Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Սուրեն Պապիկյանը և Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն են անցկացրել մարզպետների հետ |tert.am|

Սուրեն Պապիկյանը և Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն են անցկացրել մարզպետների հետ |tert.am|

tert.am։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր միջգերատեսչական աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել ՀՀ մարզպետների հետ, որին մասնակցել են նաև հանրապետական գործադիր մարմինների ու տարածքային կառավարման մարմինների ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարար Պապիկյանը կարևորել է կրթական խնդիրները վերհանելու նպատակով գործընկեր գերատեսչության ղեկավարի և մարզպետների մասնակցությամբ անցկացվող խորհրդակցությունը և խնդրել վերջիններիս բարձրաձայնել տվյալ ոլորտում առկա խնդիրները։ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարզպետներին է ներկայացրել մարզերում և համայնքներում հանրակրթության բնագավառի առջև ծառացած խնդիրները, դրանց հաղթահարման ուղղությունները, ինչպես նաև կարևորել է կրթական բարեփոխումների գործընթացին մարզային իշխանությունների մասնակցության ու գործուն աջակցության անհրաժեշտությունը։ Տարածքային կառավարման մարմինների ղեկավարներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել ոլորտի ընթացիկ իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում նպաստել կրթական գործընթացի մշակույթի բարելավման, բնագավառի վրա քաղաքական և վարչական ազդեցությունը չեզոքացնելու ուղղությամբ կառավարության կողմից գործադրվող ջանքերին։Արայիկ Հարությունյանը մարզպետների ուշադրությունն է հրավիրել մայիսի 26-ին հանրապետությունում անցկացվող կենտրոնացված առարկայական քննությունների վրա և առաջարկել նրանց միջոցներ ձեռնարկել՝ հեռավորությամբ պայմանավորված քննական կենտրոններ տեղափոխվելու դժվարություններ ունեցող աշակերտների համար անվտանգ և ապահով փոխադրում կազմակերպելու ուղղությամբ։
13:38 - 13 մայիսի, 2019
2019թ․ առաջին չորս ամիսներին համայնքների սեփական եկամուտներն աճել են շուրջ 2 մլրդ դրամով․ նախարար Պապիկյան

2019թ․ առաջին չորս ամիսներին համայնքների սեփական եկամուտներն աճել են շուրջ 2 մլրդ դրամով․ նախարար Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզային և համայնքային արդիական նշանակության հարցերի լայն շրջանակ։ Մինչ բուն օրակարգին անցնելը, նախարար Պապիկյանն արդյունավետ է որակել Արարատում անցկացված ներդրումային գործարար համաժողովը և համոզմունք հայտնել, որ մարզերի գործարար միջավայրի ու ներդրումային կլիմայի բարելավմանն ուղղված այս նախաձեռնությունն իր առարկայական դրսևորումը կստանա տարբեր բիզնես նախագծերում։ Ըստ Սուրեն Պապիկյանի՝ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի վերլուծությունները ցույց են տվել, որ 2019թ․ առաջին չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ եկամուտների հավաքագրումն աճել է շուրջ 2 մլրդ դրամով կամ 2,5 տոկոսով։ Նախարարը նշել է նաև, որ չնայած ընդհանուր դրական միտումներին, կան որոշ ռիսկային համայնքներ, որոնց արձանագրած արդյունքները ցածր են միջին հանրապետական ցուցանիշից։ Խնդրի կարգավորման և բյուջետային մուտքերի ավելացման նպատակով, Սուրեն Պապիկյանի համոզմամբ, անհրաժեշտ է տեղերում հասցեական աշխատանք տանել համայնքների ղեկավարների հետ։ Նախարարը մարզպետների ուշադրությունն է հրավիրել համայնքների կողմից ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրային հայտերի ներկայացման ժամկետների ու փաստաթղթավորման գործընթացի վրա և հորդորել նրանց խստագույնս պահպանել սուբվենցիայի տրամադրման կարգով հայտերին ներկայացվող բովանդակային և տեխնիկական պահանջները։ Անդրադառնալով համայնքների միավորման գործընթացին՝ Սուրեն Պապիկյանն անհրաժեշտ է համարել տեղերում նախապես իրականացնել դաշտային աշխատանքներ, շփվել բնակչության հետ՝ հայեցակարգի հիմքում դնելով միավորվող համայնքների աշխարհագրական դիրքի, կենցաղմշակութային մտերմության, ավանդութային առանձնահատկությունների համադրումը։
16:21 - 07 մայիսի, 2019
Գործադիրն առաջարկում է փոփոխություններ կատարել տարածքային կառավարման հետ կապված մի շարք օրենքներում |armenpress.am|

