Համաշխարհային բանկ

Համաշխարհային բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը զարգացող երկրներին վարկ է տրամադրում ենթակառուցվածքային հիմնական ծրագրեր իրականացնելու համար։ Հիմնադրվել է 1945 թ․ դեկտեմբերի 27-ին։ Գլխադասային գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում։ 

Ներկայումս «Համաշխարհային բանկ» փաստացի նշանակում է երկու կազմակերպություն՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ և Զարգացման միջազգային ասոցիացիա։ Տարբեր ժամանակներում ՀԲ-ի խնդիրները լուծելու համար դրանց են միացել ևս երեք կազմակերպություն՝ Միջազգային ֆինանսական կորպորացիան, Ներդրումների երաշխավորման բազմակողմանի գործակալությունը, Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը։ Բոլոր հինգ կազմակերպությունները մտնում են ՀԲ կազմակերպությունների խմբի մեջ և կոչվում են Համաշխարհային Բանկի Խումբ։                                                                                

Առաջիկայում կգործարկվի շուրջ 400 ծառայությունների էլեկտրոնային մատուցման հարթակը․ Ավինյանն ընդունել է Մոլինեուսին

Առաջիկայում կգործարկվի շուրջ 400 ծառայությունների էլեկտրոնային մատուցման հարթակը․ Ավինյանն ընդունել է Մոլինեուսին

Մարտի 4-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:Փոխվարչապետն արտահայտելով իր գոհունակությունը ՀԲ-ի հետ ընթացող համագործակցության կապակցությամբ, ինչպես նաև ընդգծելով, որ ՀԲ-ը Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ համատեղ աշխատանքն առանձնանում է դրական արդյունքներով:Փոխվարչապետի գրասենյակը տեղեկացնում է, որ Սեբաստիան Մոլինեուսն արտահայտել է իր ուրախությունը Հայաստան կատարած այցելության առթիվ՝ նշելով, որ, թեև նախորդ տարին լի էր դժվարություններով և ծանր արդյունքներով, սակայն այսօր նա Հայաստանում տեսնում է հույս և հավատ վաղվա օրվա հանդեպ: Այդ համատեքստում նա արտահայտել է ՀԲ-ի պատրաստակամությունը շարունակելու ընթացիկ համագործակցությունը, ինչպես նաև նախանշելու այն ոլորտները, որտեղ համատեղ աշխատանքի հնարավորություններ կան:Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության ներկայիս առաջնահերթությունները՝ անդրադառնալով «Տնտեսական արձագանքման ծրագրին» և դրա մի քանի բաղադրիչներին, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող աջակցությանը, տեխնիկական կանեփի և այլ մշակաբույսերի արտադրությանը, կապիտալ և քաղաքաշինական ծրագրերին: Տիգրան Ավինյանը ընդգծել է «Տնտեսական արձագանքման ծրագրի» կարևորությունը տնտեսության վերականգնման և այն նորմալ զարգացման ուղու վրա կրկին դնելու տեսանկյունից:Անդրադարձ է եղել Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին, այդ թվում՝ ծառայությունների թվայնացման գործընթացին: Փոխվարչապետը ներկայացրել է այս հարցում արդեն իսկ արձանագրված առաջընթացը՝ նշելով, որ այս տարի արդեն հասանելի կլինի էլեկտրոնային ստորագրության գործիքը, իսկ շատ մոտ ապագայում նախատեսվում է ամբողջությամբ գործարկել վերոնշյալ շուրջ 400 ծառայությունների էլեկտրոնային մատուցման հարթակը:
19:20 - 04 մարտի, 2021
Փոխվարչապետը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենի հետ

Փոխվարչապետը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:  Փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով Համաշխարհային բանկին դժվար ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու և պատերազմից տուժած Հայաստանում գտնվող արցախցի ընտանիքներին աջակցության ծրագիրը համաֆինանսավորելու պատրաստակամության համար, ներկայացրել է պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Կառավարության ջանքերը: Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև Կառավարության կողմից կորոնավիրուսային համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացված միջոցառումների միջանկյալ արդյունքներին: Զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնման հեռանկարային ուղղությունները, մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: 
17:15 - 04 մարտի, 2021
ԿԳՄՍ-ն նախանշել է Համաշխարհային բանկի հետ համագործակցության նոր ուղղությունները

