Արագածոտնի մարզ

ՀՀ Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թվականին: Մարզի տարածքը կազմում է 2753 քառ. կմ եւ զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.3 %-ը: Մարզն իր մեջ ընդգրկում է Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի նախկին շրջանները: 

Ծովի մակերեւույթից 2000-2500 մետր բարձրության վրա: Մարզի 19 համայնքներ ունեն լեռնային, իսկ 40 համայնքներ` բարձր լեռնայինի կարգավիճակ: Բնակչության թվաքանակը 2019 թ.հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 161774 մարդ: Մարզում կա 72 համայնք:

Գնել Սանոսյանն Արագածոտնի մարզի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

Գնել Սանոսյանն Արագածոտնի մարզի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Արագածոտնի մարզի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին կարճ ժամանակում բավական արդյունավետ աշխատանքի, մարզային խնդիրներին արագ լուծումներ տալու համար: Սանոսյանը շնորհավորել է Սերգեյ Մովսիսյանին և հաջողություններ մաղթել: Նախարարը նշել, որ վերջինս, լինելով մարզից ընտրված պատգամավոր, ծանոթ է մարզի խնդիրներին և շատ արագ կլծվի այդ խնդիրների լուծմանը, քանի որ մարզի առաջ բավական հավակնոտ ծրագրեր են դրված: Արդեն նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ևս շնորհակալություն է հայտնել աշխատակազմին կարճ, բայց արդյունավետ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նորանշանակ մարզպետին: Նորանշանակ մարզպետը Սերգեյ Մովսիսյանը նշել է, որ Ռազմիկ Պետրոսյանը բավական բարձր նշաձող է սահմանել և ինքը կանի առավելագույնը՝ կառավարության, քաղաքական թիմի և ժողովրդի սպասումներն արդարացնելու համար:
15:21 - 15 հունվարի, 2022
Եղիպատրուշցիների չլսվող ձայնը․ հանրային գերակա շահի ճանաչման որոշում՝ մեկ ընկերության տրամադրած տվյալների հիման վրա

Եղիպատրուշցիների չլսվող ձայնը․ հանրային գերակա շահի ճանաչման որոշում՝ մեկ ընկերության տրամադրած տվյալների հիման վրա