Գործադիրն առաջարկում է փոփոխություններ կատարել տարածքային կառավարման հետ կապված մի շարք օրենքներում |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Տարածքային կառավարման մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին կառավարության ապրիլի 25-ի նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:«Այս նախագծի ընդունումը բխում է Սահմանադրությունից բխող անհրաժեշտությունից: Նախկինում տարածքային կառավարումն իրականացվել է նախագահի հրամանագրով, և Սահմանադրական փոփոխություններից հետո խնդիր է առաջացել նմանատիպ օրենք ունենալու համար: Սրանով մի քանի խնդիրներ են լուծվում` նախ օրենքով նկարագրվում են տարածքային կառավարման սկզբունքները, սահմանվում են տարածքային կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի լիազորությունները, սահմանվում են մարզպետների լիազորություններն` ըստ հիմնական բնագավառների, նկարագրվում են մարզպետների նշանակման և ազատման կարգը, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ առաջադրված պահանջները, սահմանվում է մարզպետին կից գործող խորհրդակցական մարմնի` մարզային խորհրդի ինստիտուտը, որի կազմավորման և գործունեության կարգը նախատեսվում է սահմանել կառավարության որոշմամբ»,- ասաց Պապիկյանը:
09:25 - 25 ապրիլի, 2019
Նախարար Սուրեն Պապիկյանն ու մարզպետները Կապանում այցելել են «Լամաքս» ընկերության արտադրամասեր |lragir.am|

Նախարար Սուրեն Պապիկյանն ու մարզպետները Կապանում այցելել են «Լամաքս» ընկերության արտադրամասեր |lragir.am|

lragir.am:  Աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 19-ին Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ 10 մարզպետները Կապանում այցելել են «Լամաքս» գրուպ ՍՊԸ-ին պատկանող «Վամաքս», «Մարիլա», «Պորկպրոդ» ընկերությունների արտադրամասեր, ծանոթացել կաթի և մսի արտադրության ու վերամշակման պայմաններին։ Շրջայցի ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է արտադրամասերի աշխատանքներով, մսամթերքի և կաթնամթերքի արտադրության որակի և իրացման խնդիրներով, զարգացման հետագա ծրագրերով։ Նախարարին և մարզպետներին ներկայացվել է, որ «Լամաքս» ընկերությունը գործում է 2010թ․-ից։ Արտադրում են 8 տեսակի կաթնամթերք, 15-ից ավելի տեսակի մսամթերք և իրացնում Սյունիքի մարզում ու մայրաքաղաք Երևանում:  Շրջայցի առաջին կանգառը եղել է «Պորկպրոդ» ՍՊԸ-ին պատկանող խոզաբուծական ֆերման, որտեղ նախարարին ներկայացվել է, որ ֆերման գործում է արդեն 4․5 տարի և ապահովում տոհմական խոզի մսի արտադրություն՝ առանց գենետիկական խախտումների: Վերջերս կրկնակի մեծացրել են արտադրության ծավալները: Այնուհետև նախարարն ու մարզպետները այցելել են «Մարիլա» և «Վամաքս» ՍՊԸ-երի արտադրամասեր։  «Մարիլա» կաթնամթերքի գործարանում նախարարը ծանոթացել է կաթի վերամշակման գործընթացին, եղել կաթի փորձաքննությունների համար նախատեսված լաբորատորիայում։ Նախարարին տեղեկացվել է, որ կաթնամթերքի շուկայում բարձր պահանջարկով պայմանավորված «Մարիլա» ընկերությունն այժմ փորձում է ավելացնել արտադրական ծավալները՝ կաթնատվության բարձրացման և այլ միջոցառումների հաշվին ։ Շրջայցի ավարտին նախարարը իր գոհունակությունն է հայտնել ընկերության հաջողված արտադրական գործունեության և գյուղատնտեսության զարգացմանը խթանող օրինակելի փորձ փոխանցելու կապակցությամբ։ «Հայաստանում գործունեություն ծավալող յուրաքանչյուր տնտեսվարողի հաջողությունը մեր բոլորի հաջողությունն է»,-նշել է նախարար Սուրեն Պապիկյանը՝ հույս հայտնելով, որ ընկերության արտադրանքը առաջիկայում կկրկնապատակվի և կկարողանա իրացվել ինչպես ներքին, այնպես էլ արտասահմանյան նոր շուկաներում։  
07:10 - 21 ապրիլի, 2019
Արենիում տեղի է ունեցել գաստրո բակի բացման արարողությունը

