Լին Թրեյսի

2019թ. փետրվարի 19-ից՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը: Ավագ կադրային դիվանագետ է: Մինչ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակվելը զբաղեցրել է Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը՝ Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյում: 2014-2017թթ. նա ԱՄՆ փոխդեսպանն էր  Մոսկվայի (Ռուսաստան) դեսպանությունում:

Լ. Թրեյսին զբաղեցրել է մի շարք այլ բարձր պաշտոններ. 2012-2014 թթ. եղել է Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալը՝ Հարավային ու Կենտրոնական Ասիայի բյուրոյում, իսկ 2010-2011 թթ.՝ ԱՄՆ փոխդեսպանը Աշխաբադի (Թուրքմենստան) դեսպանությունում: 2006-2009թթ. նա Փեշավարի (Պակիստան) ԱՄՆ հյուպատոսարանի գլխավոր դիվանագիտական պաշտոնյան էր, ընդ որում, այս պաշտոնում նա արժանացել է պետքարտուղարի կողմից շնորհվող հերոսության պարգեւի:  2004-2006 թթ. նա ղեկավարել է Աստանայում (Ղազախստան) ԱՄՆ դեսպանության ներկայացուցչության գործունեությունը: Լ. Թրեյսին նաեւ ծառայել է Քաբուլի (Աֆղանստան) եւ Բիշկեքի (Ղրղզստան) դեսպանություններում, իսկ 2000-2001 թթ. աշխատել է Պետքարտուղարության Նորանկախ պետությունների հատուկ հանձնակատարի գրասենյակում:

Լ. Թրեյսին բակալավրի կոչում է ստացել Ջորջիայի համալսարանում (Աթենք, Ջորջիա), ապա ուսանել է իրավագիտություն Ակրոնի համալսարանում (Ակրոն, Օհայո): 2017թ. նա արժանացել է Պետքարտուղարության պատվավոր պարգեւի՝ Մոսկվայում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնում իր ակնառու ծառայության համար: Գիտի ռուսերեն:

ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում. դեսպան Թրեյսիի հարցազրույցը |armenpress.am|

ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում. դեսպան Թրեյսիի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները համոզված է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարեկեցիկ ապագայի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորումը: Այդ մասին Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ հարցազրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին: «Անշուշտ, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված», - վերահաստատել է ԱՄՆ դեսպանը՝ ընդգծելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դեսպանի խոսքով՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն համապարփակ խաղաղության հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ: Այդ իմաստով Վաշինգտոնում համոզված են, որ տեւական հակամարտության հիմքում գտնվող խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման եւ ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները: Դեսպան Թրեյսին շեշտում է, որ Միացյալ Նահանգները խրախուսում է խաղաղ բանակցությունների շարունակումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ պատրաստ է ներգրավվել երկկողմ ձեւաչափով եւ համախոհ երկրների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: - Տիկին դեսպան, շնորհակալ եմ հարցազրույցի մեր հրավերն ընդունելու համար: Առաջին անգամն է, որ պատիվ ունեմ Ձեզ հետ անձամբ հանդիպելու: Այնպես որ, շնորհակալ եմ այս հրաշալի հնարավորության համար: - Ես էլ շնորհակալություն եմ հայտնում «Արմենպրես»-ին այս հնարավորության համար եւ սիրով կպատասխանեմ Ձեր հարցերին: - 2019 թ. հունվարին, երբ տեղեկություն ստացանք Հայաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպանի, այսինքն՝ Ձեր նշանակման մասին, տիկին Թրեյսի, ուսումնասիրելով Ձեր կենսագրությունը՝ իմ հոդվածում նկարագրեցի Ձեզ որպես խիզախ կին, «հերոսուհի դիվանագետ», որը դիվանագիտական ծառայություն է անցել Քաբուլում, Աֆղանստան, հետո՝ Փեշավարում, Պակիստան: Գիտեմ, որ այդ ընթացքում թիրախավորվել եք «Ալ Կաիդա» եւ «Թալիբան» ծայրահեղական խմբավորումների կողմից, նույնիսկ ահաբեկչական հարձակման եք ենթարկվել 2008 թ. օգոստոսին Փեշավարում, որտեղ ԱՄՆ հյուպատոսության գլխավոր դիվանագիտական պաշտոնյան էիք, սակայն չեք լքել Ձեր դիրքերը, որոշում եք ընդունել մնալ եւ ավարտին հասցնել Ձեր առաքելությունը՝ ի հեճուկս բոլոր սպառնալիքների, ինչի համար մեկ տարի անց՝ 2009 թվականին, արժանացել եք ԱՄՆ պետքարտուղարի կողմից շնորհվող հերոսության մեդալի: Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում՝ ունենալով այսպիսի հարուստ մասնագիտական փորձ, ինչպե՞ս է անցնում դիվանագիտական առաքելությունը մեր տարածաշրջանում՝ Աֆղանստանի եւ Պակիստանի հետ համեմատ եւ ինչպե՞ս կնկարագրեք դիվանագիտական առաքելության այս վերջին երեք տարիները Երեւանում: - Մինչ Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակվելն իմ դիվանագիտական կարիերայի ընթացքում, անշուշտ, առիթ եմ ունեցել աշխատելու մարտահրավերներով լեցուն, բայց եւ ուշագրավ մի շարք վայրերում: Ամեն մի երկիր ունի իրեն բնորոշ դժվարություններն ու հնարավորությունները, սակայն տարբեր պայմաններում ձեռք բերած դիվանագիտական փորձից նաեւ արժեքավոր դասեր եմ քաղել: Ինչպես նկատեցիք՝ վերջին երկու տարին դժվարին ժամանակաշրջան էին Հայաստանի համար. հայ ժողովուրդը ՔՈՎԻԴ-19-ի համավարակից զատ, որը խաթարեց աշխատանքային առօրյան ու կենցաղը ողջ աշխարհում, 2020 թ. վերջին բախվեց նաեւ Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ մարտական գործողությունների վերսկսմանը, որն ավարտվեց փխրուն հրադադարով: Սա ակնհայտորեն անդրադարձավ նաեւ իմ աշխատանքի վրա՝ որպես Հայաստանում ԱՄՆ դեսպանի, սակայն այն նաեւ վերստին ընդգծեց դիվանագիտության կարեւորությունը եւ մասնավորապես՝ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրությունը: Չնայած այս մարտահրավերներին՝ ինձ համար պատիվ է ծառայել այստեղ որպես ԱՄՆ դեսպան, աշխատել մեր երկու երկրների ժողովուրդների համար կարեւոր հարցերի շուրջ եւ աշխատանքին զուգընթաց ծանոթանալ բազմաթիվ հոյակապ մարդկանց: - Այս տարի Հայաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: ԱՄՆ-ը աշխարհի առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը 1991 թ. դեկտեմբերի 25-ին, երբ նախագահ Ջորջ Բուշ Ավագը ամերիկյան ազգին հասցեագրված ուղերձով հայտարարեց Խորհրդային Միության կազմալուծման մասին: Բայց պատմությունն ասում է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները շատ ավելի խորը արմատներ ունեն: Ուրեմն, ինչպե՞ս կբնութագրեք Հայաստան-Միացյալ Նահանգներ միջպետական հարաբերությունները եւ ավելի լայն իմաստով հայ-ամերիկյան կապերը այս նշանավոր տարեդարձի կապակցությամբ: - Ինչպես նկատեցիք՝ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նշում են մեր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին, սակայն մեր ժողովուրդների փոխգործակցությունը շատ ավելի վաղ է սկիզբ առել: Հայաստանի հետ մեր