ՅՈՒՆԻՍԵՖ

Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստեղծվել է 1946 թվականին՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերից է համայնքային մակարդակով ծառայությունների զարգացումը՝ նպաստելով երեխանների առողջությանը և բարեկեցությանը: 1994 թվականից ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի հետ համագործակցությունը սկսեց երկամյա ծրագրով, որն ուղղված էր այն ժամանակ երկրում գերակա արտակարգ իրավիճակի խնդիրներին: 1995 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է համագործակցության առաջին ծրագիրը, որի առանցքում էին առողջապահությունն ու կրթությունը: Գործունեության ոլորտներն են՝ առողջապահություն, կրթություն, նախադպրոցական կրթություն, երեխաների պաշտպանություն, արդարադատության մատչելիություն, սոցիալական պաշտպանություն և մանկական աղքատություն, երեխայակենտրոն բյուջետավորում, երեխաների իրավունքների մշտադիտարկում, անվտանգ միջավայրի ստեղծում:

ՅՈւՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն նախազգուշացնում են՝ պետություններին չի հաջողվում արգելել կրծքի կաթի փոխարինիչների գովազդը |hetq.am|

ՅՈւՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն նախազգուշացնում են՝ պետություններին չի հաջողվում արգելել կրծքի կաթի փոխարինիչների գովազդը |hetq.am|

