենալ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու հարցում՝ որոնելով քաղաքական և դիվանագիտական միջոցներով հակամարտության տևական և երկարաժամկետ կարգավորման ուղիներ»,-ասել է Ռուդենկոն:
17:56 - 02 ապրիլի, 2021
Պեսկովն արձագանքել է Շուշիում «Իսկանդեր»-ի մնացորդներ հայտնաբերելու մասին Բաքվի հայտարարություններին |azatutyun.am|

Պեսկովն արձագանքել է Շուշիում «Իսկանդեր»-ի մնացորդներ հայտնաբերելու մասին Բաքվի հայտարարություններին |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլի խոսնակը հայտարարել է, թե տեղեկություն չունի՝ արդյոք զինվորականները նախագահ Պուտինին ինչ-որ բան են զեկուցել Բաքվից հնչող հայտարարությունների վերաբերյալ, որոնց համաձայն Ղարաբաղում «Իսկանդեր»-ի օգտագործման հետքեր են հայտնաբերվել»։ «Որքան հասկանում եմ՝ դա նոր տեղեկություն է, ես չգիտեմ՝ զեկուցել են արդյոք մեր զինվորականները նախագահին, և արդյոք նրանք ինչ-որ հստակ ինֆորմացիա ունեն այդ մասին», - ասել է Դմիտրի Պեսկովը, միաժամանակ կրկնել ավելի վաղ ռուսական կողմի հնչեցրած հայտարարությունը՝ «Իսկանդեր»-ներ ղարաբաղյան պատերազմում չեն կիրառվել»։ «Դուք հիշում եք դրանց հետ կապված պատմությունը՝ դրանք հակամարտության ընթացքում չեն գործածվել, դա հաստատված է», - ընդգծել է Պուտինի խոսնակը։ Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալությունը, մինչդեռ, երեկ հայտարարել էր, թե Շուշիում հայտնաբերվել են «Իսկանդեր» հրթիռների մնացորդներ։ Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասել է, թե «համալիրների կիրառման մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»։
15:35 - 02 ապրիլի, 2021
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԼՂ շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը |armenpress.am|

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԼՂ շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ապրիլի 7-ին հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ապրիլի 7-ին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա: Տեղի կունենան բանակցություններ նախագահ Պուտինի հետ: Դուք գիտեք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով ակտիվ երկխոսություն է ընթանում: Նախ և առաջ, իհարկե, քննարկվելու է եռակողմ պայմանավորվածությունների ու եռակողմ փաստաթղթի կյանքի կոչման ընթացքը, որը վերջ տվեց ռազմական գործողություններին Ղարաբաղում»,- ասել է Պեսկովը: Նա հայտնել է, որ Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում քննարկվելու են հարցեր՝ կապված Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ, տեղի կունենա մտքերի փոխանակում Հայաստանում սկսված ընտրական գործընթացի, ինչպես նաև ռուս-հայկական համագործակցության ակտուալ հարցերի շուրջ:
14:38 - 02 ապրիլի, 2021
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են ՌԴ ՊՆ ՌՔԿՊ զորքերի մասնագետները

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են ՌԴ ՊՆ ՌՔԿՊ զորքերի մասնագետները

ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող հակահամաճարակային միջոցառումների ընթացքում ցուցաբերած մասնագիտական բարձր ունակությունների, բարեխիղճ ծառայության և ռազմաբժշկական համագործակցության ոլորտում ունեցած ներդրման համար ՌԴ ՊՆ ՌՔԿՊ զորքերի 48-րդ գիտահետազոտական կենտրոնի մի շարք մասնագետներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: ՌԴ ՊՆ ՌՔԿՊ զորքերի մասնագետները ՀՀ ՊՆ հիգիենիկ հակահամաճարակային ծառայությունում մասնագիտական աջակցություն են ցուցաբերել 2020թ. ապրիլի 7-ից: Գերատեսչական մեդալները ռուսաստանցի զինվորականներին են հանձնվել առաքելության ավարտի կապակցությամբ ապրիլի 2-ին կայացած հրաժեշտի պաշտոնական արարողության ընթացքում: Ընթերցվել է ՀՀ պաշտպանության նախարարի շնորհակալական ուղերձը գիտահետազոտական կենտրոնի պետին և ամբողջ անձնակազմին: Շուրջ մեկ տարի ՀՀ զինված ուժերին աջակցություն ցուցաբերած մասնագետները ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետի հրամանով խրախուսվել են նաև պատվոգրերով ու հուշամեդալներով։ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական և ՌՔԿՊ ոլորտների պատասխանատուները շնորհակալություն են հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության համար, մաղթել ամուր առողջություն և նորանոր հաջողություններ իրենց ստանձնած պատասխանատու գործունեության ընթացքում։
14:35 - 02 ապրիլի, 2021
ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրը դարձել է անժամկետ. ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է որոշումը |armenpress.am|

ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրը դարձել է անժամկետ. ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է որոշումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրն անժամկետ դարձնելու մասին: Այս մասին համապատասխան կարգադրություն է ստորագրել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ակնհայտ է համարել, որ հավելվածը Հայաստանի և Ռուսաստանի բնակիչների համար տեղաշարժը երկրների միջև թույլատրող և դյուրինացնող արդյունավետ ու հեռանկարային գործիք է: Ղրղզստանը ևս ավելացել է այն երկրների ցանկում, որի քաղաքացիներն այս ծրագրով կարող են մեկնել ՌԴ: Ծրագրից օգտվող երկրների ցանկում են նաև Ռուսաստանը, Հայաստանն ու Բելառուսը: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողներին հայտնել է, որ հավելվածը դրսևորել է իրեն որպես արդյունավետ գործիք, որը դյուրացրել է ԵԱՏՄ անդամ երկրների բնակիչների տեղաշարժը՝ ապահովելով պահանջվող բոլոր պայմանները: «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների՝ ինտեգրացիոն կառույցի կազմում ազատ և անվտանգ տեղաշարժի համար: Այն սկսել է գործարկվել փետրվարի 1-ից:
11:35 - 02 ապրիլի, 2021
Արցախում սակրավորներն ավելի քան 1 800 հա տարածք են մաքրել պայթյունավտանգ առարկաներից |armenpress.am|

Արցախում սակրավորներն ավելի քան 1 800 հա տարածք են մաքրել պայթյունավտանգ առարկաներից |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարության mիջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Գործողության ընթացքում Արցախում ռուսաստանյան խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից 2020 թվականի նոյեմբերի 23-ից ականազերծվել է ավելի քան 1 873 հա տարածք, ավելի քան 575 կմ ճանապարհ, 1 658 շենք-շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 հազար 379 պայթուցիկ նյութ։ Արցախում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուսաստանցի խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի պայմաններում: Պայթյունավտանգ առարկաները ոչնչացվում են «Բալիջա» հրաձգարանում:
11:05 - 02 ապրիլի, 2021
Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են ԼՂ-ում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցը
 |tert.am|

Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են ԼՂ-ում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցը |tert.am|

tert.am: Այսօր ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հավաքի շրջանակներում Մոսկվայում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, որոնք, մասնավորապես, առնչվում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների կարգավորմանը և տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակմանը տարածաշրջանում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:Նշվում է նաև, որ մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, այդ թվում՝ բարձր մակարդակով կայանալիք հանդիպումների վերաբերյալ: 
19:46 - 01 ապրիլի, 2021