Արենիում տեղի է ունեցել գաստրո բակի բացման արարողությունը

ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում այսօր տեղի է ունեցել գաստրո բակի պաշտոնական բացման արարողություն, որը կազմակերպել էր Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարության հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Հայաստանում ՌԴ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ալեքսեյ Սինեգուբովը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը: Գաստրո բակերի հայեցակարգի իրականացման ծրագիրը մեկնարկել է դեռևս 2018 թվականին։ Անցած տարի գաստրո բակեր են բացվել Տավուշի և Արագածոտնի մարզերում: Գաստրո բակերը յուրաhատուկ զբոսաշրջային վայրեր են, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն համտեսել հայկական ուտեստներ, ականատես լինել գինու ստեղծման ընթացքին և շփվել տեղի բնակիչների հետ: Նախարար Սուրեն Պապիկյանն իր բացման խոսքում շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարությանն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին` Հայաստանի գյուղական համայնքներում զբոսաշրջային ենակառուցվածքների զարգացման հայեցակարգը կյանքի կոչելու համար և նշել, որ այս անգամ արդեն Արենիում գաստրո բակի կառուցումը ևս մեկ նշանակալի նախադեպ կարող է հանդիսանալ Հայաստանի մյուս համայնքների համար։ «Մենք շահագրգռված ենք Հայաստանի գյուղական համայնքներում տուրիզմի զարգացման հեռանկարով , և գաստրո բակերի մշակույթի ներդրումը հիանալի հնարավորություն է այն կյանքի կոչելու համար։ Գյուղական համայնքների կոլորիտային առօրյան նման նախադեպով ներկայանալի դարձնելը լրացուցիչ խթան կհանդիսանա, որպեսզի մեր համայնքները և՛ բնակիչների, և՛ զբոսաշրջիկների համար դառնան ավելի գրավիչ, տեսանելի ու ,իհարկե հետաքրքիր»,- ասել է նախարարը։ «Ես հույս ունեմ, որ գաստրո բակը կհետաքրքրի բազմաթիվ զբոսաշրջիկների և կդառնա նրանց սիրված վայրերից մեկը, որտեղ նրանք կզգան հայկական շունչն ու տրամադրությունը», - իր խոսքում նշել է Հայաստանում ՌԴ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ալեքսեյ Սինեգուբովը: «Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ և ազդարարել գաստրո բակի բացումը: Լիահույս եմ, որ զբոսաշրջիկներն այստեղ կվայելեն հայկական ավանդական ուտեստներ, կծանոթանան տեղի մշակույթին և անպայման կվերադառնան նոր հիշողությունների ակնկալիքով: Բակի ամենակարևոր գործառույթներից է ձևավորել մշակույթ տեղական համայնքներում և ոգևորել տեղի բնակիչներին` վերածել զբոսաշրջությունը եկամտի կայուն աղբյուրի: Այս յուրատեսակ բակի հիմնումը կարևոր քայլ է այդ ուղղությամբ», - ասել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներին՝ ստեղծելու այլընտրանքային եկամտի աղբյուրներ գյուղաբնակների համար զբոսաշրջության զարգացման միջոցով: Ծրագրի առաջնային խնդիրներից է կրթել և ներգրավել տեղական համայնքներին՝ քաջալերելով նրանց մշակել նոր լուծումներ զբոսաշրջիկներին գրավելու համար:  
17:53 - 17 ապրիլի, 2019
Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է համայնքի խնդիրներով մտահոգ արծվաշենցիներին