Այս տարվա հուլիսի 29-ին ՀՀ կառավարությունը 1246-Ա որոշմամբ հավանություն տվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած ներդրումային ծրագրին, որ պետք է իրականացվի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում՝ 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում։ Հետագայում՝ հոկտեմբերի 7-ին, կառավարությունը մեկ այլ որոշմամբ այդ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց։  ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի վարչական սահմաններում գտնվող այն հողամասերի սխեման, որոնց նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ (≈ 580 հա, կանաչ նշումով) Կանաչով ընդգծված հողամասերը Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի վարչական սահմաններում են։ Այս համայնքի բնակիչները, սակայն, անհամաձայնություն ունեն կառավարության որոշումների հետ։ Հողամասերը հանրային գերակա շահ ճանաչելուց հետո՝ հոկտեմբեր ամսին, գյուղի բնակիչները ստորագրահավաքով դիմում են ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ նշելով, որ հանրային գերակա շահ են ճանաչվել նաեւ համայնքի բնակիչների սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասեր եւ վարելահողեր։ Նրանք մտահոգություն ունեն, որ այդ որոշման ընդունման եւ հետագայում իրագործման հետեւանքով բազմաթիվ ընտանիքներ ունեզրկվելու են՝ կորցնելով իրենց հողատարածքների ծանրակշիռ մասը, իսկ որոշ դեպքերում նաեւ ամբողջ անշարժ գույքից՝ բացառությամբ բնակելի տների:    «ՄԱՅԼԵՌ» լեռնային հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագիրը «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությունը, ինչպես վերը նշեցինք, նախատեսում է Ապարանում կառուցել լեռնային հանգստավայր։ Տեղանքի՝ Ընկերության ներկայացրած քարտեզը Ընկերության ներկայացրած նախագծից, որը կառավարության հավանությանն է արժանացել, տեղեկանում ենք, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթը» վստահեցրել է՝ կազմակերպությունն իր վրա է վերցնելու ենթակառուցվածքային այնպիսի ներդրումներ, ինչպիսիք են՝ ճոպանուղու, սահուղիների կառուցումը, արհեստական ձնագոյացման համակարգի ձեռքբերումը եւ տեղադրումը, որոնք, Ընկերության պնդմամբ, առհասարակ իրականացվում են պետության կամ համայնքի կողմից՝ փոխարենը ակնկալելով պետական աջակցություն կոնկրետ ուղղություններով․ «Ծրագրի շրջանակներում նախատեսված ենթակառուցվածքներն իրենց շուրջ են կենտրոնացնելու հյուրանոցային եւ ժամանցային ոլորտներում այլ ներդրողների, որոնք, ներդրումներ կատարելով, նպաստելու են ոլորտի շարունակական զարգացմանը՝ ապահովելով լրացուցիչ աշխատատեղեր տվյալ համայնքի բնակիչների եւ ՀՀ այլ քաղաքացիների համար»,- գրել է ընկերությունը՝ վստահեցնելով, որ այդպիսի ենթակառուցվածքներից ամենակարեւորը ճոպանուղին է: Ընկերության հավաստիացմամբ՝ ճոպանուղիները լինելու են եվրոպական ամենաարդիական տեխնոլոգիաներով հագեցած՝ փակ հոնդոլային տիպի ու արագընթաց։ Ծրագրով նախատեսված ճոպանուղու նախանշված տեսքը Ծրագրի առավելություններ բաժնում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթը» գրել է, որ լեռնային համալիրի կառուցման ընթացքում ներգրավված կլինեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի շուրջ 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180,000 դրամ աշխատավարձով։  Նշված է, որ կառուցվող համալիրը հնարավորություն է ունենալու սպասարկելու օրական 6000 հաճախորդի։ Ծրագրի իրականացման համար տարեկան միջին ծանրաբեռնվածությունը գնահատվում է շուրջ 200 հազ. հաճախորդ։ Կանխատեսվում է, որ համալիրի շահագործմամբ կստեղծվի տարեկան 12.6 մլրդ դրամ լրացուցիչ ավելացված արժեք, որը կնպաստի ՀՆԱ-ի աճին մոտ 0.2 տոկոսային կետով։ Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը պատրաստվում է շուրջ 15 միլիարդ ՀՀ դրամ ներդնել ճոպանուղու եւ սահուղիների կառուցման համար, 15 միլիարդ դրամի ներդրումներ էլ՝ հյուրանոցային հատվածում։ Ընդհանուր առմամբ 30 մլրդ ՀՀ դրամի ծրագիրն իրականացնելու համար Ընկերությունը ՀՀ կառավարությունից աջակցություն է ակնկալում մի շարք հարցերում, մասնավորապես՝  ճանապարհի եւ ավտոկայանատեղիի կառուցում,  կոմունիկացիաների (գազ, ջուր, հոսանք) անցկացում,  գյուղատնտեսական նշանակության հողերի տարածքում գերակա հանրային շահի ճանաչում (Ընկերությունը նշել է, թե բոլոր հողերը դեռ 90-ականներին անվճար հիմունքներով տրամադրվել են գյուղացիներին եւ ներկայումս չեն օգտագործվում), ազատ տնտեսական գոտու կարգավիճակի տրամադրում,  Զբոսաշրջային կենտրոնի սահմանում եւ պետական ֆինասավորմամբ ծրագրերում եւ գովազդներում ներառում, Խաղատան լիցենզիայի տրամադրում, 580 հա տարածքի տրամադրում` հողատարածքի նպատակային նշանակության փոփոխությունն անհրաժեշտության դեպքում ըստ հատվածների իրականացմամբ։ Մասնավորապես, Ընկերկությունը գրել է, որ, օրինակ, եթե գյուղատնտեսական նշանակության հողատարածքում իրականացվելու է հյուրանոցի կառուցում, համապատասխան փոփոխությունը կատարել միայն այդ հատվածում, եւ այսպես շարունակ։ Ընկերությունը նախատեսում է համապատասխան վճարումներն իրականացնել ծրագրով նշված հողատարածքի կամ դրա հատվածների օտարման դեպքում։  Նշված 580 հա-ին կից 1500 հա տարածքի վարձակալություն (ցանկացած պահի եւ ցանկացած հատված գնելու իրավունքով (նշված 1500 հա տարածքից այն հատվածները, որոնք կհանդիսանան ճոպանուղիների ենթակառուցվածքների եւ շինությունների տեղակայման հողամասեր, ընկերությունը դրանք ձեռք կբերի, իսկ մնացած հատվածները կօգտագործի վարձակալական հիմունքներով), Ծրագիրն իրականացնողի մասնակցությունը քաղաքաշինական փաստաթղթերի հաստատմանը։ Ծրագրի շրջանակում անտառահատումներ են նախատեսվում հետաքրքրություն ներկայացնող հատվածներում (մասնավորապես՝ սահուղու եւ ճոպանուղու համար)։ Փոխարենն ընկերությունը խոստացել է վերականգնել նոր անտառներ։ Ընկերությունը նշել է, որ քանի որ ծրագիրն ունի շարունակական բնույթ, հնարավոր չէ նախօրոք հաշվարկել անտառահատումների ծավալը: Այնուամենայնիվ, կազմակերպությունը պարտավորվում է ապահովել անտառահատման ծավալից մի քանի անգամ ավելի ծավալով անտառի տնկման ֆինանսավորում՝ անկախ վերջինիս ծավալից:  Տարածքը, որ պետք է անտառահատվի (10 հա)  Նախագծի քննարկման ընթացքում «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «Մայլեռ» ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին» նախագծի վերաբերյալ կարծիք հայտնելով՝ Արագածոտնի մարզպետարանն իր պատրաստակամությունն է հայտնել՝ իր լիազորությունների եւ իրավասությունների շրջանակներում աջակցելու նշված ներդրումային ծրագրի իրականացմանը մարզի տարածքում։ Միաժամանակ, մարզպետարանը նշել է, որ Ծրագրի նկատմամբ հստակ դիրքորոշում ձեւավորելու նպատակով անհրաժեշտ է ծրագրի ներկայացում եւ քննարկումներ կազմակերպել ինչպես մարզպետարանում, այնպես էլ այն համայնքի բնակչության հետ, որի վարչական տարածքում ենթադրվում է ծրագրի իրականացումը։ Այս առաջարկը մասամբ է ընդունվել՝ նշումով, որ նախագծի քննարկման փուլում նախատեսվում է Կառավարության կողմից հաստատել ներդրումային նախագիծը, որը ներկայացնում է հիմնական ծրագրի հայեցակարգային մոտեցումները։ Վստահեցրել են, որ հետագայում օրենքով սահմանված կարգով իրականացվելու անհրաժեշտ բոլոր քննարկումները եւ հանրային լսումները։  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նշել է, որ ներկայացված Ծրագիրը բոլորովին չի համապատասխանում ներդրումային ծրագրերին առաջադրվող պահանջներին՝ ոչ բովանդակային հագեցվածության, ոչ էլ կառուցվածքի առումով։ Ներկայացված փաստաթուղթն, ըստ նախարարության, ընդամենը արտացոլում է Ընկերության մտադրությունները եւ ցանկությունները, եւ բավականին լուրջ ակնկալիքները կառավարությունից։ Այս համատեքստում նախարարությունն առաջարկել է հիմնովին վերանայել Ծրագիրը եւ այն համապատասխանեցնել ներդրումային ծրագրերին առաջադրվող պահանջներին։ Առաջարկը մասամբ է ընդունվել՝ մեկնաբանությամբ, որ Ծրագրում ամրագրվել է ընկերության կողմից իրականացվելիք ներդրումային ծրագրի մասով անհրաժեշտ տեղեկատվությունը։ Չի բացառվել ծրագրում փոփոխություններ անելու հնարավորությունը։ ՀՀ ֆինանսների նախարարությունը, նշելով, որ Ծրագրով նախատեսվում է խաղատան լիցենզիաների տրամադրում՝ Ջերմուկ քաղաքի համար սահմանված սակագնով, կարծիք է հայտնել, որ ենթադրվում է՝ ՀՀ կառավարությունը պետք է հրաժարվի խաղային բնագավառում արդեն իսկ որդեգրած եւ շարունակաբար իրականացվող քաղաքականությունից: Այն է՝ նախ գործունեությունը պետք է իրականացնել օրենքով նախատեսված 4 վայրերում՝ Ծաղկաձոր, Ջերմուկ, Սեւան, Մեղրի համայնքների վարչական սահմաններում, ինչը նաեւ օրենսդրական շարունակական փոփոխությունների արդյունքում աստիճանաբար իրականացվելու է նաեւ շահումով խաղերի եւ վիճակախաղերի դեպքում, եւ երկրորդ մասնավորի սեփական նախընտրությամբ այլ վայրերում գործունեության գրավչությունը նվազեցնելու համար նախատեսվել է բարձր պետական տուրք եւ 40 մլրդ դրամ ներդրումների պահանջ: Ելնելով վերոշարադրյալից՝ նախարարությունը հայտնել է, որ գրությամբ ներկայացված առաջարկությունը չի համապատասխանում նշված բնագավառի քաղաքականությանը։ Ավելին, ըստ նախարարության, այն հակասում է ոլորտի քաղաքականության տրամաբանությունը, հետեւաբար նման աջակցության տրամադրումը համարում են ոչ նպատակահարմար: Խաղատան լիցենզիա, այդուհանդերձ, տրամադրվել է։  Ի դեպ՝ նախարարությունը նշել է նաեւ, որ Նախատեսվում է Ծրագրի իրականացման շրջանակներում տարածքի նկատմամբ հանրային շահի ճանաչում, սակայն պարզ չէ, թե ով է հանդիսանալու բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչվող տարածքների ձեռքբերող` Հայաստանի Հանրապետությունը, թե՞ ներդրող կազմակերպությունը: Եթե ձեռքբերողը, ըստ նախարարության, հանդիսանալու է Հայաստանի Հանրապետությունը, ապա այն պետության համար կարող է առաջացնել լրացուցիչ ֆինանսական պարտավորություն։ Պատասխան է ստացվել, որ հանրային շահ ճանաչվող տարածքների ձեռքբերող հանդիսանալու է ներդրող կազմակերպությունը (ինչի մասով վերջինիս կողմից լրացում է կատարվել ներկայացված ծրագրում), հետեւաբար պետության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորությունների առաջացման ռիսկը բացակայում է։  Գերատեսչությունների կարծիքների առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ «ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշման նախագծի քննարկումների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ մինչ տվյալ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելն անհրաժեշտ է քննարկել «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «Մայլեռ» ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի վերաբերյալ նախարարությունը վերը ներկայացված դիրքորոշումն էր հայտնել։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն այս նախագծի վերաբերյալ առարկություններ եւ առաջարկություններ չի ունեցել։  Գերատեսչությունների կարծիքների առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Բնակիչները մտահոգ են՝ զրկվելու են իրենց հողատարածքներից Եղիպատրուշ համայնքի բնակիչները գրավոր դիմել են Էկոնոմիկայի նախարարին՝ տեղեկացնելով, որ որոշումը կայացնելուց առաջ հանրային լսումներ չեն եղել, նրանք իրենց մտահոգությունն են հայտնել նաեւ, որ իրենց կամքին հակառակ եւ դեռ անհայտ գումարի դիմաց զրկվելու են իրենց հողատարածքներից ու դրանք մշակելու հնարավորությունից։ Բնակիչները նախարարին տեղեկացրել են, որ համայնքի այն բնակիչները, որոնք նշված տարածքներում ունեն սեփական հողատարածքներ, արդեն ստացել են ծանուցագրերը, որտեղ առկա է նաեւ արբանայակային նկար. դրա վրա արված նշումների համաձայն՝ հանրության գերակա շահ են ճանաչվել նաեւ այնպիսի վայրեր, որտեղ գտնվում են Եղիպատրուշ գյուղը սնուցող խմելու եւ ոռոգման ջրերի ակունքները, ինչպես նաեւ դրանց գյուղ մտնող ուղիները:  Նրանք նախարարից պահանջել են իրենց տրամադրել տեղեկություն հանրային լսումների ձեւաչափի, անցկացման ժամանակահատվածի, ինչպես նաեւ հանձնաժողովի կազմի վերաբերյալ, եթե այդպիսին եղել է: Բացի դրանից՝ կառավարության որոշման մեջ նախաձեռնել փոփոխություն, որի համաձայն հանրության գերակա շահ ճանաչված հողատարծքների ցանկից բացարձակապես կհանվեն տնամերձ հողամասերն ու այն վայրերը, որտեղ գտնվում են խմելու եւ ոռոգման ջրի ակունքները, ինչպես նաեւ դրանց՝ գյուղ մտնող ուղիները: «Պահանջում ենք հանրային գերակա շահ ճանաչված վարելահողերի վերաբերյալ կատարել որոշակի վերապահումներ՝ հաշվի առնելով, որ դրանց մի մասը բազմաթիվ տնային տնտեսությունների համար եկամտի հիմնական կամ միակ աղբյուրն է, ինչպես նաեւ վարելահողերի օտարման գների վերաբերյալ տրամադրել հստակ տեղեկատվություն, եւ դա ի վերջո համաձայնեցնել համայնքի բնակիչների հետ` սահմանելով այնպիսի գներ, որոնք կկոմպենսացնեն տնային տնտեսությունների հետագա տարիների կորուստները»,- ասված է բնակիչների դիմումի մեջ՝ նշումով, որ վերոհիշյալ պահանջները քննարկելու նպատակով անհրաժեշտ է Եղիպատրուշ գյուղում ՀՀ կառավարության ներկայացուցիչների եւ գյուղի բնակչության հետ հրատապ կերպով հանդիպում կազմակերպել: Բնակիչներն իրենց դիմումի մեջ նշել են, որ եթե նշված հարցերի շուրջ ՀՀ կառավարությունը ցուցաբերի անտարբեր վերաբերմունք, ապա համայնքի բնակչությունն իր իրավունքների պաշտպանության նպատակով կկատարի բողոքի ակցիաներ, եւ կառավարության որոշումը կբողոքարկի տարբեր ատյանների դատարաններում՝ ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:   Նախարարության անորոշ պատասխանն՝ Infocom-ին Infocom-ն այս տարվա նոյեմբերի 15-ին գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել այն մասին, թե արդյոք ՀՀ կառավարությունը համապատասխան որոշման ընդունումից առաջ Եղիպատրուշ գյուղի բնակիչների հետ հանդիպումներ եղե՞լ են, հանրային լսումներ կազմակերպվե՞լ են, նրանց կարծիքները որոշումն ընդունելուց առաջ քննարկվե՞լ են։ Ի թիվս այլնի՝ խնդրել էինք նշել, թե Եղիպատրուշ գյուղի քանի՞ բնակիչ «Հանրային գերակա շահ» ճանաչված տարածքում ունի սեփական հողատարածքներ, եւ թե «Հանրային գերակա շահ» ճանաչված հողատարածքների ո՞ր մասն է հանդիսանում վարելահող՝ մասնավորապես Եղիպատրուշ գյուղի վարչական տարածքում։ Նախարարությունը մեր հարցմանը պատասխանեց օրենքով սահմանված ժամկետների խախտումով՝ դեկտեմբերի 6-ին։ Հարցման պատասխանում նախարարությունը վստահեցրել է, որ մինչ որոշման ընդունումը՝ եղել են բազմաթիվ քնարկումներ շահագրգիռ մարմինների, այդ թվում' Ապարան համայնքի ներկայացուցիչների հետ, սակայն չի նշել, թե որ ներկայացուցիչների մասին է խոսքը․ «Միաժամանակ, ներդրող ընկերության կողմից իրականացվել են մի շարք հանդիպումներ Եղիպատրուշ գյուղի բնակիչների հետ: Որոշման ընդունումից հետո կազմակերպվել է առաջին հանրային լսումը սույն թվականի նոյեմբեր ամսին»,- գրել են նախարարությունից: Թե Եղիպատրուշ գյուղի քանի բնակիչ «Հանրային գերակա շահ» ճանաչված տարածքում ունի սեփական հողատարածքներ, եւ թե հողատարածքների ո՞ր մասն է հանդիսանում վարելահող, նախարարույթունից ըստ էության չեն պատասխանել՝ նշելով միայն, որ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ցանկը եւ սխեման, որոնց նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ, հաստատված են հիշատակված որոշմամբ։ Գերատեսչությունից հավելել են նաեւ, որ այդ որոշման հավելված 1-ով հաստատվել են համայնքի վարչական սահմաններում գտնվող այն հողամասերի ցանկը եւ կադաստրային ծածկագրերը, որոնց նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ: Այդ հողամասերի ծածկագրերն, ի դեպ, 745-ն են։ Առավել մանրամասն տեղեության ստացման նպատակով նախարարությունն առաջարկել է դիմել Կադաստրի կոմիտեին եւ/կամ ներդրող ընկերությանը: Ինչ վերաբերում է գներին, որոնցով օտարվելու են «Հանրային գերակա շահ» ճանաչված հողատարածքները, վարելահողերը, նախարարությունից այսպես են պատասխանել․  «Որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված հողատարածքները օտարվելու են օրենսդրությամբ սահմանված դրույթներով: ՀՀ հողային օրենսգրքի 104-րդ հոդվածի 1- ին մասի համաձայն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով հողամասի սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով՝ միայն նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ:  Մասնավորապես, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում:  Նույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն՝ օտարվող սեփականության շուկայական արժեքը բաց եւ մրցակցային շուկայում սեփականություն հանդիսացող գույքի վաճառողի եւ գնորդի գիտակցաբար, արդարացի առեւտրի պայմանների պահպանմամբ եւ օրինական գործողությունների արդյունքում ձեւավորվող, գույքի վաճառքի առավել հավանական գինն է: Եթե օտարվող սեփականության համար առկա չէ համապատասխան բաց եւ մրցակցային շուկա, ապա սեփականության շուկայական արժեքը որոշվում է այնպիսի հաշվարկման մեթոդով, որն արդարացի կհամարի դատարանը:  Անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Հետեւաբար, որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքներն օտարվելու են վերը նշված գնահատման գործընթացի արդյունքում ձեւավորված գնով»,- ասված է մեր հարցման պատասխանում: Ի հավելումն՝ նախարարությունից վստահեցրել են, որ Եղիպատրուշ գյուղի այն բնակիչները, որոնք նշված տարածքում ունեն սեփականություն հանդիսացող հողատարածք, օրենդրության համաձայն ստանալու են համարժեք փոխհատուցում՝ համաձայն հիշատակված՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի․ այդ հոդվածը սահմանում է նաեւ, որ համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը:   Էկոնոմիկայի նախարարությունը ավելի քան մեկ ամիս հետո է պատասխանել բնակիչների դիմումին Էկոնոմիկայի նախարարությունից բնակիչների դիմումին արձագանքել են ավելի քան մեկ ամիս անց, ընդ որում՝ միայն մեր հարցադրումներից հետո։ Ի պատասխան եղիպատրուշցիների գրության՝ նախարարությունից մեկնաբանել են, որ կառավարության որոշմամբ հավանություն ստացած՝ «Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ՝ ա. ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա մարզի նկատմամբ գրավչությունը, կբարելավվի զբոսաշրջությունը, ինչը բնականաբար կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի եւ ամբողջ Հանրապետության համար, բ. ծրագրի իրականացումը կունենա նաեւ բնապահպանական, առողջության, սպորտի, մշակույթի զարգացման նշանակություն։ Նախարարությունից շեշտել են, որ ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց հիշատակված անշարժ գույքի միավորների օտարման: Նախարարությունից բնակիչներին էլ են հայտնել, որ Որոշման նախագիծը բազմիցս քննարկվել է շահագրգիռ մարմինների, այդ թվում՝ Արագածոտնի մարզպետարանի հետ: Գերատեսչությունն իր պատասխանում նշել է, որ որոշման նախագծին հավանություն տալու հանձնաժողովի մասով տեղեկատվություն առկա չէ:  «Բացի դրանից՝ ըստ ներդրող «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության տրամադրած տեղեկատվության՝ մինչ որոշման ընդունումը եղել են բազմաթիվ հանդիպում-քննարկումներ Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Եղիպատրուշ վարչական բնակավայրի բնակիչների հետ, որոնց ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց կարծիքները, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ դրական տրամադրվածությունը Ընկերության կողմից իրականացվելիք ներդրումային ծրագրի մասով՝ հաշվի առնելով, որ ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա մարզի նկատմամբ գրավչությունը, կբարելավվի զբոսաշրջությունը, ինչը բնականաբար կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի եւ ամբողջ հանրապետության համար»,- գրել են նախարարությունից: Այսինքն՝ նախարարությունը միայն ՓԲԸ-ի տրամադրած տեղեկության վրա հիմնվելով է արձանագրել, որ բնակիչների հետ հանդիպումներ են եղել, իսկ ահա բնակիչներն իրենց դիմումի մեջ հակառակն են պնդել։ Պատմելով, թե ինչ է նախատեսվում ներդրումային ծրագրով, քանի աշխատատեղ է խոստացվել, որքան ներդրում է արվելու՝ նախարարությունը գրել է, թե որոշման ընդունման արդյունքում հիշյալ համայնքում բնակչության զբաղվածության մակարդակը ոչ միայն կտրուկ անկում չի ապրել եւ որեւէ ընտանիք չի զրկվել իր հողատարածք/ների ամբողջ մասից, այլեւ նախատեսվում է, որ առաջիկայում Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն մարզի եւ տվյալ բնակավայրի սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Ի դեպ, նախարարությունը, դարձյալ հղում անելով միայն Ընկերությունից ստացած տեղեկությանը, բնակիչների դիմումին ի պատասխան նշել է, թե որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքներում խմելու եւ ոռոգման ջրի ակունքներ առկա չեն: Ինչ վերաբերում է հողատարածները կորցնելու դեպքում ենթադրվող փոխհատուցման վերաբերյալ բնակիչների հարցադրումներին՝ նախարարությունը դիմումի պատասխանում հիշատակել է այն օրենսդրական կարգավորումները, որոնք նշել էր նաեւ մեր հարցման պատասխանում․ «ՀՀ Եղիպատրուշ գյուղի այն բնակիչները, որոնք նշված տարածքում ունեն սեփականություն հանդիսացող