factor.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բացառությունից հանել և տեղական արտադրության կոնյակի գովազդը նույնպես ժամը 06:00-22:30-ը արգելել: Նախագիծն ԱԺ հուլիսի 15-ի արտահերթ նիստում ներկայացրել էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:
Նա մասնավորապես նշել էր, որ օրենքի ընդունումը բխում է միջազգային պարտավորություններից՝ ԵՏՄ և Առևտրի համաշխարհային կազմակերպության մակարդակներում: Ներկայում «Գովազդի մասին» ՀՀ օրենքով՝ արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի գովազդը:
ԵՏՄ շրջանակում ճանաչվել է, որ սա անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում: Այսպիսով նախագծով առաջարկվում է օրենքից հանել «բացառությամբ տեղական արտադրության կոնյակի» բառերը: Նախագիծը քննարկվում է 24-ժամյա ռեժիմով: Անդրադառնալով հարցի հրատապությանը՝ Ավանեսյանը նշեց, որ այն ԵՏՄ շրջանակում ճանաչվել է խոչընդոտ: Կառավարությունը համաձայնել է դա վերացնել այս ամառային նստաշրջանի ընթացքում: «Եթե սա հիմա չվերացվի, կտեղափոխվի աշնանային նստաշրջան, և լրացուցիչ խնդիրներ կառաջանան:
Ռիսկ կարող է առաջացնել, որ սա ԵՏՄ շրջանակում համարվի չվերացված խոչընդոտ, ինչը կնշանակի, որ տվյալ ապրանքի վերաբերյալ կարող են սահմանափակող քայլեր իրականացնել»,- ասաց փոխնախարարը: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 85 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայներ:
comment.count (0)