Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է խոզանը այրելու փոխարեն կատարել երեսվար

Էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է խոզանը այրելու փոխարեն կատարել երեսվար

Բերքահավաքի սեզոնի հետ կապված, Էկոնոմիկայի նախարարությունը հիշեցնում է, որ,համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի՝ արգելվում է այրել խոզանները՝ բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Բացի շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա վնասակար ազդեցությունից, խոզանի այրումը նաև գյուղատնտեսության մեջ է խիստ բացասական հետևանքներ թողնում: Հողի վերին շերտի վրա պարբերաբար բարձր ջերմաստիճանների ազդեցության հետևանքով ոչնչանում են հումուսի պաշարը և հողում կենսագործող կենդանի օրգանիզմները (բիոտան), փոխվում են հողի ֆիզիկաքիմիական հատկություններն ու մեխանիկական կազմը, ինչի հետևանքով հողը առավել հեշտ է ենթարկվում քամու և ջրի էռոզիային: Խոզանի այրման ժամանակ այրվում են նաև բույսի աճի և զարգացման համար անհրաժեշտ սննդատարրեր, յուրաքանչյուր հեկտարից հողից անվերադարձ հեռացվում է 4 տոննա օրգանական նյութ և մինչև 30 կիլոգրամ ազոտ: Բավական է միայն նշել, որ 40-50 ցենտներ խոզանի այրվելու դեպքում 1 հեկտարից հեռացվում է 1500-1700 կիլոգրամ ածխաթթու գազ և մինչև 20-25 կիլոգրամ ազոտ, որոնք կարող էին մտնել կրկնակի շրջապտույտի մեջ: Այրման հետևանքով սննդանյութերի հետ միաժամանակ ոչնչանում են արժեքավոր հողային կենսացենոզներ: Բերքահավաքից հետո բուսական մնացորդների (խոզանի) այրման  բացասական հետևանքներից խուսափելու նպատակով՝ Էկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում խոզանը այրելու փոխարեն դաշտը զբաղեցնող մշակաբույսի բերքահավաքից անմիջապես հետո կատարել խոզանի երեսվար, ինչը անգնահատելի մեծ նշանակություն ունի շատ տարածաշրջաններում: Խոնավ շրջաններում այն խորհուրդ է տրվում կատարել 5-6 սանտիմետր, իսկ չորային պայմաններում՝ 8-10 սանտիմետր խորությամբ:
11:04 - 29 հուլիսի, 2020
Արդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր է գյուղոլորտում ապահովել առավել քան 30% շահութաբերության բարձրացում. Տիգրան Գաբրիելյան

Արդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր է գյուղոլորտում ապահովել առավել քան 30% շահութաբերության բարձրացում. Տիգրան Գաբրիելյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանն և վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանն այցելել են Արարատի մարզի Ոստան համայնք` մշակաբույսերի ցանքատարածությունները դիտարկելու, ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին ծանոթանալու և բերքահավաքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։ Փոխնախարարին ուղեկցել է ֆերմեր Իոսիֆ Դինխոևը, նա համայնքում զբաղվում է տարբեր մշակաբույսերի, մասնավորապես` լոլիկի, ելակի, սոխի, ծաղկակաղամբի և պեկինյան կաղամբի մշակությամբ: Գյուղատնտեսական գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ֆերմերը բաց գրունտում ներդրել է կաթիլային ոռոգման համակարգ, որի շնորհիվ կարողացել է նվազեցնել ոռոգման ծախսերը և բարձրացնել բերքատվությունը: Բացի այդ, ֆերմերը կիրառում է ցանքաշրջանառություն, ինչը թույլ է տալիս բարելավել հողերի բերրիությունը և ապահովել բարձր և որակյալ բերք: Արտադրված գյուղմթերքը մասամբ իրացվում է  տեղական, մասամբ` ռուսաստանյան շուկայում: Պետական աջակցության շրջանակներում նա օգտվել է լիզինգի ծրագրից և ձեռք բերել մի շարք սարքավորումներ: Իոսիֆ Դինխոևը տեղեկացրել է, որ այս համայնքում բարենպաստ պայմաններ են ստեղծված գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, առաջիկայում նա նախատեսում է բազմազանեցնել մշակաբույսերի տեսականին և զբաղվել նաև մոշի մշակությամբ: Տիգրան Գաբրիելյանը ֆերմերին ներկայացրել է պետական օժանդակության այն ծրագրերը, որոնց շրջանակում հնարավոր է նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ  բարձր արտադրողականությամբ մոշի ինտենսիվ այգի հիմնել` ապահովելով հատապտղի բարձր բերքատվություն: Ֆերեմերն առաջիկակում նախատեսում է նաև հիմնել տարբեր մշակաբույսերի սածիլանոց, իսկ տնտեսությունն ընդլայնելու նպատակով` օգտվել պետական օժանդակության գործիքակազմից։ Անդրադառնալով այցի ընթացքում կատարված դիտարկումների արդյունքներին` Տիգրան Գաբրիելյանn ընդգծել է ցանքաշրջանառության իրականացման կարևորությունը և նշել, որ արդյունավետ գյուղատնտեսության գրավականը աշխատանքների ճիշտ կազմակերպումն է և նորագույն տեխնոլոգիաների կիրառումը. «Արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ հնարավոր է գյուղատնտեսության ոլորտում նվազեցնել արտադրվող գյուղմթերքի ինքնարժեքը և առավել քան 30%-ով բարձրացնել շահութաբերության մակարդակը», - նշել է նա: Շրջայցի ընթացքում ներկայացվել են պետական օժանդակության ծրագրերի պայմանները, կատարված փոփոխություններն ու լրամշակումները, դրանց շրջանակներում շահառուներին տրվող արտոնությունները:
18:03 - 28 հուլիսի, 2020
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությանը

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 24-ին ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությանը Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ Արցախի նախագահն իր խոսքում նշել է, որ փոխգործակցության հիմքում ունենալով ԱՀ և ՀՀ տնտեսությունների զարգացման հնարավորություններն ու հեռանկարները՝ առաջիկա տարիների տեսլականում շատ կարևոր է ուշադրությունը սևեռել պարենային ապահովության և անվտանգության խնդիրներին: Երկրի ղեկավարը շեշտադրել է, որ համաշխարհային տնտեսության վերջին զարգացումները, նոր տիպի կորոնավիրուսի հարուցած հետևանքները և տարածաշրջանային մարտահրավերներն այդ իմաստով այլընտրանք չեն թողնում՝ հատկապես, որ թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում առկա է գյուղատնտեսական չիրացված մեծ ներուժ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Խաչատրյանը նշել է, որ լիովին գիտակցում է ձևակերպված խնդիրների կարևորությունը և ժամանակի սղությունը: Նա ընդգծել է, որ Արցախի գործընկերների հետ քննարկում են այն հիմնական ուղիները, որոնք հնարավորություն են տալու արդյունավետ կերպով ապահովել նախանշած արդյունքները: Նախարարի խոսքով՝ այդ համատեքստում դիտարկվում են առկա ռեսուրսները և համեմատական առավելություններ ընձեռնող գործոնները, որպեսզի հնարավոր լինի ապահովել առավելագույն արդյունավետություն: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկու կառավարությունների կողմից տնտեսվարող սուբյեկտների աջակցման նպատակով կիրառվող գործիքակազմերի ներդաշնակեցմանը և տնտեսական առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը և ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը:
12:29 - 25 հուլիսի, 2020
Տիգրան Խաչատրյանն Արցախում է․ ստորագրվել է գյուղաջակցության ծրագրերի ներդաշնակեցման հուշագիր

Տիգրան Խաչատրյանն Արցախում է․ ստորագրվել է գյուղաջակցության ծրագրերի ներդաշնակեցման հուշագիր

Մեկնարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում հուլիսի 24-ին տեղի է ունեցել Տիգրան Խաչատրյանի և ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայկական երկու պետությունների գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթ ուղղություններին, պետական օժանդակության ծրագրերում կատարված փոփոխություններին ու լրամշակումներին, երկու գերատեսչությունների միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հեռանկարներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերին վերաբերող հարցեր։   Նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ այս հանդիպման կարևոր նպատակներից է քննարկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, գույքագրել երկու կողմերում առկա օժանդակության գործիքակազմը և միասնական քայլերով, առկա մարտահրավերների հաղթահարման միջոցով հասնել ոլորտի առավել արդյունավետ զարգացմանը և պարենային անվտանգության ապահովմանը, որը երկու պետությունում հարկավոր է դիտարկել մեկ նկարի մեջ` որպես ընդհանուր խնդիր։ «Մենք պետք է փորձենք համատեղ ուժերով գտնել պարենային անվտանգության և պարենային ապահովության հարցերի լուծման ուղիներ, խնդրի լուծման ընդհանուր բանալի՝ լավագույն եղանակով օգտագործելով այն ռեսուրսները, որոնք ունենք Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում։ Մեր ունեցած ռեսուրսները պետք է այնպես օգտագործվեն, որպեսզի կարողանան առավելագույնս ծառայել արդյունավետ գյուղատնտեսության զարգացմանը», - նշել է Տիգրան Խաչատրյանը։ Նախարար Խաչատրյանը նաև հույս է հայտնել, որ աշխատանքային այս հանդիպումը հիմք կհանդիսանա վերածելու փոխգործակցությունը ամենօրյա ձևաչափի։ ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանն իր խոսքում նշել է, որ երկու պետությունների համար գյուղատնտեսութունը ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսության ճյուղ է և ներկայում Արցախի Հանրապետության գյուղատնտեսության առաջնային խնդիրներից է դեպի ոլորտ նոր ներդրումների ներգրավումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՀ ագրարային բնագավառում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները, ընդգծվել է հայկական երկու պետությունների ծրագրերը ներդաշնակեցնելու կարևորությունը։ Առանձին անդրադարձ է կատարվել Հայաստանում մեկնարկած աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագրին։     Նախարարները համակարծիք էին, որ ոլորտում մշակվող և իրականացվող պետական օժանդակության ծրագրերը պետք է ուղղվեն գյուղատնտեսության մեջ ներգրավված տնտեսվարողների շահութաբերության ավելացմանը և արտադրողականության բարձրացմանը։   Հանդիպման շրջանակում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է մշակել և իրականացնել տեխնիկական ու գիտական համագործակցություն, իրագործել նախագծեր և ծրագրեր գյուղատնտեսության բնագավառում։ Փաստաթղթով նախատեսվում է երկկողմ համագործակցություն, մասնավորապես, պարենային անվտանգության ապահովման, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական մթերքի վերամշակման և իրացման աշխատանքների համատեղ պլանավորման, բուսաբուծության և պտղաբուծության, սերմնարտադրության, բանջարեղենի արտադրության, խաղողագործության և գինեգործության, անասնաբուծության և անասնաբուժության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԱՀ գյուղատնտեսության ոլորտի մասնագետների համատեղ վերապատրաստման և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող միջոցառումներին նրանց մասնակցության ապահովման, ագրոբիզնեսի հետազոտությունների իրականացման ոլորտներում, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ծրագրերի շրջանակում: Այնուհետև Տիգրան Խաչատրյանն իր գործընկերոջ հետ շրջայց է կատարել «Ոսկե կաթիլ» ձեթի արտադրամասում, որտեղ արտադրվում է արևածաղկի, կտավատի, հլածուկի զտված և չզտված ձեթ։ Շրջայցի ընթացքում հյուրերին ներկայացվել են առկա արտադրական հզորությունները, ընկերության առաջիկա  ծրագրերը:
21:38 - 24 հուլիսի, 2020
Պաշտպանիչ պարագաներ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնին»

Պաշտպանիչ պարագաներ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնին»