ԿԳՄՍ-ն նախանշել է Համաշխարհային բանկի հետ համագործակցության նոր ուղղությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը տեսաhանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի հետ։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ։ Ողջունելով ՀԲ-ի պատվիրակությանը՝ նախարար  Դումանյանը բարձր է գնահատել բանկի հետ համագործակցությունը և ընդգծել, որ նախարարությունը շահագրգիռ է իրականացվող  ծրագրերի շարունակականությամբ և պատրաստակամ է զարգացնել այդ գործընկերությունը։ «Ցավոք, ամբողջ աշխարհում համավարակն իր բացասական ազդեցությունն ունեցավ նաև կրթական համակարգի վրա։ Բացի դրանից՝ մեր երկիրն անցավ սարսափելի պատերազմի միջով, և մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ երկրի անվտանգության և զարգացման հիմքում միանշանակ ընկած է կրթությունը։ Արցախի մշակութային ժառանգության մի զգալի հատված, դժբախտաբար, գտնվում է անմիջական վտանգի ներքո, հետևաբար մենք կարևորում ենք համամարդկային այդ արժեքների պահպանությունը, այդ թվում՝ առաջադեմ մարդկության ջանքերի շնորհիվ»,-նշել է նախարարը և շեշտել, որ բարձրագույն կրթությունն ու գիտությունն անբաժանելի են, և բնագիտական ուղղություններին հատուկ կարևորություն է տրվելու։ Վ. Դումանյանի խոսքով՝ հանրակրթության ոլորտում, որը հանդիսանում է կրթության հիմքը, բարեփոխումները ևս կշարունակվեն։  Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն Վահրամ Դումանյանին շնորհավորել է նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և փաստել, որ ՀԲ-ն տարիներ շարունակ եղել է Հայաստանի գործընկերը կրթության ոլորտում՝ սկսած վաղ մանկությունից մինչև բարձրագույն կրթության ոլորտ։ Ըստ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարի՝ համատեղ իրականացվող ծրագրերից մեկը մոտենում է ավարտին, և անհրաժեշտ է նախանշել հետագա համագործակցության ուղղությունները և առաջնահերթությունները։ Սիլվի Բոսութղոն վստահություն է հայտնել, որ Հայաստանը կարող է լավագույնս իրացնել ՏՀՏ ոլորտի իր ներուժը, մասնավորապես՝ արհեստական բանականության բնագավառում։ «Հայաստանի մարդկային ներուժն ահռելի է, և դա պետք է օգտագործել՝ ի նպաստ ՀՀ տնտեսության և հասարակության զարգացման։ Չնայած առկա բոլոր դժվարություններին՝ Հայաստանը պետք է ոտքի կանգնի, շարունակի ապրել և լիարժեք իրացնել այդ ներուժը»,- ասել է Սիլվի Բոսութղոն։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչը շնորհավորել է Հայաստանին՝ վերջերս հրապարակված մաթեմատիկայի և բնագիտության 2019 թվականի միջազգային գնահատման արդյունքների կապակցությամբ՝ նշելով, որ մեր երկիրն արձանագրել է 42 միավորային կետով բարելավում, ինչը, ըստ նրա, ահռելի առաջընթաց է։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է ՀԲ-ի հետ իրականացվող «Կրթության բարելավում» և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրերի բարեհաջող ընթացքին՝ որպես գործընկեր ընդգծելով բանկի աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմը։ Նա նաև ներկայացրել է 2021-25 թթ. կրթության ռազմավարության մշակման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Ժաննա Անդրեասյանն իր հերթին անդրադարձել է վերոնշյալ երկու ծրագրերի շրջանակում իրականացվող գործընթացներին, մասնավորապես՝ առարկայական չափորոշիչների մշակման, հետագայում դրանց ներդրման, ուսուցիչների լայնածավալ վերապատրաստման, դասագրքրեի փոփոխության և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման խնդիրներին։ Փոխնախարարը կարևորել է նախակրթարանների հիմնման, ավագ դպրոցների հիմնանորոգման, «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» միջոցով բուհերում լաբորատորիաների կազմավորման գործընթացները։ Նա նաև շեշտել է համավարակի պայմաններում մեկ այլ կարևոր համագործակցության՝ ճգնաժամային իրավիճակում նախադպրոցական ծառայությունների մոդելի գծագրման և դաստիարակների վերապատրաստման ծրագրի, ինչպես նաև մարզային 101 ուսումնական հաստատություններում, որտեղ ուսուցչի բացակայության պատճառով որևէ առարկա չի դասավանդվում, հեռաուսուցման լաբորատորիաներ ստեղծելու մասին: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հետագա աշխատանքային քննարկումների ընթացքում առավել մանրամասն և հստակ կնախանշվեն համագործակցության ուղղությունները։
12:39 - 16 դեկտեմբերի, 2020
Նախադպրոցական հաստատություններում կներդրվի աղետների դիմակայունության բարձրացման մոդել