հողատարածք, օրենսդրության համաձայն ստանալու են համարժեք փոխհատուցում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարի չափով: Միաժամանակ, ըստ Ընկերությունից ստացված տեղեկատվության՝ որոշակի դեպքերում հողի օգտագործման տեսանկյունից կկատարվեն վերապահումներ՝ համաձայներված համայնքի բնակիչների հետ»,- գրել են նախարարությունից՝ պատրաստակամություն հայտնելով իրենց լիազորությունների շրջանակում հանդիպելու եւ աջակցելու Եղիպատրուշ վարչական բնակավայրի բնակիչներին: Վերջիններս, սակայն, նշում են, որ գուցե այդ փոխհատուցումները համարժեք են կառավարության եւ Ընկերության համար, բայց աղետալի են իրենց համար։ Բնակիչներին նախարարությունից տեղեկացրել են նաեւ, որ հաջորդ հանրային լսումը նախատեսված է իրականացնել եկող տարվա ընթացքում:   Բնակիչներն առարկություններով գրություն են ուղարկել ՄԻՊ գրասենյակ Նշենք, որ ՄԻՊ գրասենյակ կատարած մեր զանգից հետո միայն Եղիպատրուշի բնակիչներին Պաշտպանի աշխատակազմից տեղեկացրել են, որ իրենք գյուղացիների դիմումի վերաբերյալ նախարարությունից նույնաբովանդակ պատասխան են ստացել։ Գրասենյակից բնակիչներին առաջարկել են իրենց առարկությունները ներկայացնել, եթե այդպիսիք կան։ Առարկությունները ներկայացվել են։ ՄԻՊ ուղարկած իրենց գրության մեջ բնակիչներն առանձնացրել են Ընկերության ծրագրի այն կետերը, որոնք, իրենց պնդմամբ, կեղծիք են պարունակում։ Ընկերությունը նշել էր, որ տարածքի նկատմամբ գերակա հանրային շահ է ճանաչվում միայն գյուղատնտեսական նշանակության հողերի հատվածում, պնդումով, որ բոլոր հողերը դեռ 90-ականներին անվճար հիմունքներով տրամադրվել են գյուղացիներին եւ ներկայումս չեն օգտագործվում:  Բնակիչներն այս պնդումը կեղծիք են համարում՝ նշելով, որ ՀՀ Կառավարության 07.10.2021թ. թիվ 1661-Ա որոշմամբ գերակա շահ են ճանաչվում ոչ միայն գյուղատնտեսական նշանակության հողամասեր, այլեւ առնվազն 115 տնամերձ հողամասեր, որոնք ոչ միայն գյուղատնտեսական նշանակության հողամասեր չեն, այլեւ հանդիսանում են բնակավայրերի հողեր: Եղիպատրուշցիները բացահայտ սուտ են համարում նաեւ այն պնդումը, թե այդ հողերը ներկայում չեն օգտագործվում։ Նրանք իրենց առարկության մեջ նշել են, որ այդ հատվածում գտնվող, 90-ական թվականներին սեփականաշնորհված, սեփականության իրավունքով իրենց պատկանող, ինչպես նաեւ իրենց կողմից վարձակալված համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերում տարիներ շարունակ ցանել են տարբեր հացահատիկային եւ կերային մշակաբույսեր ու հիմնականում լավ բերք են ստացել, վատագույն դեպքում, երբ որոշ տնտեսություններ ինչ-որ մի տարի կամ տարիներ ոչինչ չեն ցանել, այնուամենայնիվ այդ տարածքներից հնձել են խոտ, իսկ հնձելը եւ որոշակի քանակությամբ անասնակեր հայթաթելը, նրանց խոսքով, նույնպես նշանակում է մշակել: Բնակիչները շեշտել են, որ գերակա շահ ճանաչված այդ հողամասերն իրենց վարչական տարածքի ամենաբերքատու հողատարածքներն են: Նրանք վստահեցնում են, գերակա շահի մեջ հայտնված տնամերձ հողամասերը 90-ականներին չեն տրվել գյուղացիներին, դրանք' որպես տնամերձ հողամասեր, իրենց սեփականությունն են հանդիսացել դեռեւս խորհրդային տարիներից: Ընկերության ներկայացրած նախագծում նշված էր նաեւ, որ 1500 հա տարածքից այն հատվածները, որոնք կհանդիսանան ճոպանուղիների ենթակառուցվածքների եւ շինությունների տեղակայման հողամասեր, ընկերությունը դրանք ձեռք կբերի, իսկ մնացած հատվածները կօգտագործի վարձակալական հիմունքներով: Այս դրույթը բնակիչների համար անհասկանալի է։ Նրանք իրենց գրության մեջ մեկնաբանել են, որ 1500 հա մակերեսով տարածքի մեջ են մտնում իրենց վարչական տարածքի արոտավայրերի ծանրակշիռ մասը, անտառներն ամբողջությամբ, խմելու եւ ոռոգման ջրերի ակունքները ամբողջությամբ, ինչպես նաեւ դրանց գյուղ մտնող ուղիները գրեթե ամբողջությամբ, նշված տարածքի մեջ են մտնում նաեւ մոտ 100 հա ընդհանուր մակերեսով, սեփականության իրավունքով իրենց պատկանող գյուղատնեսական նշանակության հողամասեր: Նրանք հարցեր են բարձրացնում՝ Ծրագիրն իրականացնողներն օգտագործելո՞ւ են իրենց ջրային ռեսուրսները, թե՞ ոչ, իրենց հողամասերը պարտադրված վաճառելո՞ւ են, թե՞ ոչ, պարտադրված վարձակալությամբ տալո՞ւ են, թե՞ ոչ, իրենց արոտավայրերը օգտագործել կարողանալո՞ւ են, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է ջրային ավազաններին՝ բնակիչները ենթադրում են, որ նշված տարածքներում սեփականատեր կամ վարձակալ դարձած ընկերությունը կամ ընկերությունները իրենց գործունեության ընթացքում հնարավոր է կուտակիչ ավազաններ կառուցեն եւ ջուրն օգտագործեն իրենց կարիքների համար' ջրազրկելով մի ամբողջ բնակավայր, որն աղետալի հետեւանքներ կունենա Եղիպատրուշ գյուղի համար: Ի դեպ, Եղիպատրուշ բնակավայրի ղեկավար Մարզպետ Գրիգորյանն Infocom-ի հետ զրույցից հետո չհամաձայնեց հրապարակել իր պատասխանները՝ առաջարկելով դիմել այլ մարմինների։   Ընկերության նախաձեռնություններից մեկը մի անգամ արդեն ձախողվել է Ինչպես նշեցինք, ներդրումային ծրագիրը «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությունն է ներկայացրել։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենը Մհեր Բաղդասարյանն է։ Այս ներդրումային ծրագիրը, սակայն, «Մայլեռ Մաունթայն Ռեզորթի» համար առաջինը չէ։ Դեռեւս 2018-ին այս ընկերությունը կոչվում էր «Մայմեխ սկի ռեզորթ», այն նախատեսում էր Լոռու մարզում՝ Մայմեխ լեռան լանջին, լեռնադահուկային համալիր ստեղծել։ Այդ ժամանակ, ինչպես եւ այս անգամ, Ընկերությունը հայտարարում էր, որ Մայմեխի ծրագիրը նախադեպը չունի Հայաստանում։  2018 թվականի մարտի 6-ին գործադիրը «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ին թույլատրել էր 584 հեկտար մակերեսով տարածքում օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրություն անել` չափագրումներ, նկարահանումներ կատարել ու կազմել օտարման ենթակա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները: 2019թ․ հոկտեմբերի 10-ին՝ մեկուկես տարի անց, կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց վերոնշյալ որոշումը։ Բանն այն է, որ հողերի նախնական ուսումնասիրության ընթացքում պարզվել էր, որ օտարման ենթակա հողերի վրա գործում են հասարակության եւ պետության կարիքների համար նախատեսված սեփականութուններ, որոնց օտարումն օրենքով սահմանափակված է։ Ի դեպ, Անտառաշեն գյուղի բնակիչներից շատերը դեմ էին այդ ծրագրի իրականացմանը, քանի որ լեռնադահուկային սահուղին անցնելու էր համայնքի վարչական տարածքով, մարդկանց տների ու արոտավայրերի տեղով: Ի վերջո, Մայմեխի լանջին լեռնադահուկային համալիրի կառուցման ծրագիրը չիրականացավ։  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2017-ի դեկտեմբերի վերջին։ Հետք-ի մեր գործընկերներն այս տարվա մայիսին գրել էին, որ «Մայմեխ սկի ռեզորթ» ընկերության կանոնադրությունից պարզ է դառնում, որ ՓԲԸ-ի հիմնադիրը «Միկշին» ՍՊԸ-ն է, որի սեփականտերը Տիգրան Հարությունյանն է՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Վահան Հարությունյանի եղբայրն է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ Հարությունյանի որդին։   Եղիպատրուշցի Սամվելը վստահեցնում է՝ կգնա մինչեւ Եվրոդատարան Եղիպատրուշ համայնքի բնակիչ Սամվել Մաթեւոսյանն Infocom-ի հետ զրույցում պատմեց՝ իրենք են հանդիպումներ պահանջել, Ընկերությունը կամ նախարարությունն իրենց կամքով ոչ մի անգամ չեն հանդիպել բնակիչներին։ Մաթեւոսյանի խոսքով՝ միայն մի անգամ են Ընկերության ներկայացուցիչները լսել բնակիչներին, այն էլ միայն իրենց հարմար ժամանակ․ «Մոտ մի քսան օր իրենց էդ հանդիպումը չարեցին, մինչեւ հարմարացրեցին իրենց, ուրիշ հանդիպում չի եղել։ Մի անգամ են եկել՝ մեր՝ գյուղացիների պահանջով»։ Մաթեւոսյանի խոսքով՝ տեղացիները ծրագրին դեմ չեն, իրենց մտահոգությունն իրեն հողերի վերաբերյալ է․ «Մեր սեփականություն հանդիսացող հողերը, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, գերակա շահ են ճանաչել։ Էդտեղ մարդկանց տնամերձ հողամասերն են, անմիջապես տներին կպած, որոնով գյուղացին ապրում է։ Թե չէ դեմ չենք ծրագրին, ուղղակի մեզ ճիշտ չի հասկանում էս պետությունը, կառավարությունը»,- նշեց մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ իրականությանը չի համապատասխանում Ընկերության այն պնդումը, թե այդ հողերը տարիներով չեն օգտագործում։ Տեղացիներն Ընկերության ներկայացուցիչներին առաջարկել են գնալ ու իրենց աչքով տեսնել, որ այդ հողերը մշակվում են, սակայն առաջարկին չեն անսացել․ «Իմ տան հետեւը մենակ 35 ծառ կա, մեզ սնող էդ մի կտոր հողն է, դրանով է գյուղացին ապրում»։ Եղիպատրուշի բնակչի խոսքով՝ այդ ամբողջ հատվածում ոռոգման ցանց է քաշած, մոտ 800 հա։ «Ապարանի ջրամբարից ցանցը պատրաստ է, օգտագործվում է, մարդկանց սեփականությունից զրկեն, վրան բան կառուցե՞ն։ Խմելու ջրի, ոռոգման ջրի ակունքների հատվածն ընկնում է էդ գերակա շահ ճանաչված հատվածում։ Եթե ջուրը չկարողանան կտրեն, էսօր գյուղացուն հացից են կտրում»,- մտահոգություն հայտնեց մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ կառավարություն են գնացել՝ հանդիպելու վարչապետի հետ ու քննարկելու հարցը, սակայն իրենց հայտնել են, որ վարչապետն ընդունելություն չունի։ Մաթեւոսյանի խոսքով՝ ՄԻՊ գրասենյակից նույնպես պատասխան չեն ստացել, թեպետ Պաշտպանին նույնպես գրավոր դիմում են ներկայացրել։ «Ես մինչեւ վերջ գնալու եմ։ Անձամբ ես Վարչական դատարան եմ դիմել։ Մինչեւ Եվրոպական դատարան գնալու եմ։ Ես ասել եմ՝ հող չեմ զիջի»,- եզրափակեց Եղիպատրուշի բնակիչ Սամվել Մաթեւոսյանը։ Այսպիսով, ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ներդրումային մի ծրագիր, որի վերաբերյալ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը որոշակի վերապահումներ ու նկատառումներ է ունեցել՝ նշելով, որ Ծրագիրը բոլորովին չի համապատասխանում ներդրումային ծրագրերին առաջադրվող պահանջներին՝ ոչ բովանդակային հագեցվածության, ոչ էլ կառուցվածքի առումով։ Բացի դրանից՝ կառավարության որոշման հիմքում դրվել են բացառապես կազմակերպության տրամադրած տեղեկությունները։ Եւ չնայած կառավարությունը նախագծի քննարկման ընթացքում խոստացել էր հանրային լսումներ ու քննարկումներ կամակերպել, Եղիպատրուշի բնակիչները պնդում են, որ այդպիսիք չեն եղել, այլ միայն մեկ հանդիպում է եղել Ընկերության որոշ ներկայացուցիչների հետ, որին գյուղապետն անգամ չի մասնակցել։  Հայարփի Բաղդասարյան
13:31 - 13 հունվարի, 2022
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:17 - 03 հունվարի, 2022
Վարչական դատարանը մերժել է Թալին համայնքի ավագանու երեք խմբակցությունների հայցը

