Զարեհ Սինանյան

Զարեհ Սինանյանը ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն է։ Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1973թ., 4 դեկտեմբերի, Երեւան Կրթություն Սովորել է Երեւանի թիվ 172 միջնակարգ դպրոցում եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում 1988թ. ընտանիքով տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաստատվել Բըրբանք քաղաքում: Կրթությունը շարունակել է Բըրբանքի John Muir Middle դպրոցում եւ ավարտել Բըրբանքի ավագ դպրոցը:

1992-1997թթ. սովորել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) քաղաքագիտության եւ պատմության բաժիններում, ստացել քաղաքագետի, պատմաբանի որակավորում: 1997-2000թթ. սովորել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել իրավաբանի որակավորում: Աշխատանքային գործունեություն Աշխատել է իրավաբանական կազմակերպություններում: 2013թ. մասնակցել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամի ընտրություններին եւ ընտրվել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ: 2014-2015թթ. նշանակվել է Գլենդելի քաղաքապետ: 2015-2018թթ.՝ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ: 2018-2019թթ.՝ կրկին Գլենդելի քաղաքապետ: 2019թ. հունիսի 14-ին նշանակվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Անկուսակցական է։

Դեկտեմբերին արտագաղթի ցանկություն ունեցողներն ավելի շատ էին, քան այսօր. Զարեհ Սինանյան |armenpress.am|

Դեկտեմբերին արտագաղթի ցանկություն ունեցողներն ավելի շատ էին, քան այսօր. Զարեհ Սինանյան |armenpress.am|

armenpress.am: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը գոնե կարճաժամկետ իմաստով հնարավոր համարում է Հայաստանից արտահոսքը, սակայն ներգաղթի ակնկալիք էլ միշտ ունի: «Այս պահին արտագաղթել ցանկացողներն ավելի շատ են, քան կլինեն վաղը, երբ շոկից դուրս գան: Նույն կերպ կարող ենք ասել, որ դեկտեմբերին արտագաղթի ցանկություն ունեցողներն ավելի շատ էին, քան այսօր», - ասաց Զարեհ Սինանյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե երբ Ռուսաստանի հետ չվերթները բացվեց, առաջին օրը ավելի շատ մարդ եկել է ՀՀ, քան գնացել է, Սինանյանն ասաց, որ թվերին ծանոթ չէ: «Չնայած չեմ զարմանում: Ամեն դեպքում, կարծում եմ՝ Միգրացիոն ծառայությունը թվերն ունի, և դրա հիման վրա վարչապետը նման եզրակացություն է արել», - ասաց նա:
14:45 - 04 փետրվարի, 2021
Զարեհ Սինանյանն Արցախի քաղաքաշինության նախարարի հետ այցելել է արագ կառուցվող փայտե բնակարաններ

Զարեհ Սինանյանն Արցախի քաղաքաշինության նախարարի հետ այցելել է արագ կառուցվող փայտե բնակարաններ

Արցախ աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում են Գլխավոր հանձնակատարի գրասենյակից: «Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը, մեր գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախում բնակարանային ծրագրերը, նշվեց, որ առկա են մինչև 10 հազար արցախցի ընտանիքներ, որոնք այս պահին կացարանի կարիք ունեն: Գլխավոր հանձնակատարն ընդգծեց, որ այցի նպատակը հենց տեղում իրավիճակին և կարիքներին ծանոթանալն է այն Սփյուռքին ներկայացնելու և Արցախի զարգացման գործին արդյունավետորեն ներգրավելու համար:  Կողմերը շեշտեցին, որ օր առաջ պետք է սկսել բնակարանաշինական աշխատանքները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համագործակցությունը և Սփյուռքի տարբեր համայնքներին ներգրավել Արցախի գյուղերի և քաղաքների վերաշինման և ամրապնդման աշխատանքներին:   Այնուհետ Զարեհ Սինանյանը Արամ Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց արագ կառուցվող փայտե բնակարաններ»,- ասված է գրասենյակի Ֆեյսբուքի գրառման մեջ:    
14:12 - 23 հունվարի, 2021
Արայիկ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը

Արայիկ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 23-ին ընդունել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, Արցախում բնակարանաշինության ծրագրերի և անօթևան մնացած քաղաքացիների խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ քաջ գիտակցելով պատերազմի հետևանքներով պայմանավորված հայկական Սփյուռքի տրամադրությունները՝ միաժամանակ ցանկանում է բոլորի ուշադրությունը հրավիրել հայրենի հողում սեփական ապագան կառուցելու նպատակ ունեցող տասնյակ հազարավոր արցախցիներին աջակցելու անհրաժեշտության վրա: Նա շեշտադրել է, որ միայն համահայկական ջանքերի միջոցով է հնարավոր լինելու վերականգնել ու զարգացնել Արցախը, և այդ առումով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համատեղ ու համակարգված աշխատանքը պարտադիր պայման է: Զարեհ Սինանյանն իր հերթին նշել է, որ ինչպես միշտ, արցախահայությունը միայնակ չէ, և կենսական նշանակության բոլոր խնդիրների լուծման գործում համապատասխան միասնական աշխատանքներ են իրականացվելու: Հանդիպմանը ներկա էին ՀՀ և ԱՀ կառավարությունների անդամներ, պաշտոնատար այլ անձինք:
13:00 - 23 հունվարի, 2021
Լրատվական կայքերից բավական պարզ պատկեր ունեի, որ մեր գործերը լավ չեն, բայց չէի պատկերացնում, որ այդքան վատ են․ Զարեհ Սինանյանը՝ պատերազմի մասին |tert.am|

Լրատվական կայքերից բավական պարզ պատկեր ունեի, որ մեր գործերը լավ չեն, բայց չէի պատկերացնում, որ այդքան վատ են․ Զարեհ Սինանյանը՝ պատերազմի մասին |tert.am|

tert.am: Մարդիկ շոկի մեջ են, մարդիկ պատասխաններ են փնտրում, մարդիկ ուզում են հասկանան՝ ոնց եղավ, չնայած պատասխաններն, իմ կարծիքով, պարզ են: Այս մասին լրագրողներին ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Սփյուռքի տրամադրություններին, հիասթափություններին: Նա նշեց՝ երկար ժամանակ է պետք, որ մարդիկ ստանան այդ հարցերի պատասխանները: Խոսելով «Հայաստան» համահայկական հիմանդրամի շուրջ ստեղծված աղմուկի մասին՝ Սինանյանն ասաց, որ եթե բացատրական աշխատանքներ չտարվի, թե գումարներն ինչպես ու ինչու են օգտագործվում, ինչ նպատակով, խնդիր կլինի: Պատասխանելով հարցին՝ որքան էր մոտ իրականությանը պատերազմի օրերին 40 օր շարունակ ասել՝ «հաղթելու ենք» և ինքը հավատում էր արդյոք, Զարեհ Սինանյանն ասաց. «Հավատացեք, որ ձեզանից շատ ավելի տեղեկություն չեմ ստացել, դա է իրականությունը: Իհարկե, տեղեկատվական կայքերից բավական պարզ պատկեր ունեի, որ լավ չեն մեր գործերը, բայց չէի պատկերացնում, որ այդքան վատ են, չէի պատկերացնում, որովհետև նման տեղեկություն ինձ ոչ մեկ չէր փոխանցել»,-ասաց նա: 
13:56 - 14 հունվարի, 2021
Հայրենիքն առավել քան երբևէ ունի մեր ուժի, համախմբման և հոգածության կարիքը. Զարեհ Սինանյան

Հայրենիքն առավել քան երբևէ ունի մեր ուժի, համախմբման և հոգածության կարիքը. Զարեհ Սինանյան