Նոր կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին նպաստելու նպատակով` «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրել է անհատական պաշտպանիչ պարագաներ՝  27,750 հատ բժշկական դիմակ, 55,500 զույգ ձեռնոց և տեղեկատվական նյութեր, իսկ օգոստոսին կտրամադրվի հատուկ հանդերձանքի 555 հավաքածու՝ արտահագուստ և կոշիկ: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Աջակցությունը տրամադրվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում»  ծրագրի շրջանակներում: Օժանդակության նպատակն է աջակցել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն»-ին ՀՀ տարածքում պետական պատվերի ծրագրի շրջանակներում իրականացվող կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների անխափան և անվտանգ իրականացմանն ու համավարակի տարածման կանխարգելմանը հետևյալ ուղղություններով. - Անասնաբույժ-մասնագետների և համաճարակաբանների իրազեկում՝ համավարակի պայմաններում աշխատանքի անվտանգության կանոնների և անհատական պաշտպանության միջոցների վերաբերյալ։ -Աշխատող անձնակազմի (անասնաբույժ-մասնագետներ և համաճարակաբաններ) անվտանգության ապահովում՝ տրամադրելով անհատական պաշտպանիչ պարագաներ։ - Անասնապահ տնտեսությունների շրջանում իրազեկման մակարդակի բարձրացում՝ համավարակի պայմաններում կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների իրականացման առանձնահատկությունների և անվտանգության կանոնների վերաբերյալ: «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում մինչև օգոստոսի վերջ կիրականացվեն մի շարք լրացուցիչ միջոցառումներ, որոնք նպատակ ունեն կաթի և մսի արժեշղթաների մասնակիցներին աջակցել համավարակի պայմաններում աշխատանքների անվտանգ և անխափան իրականացման հարցում:
13:28 - 24 հուլիսի, 2020
Նախատեսվում է ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին ճանաչել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն |hetq.am|

Նախատեսվում է ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին ճանաչել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն |hetq.am|

hetq.am: Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է Հայաստանի ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին ճանաչել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը։ Նշենք, որ այն ստեղծվել է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ների միաձուլման արդյունքում։  Նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նորաստեղծ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի» միջոցով բացառվելու է երկու ՓԲԸ-ների նույնանման գործառույթների իրականացումը։ Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ 2019 թվականի ֆինանսների նախարարությունում և կառավարությունում կայացած հանդիպումների շրջանակներում քննարկվել են մի շարք պետական կազմակերպությունների, այդ թվում՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ների, կառուցվածքները, ռեսուրսները, դրանց կողմից իրականացվող գործընթացների, մատուցվող ծառայությունների հիմնավորվածություններն ու դրանց շարունակականության ապահովման նպատակահարմարությունը։ Արդյունքում որոշվել է այս երկու ՓԲԸ-ները միաձուլել՝ ստեղծելով նոր «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին»։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն հիմնադրվել է այս տարվա մարտին։ Դրա միակ բաժնետերը Էկոնոմիկայի նախարարությունն է։
16:33 - 23 հուլիսի, 2020
Մոսկվայում հայկական գյուղմթերքի իրացման կետերի վերաբերյալ տեղեկություն կտրամադրվի անցակետում

Մոսկվայում հայկական գյուղմթերքի իրացման կետերի վերաբերյալ տեղեկություն կտրամադրվի անցակետում

Մոսկվայում հայկական գյուղմթերքի իրացման կետերի վերաբերյալ տեղեկություն այսուհետև կտրամադրվի նաև սահմանային անցակետերում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: «ՊԵԿ գործընկերների հետ համագործակցությամբ այսուհետև հայաստանյան արտահանողները կետեղեկացվեն ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հայկական մթերքի իրացման հնարավորությունների վերաբերյալ։ Արտահանողները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում (51-й км МКАД, вл.2, тел. +7 (985) 643-43-45 ), ինչպես նաև արտադրական-պահեստավորման «БММ» կենտրոնի տարածքում (г. Москва, Кирпичные выемки, 4)։ Տեղում ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները»,- նշել է Օհանյանը: Նրա խոսքով` այս օրերին առևտրային գործունեության կազմակերպման, անվճար կայանման, ապրանքների իրացման հնարավորություններ ստեղծված են մեծածախ առևտրի մի քանի կետում` «Бухта» (Дмитровское шоссе 165, к․1, +7 (926) 6660099), Шелковый путь» (32-й км МКАД), ք․ Տուլայի առևտրի կենտրոն (с. Ильинка, ул․Центральная, вл․ 40): Էկոնոմիկայի նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ հայ արտահանողները և անհատ ձեռներեցները, ովքեր բախվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում և, մասնավորապես, Մոսկվայի տարածքում, Հայաստանից արտահանվող ապրանքների իրացման խնդրին, կարող են անվճար իրավաբանական օգնություն ներկայացնել հետևյալ կազմակերպություններին` Իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիա «АРМРОСС» - +7 (929) 939 78 00; «ОМЕГА Групп» - +7 (909) 952- 70-49, +7 (985) 132 08 88, + 7 (495) 104 -82 -27; Հայ փաստաբանների ասոցիացիայի Մոսկվայի մասնաճյուղ САР - +7 (966) 153-00-00: Նշյալ հարցերով ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը գործում է հետևյալ «Թեժ գծի» հեռախոսահամարը՝ + 7 (966) 118-89-84։
15:30 - 23 հուլիսի, 2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել COVID-19-ի վերաբերյալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել COVID-19-ի վերաբերյալ