Նախադպրոցական հաստատություններում կներդրվի աղետների դիմակայունության բարձրացման մոդել

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը փնտրում է կազմակերպություն, որը կիրականացնի դաստիարակների վերապատրաստման հետ կապված աշխատանքներ։ Մասնավորապես, կազմակերպությունն իրականացնելու է նախադպրոցական հաստատությունների վերապատրաստում՝ հիմնվելով գնահատված կարիքների եւ մշակված վերապատրաստման մոդուլի նախագծի վրա։ Վերապատրաստման նպատակն է՝ զարգացնել նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների հմտություններն ու կարողությունները, բարձրացնել դժվարությունների եւ ճգնաժամերի մասով նրանց իրազեկությունը եւ պատրաստվածությունը, որպեսզի վերջիններս կարողանան աջակցություն տրամադրել երեխաներին եւ ծնողներին։ Մասնավորապես, վերապատրաստման առանցքային բաղադրիչները լինելու են կորոնավիրուսի պայմաններում նախադպրոցական հաստատությունների վերաբացմանն ու աշխատանքին ուղղված կոնկրետ քայլերը, նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների հետ աշխատելու կոնկրետ պայմանները եւ ծնողների հետ աշխատելու կոնկրետ պահանջները։ Վերապատրաստման ծրագիրը կզարգացնի նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների կարողություններն ու հմտությունները՝ նրանց իրազեկությունն ու պատրաստվածությունը բարձրացնելու, երեխաներին ու ծնողներին օժանդակություն տրամադրելու եւ ստացիոնար ծառայությունների բացակայության պայմաններում հեռավար ուսուցման հմտությունները զարգացնելու նպատակով։ Այս աշխատանքների նպատակն է՝ բարելավել կրթության համակարգի պատրաստվածությունը, արձագանքման եւ վերականգնման կարողությունը՝ միաժամանակ մեծացնելով ապահով եւ գործուն կրթության հասանելիությունը եւ ապահովելով նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների եւ աշխատակիցների ֆիզիկական եւ հոգեկան առողջությունն ու ապահովությունը։ Առաջադրանքը նախատեսում է՝ 1. նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների եւ օժանդակ կադրերի վերապատրաստման իրականացում՝ դասընթացավարների ընտրություն, նրանց վերապատրաստում՝ մոդուլներն արդյունավետ կերպով մատուցելու նպատակով, եւ դասընթացավարների գնահատում մոդուլի վերջում 2. արդյունքների, վերլուծության ներկայացում, քննարկում եւ միջամտության արդյունքում ձեւավորված առաջարկություններ։ Կազմակերպությունը պետք է պատրաստի աշխատանքի արդյունքները, վերլուծությունն ու առաջարկությունները ներկայացնող վերջնական հաշվետվություն, որը կներառի նաեւ Համաշխարհային բանկի թիմի կարծիքները, ինչպես նաեւ պետք է անցկացնի արդյունքների ներկայացման աշխատաժողով՝ բոլոր կողմերի մասնակցությամբ։ Հայտերը պետք է անգլերեն լեզվով ներկայացվեն մինչեւ նոյեմբերի 10-ը, էլեկտրոնային տարբերակով՝ Համաշխարհային բանկի խմբի eConsultant2 համակարգով։
10:57 - 31 հոկտեմբերի, 2020
ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելներն արժանացել են ՀԲ-ի ներկայացուցիչների ուշադրությանը

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելներն արժանացել են ՀԲ-ի ներկայացուցիչների ուշադրությանը

Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները տեսակոնֆերանսի միջոցով քննարկել են արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման կիրառմամբ ռիսկերի վերլուծություն իրականացնելու և հարկային ստվերը բացահայտելու հնարավորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է ՊԵԿ-ում ներդրված էլեկտրոնային կառավարման համակարգերը։ Նա տեղեկացրել է, որ կոմիտեն տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացված գործարքների մասին տեղեկատվությունն ստանում է բացառապես էլեկտրոնային եղանակով` առանց տնտեսվարողներին լրացուցիչ ծանրաբեռնելու: Բացի այդ գործում են այլ գերատեսչությունների հետ տվյալների փոխանակման սխեմաներ։ Միքայել Փաշայանը ներկայացրել է հավաքագրվող տվյալների վերլուծության և մեքենայացված ուսուցման բաղադրիչների կիրառմամբ ստացված արդյունքների հստակ օրինակներ, որոնք վերաբերել են հարկ վճարողների փոխկապակցվածությանը, ստվերի բացահայտմանը և ապրանքների հետագծելիությանը։ Նա հայտնել է, որ տեղեկատվական բազաների տվյալների հիման վրա Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ մշակվել է մեքենայական ուսուցման և արհեստական բանականության տարրերով վերլուծական մոդել, որը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ հայտնաբերել ռիսկային հարկ վճարողներին և կազմակերպել նրանց նկատմամբ թիրախավորված վերահսկողություն։ Կոնֆերանսի մասնակիցները բարձր են գնահատել նշված ուղղություններով ՊԵԿ-ում իրականացված աշխատանքները։  
15:03 - 29 հոկտեմբերի, 2020
Մհեր Գրիգորյանը և ՀԲ փոխնախագահը քննարկել են համատեղ ծրագրերն ու հետագա համագործակցության շրջանակը

Մհեր Գրիգորյանը և ՀԲ փոխնախագահը քննարկել են համատեղ ծրագրերն ու հետագա համագործակցության շրջանակը

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Տարեկան հանդիպումների շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի մասով փոխնախագահ Աննա Բյերդեի հետ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, տեսազանգի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀԲ փոխնախագահին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետն անդրադարձել է Արցախի խաղաղ բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ նշելով, որ սեպտեմբերի 27-ից սկսած հարվածներ են հասցվում Արցախի քաղաքներին և բնակավայրերին, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտին: Մհեր Գրիգորյանը նաև շեշտել է, որ այս պատերազմը չէր սկսի առանց Թուրքիայի կողմից ամբողջական ներգրավվածության և աջակցության՝ ընդգծելով, որ կան փաստեր Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների և ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ներգրավվածության և հակամարտության գոտի նրանց տեղափոխման վերաբերյալ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումն ու թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայի դատապարտումը: Ընդգծելով, որ Համաշխարհային բանկը եղել և մնում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը՝ փոխվարչապետը կարևորել է ՀԲ՝ Երկրի գործընկերության շրջանակի հիմնական ուղղությունները, ներառյալ տնտեսական մրցունակության բարձրացումն ու արտահանման խթանումը, մարդկային կապիտալի զարգացումը և շրջակա միջավայրի և բնական պաշարների կայուն կառավարումը: Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու հետագա համագործակցության շրջանակը: Անդրադարձ է կատարվել նաև երկրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակին: Փոխվարչապետը ներկայացրել է կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներն՝ ուղղված կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանը:
22:52 - 14 հոկտեմբերի, 2020
Համավարակի պատճառով ճգնաժամն անհրաժեշտ Է դիտարկել որպես տնտեսական դեպրեսիա. ՀԲ

 |armenpress.am|

Համավարակի պատճառով ճգնաժամն անհրաժեշտ Է դիտարկել որպես տնտեսական դեպրեսիա. ՀԲ |armenpress.am|