փոխգործակցության ասպարեզում մենք 1991 թվականից կամ Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր մեծ առաջընթաց ենք ունեցել՝ ի հեճուկս առկա մարտահրավերներին: Միացյալ Նահանգները շատ բարձր է գնահատում Հայաստանի հետ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված մեր փոխգործակցությունը եւ շարունակում է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա դրական շարժընթաց նախանշել: Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների օրակարգին եւ լինել Հայաստանի գործընկերն այդ նպատակներին հասնելու ճանապարհին: Մեր աջակցությունը ներառում է տարբեր ոլորտներ՝ ներառյալ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը, իրավապահ բարեփոխումները, ներառական տնտեսական աճի խթանումը, միջազգային անվտանգության ապահովումը եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումն ու մարդասիրական օգնության ցուցաբերումը: - Եվ ո՞ւր ենք մենք հասել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման առումով դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակին, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում հետագա տասնամյակների համար: - Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին եւ մեկ անգամ եւս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:  - Մարտի 23-ին տեղի ունեցավ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության երկրորդ վիրտուալ նիստը, որի ընթացքում, ինչպես Միացյալ Նահանգների դեսպանությունն է հաղորդել, երկու կողմի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են երկու երկրների ընթացիկ համագործակցությունը պաշտպանական եւ անվտանգային տիրույթում եւ դիտարկել փոխգործակցության ընդլայնման ուղիները՝ միտված ընդհանուր մարտահրավերների արձագանքմանը: Հաշվի առնելով Հայաստանի հետպատերազմական մարտահրավերները պաշտպանության եւ անվտանգության ոլորտում՝ շատ ուշագրավ է, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ նման քննարկումներ են լինում բարձր մակարդակով: Կարո՞ղ են արդյոք նման քննարկումները նոր հեռանկարներ բացել հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնման համար: - Հայ-ամերիկյան հարաբերությունների առանցքում ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայություն են, սակայն մեր դրական փոխգործակցության օրակարգն այդքանով չի սահմանափակվում: Կայուն եւ ներառական տնտեսական աճի խթանում, առեւտրի եւ ներդրումների ավելացում, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովում, էներգետիկ անվտանգություն, բնական պաշարների պատասխանատու կառավարում, ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքար, ներդրումներ մարդկային ռեսուրսում՝ կրթության եւ աշխատուժի կատարելագործման միջոցով. ահա հայ-ամերիկյան փոխգործակցության լայն ու ընդգրկուն տիրույթը, որի ամրապնդման ուղղությամբ մենք շարունակում ենք ջանքեր գործադրել: Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որտեղ ամփոփվում են մեր փոխգործակցության բոլոր կողմերը, ընդգծում է մեր երկու երկրների փոխգործակցության արժեքն ու կարեւորությունը: - Իսկ առհասարակ ո՞րն է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հիմնական նպատակը, դեպի ո՞ւր են դրանք տանում, այլ խոսքերով՝ նախաձեռնված քննարկումներն ունենալո՞ւ են որեւէ ենթադրյալ արդյունք: - Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը մենք չենք դիտարկում սոսկ որպես կոնկրետ արդյունքներ ապահովելու մեխանիզմ, այն նաեւ բարձր մակարդակում մեր երկու կառավարությունների միջեւ երկխոսության հարթակ է, որի միջոցով ընդգծում ենք երկկողմ հարաբերությունների ամրապնդման մեր հանձնառությունը: Այս երկխոսության շրջանակում մենք կարող ենք քննարկել մեր փոխգործակցության բազմաթիվ բաղադրիչներ՝ ինչպիսիք են, օրինակ, տնտեսական բարեկեցության ձեւավորումը, արդարադատության բարեփոխումների առաջընթացը, ժողովրդավարական կայացման ու մարդու իրավունքների խթանումը եւ պաշտպանական ու անվտանգային համագործակցության ամրապնդումը: - Հիշում եմ, որ դեռեւս 2018 թ. Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը նամակով կոչ էր արել ԱՄՆ Պետական դեպարտամենտին ռազմավարական մակարդակի բարձրացնել հայ-ամերիկյան հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր շահերի, ընդհանուր արժեքների եւ երկու ազգերի ամուր բարեկամության վրա: Ռազմավարական երկխոսությունը միտված է այդ «ռազմավարական թարմացմա՞նը» երկկողմ հարաբերություններում:  - Մենք արժեւորում ենք մեր գործակցությունը Հայաստանի հետ, որի հիմքում մեր ընդհանուր արժեքներն են, իսկ ակունքներում՝ մեր ժողովուրդների երկարամյա կապերը: Ռազմավարական երկխոսությունը ընդգծում է Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների ուղղությամբ համատեղ աշխատելու մեր հանձնառությունը: - Մարտի 28-ին տեղեկություն եկավ Վաշինգտոնից այն մասին, որ նախագահ Բայդենի վարչակազմը 2023 թ. պետբյուջեի նախագծով առաջարկել է ավելի քան 24 մլն դոլարի արտաքին օգնություն հատկացնել Հայաստանին, ինչը 