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամանորյա ուղերձ է հղել: Ուղերձում ասվում է.   «2020-ը մեր պատմության ամենածանր տարիներից մեկն էր: Տարեսկզբին մենք հայտնվեցինք առողջապահական պատերազմում՝ պայքարելով կորոնավիրուսի դեմ, կտրվեց ֆիզիկական կապը աշխարհի, այդ թվում նաև՝ սփյուռքի հետ: Փակ սահմաններով, սահմանափակ հնարավորություններով, սակայն քաջ գիտակցելով Հայաստան-սփյուռք կապը՝ մենք փորձեցինք ձեզ հնարավորինս մոտեցնել հայրենիքին, հայրենիքն էլ ինչ-որ չափով մոտեցնել ձեզ:   Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն անդառնալի կորուստներ հացրեց Հայաստան աշխարհին: Այսօր մեզնից յուրաքանչյուրն ապրում է իր ցավն ու կորուստը, սակայն մեր Հայրենիքն առավել քան երբևէ ունի մեր ուժի, սթափության, համախմբման, հոգածության և զավակի սիրո կարիքը: Համոզված եմ՝ հաջորդ տարի մենք բեկում կունենանք Հայաստան-սփյուռք հարաբերություններում:    Վստահ եմ՝ հաջորդ տարին դառնալու է նախևառաջ սերտած դասերի հիման վրա հայրենաշինության և պետականաշինության տարի»:   
14:31 - 31 դեկտեմբերի, 2020
Աշխատանքի միջոցով պետք է ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող հումանիտար օգնությունը 100 մլն դոլարի հասցնել. Զարեհ Սինանյան

Աշխատանքի միջոցով պետք է ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող հումանիտար օգնությունը 100 մլն դոլարի հասցնել. Զարեհ Սինանյան

Այսօր Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներ Արփի Վարդանյանի (տարածաշրջանային գրասենյակի տնօրեն) և Մարիամ Խալոյանի (Կոնգրեսի հետ հարաբերությունների գծով տնօրեն) հետ: Ներկայացվել են կառույցի ջանքերը, որոնք միտված են ամերիկահայության հետ  աշխատանքի միջոցով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող հումանիտար օգնությունը 100 մլն դոլար հասցնելուն, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների դատապարտմանը:   Այս մասին տեղեկացնում է  Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակը: «Զարեհ Սինանյանը վերահաստատել է, որ մեր գրասենյակը պատրաստակամ է աշխատել սփյուռքի բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, որոնք ցանկանում են վերակառուցել և հզորցանել հայրենիքը»,-ասված է գրասենյակի ֆեյսբուքյան գրառման մեջ:
22:40 - 01 դեկտեմբերի, 2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է ստարտափերների հետ

Զարեհ Սինանյանը հանդիպել է ստարտափերների հետ

GovTech ծրագրի աքսելերացիոն փուլի շրջանակում եզրափակիչ անցած ստարտափները հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց տեխնոլոգիական լուծումները, վերջին թարմացումները և արձագանքներ ստացան մեր գրասենյակից՝ հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:    «Մասնակցում էին Into.thetech, TeachSurfing, MyRoomy և HyeR ստարտափները, որոնք սեպտեմբերին հաջողությամբ անցել են «GovTech» բութքեմփը և սկսել աշխատել իրենց լուծումների զարգացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ողջունեց ստարտափերներին, այնուհետ մասնակիցներն առավել մանրամասն անդրադարձան իրենց նախագծերին և ծանոթացան մեր գրասենյակի առաջնահերթություններին:   Աքսելերացիոն փուլը կտևի 2 ամիս, որի ընթացքում մեր թիմը և մենթորները կաջակցեն ստարտափներին՝ կատարելագործել իրենց բիզնեսը և բարելավել մրցակցային դիրքը մինչ վերջնական փիչը»,- ասված է հարղորդագրության մեջ:
16:25 - 30 նոյեմբերի, 2020
Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայ համայնքի բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ

Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայ համայնքի բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասեցյակից տեղեկացնում են, որ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայ համայնքի բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Այս պահին բոլոր հիմնադրամներն աշխատում են Արցախի բնակչությանն աջակցություն տրամադրելու ուղղությամբ` սնունդ, կացարան, ֆինանսական օգնություն և այլն: Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են հիմնադրամների կատարած աշխատանքները, և թե ինչպես Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կարող է նպաստել նրանց գործունեությանը: Հանդիպման ավարտին հստակեցվել է, որ առաջին հերթին հիմնադրամներին անհրաժեշտ է համակարգված աշխատանք ՀՀ մի քանի գերատեսչությունների հետ: Այս և այլ խնդիրների լուծման շուրջ գրասենյակը կշարունակի աշխատանքները:
19:33 - 29 նոյեմբերի, 2020
Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել |armenpress.am|

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել |armenpress.am|

armenpress.am: Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարությունից հետո նոյեմբերի 10-ին երկու լիբանանահայ է անհետացել: Այս մասին նոյեմբերի 26-ին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Մենք այսօր ունենք երկու լիբանանահայ, որոնք անհետացել են: Մեկ կին և մեկ տղամարդ անհետացել են Արցախում, զինադադարից հետո: Գնացել են իրենց ունեցվածքը հանելու և այդ մարդիկ չկան: Փորձում ենք պարզել, թե որտեղ են, բայց չենք կարողանում գտնել նրանց, թուրքերի մոտ են իրենց հեռախոսները»,- ասաց Սինանյանը: Լիբանանահայերից մեկը հայրենիք է վերադարձել Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո` ցանկություն հայտնելով վերաբնակվել Արցախում: Նա ժամանակավորապես տեղավորվել է Շուշի քաղաքի հյուրանոցում` մինչև բնակության համար հատկացվելիք տան հանձնումը: Պատերազմը սկսվելուց հետո տեղափոխվել է Գորիս, իսկ ռազմական գործողությունների դադարեցումից հետո` նոյեմբերի 10-ին, մեկ այլ լիբանանահայ տղամարդու հետ Բերձորից ենթադրաբար մեկնել է Շուշի` իր իրերի հետևից: Լիբանանահայերի հետ կապ հաստատել չի հաջողվել, իսկ ավելի ուշ թուրք կամ ազերի անձինք պատասխանել են նրանց հեռախոսին, սկզբում հայտնել, որ կինը գերի է, հետո նշել, թե սպանված է: Լիբանանահայ տղամարդու վերաբերյալ տեղեկություններ չկան: Դեպքի վերաբերյալ տեղեկությունները փոխանցվել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, Կարմիր Խաչին և Ազգային անվտանգության ծառայությանը:
17:22 - 26 նոյեմբերի, 2020
Զարեհ Սինանյանը տեսակապով հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի քաղաքական-հասարակական շրջանակների ակտիվ ներկայացուցիչների հետ

Զարեհ Սինանյանը տեսակապով հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի քաղաքական-հասարակական շրջանակների ակտիվ ներկայացուցիչների հետ

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակազմը հայտնում է,  որ գրասենյակը սկսել է երկխոսություն սփյուռքի տարբեր համայնքների հետ: Հետապատերազմյան խնդիրները քննարկելու և համատեղ աշխատանքի համակարգման նպատակով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեսակապով հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի քաղաքական-հասարակական շրջանակների մի խումբ ակտիվ ներկայացուցիչների հետ: Երկու ժամից ավելի տևած քննարկման ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել լիովին ներգրավված լինել Հայաստանի և Արցախի վերականգնման և զարգացման, պատերազմի հետևանքների վերացման, վիրավորների ապաքինման, կարիքավոր ընտանիքներին աջակցման գործընթացներին: Բոլոր միակամ են եղել, որ այս պայմաններում ամենակարևորը միասնականությունն ու Հայաստանում կայունության հաստատումն է:
22:29 - 21 նոյեմբերի, 2020