hetq.am: ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և IBFAN միջազգային ցանցի նոր զեկույցի համաձայն, չնայած կրծքի կաթի փոխարինիչների վնասակար գովազդների դադարեցմանն ուղղված ջանքերին, պետությունները դեռևս հաջողության չեն հասնում ծնողներին ապատեղեկատվությունից պաշտպանելու գործում։ Կորոնավիրուսային համավարակը փաստում է ավելի խիստ օրենսդրության անհրաժեշտությունը` ընտանիքներին կանթնախառնուրդների անվտանգության մասին կեղծ պնդումներից և ագրեսիվ գովազդներից պաշտպանելու համար։ Կրծքի կաթը կյանքեր է փրկում, քանի որ դրա միջոցով փոքրիկներին հակամարմիններ են փոխանցվում առողջ կյանքի մեկնարկի և մանկական մի շարք հիվանդություններից պաշտպանելու համար։ ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը խրախուսում են կանանց շարունակել կրծքով կերակրումը կորոնավիրուսային համավարակի ընթացքում, նույնիսկ եթե նրանց մոտ կասկածվում կամ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը։ Թեև գիտնականները դեռ շարունակում են հետազոտել կորոնավիրուսով վարակված մայրերի կրծքի կաթը, մինչ այժմ արված ուսումնասիրությունները փաստում են, որ քիչ հավանական է, որ կորոնավիրուսը կաթի միջոցով փոխանցվի երեխային։ Կրծքով կերակրման բազմաթիվ օգուտները էականորեն գերազանցում են վիրուսով պայմանավորված պոտենցիալ վտանգները։ Երեխային կաթնախառնուրդով կերակրելն ավելի անվտանգ չէ։ Զեկույցում տեղ գտած 194 երկրներից 136-ում գործող օրենսդրական ակտերը համապատասխանում են «Կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման միջազգային օրենսգրքին»  և ԱՀԿ բանաձևերին: Օրենսգրքի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է՝ վերջին երկու տարում 44 երկրների կողմից գովազդի հետ կապված կարգավորումների խստացմամբ պայմանավորված։ Այնուամենայնիվ, երկրների մեծ մասում գործող օրենսդրական սահմանափակումներն ամբողջովին չեն տարածվում բուժհաստատություններում իրականացվող գովազդի վրա։ Միայն 79 երկրում է արգելված կրծքի կաթի փոխարինիչների գովազդը բուժհաստատություններում, և միայն 51-ում է արգելվում անվճար կամ էժան, զեղչված գնով կաթնախառնուրդների տրամադրումը առողջապահական համակարգում։ Միայն 19 երկրում է արգելված գիտական և առողջապահական ասոցիացիաների միջոցառումների հովանավորչությունը կրծքի կաթի փոխարինիչների (այդ թվում` նորածինների, 1-3 տարեկան երեխաների կաթնախառնուրդների և կաթնային հեղուկների, 0-ից 36 ամսական երեխաների համար նախատեսված սննդի) արտադրողների կողմից։ «Կրծքի կաթի փոխարինիչների ագրեսիվ գովազդը, հատկապես բուժաշխատողների կողմից, մեծ խոչընդոտ է աշխարհում նորածինների և երեխաների առողջության բարելավմանն ուղղված մեր աշխատանքին», - նշել է ԱՀԿ-ի սնուցման և սննդի անվտանգության բաժնի ղեկավար Ֆրանչեսկո Բրանկան (Francesco Branca): «Առողջապահական համակարգերը պետք է քայլեր ձեռնարկեն՝ բարձրացնելու ծնողների վստահությունը կրծքով սնուցման նկատմամբ՝ զերծ մնալով կոմերցիոն ազդեցությունից, որպեսզի երեխաները բաց չթողնեն կրծքով կերակրման բացառիկ օգուտները»: ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհուրդ են տալիս երեխային բացառապես կրծքով կերակրել առաջին 6 ամիսների ընթացքում, որից հետո՝ մինչև 2 տարեկանը և դեռ ավելին, փոքրիկները պետք է շարունակեն սնվել կրծքի կաթով՝ սննդակարգում ներառելով այլ սննդարար և անվտանգ կերակուրներ ևս: Առողջապահական համակարգերի գերծանրաբեռնվածության պայմաններում կրծքով կերակրումը սպառնալիքի տակ է։ Կրծքով չկերակրվող փոքրիկների համեմատ կրծքով կերակրվող փոքրիկների մահը 14 անգամ (ավելի) քիչ հավանական է: Այնուամենայնիվ, այսօր մինչև 6 ամսական երեխաների միայն 41 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում։ Սա մի ցուցանիշ է, որ մինչև 2025թ. ԱՀԿ անդամ-երկրները պլանավորում են հասցնել առնվազն 50 տոկոսի։ Կաթնախառնուրդների անբարեխիղճ գովազդը շարունակում է խոչընդոտել կրծքով կերակման ցուցանիշի բարելավմանն ուղղված ջանքերը, իսկ կորոնավիրուսային ճգնաժամը մեծացնում է այդ վտանգը։ «Քանի որ կորոնավիրուսային համավարակը շարունակում է տարածվել, բուժաշխատողների կարողությունները ուղղվում են դրա դեմ պայքարին, իսկ առողջապահական համակարգերը՝ գերծանրաբեռնվում։ Այսպիսի դեպքերում կրծքով կերակրումը կարող է պաշտպանել միլիոնավոր փոքրիկների առողջությունը, բայց նոր մայրացած կանայք դա չեն կարող անել առանց բուժաշխատողների աջակցության»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի սնուցման բաժնի ղեկավար դոկտոր Վիկտոր Ագուայոն։ «Ավելին քան երբևէ, մենք պետք է ջանքեր գործադրենք՝ ապահովելու, որ աշխարհում ամենուրեք յուրաքանչյուր մայր և ընտանիք մասնագետի կողմից ստանա անհրաժեշտ խորհուրդներ ու աջակցություն իր փոքրիկին ծննդյան պահից կրծքով կերակրելու համար»։ Շարունակությունը՝ hetq.am-ում
18:01 - 29 մայիսի, 2020
Երեխաների հանդեպ բռնությունը ՔՈՎԻԴ-19-ի ընթացքում թաքնված ճգնաժամի է վերածվում. ՅՈՒՆԻՍԵՖ |hetq.am|

Երեխաների հանդեպ բռնությունը ՔՈՎԻԴ-19-ի ընթացքում թաքնված ճգնաժամի է վերածվում. ՅՈՒՆԻՍԵՖ |hetq.am|

