Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, դիվանագիտական աստիճանը՝ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 14-ին։ 1991 թ. ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Արցախի պետական համալսարան) ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ 1991-1992 թթ. ուսանել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում՝ սոցիալական հոգեբանություն մասնագիտությամբ։ 1998 թ. ավարտել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիան։

1992-1993 թթ. ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեին առընթեր Տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տեղեկատվական քաղաքականության բաժնի առաջատար, այնուհետեւ` գլխավոր մասնագետ։ 1993-2001 թթ. ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ միջազգային կազմակերպությունների բաժնի վարիչ, միջազգային կազմակերպությունների վարչության պետ, նախարարի խորհրդական – քաղաքական վարչության պետ։ 2001-2007 թթ. ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: 2008 թ․ հիմնադրել եւ մինչեւ 2017 թ. ղեկավարել է Արցախի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհուրդը։ 2016-2017 թթ. Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան:

1993-1997 թթ․ ԼՂՀ պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ, Ռուսաստանի ԱԳՆ եւ Պաշտպանության նախարարության միջնորդությամբ ընթացող բանակցություններին։ 2004-2007 թթ․ մասնակցել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի Տեղեկատվական անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին։ 2017թ. սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ արտաքին գործերի նախարար:

Ընդունելով երկրորդ փուլի քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը՝ հաջողություն եմ մաղթում ԱՀ հաջորդ նախագահ Արայիկ Հարությունյանին․ Մասիս Մայիլյան

Ընդունելով երկրորդ փուլի քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը՝ հաջողություն եմ մաղթում ԱՀ հաջորդ նախագահ Արայիկ Հարությունյանին․ Մասիս Մայիլյան

Արցախը Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերահաստատում եմ ապրիլի 5-ին արած իմ հայտարարությունը արդեն իսկ կայացած համապետական ընտրությունների նկատմամբ մեր հանրության ունեցած ակնկալիքների և առկա իրողությունների մասին։ Մեկ անգամ ևս ի սրտե շնորհակալություն եմ հայտնում իմ քաղաքական թիմակիցներին, ինձ սատարած բոլոր քաղաքական ուժերին ու քաղաքական գործիչներին, մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին: Առանձնակի երախտագիտություն եմ հայտնում իմ նախընտրական կենտրոնական շտաբի համակարգող Գրիգորի Սահակյանին։ Առաջին փուլում իմ ստացած ավելի քան 26% քվեները լուրջ հաջողություն եմ համարում՝ հաշվի առնելով այն պայմանները, որոնցում անցկացվել են ընտրությունները, ներառյալ՝ ինձ ու իմ քաղաքական թիմին հայտարարված տեղեկատվական պատերազմը, որն, ի դեպ, շարունակվում է ցայսօր։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը զուտ տեխնիկական բնույթ ուներ և անցկացվել է այն պայմաններում, երբ արդեն ճանաչվել էր Արցախում կորոնավիրուսով հիվանդների առկայությունը և հայտարարվել էր արտակարգ իրավիճակի ռեժիմ։ Մեր քաղաքական թիմի համար երկրորդ փուլի արդյունքները չեն ունեցել և չունեն բացարձակապես ոչ մի նշանակություն, հակառակ պարագայում մենք առաջին փուլից հետո չէինք դադարեցնի նախընտրական արշավը, չէինք փակի մեր նախընտրական շտաբները և չէինք հեռացնի քարոզչանյութերը։ Երկրորդ փուլից առաջ մենք հատկացված անվճար եթերաժամանակն ընդամենը օգտագործել ենք զանգվածային կուտակումների վայրերում կորոնավիրուսի համավարակի տարածման վտանգի պատճառով քաղաքացիներին կոչ անելու համար, որպեսզի չմասնակցեն քվեարկությանը։ Երկրորդ փուլի քվեարկությանը չմասնակցելու կոչերն անարձագանք չեն մնացել։ Առաջին փուլի համեմատ մոտ 30 հազար քաղաքացիներ ապրիլի 14-ին չեն մասնակցել քվեարկությանը և մնացել են տանը՝ նվազեցնելով համավարակի տարածման վտանգը։ Այս առումով միանգամայն ուսանելի է հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչների արձագանքը։ Ուզում եմ հավատալ, որ այս փորձության հետևանքները կորստաբեր չեն լինի մեր հանրության համար։ Որպես Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար հաշվի առնելով անցկացված համապետական ընտրությունների արտաքին-քաղաքական կարևորությունը, ինչպես նաև ի գիտություն ընդունելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը, հաջողություն եմ մաղթում Արցախի Հանրապետության հաջորդ նախագահ Արայիկ Հարությունյանին։ Համավարակի տարածումը հնարավորինս կանխելու նպատակով քաղաքացիներին կոչ եմ անում հետընտրական ժամանակահատվածում իրենցից կախվածն անել պատկան մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների արդյունավետությունն ապահովելու համար։ Հաջողություն եմ մաղթում նաև Արցախի գործող և ձևավորվող իշխանություններին՝ համավարակին և դրանից ածանցյալ նոր մարտահրավերներին դիմակայելու գործում։ Մեր քաղաքացիների առողջության պահպանումը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխումը վեր է ամեն ինչից։ Առողջ եղեք, խնայեք ու պահպանեք ձեզ հանուն գալիք լուսավոր օրերի։ Աստված մեզ պահապան»։
16:49 - 15 ապրիլի, 2020
Արայիկ Հարությունյանը ստացել է ձայների 88%-ը՝ գերազանցելով 1-ին փուլի արդյունքները. Մայիլյանի ձայները եւս ավելացել են |armtimes.com|