COVID-19 համավարակով պայմանավորված երկարատև սահմանափակումներից հետո, հայաստանյան բիզնեսը վերաբացվում է, և ստեղծված նոր գործարար միջավայրում ֆինանսական տնօրենները և ղեկավարները հայտնվել են կանխատեսվող ավելի ցածր հասույթներով և վերափոխված աշխատատեղերով պայմաններում։ Այնուամենայնիվ, ընկերությունները դեռևս բախվում են թերահավատ աշխատակիցների խնդրին, ովքեր շարունակում են անհանգստանալ անվտանգ կերպով աշխատանքի վերադառնալուց։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և PwC Արմենիայի կողմից կատարված COVID-19-ի վերաբերյալ համատեղ հետազոտության համաձայն՝ բոլոր ֆինանսական տնօրենների և ղեկավարների մեծամասնությունը (80%) կանխատեսում է հասույթի և շահույթի նվազում։ Նույնիսկ ավելի լավատեսական աշխարհայացք ունեցող երկրներում ֆինանսական տնօրենները և ղեկավարները կարծում են, որ COVID-19-ի տնտեսական ազդեցությունը կնվազեցնի հասույթն ու շահույթը` Շվեյցարիայում (80%), Դանիայում (73%), Գերմանիայում (66%), Հայաստանում (60%)՝ նշելով, որ բոլորն ակնկալում են նվազում։ «Բիզնեսի վրա COVID-19- ի ազդեցության վերաբերյալ հետազոտությունը պատրաստվել է միայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության համար և  բացառապես COVID-19-ի  բռնկման վերաբերյալ  Հայաստանի ֆինանսական առաջատարների տրամադրվածությանը և առաջնահերթություններին հետևելու նպատակով` նախարարության հետ համաձայնեցված պայմաններով», - նշում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ծախսերը նվազեցնելու հրատապությունը դեռևս արդի է: Բոլոր տարածաշրջանների այն ֆինանսական տնօրենները և ղեկավարները, ովքեր ասում են, որ նախատեսում են ծախսերի նվազեցման միջոցներ, կապիտալ ներդրումները շատ մեծ հավանականությամբ կհետաձգեն կամ կչեղարկեն․ ֆինանսական տնօրենների և ղեկավարների այս կարծիքը Մեքսիկայում (97%) և Հայաստանում (75%)։ Միջին Արևելքի ֆինանսական տնօրենները և ղեկավարները նշում են, որ առավել հավանական են համարում աշխատանքից ազատելը՝ աշխատուժի ներդրումների հետաձգման կամ վերացման հետ կամատեղ (70%)։ Հայաստանում այս թիվը կազմում է 38%։ Բոլոր ոլորտներում կապիտալ ծախսերի հետաձգումը կամ չեղարկումը նույնպես հանդիսանում է լավագույն տարբերակ՝ 93%-ով ղեկավարվելով արդյունաբերական և ավտոմոբիլային արտադրության ֆինանսական տնօրեններով և ղեկավարներով։ Այլ դրական կողմ է համարվում բիզնեսի վստահությունը՝ իր աշխատողներին պաշտպանելու հարցում: Փաստացի հարցման մասնակիցների գրեթե երկու երրորդը (64%) «շատ վստահ են», որ իրենց ընկերությունը կարող է ստեղծել աշխատողների համար անվտանգ աշխատատեղ և, վերափոխելով աշխատատեղը, ապահովել ֆիզիկական հեռավորություն (55%): Հայաստանում այս ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 70% և 20%։ «Հաշվի առնելով գլոբալ համաճարակի աննախադեպ բնույթը, պարզ է, որ աշխատողները շատ անհանգստացած են իրենց առողջության և անվտանգության համար, քանի որ նրանց խնդրում են վերադառնալ իրենց գրասենյակներ և աշխատավայրեր», - ասում է PwC Արմենիայի հաճախորդների և շուկայի ղեկավար Ինգա Շահնազարովան։ «Շատ կարևոր է, որ բիզնեսի ղեկավարներն իրենց աշխատակիցների անհանգստությունները փարատելու նպատակով հաճախակի և թափանցիկ կերպով տեղեկացնեն նրանց այն մասին, թե ինչ քայլեր են կատարում նրանց ապահով, առողջ և աշխատունակ պահելու համար»: Հատկանշական է, որ համեմատաբար քիչ են (18%) համաշխարհային ֆինանսական տնօրեններն ու ղեկավարները, որոնք նախատեսում են հետաձգել կամ չեղարկել թվային փոխակերպումների հետ կապված ներդրումները: Ոլորտների մակարդակով այս ցուցանիշը տատանվում է էներգիայի, կոմունալ ծառայությունների և ռեսուրսների 24%-ից մինչև տեխնոլոգիայի, լրատվամիջոցների և հեռահաղորդակցության ընդամենը 11%-ի միջև։ Այս ընդհանուր դժգոհությունը զարմանալի չէ, հաշվի առնելով, որ թվային փոխակերպումը մեծ և կարևոր դեր է կատարում ճգնաժամային արձագանքների մոբիլիզացված-կայունացնող-ռազմավարական հետագա շարունակական փուլերում, հատկապես երբ կազմակերպություններն արագացնում են ավտոմատացումը կամ տեղում աշխատելու այլ նոր եղանակները, նախատեսում են կոնտակտի հետագիծը ստուգելու տեխնոլոգիաներ՝ աշխատատեղի անվտանգությունն ապահովելու համար, և նպատակ ունեն ստեղծել ավելի ինտեգրված և տեխնիկապես զարգացած մատակարարվող ցանցեր: PwC-ին ստեղծել է Check-In with Automatic Contact Tracing գործիքը, որը հնարավորություն է տալիս ընկերություններին արագ նույնականացնել և զգուշացնել այն աշխատողներին, ովքեր, հնարավոր է, կոնտակտի մեջ են եղել աշխատավայրում գտնվող գործընկերոջ հետ, ում COVID-19-ի թեստի պատասխանը դրական է եղել: «Քանի որ ավելի շատ ընկերություններ են վերաբացվել, ֆինանսական տնօրենները և ղեկավարները հայտնվել են նոր իրականությունում և համապատասխանաբար կառավարում են իրենց սպասելիքները», - ասում է PwC Արմենիայի տնօրեն Ալեքսեյ Ռուսանովը։ «Մենք տեսնում ենք, որ շատ առաջնորդներ սկսում են ետ կանգնել ծախսերի նվազեցման կտրուկ միջոցառումներից, քանի որ վերջիններս հասկանում են, թե ինչպես կառավարել իրենց բիզնեսը նոր միջավայրում՝ հաշվի առնելով այս ճգնաժամից բխող գործառնական ռիսկերը»: Հայաստանյան ֆինանսական տնօրենների և ղեկավարների պատասխանները վերլուծելու սահմանափակումները Ընթացիկ հետազոտության մեջ կիրառված մեթոդաբանությունը սահմանում է, որ որոշակի քանակով հարցվածներ պետք է իրենց պատասխանները տրամադրեն յուրաքանչյուր տարածքից (ընդհանուր առմամբ, առնվազն 30): Քանի որ Հայաստանից ստացված պատասխանների թիվը ցածր է 30-ից, մենք ներկայացնում ենք հայաստանյան ֆինանսական տնօրենների և ղեկավարների տեղեկատվությունը՝ որպես նշում ու կարծիք, և ոչ թե որպես վիճակագրորեն հավաստի տվյալ: Հարկ է նշել, որ եթե հարցվածների թիվն ավելի մեծ լիներ՝ կարող էին ստացվել այլ արդյունքներ: Բոլոր ստացված տվյալները հասանելի են՝ https://www.pwc.com/am/en/publications/pwc-covid-19-cfo-pulse-survey.html։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և PwC Արմենիայի COVID-19 համատեղ հետազոտության գլոբալ արդյունքներում ներկայացվում է 870 ֆինսական տնօրենների կարծիքը ավելի քան 24 երկներից։ PwC-ի մասին PwC-ի նպատակն է ստեղծել հասարակության մեջ վստահություն և լուծել կարևորագույն խնդիրները: PwC-ն ընկերությունների ցանց է, որը գործում է 157 երկրներում և ունի ավելի քան 276,000 աշխատակից, ովքեր նվիրումով մատուցում են որակյալ աուդիտորական, խորհրդատվական ու հարկային ծառայություններ: Ավելին իմանալու և մեզ դիմելու համար այցելեք հետևյալ հղմամբ՝ www.pwc.com: PwC-ն վերաբերում է PwC ցանցին և (կամ) դրա անդամ ընկերություններից մեկին, որոնցից յուրաքանչյուրն առանձին իրավաբանական անձ է: Լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք այցելել՝ www.pwc.com/structure:
11:52 - 23 հուլիսի, 2020
Արման Խոջոյանն այցելել է Արմավիրի մարզ․ ներկայացվել են պետաջակցության ծրագրերը և քննարկվել գյուղմթերքի արտահանմանն առնչվող հարցեր