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է համայնքի խնդիրներով մտահոգ արծվաշենցիներին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Արծվաշենի բնակիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Լսելով արծվաշենցիների խնդիրները և մտահոգությունները՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ կառավարությունը կասկածի տակ չի դնում այն առանձնահատուկ կարգավիճակը, որ ունեն արծվաշենցիները` 1992թ. օգոստոսի 8-ի ռազմական գործողությունների և իրենց համայնքից բռնի տեղահանման հետևանքով։ Միաժամանակ նախարարը հայտնել է, որ Ճամբարակ համայնքում սուբվենցիայի ծրագրերի շրջանակներում պետության միջոցների հաշվին իրականացվելու են սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներ, իսկ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով համայնքում նախատեսվում է կառուցել N1 հիմնական դպրոցը, որտեղ այժմ իրականացվում է շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը։ Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգություններն առ այն, որ համայնքում առկա են վթարային բնակարաններ՝ նախարարը հանձնարարել է մարզպետին ձևավորել աշխատանքային խումբ, որը տեղում կուսումնասիրի Ճամբարակում բնակվող արծվաշենցիների սոցիալական ու բնակարանային պայմանները և կգույքագրի ամրացման կարիք ունեցող բնակարանները։
18:08 - 12 ապրիլի, 2019
Համայնքները սեփական եկամուտներն ավելացրել են 1 մլրդ դրամով. նախարարը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

Համայնքները սեփական եկամուտներն ավելացրել են 1 մլրդ դրամով. նախարարը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզային և համայնքային նշանակության մի շարք հարցեր։ Սուրեն Պապիկյանը խորհրդակցությունը սկսել է ՀՀ համայնքների կողմից 2019 թվականի առաջին եռամսյակի սեփական եկամուտների հավաքագրման նախնական արդյունքների ներկայացմամբ։ Նախարարը հայտնել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը գերազանցվել է 0,8 տոկոսով կամ գումարային արտահայտությամբ շուրջ 1 մլրդ դրամի չափով։ Ընդհանուր առմամբ գոհացուցիչ համարելով արձանագրված ցուցանիշները՝ նախարար Պապիկյանը, այդուհանդերձ, անհրաժեշտ է համարել բարձրացնել տարեկան պլանային նշաձողը և բյուջեի համար ապահովել առավելագույն մուտքեր։ ՀՀ կառավարության նախորդ նիստին նպաստների վճարման գործընթացում արձանագրված թերացումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականների պատշաճ ապահովման առնչությամբ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ, անկախ հարցի միջգերատեսչական բնույթից, մարզպետները պարտավոր են պարզել բացթողումների իրական պատճառները և այսուհետ բացառել մարդկային գործոնով պայմանավորված համակարգի խափանման դեպքերը։ Խոսելով համայնքների միավորման գործընթացում առաջիկա անելիքների մասին՝ նախարար Պապիկյանն արձանագրել է, որ աշխարհագրորեն և տնտեսապես համադրելի համայնքների միավորումը նրանց ինքնուրույնության մղելու և ենթակառուցվածքները զարգացնելու ինստիտուցիոնալ հնարավորություն է ընձեռնում։ Այս կապակցությամբ նախարարը հարկ է համարել ևս մեկ անգամ ընդգծել, որ միավորման գործընթացն այլևս իրականացվելու է հանրային լայն քննարկումների և համայնքների բնակչության ազատ կամարտահայտության սկզբունքով։ Սուրեն Պապիկյանը մարզպետներին հորդորել է նաև ուշադրության առանցքում պահել համայնքների սուբվենցիոն, ինչպես նաև առաջնային լուծում պահանջող ծրագրերով ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների որակը։ Նախարարն անթույլատրելի է համարել բոլորովին վերջերս հիմնանորոգված կամ վերանորոգված ճանապարհներում արձանագրված որակական խախտումները և ասել, որ անբարեխիղճ ճանապարհաշինարարական կազմակերպությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ բացառելու համար նմանօրինակ գործելաոճը։
18:25 - 09 ապրիլի, 2019
Կգործարկվի ջրի փոխադրման՝ 11 կիլոմետրանոց համակարգը․ Պապիկյանն այցելել է Վեդու ջրամբար