armenpress.am: Նոր կորոնավիրուսի համավարակի հարուցած ներկայիս ճգնաժամը հարկ Է դիտարկել որպես տնտեսական դեպրեսիա: Այս կարծիքն Է հայտնել Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Դեւիդ Մելփասը հոկտեմբերի 12-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում: «Վախենամ, որ մենք պետք Է դա դիտարկենք որպես տնտեսական դեպրեսիա,- կարծում Է նա:- Հարցն այն Է, թե որքան երկար դա կտեւի. 1930-ական թվականներին (այն) տեւեց 10 տարի կամ որոշ երկրներում ավելի երկար, եւ ես հուսով եմ, որ այս անգամ այն ավելի կարճատեւ կլինի, ինչպես կառավարությունների գործողությունների, այնպես Էլ մասնավոր հատվածի գործողությունների պատճառով: «Անհամեմատ շատ տեղեկատվություն Է մատչելի մարդկանց անհամեմատ շատ խմբերի ամբողջ աշխարհում, նրանցից միլիոնավորները փոխգործակցում են՝ փորձելով հասկանալ ճգնաժամը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել (տնտեսության) վերականգնման համար,- հավելել Է ՀԲ-ի ղեկավարը:- Եվ դա հզոր միջոց Է, որը չկար Մեծ դեպրեսիայի ժամանակներում»: Մելփասը նշել Է, որ ինքն ստույգ գնահատում չունի, թե համաշխարհային տնտեսությունը երբ կվերադառնա մինչճգնաժամային մակարդակին: «Հատկապես զարգացող երկրների դեպքում դա երկար տարիներ կզբաղեցնի»,- ընդգծել Է նա: Ըստ որում, ՀԲ-ի նախագահի կարծիքով՝ զարգացած տնտեսությամբ երկրները կվերականգնվեն ավելի արագ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:17 - 12 հոկտեմբերի, 2020
Միջազգային հեռավար աշխատաժողովի թեման է եղել ՀՀ-ում սոցիալական վճարների թվայնացումը

Միջազգային հեռավար աշխատաժողովի թեման է եղել ՀՀ-ում սոցիալական վճարների թվայնացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության և զբաղվածության պրակտիկայի գլոբալ տնօրեն Միխալ Ռուտկովսկու նախագահությամբ կայացել է հեռավար աշխատաժողով՝ նվիրված սոցիալական վճարների թվայնացման և ապականխիկացման խնդրին: Քննարկմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, աշխատաժողովի ընթացքում Կառավարության ներկայացուցիչների և Համաշխարհային բանկի ոլորտային փորձագետների մասնակցությամբ քննարկվել են Հայաստանում նպաստների և թոշակների փոխանցման առկա մեխանիզմները, ինչպես նաև անկանխիկ տնտեսություն վարելու մարտահրավերներն ու հնարավորությունները: Մասնակիցներն ընդգծել են կառավարություն-քաղաքացի վճարումների թվայնացման և ապականխիկացման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը: Փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը: Նա մասնավորապես կարևոր է համարել այս աշխատաժողովի հիմնական թեման՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսային վարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով պայմանավորված սոցիալական վճարների փոխանցման հարցը դարձել է առավել քան արդիական: Քննարկման ավարտին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին կառուցողական համագործակցության համար: 
20:38 - 07 հուլիսի, 2020
Դվին հնավայրի վերականգնման համար նոր մրցույթ կհայտարարվի. առաջին փուլով ներդրումը 145 միլիոն դրամ է |armenpress.am|

Դվին հնավայրի վերականգնման համար նոր մրցույթ կհայտարարվի. առաջին փուլով ներդրումը 145 միլիոն դրամ է |armenpress.am|