Արայիկ Հարությունյանը ստացել է ձայների 88%-ը՝ գերազանցելով 1-ին փուլի արդյունքները. Մայիլյանի ձայները եւս ավելացել են |armtimes.com|

armtimes.com: Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հրապարակեց երեկ տեղի ունեցած նախագահական ընտրությունների 2-րդ փուլի նախնական արդյունքները: Այսպիսով, ԿԸՀ-ն արձանագրել է քվեարկության արդյունքների հետեւյալ նախնական տվյալները. Ընտրողների ընդհանուր թիվը կազմում էր 104.777, այդ թվում՝ լրացուցիչ ցուցակներում ընդգրկված անձինք, Քվեարկությանը մասնակցողների թիվը 47.165 է, այսինքն՝ ընտրելու իրավունք ունեցող անձանց 45 տոկոսը, Անվավեր քվեաթերթիկների թիվը 1876 է կամ 3.97 տոկոսը, Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել է 5728 քաղաքացի կամ քվեարկության մասնակիցների 12 տոկոսը, Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 39.860 քաղաքացի կամ 88 տոկոսը: Հիմք ընդունելով ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները` ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կընդունվի 2020 թ. ապրիլի 21-ին:
13:48 - 15 ապրիլի, 2020
Ստեփանակերտի 1/5 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին գրավոր դիմում- բողոքներ չեն ներկայացվել |armenpress.am|

Ստեփանակերտի 1/5 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին գրավոր դիմում- բողոքներ չեն ներկայացվել |armenpress.am|

armenpress.am: Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության ընթացքում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղակայված 1/5 ընտրատեղամասում մինչ այս պահը գրավոր դիմում-բողոքներ չեն ներկայացվել: Այս մասին ասել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Քաջիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ ժամը 10:00-ի դրությամբ՝ տեղամասում գրանցված 1 366 ընտրողներից քվեարկել է 100-ը: «Պետք է նշեմ, որ մարտի 31-ի քվեարկության օրն անընդհատ կուտակումներ էին առաջանում տեղամասում: Այս անգամ կարող ենք արձանագրել հակառակ երևույթը, քանի որ խստացվել են պահանջները և, կուտակումներից խուսափելու համար, ընտրողները տեղամաս են ներկայանում հերթով: Առայժմ ակտիվությունն այնքան էլ մեծ չէ, սակայն ակնկալում ենք, որ մեր քաղաքացիները կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը և կցուցաբերեն առավել բարձր պատասխանատվություն»,- նշել է Հարությունյանը: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ նախագահի երկու թեկնածուների վստահված անձանցից միայն մեկն է ներկա գտնվում տեղամասում, մյուսը չի ներկայացել:
14:43 - 14 ապրիլի, 2020
Արցախում մեկնարկել է ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը. բացվել են տեղամասերը |armenpress.am|