Արման Խոջոյանն այցելել է Արմավիրի մարզ․ ներկայացվել են պետաջակցության ծրագրերը և քննարկվել գյուղմթերքի արտահանմանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանն այցելել են Արմավիրի մարզի Գայ և Մեծամոր համայնքներ՝ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը ներկայացնելու և տեղական գյուղմթերքի արտահանման ոլորտում առկա խնդիրները քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունըԼ Գայ համայնքում փոխնախարարը ծանոթացել է շուրջ հինգ հազար քմ մակերեսով բանջարեղենի արտադրությամբ զբաղվող ջերմատնային տնտեսության գործունեությանը։ Ջերմոցների սեփականատերերը տեղեկացրել են, որ այստեղ հիմնականում մշակվում են պղպեղ և լոլիկ, առաջիկայում նախատեսում են  ընդարձակել ջերմոցային տնտեսության տարածքը ևս մոտ 6-7 հազար քմ-ով և ընդլայնել մշակվող բանջարեղենի տեսականին։ Ջերմոցատերերը Արման Խոջոյանին ներկայացրել են գործող ջերմատանը ներդրված համակարգերը, կառուցվող ջերմատան ընթացիկ շինարարական աշխատանքները։ Այնուհետև Արման Խոջոյանն ուղևորվել է Մեծամոր համայնքում գործող ջերմոցներ, որտեղ մշակվում և աճեցվում են բանջարեղենի առանձին տեսակների սածիլներ և կանաչեղեն։ Այցի շրջանակում փոխնախարարը եղել է նաև թարմ բանջարեղենի և կանաչեղենի պահպանման և փաթեթավորման պահեստում։ Շրջայցի ընթացքում փոխնախարարը ջերմոցների սեփականատերերին համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում կառավարության քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, ինչպես նաև պետական օժանդակության գործիքակազմը և դրանցում կատարված վերջին փոփոխությունները, որոնք մշակվել են կորոնովիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով և կրում են շարունակական բնույթ։ Ջերմոցատերերի հետ քննարկվել են տեղական գյուղմթերքի շուկայահանմանը, արտաքին շուկայում ջերմոցային արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտահանումների արդյունավետ կազմակերպմանը, իրացման շուկաների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման համար նախատեսված գյուղմթերքի պահեստավորման, տեսակավորման, փաթեթավորման, բեռնափոխադրումների և վաճառահանման լոգիստիկական շղթաների ապահովման կարևորությանը։ Արման Խոջոյանը նաև նշել է, որ ջերմոցատերերի կողմից բարձրացված հարցերը նախարարության ուշադրության կենտրոնում են և ոլորտի պատասխանատուները հետևողական են լինելու նախարարության իրավասության շրջանակներում խնդիրների կարգավորմանը։
12:19 - 22 հուլիսի, 2020
Արտահանողները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում․ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ

Արտահանողները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում․ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թարմացում Արտահանողները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում (51-й км МКАД, вл.2, тел. +7 (985) 643-43-45 ), ինչպես նաև արտադրական-պահեստավորման «БММ» կենտրոնի տարածքում (г. Москва, Кирпичные выемки, 4)։ Տեղում ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Այս հարցով ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը գործում է հետևյալ հեռախոսահամարը՝ + 7 (966) 118-89-84»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսնակը հայտնել էր, որ Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ տրվել էր 2 այլընտրանքային լուծում. հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում էր իրենց ապրանքը տեղափոխել հետևյալ երկու իրացման կետեր ՝ Шёлковый Путь առևտրի կենտրոն և Бухта, մեծածախ առևտրի կենտրոն։
16:59 - 18 հուլիսի, 2020
Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ տրվել է 2 այլընտրանքային լուծում

Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ տրվել է 2 այլընտրանքային լուծում