Կգործարկվի ջրի փոխադրման՝ 11 կիլոմետրանոց համակարգը․ Պապիկյանն այցելել է Վեդու ջրամբար

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 8-ին աշխատանքային այցով եղել է Արարատյան հարթավայրի մի շարք բնակավայրերում՝ ծանոթանալու ջրային համակարգի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ոլորտում առկա խնդիրներին։ Նախարար Սուրեն Պապիկյանը նախ այցելել է Վեդու ջրամբար, ՀՀ ջրային պետական կոմիտեի ղեկավար Վարդան Մելքոնյանի և ոլորտի այլ պատասխանատուների հետ շրջել շինհրապարակում, քննարկել ջրամբարի կառուցմանը վերաբերող մի շարք հարցեր։ Նախարարին զեկուցվել է, որ ավարտական փուլում են ջրամբարի երկու պատվարի շինարարական աշխատանքները, իսկ ջրամբարի կառուցումը նախատեսվում է ավարտել 2021թ։ Ոռոգման շրջանից դուրս ջուրը ջրամբար կլցվի Վեդի և Խոսրով գետերի հեղեղային հոսքերով: Նախարարին տեղեկացվել է նաև, որ մոտ օրերս կփորձարկվի շուրջ 11 կմ երկարությամբ ջրի փոխադրման համակարգը, որի միջոցով նախատեսվում է ջրամբարի կառուցումից հետո այնտեղ ամբարել գետերի ջուրը: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է շրջայցը, այցելել ոլորտի խնդրահարույց հատվածներ: Նախարարը հորդորել է հետևողական լինել ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և դրենաժային համակարգում առկա թերությունները, ու հատկապես ապօրինի սպառման դեպքերը հայտնաբերելու հարցում:
07:22 - 09 ապրիլի, 2019
Նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է դեպի Սևանա լիճ այս տարվա առաջին ջրբացթողման աշխատանքներին

Նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է դեպի Սևանա լիճ այս տարվա առաջին ջրբացթողման աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Արփա-Սևան հիդրոտեխնիկական համալիր, որտեղ մասնակցել է դեպի Սևանա լիճ այս տարվա առաջին ջրբացթողման աշխատանքներին։ Նախարարին ուղեկցել են ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, Տավուշի մարզպետ Տրդատ Սարգսյանը, «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը և այլ պաշտոնատար անձինք։ Այցի մեկնարկին Սուրեն Պապիկյանը ժամանել է Կեչուտի ջրամբար, որտեղ կառույցի պատասխանատուները նախարարին մանրամասն ներկայացրել են ջրամբարի տեխնիկատնտեսական նկարագիրը, տեղեկություններ տրամադրել այս պահին ջրամբարում ամբարված ջրի ծավալների վերաբերյալ։ Ոլորտի ներկայացուցիչները նախարարին հավաստիացրել են, որ ջրամբարը բերված է մեկնարկային վիճակի և առաջիկա ամիսներին դեպի Սևանա լիճ ջրբացթողումը կիրականացվի անխափան ու արդյունավետ: Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է Արփա-Սևան հիդրոտեխնիկական համալիրի Եղեգիսի տեղամաս ։ «Արփա-Սեւան» ԲԲԸ գլխավոր տնօրեն Պարույր Հակոբյանը նախարարին ներկայացրել է «Արփա-Սեւան» թունելի արտադրողականության բարձրացման նպատակով կատարված և նախատեսվող շինարարարական աշխատանքները, որոնց արդյունքում սպասվում է կրկնապատկել Սեւանա լիճ տեղափոխվող ջրաքանակը։ Ըստ ոլորտի ներկայացուցիչների ընթացիկ տարում ակնկալվում է թունելի թողունակությունը մինչ այսօր եղած առավելագույնը 14,5 մ³/վրկ-ից հասցնել շուրջ 18,5-19,5 մ³/վրկ, որը հնարավորություն կտա այս տարի Սևանա լիճ տեղափոխել 150 - 180 մլն մ³ ջրաքանակ:
16:29 - 03 ապրիլի, 2019
Այս պահին կառավարության կողմից հաստատված է 46 դպրոցի հիմանորոգման ծրագիր. Սուրեն Պապիկյան |aysor.am|