21 միլիոն դոլարով քիչ է 2022 թ. ֆիսկալ տարվա բյուջեով ՀՀ-ին հատկացված ֆինանսական օժանդակությունից: Արցախին օգնություն հատկացնելու մասին որեւէ հիշատակում չկա: Սակայն առցանց մամուլում եւ սոցիալական մեդիայում հակասական տեղեկություններ եւ մեկնաբանություններ են հրապարակվում այս հարցի վերաբերյալ, որոշ հեղինակներ էլ ասում են, որ դա ճշգրիտ թիվը չէ: Ուստի կխնդրեի պարզաբանել՝ ո՞րն է առաջարկվող ֆինանսական օգնության ճշգրիտ թիվը եւ եթե վարչակազմը որոշել է կրճատել այդ օգնությունը, ապա ո՞րն է պատճառը: Հնարավո՞ր է, որ Կոնգրեսում սպասվող քննարկումների եւ ընթացակարգերի արդյունքում այդ գումարը ավելանա: - Ուրախ եմ, որ այս հարցին անդրադարձաք, քանի որ դրա հետ կապված որոշ թյուընկալումներ կան: ԱՄՆ բյուջետային գործընթացը բավականին խրթին է եւ ենթադրում է բյուջետային տարբեր առաջարկների ներկայացում, որին հաջորդում են քննարկումները, ապա Կոնգրեսն ընդունում է վերջնական որոշում: 2023 ֆինանսաբյուջետային տարվա թիվը դեռեւս հաստատված չէ, ուստի մենք չենք կարող համեմատել 2022 ֆինանսաբյուջետային տարվա հետ: Սակայն միանշանակ կարող եմ փաստել, որ մեր հանձնառությունը՝ շարունակելու Հայաստանի հետ մեր փոխգործակցությունն ընդհանուր ժողովրդավարական արժեքներն առաջ մղելու ուղղությամբ, մնում է անփոփոխ: - 2019 թվականին ԱՄՆ կառավարությունը որոշում էր ընդունել դադարեցնելու Արցախում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը, սակայն 2022 թ. պետբյուջեով Հայաստանին հատկացված փաթեթը ներառում էր նաեւ հավելյալ 2 մլն դոլարի աջակցություն 2020 թ. Հայաստանի Հանրապետության եւ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո ականազերծում իրականացնելու համար: Կա՞ արդյոք որևէ հնարավորություն կամ հավանականություն, որ Արցախի ականազերծման ծրագիրը կվերականգնվի: - ԱՄՆ կառավարությունն իր գործընկեր «Հալո-Թրասթ» կազմակերպության միջոցով աջակցել է Լեռնային Ղարաբաղի ականազերծման աշխատանքներին: Այդ ծրագիրն ավարտվեց 2020 թվականին, երբ «Հալո-Թրասթի» զեկույցները մատնանշեցին, որ ընդգրկված տարածքների շատ բարձր տոկոսն ականազերծվել է: Մենք շարունակում ենք դիտարկել, թե ինչպես կարող ենք օգնել վերջին հակամարտությունից տուժածներին: - Ի դեպ, քանի որ Դուք ծնվել եւ մեծացել եք Օհայոյի Բարբերթոն քաղաքում, Ձեր կենսագրության այս հատվածն ինձ մոտ շատ լավ հիշողություններ առաջացրեց, քանի որ Օհայոն ամերիկյան առաջին նահանգն է, ուր այցելել եմ 2016 թվականին՝ Պետդեպարտամենտի ծրագրով ԱՄՆ նախագահի ընտրությունների եզրափակիչ փուլը լուսաբանելու համար: Դա իմ լավագույն եւ ամենահիշարժան ճամփորդություններից մեկն էր, քանի որ այն շատ օգնեց ե՛ւ իմ լեզվական գիտելիքների բարելավմանը, ե՛ւ մասնագիտական որակների բարձրացմանը, ե՛ւ առհասարակ աշխարհայացքի ընդլայնմանը: Նման ծրագրերի շնորհիվ օտարերկրյա մասնակիցները հնարավորություն են ստանում ծանոթանալու աշխարհի ամենահզոր տնտեսությանը, աշխարհի ամենահայտնի եւ ամենաօրինակելի ժողովրդավարական մոդելներից մեկին՝ ամերիկյան ժողովրդավարությանը եւ գործնականում տեսնելու՝ ինչպես է այն աշխատում, այդ թվում՝ ինչպես են անցկացնվում ընտրությունները աշխարհի ամենադեմոկրատական երկրներից մեկում: Այդ գիտելիքները նա կարող է իր հետ բերել իր երկիր եւ որեւէ օգուտ տալ իր պետությանն ու հասարակությանը: Ու քանի որ, ինչպես ենթադրում եմ, նմանատիպ ծրագրերը ԱՄՆ արտաքին հարաբերությունների, այդ թվում ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների մի զգալի հատվածն են զբաղեցնում, հետաքրքիր է, թե ի՞նչ նոր ծրագրեր է ԱՄՆ դեսպանատունը նախատեսում առաջարկել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, մեդիադաշտին եւ քաղաքական դասի ներկայացուցիչներին մոտ ապագայում: - Շնորհակալ եմ հարցի համար: Ձեր փորձը ևս ընդգծում է, թե ինչու ենք մենք կարևորում մարդկանց միջեւ երկուստեք շփումների ու կապի ամրապնդումը: Միմյանց անձնապես ճանաչելը օգնում է հասնել փոխըմբռնման ավելի բարձր մակարդակի, որն իր արտացոլումն է գտնում ավելի լայն համայնքային շրջանակներում ու ամբողջական պետությունների մակարդակով:  Դեսպանությունը տարբեր միջոցներով նպաստում է մարդկանց միջեւ կապերի ձեւավորմանը, մասնավորապես՝ իրականացվում են անգլերենի ուսուցման ծրագրեր, Հայաստանում ԲՏՃՄ (բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի) կրթության կատարելագործման եւ մշակութային պահպանության նախաձեռնություններ, ինչպես նաեւ փոխանակման ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս ՀՀ քաղաքացիներին այցելել Միացյալ Նահանգներ եւ շփվել համապատասխան ամերիկյան շրջանակների հետ: Մեր բազմաթիվ ծրագրերից թերևս կառանձնացնեմ Երեւանի պետական համալսարանի եւ Արիզոնայի համալսարանի համագործակցության արդյունքում ձեւավորված ամերիկագիտության նոր մագիստրոսական ծրագիրը, որի առաջին ընդունելությունը տեղի ունեցավ անցյալ տարվա աշնանը: - Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ՝ վերահաստատո՞ւմ եք արդյոք 2020 թ. տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո Ձեր կողմից բազմիցս արտահայտված այն դիրքորոշումը, որ Միացյալ Նահանգները լուծված չի համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եւ որ հիմնախնդիրը պետք է համապարփակ լուծում ստանա: Ճի՞շտ եմ արդյոք հասկանում Վաշինգտոնի դիրքորոշումը, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցված հայտնի սկզբունքների հիման վրա: - Անշուշտ, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված: Մենք շարունակում ենք կարծել, որ տեւական լարվածության հիմքում գտնվող եւ 2020 թ. ռազմական գործողություններին հանգեցրած խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման եւ ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները: Մենք խրախուսում ենք շարունակել խաղաղության բանակցությունները եւ պատրաստ ենք ներգրավվել երկկողմ ձեւաչափով եւ համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե «Մինսկի խմբի համանախագահները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հարցով, քանի որ Ադրբեջանը արդեն լուծել է այդ խնդիրը նրանց փոխարեն»: Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հնչեցրել է այս միտքը, ընդ որում՝ շատ ագրեսիվ ու քամահրական տոնով՝ ինչպես արձանագրված է պաշտոնական հայտարարություններում եւ մամուլի հրապարակումներում: Ուրեմն ինչպե՞ս կարելի է վերականգնել Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունների գործընթացը՝ նկատի ունենալով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը Մինսկի խմբի գործունեության առնչությամբ: Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Միացյալ Նահանգներն այդ ուղղությամբ: - Թույլ տվեք ընդգծել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար եւ բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում: Սա նաեւ ներառում է ուղիղ կապի գործող մեխանիզմների օգտագործումը՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր չկարգավորված խնդիրներին եւ նորմալացնելու հարաբերությունները՝ խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրմամբ: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի այս ջանքերին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում՝ տեւական եւ համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով: - Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում՝ ներառյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի զինադադարի կոպտագույն խախտումները, ռազմական ներխուժումը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ, Արցախում հումանիտար ճգնաժամի հրահրումը տարբեր միջոցներով՝ ինչպիսիք են գազի մատակարարման պարբերական խաթարումները, ադրբեջանական զինուժի փորձերը սահմանային հենակետերից բարձրախոսներով հնչեցվող հայտարարություններով խաղաղ բնակչությանը ահաբեկելու, բարոյահոգեբանական ճնշում գործադրելու փորձերը՝ ինչպես եղավ, օրինակ, Ասկերանի Խրամորթ գյուղում, ինչպես նաեւ Արցախի հայկական մշակութային ժառանգության շարունակական ու հետեւողական ոչնչացմանն ուղղված գործողությունները, որոնց մասին բազմաթիվ տեղական ու միջազգային զեկույցներ են եղել՝ ներառյալ Եվրոպական խորհրդարանի մարտի 10-ի բանաձեւը Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Համաձա՞յն եք այն գնահատականի հետ, որ Ադրբեջանը էթնիկ զտումների հստակ քաղաքականություն է վարում Լեռնային Ղարաբաղում: Ինչպե՞ս կարող է առհասարակ քննարկվել Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, երբ այնտեղ ապրող մարդկանց կյանքը իրական վտանգի տակ է: - Ինչպես արդեն նշել ենք՝ մտահոգության տեղիք են տալիս այնպիսի գործողությունները, ինչպիսիք են վերջին շրջանում գրանցված գազամատակարարման խաթարումները եւ ադրբեջանական զորքերի տեղաշարժերը շփման գծի հատվածում: Ապրիլի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցում պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծեց տարածաշրջանում իրավիճակի հետագա սրումից խուսափելու կարեւորությունը: Իրավիճակն ապաէսկալացնելու համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ուղիղ հաղորդակցության միջոցներ կիրառեն: - Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Միացյալ Նահանգները Արցախի բնիկ ժողովրդի կենսական եւ հիմնարար իրավունքները պաշտպանելու համար: Ի վերջո, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են, այդպես չէ՞: - Ինչպես ավելի վաղ ասացի՝ մենք շարունակում ենք կարծել, որ տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարեկեցիկ ապագայի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորումը: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն այս նպատակին հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ, իսկ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում:   Շարունակությունը՝ armenpress.am-ում:
11:39 - 19 մայիսի, 2022
Հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին՝ կառուցելու այն ճանապարհը, որն ընտրեց 2018-ին և վերահաստատեց 2021-ի ընտրությունների ժամանակ․ ԱՄՆ դեսպան
 |armenpress.am|

Հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին՝ կառուցելու այն ճանապարհը, որն ընտրեց 2018-ին և վերահաստատեց 2021-ի ընտրությունների ժամանակ․ ԱՄՆ դեսպան |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները շատ բարձր է գնահատում Հայաստանի հետ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված փոխգործակցությունը եւ շարունակում է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա դրական շարժընթաց նախանշել: Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Լին Մ. Թրեյսին հարցազրույց է տվել «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը՝ խոսելով Հայաստանում իր դիվանագիտական առաքելության, նախկին ու ներկա փորձի, երկրից ստացած իր անձնական տպավորությունների, հայ-ամերիկյան հարաբերությունների ողջ օրակարգին առնչվող կարևորագույն հարցերի, տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների մասին: ԱՄՆ դեսպանը մանրամասնորեն անդրադարձել է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների վերջին 30 տարվա ընդհանուր դինամիկային, դրանց հեռանկարներին եւ կարևոր տեղեկություններ է հաղորդել երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացման մասին: Դեսպան Թրեյսիի խոսքով՝ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների օրակարգին եւ լինել Հայաստանի գործընկերն այդ նպատակներին հասնելու ճանապարհին: «Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին եւ մեկ անգամ եւս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ», - ասել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը:
15:25 - 18 մայիսի, 2022
Հայաստանում Կանադայի՝ առևտրի գծով ավագ հանձնակատարն այցելել է Ամուլսար