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ հայտնում ենք, որ տրվել է 2 այլընտրանքային լուծում. հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում է իրենց ապրանքը տեղափոխել հետևյալ երկու իրացման կետեր. Шёлковый Путь առևտրի կենտրոն, МКАД, 32-й километр: Սույն կետը գտնվում է «Ֆուդ սիթի» կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա: Бухта, մեծածախ առևտրի կենտրոն Дмитровское ш., 165 корпус 1, +79266660099, Յուրի, տնօրեն: Այս կետն առաջարկվում է «Տաշիր» ԸԽ-ի կողմից, որտեղ մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար կարող են կայանել հայ արտահանողները: Այս պահի դրությամբ «Ֆուդ սիթի» կենտրոնը չի կարողանում չեզոքացնել հայ արտահանողների շուկայահանման խնդիրները, ուստի, մեր հայրենակիցներին առաջարկում ենք օգտվել վերոնշյալ տարբերակներից»: Օհանյանը Infocom-ին տեղեկացրեց նաեւ, որ արտահանողներին արդեն իսկ տրամադրել են համապատասխան կոնտակտները եւ կապի մեջ են նրանց հետ։
14:13 - 18 հուլիսի, 2020
Մեկնարկել է «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագիր» նախաձեռնությունը

Մեկնարկել է «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագիր» նախաձեռնությունը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը տեսազանգի միջոցով հուլիսի 15-ին ազդարարել են «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրի» մեկնարկը։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Նախարար Խաչատրյանը, ողջունելով նախագծի մեկնարկը, նշել է. «Ցանկանում եմ ընդգծել, որ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությունը թե՛ նախկինում, թե՛ ներկայում խիստ արդյունավետ է, մասնավորապես գյուղատնտեսության, փոքր ու միջին ձեռներեցության, զբոսաշրջության ոլորտներում իրականացված ծրագրերը հասցեական են և ճկուն։ Շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունեք վերաձևակերպելու ձեր աջակցության շրջանակը՝ առավել ճշգրիտ համապատախանեցնելու ձեր գործողությունները մեր կարիքներին համավարակով պայմանավորված խնդիրների համատեքստում, քանի որտնտեսությունում իրավիճակն օր-օրի է փոխվում։ Մեկտեղելով մեր ջանքերը՝ կարող ենք մասնավոր հատվածում առկա խնդիրները քննարկել և դրանց համապատախասն օպերատիվ լուծումներ գտնել»։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրի» նպատակն է բարելավել առևտրի, ներդրումների համար անհրաժեշտ միջավայրը և խթանել տնտեսական մրցակցությունը, ինչը կնպաստի ավելի ներառական և կայուն տնտեսական աճին, կդարձնի Հայաստանն ավելի ինքնաբավ և տնտեսապես անվտանգ։ «ԱՄՆ ՄԶԳ-ն ուրախ է հայտարարել «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրի» մեկնարկը:  Այս նախագիծը մեզ հնարավորություն կտա շարունակելու աջակցել Հայաստանին՝ ունենալու կայուն տնտեսություն առավել նպաստավոր գործարար միջավայրի շնորհիվ:  Մենք անհամբեր սպասում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ մեր հաջող համագործակցությանն այս ծրագրի շրջանակում՝ հետագայում ներգրավելով կառավարությանը, մասնավոր հատվածին և այլ համապատասխան շահառուներին այնպիսի հարթակների միջոցով, որոնք տրամադրում են պատշաճ իրազեկում օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ և ստեղծում պետություն-մասնավոր արդյունավետ խորհրդատվության խողովակներ»,-վիրտուալ հանդիպման ընթացքում ասել էԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը։ Հենվելով «թավշյա հեղափոխությամբ» պայմանավորված առաջընթացի և կառավարության տնտեսական բարեփոխումների օրակարգի վրա՝ նախաձեռնությունը կնպաստի գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ այնպիսի փոփոխությունների իրականացմանը, որոնք կխթանեն մասնավոր հատվածի մրցունակությունը միջազգային ասպարեզում, կբարելավեն ներքին մրցակցությունը,  կընդլայնեն և կբազմազանեցնեն առևտուրը:  Բարելավված գործարար միջավայրը կօգնի ներգրավել նոր ներդրումներ, որոնք անհրաժեշտ են կայուն զարգացում ապահովելու գործում:                                                                                                                                                                                                                                                                               Հանդիպման մասնակիցները նշել են, որ այս նախաձեռնության շրջանակում կաջակցեն ՀՀ կառավարության ծրագրի իրականացմանը ևկնպաստեն մասնավոր հատվածի տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը։ Ծրագրի տևողությունը երկու տարի է։ Այն կիրականացվի ԱՄՆ ՄԶԳ կապալառու՝ Միջազգային Զարգացման Խմբի կողմից։ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի ՀՀկառավարությանը՝ տնտեսական վերականգման ծրագրերի շուրջ որոշումները կայացնել փաստահենք տվյալների հիման վրա։ Հանդիպման մասնակիցները քննարկել են ծրագրի իրականացման հետագա քայլերը, շահառու խմբերին թիրախավորելու մանրամասները և պայմանավորվել «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրի» շուրջ հետագա գործակցության վերաբերյալ։
10:19 - 16 հուլիսի, 2020
Տեղական արտադրության կոնյակի գովազդը ժամը 06:00-22:30-ը կարգելվի․ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |factor.am|

Տեղական արտադրության կոնյակի գովազդը ժամը 06:00-22:30-ը կարգելվի․ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |factor.am|

factor.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բացառությունից հանել և տեղական արտադրության կոնյակի գովազդը նույնպես ժամը 06:00-22:30-ը արգելել: Նախագիծն ԱԺ հուլիսի 15-ի արտահերթ նիստում ներկայացրել էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը: Նա մասնավորապես նշել էր, որ օրենքի ընդունումը բխում է միջազգային պարտավորություններից՝ ԵՏՄ և Առևտրի համաշխարհային կազմակերպության մակարդակներում: Ներկայում «Գովազդի մասին» ՀՀ օրենքով՝ արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի գովազդը:ԵՏՄ շրջանակում ճանաչվել է, որ սա անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում: Այսպիսով նախագծով առաջարկվում է օրենքից հանել «բացառությամբ տեղական արտադրության կոնյակի» բառերը: Նախագիծը քննարկվում է 24-ժամյա ռեժիմով: Անդրադառնալով հարցի հրատապությանը՝ Ավանեսյանը նշեց, որ այն ԵՏՄ շրջանակում ճանաչվել է խոչընդոտ: Կառավարությունը համաձայնել է դա վերացնել այս ամառային նստաշրջանի ընթացքում: «Եթե սա հիմա չվերացվի, կտեղափոխվի աշնանային նստաշրջան, և լրացուցիչ խնդիրներ կառաջանան: Ռիսկ կարող է առաջացնել, որ սա ԵՏՄ շրջանակում համարվի չվերացված խոչընդոտ, ինչը կնշանակի, որ տվյալ ապրանքի վերաբերյալ կարող են սահմանափակող քայլեր իրականացնել»,- ասաց փոխնախարարը: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 85 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայներ:
22:12 - 15 հուլիսի, 2020
Տեղական արտադրության կոնյակի գովազդը նույնպես ժամը 06:00-22:30-ը կարգելվի |armenpress.am|