Այս պահին կառավարության կողմից հաստատված է 46 դպրոցի հիմանորոգման ծրագիր. Սուրեն Պապիկյան |aysor.am|

aysor.am: Փաստ է, որ հին Հայաստանի ուրվականը շարունակում է մեզ հետապնդել։ Այն մեր առօրյայում է, քանի դեռ մեր առաջ ծառացած խդիրները լուծում չեն ստացել, «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ «Ասիական զարգացման բանկի օգնությամբ մենք փորձում ենք իրականացնել սեյսմիկ վտանգավորության գոտում գտնվող դպրոցների վերակառուցումը։ Նախնական նպատակը եղել է դրանց նորոգումը կամ հիմանանորոգումը, բայց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դպրոցների մեծ մասը պետք է ամբողջովին քանդել և նորերը կառուցել։ Այս պահին կառավարության կողմից հաստատված է 46 դպրոցի հիմանորոգման ծրագիր, որոնցից մեկն Արմավիրի մարզի Պտղունք համայնքի դպրոցն է։ Այս տարի մենք նախատեսում ենք շուրջ 31 դպրոցի վերանորոգման աշխատանքների մեկնարկ։ Ընթանում է 7 դպրոցի շինարարություն, որոնց մի մասը տարվա երկրորդ կեսին շահագործման կհանձնվի», - ասաց նախարարը։
09:14 - 02 ապրիլի, 2019
Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր

Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագը, նույն գործակալության Կենտրոնական Ասիայի երկրների և Հայաստանի հարցերով ղեկավար Ֆանեթ Բաղդենը և այլ պաշտոնատար անձինք։  Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել երկու պետությունների և ժողովուրդների միջև առանձնահատուկ մակարդակի գործընկերային և դաշնակցային հարաբերությունները քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, կրթամշակութային հաղորդակցության, միջտարածաշրջանային համագործակցության ոլորտներում։ Պապիկյանը հատուկ արժևորել է էներգախնայողության, ոռոգման համակարգերի, ջրամբարաշինության ոլորտներում Զարգացման ֆրանսիական գործակալության ծավալած լայնամասշտաբ գործունեությունը և ընդգծել, որ գործակալությունն առանցքային դեր ու նշանակություն ունի Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, գործակցության օրակարգի հարստացման տեսանկյունից։ Իր հերթին դեսպան Ջոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ անցած տարվա գարնանային իրադարձություններից հետո ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների կողմից շեշտակի մեծացել է Հայաստանի հետ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման ուղղությամբ շահագրգռվածությունը։ Դեսպանը նաև հույս է հայտնել, որ այս տարվա աշնանը Լիոնում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին ընդառաջ` կողմերին կհաջողվի համակարգել բոլոր գործնական ծրագրերն ու գաղափարները և ներկայանալ փոխգործակցության պատրաստի թղթապանակներով։  
10:41 - 22 մարտի, 2019
Կան այլ մարդկանց պատկանող հողակտորներ, որոնց վկայականները Մանվել Գրիգորյանի մոտ են. Սուրեն Պապիկյան