hetq.am: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնում է, որ ՔՈՎԻԴ-19 համաճարակը ավերիչ ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհում: Կորոնավիրուսը կանխարգելելու ջանքերը կենսական նշանակություն ունեն աշխարհի բնակչության առողջության համար, բայց դրանց հետևանքով երեխաները հայտնվել են բռնության, այդ թվում՝ չարաշահումների, գենդերային բռնության և սեռական շահագործման ենթարկվելու ավելի մեծ վտանգի տակ։ Որպես այն կազմակերպությունների առաջնորդներ, որոնք պարտավորվել են վերջ դնել երեխաների հանդեպ բռնությանը՝ մենք համախմբվել ենք մեր խորը մտահոգությունն արտահայտելու, այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու, ինչպես նաև՝ աջակցություն տրամադրելու համար պարտավորություն ստանձնելու նպատակով, որպեսզի պաշտպանենք երեխաներին բռնությունից և յուրաքանչյուր երկրում և համայնքում նվազեցնենք ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը երեխաների վրա: ՔՈՎԻԴ-19-ի պատճառով համաշխարհային բնակչության մեկ երրորդը ինքնամեկուսացման մեջ է, և դպրոցների փակումը անդրադարձել է ավելի քան 1,5 միլիարդ երեխաների վրա: Տեղաշարժման սահմանափակումները, եկամտի կորուստը, ինքնամեկուսացումը և սթրեսի ու անհանգստության բարձր մակարդակը մեծացնում են երեխաների հանդեպ ֆիզիկական, հոգեբանական և սեռական բռնության հավանականությունը, մասնավորապես` այն երեխաների հանդեպ, ովքեր արդեն գտնվում են բռնության կամ ոչ բարենպաստ ընտանեկան միջավայրում: Եվ քանի որ համացանցը դարձել է բազմաթիվ երեխաների ուսման, աջակցության և խաղի հարթակ, մեծացել է նաև կիբերբուլիինգի, վտանգավոր առցանց վարքագծի և սեռական շահագործման ենթարկվելու վտանգը։ Իրավիճակը սրվում է երեխաների՝ դպրոցական ընկերների, ուսուցիչների, սոցիալական աշխատողների հետ շփվելու հնարավորություն չունենալու պատճառով, ինչպես նաև՝ դպրոցների, որպես անվտանգ վայրի և դպրոցների կողմից տրամադրվող ծառայությունների բացակայության պատճառով: Ամենախոցելի երեխաները, այդ թվում՝ փախստական, միգրանտ և ներքին տեղահանված, ազատազրկման ենթարկված, առանց ծնողական խնամքի մնացած, փողոցներում և ետնախորշերում բնակվող, հաշմանդամություն ունեցող, հակամարտությունների հետևանքով տուժած տեղանքներում ապրող երեխաները, առանձնակի մտահոգության տեղիք են տալիս։ Շատերի համար վատթարացող ֆինանսական դրությունը մեծացնելու է մանկական աշխատուժի, մանկական ամուսնությունների և թրաֆիքինգի ենթարկվելու վտանգը։ Այս հարցում  կառավարությունները հիմնաքարային դեր ունեն։ Նրանք պետք է ապահովեն, որ ՔՈՎԻԴ-19-ի կանխարգելման և դրա դեմ պայքարին ուղղված ծրագրերը ներառեն տարիքին համապատասխան և գենդերային զգայուն միջոցառումներ, որպեսզի բոլոր երեխաներին պաշտպանեն բռնությունից, անտեսումից և չարաշահումներից: Առաջնահերթ է երեխայի պաշտպանությամբ զբաղվող ծառայությունների և այդ բնագավառի աշխատակիցներին տրվող աջակցությունը՝ համապատասխան ռեսուրսների հատկացմամբ։ Կառավարության հետ համատեղ և կառավարությանը տրվող աջակցության արդյունքում՝ միասին մենք պետք է իրականացնենք․ հիմնական առողջապահական և սոցիալական բարեկեցության ծառայությունների պահպանում, այդ թվում՝ հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական առողջության, երեխաների պաշտպանությանն առնչվող դեպքերի վարույթների և արտակարգ իրավիճակներում այլընտրանքային խնամքի կազմակերպում,  ամենախոցելի երեխաների և ընտանիքների համար սոցիալական պաշտպանության ապահովում, շուրջօրյա խնամքի հաստատություններում երեխաների խնամքի և պաշտպանության շարունակականության ապահովում, ծնողների, խնամակալների և հենց իրենց՝ երեխաների համար գիտահեն տեղեկատվության և խորհուրդների տրամադրում, թեժ գծերի, դպրոցների հոգեբանների և ահազանգելու այլ երեխայակենտրոն մեխանիզմների ներդրում, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան օգնության դիմել, եթե հայտնվեն դժվարին կացության մեջ։  Հաշվի առնելով առցանց վտանգների ենթարկվելու հավանականության աստիճանի մեծացումը՝ ՏՏ ընկերությունները և հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է անեն հնարավորը` երեխաների անվտանգությունը առցանց ապահովելու համար: Մասնավորապես՝ հարկավոր է տրամադրել անվճար թեժ գծերի հնարավորություն, ապահովել տարիքին համապատասխան ծառայությունների և առցանց կրթության անվտանգ համակարգերի առկայություն՝ կազմակերպությունների հարթակներն օգտագործելով երեխաներին առցանց անվտանգության վերաբերյալ խորհուրդներ տրամադրելու համար: Հարկավոր է ավելին անել՝ երեխաներին սպառնացող առցանց վտանգները, այդ թվում՝ երեխաների մասնակցությամբ սեռական բռնություն պարունակող պատկերների և տեսանյութերի ստեղծումն ու տարածումը հայտնաբերելու և կանխելու համար։ Այս հայտարարությունը ստորագրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱՀԿ-ի, ՄԱԿ-Կանայք և ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակների, Աֆրիկայի երեխաների քաղաքականության ֆորումի, Սեյվ դը Չիլդրենի, ՍՕՍ մանկական գյուղերի, WePROTECT գլոբալ դաշինքի, Վերջ բռնությանը գործընկերության, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Վորլդ Վիժընի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից:
15:10 - 13 ապրիլի, 2020
Քննարկվել են ԿԳՄՍՆ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ ծրագրերը