Արցախում մեկնարկել է ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը. բացվել են տեղամասերը |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետությունում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ապրիլի 14-ի, ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։Մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում երկրորդ փուլ են դուրս եկել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` 49,26% կողմ ձայնով և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% կողմ ձայնով։Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում:  Արցախի Հանրապետության ոստիկանության` 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է՝ 103.637, որոնցից 832 հոգի ընտրություններին կմասնակցի Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում, իսկ 1270-ը՝ ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում:Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում կոչ է արել արցախցիներին չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում․ դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 12 անձ։ Ընդհանուր թեստավորված քաղաքացիների թիվը 57 է։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։
09:38 - 14 ապրիլի, 2020
Կոչ եմ անում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան

Կոչ եմ անում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան

Արցախի նախագահի թեկնածու, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը քաղաքացիներին կոչ է արել կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում։ Մայիլյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․«Սիրելի հայրենակիցներ։ Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից։ Պարզապես ի գիտություն եմ ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը և հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները։ Մեր քաղաքացիներին կոչ եմ անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը։ Սա հապճեպ քաղաքական որոշում չէ, այլ բխում է մինչ այդ հստակեցված իմ դիրքորոշումից և կատարված քայլերից, որոնք միտված էին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխմանը։ Հիշեցնեմ, որ մարտի 26-ին հստակեցրել եմ իմ դիրքորոշումը նոր կորոնավիրուսի տարածման պայմաններում ընտրությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ, նշելով, որ վտանգը ստիպում է նորովի գնահատել իրավիճակը և գիտակցել ընտրությունների հետ կապված բոլոր ռիսկերը։ ՀՀ-ի հետ մենք ունենք անվտանգության ընդհանուր միջավայր, ուստի հայտարարել եմ, որ համավարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն՝ խարսխված լինելով ՀՀ-ի արդեն իսկ ձեռք բերված փորձի վրա և ներդաշնակեցնելով բոլոր ջանքերը։ Առավել ևս, որ համաշխարհային փորձը վկայում է, որ համաճարակի վտանգների թերագնահատումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Ամենայն անկեղծությամբ ու պատասխանատվությամբ հայտարարել եմ, որ ըմբռնումով կընդունեմ, եթե որոշվի հետաձգել ընտրությունները։ Մարտի 27-ին իմ և «Նոր Արցախ» դաշինքի նախընտրական շտաբները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ առ այն, որ չեղարկում ենք նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախատեսված հանրային բոլոր հանդիպումները, իսկ դրանից օրեր առաջ էլ հրաժարվել էինք փակ տարածքներում հանդիպումներից ու բացօթյա բազմամարդ հավաքներից։ Նույն օրն անմիջապես միացել եմ ընտրությունները հետաձգելու՝ ԱՀ նախագահի թեկնածուներից մեկի նախաձեռնությանը, որին այնուհետև միացել է ևս չորս թեկնածու, իսկ երկուսն էլ առանձին նույնատիպ հայտարարությամբ են հանդես եկել։ Սակայն Արցախի գործող իշխանություններն անտեսել են ԱՀ նախագահի թեկնածուների մեծ մասի և խորհրդարանական ընտրություններում ներգրավված մի շարք քաղաքական ուժերի կոչն ու պահանջը և, այնուամենայնիվ, որոշել են ցանկացած գնով ավարտին հասցնել ընտրական գործընթացը։ Ինչպես տեսնում եք՝ սա իմ կողմից հետևողական դիրքորոշում է։ Ու ոչ մի հիմք չեմ տեսնում այս դիրքորոշումը վերանայելու համար, առավել ևս, որ համավարակի տարածման հայաստանյան վիճակագրությունը լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս։ Ուզում եմ մեկ անգամ ևս ի սրտե շնորհակալություն հայտնել մարտի 31-ի դժվարին պայմաններում իմ օգտին քվեարկած հազարավոր քաղաքացիներին, իմ քաղաքական թիմակիցներին, մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին ու վստահեցնել, որ մենք չենք հրաժարվում Նոր Արցախի մեր տեսլականից և համավարակի հաղթահարումից հետո այդ տեսլականի իրականացմանը միտված կոնկրետ աշխատանքներ ենք տանելու: Իսկ ներկայիս հետընտրական ժամանակահատվածում առավելս իմ ուշադրության կենտրոնում է լինելու իմ քաղաքական թիմակիցների, մեր բոլոր աջակիցների ու համակիրների իրավունքների ոտնահարման հնարավոր փորձերի կանխարգելումը։ Առողջ եղեք, խնայեք ու պահպանեք ձեզ հանուն գալիք լուսավոր օրերի։ Աստված բոլորիս հետ»։
17:18 - 05 ապրիլի, 2020
Մարտի 31-ի արցախյան համապետական ընտրությունները կայացել են արտառոց և աննախադեպ պայմաններում․ Մասիս Մայիլյան