armenpress.am: Արարատի մարզի Հնաբերդ համայնքում գտնվող Դվին հնավայրի վերականգնման աշխատանքները ներկա դրությամբ հատել են նախագծային փուլը: Նախագծման աշխատանքները կատարվել են «Բեդրոսյան ճարտարապետական գրասենյակ» ընկերության կողմից: Այս մասին նշեց Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը:  «Մինչ օրս աշխատանքները սկսելու համար հայտարարվել է մի քանի մրցույթ, որոնք տարբեր պատճառներով հետաձգվել են: Այժմ պատրաստվում ենք հայտարարել նոր  մրցույթ, լիահույս ենք, որ այս անգամ նախատեսվող ծրագրին մասնակից համապատասխան ընկերություն կունենանք: Դրանից է կախված աշխատանքների շարունակությունը»,-ասաց Արթուր Սողոմոնյանը:  Դվին հնավայրում նախատեսված է երեք հուշարձանի ամրակայում և վերականգնում: Դրանք են՝ Կաթողիկոսարանի առաջին և երկրորդ պալատները և Սուրբ Գրիգոր Կաթողիկե եկեղեցին, որոնք տարիների ընթացքում կարելի է ասել հողի տակ են անցել՝ բոլոր բացասական հետևանքներով:  Աշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ Տեղական տնտեսության զարգացման ծրագրի շրջանակում՝ Համաշխարհային բանկից ստացված  վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Առաջին փուլով ներդրումը կազմելու է շուրջ 145 միլիոն դրամ:  «Հնագետների հետ գործակցությունն այժմ միայն բանավոր պայմանավորվածությունների փուլում է, բայց այդ աշխատանքներն առանց հնագետների պարզապես անհնար են և անթույլատրելի, ուստի բոլոր դեպքերում՝ նախ կաշխատեն հնագետները, ապա՝ կառուցապատողը»,-ասաց Արթուր Սողոմոնյանը:   Թե հնավայրի տարածքում զբոսաշրջային տեսանկյունից ինչպիսի ենթակառուցվածքներ են նախատեսված, այդ մասին Արթուր Սողոմոնյանը վաղ է համարում խոսելը:  «Այս պահին վաղ է խոսել ենթակառուցվածքների մասին, քանի որ գործ ունենք խիստ առանձնահատուկ տարածքի հետ. այս հարցին հնարավոր կլինի պատասխանել բացառապես տարածքի լիարժեք պեղումներից և վերականգնումից հետո: Դա է պատճառը, որ աշխատանքները բաժանվել են երկու փուլի, առաջին փուլում խնդիր է դրված զգուշորեն և առանց ճարտարապետական կառուցվածքը վնասելու կատարել վերականգնում, որից հետո միայն կմեկնարկեն զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները»,-հավելեց նա: 
09:41 - 06 հուլիսի, 2020
Հայաստանում ավելի քան 1 միլիարդ 598 միլիոն դրամի ներդրում է կատարվում 6 մարզում |armenpress.am|

Հայաստանում ավելի քան 1 միլիարդ 598 միլիոն դրամի ներդրում է կատարվում 6 մարզում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացնում է սոցիալական ներդրումների և տեղական զարգացման լայնածավալ ծրագիր, որի առաջին բաղադրիչով  իրականացվում են համայնքների առաջնային կարիքների բավարարմանն ուղղված միկրոծրագրեր համայնքների կողմից ներկայացրած հայտերի և առաջարկների հիման վրա: ՍՆՏԶ ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում իրականացման տարբեր փուլերում են գտնվում  11 միկրոծրագրեր` Արարատի, Շիրակի, Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում` 1.598.573.964 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից, իրականացվող աշխատանքներն ընդգրկում են Զառիթափ խոշորացված համայնքի Խնձորուտ բնակավայրի ջրաղբյուրի և խմելու ջրագծի վերակառուցումը՝ 16.052.238 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Երասխ համայնքի դպրոցի մեկ մասնաշենքի վերակառուցումը՝ մանկապարտեզի տեղակայումով` 116.611.065 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Բերդ խոշորացված համայնքի Պառավաքար բնակավայրի խմելու բաշխիչ ցանցի վերակառուցումը՝ 155.812.702 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Արենի խոշորացված համայնքի Ռինդ բնակավայրի մանկապարտեզի վերակառուցումը՝ 126.733.914 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Այգավան համայնքի մանկապարտեզի վերակառուցումը՝ 129.132.352 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի կառուցումը` 171.178.976 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Վանաձոր համայնքի 11-րդ մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի վերակառուցումը` 184.631.766 ՀՀ դրամ նախնական արժողությամբ: Իրականացվում են նաև նախագծման աշխատանքներ.մասնավորապես՝ Տեղ խոշորացված համայնքի Խնածախ բնակավայրի խմելու ջրի ջրագծի կառուցում՝ 136.593.972 ՀՀ դրամ նախնական արժողությամբ,  Փանիկ համայնքի մանկապարտեզի վերակառուցում՝ 162.174.659 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Հոռոմ համայնքի մանկապարտեզի կառուցում՝ 199.826.160 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Գյումրու «Զանգակ» մանկապարտեզի կառուցում՝ 199.826.160 ՀՀ դրամ նախնական արժողությամբ: Նույն ծրագրի երկրորդ բաղադրիչով  ևս իրականացվում են լայնածավալ աշխատանքներ, որոնց վերաբերյալ կիրազեկենք առաջիկայում:
17:29 - 13 հունիսի, 2020
Համաշխարհային բանկը 1 տարով չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան 1.7% տոկոսադրույքը