Վարչական դատարանը մերժել է Թալին համայնքի ավագանու երեք խմբակցությունների հայցը

ՀՀ վարչական դատարանը՝ 5 դատավորի կազմով, այսօր՝ 26.12.2021թ. մերժել է Թալին համայնքի ավագանու երեք խմբակցությունների անդամների հայցը: Այս մասին տեղեկանում ենք «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ֆեյսբուքյան էջից։ «Վարչական դատարանը գտել է, որ խմբակցությունները համարվում են ստեղծված օրենքի ուժով և միայն այդ մոտեցմամբ անտեսել է իր իսկ կողմից հաստատված այն փաստը, որ Տավրոս Սափեյանի թեկնածությունն առաջադրել է ավագանու անդամ Սերգե Մկրտչյանը: Նույնիսկ խմբակցությունն օրենքի ուժով ստեղծված համարելու պարագայում, միևնույն է ավագանու անդամների խմբի՝ խմբակցության, կամքի արտահայտությունը պետք է դրսևորվեր որոշակի ձևով: Առնվազն պետք է լիներ խմբակցության գրավոր որոշումը: Վարչական դատարանն այս հարցին չի անդրադարձել: Ստեղծված իրավիճակում, մանդատների մեծամասնություն չունեցող համայնքում, իշխանությունը, ի հակասումն Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված այն մոտեցման, որ մեծամասնություն չունեցող անձը չի կարող համայնքի ղեկավար լինել,  փորձում է համայնքի ղեկավարին «նշանակել» Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից: Այս պայմաններում, Թալին համայնքում հետագա բոլոր բացասական զարգացումների պատասխանատուն իշխանությունն է, ի դեմս Քաղաքացիական պայմանագիր կուսակցության:  Հիշեցման կարգով տեղեկացնում ենք, որ՝ • Հայք խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարել են օրենքի ուժով՝ հրաժարական ներկայացնելու փաստով (հիմք «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մաս). • Տարածքային ընտրական հանձնաժողովը պարտավոր է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 71-րդ հոդվածի համաձայն, 7 օրվա ընթացքում փոխարինել Կարեն Գրիգորյանի մանդատը. • Տավրոս Սափեյանը չի ստանձնել Թալին համայնքի ղեկավարի լիազորությունները, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 74-րդ հոդվածի համաձայն ընտրվելուց հետո երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում, չի երդվել. • «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ավագանու նիստը հրավիրելու լիազորություն ունի միայն համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը, մինչդեռ Տավրոս Սափեյանը համայնքի ղեկավարի լիազորություն չի ստանձնել. • Թալին համայնքի ավագանու Զարթոնք, Հայք և Մեր համայնքը խմբակցության անդամներն օրենքով չնախատեսված անձի կողմից նիստի հրավերի դեպքում, իրավունք ունեն չմասնակցել նիստին. • Թալին համայնքի ավագանու իրավասությունների մեջ է մտնում նաև՝  համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելը, օրենքով սահմանված դեպքերում տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելը»,- նշված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ Թալին համայնքի ավագանու երեք խմբակցությունները՝ «Զարթոնք»-ը, «Հայք»-ը և «Մեր համայնքը», դիմել էին դատարան` վիճարկելու քաղաքապետի ընտրության օրինականությունը: 
20:03 - 26 դեկտեմբերի, 2021
Մարզերում երիտասարդների կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը․ շուրջ 107 մլն դրամ է ծախսվել