Քննարկվել են ԿԳՄՍՆ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրականացվող և նախատեսված համատեղ ծրագրերը կրթության և երիտասարդության ոլորտներում: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը տարիներ շարունակ հետևողական աջակցություն է ցուցաբերել բարեփոխումներին և առանձնահատուկ տեղ ունի միջազգային գործընկերների ցանկում: Նա նաև հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքը կնպաստի համագործակցության ընդլայնմանը: Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը ներկայացրել է Հայաստանի հետ համագործակցության ռազմավարության հիմնական ուղղությունները: Այս համատեքստում կողմերը կարևորել են ընթացիկ համագործակցության շարունակականությունը, մասնավորապես` անդրադառնալով համընդհանուր ներառական կրթության ներդրման, վաղ մանկության զարգացման, երիտասարդությունն հանուն կլիմայի բարեփոխումների և մի շարք այլ ծրագրերի: Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր:
10:07 - 07 մարտի, 2020
Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Հոկտեմբերի 25-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Այս մասին հայտնում է Փոխվարչապետի աշխատակազմը: Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում երեխաների իրավունքների պաշտպանությանը և մարդկային կապիտալի զարգացմանը, ինչը հասարակական ու տնտեսական առաջընթացի կարևոր նախապայմաններից է: Այս առումով փոխվարչապետը նաև բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում: Տանյա Ռադոչայը ներկայացրել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկա ծրագրերը և նախաձեռնությունները` նշելով, որ անցած 25 տարիների ընթացքում կառույցը իր առաքելությունն իրականացնելու հարցում զգալի արդյունքների է հասել և ընդհանուր առմամբ երկրում երեխաների բարեկեցությունը առաջընթաց է գրանցել: Նա նաև գոհունակություն է հայտնել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի նկատմամբ կառավարության աճող ուշադրություն կապակցությամբ: Տանյա Ռադոչայը նշել է, որ հաշվի առնելով կառավարության մեկնարկած նախաձեռնությունները բնակչության աճը խթանելու ոլորտում, իրենք պատրաստ են աջակցել Հայաստանում ընտանիքամետ քաղաքականությունների իրականացմանը: Փոխվարչապետն ասել է, որ կառավարությունում լավ են հասկանում, որ ներդրումը երեխաների բարօրությունում դա ներդրում է Հայաստանի ապագայում: Իսկ երեխաների և դեռահասների համար լավ պայմանների ստեղծումը մեծապես նպաստում է ներառական հասարակության ձևավորմանը: Տիգրան Ավինյանը և Տանյա Ռադոչայը քննարկել են նաև մարզերում նախադպրոցական հաստատությունների ծածկույթի մեծացմանը և երեխաների ոլորտում վիճակագրությանը վերաբերող հարցեր:
13:14 - 25 հոկտեմբերի, 2019
Աշխարհում ավելի քան 820 միլիոն մարդ քաղցած է |hetq.am|