Համաշխարհային բանկը 1 տարով չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան 1.7% տոկոսադրույքը

Հաշվի առնելով աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020 թվականին տնտեսական իրավիճակի վատթարացման վերաբերյալ կանխատեսումները՝ միջազգային ֆինանսական կառույցները փորձում են հնարավորինս աջակցել անդամ-պետություններին հաղթահարելու համավարակի հետևանքները: Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի արդյունքում Զարգացման Միջազգային Ընկերակցության  կողմից Հայաստանին տրամադրված մի շարք վարկերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (տարեկան 1.7% դրույքաչափով) կիրառման մասին նախկինում կայացրած որոշումը մեկ տարի ժամկետով չեղարկվել է և չի կիրառվելու ֆիսկալ տարվա ընթացքում (2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը): Համաշխարհային Բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում՝ արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 13 մլն ԱՄՆ դոլար:
19:17 - 10 հունիսի, 2020
Համաշխարհային բանկը պատրաստակամ է Հայաստանին աջակցել վարակի հետևանքները չեզոքացնելու գործում

Համաշխարհային բանկը պատրաստակամ է Հայաստանին աջակցել վարակի հետևանքները չեզոքացնելու գործում

 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Աննա Բյերդեի և նույն պաշտոնում իր լիազորություններն ավարտող Սիրիլ Մյուլերի հետ: Տեսազանգին հայկական կողմից մասնակցել են նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը, ՀԲ կողմին շնորհակալություն հայտնելով տեսազանգի նախաձեռնության համար, նշել է, որ Համաշխարհային բանկը շարունակում է մնալ ՀՀ առանցքային գործընկերներից մեկը: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ համագործակցությունը հատկապես այս ժամանակահատվածում: Փոխվարչապետն իր երախտիքի խոսքն է հայտնել պարոն Մյուլերին կատարած մեծածավալ աշխատանքի համար և նշել, որ պատիվ է եղել համագործակցել այսպիսի խորը գիտելիքներով և մասնագիտական հմտություններով պաշտոնյաի հետ՝ ընդգծելով, որ նա մշտապես կլինի մեր երկրի բարեկամը: Այնուհետև փոխվարչապետը շնորհավորել է Աննա Բյերդեին իր նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր և արդյունավետ աշխատանք իր պատասխանատու գործում: Տեսազանգի ընթացքում հայկական կողմը ՀԲ պատվիրակությանը ներկայացրել է կորոնավիրուսային համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղված միջոցառումները՝ նշելով, որ դրանք նաև ՀԲ խորհրդատվությունների շնորհիվ շարունակաբար բարեփոխումների են ենթարկվում՝ դառնալով առավել թիրախային և արդյունավետ Սիրիլ Մյուլերը բարձր է գնահատել կորոնավիրուսի տարածումը կանխելու և բնակչության ու տնտեսության համար դրա հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ Կառավարության ձեռնարկված քայլերը: Իսկ նորանշանակ նախագահ Աննա Բյերդեն նշել է, որ Համաշխարհային բանկը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը Կառավարությանը այս կարևոր փուլում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տնտեսական ոլորտում Հայաստանի առջև կանգնած մարտահրավերների և դրանց հաղթահարման շուրջ: 
22:04 - 27 ապրիլի, 2020
Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին` կորոնավիրուս համավարակի դեմ պայքարելու համար

Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին` կորոնավիրուս համավարակի դեմ պայքարելու համար