Հայաստանում Կանադայի՝ առևտրի գծով ավագ հանձնակատարն այցելել է Ամուլսար

Հայաստանում Կանադայի՝ առևտրի գծով ավագ հանձնակատար Հեթեր Բայստրիկին ապրիլի 27-ին այցելել է Ամուլսար, հայտնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը։ «Հանդիպման ընթացքում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ կարճ պրեզենտացիայով հանդես եկավ Լիդիանի գլխավոր մենեջեր Ռոդնի Ստուպարիկը, որից հետո քննարկվեցին ընկերության ապագա պլանները: Ցանկանում ենք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել տիկին Բայստրիկին այցի համար: Որպես ամերիկա-կանադական ընկերություն` Լիդիան Արմենիան բարձր է գնահատում Կանադական դեսպանության ցուցաբերած հետաքրքրությունը ընկերության գործունեության հանդեպ»,- ասված է ընկերության հայտարարությունում։ Օրերս Ամուլսար էր այցելել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը։ Ապրիլի 20-ին Լին Թրեյսին ծանոթացել էր «Լիդիան» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։
17:03 - 28 ապրիլի, 2022
Բաքվում տեղի է ունեցել Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների հանդիպումը
 |factor.am|

Բաքվում տեղի է ունեցել Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների հանդիպումը |factor.am|

factor.am: Բաքվում ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունեցել ամերիկյան առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։Նշվում է, որ տարածաշրջանային համաժողովին մասնակցել են Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում ԱՄՆ դեսպաններ Լիտցենբերգերը, Դեգնանն ու Թրեյսին, պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը, Պետքարտուղարության Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերը, Եվրոպային և Եվրասիային ԱՄՆ աջակցության համակարգողի պաշտոնակատար Գրեգ Նաարդենը։«Տարածաշրջանի և Վաշինգտոնի գործընկերները հավաքվել էին կարծիքներ և տեղեկատվություն փոխանակելու համար: Նշելով Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի հետ ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ մենք ընդգծում ենք մեր հանձնառությունը՝ ամրապնդելու գործընկերային հարաբերությունները և ապահովելու Հարավային Կովկասի ժողովուրդների համար ավելի ապահով, կայուն և բարգավաճ ապագա»,- ասվում է հայտարարության մեջ։
15:04 - 28 ապրիլի, 2022
Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին․ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը |factor.am|

Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին․ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակությանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Պատվիրակության կազմում են եղել Պետքարտուղարության Կովկասի հարցերով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում ԱՄՆ դեսպաններ Էրլ Լիտցենբերգերը, Քելլի Դեգնանն ու Լինն Թրեյսին։  Զրույցի ընթացքում կարծիքների փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային հարցերի շուրջ, քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի պատրաստման համար բանակցությունների վարման, հաղորդակցությունների բացման հարցեր։ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը պատրաստ է բանակցությունների մեկնարկին՝ կապված խաղաղության պայմանագրի հետ։ 
13:37 - 28 ապրիլի, 2022
Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտնել է ԱՄՆ առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովի մանրամասները

 |armenpress.am|

Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտնել է ԱՄՆ առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովի մանրամասները |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովները տեղի են ունենում կանոնավոր հիմունքներով Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մայրաքաղաքներում: Այս մասին հայտնում է Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը՝ անդրադառնալով թեմայի առնչությամբ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանը: Ամերիկյան դեսպանությունը հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնը մեկնում է Ադրբեջան հանդիպելու ադրբեջանական կառավարության պաշտոնյաների հետ: Պետքարտուղարի փոխտեղակալը ապրիլի 27-28-ին նաև կմասնակցի Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովին՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էռլ Լի Լիցենբերգերի, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի, ինչպես նաև Եվրոպային ու Եվրասիային ԱՄՆ աջակցության հարցերով համակարգող Գրեգ Նաարդենի եւ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերի հետ միասին: «Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների այդպիսի համաժողովները անցկացվում են կանոնավոր հիմունքներով: Վերջինը տեղի է ունեցել Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատանը 2021 թվականին: Մինչ այդ համաժողովներ են եղել Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատանը 2019 թ. եւ Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանատանը՝ 2018 թ.: 2020 թ. համաժողով տեղի չի ունեցել COVID-19-ի պատճառով», - հաղորդել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը: Նշենք, որ Էնդրյու Շոֆերը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է Միացյալ Նահանգների կողմից:
20:00 - 25 ապրիլի, 2022
Մենք կողմերին հորդորում ենք զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից. ԱՄՆ դեսպանն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը

 |armenpress.am|

Մենք կողմերին հորդորում ենք զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից. ԱՄՆ դեսպանն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնելու հարցում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, Հայաստանի Հանրապետության բարեկամ և գործընկեր: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Նրա խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բազմաթիվ հեռախոսազանգեր է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ կոչ անելով իրավիճակի ապաէսկալացման: «Մենք մարտի  25-ին հայտարարությամբ հանդես եկանք, որով ադրբեջանական զորքերի անպատասխանատու տեղաշարժի և իրավիճակի ապակայունացմանն անդրադարձանք: Մենք կողմերին հորդորում ենք զերծ մնալ սպառնալից և թշնամական հռետորաբանությունից, ինչը չի օգնում գործընթացին»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ բանակցությունները դժվար կլինեն, քանի որ  հակամարտությունը բարդ է և այն  երկար տարիների ընթացքում է ձևավորվել:      
11:35 - 24 ապրիլի, 2022
Կարծում ենք, որ մյուսները ևս կմիանան մեզ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում․ Լին Թրեյսի

 |armenpress.am|

Կարծում ենք, որ մյուսները ևս կմիանան մեզ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում․ Լին Թրեյսի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Լրագրողների հետ զրույցում դեսպանն ընդգծեց, որ Ծիծեռնակաբերդում է հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհ գնացած 1,5 միլիոն հայերին և աջակցություն հայտնելու հայ ժողովրդին: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա վարչակազմը հանձնառու են մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովմանն ամբողջ աշխարհում, և դա նաև ենթադրում է նման դեպքերի կրկնության բացառումը: «Ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը մենք համարում ենք շատ ազդեցիկ և կարծում ենք, որ մյուսները ևս կմիանան մեզ այդ ճանապարհին: Այդ հայտարարությունների կարևորությունը նրանում է,որ մենք այդ հայտարարություններով ճանաչում ենք 1915 թվականին տեղի ունեցած պատմական փաստը»,- ասաց դեսպանը:  
11:12 - 24 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

 Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։  Քաղաքապետն ու դեսպանն անդրադարձել են Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությանը, քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից: Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ նոր նախագծերի իրականացման, մասնագետների վերապատրաստման ու փորձի փոխանակման հարցերի շուրջ: Դեսպանին ներկայացնելով տրանսպորտային բարեփոխումների ընթացքը՝ երթևեկության արդյունավետ կառավարման հարցում քաղաքապետը կարևորել է Լոս Անջելեսի հաջողված փորձի կիրառումը Երևանում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի հետ գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Լին Թրեյսին նաև նշել է, որ դեսպանատունը շարունակելու է աջակցել տարբեր ոլորտներում նախաձեռնվող նոր ծրագրերի իրականացմանը:
18:20 - 22 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել տրանսպորտային բարեփոխումների ընթացքը

Երևանի քաղաքապետը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել տրանսպորտային բարեփոխումների ընթացքը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։    Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությանը՝ քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից:   Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ նոր նախագծերի իրականացման, մասնագետների վերապատրաստման ու փորձի փոխանակման հարցերի շուրջ: Դեսպանին ներկայացնելով տրանսպորտային բարեփոխումների ընթացքը՝ երթևեկության արդյունավետ կառավարման հարցում քաղաքապետը կարևորել է Լոս Անջելեսի հաջողված փորձի կիրառումը Երևանում:   Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի հետ գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Լին Թրեյսին նաև նշել է, որ դեսպանատունը շարունակելու է աջակցել տարբեր ոլորտներում նախաձեռնվող նոր ծրագրերի իրականացմանը:  
19:18 - 21 ապրիլի, 2022
Դեսպան Թրեյսին հանդիպել է 2020 և 2021 թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին

Դեսպան Թրեյսին հանդիպել է 2020 և 2021 թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին

Մարտի 29-ին դեսպան Թրեյսին հանդիպեց 2020 և 2021թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին․ ներկա էին և՛ անհայտ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ «Քննարկման առանցքում մարդու իրավունքների հարցերն էին, այդ թվում՝ հրադադարի մասին 2020թ․ նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, և Ժնևյան կոնվենցիան։  Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և, հաշվի առնելով հարազատների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկություններ չունեցող ընտանիքների ցավը, մեծացնել ջանքերը՝ միտված անհայտ կորած զինծառայողների մասին (այդ թվում՝ 1990-ականներից) տեղեկություններ ձեռք բերելուն»։
10:24 - 05 ապրիլի, 2022
Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծին և ԼՂ-ում տիրող իրավիճակը

Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծին և ԼՂ-ում տիրող իրավիճակը

Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսը: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել հումանիտար բնույթի խնդիրներին՝ ընդգծելով դրանց շուտափույթ լուծման անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են նաև պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները: Հանդիպման ավարտին կարծիքներ են փոխանակվել միջազգային անվտանգային իրավիճակի և ռազմաքաղաքական զարգացումների շուրջ:
16:42 - 23 մարտի, 2022
ԱՄՆ-ը ՀՀ անկախացումից ի վեր մեր հաստատուն գործընկերն ու բարեկամն է. Ալեն Սիմոնյանն ընդունել է Լին Թրեյսիին

ԱՄՆ-ը ՀՀ անկախացումից ի վեր մեր հաստատուն գործընկերն ու բարեկամն է. Ալեն Սիմոնյանն ընդունել է Լին Թրեյսիին

Փետրվարի 15-ին ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Հանդիպման սկզբում զրուցակիցները միմյանց շնորհավորել են Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնուևթյան և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը շեշտել է՝ Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր մեր երկրի հաստատուն գործընկերն ու բարեկամն է: Կողմերն անդրադարձել են Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ հունվարին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցին։ Ալեն Սիմոնյանը, կարևորելով այցը, անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը։ Նա դեսպանին մանրամասներ է ներկայացրել աշխատանքային այցից՝ ընդգծելով ԱՄՆ գործընկերների հետ մի շարք հանդիպումների արդյունավետությունն ու շարունակական ծրագրեր մշակելու պատրաստակամությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում համատեղ նախագծերի կյանքի կոչման շուրջ։ 
13:03 - 15 փետրվարի, 2022