Աշխարհում ավելի քան 820 միլիոն մարդ քաղցած է |hetq.am|

hetq.am: Վերջին 3 տարիների ընթացքում աշխարհում սովի մակարդակը չի նվազել, իսկ գերքաշությունն աճ է գրանցել: Այս մասին հայտնում է ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը՝ մեջբերելով ՄԱԿ-ի զեկույցը: ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Ըստ գնահատականների` 2018թ-ին 820 միլիոն մարդ բավականաչափ պարեն չի ունեցել նախորդ տարվա 811 միլիոնի համեմատ, իսկ սա նշանակում է, որ երեք տարի շարունակ աճել է սովի մատնված մարդկանց թիվը: Այս փաստն իր հերթին ընդգծում է մինչև 2030թ-ի Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ) զրոյական սովին հասնելու ճանապարհին առկա հսկայածավալ մարտահրավերի մասին: Այս մասին ասված է «Աշխարհում սննդի անվտանգության և սնուցման իրավիճակի» մասին լույս տեսած նոր զեկույցում: Ըստ զեկույցի, թերսնված երեխաների թիվը կիսով չափ կրճատելու և ցածր քաշով նորածինների թվի նվացեցման հարցում առաջընթացը շատ դանդաղ է ընթանում, ինչն իր հերթին ԿԶՆ-ի 2 թիրախն է՛լ ավելի անհասանելի է դարձնում: Միևնույն ժամանակ, ի լրումն այս մարտահրավերների` գերքաշության և ճարպակալման ցուցանիշները շարունակում են աճել ամենուր, հատկապես` դպրոցահասակ երեխաների և մեծահասակների շրջանում: Աշխարհում ամենուր կանայք անբավականաչափ պարենի խնդրին ավիլի շատ են առնչվում, քան տղամարդիկ, իսկ այս հարցում ամենամեծ անհամաչափությունը գրանցվել է Լատինական Ամերիկայում: Սովի ցուցանիշը աճում է մասնավորապես այն երկրներում, որտեղ տնտեսական աճը կաղում է. այն է՝ միջին եկամուտ ունեցող և առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների հարցում միջազգային առևտրից կախում ունեցող երկրներում: ՄԱԿ-ի տարեկան զեկույցում նաև նշվում է, որ եկամուտների անհավասարությունը աճում է սովի մակարդակի ցուցանիշի աճ գրանցած երկրներից շատերում, ինչն ավելի է բարդացնում աղքատության մեջ ապրող կամ խոցելի մարդկանց իրավիճակը: Զեկույցի համաձայն, ավելի քան 2 միլիոն մարդկանց՝ հիմնականում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներից, կանոնավոր կերպով հասանելի չէ անվտանգ, սննդարար և բավականաչափ սնունդը: Սակայն սննդի անկանոն հասանելիությունը խնդիր է նաև բարձր եկամուտ ունեցող երկրներում, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի բնակչության 8 տոկոսի համար: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում պարենային համակարգի հիմնարար փոփոխության, այն է՝ բնակչությանը կայուն կերպով արտադրվող առողջարար սննդով ապահովելու համար: Կարևոր փաստեր և ցուցանիշներ՝ 2018թ. աշխարհում քաղցած մարդկանց թիվը՝ 821.6 միլիոն (կամ յուրաքանչյուր 9-ից մեկը) Ասիայում՝ 513.9 միլիոն Աֆրիկայում՝ 256.1 միլիոն Լատինական Ամերիկայում և Կարիբյան կղզիներում՝ 42.5 միլիոն Ցածր քաշով ծնված երեխաների թիվը՝ 20.5 միլիոն (յուրաքանչյուր 7-ից մեկը) Մինչև 5 տարեկան թերաճ երեխաների քանակը (իրենց տարիքի համար ցածր հասակ ունեցող)՝ 148.9 միլիոն (21.9%) Մինչև 5 տարեկան թերսնուցված երեխաների քանակը (իրենց հասակի համար ցածր քաշ ունեցող)՝ 49.5 միլիոն (7.3%) Մինչև 5 տարեկան գերքաշ երեխաների քանակը (իրենց հասակի համար ավել քաշ ունեցող)՝ 40 միլիոն (5.9%) Գերքաշություն ունեցող դպրոցական տարիքի երեխաների և պատանիների թիվը՝ 338 միլիոն Ճարպակալություն ունեցող չափահասների թիվը՝ 672 միլիոն (13% կամ յուրաքանչյուր 8-ից մեկը) Իրավիճակը Հայաստանում՝ Ցածր քաշով ծնված երեխաների թիվը՝ 10 տոկոս («Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգիրք, 2018թ.) Մինչև 5 տարեկան թերաճ երեխաների թիվը՝ 9 տոկոս (ՀԺԱՀ 2015-16) Մինչև 5 տարեկան թերսնուցված երեխաների թիվը՝ 4 տոկոս (ՀԺԱՀ 2015-16 Մինչև 5 տարեկան գերքաշ երեխաների թիվը՝ 14 տոկոս (ՀԺԱՀ 2015-16)
11:52 - 17 հուլիսի, 2019