Մարտի 31-ի արցախյան համապետական ընտրությունները կայացել են արտառոց և աննախադեպ պայմաններում․ Մասիս Մայիլյան

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի հայրենակիցներ։ Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում մարտի 31-ին այս ծանր պայմաններում իմ օգտին քվեարկած հազարավոր քաղաքացիներին, իմ քաղաքական թիմակիցներին, մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին: Մարտի 31-ի արցախյան համապետական ընտրությունները կայացել են արտառոց և աննախադեպ պայմաններում։ Չանսալով ընտրությունները հետաձգելու՝ ԱՀ նախագահի թեկնածուների մեծ մասի և խորհրդարանական ընտրություններում ներգրավված մի շարք քաղաքական ուժերի կոչին ու պահանջին, Արցախի ինշխանություններն, այնուամենայնիվ, որոշել են ցանկացած գնով ավարտին հասցնել ընտրական գործընթացը։ Նշված արտակարգ պայմաններում անհնար է եղել ապահովել միջազգային դիտորդների մասնակցությունը, իսկ հայաստանյան դիտորդական առաքելությունը վտանգից խուսափելու համար ստիպված է եղել հընթացս փոխել դիտորդության մեթոդաբանությունը և իրականացնել այդ առաքելությունը ոչ նախատեսված ծավալով։ Այժմ քաղաքական խորհրդատվություններ ենք անցկացնում և մոտ օրերս հանրությանը կտեղեկացնենք մեր հետագա քայլերի մասին»։
16:29 - 02 ապրիլի, 2020
Քաշաթաղում տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի, կենցաղային բնույթի քաշքշուք է եղել․ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ

Քաշաթաղում տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի, կենցաղային բնույթի քաշքշուք է եղել․ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը պնդում է՝ Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում երեկ տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի, կենցաղային բնույթի քաշքշուք է եղել։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ քաղաքացի Հարություն Կարապետյանի հրապարակած տեսանյութում, որտեղ, ըստ վերջինիս մեկնաբանության, Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա, քաղաքական գեթ մեկ խոսք անգամ չի հնչում։ «Մուշ համայնքի մեր կուսակցական ակտիվիստներից ճշտել եմ, պարզվում է՝ երեկ իսկապես տեղի է ունեցել քաշքշուք, բայց բոլորովին ոչ քաղաքական իրավիճակով պայմանավորված։ Մարդիկ իրար քաշքշել են կենցաղային հողի վրա, գյուղապետը միջամտել է, որպեսզի ծեծկռտուք տեղի չունենա, այդ սովորական կենցաղային միջադեպը այսօր որոշ մարդիկ փորձում են քաղաքականացնել»,- մեր զրույցում ասաց Պողոսյանը՝ այս դեպքում նկատի ունենալով Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Վերջինս քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ խիստ մտահոգիչ են Քաշաթաղից ստացվող լուրերը։ Այդ լուրերի համաձայն, ինչպես գրել է Իոաննիսյանը, Մուշի գյուղապետ Պետրոս Ավետիսյանը քվեարկության օրվա ցերեկը շրջել է գյուղով՝ գոռալով՝ «տենց մեկը չի ծնվել, որ ինձ դեմ գնա, առավել ևս՝ Արայիկին, տենց մեկը լինի՝ ոտերը կջարդենք»: Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը վրդովված է այս գրառումից․  «Չի կարելի է պարզապես ճշտված տեղեկությունների հիման վրա մեղադրնքներ հնչեցնել քաղքական որեւէ կուսակցության կամ որեւէ թեկնածուի հասցեին։ Դա հասարակությանն ապակողմնորոշելու եւ սխալ կարծիք ձեւավորելու մեթոդ է, վրդովեցուցիչ է մեզ համար։ Մենք էլ կարող ենք ամեն օր ինչ-որ մեկի վերաբերյալ հայտարարություն անել։ Պարոն Իոաննիսյանի արարքը մեզ համար ըդնունելի չէ, նա փորձում է իր դիրքն օգտագործելով սխալ կարծիք ձեւավորել»։ Մեր ճշտող հարցին՝ թեեւ պնդում են, որ կենցաղային հողի վրա է եղել միջադեպքը, այնուամենայնիվ գյուղապետը  Հարությունյանի աջակի՞ցն է, Վահրամ Պողոսյանն այնպես պատասխանեց․ «Մենք այս պահին ունենք 173 համայնքի ղեկավարներ, որոնք մեր համակիրներն են, բայց կրկնում եմ՝ դեպքը քաղաքական ենթատեքստ չունի։ Ի՞նչ կապ ունի գյուղապետը մեր աջակիցն է, թե ոչ։ Ցանկացած կենցաղային միջադեպի ժամանակ կարող են հայտնվել ե՛ւ մեր, ե՛ւ մյուսների աջակիցները։ Բայց չի կարելի կենցաղային մակարդակի քաշքշուկը կապել «Ազատ հայրենիք» կուսակցության, կամ մեկ այլ կուսակցության հետ»,- եզրափակեց Արցախի նախագահի թեկնածուԱրայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։  Հիշեցնենք, քաղաքացի Հարություն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր տեսանյութեր, որտեղ ծեծկռտուքի տեսարաններ էին։ Տեսանյութի մեկնաբանության բաժնում քաղաքացին գրել է, որ հենց այս պահին ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա:  Արցախի ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ հանցագործության մասին քաղաքացու հաղորդումն ընդունել են, ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հայարփի Բաղդասարյան
22:52 - 01 ապրիլի, 2020
Արցախի նախագահի թեկնածուների կողմնակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Արցախի նախագահի թեկնածուների կողմնակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում տեղի ունեցած միջադեպի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան՝ ասաց ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետի տեղակալ Հայկ Ղամբարյանը։ Քիչ առաջ քաղաքացի Հարություն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր տեսանյութեր, որտեղ ծեծկռտուքի տեսարաններ էին։ Տեսանյութի մեկնաբանության բաժնում քաղաքացին գրել է, որ հենց այս պահին ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա:  Հայկ Ղամբարյանը մեր զրույցում նշեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, ոստիկանությունն ընդունել է քաղաքացու հաղորդումը հանցագործության մասին, ուսումնասիրում է տեսանյութերը։ Ոստիկանապետի տեղակալը բերման ենթարկվածների եւ այլնի մասին տեղեկություններ չհայտնեց։
21:49 - 01 ապրիլի, 2020
Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա․ քաղաքացին հանցագործության մասին հաղորդում է տվել (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա․ քաղաքացին հանցագործության մասին հաղորդում է տվել (տեսանյութ)

Քաղաքացի Հարություն Կարապետյանը հանցագործության մասին հայտարարություն է արել ֆեյսբուքի իր էջում՝ դիմելով Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար գեներալ Լևոն Մնացականյանին։ «Պարոն գեներալ, հենց այս պահին Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում կատարվում է հանցագործություն՝ տես. տեսահոլովակները: ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները, գյուղապետ Պետրոս Ավետիսյանի ղեկավարությամբ հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա: Ծեծ ու ջարդ է հենց այս պահին»,- նշել է նա: Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում տեղի ունեցած միջադեպի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան՝ ասաց ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետի տեղակալ Հայկ Ղամբարյանը։ Հայկ Ղամբարյանը մեր զրույցում նշեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, ոստիկանությունն ընդունել է քաղաքացու հաղորդումը հանցագործույան մասին, ուսումնասիրում է տեսանյութերը։
21:03 - 01 ապրիլի, 2020
Արցախում վստահաբար են խոսում ընտրությունների երկրորդ փուլի մասին, բայց դեռ պետք է սպասել ԿԸՀ-ի թվերին. ՀՀ ԱԺ պատգամավոր |armtimes.com|