Տեղական արտադրության կոնյակի գովազդը նույնպես ժամը 06:00-22:30-ը կարգելվի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին, որի նպատակն է վերացնել ԵԱՏՄ շրջանակում որպես խոչընդոտ որակված դրույթը:  Նախագիծը հավանություն ստացավ հանձնաժողովի հուլիսի 13-ի նիստում: Ներկայումս «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» պարբերության համաձայն արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի գովազդը: Այսինքն` այս ժականակում թույլատրված է բացառապես հայկական արտադրության կոնյակի գովազդ իրականացնել: Նախագծով առաջարկվում է օրենքից հանել «բացառությամբ տեղական արտադրության կոնյակի» բառերը: «Այս բառակապակցությունը ԵԱՏՄ շրջանականերում ԵԱՏՄ գործընկերների և հանձնաժողովի կողմից որակվել է որպես խոչընդոտ և անհավասար պայման՝ մյուս ԵԱՏՄ երկրների համանման խմիչք արտադրող կամ գործունեություն իրականացնող ընկերությունների համար: Եվ 2019-ին ֆիքսվել է որպես խոչընդոտ և ընդունվել է համապատասխան որոշում: Անդամ երկիրը պարտավոր է վերացնել որպես որոշում ձևակերպված ցանկացած խոչընդոտ և ստեղծել հավասար պայմաններ: Այս տարի հունվարի 31-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ընդունվել է որոշում՝ համաձայն որի 3 ամիս ժամանակ է տրվել կառավարություններին հայտնաբերված խոչընդոտները վերացնելու համար»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:  Խոսքը 10 խոչընդոտի մասին է, Հայաստանի պարագայում 2 խոչընդոտներից մեկը հանդիսանում է հենց Գովազդի մասին օրենքում «բացառությամբ տեղական արտադրության կոնյակի» անվասար պայմանի ստեղծման դրույթը: Հուլիսի 17-ին տեղի է ունենալու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որի ժամանակ բոլոր երկրները պետք է ներկայացնեն այդ կարգադրության շրջանակում իրականացված միջոցառումները: 
14:00 - 13 հուլիսի, 2020
Քննարկվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքը

Քննարկվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքը

Տնտնտեսական համագործակցության հարցերով հայ–բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան հեռավար կապի միջոցով կազմակերպված աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են հանձնաժողովի` ընթացիկ տարվա մարտի 12–ին Երևանում կայացած  14–րդ նիստի որոշումների իրականացման ընթացքը։ Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի, Էկոնոմիկայի  նախարարության  պաշտոնյաներ։ Բելառուսական կողմը ներկայացրել են Բելառուսի անտառային տնտեսության նախարարության, ԱԳՆ,  Հայաստանում Բելառուսի դեսպանության, Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի  ու Ներդրումների և սեփականաշնորհման ազգային գործակալության պաշտոնատար անձինք։ Տիգրան Խաչատրյանը ողջունել է աշխատանքային հանդիպման մասնակիցներին և շնորհակալություն հայտնել Վիտալի Դրոժժային հանդիպման առաջարկն ընդունելու համար։ «Վստահ եմ, որ մենք, որպես հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, կկարողանանք համատեղ ջանքերով համակարգել աշխատանքները 14–րդ նիստի արձանագրության որոշումները հաջողությամբ իրականացնելու համար: Հուսով եմ, որ համավարակը հաղթահարելուց հետո կրկին անմիջական կհանդիպենք և կքննարկեք մեր երկրների առևտրատնտեսական համագործակցության առաջնահերթ խնդիրները», – ասել է Տիգրան Խաչատրյանը: Էկոնոմիկայի նախարարը բելարուսական կողմին տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված երկու տասնյակից ավելի հակաճգնաժամային ծրագիր, որոնցից հինգը` տուժած ձեռնարկություններին և ընկերություններին, այդ թվում` փոքր ու միջին բիզնեսին աջակցություն ցուցաբերելու համար։ Նա նշել է, որ մինչ օրս օգնություն է ստացել շուրջ 55 հազար տնտեսվարող սուբյեկտ ու ավելի քան մեկ միլիոն մարդ: Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ համավարակը սկզբունքորեն չի անդրադառնա ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, և Հայաստանի ու Բելառուսի պետական ​​կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչների պրոֆեսիոնալիզմի, նաև համակարգված աշխատանքի շնորհիվ կհաջողվի նվազեցնել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը առևտրատնտեսական կապերի, երկու երկրների գործարար շրջանակների փոխգործակցության վրա։ Նա նաև նշել, որ անհրաժեշտ է մշակել մարտահրավերներին դիմակայելու նոր արդյունավետ համակարգեր, փոխգործակցության նոր ձևեր։ Որպես հայ–բելառուսական համագործակցության հեռանկարային հարթակներ Տիգրան Խաչատրյանը նշել է արդյունաբերության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և ներդրումների, փոքր և միջին ձեռնարկությունների, տրանսպորտի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման և շրջակա միջավայրի, նաև մշակույթի բնագավառում համատեղ նախագծերի  իրականացումը:  Նա հույս է հայտնել, որ մշաման փուլում գտնվող 9 երկկողմ փաստաթղթերի ստորագրումից հետո, մոտ ապագայում հնարավոր կլինի նկատելի դրական տեղաշարժ արձանագրել փոխգործակցության մի շարք ուղղություններով։ Օգտվելով առիթից, Տիգրան Խաչատրյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել բելառուս գործընկերոջը Հայաստանին անհատույց 50․000 հատ սոճու տնկի նվիրելու կապակցությամբ։ Վիտալի Դրոժժան, ողջունելով հանդիպման մասնակիցներին, իր խոսքում գոհունակությամբ նշել է, որ Մինսկի և Երևանի միջև չկան քաղաքական և տնտեսական խնդիրներ, իսկ առևտրատնտեսական բնույթի հարցերը արդյունավետ լուծումներ են ստանում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում։ Նա շեշտել է, որ վերջին տարիներին հայ–բելառուսական առևտրատնտեսական հարաբերությունները կայուն և բազմակողմանիորեն զարգանում են, ընդլայնվում են նաև մշակությաին կապերը։ Նա ընդգծել է ընթացիկ տարվա մարտին Երևանում կայացած հայ–բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14–րդ նիստի արդյունավետ աշխատանքը և նշել, որ անցած կարճ ժամանակահատվածում, երկու երկրների պետական կառույցների և գործարար համայնքի համագործակցությամբ, որոշակի աշխատանքներ իրականացվել են, սակայն կորոնավիրուսը դանդաղեցրել է ընթացքը, նաև ազդել առևտրաշրջանառության վրա, և անհրաժեշտ է նախանշել մինչև տարեվերջ առևտրաշրջանառության ավելացման ծրագրեր։ Վիտալի Դրոժժան տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հունվար–մարտին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 25,4 մլն ԱՄՆ դոլլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով ընդամենը 5 տոկոսով, արտահանումը կազմել է 17,5 մլն ԱՄՆ դոլլար, նվազելով մինչև 17 տոկոս, ներմուծումը` 7,8 մլն ԱՄՆ դոլլար, աճելով ավելի քան 40 տոկոսով։ Հունվար–ապրիլին ծառայությունների փոխադարձ առևտրի ծավալը կազմել է 4 մլն ԱՄՆ դոլլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 45 տոկոսով։ Համագործակցության կարևոր նպատակներից Վիտալի Դրոժժան առանձնացրել է բելառուս և հայ արտահանողների դիրքերի ամրապնդումը երկու երկրների շուկաներում, ապրանքարտադրության ցանցի ընդլայնումը, համագործակցությունը գյուղատնտեսության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում։ Սոճու տնկիների վերաբերյալ Վիտալի Դրոժժան նշել է, որ Սևանա լճի մոտակայքում հայ-բելառուսական անտառը կդառնա երկու երկրների բարեկամության յուրահատուկ խորհրդանիշ։ Հանդիպման մասնակիցները հանգամանալիորեն քննարկել են հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14–րդ նիստի որշումների բոլոր կետերի կատարման ընթացքը։ Նշվել է, որ հանձնաժողովի արձանագրության 44 կետերից 31 կետով փոխգործակցության 12 բնագավառներում միջոցառումներն իրականացման փուլում են: Հանդիպման ավարտին նախանշել են հետագա անելիքները և համագործակցության հեռանկարները։
11:22 - 12 հուլիսի, 2020
«Support Armenia Fund»-ը և Էկոնոմիկայի նախարարությունը կհամագործակցեն՝ խթանելու միկրոբիզնեսի վերականգնումը

«Support Armenia Fund»-ը և Էկոնոմիկայի նախարարությունը կհամագործակցեն՝ խթանելու միկրոբիզնեսի վերականգնումը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր տեսազանգի միջոցով քննարկում է ունեցել «Support Armenia Fund» նախաձեռնող խմբի հետ։ Նախարարությունը կապ է հաստատել ֆոնդի հետ՝ պատրաստակամություն հայտնելու օժանդակել նրանց կողմից կազմակեպված դրամահավաքի արդյունքում փոքր ու միջին ձեռներեցության թիրախային աջակցությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախարար Տիգրան Խաչատրյանը ողջունել է խմբի նախաձեռնությունը և հավաստիացրել, որ իր թիմը պատրաստակամ է աջակցելու ֆոնդին աշխատանքն արդյունավետ կազմակերպելու գործում։ Նախարարը ներկայացրել է կառավարության հակաճգնաժամային ծրագրերի քաղաքականությունը, նշել այն չափորոշիչները, որոնցով ընտրվել են առաջինն օգնություն ստացած թիրախային բիզնես խմբերը, ինչպես նաև աջակցության գործիքակազմը։ Նախարարը նշել է, որ հենց ՓՄՁ-ներին ուղղված հակաճգնաժամային երրորդ միջոցառման շրջանակում օժանդակություն է ստացել շուրջ 900 տնտեսվարող։ Նախարարը թվարկել է այն ոլորտները, որոնք ամենաշատն են տուժել համավարակի բռնկման և կանխարգելիչ միջոցառումների պատճառով։ Նախարար Խաչատրյանի խոսքով՝ ճիշտ որոշումների կայացման համար մեծ կարևորություն ունի լիարժեք տեղեկավածությունը, և նախարարությունը կկիսվի իր տրամադրության տակ գտնվող անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ ուղղորդելու աջակցության արդյունավետ բաշխման, ֆոկուս խմբերին ընտրելու և այլ հարցերում։ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ հետագա համագործակցությունը կհամակարգի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, ով կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվություն։ Նախաձեռնության անդամ Օլիվիա Ժամկոչյանը շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին աջակցության պատրաստակամության համար և ներկայացրել ֆոնդի գործունեությունն ու առաջիկա պլանները։ Նա նշել է, որ իրենք մտադիր են առաջնահերթ աջակցել փոքր ընտանեկան բիզնեսին հատկապես զբոսաշրջության ոլորտում։ Նա կարևորել է ուժերի մոբիլիզացումը աջակցության մեծ ծավալների հասնելու գործում։ Հանդիպման մասնակիցները գոհունակություն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ հանգանակության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման արշավին միացել է նաև Քիմ Քարդաշյանը։  
15:44 - 10 հուլիսի, 2020