Մարզերում երիտասարդների կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը․ շուրջ 107 մլն դրամ է ծախսվել

Այս տարվա ապրիլին ՀՀ կառավարությունը հաստատել էր ՀՀ մարզերում մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովմանը, սոցիալական ձեռներեցության կարողությունների զարգացմանը, ինքնազարգացման հնարավորությունների ընդլայնմանը, կրթական, մշակութային, տեղեկատվական իրադարձությունների իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որի հիմնական շահառուները երիտասարդներն են: Այդ ծրագրերը չէին իրականացվել համավարակի ու պատերազմի պատճառով։ Դրանց կյանքի կոչման համար կառավարությունը շուրջ 110 մլն դրամ է հատկացրել։ Infocom-ը նախարարությունից հետաքրքրվել է, թե ծրագրերը տարվա ավարտին ինչ փուլում են եւ ինչ առաջընթաց են գրանցել։ Ծրագրերից առաջինով նախատեսվել էր, որ Վանաձորում՝ Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկում, կբացվի եւ կգործի երիտասարդների ինքնազարգացման, մշակութային-ժամանցային, նորարարական LOFT կենտրոն: Նախանշվել էր, որ բազմաֆունկցիոնալ կենտրոնը պետք է ունենա տեխնիկական, տեխնոլոգիական եւ բովանդակային հագեցվածություն, որը մարզի երիտասարդության համար կապահովի ոչ ֆորմալ կրթության եւ մշակութաժամանցային միջավայր: ԿԳՄՍ նախարարությունից Infocom-ին հայտնել են, որ այս նախագծի իրականացման համար «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի եւ երիտասարդության զարգացման համահայկական ՀԿ-ին տրամադրվել է 58 մլն 579 հազար դրամ: Ներկայումս, նախարարության վստահեցմամբ, իրականացվում են կենտրոնի հիմնանորոգման եւ կահավորման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված է 2022 թ.-ի գարնանը: Երկրորդ ծրագրով նախատեսվում էր, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում կհիմնվի «Բյուրական մշակութային լաբորատորիան», որը ստեղծարար միջավայրում այլընտրանքային կրթական ծրագրերի, ուսուցման դասընթացների, համաժողովների, հանդիպումների եւ սեմինար-քննարկումների հնարավորություն կապահովի Արագածոտնի մարզի շուրջ 3000 երիտասարդների համար: Այս նախագծի իրականացման նպատակով «Բյուրական արվեստի ակադեմիա» ՀԿ-ին տրամադրվել է 31 մլն 634.4 հազար դրամ: Լաբորատորիայի ստեղծման աշխատանքներն ավարտված են: Ծրագրի շրջանակում, ընդհանուր առմամբ, կազմակերպվել է 93 հանդիպում-դասընթաց Բյուրականի եւ հարակից համայնքների մոտ 3059 երիտասարդ-շահառուի մասնակցությամբ:  Նախարարությունից հայտնել են, որ ուսումնասիրվել են ձեռներեցություն, մենթորություն եւ քոուչինք, ստեղծարար մտածողություն, առաջնորդություն, հաղորդակցություն, մարզային զբոսաշրջության զարգացում եւ այլ հմտություններ: Հաշվի առնելով, որ լաբորատորիան բացօթյա է, աշխատանքները կշարունակվեն գարնանը: Երրորդ ծրագրով նախատեսվում էր, որ Գյումրիում «ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոնը հայ եւ օտարերկրացի արվեստագետների մասնակցությամբ պետք է իրականացներ շուրջ 24 մշակութային միջոցառում՝ նպաստելով հայ եւ օտարերկրացի արվեստագետների երկխոսությանը: Պետք է ստեղծվեր համապատասխան միջավայր եւ տարածք, այլ կերպ ասած՝ արվեստանոց՝ ազատ ստեղծագործող արվեստագետների միջեւ երկխոսության, համատեղ գաղափարների մշակման եւ մշակութային արժեքների ստեղծման համար: ԿԳՄՍ նախարարությունից, սակայն, Infocom-ին տեղեկացրել են, որ այս նախագծի իրականացումը չեղարկվել է․ ««ԳՈՒՐԲԱՆ» փառատոն-նախագծի իրականացման համար նախատեսվել է «ԳՈՒՐԲԱՆ» սոցիալ-մշակութային ՀԿ-ին տրամադրել 4 մլն 792 հազար դրամ: Նախագծում առկա բովանդակային փոփոխությունների կարգավորման ընթացքում տարածքով պայմանավորված խնդիրներ են առաջացել կենտրոնի ստեղծման գործում, որի պատճառով նախագծի իրականացումը չեղարկվել է»,- հայտնել են գերատեսչությունից: Չորրորդ ծրագրով «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունն Էջմիածնում պետք է իրականացներ «Հզորացի՛ր, հզորացրու՛» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում էր «Ֆրիլանս» հարթակի ստեղծում, սոցիալական ձեռնարկատիրության, վաճառքի իրականացման, մարքեթինգի, գովազդի, անձնային աճի զարգացմանը միտված 40 երիտասարդների վերապատրաստում: Նախարարությունից ստացած պատասխանի համաձայն՝ «Հզորացիր, հզորացրու» նախագծի իրականացման համար տրամադրվել է 6 մլն դրամ: Նախագծում առկա բովանդակային փոփոխումյունների կարգավորման արդյունքում ներկայումս 16-30 տարեկան 27 երիտասարդ մասնակցում է մարքեթինգի, վաճառքի, անձի բրենդավորման, սոցիալական ձեռներեցության, հայ մշակույթի դասընթացներին, բացվել են առցանց հարթակներ, որտեղ ներգրավել են ծրագրի շահառուները: Նշված նախագիծը, նախարարության փոխանցմամբ, դեռեւս իրականացման փուլում է: Հինգերորդ ծրագրով «Լյուպին» երիտասարդական ՀԿ-ն Արագածոտնի մարզի Թալին համայնքում պետք է իրականացներ «Ստեղծարար համայնք» նախագիծը, որի շրջանակում մարզային երիտասարդության համար պետք է կազմակերպվեին դասընթացներ: «Ստեղծարար համայնք» նախագծի իրականացման համար «ԼՅՈՒՊԻՆ» երիտասարդական ՀԿ-ին տրամադրվել է 4 մլն 400.3 հազար դրամ: Ըստ նախարարության տրամադրած տեղեկության՝ Թալինի եւ հարակից համայնքներից հավաքագրվել է 36 երիտասարդ, իրականացվել են Երիտասարդական ակումբի մասնակիցների կարողությունների զարգացման դասընթացներ՝ նյութական եւ ոչ նյութական մշակութային արժեքների քարտեզագրման, նյութական բազայի ստեղծման եւ վերամշակման, պատմամշակութային կոթողների մաքրման եւ պահպանման աշխատանքներ՝ համայնքային եւ մարզային ոչ ֆորմալ կամավոր խմբերի ներգրավմամբ կատարելով ինֆորմացիոն տեսահոլովակների նկարահանում, երկու պատմամշակութային կոթողների թվայնացում եւ 3 В մոդելավորում: Վեցերորդ ծրագրով նախատեսվում էր Մասիսի Երիտասարդական կենտրոնում իրականացնել «Youth Lab» նախագիծը, որի նպատակը տարեկան շուրջ 300 երեխայի ՏՏ ոլորտի ոչ ֆորմալ կրթության ապահովումն է:  Մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ այս նախագծի իրականացման համար Մասիսի զարգացման հիմնադրամին տրամադրվել է 6 մլն 408 հազար դրամ: Մասիսի հիմնական եւ ավագ դպրոցներից ծրագրին մասնակցել է 42 դիմորդ: «Ծրագրավորման հիմունքներ» կուրսի ընթացքում նրանք սովորել են ընդհանուր համակարգչային գիտելիքներ, ուսումնասիրել HTML, CSS եւ JavaScript ծրագրավորման լեզուներ, որոնք հնարավորություն են տալու նրանց պատրաստել վեբ կայքեր: Այսպիսով, այս տարվա ապրիլին հայտարարվել էր, որ ՀՀ մարզերում երիտասարդների կյանքի բարելավմանն ուղղված վեց ծրագրեր կիրականացվեն։ Ծրագրերի մեծ մասն, ըստ էության, իրականացվել են, միայն մեկը՝ Գյումրիում «ԳՈՒՐԲԱՆ» փառատոն-նախագիծը, չեղարկվել է՝ նախագծում առկա բովանդակային փոփոխությունների կարգավորման ընթացքում տարածքով պայմանավորված խնդիրներ առաջանալու պատճառով։ Իսկ ահա Վանաձորում եկող տարվա գարնանը, նախարարության վստահեցմամբ, կավարտվեն «ԼՈՖԹ» կենտրոնի հիմնանորոգման եւ կահավորման աշխատանքները։ Հինգ ծրագրերի իրականացման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 107 մլն 21 հազ․ դրամ։ Լուսանկարը՝ pexels.com հարթակից Հայարփի Բաղդասարյան
14:38 - 24 դեկտեմբերի, 2021
Թալին համայնքի ավագանու երեք խմբակցությունները դիմում են դատարան