Արցախում վստահաբար են խոսում ընտրությունների երկրորդ փուլի մասին, բայց դեռ պետք է սպասել ԿԸՀ-ի թվերին. ՀՀ ԱԺ պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: Արցախում երեկ տեղի ունեցած ընտրությունների հաշվարկները դեռ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ամբողջացվում են, իսկ մինչ այդ արդեն տեղեկություններ կան, որ թեկնածու Արայիկ Հարությունյանին ընդամենը մի քանի հարյուր ձայն կամ կես տոկոս քվե է պակասել նախագահական ընտրություններում հաղթելու համար: Արցախի ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահական ընտրություններում հաղթում է այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին: Եթե թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում այդքան քվե, ապա նշանակվում է՝ ընտրությունների երկրորդ փուլ, որի ժամանակ հաղթում է այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել ավելի մեծ թվով ընտրողներ: Այս պահին եղած տվյալներով՝ Արայիկ Հարությունյանին հաջորդում է Մասիս Մայիլյանը: Մինչ պաշտոնական տվյալների հրապարակումը տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ զրուցել ենք ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ, որը ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում Արցախում է՝ դիտարկելու ընտրությունները: - Տիկի՛ն Հովսեփյան ինչպե՞ս անցան ընտրությունները: - Այն տեղամասերում, որտեղ որ եղել ենք, պատկերը տարբեր էր: Տեղեր կային, որ եղել են խախտումներ, տեղեր կային՝ շատ հանգիստ եւ հանդարտ ընտրություն կատարվեց: Դեռ մարդկանց մտածողությունից դուրս չի եկել հին սովորույթները, որպեսզի հնարավոր լիներ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած մաքրամաքուր ընտրությունների օրինակով ընտրություն տեղի ունենար: Մնում է սպասել եւ տեսնել, թե որքանով է այդ ամենն ազդել, ազդել է, թե չէ ընդհանուր արդյունքների վրա: Այսօր կեսօրից հետո ավելի պարզ կլինի: - Ի՞նչ խախտումներ են արձանագրվել: - Քարոզչական պաստառներ կային տեղամասերի մոտ, կուտակումներ եւ այլն: Մարդիկ դա կապում էին իրար ծանոթ, բարեկամ լինելու հետ, բայց, այնուամենայնիվ, նման բաներ չպետք է լինեն: - Արդեն տեղեկություններ կան, որ ընտրությունների երկրորդ փուլ է սպասվում: Դուք լսե՞լ եք այդ մասին: - Այդ մասին Արցախում կան խոսակցություններ, ինչ-որ տեղ նաեւ վստահաբար են այդ մասին խոսում, բայց գնահատել, էլի եմ ասում, չեմ կարող, որովհետեւ ճիշտ չի լինի: Քանի դեռ հրապարակված թվերն ամբողջական չեն, խոսել երկրորդ փուլի մասին վաղաժամ է: 2-3 ժամ հետո ամեն ինչ հստակ կլինի: Սպասենք, տեսնենք: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
13:09 - 01 ապրիլի, 2020
Արցախում նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններ են. բացվել են տեղամասերը |armenpress.am|

Արցախում նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններ են. բացվել են տեղամասերը |armenpress.am|

armenpress.am:  Արցախի Հանրապետությունում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։ Մարտի 31-ի ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։ Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։ Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ.  1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն 2. «Միասնական հայրենիք» կուսակցություն  3. «Անկախության սերունդ» կուսակցություն  4. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն  5. Արցախի հեղափոխական կուսակցություն 6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք  7. Արցախի «Արդարություն» կուսակցություն 8. Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն 9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն 10. Արցախի Պահպանողական կուսակցություն 11. Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցություն 12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։
09:08 - 31 մարտի, 2020
ԱԳՆ-ն մրցույթ չի հայտարարել, այն հայտարարել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանը՝ 2 տեղի համար․ Մասիս Մայիլյան

ԱԳՆ-ն մրցույթ չի հայտարարել, այն հայտարարել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանը՝ 2 տեղի համար․ Մասիս Մայիլյան