Կան այլ մարդկանց պատկանող հողակտորներ, որոնց վկայականները Մանվել Գրիգորյանի մոտ են. Սուրեն Պապիկյան

Առկա են տասնյակ հողակտորներ, որոնք պատկանում են այս կամ այն մարդկանց, բայց որոնց սեփականության վկայականները գտնվել են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի մոտ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա խոսքով՝ տարիներ շարունակ ընդունված բան է եղել, որ պաշտոն ստանալուց հետո պաշտոնյաները սկսել են փայ-փայ անել նաեւ հողերը: «Մանվել Գրիգորյանի դեպքով՝ այդ աճուրդները տեղի են ունեցել ոչ սահմանված կարգով եւ ոչ մրցույթով: Այդ առումով այժմ ուսումնասիրություններ են կատարվում Տավուշի մարզի Դիլիջան, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արշալույս, Հայթաղ, Պտղունք, Ծաղկալանջ, Գրիբայեդով, Արտիմետ, Մեծամոր, Ակնալիճ համայնքներում: Այդ տարածքների վերաբերյալ մենք գրություն ենք ստացել, ըստ որի՝ տարբեր անձինք խոստովանում են, որ կամ իրենք տեղյակ չեն իրենց սեփականություններից, կամ էլ այդ հողերի աճուրդը կայացել է ոչ օրենքով սահմանած կարգերով»,- ասաց Պապիկյանը: Նրա խոսքով՝ այդ հողակտորների հետ կապված նախկինում տրված որոշումները պետք է կամ ճանաչվեն առ ոչինչ, կամ էլ դատարանը համապատասխան գնահատական կտա, որից հետո կորոշեն անելիքը: Պապիկյանը վստահեցրեց, որ իրենք իրենց իրավասության շրջանակում դիմելու են համապատասխան մարմիններին՝ այդ հողերը հետ ստանալու համար: «Իմ հորդորով՝ մարզպետարաններն իրենց կայքերում արդեն իսկ ցուցադրում են իրենց տարածքներում կատարվելիք աճուրդները: Բացի այդ, մեր վարչություններից մեկը փաստաթուղթ է մշակում, որպեսզի հողերի սեփականաշնորհման կարգում ինչ-ինչ փոփոխություններ լինեն»,- ասաց նախարարը: armtimes.com
09:13 - 20 մարտի, 2019
Հայաստանի համայնքներում կներդրվի համամասնական ընտրակարգ. Սուրեն Պապիկյան |aysor.am|

Հայաստանի համայնքներում կներդրվի համամասնական ընտրակարգ. Սուրեն Պապիկյան |aysor.am|

Ունենք համայնքապետարաններ, որոնք շատ լավ են պատկերացնում իրենց համայնքի զարգացումը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ «Ցավոք, այդ թիվը մեծ չէ, և սա է պատճառը, որ մենք փորձում ենք նոր որակ հաղորդել համայնքների կառավարմանը և առաջիկայում, երբ ի հայտ կբերվի նոր խոշորացման ծրագիրը, նախատեսում ենք, որ պետք է Հայաստանի համայնքներում ներդրվի համամասնական ընտրակարգ», - ասաց նախարարը։ Ըատ Պապիկյանի՝ այդ համամասնական ընտրակարգը, որպեսզի լինի ամբողջական և մոտեցումը ճիշտ լինի, միայն կուսակցական պատկանելությանը պետք է շեշտը չդնել։«Փաստ է, որ գոնե մարզերում կուսակցությունները, ցավոք, բավարար կայացած չեն։ Եվ հանրային նախաձեռնություններին, քաղաքական և հասարակական խմբերին ավագանիում և համայնքի ղեկավարմանը ներգրավվելու համար մենք պետք է հարթակ ու հնարավորություն ստեղծենք», - նշեց նախարարը։ aysor.am
08:23 - 20 մարտի, 2019