Թալին համայնքի ավագանու երեք խմբակցությունները դիմում են դատարան

Թալին համայնքի ավագանու երեք խմբակցությունները կդիմեն դատարան`վիճարկելու քաղաքապետի ընտրության օրինականությունը: Այս մասին ասվում է 3 խմբակցությունների տարածած հայտարարությունում: «Թալին համայնքի «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» խմբակցությունները տեղեկացնում են հետևյալը. 1. 2021թ. դեկտեմբերի 17-ին ժամը 12:00-ին հրավիրվել էր Թալին համայնքի նորընտիր ավագանու նիստը, որի ժամանակ պետք է ընտրվեր համայնքի ղեկավարը: 2. Նիստի ժամանակ ոստիկանական ուժերը շրջափակել են Թալինի համայնքապետարանի շենքը: 3. Նորընտիր նիստի ժամանակ Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը ներկայացրել են համանուն խմբակցություններ ստեղծելու մասին տեղեկություններ, այդ թվում՝ գրություններ, խմբակցության նիստի արձանագրություններ և խմբակցության կանոնադրություններ: 4. Նորընտիր նիստի ժամանակ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով ընտրված անդամները չեն ձևավորել խմբակցություն և այդ հանգամանքն ըստ էության պատճառաբանել են, որ այս փուլում դա պարտադիր չէ: 5. Հայք խմբակցության անունից առաջադրվել է ցուցակի առաջին համարը՝ Կարեն Գրիգորյանը, որը հրաժարվել է առաջադրումից, որից հետո խմբակցությունն առաջադրել է ցուցակում գտնվող Դավիթ Մանուկյանին: 6. ՔՊ ավագանու անդամի կողմից առաջադրվել է Տավրոս Սափեյանի թեկնածությունը: 7. Բաց քվեարկության արդյունքներով՝ Հայք խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Մանուկյանը ստացել է 10 ձայն, իսկ ՔՊ ավագանու անդամի կողմից առաջադրված Տավրոս Սափեյանը՝ 11 ձայն: 8. Հայք խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Մանուկյանը չի ստացել «դեմ» ձայներ, Դավիթ Մանուկյանը ստացել է 47,7 տոկոս ձայներ: 9. Տավրոս Սափեյանի օգտին քվեարկել է Հայք խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանը, որն ի հակասումն իր իսկ ստորագրած փաստաթղթի և իր տղամարդկային խոսքի չի պաշտպանել իր խմբակցության անդամին: Այս փաստերի վերլուծությամբ պարզ է դառնում, որ ՔՊ անդամ Տավրոս Սափեյանը չէր կարող ընտրվել համայնքի ղեկավար, քանի որ չի առաջադրվել խմբակցության կողմից: ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ եթե նա հրաժարվում է, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու: ՀՀ ընտրական օրենսգրքով կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով առկա չէ որևէ նորմ, որն իրավունք վերապահի համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու անդամին առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու: Միակ հնարավորությունը նախատեսված է վերոհիշյալ ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2-րդ հոդվածի 4-րդ մասով: Ընդ որում, օրենսդիրն այս նորմում օգտագործել է «կարող է» եզրույթը, քանի որ խմբակցությունը կարող է նաև չառաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու: Հետևաբար, Թալին համայնքի ղեկավար է «ընտրվել» խմբակցության կողմից չառաջադրված անձը, ինչն օրենքի կոպիտ խախտում է: ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի համաձայն 8-րդ մասի համաձայն՝ եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:   Օրենքի այս դրույթի փաստակազմն առկա է, քանի որ՝   • ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի 4-րդ մասին համապատասխան առաջադրվել է մեկ թեկնածու (Տավրոս Սափեյանը չի առաջադրվել խմբակցության կողմից). • Հայք խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Մանուկյանը ստացել է 47,7 տոկոս ձայներ. • Հայք խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Մանուկյանը չի ստացել «դեմ» ձայներ:   Այս պայմաններում խմբակցությունները գտնում են, որ համայնքի ղեկավար պետք է ընտրված համարվեր Դավիթ Մանուկյանը: Խմբակցությունների ներքստորագրյալ անդամները դիմելու են դատարան և հավատարիմ մնալով 07.12.2021թ. միմյանց միջև ձեռք բերված պայմանավորվածություններին իրենց համատեղ ուժերը կենտրոնացնելու են Թալին համայնքը զարգացնելու, օրինականությունը վերականգնելու, դավաճանությունը և պառակտումը վերացնելու համար: Խմբակցությունները կոչ են անում Տավրոս Սափեյանին հանդես չգալ Թալին համայնքի ղեկավարի անունից: Խմբակցությունները չեն մասնակցելու չընտրված անձի երդման արարողությանը: «Զարթոնք» խմբակցություն Մնացական Անդրանիկի Մնացականյան Վորոշ Վորոշի Խաչատրյան Անահիտ Լյովայի Ղազարյան Համբարձում Խաչիկի Համբարձումյան Արմեն Ռազմիկի Գրիգորյան Թամարա Հրաչիկի Գևորգյան «Մեր համայնքը» խմբակցություն Արտակ Հովսեփի Սարուխանյան Լուսինե Ժիրայրի Գալստյան «Հայք» խմբակցություն Գայանե Սամվելի Գրիգորյան Դավիթ Խաչատուրի Մանուկյան»,-ասվում է հայտարարությունում:
10:48 - 20 դեկտեմբերի, 2021
Ընդդիմությունը Թալինում կոալիցիա է կազմում՝ չնայած նրան, որ համայնքում ձայների մեծամասնությունը ստացել է ՔՊ-ն

Ընդդիմությունը Թալինում կոալիցիա է կազմում՝ չնայած նրան, որ համայնքում ձայների մեծամասնությունը ստացել է ՔՊ-ն

Արագածոտնի մարզի Թալին համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր 4 քաղաքական ուժ: Ձայների մեծամասնությունը՝ շուրջ 46 տոկոս, այս համայնքում ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:  Սակայն այսօր ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք» կուսակցությունները և «Մեր հզոր համայնք» կուսակցությունների դաշինքը հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ երեք քաղաքական ուժերը պատրաստվում են կոալիցիա կազմել և միասին ստանձնել քաղաքի կառավարման պատասխանատվությունը:  «Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների նախնական տվյալներով՝ ընդհանուր 21 մանդատից «Զարթոնք»-ն ստանալու է 6 մանդատ, «Հայք»-ը՝ 3 մանդատ, «Մեր համայնքը»՝ 2 մանդատ, ընդհանուր՝ 11 մանդատ: «Զարթոնք»-ը, «Հայք»-ը և «Մեր համայնքը» որոշել են համատեղ ստանձնել Թալին համայնքի կառավարման պատասխանատվությունը՝ ղեկավարվելով կոռուպցիայի վերացման և բացառման, համայնքի բնակավայրերի համաչափ զարգացման և փոխադարձ հարգանքի և փոխօգնության սկզբունքներով:Քաղաքական ուժերը, որպես Թալին համայնքի ղեկավարի թեկնածուի, առաջադրելու և պաշտպանելու են «Հայքի» ներկայացուցչին: Թալին համայնքի կառավարման, համայնքի ղեկավարի փոխարինման և այլ հարցերը կողմերը սահմանել են (սահմանելու են) փոխադարձ համաձայնությամբ:«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անունից՝ Մնացական Մնացականյան«Հայք» լիբերալ կուսակցության անունից՝ Կարեն Գրիգորյան«Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի անունից՝ Տիգրան Հարությունյան»,- նշված է հայտարարության մեջ:
14:11 - 07 դեկտեմբերի, 2021
Թալինում ավագանու թեկնածուն շրջում է ընտրատեղամասում |hetq.am|