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հերթական կեղծիք ու հերթական հերքում Իմ ու մեր քաղաքական թիմի դեմ հայտարարված տեղեկատվական պատերազմի ակտիվ մասնակից լրատվամիջոցներից մեկը հերթական հերյուրանքն է տարածել, այս անգամ արդեն թիրախավորելով իմ ընտանիքը։ Ըստ այդ կեղծիքի՝ իբր 2019-ին Արցախի ԱԳՆ-ն մրցույթ է հայտարարել արցախցի ինտելեկտուալ երիտասարդության շրջանում՝ ընտրելու այն լավագույնին, ով պիտի արժանանար ԱՄՆ-ում անվճար սովորելու կրթական ծրագրի ուղեգրին: Եւ իբր 13 թեկնածուներից չգիտես ինչու ընտրվել է իմ որդին։ Իրականում ԱԳՆ-ն մրցույթ չի հայտարարել, այն հայտարարել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանը՝ 2 տեղի համար։ Արցախի Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը մրցույթին ներկայացրել է արցախցի 4 երիտասարդների թեկնածությունները, մի թեկնածություն էլ ներկայացրել է Արցախի Մարդի իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Համալսարանը մրցույթը կազմակերպել է առցանց ռեժիմով՝ երկու փուլով, որի արդյունքում հաղթող է ճանաչվել որդիս։ Արդյունքում մի տեղ էլ թափուր է մնացել։ Արցախի ԱԳՆ-ն ոչ մի առնչություն չի ունեցել թե մրցույթի կազմակերպման և թե թեկնածուների առաջադրման հետ։ Մյուս դրվագը․ իբր 2018-ին մեր գերատեսչությունն առանց մրցույթի նոր վեբկայք է պատվիրել և ԱԳՆ-ին հատկացված համապատասխան գումարը փոխանցել իմ որդուն: Իրականում ես արտգործանախարար եմ նշանակվել 2017-ի սեպտեմբերին, իսկ կայքը պատվիրվել է իմ նշանակումից 2 տարի առաջ՝ 2015-ին։ Կայքը պատրաստվել է հայաստանյան AGNIAN (www.agnian.com) ընկերության կողմից, ֆինանսավորումն էլ կատարվել է նույն թվականին։ Իմ պաշտոնավարման ժամանակ պարզապես ավարտին է հասցվել ԱԳՆ պաշտոնական նոր կայքէջի բովանդակային մասը և կազմակերպվել շնորհանդես»։
15:48 - 30 մարտի, 2020
Արցախում այսօր լռության օր է |news.am|

Արցախում այսօր լռության օր է |news.am|

news.am: Արցախում նախընտրական քարոզչության՝ օրենքով նախատեսված ժամանակն ավարտվել է։ Քվեարկության  նախորդող օրը թեկնածուները լուռ են, հանգստանում։ Մարտի 31-ի համապետական ընտրություններին մասնակցելու են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ եւ 2 կուսակցությունների դաշինքներ: Արցախի նախագահի հավակնորդների առաջատարներն են Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը եւ Վիտալի Բալասանյանը: Նախօրեին կայացել է հեռուստատեսային բանավեճ թեկնածուների միջեւ, որին չի մասնակցել Մասիս Մայիլյանը: Արցախի ԿԸՀ-ն սահմանել է Արցախի Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի ընտրությունների քվեաթերթիկների նմուշները. Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկը կլինի վարդագույն, իսկ Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկը կունենա սպիտակ գույն՝ երկու գույնի հատուկ ջրաներկի պաշտպանմամբ: Մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունները լուսաբանելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել են գրեթե 4 տասնյակ լրատվամիջոցների 200-ից ավելի ներկայացուցիչներ: Նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքից ելնելով, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի մամուլի ասուլիսը, որը նախատեսված էր քվեարկության օրվա նախօրեին՝ մարտի 30-ին, հավատարմագրված լրատվամիջոցների եւ դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կկազմակերպվի առցանց: Ասուլիսը կսկսվի մարտի 30-ին՝ ժամը 14:00-ին եւ ուղիղ կհեռարձակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջի միջոցով:
09:51 - 30 մարտի, 2020