Արձագանքելով COVID-19 համավարակի արագ տարածմանն աշխարհում և վերջերս նաև Հայաստանում՝ Համաշխարհային բանկն աջակցում է կորոնավիրուսի բռնկման ընթացքում բնակչությանը պաշտպանելու ՀՀ կառավարության ջանքերին։ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ Առողջապահության նախարարության խնդրանքով Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին՝ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։ Այս միջոցները կօգնեն «Հիվանդությունների կանխարգելումն և վերահսկում» ընթացիկ ծրագրի շրջանակներում ձեռք բերել թոքերի արհեստական օդափոխության 50 սարք՝ 1.35 միլիոն դոլար արժողությամբ։ Գնումը կիրականացվի արտակարգ իրավիճակներում Համաշխարհային բանկի արագացված ընթացակարգերի կիրառմամբ։ Համաշխարհային բանկի տրամադրած նեղ մասնագիտական փորձագիտության շնորհիվ կատարվել է շուկայի արագ վերլուծություն՝ բուժսարքավորումների գլոբալ առաջարկի խիստ կրճատման և աճող գների պայմաններում «արժեք փողի դիմաց» սկզբունքն ապահովելու նպատակով։ Արդյունքում Հայաստանի առողջապահական համակարգը կզինվի լրացուցիչ բարձրորակ սարքերով, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսային հիվանդության ավելացող հաստատված դեպքերի բուժման համար։ «Այս հանկարծահաս իրավիճակում Բանկը պատրաստ է՝ աջակցելու համավարակի ազդեցության մեղմացմանը նպաստելու Հայաստանի արձագանքին», - նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն։ «Ցանկանում եմ բարձրաձայնել Հայաստանի բուժաշխատողների աննախադեպ նվիրումն՝ ի պաշտպանություն բնակչության։ Նաև հորդորում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիներին ամենայն խստությամբ հետևել արտակարգ իրավիճակի կանոններին և պահպանել սոցիալական հեռավորությունն ու կատարել մեկուսացման միջոցառումները, որոնք ուղղված են համավարակի ազդեցության մինիմալացմանը»։ Նույն մոտեցումը կկիրառվի օդափոխության հավելյալ սարքերի, ինչպես նաև անձնական պաշտպանիչ սարքավորումների ձեռքբերման գործընթացում՝ առողջապահության հրատապ կարիքները բավարարելու նպատակով։ Բացի այդ, Համաշխարհային բանկը պատրաստ է վերածրագրավորելու Հայաստանում իր ընթացիկ ծրագրերի պորտֆելը՝ տարբեր ոլորտներում COVID-19 –ին հակազդելու ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու նպատակով։ Համաշխարհային բանկի ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը սերտորեն համակարգվում է մյուս միջազգային կազմակերպությունների և զարգացման ֆինանսական հաստատությունների օժանդակության հետ։ Մասնավորապես, վերոնշյալ սարքավորումների գնումն իրականացվելու է անմիջականորեն Միավորված ազգերի կազմակերպության գործակալությունների մատակարարման խողովակներով՝ հաշվի առնելով գլոբալ շուկայում ինտենսիվ թերապիայի այստեսակ սարքավորումների մասով առկա սահմանափակումները։ Համաշխարհային բանկի խումբը գործողության մեջ է դնում 14 միլիարդ դոլար արժողությամբ արագ արձագանքման փաթեթ՝ զարգացող երկրներում COVID-19-ի նկատմամբ հակազդումն ուժեղացնելու և վերականգնման փուլի հասնելու ընթացքը կրճատելու նպատակով։ Անմիջական հակազդումը ներառում է ֆինանսավորում, քաղաքականության մասով խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն, որը երկրներին կօգնի հաղթահարել համավարակի առողջապահական և տնտեսական հետևանքները։ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 8 միլիարդ դոլարի ֆինանսավորում է տրամադրում ի աջակցություն համավարակից տուժած մասնավոր ընկերությունների և աշխատատեղերի պահպանման։ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը և Զարգացման միջազգային ասոցիացիան (IBRD and IDA) նախնական 6 միլիարդ ԱՄՆ դոլար են հատկացնում առողջապահության ոլորտում արձագանքմանը։ Քանի որ երկրներն ավելի ընդգրկուն աջակցության կարիք ունեն, Համաշխարհային բանկի խումբը 15 ամսվա ընթացքում 160 միլիարդ դոլար կներգրավի աղքատ ու խոցելի խավին պաշտպանելու, բիզնեսներին աջակցելու և տնտեսության վերականգնմանն օժանդակելու համար։
11:15 - 03 ապրիլի, 2020