Թալինում ավագանու թեկնածուն շրջում է ընտրատեղամասում |hetq.am|

Գլխավոր նկարը՝ hetq.am-ի hetq.am: Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ գրանցված թեկնածուներից մեկը շրջում էր ընտրատեղամասում։ Թալին քաղաքում գտնվող 18/2 ընտրական տեղամաս ժամը 10:50-ի սահմաններում մուտք գործեց ավագանու ընտրություններին մասնակցող «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին համար, անկուսակցական Տիգրան Հարությունյանը։ Նա ողջունեց հանձնաժողովի անդամներին, ապա շրջեց ընդարձակ տեղամասում։ Տիգրան Հարությունյանը մի պահ զրույցի բռնվեց տեղամասային հանձնաժողովի նախագահ Գարիկ Խլոյանի հետ։ Երբ լուսանկարեցինք ավագանու թեկնածուին և հանձնաժողովի նախագահին, Տիգրան Հարությունյանը գրպանից հանեց ավագանու թեկնածուի վկայականը և փորձեց այն ամրացնել հագուստին։ Շատ չանցած՝ նա լքեց տեղամասը։ 18/2 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Գարիկ Խլոյանն ասեց, որ թեկնածուին զգուշացրել է, որ պետք է դուրս գա տեղամասից։ Ըստ Խլոյանի՝ թեկնածուն ավելի վաղ ընտրել էր 18/2 տեղամասում, իսկ թե ինչու էր նորից եկել՝ չգիտի։ Հանձնաժողովի նախագահը նշեց նաև, որ ավագանու թեկնածուներն իրավունք չունեն գտնվելու տեղամասում, ապա հավելեց, որ ոչ բոլոր թեկնածուներին են դեմքով ճանաչում։ Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությանը մասնակցում 4 քաղաքական ուժ։ Դրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Զարթոնք» «Հայք» կուսակցությունները և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
12:12 - 05 դեկտեմբերի, 2021
Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 10 բնակավայրերում արևային ֆոտովոլտային կայաններ կկառուցվեն

Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 10 բնակավայրերում արևային ֆոտովոլտային կայաններ կկառուցվեն

Արագածոտնի մարզպետարանը հայտնում է, որ Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 10 բնակավայրերում 53 միլիոն 976 հազար դրամ ընդհանուր արժեքի արևային ֆոտովոլտային կայաններ կկառուցվեն: ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում` համայնքին 51 միլիոն 277 հազար դրամ կհատկացվի, որը ծրագրի արժեքի 95%-ն է, ֆինանսավորման 5%-ը կներդրվի համայնքի բյուջեից (2միլիոն 698 հազար դրամ): Ֆոտովոլտային կայանները կտեղադրվեն համայնքային ենթակայության թվով 15 կառույցների վրա` մշակույթի տներ, մանկապարտեզներ և այլն ` Ծաղկահովիտի մշակույթի տուն Վարդաբլուրի մանկապարտեզ Հնաբերդի մանկապարտեզ Ծաղկահովիտի ավտոկայանատեղի Բերքառատի մշակույթի տուն Ծաղկահովիտի պոմպակայան Ծաղկահովիտի համայնքապետարան Նորաշենի վարչական շենք Նորաշենի մանկապարտեզ Գեղադիրի վարչական շենք Հնաբերդի վարչական շենք Գեղաձորի վարչական շենք Գեղարոտի վարչական շենք Ծիլքարի վարչական շենք Լեռնապարի վարչական շենք Ծրագրի արդյունքում էականորեն կկրճատվեն համայնքային բյուջեի ծախսերը՝ էլեկտրաէներգիայի խնայողության շնորհիվ, իսկ խնայված միջոցներն էլ կուղղվեն բնակիչների համար օրակարգային այլ խնդիրներ լուծելուն։
20:57 - 01 դեկտեմբերի, 2021
Արագածոտնի մարզպետը Օհանավանում մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հուշակոթողի բացման արարողությանը

Արագածոտնի մարզպետը Օհանավանում մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հուշակոթողի բացման արարողությանը

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշակոթողի բացման և օծման արարողությանը: Հուշ-ցերեկույթին ներկա են եղել Արագածոտնի մարզպետի տեղակալներ Տիգրան Եղիազարյանը, Հարություն Գուլյանը, Օհանավան համայնքի ղեկավար Էդգար Հայրապետյանը, Աշտարակի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, մարտական գործողությունների մասնակիցներ, զոհված զինծառայողների ծնողները, ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, մանկավարժներ և համայնքի բնակիչները:   Ներկաները ծաղիկներ են խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներ Վախթանգ Կարապետյանի, Գևորգ Մելքոնյանի, Կարապետ Մելքոնյանի, Սամվել Մելքոնյանի, Տիգրան Մելքոնյանի և Արտյոմ Բալայանի սխրանքները հավերժացնող հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով քաջորդիների հիշատակին:   Հուշակոթողի բացման միջոցառումն ուղեկցվել է օրհնության կարգով, հնչել են հերոսներին նվիրված ստեղծագործություններ:   Հովհաննավանք վանական համալիրում տեղի է ունեցել մոմավառություն՝ ի հիշատակ բոլոր նահատակների:
16:18 - 27 նոյեմբերի, 2021
Արագածոտնի մարզում պաշտոնատար անձանց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետությանն ավելի քան 156 մլն դրամի վնաս է պատճառվել․ ԱԱԾ

Արագածոտնի մարզում պաշտոնատար անձանց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետությանն ավելի քան 156 մլն դրամի վնաս է պատճառվել․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքի ղեկավարը, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, այն է՝ հաստատապես տեղեկացված լինելով համայնքի վարչական տարածքում ապօրինի ընդերքօգտագործման, ապօրինի ձեռնարկատիրության դեպքի մասին որևէ միջոց չեն ձեռնարկել ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու, կասեցնելու, վերացնելու, ինչպես նաև հանցագործության դեպքը բացահայտելու, հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ, որպիսի պայմաններում Արագածավան համայնքի մի շարք բնակիչներ տևական ժամանակ առանց խոչընդոտների, պաշտոնատար անձանց հովանավորչությամբ, մեկ միասնական դիտավորությամբ 2017 թվականից մինչև 2021 թվականի նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում համայնքի վարչական տարածքում, առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի, ընդերքօգտագործման պայմանագրի և հողի գործառնական նշանակությունը փոխելու, իրականացրել են ընդերքի ապօրինի արդյունահանում, ինչի արդյունքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 754.000 կգ օբսիդիան տեսակի քարի հանքանյութ, ինչպես նաև իրականացված ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 156.424.708  ՀՀ դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ: Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:42 - 26 նոյեմբերի, 2021
Օթևան համայնքի տարածքում ապօրինի ընդերքօգտագործմամբ պատճառված շուրջ 20մլն դրամի վնասը վերականգնվել է

Օթևան համայնքի տարածքում ապօրինի ընդերքօգտագործմամբ պատճառված շուրջ 20մլն դրամի վնասը վերականգնվել է

Քննությամբ պարզվել է, որ «N» ՍՊ ընկերությունը  խախտել է երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրի մի քանի կետեր և ՀՀ հողային օրենսգրքի պահանջները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը: «ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզի դատախազության դատավարական հսկողության ներքո՝ մարզային քննչական վարչության Թալինի քննչական  բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ  «N» ՍՊ ընկերության՝ որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված պատասխանատու անձինք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2019թ. մարտի 15-ի հրամանով ընկերությանը տրամադրված՝ մարզի Օթևան համայնքի վարչական տարածքի 6.8 հա մակերեսով հողատարածքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրի հիման վրա Արագածոտնի մարզի Օթևանի տուֆերի երևակման հատվածում իրականացրել է երկրաբանական ուսումնասիրություն: Քննությամբ պարզվել է, որ վերջինս խախտել է երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրի մի քանի կետեր և ՀՀ հողային օրենսգրքի պահանջները: Մասնավորապես՝ նշված պայմանագրով և դրան կից 2019թ. ընթացքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ժամանակացույցով թույլատրված 300 մ3 ծավալով փորձնական հանույթի աշխատանքների փոխարեն տեղամասում և տեղամասի սահմաններից դուրս գտնվող տարածքում քանդել և տեղահանել է լեռնային զանգված, մինչև 2020թ. սեպտեմբերի 1-ը չի կատարել շահագործված տարածքի հողերի ռեկուլտիվացիա՝ լանդշաֆտի վերականգնման նպատակով շահագործված տարածքը չի ծածկել հողաշերտով, որի արդյունքում դեգրադացվել է գյուղատնտեսական նշանակության հող՝ արոտավայր, և պետությանը պատճառվել  է ընդհանուրը 19.594.291 ՀՀ դրամի չափով վնաս»,- Նշված է հաղորդագրության մեջ: Քրեական գործով շարունակվող նախաքննությամբ միջոցներ են ձեռնարկվում հանքի ապօրինի շահագործման, ընդերքօգտագործման թույլտվություն ստացած և պայմանագրային պարտավորությունների, օրենսդրության պահանջների խախտմամբ իրականացված գործունեությամբ հողերի դեգրադացման հանգամանքները լիարժեք պարզելու, դրանց համար պատասխանատու անձանց արարքներին վերջնական իրավական գնահատականներ տալու ուղղությամբ: Նշվում է, որ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության հետևողականության արդյունքում պետությանը պատճառված վերոնշյալ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:52 - 18 նոյեմբերի, 2021